Ղարաբաղի արծիվը. I, II մաս

(պատմավեպ)

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1.

1783 թվականին Իբրահիմ խանը լուր ստացավ այն մասին, որ Վրաստանը մտել է ռուսական թագավորության հովանավորության տակ։ Դա նման էր պարզկա երկնքից կայծակ ճայթելուն։ Խանին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչ դիրք կարող է բռնել Գանձակի Ջավադ խանը, իր հին ախոյանը, չէ՞որ Գանձակը Թիֆլիսի ճանապարհի վրա է. ռուսական սվինների այդքան մոտիկությունը չէր կարող չանհանգստացնել նրան։ Նույն թվականին Ջրաբերդի մելիք Մեժլումը իր հպատակների հետ տեղափոխվեց Գանձակի խանություն, նրան փոխարինեց Ռուստամ Ալավերդյանը։ Իսկ Մելիք-Շահնազարի մահից հետո, հակառակ Իբրահիմ խանի կամքի, մելիք դարձավ Ջումշուդ Շահնազարյանը և 1796 թվականին իր շքախմբով ճանապարհվեց Պետերբուրգ՝ Պավել Առաջինի հովանավորությունը հայցելու։ Իբրահիմ խանը հանձինս մելիք Ջումշուդի, չէր կարող չտեսնել իր ուժեղ հակառակորդին և նա մի առիթով ասաց. «Իմ բարեկամի ու դաշնակցի որդին հիմա իմ ամենամեծ թշնամին է»։ Նա փորձում էր ինչ-որ ձևով կաշառել մելիք Ջումշուդին, և իր մարդկանց ուղարկեց Ավետարանոց՝ մեծ փեշքեշներով ու նամակով. «Մելիք Ջումշուդ,- գրում էր խանը,-որդի Մելիք-Շահնազարի, դուք չպիտի մոռանաք, որ ձեր հայրը եղել է իմ ամենամոտ բարեկամը։ Եթե դուք հարգում եք ձեր հոր սուրբ հիշատակը, պարտավոր եք շարունակել նրա ճանապարհը։ Ես խոստանում եմ տալ ձեզ ամեն ձևի արտոնություններ ու իրավունքներ, և եթե չկատարեք իմ կամքը, ես ստիպված կլինեմ ձեզ փոխարինելու ուրիշ մելիքով»։

Մելիք Ջումշուդը չընդունեց Իբրահիմ խանի փեշքեշները և նրա լրաբերներին ասաց. «Գնացեք Իբրահիմ խանին ասեք՝ ի՞նչ իրավունքով եք ձեզ հռչակել Ղարաբաղի մելիքությունների տիրակալ։ Իսկ ես իմ հոր ճանապարհը երբեք և ոչ մի ժամանակ չեմ շարունակի. թող խանն իր սպառնալիքներով ինձ չահաբեկի, նրա ձեռքերը հիմա կարճ են»։
Իբրահիմ խանին մնում էր նորից դիմելու խորամանկության՝ Ղարաբաղի մելիքներին հրահրել մելիք Ջումշուդի դեմ։ Դա չստացվեց. բոլորն էլ սիրում ու հարգում են Վարանդայի մելիքին, և ոչ միայն նրա համար, որ նա քաջ է ու խելացի։ Մելիք Ջումշուդը ամեն կերպ ձգտում է Ղարաբաղը փրկել իր դարավոր թշնամիներից, միանալ Ռուսաստանին։
1801 թվականին Ռուսաստանին միացավ նաև Արևելյան Վրաստանը, 1803-ին՝ Մեգրելիան, ապա Գուրիան և Իմերեթիան։ Իսկ 1804 թվականի հունվարին, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, ռուսական զորքերը հարձակվեցին Գանձակի վրա։ Ռուսական սվինները Շուշիից հիմա այնքան մոտիկ են, որ Իբրահիմ խանը ստիպված էր խոստովանելու. «Եթե Գյանջայի խանությունն ընկնի, մենք գլխովին կորած ենք»։

Կասկածամիտ, փառատենչ, դաժան, կյանքում ոչ մի լավ բան չհանդուրժող բռնակալը վերջին ժամանակները քնում է անհանգիստ, միշտ սարսափելի երազներ է տեսնում և գիշերվա կեսին կանչում իր պահակակազորի պետին ու հարցնում. «Դարպասները լա՞վ եք փակել։ Ականջիս կասկածելի ձայներ են հասնում, չլինի թե պալատում օտար մարդ կա»։ Նա հաճախ ինքն է ստուգում դռներն ու դարպասները և չի հավատում նույնիսկ իր հավատարիմ հպատակներին։ Խանն իր մոտ պահում է երազահանների մի ամբողջ ոհմակ, և դրանց գլխավորը Ահմեդ Ալին է, ժամանակին հայտնի ձիագող։ Ռուսական բանակի հարձակումը Գանձակի վրա՝ հիմնավոր կասկածանքների տեղիք տվեց, խանը այդ գիշեր քնեց չափազանց անհանգիստ, վատ երազ տեսավ։ Դեռ լույսը չբացված, կանչեց իր երազահաններին ու սկսեց այսպես.
- Ընկել էի մի խոր ձոր, առջևում կրակ էր, ետևում՝ արյուն։ Ալլա՜հ, ալլա՜հ կանչեցի, մեկ էլ խոր անդունդից ականջիս ձայն հասավ. հայրս էր՝ Փանահ խանը։ Գիտե՞ք ինչ ասաց. «Իբրահիմ խան, ասաց, ուրիշ ճանապարհ չունես, առաջ շարժվես՝ կրակի բաժին կդառնաս, ետ շարժվես՝ արյան ծովում կխեղդվես։ Արի մոտս, ասաց, արի, մի վախենա, այստեղ քեզ համար ավելի ապահով կլինի»։ Ես սարսափեցի, քրտինքը վրաս տվեց, լեզուս բերանումս չորացավ և այն է, Փանահ խանը բռնել էր փեշս, իր հետ պիտի տաներ, քնից արթնացա։

- Լա՜վ է, շատ լավ է, որ խանն արթնացավ,- Ահմեդ Ալին շոյեց հինայած մորուքը։- Ալլահը պաշտպանեց խանին, խանն արթնացավ ալլահի կամքով։ Կրակը, ո՜վ մեծ խան, նշան է հաղթանակի, արյունը՝ զորության, իսկ Փանահ խանի հայտնվելը խաղաղություն է։
Ահմեդ Ալին խանի երազը կարող էր մեկնաբանել նաև այսպես՝ կրակը ռուսական բանակն է, արյունը՝ Աբաս Միրզան, իսկ Փանահ խանի հայտնվելը շատ վատ նշան է։ Ոչ, նա այդ բանը չէր կարող ասել, քանզի Իբրահիմ խանն աշխարհում ամենից շատ վախենում է ճշմարտությունից և կտրում է ճըշմարտախոսի լեզուն։ Նա վերջին տասը տարում գլխատել է ութ երազահանների։ Առատ վարձատրում է ու գլխատում։ Շոյելով է գլխատում, դա նրա սովորությունն է, որ ժառանգել է հորից։ Իսկ երկու տարի առաջ ինչո՞ւ գլխատեց գլխավոր երազահան Շուքյուր աղային։ Խանը վատ երազ էր տեսել, և այս թանձրագույն ապուշ Շուքյուրը փոխանակ երազը մեկնաբանելու, խանին խորհուրդ տվեց. «Երեկոները, քնելուց առաջ, խան, ստամոքսը չպիտի ծանրաբեռնել զանազան խորտիկներով։ Քնելուց առաջ քիչ կերեք, որ լավ երազներ տեսնեք»։ Նա ակնարկում էր խանի շատակերությունը և դրա համար էլ պատասխան տվեց իր կյանքով։

Այդպես էր նաև նրա հայրը՝ Փանահ խանը, որին պարսիկները Ջառչի Փանահ էին անվանում։
Այո, Փանահ խանը այն ժամանակներում, երբ դեռ չէր կառուցվել Շուշիի բերդը, Փանահ խան չէր։ Նա ծնվել էր Մուղանի դաշտերում, և մայրն էլ հաստատ չգիտեր, թե իր որդին ումից էր ծնվել՝ Շիլ Սաֆարի՞ց, մեծագլուխ Սամեդի՞ց, թե՞ ձիագող Կուրբանից։ Համենայն դեպս, նրա մեջ մի քիչ Սաֆար կար, մի քիչ Սամեդ, մի քիչ էլ Կուրբան։ Խաշնարածները նրան անվանում էին Բիճ Փանահ։ Բիճ Փանահը հասակ առավ, և երբ Նադիր շահը Մուղանի անտոհմ ու անօթևան խաշնարածներին քշեց Պարսկաստանի խորքերը, Փանահ խանի բախտը բերեց։ Ի շնորհիվ իր հուժկու ձայնի, շահի մոտ ծառայության մտավ, դարձավ մունետիկ, այսինքն ջառչի։ Փանահը շահի պալատից բավականին ոսկե մատանիներ ու ապարանջաններ գողացավ և բռնվեց։ Պիտի գլխատվեր, բայց այս անգամ էլ բախտը բերեց՝ Պարսկաստանից փախավ ու հայտնվեց Ղարաբաղում։ Նա սկզբում ծառայում էր Ջրաբերդի մելիքի մոտ, որպես հարկահավաք։ Նադիր Շահի սպանությունից հետո նորից տեղափոխվեց Մուղան, իրեն ենթարկեց խաշնարածների մի փոքրիկ ցեղի և Նադիր Շահին փոխարինող Ադիլ շահից ստացավ խանի տիտղոս։ Քանի որ խան էր, ուրեմն պիտի ունենա իր բերդը, և նա Թարթառ գետի ափին սկսեց բերդի կառուցումը։ Ջրաբերդի մելիքը հասկացավ, թե ով է իր հարևանը, ավերեց կիսատ բերդը։ Փանահ խանը հիմա էլ Շահբուլաղի մոտ սկսեց նոր բերդ կառուցել, բայց այս անգամ էլ հանդիպեց Խաչենի Մելիք Հասան Ջալալյանի դիմադրությանը։

Փանահ խանը որքան խարդախ ու նենգ էր, նույնքան էլ համառ էր ու պնդաճակատ։ Նա որոշել էր ամրանալ Ղարաբաղում, և օգտվելով տեղի մելիքների երկպառակություններից, դարձավ Մելիք-Շահնազարի դաշնակիցը։ Վարանդայի տիրակալն ամուր թիկունք ունենալու նպատակով կառուցեց Շուշիի բերդը ու հանձնեց Փանահ խանին։ Փանահ խանը հիմա դարձավ իսկական Փանահ խան։ «Իսկ հետո,- Իբրահիմ խանը չի կարող մոռանալ,- ուրմեցի օվշար Ֆաթալի խանը միանալով հայ մելիքներին, գրավեց Շուշին ու պատանդ վերցրեց իրեն՝ Իբրահիմ աղային։ Մի քանի տարի անց, Քերիմ խանը հարձակվեց Ֆաթալի խանի բերդի վրա, սպանեց իր հին ախոյանին»։

1763 թվականին խանը մեծ նվերներով գնաց Ռուսաստան՝ Քերիմ խանի մոտ, շնորհակալություն հայտնեց, որ նա ազատել է իր որդուն։ Քերիմ խանը նվերներն ընդունեց, բայց ոչ Փանահ խանին բաց թողեց Ղարաբաղ վերադառնալու, ոչ էլ նրա որդուն։ Փանահ խանը դիմեց խորամանկության. մերձավորները նրան պառկեցրին դագաղում և հայտնեցին Քերիմ խանին՝ Փանահ խանը մահացել է, և մահից առաջ կտակել է, որ իրեն թաղեն Ղարաբաղում։ Քերիմ խանը հասկացավ, որ դա խորամանկ խաղ է, հրամայեց իր դահիճներին՝ «որպեսզի այդ աղբը ճանապարհին չհոտի, փորտիքը թափեցեք ու զմռսեցեք»։ Խանի հրամանը կատարվեց։
Բիճ, ջառչի, խարդախ Փանահ խանի թախտին նստեց նրա խորամանկ ու փառատենչ որդի Իբրահիմ աղան ու դարձավ Իբրահիմ խան։


2.

Իշխան Ցիցիանովը լավ իմանալով արևելքի ժողովուրդների սովորությունները, նրանց տիրակալաների փաղաքուշ խոսքերից սրտխառնուք է զգում։ Փաղաքուշ, կեղծավոր խոսքերով ծպտված տիրակալները մեծ խաբեբաներ են և ստոր նվաճողներ։ Թուրք սուլթանը նվաճեց Կոստանդնուպոլիսը ոչ ազնիվ պատերազմով և թևերը տարածեց Արևելքի վրա, ապա դեպի Ղրիմ, դեպի Ուկրաինա... Փանահ խանը Մելիք-Շահնազարի օգնությամբ դարձավ Շուշիի խանը, իսկ նրա որդի Իբրահիմ խանն իրեն հռչակեց Ղարաբաղի մելիքությունների խան։ Գանձակի տիրակալ Ջավադ խանը ռուսական բանակի դեմ հանեց տեղական մանր-մունր բեկերին, և զգալով, որ հնարավոր չէ փոխել դրությունը, սկսեց շողոքորթել գեներալ Ցիցիանովին, կոչելով նրան մերթ բաշ սարդար, մերթ բոյուք փաշա։ Իշխանը երկրորդ անգամ պահանջեց անձնատուր լինել, խոստանալով ձեռք չտալ նրա կալվածքներին և թույլ տալ օգտագործելու խանական իր իրավունքները, իհարկե, որոշակի սահմաններում։ Խանը նորից փաղաքուշ նամակ ուղարկեց գեներալ-իշխանին, չխնայելով արևելյան բազմազան ու բազմագույն էպիտետները։ Նա իշխանին մերթ լուսնի հետ էր համեմատում, մերթ արևի, մերթ կոչում է ռուսական մեծ թագավորի անհաղթ ասլան, մերթ ալլահի որդի, և ապա երկար տարիների կյանք ու արև է մաղթում մեծ փադիշահին, նրա գյոզալ թագուհուն, զավակներին (որ դեռ չեն ծնվել), թոռներին ու ծոռներին (որ չի ունեցել), նույնը ցանկանում է նաև բոյուք փաշային ու նրա խանումին, ռուսական անվանի սարդարներին ու փաշաներին (որոնց անունները դժբախտաբար չգիտե)։ Ջավադ խանը բոյուք փաշային բարեկամաբար առաջարկում է չգրավել Գյանջան, և ինքն էլ իր հերթին խոստանում է հատուկ հեծելախումբ՝ ծնկի բերելու այդ «քյոփօղլու Իբրահիմ խանին»։ «Բոյուք փաշային առաջիկայում սպասվում են շատ դժվար ճակատամարտեր,- գրում է նա,- եթե ռուսական զորքերը Գյանջա չմտնեն, այդ դեպքում իրենց թիկունքում կունենան Ջավադ խանի նման հավատարիմ դաշնակից»։

Իշխան Ցիցիանովը նամակը ճխլտեց ու ծիծաղեց. «Աղվեսը պոչ է խաղացնում։ Նրա հեծելախումբը ճակատամարտում մեզ կխփի ճակատից, իսկ ինքը՝ թիկունքից»։ Նամակաբերը շիլաչք, քառասունի մոտ մի մարդ, որ ռուսերեն չնայած լավ չի խոսում, բայց խոսակցին լավ է հասկանում, խոնարհեց գլուխն ու ասաց.«Բոյուք փաշա, մեծ խանին ի՞նչ պատասխան տանեմ, մաքտուբ կտա՞ք»։ Իշխանը պատասխանեց. «Քո այդ հաստագլուխ խանին կասես, որ ես չեմ հավատում իր կեղծավոր խոսքերին և սուտ երդումներին։ Ես պահանջում եմ անձնատուր լինել և ոչ մի պայման չներկայացնել»։
Ջավադ խանն ուզում էր էլի ժամանակ շահել. թուղթ էր ուղարկել Ջալիլ բեկին, Մեյսում բեկին, Կուրբան բեկին՝ եթե Գյանջայի խանությունն ընկնի, դուք էլ եք կորած։ Ժամանակն է ղազավաթի, ալլահի կամքով մենք կհաղթենք, ռուսներին կքշենք մեր վաթանից։

Իշխան Ցիցիանովն այլևս չէր կարող համբերել. վճռական որոշում ընդունեց՝ առավոտյան սկսել հարձակումը։ Բայց դեռ լույսը չբացված, նրան սպասում էր մի ուրիշ անակնկալ՝ Ջավադ խանը փեշքեշներ է ուղարկել բոյուք փաշային՝ երկու նժույգ, մի թուր և չորս անչափահաս աղջիկ, ինչպես նաև ջերմագին սալամներ, չմոռանալով հիշեցնել, որ այդ գյոզալները դեռ կույս են, բոյուք փաշան կարող է նրանց հետ հաճելի ժամանակ անցկացնել։
Գեներալը նայեց թխաչ ու թխահոն աղջիկներին, որոնք վախվորած եղնիկների պես սեղմվել են իրար, հասկացավ, որ հայուհիներ են, կանչեց հայ կամավորականների յուզբաշուն՝ Հովհաննես Աթաբեկյանին։ Իշխանը նրա հետ ծանոթացել էր հինգ օր առաջ, գնդապետ Կարյագինն էր ներկայացրել. «Սա Իվան յուզբաշին է,- ասել է,- ռուսերեն լավ գիտե, իր հեծելախմբով եկել է մեզ օգնելու»։

- Իվան յուզբաշի,- իշխանը դեմքով ցույց տվեց ծառի տակ կանգնած աղջիկներին,- կարծեմ ձերոնցից են, ասա՝ թող չվախենան, մենք նրանց ձեռք չենք տա։
Հովհաննես յուզբաշին մոտեցավ նրանց, ճանաչեց։
- Ձերդ գերազանցություն, մեր գյուղից են։ Ջավադ խանի ավազակ եղբայրն է փախցրել։
- Ահա՜ թե ինչ,- գլուխը շարժեց իշխանը ու դարձավ բանբերին.- Քո այդ կեղտոտ խանին ասա՝ գալիս ենք մենք էլ մեր փեշքեշներով, թող պատրաստություն տեսնի։
Գունդը Կարյագինի հրամանատարությամբ անցավ հարձակման։
Ռուսական թնդանոթները սկսեցին գնդակոծել բերդը, բայց հեռահարվածներով հնարավոր չէր փլել պարիսպները, և Հովհաննես յուզբաշին խնդրեց գնդապետին. «Ձերդ գերազանցություն, հյուսիսային կողմից հնարավոր է փլել պարիսպը։ Եթե դուք մեզ տրամադրեք մի թնդանոթ, կարծում եմ, հենց այսօր էլ կգրավենք բերդը»։

Չորս եգերներ Հովհաննես յուզբաշու կամավորականների հետ թնդանոթը քաշեցին բերդի հյուսիսային կողմը, ուր հսկում էր Ջավադ խանի ավագ փեսան։ Հինգ ռումբ արձակվեց բերդի պարսպի վրա, այն փլվեց դղրդոցով։
- Դե, հիմա հերթը մերն է,- գոչեց Հովհաննես յուզբաշին, թռավ իր ձիու թամբին և թուրը հանեց,- տղե՛րք, առա՜ջ...
Ջավադ խանի փեսան դիմեց փախուստի։ Եգերների գումարտակը հետևեց հայ կամավորականներին։ Ջավադ խանն իր տղաների ու փեսաների հետ շարունակում էր համառորեն պաշտպանվել, սակայն շուտով փլվեցին նաև բերդի դարպասները։ Ջավադ խանը հասկացավ, որ ամեն ինչ կորած է, խթանեց ձին և արդեն ճեղքում էր շղթան, երբ Հովհաննես յուզբաշին փակեց նրա ճանապարհն ու թուրն իջեցրեց իր ախոյանի գլխին։
Գանձակի խանությունն ընկավ։


3.

Դա Հովհաննես յուզբաշու առաջին քաջագործությունն էր ռուսական զո-րագնդում։ Գնդապետ Կարյագինն այդ մասին զեկուցեց իշխան Ցիցիանովին՝ գտնե-լով, որ նա արժանի է շքանշանի։ Իշխանը վառեց ծխամորճը, պատասխանեց.
- Պավել Միխայլովիչ, ես ձեզ հասկանում եմ, բայց դուք մի կարևոր բան մոռանում եք՝ հայ յուզբաշին օրենքով մեր զինվորը չէ, և ես հիմա չգիտեմ ինչպես կոչել նրան։
- Կամավորական, ձերդ գերազանցություն։
- Իսկ նա կցանկանա՞ ծառայել ռուսական բանակում։
- Ինձ խնդրել է միջնորդել։
- Ես ուզում եմ նրա հետ խոսել։

Հովհաննես յուզբաշին ներկայացավ գեներալին։ Նրա տեսքը, պահվածքը, լեռնցու խրոխտ կեցվածքը, սև ու խոշոր աչքերը վստահություն են արտահայտում և հարգանք իր անձի նկատմամբ։ Նա ասես ամբողջ կյանքում ծառայել է բանակում, և հիմա ամենաքիչը գումարտակի հրամանատար է։ Իշխան Ցիցիանովը հայացքով չափեց նրան ու մտածեց. «Իսկական հեծելազորային գնդի հրամանատար, կայծակի պես կշանթի թշնամուն, իսկ ինչպե՞ս կպահի իրեն բարձրագույն հրամանատարության առջև. հիմա դա կստուգեմ»։
- Լսել եմ ձեր քաջագործությունների մասին,- գեներալը դիտմա՞մբ դուք-ով դիմեց նրան, թե՞ դիմացինի պահվածքը ստիպեց։ Գնդապետն ինձ պատմել է ձեր մասին։ Խնդրեմ, նստեցեք,- ցույց տվեց այն թախտը, որի վրա մի քանի օր առաջ բազմել էր Ջավադ խանը,- Դուք եք այդ թախտի տիրոջը գլորել, դուք էլ իրավունք ունեք գրավելու նրա տեղը։

- Երկար ժամանակո՞վ, ձերդ պայծառափայլություն։
- Վախենո՞ւմ եք,- իշխանը ծիծաղեց։
- Չէի ցանկանա արժանանալ նրա բախտին։
- Այո, թախտին բազմելն այնքան էլ դժվար չէ, դժվարը թախտը պահելն է։ Պավել Միխայլովիչ, դուք ի՞նչ կասեք։
- Պաշտպանում եմ ձեր կարծիքը,- գնդապետը ժպտաց.- թախտին ի՞նչ, թախտ է, ո՞վ ասես, որ չի նստում վրան։
- Հասկանում եմ,- իշխանը փակեց լուսամուտը։ - Իվան յուզբաշի, գնդապետն ինձ քիչ առաջ հայտնեց, որ ուզում եք ծառայել ռուսական բանակում։

- Ուզում եմ, ձերդ պայծառափայլություն։
- Ռուսերեն որտե՞ղ եք սովորել։
- Մի տարի ապրել եմ Աստրախանում։ Այնտեղ ազգականներ ունենք։
- Ովքե՞ր են ծնողներդ։
- Հայրս՝ Հարություն Աթաբեկյանը, ոսկերիչ է։
- Ամուսնացա՞ծ եք։
- Ամուսնացած եմ, երկու զավակների հայր, երրորդը շուտով կծնվի։
- Աստված պահի, հուսանք, որ նրանք կլինեն իրենց հոր արժանի որդիները։ Կինդ առանց քեզ չի՞ տխրի։
- Ձերդ պայծառափայլություն, մեր կանայք հպարտանում են, որ իրենց ամուսինները կամ զավակները ծառայում են հայրենիքին ու ժողովրդին։

- Ուրեմն ձեր կանայք արժանի են մեծ հարգանքի,- և իշխանը մտքում ավելացրեց՝ ինչպես և մեր կանայք, չէ՞ որ նույն ճակատագրի ժողովուրդ ենք։ Հետո փորձող հայացքով նայեց նրան.- բայց պատերազմում տեղի է ունենում նաև անխուսափելին։
- Ճակատագրից չես խուսափի, ձերդ պայծառափայլություն. չիմացյալ մահը մահ է, իմացյալ մահը՝ անմահություն։
- Լավ է ասված։ Ո՞ւմ խոսքերն են, յուզբաշի։
- Հայ պատմիչ Եղիշեի. ապրել է հինգերորդ դարում։
- Ինչի՞ մասին է գրել։
- Վարդանանց պատերազմի։

- Մի քիչ գիտեմ, քեռիս պատմել է։ Հայերը հերոս ժողովուրդ են,- գեներալը նայեց գնդապետին.- Սրան ի՞նչ կասեք, Պավել Միխայլովիչ, հին պատմությունը, որ սկիզբ է առել չորրորդ դարում, շարունակվում է։
- Այո, շարունակվում է,- գնդապետ Կարյագինը շարժեց գլուխը։ - Այն, ինչ չկարողացան անել հայրերը, տա աստված՝ որդիներն անեն։ Պավել Դմիտրևիչ, Իվան յուզբաշին կլինի Ղարաբաղի առաջին կամավորականը ռուսական բանակում։
- Ես կմիջնորդեմ, նամակ կգրեմ Կովկասյան գծի գլխավոր հրամանատարին,- նա ձեռքը դրեց Հովհաննես յուզբաշու ուսին.- Դուք արժանի եք շքանշանի։
Դրսում ինչ-որ աղմկեցին. կանացի ձայներ էին։ Քիչ անց մտավ համհարզը.
- Ձերդ պայծառափայլություն, ձեզ հետ ուզում են խոսել։
- Ովքե՞ր են։
- Ձերդ պայծառափայլություն, խանի կանայք...

- Չէի՞ր կարող նրանց հասկացնել, որ ես կանանց հարցերով չեմ զբաղվում. թող դիմեն իրենց մոլլաներին ու ղազիներին... Լավ, թող ներս գան։ Դուք սպասեցեք, Հովհաննես յուզբաշի, ես դրանց լեզուն լավ չեմ հասկանում։
Նրանք մտան աղմուկով, տրփանքատենչ, անամոթ ու հախուռն, չադրաներով ու առանց չադրաների, և բոլորն էլ ջահել, գեղեցիկ ու ցանկալի։ Ոչ մի ամոթխածություն, և իշխանին մի պահ թվաց՝ հիմա ուր որ է, կհանեն իրենց զգեստները, կշպրտեն մի կողմ, արբշիռ ժպիտներով կնետվեն այս անծանոթ տղամարդկանց գիրկն ու կասեն՝ ի սեր ալլահի տիրացեք մեզ։ Ջավադ խա՞նն է դրանց այդքան երես տվել, թե՞ պարզապես իրենք են տարիքն առած խանի գլխին կոտոշներ դրել։

- Դե, ձեններդ կտրեցեք,- Հովհաննես յուզբաշին ոտքը խփեց գետնին և դա ազդեց։ - Դուք կանգնած եք մի մեծ փաշայի առջև։ Ի՞նչ եք ուզում,- նա մատը մեկնեց վավաշոտ աչքերով, բլուրների պես ցցված խոշոր կրծքերով գեղեցկուհու վրա։ - Դե, խոսի՛ր։
- Իսկ ես ուզում եմ խոսել ոչ թե ձեզ հետ, այլ փաշայի,- նա վավաշոտ աչքերը հառեց իշխանի վրա։ - Մեծ փաշային երկար կյանք ու արև։ Ես Ֆարիդա խանումն եմ։ Այս մեկը Նուրիդեն խանումն է, սա Նիգյար խանումն է, այս մեկը Մասմա խանումն է, սա էլ Գյուլչորա խանումն է։ Ես խոսում եմ բոլորի անունից։

Իշխանը նայեց նրա ծփացող կրծքին, դարձավ Հովհաննես յուզբաշուն.
- Ի՞նչ է ուզում, թող կարգին խոսի և իզուր չկոտրատվի։ Ֆարիդա խանումն ասելիքը նախօրոք է պատրաստել, գուցեև հենց այն օրը, երբ Ջավադ խանը պատրաստվում էր ճակատամարտի, և խորամանկ կինը զգում էր, որ դա կլինի նրա վերջին մարտը։ Նա խոսում է ազատ ու անկաշկանդ, չմոռանալով թափանցիկ զգեստի տակից ցուցադրել իր բարեմասնությունները։ Խոսում է՝ աչքը գեներալի աչքին, ծորուն ու երգեցիկ, խոսքի տակին ու գլխին՝ երկար կյանք ու արև մաղթելով բոյուք փաշային, որ եկավ իրենց ազատեց այդ քավթառ ղուզղունից։

Հովհաննես յուզբաշին թարգմանեց.
- Ձերդ պայծառափայլություն։ Ֆարիդա խանումն ասում է, որ ըստ շարիաթի և կամոքն ալլահի, հաղթողը պիտի տիրանա հաղթվածի ունեցվածքին, այդ թվում՝ նրա կանանց։
Ցիցիանովը կեռեց հոնքը.
- Դա ինչպե՞ս հասկանալ։
- Ձերդ պայծառափայլություն, այս կանայք հիմա ձերն են, դուք պարտավոր եք նրանց կերակրել, հագցնել... դե, դե մնացածն էլ իրենք կհիշեցնեն։

Ջավադ խանի օթախում պայթեց ծիծաղը։ Բոլորից բարձր ծիծաղում էր իշխանը։ Խանի կանայք այնպիսի հայացքով ու զարմանքով նայեցին նրանց, կարծես առաջին անգամն են տեսնում ծիծաղող տղամարդկանց։ Մի՞թե փաշան կարող է ծիծաղել և այն էլ իր ենթակաների ներկայությամբ։
- Ահա քեզ պատիժ,- իշխանը նորից քրքջաց.- Իսկ այդ ստահակ Ջավադ խանն իր կանանց թողել, անմեղ աղջիկներին է ուղարկել փեշքեշ։ Բայց մեղքս ո՞րն է. Իվան յուզբաշի, դու ես սպանել դրանց աքլորին, դու էլ տիրություն կանես նրա կանանց։ -Գրպանից հանեց թաշկինակը, սրբեց ճակատի քրտինքը։ - Լավ, հերի՛ք է։ Դրանց ասա՝ փաշան բոլորիդ ազատություն է տալիս, ով ում ուզում է, ում հավանում է, թող գնա առնի։ Իսկ օժիտի հարցում չեմ կարող օգնել։ Իրենց նախկին ամուսնու պալատից ինչ ուզում են, թող վերցնեն։

Վանի յուզբաշին թարգմանեց, Ֆարիդա խանումն ակնածանքով գլուխը խոնարհեց, խանի կանանց անունից (նորից ներկայացնելով բոլորին մեկ առ մեկ) շնորհակալություն հայտնեց, երկար տարիների կյանք ու արև ցանկացավ առյուծի պես ուժեղ, ալլահի պես գթառատ փաշային...
Հովհաննես յուզբաշին սկզբից էլ կռահում էր, որ դա խարդախ խաղ է, հայացքով հետևում էր նրանց շարժումներին, և նկատեց, տեսավ վերջում կանգնած կնոջ անհանգիստ դեմքը, և այն որ, ձեռքը ծոցից չէր հանում։ Իսկ հետո ամեն ինչ կատարվեց անսպասելի ու արագ։ Կինը ծոցից դուրս քաշեց ատրճանակը, Հովհաննես յուզբաշին մի ոստյունով նետվեց նրա կողմը, բռնեց ձեռքը, լսվեց ուժեղ ճայթյուն, գնդակը ջարդեց պատուհանի ապակին։
- Լի՜րբ,- Հովհաննես յուզբաշին նրան շպրտեց հատակին.- Ներեցեք, ձերդ պայծառափայլություն... ես դա զգում էի։ Սա ոչ թե Ջավադ խանի կինն է, այլ աղջիկը։

- Հասկանում եմ,- իշխանը վառեց հանգած ծխամորճը,- սա դիմակահանդես է։ Ամուսնու և հոր վրեժն է ուզում առնել։ Ձերբակալել բոլորին և հարցաքննել։ Խուզարկել ոտից գլուխ։
Հետո տիրեց լռություն։ Գեներալը գետնից վերցրեց ատրճանակը, նայեց.
- Իսկ մենք ծիծաղում ենք։ Այդ ծիծաղն առանձնապես ինձ վրա թանկ պիտի նստեր։ Շնորհակալ եմ, Իվան յուզբաշի, դուք փրկեցիք իմ կյանքը։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Դրանք այդպես են, միշտ թիկունքից են խփում։ Այսօր վրիպել են, վաղը չեն վրիպի։
Իվան յուզբաշի, երբ գնաք ձեր գյուղը, իմ կողմից կհամբուրեք ձեր հոր ձեռքը և կասեք՝ մի գեներալ, որ պիտի ծնվեր Վրաստանում, սակայն կյանքի ալիքը նրա ծնողներին նետել է հայրենիքից հեռու. ահա այդ գեներալը ասել է՝ շնորհակալ եմ, բատոնո, որ Հովհաննես յուզբաշու նման որդի ես ծնել։
- Ձերդ պայծառափայլություն, ախր դուք... ինչպե՞ս է, որ ես դա մինչև հիմա չեմ հասկացել։


4.

Իշխան Պավել Դմիտրևիչ Ցիցիանովը (Ցիցիաշվիլի) ծնվել է վրացական արիստոկրատական ընտանիքում։ Հայրը՝ իշխան Դմիտրին, տակավին երիտասարդ, կենսուրախ մի տղամարդ էր, որ տեղափոխվեց Մոսկվա։ Այստեղ վրացի իշխանը ծանոթացավ անվանի մարդկանց հետ։ Գնեց շքեղ մի դղյակ և մի քանի տարի հետո ամբողջ քաղաքում թնդում էր նրա փառքը։ Նա հարուստ էր, սիրում էր աղմկալից խնջույքներ, վրացական հին երգեր էր երգում, հյուրասիրում ու հյուրասիրվում էր։ Վրաստանը Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու գործում քիչ ջանքեր չի թափել վրացի իշխանը։ Նրան անձամբ ընդունել է թագուհի Եկատերինան, և իշխանը ոգևորված ասել է. «Ձերդ պայծառափայլությունը եթե տրամադրի ինձ տասը հազարանոց մի բանակ, ես մի շաբթում ամբողջ Վրաստանը կմիացնեմ մեծն Ռուսիային»։ - Իշխան Դմիտրին ուզում էր, որ իր որդին մտնի զինվորական ծառայության մեջ և հաճախ էր ծանոթների շրջանում ասում. «Հիմա Վրաստանին զորապետներ են հարկավոր, իսկ զինվորներ միշտ էլ կգտնվեն»։

Երբ Կովկասի ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Իվան Վասիլևիչ Գուդովիչը իշխան Ցիցիանովին ներկայացրեց Ալեքսանդր Առաջինին, թագավորը, որ այդ օրը լավ էր տրամադրված, շուռ եկավ, հայացքով տնտղեց պարթևահասակ, վրացական ընդգծված քթով, զուսպ, արտահայտիչ աչքերով գեներալին, ասաց. «Եթե չեմ սխալվում, իշխանը ազգությամբ վրացի է կամ հայ»։
Թագավորն, իհարկե, տեղյակ է, նրան հայտնել են, որ իշխանը վրացի է, բայց նա, ինչպես միշտ, ուզում էր ցույց տալ, որ ինքն ամեն ինչ գիտե, երբեք չի սխալվում։ Իսկ «հայն» ասաց դիտավորյալ, այսինքն՝ այն էլ գիտեմ, որ հայերն ու վրացիներն իրար նման են։

Քիչ չի պատահում, որ թագավորը ուրիշների թևավոր խոսքերն ու սրամիտ դարձվածքները վերագրում է իրեն։ Ահա մի անգամ, երբ ինչ-որ առիթով արտաքին գործերի մինիստրը մեջբերեց Սուվորովի թևավոր խոսքը. «Դրամը թանկ է, մարդկային կյանքն էլ ավելի թանկ է, իսկ ժամանակը ամեն ինչից թանկ է», նա շուռ եկավ զարմացած ու հարցրեց՝ կոմս, ի՞նչ Սուվորով, ի՞նչ Սուվորով, ախր դրանք իմ խոսքերն են։
Սխալ կլինի կարծել, թե միապետն իր ժամանակի մեծություններին չէր ընդունում. նա բոլորին էլ ընդունում էր ու շողոքորթում, և ինքն էլ իր հերթին պահում էր շողոքորթների մի խումբ, դեռ մի քիչ էլ երես էր տալիս նրանց։

- Իշխանը երևի Կովկասը լավ գիտե,- թագավորը կովկասցիների ու Կովկասի մասին թևավոր միտք էր որոնում, և գտավ.- այո, տաքարյուն ժողովուրդ են կովկասցիները, մանավանդ հայերն ու վրացիները,- ու ժպտաց թեթև։ - Ես ձեզ հավատում ու վստահում եմ, իշխան,- շարունակեց միապետը՝ աչքն իր փայլփլուն սապոգներին։ Նա սիրում է պճնամոլ գնդապետներին, գեներալներին, փոխմարշալներին, հաճույք է զգում, երբ նրանք իրենց տոնական զգեստներով կանգնում են իր առջև։ Ինքն էլ պակաս պճնամոլ չէ և հաճախ է տարբեր առիթներով ասում. «Շքեղություն, ամենից առաջ շքեղություն՝ փայլփլուն սապոգներով ռուս զինվորականը ավելի երկար է քայլում ու չի հոգնում»։

Թագավորը նայեց իշխանի հագուստներին ու սապոգներին, գտավ, որ գեներալը ոչ մի թերություն չունի։
- Իշխանը ե՞րբ է մտադիր Կովկաս մեկնելու։
- Ես սպասում եմ ձերդ պայծառափայլության հրամանին։
- Ուրեմն պատրաստ եք։ Դա լավ է, շատ լավ է, իշխան,- և անսպասելիորեն ավելացրեց.- Ձեր կարծիքով Շուշիի բերդը գրավելու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր։
- Ձերդ պայծառափայլություն, մինչև Շուշին դեռ ուրիշ բերդեր կան։
Դիտողությունը դուր չեկավ միապետին (նա իրեն համարում է Կովկասի գիտակ), բայց, այնուամենայնիվ, հավանեց գեներալի համարձակ խոսքը և նույն պահին այդ միտքը վերագրեց իրեն.
- Այո, իշխան, դա իմ խոսքն է, լավ եք հիշում։ Իսկ ի՞նչ կասեք Աբաս Միրզայի մասին։

- Ձերդ պայծառափայլություն, որքան ինձ հայտնի է, Աբաս Միրզան վաղուց աչք ունի Ղարաբաղի վրա։
- Իսկ նա կարո՞ղ է մեր փառապանծ բանակից առաջ՝ հասնել Շուշի։
- Ձերդ պայծառափայլություն, այդ արդեն կախված է մեզանից, որքան շուտ, այնքան լավ։
Կովկասյան գծի գլխավոր հրամանատար Գուդովիչը համոզված էր, որ գեներալ Ցիցիանովը համարյա առանց ճակատամարտի կգրավի Գանձակը և Իբրահիմ խանը Շուշիի դարպասներն իսկույն կբացի և աղ ու հացով դիմավորի ռուսական բանակին։

- Մի գումարտակով էլ կարելի է գրավել Գանձակը,- դա ասաց Գուդովիչը, երբ դուրս եկան պալատից։ - Ասում են՝ Ջավադ խանը վախկոտի մեկն է և Իբրահիմ խանի ոխերիմ թշնամին։ Նրանք սահմանային վեճ ունեն, Գանձակի խանն ուզում է զավթել Գյուլիստանը։
- Նշանակում է վախկոտ չէ,- նկատեց Ցիցիանովը,- մենք, կոմս, իրավունք չունենք թերագնահատելու մեր հակառակորդին։
- Մեր հակառակորդը հրանոթներ չունի։
- Աբաս Միրզան ունի։
Կոմսը չպատասխանեց։


5.

Այլևս չկա Ջավադ խանը, նա, որ ուզում էր կաշառել Ջրաբերդի ու Գյուլիստանի մելիքներին, հրահրել նրանց Շուշիի խանի դեմ։ Բայց Գանձակը դարպասն է Ղարաբաղի և հիմա չկա այդ դարպասը։ Գանձակում նստած է գեներալ-իշխան Ցիցիանովը, այդ գյուրջու բալան, և դեռ չի շտապում, սպասում է, որ ինքը՝ Իբրահիմ խանը, իր մարդկանց ուղարկի բանակցությունների, և դա պիտի լինի կարճ ու կոնկրետ՝ հպատակվում եմ ռուսական տերությանը։ Խանն էլ իր հերթին չէր շտապում, հույս ունենալով, որ պարսկական բանակը շրջանցելով Շուշին, կհարձակվի Գանձակի վրա։ Խանը մարդ ուղարկեց Պարսկաստան՝ իմանալու թագաժառանգ Աբասի մտադրությունները։ Դա վարձու մի պարսիկ էր, որ հավասարապես ծառայում էր և՛ Իբրահիմ խանին, և՛ Աբաս Միրզային։ Երկու տիրոջ ծառան խորամանկ գործում էր այնքան, որ երկու տերերից ոչ մեկը չէր կասկածում նրա հավատարմության վրա։

Այդ օրը, երբ խանը պատրաստվում էր երեկոյան նամազի, անզգուշորեն գլորեց հախճապակե սկահակը, ջարդեց։ Դա վատ նշան է։ Նամազի ժամանակ ականջին հասավ ինչ-որ ոռնոց։ Դա էլ է վատ նշան։ Նամազը նոր էր վերջացրել, երբ հայտնեցին, որ Նազիլեն, խանի թվով վերջին՝ ութերորդ կինը, ամենաջահելը և ամենագեղեցիկը, ինքնասպան է եղել։ Դա ոչ միայն դժբախտություն, այլև խայտառակություն է. պալատում նորից ծայր առան բամբասանքները։
Խանը նրա հետ դեռ կարգին չէր կենակցել, ավելի ճիշտ՝ չի կարողացել ցույց տալ տղամարդու իր արժանիքները։ Շեյխ Ալին, այդ շեյթանը, իր սարքած դեղը նախ ինքը պիտի փորձեր իր վրա, որ կինը՝ Սանամ խանումը, չասի՝ մեր այդ ղազը ուրիշներին բուժում՝ աքլոր է դարձնում, իսկ ինքը մնում նույն հավը։

Լրտեսը Պարսկաստանից եկավ իրիկնամուտին։ Լուրը բարի չէր։ Աբաս Միրզան մտադրվել է գրավել նախ Շուշին, հետո՝ Գանձակը։ Աբասն ասել է՝ հենց որ մտա Շուշի, առաջինը Իբրահիմ խանին կկախեմ, հետո ջանդաքը շների բերանը կգցեմ։-Ասենք Իբրահիմն այդպես էլ գիտեր, թագաժառանգից լավ բան չէր սպասում։ Նա կանչեց իր հպատակներին՝ մասլահաթի։ Շեյխ Ալին, որ տանել չէր կարողանում ռուսներին, թազբեհի հատիկները դեղնած մատներով ետ ու առաջ տվեց ու խոսեց այսպես.
- Արևափայլ խան, ամենակարող ալլահը, որ միշտ մեզ օգնել է, էլի կօգնի։ Մենք Շուշիի դարպասները ոչ ռուսների առջև կբացենք, ոչ էլ Աբասի։ Թող նրանք կռվեն իրար հետ, իրար հոշոտեն։ Պարտվածը կփախչի, իսկ հաղթողը ուժաթափ կլինի։ Մենք ալլահի կամքով հաղթողին կհաղթենք։

Շեյխ Ալիի պատասխանը խելացի թվաց Իբրահիմ խանին, բայց նա չշտապեց հավանություն տալ, ղեյլանը մոտ քաշեց, կլկլացրեց (այդ կլկլոցը նրան բավականություն է պատճառում) հետո մտքի մեջ սուզվեց, ծանր-թեթև արեց շեյխի խոսքերը, գլուխը կամաց-կամաց բարձրացրեց ու նենգ հարց տվեց շեյխին.
- Շեյխ, իսկ եթե ռուսները հաղթե՞ն պարսիկներին։
- Ժամանակ չենք տա, կհարձակվենք։
- Շեյխ, դու մոռանում ես հայերին։ Հայերը ռուսներին կօգնեն։ Ռուսները հայերի օգնությամբ գրավեցին Գյանջան։ Ի՞նչ կասի Մեծ վեզիրը։

Մեծ վեզիրը շեյխ Ալիի դաշնակիցն է, պալատում ոչ ոք չի սիրում նրան. երկարահասակ, չորուկ, չեչոտ դեմքով, մռայլ մարդ է։ Նա քիչ անմեղ մարդկանց արյուն չի թափել, և խանի համար միշտ վտանգավոր հակառակորդներ է գտնում, առաջինը ինքը հայտնում իր վճիռը՝ հարկավոր է գլխատել։ Իբրահիմ խանը Սև վեզիրին նույնպես չի սիրում, իսկ վերջին ժամանակներս սկսել է կասկածել նրա հավատարմության վրա։
Սև վեզիրը խոսեց.
- Արևափայլ խան, քանի որ Աբաս Միրզան պատրաստվում է նվաճել Ղարաբաղը, ռուսները ոչինչ չեն կարող անել։ Մենք բարեկամական կապեր կստեղծենք ոչ թե Աբասի, այլ Ֆաթհ Ալի շահի հետ։ Շահը արևափայլ խանի փեսան է։

- Իմ փեսան,- խանը կլկլացրեց ղեյլանը,- բայց Աբաս Միրզան իր թոռը չէ, նա շահի կամքին հակառակ կգնա։
- Մենք նրա հետ լեզու կգտնենք։
- Մենք՝ ո՞վ, դո՞ւ,- խանը ծիծաղեց արհամարհանքով։- Գո՞ւցե շեյխը։ Հենց որ Աբասը գրավի Շուշին, առաջինը դուք թոկը իմ վիզը կգցեք։
- Խանն իր հավատարիմ մարդկանց չի հավատում,- Սև վեզիրը կուչ ածեց աչքերը։- Իսկ գուցե ձեռք մեկնենք Ստամբուլի մեծ սուլթանին։
- Կամա՛ց, Աբասը կխփի ու կջարդի ձեռքդ,- նետեց խանը։- Սուլթանը աչք չունի Ղարաբաղի վրա։
Կեսօրին Գանձակից լրաբեր եկավ. գանգրահեր, խոշոր աչքերով, գեղեցկադեմ մի հայ էր։ Գեներալ Ցիցիանովից նամակ էր բերել։ Խանին ծանոթ թվաց լրաբերի դեմքը, բայց նշանակություն չտվեց, նրան հետաքրքրում էր նամակը։ Կանչեց իր գրագիր-թարգմանչին՝ Սարգիս բեկին։

Նամակը դուր չեկավ Իբրահիմ խանին։ «Քիչ եմ զարմանում այն բանի վրա,- գրում է իշխան Ցիցիանովը,- որ ես ռուսական անհաղթ զորքերով մեկ ամսից ավելի այստեղ եմ, և վեց օր էլ անցել է ամրոցը գրոհով վերցնելուց, իսկ դուք հարևանությամբ գտնվելով այսքան մոտիկ, մինչև օրս ինձ մոտ ոչ ոքի չեք ուղարկել ողջույնի խոսքով։ Ջավադ խանի գոռոզությունը սրբվեց արյունով, և ես նրան չեմ խղճում, քանի որ գոռոզներին աստված հակառակվում է»։
- Հը՛մ,- խանը մռլտաց,- գյուրջու բալան վախեցնում է։ Կարդա, Սարգիս բեկ, կարդա։

Սարգիս բեկը ոչ թե կարդում, այլ ուղղակի գրածը տողացի թարգմանում էր, խանից ոչինչ չէր թաքցնում. «Հուսով եմ, որ դուք չեք ուզենա նմանվել նրան և կհիշեք, որ թույլերը ուժեղներին ենթարկվում են, և ոչ թե երազում են նրանց հետ չափվել։ Քանի որ Գյանջայի ոչ մեծ տիրույթը մտել է ռուսական անծայրածիր տիրապետության մեջ, և նրա բնակիչները դարձել են Ռուսիայի զավակները, ես որպես Կասպից ծովից Սև ծովն ընկած երկրամասի գլխավոր պետ, պարտքս եմ համարում, որ դուք վերադարձնեք ինչպես հանգուցյալ Ջավադ խանի, այնպես էլ թաթարներին ու հայերին պատկանող երամակներն ու տավարը, որոնք իմ զորքովս մոտենալու ժամանակ անվտանգության նպատակով քշել եք ձեր տիրույթը»։

Իբրահիմ խանը ցնցվեց։ Գեներալ Ցիցիանովը ամեն ինչ գիտե։ Գանձակի բեկերը հասկանալով, որ Ջավադ խանի երգը երգված է, նրա ոչխարների հոտերը, ձիերի երամակները խառնելով իրենցին, քշել են Ղարաբաղ։ Իբրահիմ խանը խլել է այդ հոտերը, անհնազանդ բեկերին գլխատել։- Դրությունն ինչ որ ձևով հարկավոր է շտկել։ Փա՜ռք ալլահին, գեներալը Ղարաբաղը նվաճելու մասին դեռ խոսք չի բացում։
- Նստիր, Սարգիս բեկ,- խանը Միրզա Սարգսին ցույց տվեց իր տեղը. Սարգիս բեկը նստեց կարճ ոտքերով գրասեղանի ետևում։- Միրզա, թուղթ ենք գրում ուռուս գեներալին։ Ո՞նց է անունը... Ցիցո... Ցիցա...
- Ցիցիանով,- հուշեց Սարգիս բեկը։
- Հա, հենց դրան։ Դու գլուխը գրիր, խելոք գրիր. մնացածը ես կասեմ։

Սարգիս բեկը ոչ թե գրում, այլ տառերը նկարում է՝ գեղեցիկ, համաչափ, ուլունքաշար...
- Գրիր, ոնց որ ուռուսներն են գրում. մենք՝ Ղարաբաղի ինքնակալս, Իբրահիմ խանս, որդին Փանահ մեծ խանի, ալլահի կամքով տիրակալս Շուշի մեծ բերդի, Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի, Գյուլիստանի... Գրիր՝ ուռուսը մեր բարեկամն է, ուրախ եմ, որ ուռուս գեներալը հաղթել է իմ խանության դուշման Ջավադ խանին...
Իբրահիմ խանը շողոքորթում է. մենք լավ հարևաններ կլինենք ալլահի կամքով։ Աբաս Միրզան չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա, և թող Ռուսաստանի թագավորը (ալլահը նրան երկար կյանք տա) իմանա, որ Շուշիի խանը ամուր բերդ ունի, չի թողնի, որ ղզլբաշին հարձակվի Գյանջայի վրա։- Գեներալ Ցիցիանովը պահանջում է ետ վերադարձնել «թաթարներին ու հայերին պատկանող երամակներն ու տավարները», իսկ խանը բողոքում է այդ անհնազանդ հայերից, և ստացվում է այնպես, որ ոչ թե ինքն է խլել նրանց անասունները, այլ Ղարաբաղի հայ մելիքները։ «Ես անպայման կպատժեմ գող մելիքներին,-գրում է խանը,- չէ՞ որ մենք հարևաններ ենք, իսկ հարևանները ալլահի կամքով բարեկամներ են»։

Գեներալ Ցիցիանովը կարդաց խանի նամակը, զայրացավ. «Շատ լավ, քավթառ աղվես, ես հիմա քո գլխին այնպիսի՜ խաղ խաղամ»։
Գանձակ-Գյանջան, որ արդեն վերանվանվել էր Ելիզավետպոլ, դեռ ապրում է անհանգիստ կյանքով։ Ընկել է խանությունը, բայց տեղի բեկերը շարունակում են իրենց մարդկանց հրահրել ռուսների դեմ։ Գեներալ Ցիցիանովի հրամանով ձեռներեց մայոր Լիսանևիչը 250 հայ ընտանիք տեղափոխեց Ելիզավետպոլ և հետո սկսեց հրապուրել Ղարաբաղի հայ հողագործներին։ Գեներալ իշխանը նրանց տալիս է վարելահող և ամենագլխավորը՝ հինգ տարի ժամկետով ազատում է հարկերից։ Ղարաբաղից մարդիկ ընտանիքներով տեղափոխվում են Ելիզավետպոլ, և հիմա Իբրահիմ խանը հասկացավ, որ իշխանն իր գլխին չար խաղ է խաղում։ Ղարաբաղը դատարկվում է։ Վարանդայի մելիք Ջումշուդը ոչ մի հարկ չի վճարում խանին. խանական գանձարանը սպառվելու վրա է։

1804 թվականի մայիսին ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ արշավեցին Երևանի վրա։ Գրավեցին Գյումրին, շարժվեցին դեպի Երևան։ Աբաս Միրզան, որ պատրաստվում էր արշավել Ղարաբաղի վրա, ստիպված էր 20 հազարանոց հեծելազորով օգնության հասնել Երևանի խանին։ Հունիսի 20-ին թագաժառանգի քսան հազարանոց զորքը Էջմիածնի մոտ պարտություն կրեց ռուսական հինգ հազարանոց բանակի կողմից և նահանջեց Երևան։ Ֆաթհ Ալի շահը օգնության եկավ որդուն, սակայն պարսիկների մեծաթիվ զորքերը չկարողացան կոտրել ռուսական զորքերի թափը։ Ռուսական բանակին օգնում էին հայ կամավորականները, բայց բերդն այդպես էլ չգրավվեց. մի կողմից զենքի ու սննդամթերքի պակասը խանգարեց, մյուս կողմից էլ Վրաստանի շրջաններում ծավալված ապստամբության վտանգը, և գեներալ Ցիցիանովը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։


6.

Ցիցիանովը նորից Գյանջայում է։
Իբրահիմ խանը դա իմացավ առավոտյան նամազից հետո։ Լուրը Ղասում բեկն է բերել։ Շեյթանը միշտ կռավում է։ Ղասում բեկը խանի քրոջ որդին է, և փեսան՝ Սալաթ խանումի ամուսինը։ Խանը չի սիրում Սալաթ խանումին, հայ կնոջից է ծնվել, լակոտները հայերեն են խոսում, հայերի հետ խաղում, և չեն թաքցնում, ասում են՝ մենք հայ ենք։ Ղասում բեկն էլ պակաս պտուղ չի, շոշեցիների հետ է բարեկամություն անում։ Շեյթանն այնպես է խոսում հայերեն, ասես մուսուլման չլինի։- Խանի ականջին լուր էր հասել՝ Ղասում բեկն իր լակոտներին չի թլպատել։ Դալլաք Մասուրին ուղարկեց ստուգելու, դալլաքը ետ եկավ գլուխը ճղած։ Լակոտները տվել ջարդել են դալլաքի գլուխը, թե մենք հայեր ենք, հայերը չեն թլպատվում։ Խանը կանչեց փեսային, իսկ Ղասում բեկն ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝ խան, ասաց, իմ մերը հայ է, դու էդ բանը լավ գիտես, կինս հայից է ծնվել, իսկ հերս ներքինի է եղել։ Ես շոշեցի Առաքելի տղան եմ։ Բա լավ, հիմա ալլահը կընդունի՞, որ զոռով իմ հայ լակոտներին թլպատեմ։- Իբրահիմ խանը պիտի գլխատեր փեսային, բայց Աղա Մուհամեդ ղաջարը խանգարեց։ Նա պաշարեց Շուշին, խանի կյանքը մազից էր կախված, և Ղասում բեկը օգնեց՝ իրեն փախցրեց բերդից։ Խանը ստիպված էր ներել փեսային։

- Արևափայլ խան, Գյանջայից նամակ են բերել։
Սև վեզիրն էր։ Ուրա՞խ է։ Սև վեզիրի դեմքից հնարավոր չէ ոչինչ իմանալ։ Չի ժպտում, չի ծիծաղում, բայց լավ հոտառություն ունի, ամեն ինչ գիտի։
- Արևափայլ, Ղասում բեկին դո՞ւք եք ուղարկել Գյանջա։
- Ես եմ ուղարկել,- խանը զզվանքով նայեց նրա դեմքին։- Նամակը ես ինքս կկարդամ, հետո կհավաքվենք մասլահաթի։

Խանը կռահում էր, որ նամակը իշխան Ցիցիանովից է։ Այդպես էլ կար։ Նա խանին դիմում է առանց կոչումների։ «Թեպետև ձեր վարքի համար պետք չէր, որ ես միջնորդեի ու վերցնեի ձեզ պարսիկներից իմ պաշտպանության տակ,- գրում է գեներալը,- որոնք սովորության համաձայն կհանեին ձեր աչքերը, կամ կկտրեին քիթն ու ականջները, թեպետ, կրկնում եմ, ընդհակառակը, ձեզ պիտի տայի նրանց ձեռքն ու հետո միայն խլեի նրանցից Շուշին ու Ղարաբաղը, ընդօրինակելով իմ կայսեր անասելի բարեգործությունը, որ նման է ցերեկվա լուսատու կարմիր արևի, որը տաքացնում է, սնուցում, բարեգործում ու լուսավորում է ամենքին, ով ցանկանում է վայելել այն, հայտնում եմ ձեզ ողջ Ռուսաստանի սրբազնագույն, բարձր ու փառավոր ինքնակալ ու միապետի անունից, որ նա բարեհաճել է ամեն ինչ տալ մոռացության և ձեզ ներում է պարգևել և ձեզ ընդունել է երանելի կայսրության հպատակության մեջ, այն պայմանով, որ պահպանեք անսասան հավատարմություն, հաստատելով այն ձեր երդումով, հանձնեք ամրոցը ռուսական զորքերին, պատանդ հանձնեք ձեր ավագ որդուն, հավատարմության համար տարեկան վճարեք ութ հազար թուման (չերվոնեց) հարկ»։

Իբրահիմ խանն իր վեզիրներին չասաց, թե ինչ է գրում գեներալը, բայց Շեյխ Ալին երևի խանի դեմքից գուշակեց, որ Ցիցիանովը խիստ նամակ է գրել։ Սև վեզիրի հետ հայացք փոխանակեց, բայց ցույց տվեց, որ այդ մասին ոչինչ չգիտե, ուրիշ հարց տվեց.
- Արևափայլ խան, իսկ դուք չիմացա՞ք, թե Նազիլե խանումն ինչի համար վերջ տվեց իր կյանքին։
Շունը միշտ հին դարման է քամուն տալիս. որքա՜ն ժամանակ է անցել Նազիլեի ինքնասպանությունից, ինչո՞ւ հիշեցրեց։
- Ով չի կարողանում ալլահի կամքով ապրել, ալլահի կամքով էլ մեռնում է,-բարկացած խոսեց խանը։- Դու միշտ ամեն ինչ իմանում ես, շեյխ։
- Ալլահի կամքով, արևափայլ խան։
- Եվ ի՞նչ իմացար։

- Մեհթի խանը Նազիլե խանումի սիրեկանն է եղել։
Խանն ասես շանթահարվեց.
- Շե՛յխ,- գոռաց,- ստում ես։
- Խան, ես ինքս եմ իմ աչքով տեսել։
- Իսկ ինչո՞ւ հիմա ես ասում։ Շեյխ, ես քո աչքերը կհանեմ, որ այլևս ոչինչ չտեսնես։ Կկտրեմ լեզուդ, որ այլևս չչարախոսես։
- Արևափայլ խան,- շեյխը խոնարհեց գլուխը,- դուք շատ եք խիստ։
- Իսկ դու խառնակիչ ես։
- Արևափայլ, թող վկա լինի ալլահը,- շեյխը ձեռքերը պարզեց վեր,- ես խոսում եմ արդարության անունից։ Սթափվի՛ր, խան, հետո ուշ կլինի։

- Ի՞նչը ուշ կլինի։
- Ուռուսներին հպատակվելը խայտառակություն է։ Դուք դեմ եք գնում ալլահին, դուք դեմ եք գնում շարիաթին։ Մենք պիտի լեզու գտնենք Աբաս Միրզայի հետ։
- Շեյխ Ալի, դու ես մարդկանց հրահրում իմ դեմ։ Եվ դու,-դարձավ Սև վեզիրին,-ես երկուսիդ էլ կգլխատեմ,- գոռաց խանը,- ես եմ Շուշիի խանը, ես եմ տերը Ղարաբաղի։
- Ներեցեք, արևափայլ,- Սև վեզիրը խոնարհեց գլուխը,- ալլահը վկա, ես ձեր խոնարհ ծառան եմ։
- Լավ,- խանը արհամարհանքով նայեց նրանց,- վաղը ուռուսները կմտնեն Շուշի։ Ոչ իմ կամքով, կամքով ալլահի։ Վաղը շեյխ, եթե հետս չգաս դիմավորելու նրանց, գլուխդ կկտրեմ։

1805 թվականի մայիսի 13-ին, մայոր Լիսանևիչի հրամանատարությամբ, եգերների մի գումարտակ մտավ Շուշի։ Շեյխ Ալին և Սև վեզիրը կանգնել էին գունատված և այդպես էլ ձայն չհանեցին։ Իբրահիմ խանը երդումներով ու խանական կնիքով ընդունեց Ղարաբաղը առհավետ ռուսական հովանավորության տակ անցնելու հրովարտակը։
Ռուսական զորքերին դիմավորելու էին եկել ոչ միայն Շուշիի, այլև հարևան հայ գյուղերի բնակիչները։ Երբ հանդիսավոր արարողությունն ավարտվեց, հանկարծ լեռնաղբյուրի պես զնգաց զուռնան, թնդաց դհոլը և շոշեցի երկու ծերունի աղ ու հացով մոտեցան Լիսանևիչին։ Մայորի մոտ կանգնած էր Հովհաննես յուզբաշին։
Իբրահիմ խանը ժպտում էր, սակայն սրտից արյուն էր կաթում։ Նա է, այդ նա է, հայ յուզբաշին, շեյթանի որդին։

7.

Ով ատամի տակ թույն է պահում, նա սուր հիշողություն ունի։ Այդպես էր Փանահ խանը, այդպես էր նրա որդի Իբրահիմը։ Իր հակառակորդներին մի ձեռքով շոյում էր, մյուսով՝ սպանում։ Իբրահիմ խանն այդ բանը անում էր ուրիշի ձեռքով, ավելի խորամանկ ու մտածված։
Աղա Մուհամեդ խանի արշավանքից առաջ էր։ Իբրահիմ խանը, որոշեց ծնկի բերել անհնազանդ մելիքներին։ Մելիք Մեժլումի հետ հին հաշիվ ուներ. Ջրաբերդի տիրակալը Ջավադ խանի դաշնակիցն էր։ Օգոստոսի վերջերին խանն իր գլխավոր հարկահավաք Հեյդար բեկին ուղարկեց Ջրաբերդ։ Բեկը Կուսապատ մտավ հարյուր զինված ձիավորներով։ Մելիք Մեժլումն այդ օրը կուսապատցի Զարգար Աթունի հյուրն էր։ Բեկն իրեն պահում էր չափազանց լկտի, և երբ հասկացավ, որ հարկի մա-սին խոսք լինել չի կարող, նայեց բակում կանգնած ջահել կնոջն ու ասաց.
- Մելիք, խանի մոտ դատարկաձեռն վերադառնալն այնքան էլ լավ բան չէ, փեշքեշ է հարկավոր։
- Բեկն ի՞նչ փեշքեշ է ուզում,- հարցրեց մելիք Մեժլումը։

Հեյդար բեկը ցույց տվեց սիրունիկ հարսին։
- Ինչ պակաս փեշքեշ է, իսկական խանի պալատի զարդ։
Այդ ջահել հարսը Հովհաննես յուզբաշու կինն էր՝ Վարդուհին։ Արյունը խփեց Հովհաննեսի գլխին, և նա բռնեց բեկի օձիքից, սուրը դրեց կոկորդին ու ասաց.
- Հեյդար բեկ, թե որ ոտքս չպաչես և խոսքերդ ետ չվերցնես, շանսատակ կանեմ։
Իբրահիմ բեկի գլխավոր հարկահավաքը ստիպված էր ենթարկվել։ Դա առիթ էր, Իբրահիմ խանը դրան էր սպասում, և հաջորդ օրն ինքը եկավ։ Զորախումբը պահեց անտառում, գյուղ մտավ միայն թիկնապահներով։ Խանն ուզում էր մելիք Մեժլումի հետ առանձին խոսել։ Ձիուց իջավ, և ոչ ոք նրան ընդառաջ չգնաց։ Բակում կանգնած էին տասը հայ՝ մելիք Մեժլումի մարդիկ։ Նույնքան ասկյար էլ խանն ուներ։
- Մելիք Մեժլում,- ասաց խանը,- բա այդպե՞ս են ընդունում ազիզ ղոնաղին։ Ո՞ւր մնաց հարգանքն ու պատիվը։

- Խան, մենք մեր ազիզ հյուրերին միշտ դիմավորում ենք աղ ու հացով, եթե նրանք լավ մտքով են մտնում մեր տունը։ Ձեր միտքը ծուռ է, խան։
- Ալլա՜հ, ալլա՜հ,- Իբրահիմ խանը բարձրացրեց ձեռքերը,- հավատ չի մնացել աշխարհում։ Մեղավորը ես եմ, ձեզ միշտ քաղցր աչքով եմ նայել, իսկ դուք այսօր ինձ դիմավորում եք զենքով։
- Խան, ձեր օրենքը չգիտեմ ինչպես, բայց մեր օրենքը այդպես է. ով մեր դեմ զենքով է գալիս, մենք նրան դիմավորում ենք զենքով։
- Հայերը միշտ խորամանկ են եղել,- խանն օրորեց գլուխը,- նրանք մեզ միշտ թիկունքից են խփել։ Եթե մենք չլինենք, պարսիկները Ղարաբաղում ոչ մի հայ չեն թողնի։
- Դուք ճիշտ չեք, խան, մենք առանց ձեզ էլ կարող ենք յոլա գնալ։

- Յախշի,- խանը միտք չուներ շարունակելու, ուրիշ բան էր մտածում. բլբլացրու, գյավուր, բլբլացրու, քիչ է մնացել, սա քո վերջին օրն է, ես քո գլուխը կդնեմ ոտքերիս տակ, իմ ձեռքով կմորթեմ, քյոփօղլու գյավուր։ Կասեմ՝ գոյուն-գոյուն օղլու, իթ օղլու, հույսներդ ուռուսի վրա ե՞ք դրել։
- Ուռուսը,- խանը քահ-քահ ծիծաղեց,- ձեր էդ ուռուսասիրությունը, վալլա՜հ, ձեր տունը կքանդի։ Ուռուսի փադիշահը կնի՞կ չէր։ Ի՜նչ է, Ուռուսաստան մի տղամարդ չէի՞ն գտել, որ իրենց թագավորը կնիկ են դրել։ Կին արմատը տերությո՞ւն է պահում։ Ուռուսները նամուս չունեն։ Ուռուսները սիրուն կնիկներ ունեն։ Իմ հարեմում հայ կա, քուրդ կա, լեզգի կա, գյուրջու կա, ուռուս կնիկ չկա։ Ես ուռուս կնիկ կգտնեմ, ուռուս կնիկն ինձ համար մեր հավատին որդի կծնի, իմ մուսուլման որդին կգնա Մոսկովի վրա։
- Հիմա դու մեր հյուրն ես, խան, թե չէ,- մելիք Մեժլումը չշարունակեց։
- Մաշալլա՜ մելիք, մաշալլա՜,- խանը գլխով հավանություն տվեց,- դա վաղուց պիտի լիներ։ Ձեր հայերն ասում են՝ աղ ու հաց, սիրտդ բաց։

- Ձերոնք էլ լավ խոսքեր ունեն, խան։ Լավ խոսքը լավ մարդու համար է։ Քի՞չ է պատահում, որ լավ խոսքերով վատ մարդիկ խաբում են։
- Ալլահի կամքն է,- խանը մոտեցավ սեղանին,- լավ մարդու կողքին վատն էլ է լինում։
Նա ձեռք չտվեց գինուն և խորովածը վերցրեց այնտեղից, որտեղից մելիք Մեժլումն է վերցրել։ Մելիքն իր բաժակը փոխեց խանի բաժակի հետ։ Խանը խմեց։
- Լավ գինի է,- ասաց,- հայերն իրենց բերանի համը գիտեն։
Դրսում տոթ էր, արևը վառում էր։ Խանը ձայնի էր սպասում։ Բայց ոչ մի ձայն, ասես ամեն ինչ տոթից նվաղել, սսկվել է։ Հետո խանը մի բաժակ էլ խմեց։ Իսկ նա որտեղի՞ց հայտնվեց՝ գետնի տակի՞ց բուսավ, թե՞ երկնքից իջավ։ Դեմքը հանգիստ էր, անվրդով։
- Խան, մի վախենա,- մոտեցավ սեղանին, մի գավաթ գինի լցրեց ու խմեց, ցած դրեց գավաթը. - Խան, ես Հովհաննես յուզբաշին եմ, կարող ես կոչել նաև Վանի յուզբաշի, ինչպես կուզես։

- Ի՞նչ ես ուզում,- խանը ձեռքը տարավ դեպի սուրը։
- Ձե՛ռքդ, խան, ձե՛ռքդ...
- Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- գոռաց խանը։
- Խան, ես ինքս եմ ուզում այդ հարցը տալ՝ դու ի՞նչ ունես իմ տանը, ո՞վ է քեզ հրավիրել։ Դու քո բերդում ես խան, իսկ այստեղ ինձ համար գյադա ես։
- Մելիք Մեժլում,- խանը ելավ տեղից,- սա ի՞նչ բան է։
- Նստիր,- Հովհաննես յուզբաշին սպառնալից նայեց նրան։ - Զորքդ ինչո՞ւ ես թողել անտառում։
- Ի՞նչ զորք,- խանը գունատվեց։
- Արածդ գյադայություն է, խան։ Քսան հոգի սպանված է։ Սպանված է նաև Հեյդար բեկը։ Որդուդ կյանքն այս անգամ խնայեցի։ Դավադրությունդ չստացվեց, խան, գնա ուրիշ բան մտածիր։
- Յախշի,- խանը մլռտաց։ - Յախշի, խոսք չունեմ, գահրաման տղամարդ ես։ Ես ձեր Քյոսաքենդին ձեռք չեմ տա։

- Քյոսաքենդ չի, խան, Կուսապատ է մեր գյուղի անունը։ Ախր ինչո՞ւ եք փոխում մեր գյուղերի անունները։ Այն, ինչ ուզում եք ձերը դարձնել, անունը փոխում եք։ Մեր աղջիկներին գողանում, տանում եք ձեր հարեմները՝ անունները փոխում։ Մեր աղբյուրներից ջուր եք խմում՝ մեր աղբյուրների անունները փոխում։ Մեր սարերի ու ձորերի անունները փոխում եք։ Խան, գողությունն էլ ուրիշ ինչպե՞ս է լինում։ Վայ թե մի հիսուն տարուց հետո ասեք Ղարաբաղում ոչ մի հայ չի եղել։ Իբրահիմ խան, կարո՞ղ ես ասել ինձ՝ որտե՞ղ է քո պապի գերեզմանը և ինչ է նրա անունը։ Բան չկա, ստից մի անուն հորինիր...
...Իբրահիմ խանն այդ գիշեր նորից վատ երազ տեսավ։ Վանի յուզբաշին թուրը դրել իր բկին, շարունակ նույն հարցն է տալիս՝ խան, որտե՞ղ է քո պապի գերեզմանը, որտե՞ղ է քո պապի գերեզմանը... Չես հիշում, լավ, այդ դեպքում ասա ինձ՝ քո պապի անունն ի՞նչ է, քո պապի անունն ի՞նչ է, քո պապի անունը, շուն, քո պապի անունը...

- Ալլա՜հ, ալլա՜հ,- աղաղակեց խանը, վեր թռավ։ - Հե՜յ, ո՞վ կա այդտեղ...
Պահակապետը ներս վազեց, խոնարհեց գլուխը։
- Լսում եմ, արևափայլ։
- Դարպասները պի՞նդ ես փակել։
- Պինդ եմ փակել, արևափայլ։
- Իսկ այն ի՞նչ ձայն է։ Լսո՞ւմ ես։
- Արևափայլ խան, շան ոռնոց է։
- Թող ձենը կտրի, իսկ դու աչքերդ չորս արա, վատ ժամանակներ են։
- Լսում եմ, արևափայլ։

Խանն այլևս չքնեց։ Ռուսական թնդանոթների ծանր դխկդխկոցը, սվինների ծնգոցը, եգերների կանոնավոր պահվածքն ու խրոխտ քայլվածքը, ռուս մայորի տարօրինակ գլխարկի կատարին ճոճվող փոփոլը, կարտեչներով ու ռումբերով բեռնված սայլերը, սև ու խոշոր աչքերով այդ հայը՝ նրան թվացին ծանր ու ահավոր երազ։ Իսկ գուցե դա իր հերթական երա՞զն է, որ դեռ չի պատմել երազահաններին։ Շեյխի միտքը ծուռ է, և նա դա չթաքցրեց։ Շեյխը, պարսկահպատակ շունը, այդ շիան... Եթե չշպրտեմ իմ ճանապարհից, նա միշտ այսպես թևերս կապոտած կպահի։ Ասում են՝ մուռտառը թաքուն շաբա է լակում։ Ես դրա շաբայի մեջ թույն կլցնեմ՝ կսատկացնեմ։ Չէ, ես չեմ նրան սպանել, ալլահն է պատժել, շարիաթը դեմ է շաբային։ Սև վեզիրը...Դրան էլ կսատկացնեմ։ Կսատկացնեմ, ալլահը վկա... Ղասում բե՞կը, այդ բիճ Ղասումը աչքիս պղտոր է երևում։ Ասենք նա էն գլխից պղտոր է եղել, և լակոտներին էդպես էլ չթլպատեց։ Ղասում բեկը... թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ...

- Յա՜ ալլահ,- Իբրահիմ խանը բարձրացավ թախտից, ճմլկոտեց, հագավ նախշուն չստերը, բացեց պատուհանի մետաքսե վարագույրները, նայեց։ Ջըդըռ-դուզում ուռուս սալդաթները հրացանամարզանքով են զբաղված։ Քիչ հեռու, ժայռի կատարին կանգնած է մայորը՝ իր փոփոլավոր գդակով։ Ինչպե՞ս է դրա անունը։ Չէ, անունը պետք չէ, ես դրան կանվանեմ սարդար, փոքր սարդար։ Մեծ սարդարը կլինի գյուրջու բալան։ Փոքր սարդարի համար ես վաղը երկու սիրուն կնիկ կուղարկեմ։ Չի ուզի՝ աղջիկ կուղարկեմ, հայի աղջիկ, իրենց հավատին։ - Յա՜ ալլահ...
Իբրահիմ խանը իջեցրեց պատուհանի վարագույրը, գնաց լվացվելու։


8.

Թեև Աթաբեկյանները հայոց հին ազնվականների ծագումից էին,
բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն), մի հասարակ
արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ։
ՐԱՖՖԻ


1622 թվականին Կուսապատ գյուղի քահանա Տեր Սարգիսը եկեղեցու ծխական մատյանում գրեց. «Գյուղս՝ Կսապատ, 67 ծուխ ունի. մեզ մոտ բնակություն հաստատելու եկավ հարուստ ինչքատեր Աթաբեկ յուզբաշին՝ Մեծ Սյունիքի կողմերից։ Կնոջ անունը Սառա է, երկու որդի ունի՝ Վանի և Գիլի։ Վանին պսակվեց մոխրաթաղցի նալբանդ Մարտիրոսի աղջկա՝ Գյուլումի հետ և գնաց ապրելու ռսի հողերում»։ Եվ ապա տասնութ տարի անց, հանգուցյալ տեր Սարգիսին փոխարինող տեր Թադեն հաջորդ էջում գրեց. «Գյուղս՝ Կսապատ, 78 ծուխ ունի. Գիլիից ծնվեց Ավանեսը...»։ Իսկ հետո Ավանեսից ծնվեց Հարությունը, հենց ինքը՝ Հովհաննես յուզբաշու հայրը։ Սա էլ ամուսնացավ ջրաբերդցի տանուտեր Գրիգորի աղջկա՝ Մանիշակի հետ, և 1766 թվականի մարտի 17-ին, տեր Մամբրեն իր ծխական մատյանում գրեց. «Հարություն Աթաբեկյանն կամոք աստծո արու զավակ ունեցավ, անունը դրեցի Հովհաննես»։ Իսկ չորս տարի անց ծնվեց երկրորդ զավակը՝ Հակոբը։

1795 թվականին, Աղա Մուհամեդ Ղաջարն արշավեց Ղարաբաղի վրա, Սաֆի խանն իր հեծելախմբով խուժեց Կուսապատ՝ թալանի։ Պարսիկ սարբազները տղամարդկանց սրի քաշեցին, առևանգեցին գեղեցիկ հարսներին ու աղջիկներին։ Սաֆի խանը զվարճանալ էր ուզում, խնջույք սարքեց գյուղի եկեղեցում ու հրամայեց. «Էդ գյոզալներին լրիվ մերկացնել. ես ուզում եմ, որ նրանք իրենց աստծո տանը ցույց տան իրենց շնորհքը»։ Ահա այդ ժամանակ Հովհաննես յուզբաշին իր քաջերով հարձակվեց, շրջապատեց եկեղեցին, եկեղեցու դռները դրսից ամուր փակեց, լուսանցքից հրացանի փողն ուղղեց ներս ու գոչեց. «Սաֆի խան, ես Հովհաննես յուզբաշին եմ. եթե չես ուզում մեր աստծո տունը փուլ գա գլխիդ, հանձնվիր»։ Սաֆի խանն ուրիշ ելք չուներ, պատասխանեց. «Հայ յուզբաշի, ալլահը վկա, ձեզ ոչ մի վնաս չենք տա, դուռը բաց, դուրս գանք գնանք»։ Հովհաննես յուզբաշին ծիծաղեց. «Սաֆի խան, վնասն արդեն տվել եք և դրա համար պիտի հատուցեք։ Եթե ուզում ես գլուխդ մնա ուսերիդ՝ հանձնվիր։ Մենք դուռը կբացենք, իսկ դուք մեկ-մեկ դուրս կգաք՝ լրիվ մերկ»։ Սաֆի խանը չհամաձայնեց, և այնժամ Հովհաննես յուզբաշին համագյուղացիներին ասաց. «Մենք հիմա սրանց ծխախեղդ կանենք, փալասները նավթի մեջ թաթախեցեք, վառեցեք և լուսանցքով նետեցեք ներս»։ Եկեղեցում այնպիսի՜ աղմուկ բարձրացավ, այնպիսի վայնասուն... Ի վերջո Սաֆի խանը ստիպված էր ենթարկվել և ներսից ասաց. «Յուզբաշի, խո՞սք ես տալիս, որ մեզ կենդանի կթողնես»։ Հովհաննես յուզբաշին պատասխանեց. «Ես իմ խոսքի տերն եմ»։

Եկեղեցու դռան մոտ Հովհաննես յուզբաշու տղաները կանգնեցին, և յուզբաշին բացեց դուռը։ Սարբազները մեկ-մեկ դուրս եկան մերկանդամ, վերջում՝ Սաֆի խանը։ Հովհաննես յուզբաշին նայեց ամոթից կծկված խանին և ցույց տվեց սարբազներին. «Սաֆի խան, ավազակ շան որդի, մերկ կնանիք ես ուզո՞ւմ, խնդրեմ՝ քո սարբազներն ի՞նչ պակաս կնանիք են։ Բայց ես իմ խոսքի տերն եմ՝ մեղքը մեղքով են հատուցում. մեր գյուղից վեց մարդ եք սպանել, իսկ մենք այդ վեցի դիմաց կգլխատենք երեսունվեց սարբազի։ Այդ բանը դուք կանեք ձեր ձեռքով. հիմա ինքդ ընտրիր այդ երեսունվեցին»։
Սաֆի խանը Կուսապատից հեռացավ խայտառակված և Ասկերանում ինքնասպան եղավ։ Երբ Աղա Մուհամեդ խանն իմացավ այդ մասին, զայրույթից կրճտացրեց ատամներն ու ասաց. «Սաֆի խանը լավ է պրծել, թե չէ՝ ես դրան շան մահով կսատկացնեի»։


9.

Փառք ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այն պահելը։ Գեներալ Ցիցիանովը Շամախիի, Շիրվանի և Գանձակի գրավումից հետո ընկավ հաճելի գլխապտույտի մեջ։ Շքանշաններ ու շնորհավորանքներ, մեծարանքներ ու քաղցր խոսքեր, ճաշկերույթներ ու բաժակաճառեր... Երևանյան ոչ հաջող արշավանքը բոլորովին ստվեր չձգեց նրա փառքի վրա։ Իբրահիմ խանը հիմա նրան կոչում է Բոյուք սարդար, Գանձակում Բոյուք փաշա է, Վրաստանից ազգակիցները նամակներ են ուղարկում, քաջ իշխանին համեմատում Գեորգի Սահակաձեի հետ։ Իշխանը հավատացած է, որ Աբաս Միրզան իր ահից երբեք չի հարձակվի Ղարաբաղի վրա։ Երբ մայոր Լիսանևիչը նրան Շուշիից նամակ գրեց. «Ձերդ գերազանցություն, հենց քիչ առաջ ինձ հայտնեցին, որ Աբաս Միրզան պատրաստվում է Արաքսն անցնելու», Ցիցիանովը հեգնանքով ծիծաղեց. «Սատանայից վախեցողը,- ասաց,- սատանայի պոչից էլ կվախենա։ Ես չգիտեի, որ մայորն այդքան վախկոտ է։ Աբաս Միրզան իմ զորությունը տեսել է Էջմիածնի մոտ»։

Իշխանը, որ սկզբում մեծ հույսեր էր կապել Ղարաբաղի մելիքների հետ, ոչ միայն փորձ չարեց նրանց համախմբել, այլև սահմանափակեց մելիքական իրավունքները, իսկ Իբրահիմ խանի պատանդ որդուն՝ Մեհթի աղային փառք ու պատվով վերադարձրեց Շուշի։ Խանն էլ իր հերթին պարտքի տակ չմնաց, մեծ սարդարին թանկարժեք նվերներ ուղարկեց։ Աշխուժացան նաև Գանձակի բեկերը, և իշխանը սրանց էլ տվեց արտոնություններ։
Վարանդայի մելիք Ջումշուդը, որ իր զորախմբով մասնակցել էր Ցիցիանովի երևանյան արշավանքներին, իսկ դրանից առաջ Շամախիի ու Շիրվանի գրավմանը ու աչքի ընկել քաջագործություններով, ընդհարվեց գեներալի հետ։ Նա Գանձակ եկավ իր թիկնապահների հետ։ Նույն օրը իշխանի հյուրն էր Իբրահիմ խանի Սև վեզիրը։ Երբ գեներալը ներս հրավիրեց մելիք Ջումշուդին, վերջինս անակնկալի եկավ.
- Ներեցեք, ձերդ պայծառափայլություն, ես իմ թշնամու հետ երբեք սեղան չեմ նստի։

Իշխանը խայթեց.
- Բայց որքան ինձ հայտնի է՝ ձեր հայրը եղել է Իբրահիմ խանի մոտիկ բա-րեկամը։
- Իշխան, իմ հոր բարեկամներն այսօր իմ թշնամիներն են։
Իշխան Ցիցիանովն ասաց.
- Մելիք, ես զարմանում եմ, որ այնպիսի խելոք ու համարձակ հորից այդպիսի տհաս որդի է ծնվել։ Մի՞թե դուք նրա որդին չեք։
- Իշխան, ես նրա որդին եմ, բայց ոչ նրա գործի շարունակողը։ Ես էլ նույնպես զարմացած եմ ձեր վերաբերմունքից՝ երբ իմ զորախմբով ձեր հրամանատարության տակ կռվում էի թշնամու դեմ, դուք ինձ անվանում էիք առյուծ։ Հիմա այդ ինչպե՞ս տհաս դարձա։

- Դուք իմ հյուրին վիրավորելու իրավունք չունեք։
- Իշխան, նա այսօր ձեր հյուրն է, իսկ վաղը՝ թշնամին։
- Համոզվա՞ծ եք։
- Այո, պարսից բանակը կանգնած է Արաքսի ափին։ Հիշեցեք, Իբրահիմ խանը ձեզ կխփի թիկունքից։
- Այստեղ մի անգամ փորձել են խփել թիկունքից,- ժպտաց իշխանը,- բայց չի ստացվել։
- Որովհետև ձեր կողքին կանգնած է եղել Հովհաննես յուզբաշին և ոչ թե Իբրահիմ խանի Սև վեզիրը։
- Լավ, մելիք, պարզ խոսենք. ի՞նչ եք ուզում։
- Ճանաչել ձեր թշնամուն։ Դուք սահմանափակել եք Ղարաբաղի մելիքների իրավունքները, չեք գնահատում նրանց ծառայությունները։
- Հասկանում եմ՝ շքանշան եք ուզում։

- Սխալվում եք, իշխան, լավ ծառայությունը միայն շքանշանով չեն գնահատում։ Մենք պահանջում ենք մեր իրավունքները։
Մելիք Ջումշուդը չսպասեց պատասխանի, շուռ եկավ, գնաց։
Գեներալ Ցիցիանովի գլխավոր խորհրդատուն, ոմն բախտախնդիր մի իշխան, որ եկել էր Կովկասում կուրծքը շքանշաններով զարդարելու, իրար դեմ էր լարում սպաներին և փորձում ամեն տեղ միայն ինքը երևալ։ Նա իրեն ներկայացնում էր որպես արիստոկրատական ընտանիքի լավ դաստիարակված նշանավոր հոր նշանավոր զավակ, տեղի ու անտեղի շռայլում իր կոչումները՝ ձեզ հետ խոսում է ոչ թե ինչ-որ սպայիկ, այլ ինքը՝ Կոմս Ռասկուլովը։ Երբ իշխան Ցիցիանովը նամակ ուղարկեց Կովկասի զորքերի գլխավոր հրամանատար Գուդովիչին՝ միջնորդելու կոմսի զինվորական կոչումը բարձրացնելու և շքանշանով պարգևատրելու համար, այսպիսի պատասխան ստացավ. «Իշխան, մեզ մոտ կոչումները թափված չեն, իսկ ինչ մնում է շքանշանին, ոչինչ չեմ կարող անել, որովհետև մետաղի պակասության պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է շքանշանների ձուլումը»։

Գլխավոր հրամանատարի հեգնանքը գեներալ Ցիցիանովն ընդունեց թշնամանքով և բողոքի նամակ գրեց թագավորին։ Գեներալ Գուդովիչը ուղարկեց ավելի կծու մի երկտող. «Ձերդ գերազանցություն, մի՞թե մինչև հիմա չգիտեք, որ նորին պայծառափայլությանն ուղարկված բոլոր նամակներն ու զեկույցներն անցնում են Թիֆլիսով»։ Իսկ հետո պարզվեց, որ կոմսը ոչ թե կոմս, այլ դուրսպրծուկի մեկն է, թղթախաղում տանուլ է տվել իր ժառանգությունը, հայրը վշտից ինքնասպանություն է գործել, իսկ թե ինչպես է մայորի կոչումով Կովկաս ընկել, դա ինքը գիտե և աստված։ Այդ ամենը հայտնեց մայոր Կոտլարևսկին, և այն էլ այդ բախտախնդրի ներկայությամբ, և Ռասկուլովն իր պատիվը պաշտպանելու համար մայորին հրավիրեց մենամարտի։ Մայորն ապտակեց նրան ու ասաց. «Կոմս, պարտված եք. դե հիմա ռադ եղեք այստեղից»։
Մայոր Լիսանևիչը զգում էր մոտալուտ անխուսափելի փոթորկի հոտը։ Հովհաննես յուզբաշուն ուղարկեց հետախուզության։ Յուզբաշին, որ պարսկերեն լավ գիտեր, անցավ Արաքսը, ներկայացավ բանակի հրամանատար Փիր Ղուլի խանին։

- Մեծ սարդար,- ասաց,- ինձ ուղարկել է ձեր հավատարիմ շեյխ Ալին։ Իբրահիմ խանը ռուսների առաջ բացել է Շուշիի դարպասները։
Փիր Ղուլի խանը բոլորովին չկասկածեց, որ սև ու խոշոր աչքերով այդ մարդը Հովհաննես յուզբաշին է։ Նա թեյ էր խմում և աչքի պոչով հետևում լրաբերին։
- Լսել եմ,- նա թեյի նախշուն գավաթը ցած դրեց, օրորեց գլուխը։- Իբրահիմ խանը իր ձեռքով է փորել իր գերեզմանը։ Ինչպե՞ս են շեյխի և խանի հարաբերությունները։
- Շատ վատ են, մեծ սարդար։
- Լսել եմ,- գեղեցիկ, ծաղկանկար թաշկինակով նա սրբեց դեմքի քրտինքը։- Իսկ շեյխը թող պատրաստ պահի իր մարդկանց։
- Մեծ սարդար, շեյխը պատրաստ է, բայց ուզում է իմանալ, թե երբ պարսկական երկաթե բանակը կանցնի Արաքսը։

- Շուտով, շատ շուտով։ Մենք հիմա սպասում ենք թագաժառանգի հրամանին։ Բերդում որքա՞ն ռուս սալդաթ կա և քանի՞ թնդանոթ։
- Հնարավոր չէ հաշվել, մեծ սարդար, ամեն օր էլ նոր սալդաթներ են գալիս-գնում։ Իսկ թնդանոթները միայն երկուսն են՝ դրված Ջըդըռ-դուզում, մնացածները թաքուն են պահում։
Դեպքից երեք օր անց մայոր Լիսանևիչը նորից նամակ գրեց գեներալ Ցիցիանովին, որ Փիր Ղուլի խանը պատրաստ է հարձակման, և ստացավ տարօրինակ պատասխան. «Մայոր, թագաժառանգը պատրաստվում է Ռուսաստանի հետ դաշինք կնքելու՝ ընդդեմ Թուրքիայի։ Հավանական է, որ Փիր Ղուլի խանն այդ մասին կամ ոչինչ չգիտե, կամ էլ դիտավորյալ ուզում է մեզ ապակողմնորոշել։ Չպիտի հավատալ կողմնակի մարդկանց լուրերին»։ Եվ մայոր Լիսանևիչն առանց գլխավոր հրամանատարի հետ խորհրդակցելու, ստիպված եղավ բանակցություններ վարել Ջումշուդի հետ։ Վարանդայի մելիքը չնայած խիստ դժգոհ էր գեներալ Ցիցիանովից, այնուամենայնիվ, իր հեծելախմբով մտավ Շուշի։

Իբրահիմ խանը, օգտվելով իշխան Ցիցիանովի բարյացակամ վերաբերմունքից, ստեղծեց երկու հեծելախումբ։ Կրտսեր եղբորն ուղարկեց քրդերի մոտ, սա էլ վերադարձավ քրդական մի հեծելախմբով։ Խանի ասկյարները ռուս զինվորների կողքին սկսեցին զինավարժություններ անել։ Նրանք կրակում էին ռուս զինվորների տարազներով խրտվիլակների վրա և անթաքույց լկտիությամբ բղավում. «Բիր, իքի, ուչ, դորթ՝ ռուս սալդաթ յոխ»։ Յուզբաշին մայոր Լիսանևիչին ցույց տվեց թիրախներն ու հարցրեց.
- Ձերդ գերազանցություն, թույլ կտա՞ք դրանց մի լավ դաս տամ։
- Ոչ միայն թույլ եմ տալիս, այլև հրամայում եմ։
Վանի յուզբաշին մոտեցավ ասկերբաշուն։
- Ասկերբաշի, իրավո՞ւնք կտաք, որ իմ տղաներն իրենց զենքի ուժը փորձեն ձեր չուչելների վրա։
- Մեծ ուրախությամբ, յուզբաշի,- ժպտաց թուրքը։

Վանի յուզբաշին կանչեց իր հեծելախմբի տղաներին, ցույց տվեց թիրախները, ինչ-որ բան շշնջաց։ Նրանք մեկական գնդակ արձակեցին և վրիպեցին։
- Յուզբաշի, էրմանի յուզբաշի,- ծիծաղեց ասկերբաշին,-այդպիսի ասկյարներին ես մի օր էլ չեմ պահի։
Վանի յուզբաշին պատասխանեց.
- Ասկերբաշի, վալլա՜հ, ես էլ չէի սպասում։ Դե լավ, հիմա այդ չուչելների փոխարեն կանգնեցրու քո ասկյարներին, եթե մեկը կենդանի մնաց, գլուխս քո ձեռքով կտրիր, իսկ եթե ոչ մեկն էլ կենդանի չմնաց, դու ինքդ կկանգնես ահա այն խրտվիլակի տեղը։
- Յուզբաշի, էրմանի յուզբաշի,- շողոքորթեց ասկերբաշին,- դու մոռանում ես, որ մենք հիմա բարեկամներ ենք։
- Ո՜նց չէ, տեսնում եմ,- Վանի յուզբաշին արհամարհանքով նայեց նրան,- իսկ այդ ի՞նչ չուչելներ են։ Դե հիմա քո այդ ասկյարների հետ չքվիր այստեղից։

Պարսից բանակի հարձակումից մի քանի օր առաջ, գեներալ Ցիցիանովը վերջապես համոզվեց, որ Փիր Ղուլի խանը զուր տեղից չի նստել Արաքսի ափին, և զեկույց ուղարկեց Կովկասի բանակի գլխավոր հրամանատարին. «Ձերդ պայծառափայլություն, Արաքսի ափին կանգնած է Փիր Ղուլի խանի տասներկու հազարանոց բանակը։ Ինձ սկզբում հայտնեցին, որ առանձին վտանգ չկա, բայց քիչ առաջ տեղեկություններ ստացա այն մասին, որ հակառակորդի առանձին ջոկատներ անցել են Արաքսի այս կողմը։ Սպասում եմ կարգադրության»։
Գլխավոր հրամանատարի պատասխանը խիստ էր. «Իշխան, որքան ինձ հայտնի է, դուք վանել եք տեղի հայ մելիքներին ու գժտվել մելիք Ջումշուդ Շահնազարյանի հետ, մի մարդու, որ ձեզ մեծ ծառայություններ է մատուցել և որին մենք հավատում ու վստահում ենք։ Մի՞թե դուք համոզված եք, որ Իբրահիմ խանը ձեզ կօգնի։ Ես առայժմ ոչինչ չեմ կարող անել։ Հայ մելիքների հետ աշխատեցեք լեզու գտնել և լավ կլինի, որ չսահմանափակեք նրանց իրավունքները»։


10.

Ռուսական բանակի մուտքը Շուշի Իբրահիմ խանին ոչ մի լավ բան չէր խոստանում։ Այնտեղ՝ Արաքսի ափին, Շուշիի խանության վտանգավոր հակառակորդը, այստեղ՝ ռուսները։ Տիզակի մելիքն այլևս հարկ չի տալիս խանին, մելիք Ջումշուդը ծառայում է ռուսներին, Ջրաբերդի մելիքը ենթարկվում է գեներալ Ցիցիանովին...
Հարկավոր է ինչ-որ ձևով շահել բալաջա սարդարի սիրտը։ Խանը սկզբում նվերներ՝ երկու պարսկական գորգ, արծաթե պատյանով մի թուր ուղարկեց։ Բալաջա սարդարն ընդունեց խանի նվերները, ասաց՝ ռազիյամ, սաղօլ, չոխ սաղօլ։ Երեք օր անց խանը երկու կնիկ ուղարկեց։ Բալաջա սարդարն այս անգամ գլուխն օրորեց՝ չոխ սաղօլ, արվադ յօխ, արվադ իստամիրամ։ Խանը մտածեց՝ բալաջա սարդարը կնիկ չի ուզում, ուրեմն ջահել աղջիկ է ուզում, և դա նրան շատ մեծ հոգս պատճառեց՝ ի՞նչ աղջիկ ուղարկի, որ այդ շեկ քյոփօղլուն հավանի, չասի՝ արվադ յոխ։ Դա մասլահաթի բան է, թող բոլորն իմանան, որ խանը փշերի վրա է նստած, իսկ ուռուսը, աստված չունի, մեկ էլ տեսար մի բան հնարեց։ Ուռուսին պիտի շոյել և շոյելով խեղդել։

Բացի շեյխ Ալիից, բոլորը եկան։ Խազնադար Բաշիր բեկը, որ միշտ կռահում է իր տիրոջ միտքը, իբր զարմացավ, որ շեյխը չկա։ Խանն ասաց, որ այդ շիան, ստից իմամը շաբան է լակում, և այլևս ոտք չի դնի պալատի շեմին։ Շեյթանը, ասաց, երկու երես ունի, կռտած ղաջարին ծառայել է, լիզել է նրա ոտքերը, բայց ինքը՝ խանը, ներել է նրան. «Ես մեծահոգի եմ գտնվել, դրան չեմ կախել մզկիթի բակում։ Շունը ոտքերս լիզել է՝ խղճացել եմ»։ Քերիմ Սամանդարը, խանի ասկերբաշին, հաստատեց՝ ճիշտ է, շեյխը մուռտառ շիա է, շաբան է լակում, դեմ է գնում շարիաթին,- և ապա ինքն էլ իր կողմից հորինեց ու ավելացրեց.- հայերի քեշիշների հետ քիրվայություն է անում, հայերի քեշիշները նրան արաղ են խմեցնում, միրուքից քաշքշում ու ծիծաղում։
- Մենակ էդ չի,- գոչեց ներքինապետ Սալիմ բեկը,- շեյխը խոզի միս է լափում, խոզի միս...
- Խոզի մի՞ս,- գոչեցին այս ու այն կողմից։
- Հա՛, հա՛, խոզի միս, ես իմ աչքով եմ տեսել։

- Ալլա՜հ, ալլա՜հ,- հառաչեց խանը,- այդ էլ նո՞ր բաներ են։ Ես դրանք չգիտեի, ճիշտ է, ականջիս ձայներ են հասել, բայց չեմ հավատացել,- նա հիմա հասել է իր նպատակին. հարկավոր է ավելի գրգռել կատաղած շներին և նոր միայն արձակել։-Իսկ մենք այդ սուտ իմամին ներում ենք։ Այդ սուտ իմամը փորձում էր ինձ համոզել, որ ասկերբաշի Քերիմ Սամանդարը գող է, թալանում է մեր խալխին։ Հայերին թողած, մեր խալխին է թալանում։
- Նա խաբեբայի մեկն է,- գոռաց ասկերբաշին,- նա անհավատ շուն է, քյոփակօղլին անպատվում է մեր աղջիկներին։ Խան, արևափայլ խան, աղաչում ենք, փրկիր մեզ այդ շեյթանից, մեր կնանիքը, երեխեքը մեղք են։ Արևափայլ, քանի որ տեղն է եկել, պիտի ասեմ...
- Լսում եմ, ասկերբաշի։

- Այդ կեղտոտ շիան բոյուք բայրամին ինձ կանչեց, թե ի՞նչ ասկերբաշի ես, բա չե՞ս տեսնում, որ խազնադար Բաշիրը թալանում է խանական գանձերը,- ասկերբաշին, իհարկե, դա հորինեց, և ինքն էլ համոզված է, որ խազնադար Բաշիրը գող է, պարզապես շեյխի բերանով իր խոսքն ասաց.
- Վա՜յ, ես դրան,- խազնադարը ցատկեց տեղից,- իսկ ինքը մեր սուրբ ալլահի տանը կանանց հետ թաքուն ղալաթներ է անում։
- Ալլահի տա՜նը, մեր սուրբ մզկիթու՜մ,- նորից ձայն-ձայնի տվեցին նազիրվեզիրները։- Խան, արևափայլ խան, լսո՞ւմ եք, խան...
Խազնադար Բաշիրն էլ իր հաշիվներն ուներ ասկերբաշի Քերիմ Սամանդարի հետ և որոշեց առիթը բաց չթողնել։

- Արևափայլ խան, շեյխը խառնակիչի մեկն է. ինքը՝ այդ սուտ իմամը ինձ ասաց, որ իբր ասկերբաշի Քերիմ Սամանդարը մեկ-մեկ թաքուն հարեմն է մտնում և խանի կանանց հետ... Արևափայլ, լեզուս չի բռնում, որ ասեմ։
- Ի՞նչ,- խանը ծուռ-ծուռ նայեց Քերիմ Սամանդարին,- ես դրա լեզուն արմա-տահան կանեմ,- ներկաներն այդպես էլ չհասկացան, թե խանն ում լեզուն է արմատահան անում՝ շեյխի՞, խազնադարի՞, թե՞ Քերիմ Սամանդարի։
- Ես հիմա կգնամ դրան իմ ձեռքով մորթեմ,- գոռաց ասկերբաշին,- և մի՞թե ինքը չի տարածել, որ Մեհթի խանը Նազիլե խանումի հետ կենակցել է և իր ձեռքով խեղդել նրան։
- Սատկեցնել շանը...
- Մորթազերծ անել...
- Ժայռից գլորել ձորը...

Սև վեզիրը լուռ էր, լեզուն առել էր ատամների տակ, և դա նկատեց գլխավոր երազահանը։
- Շեյխը, այդ քոսոտ շունը, ուզում է բաշ վեզիր դառնալ,- ասաց։
- Ուզո՞ւմ է,- զարմացավ Սև վեզիրը։- Ես դա չգիտեմ։ Ալլահը վկա, տեղյակ չեմ։
Խանը գիտե, որ յուրաքանչյուր վեզիրի մեջ նստած է մի տիրակալ և չի թողնում, որ այդ «քնած խանը» արթնանա, ստեղծում է այն տպավորությունը, որ ինքն անփոխարինելի է ալլահի կամքով։ Խանական պալատում յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր տեղը. խանի թախտին մոտիկ նստելու իրավունք ունեն մեծ վեզիրն ու շեյխը՝ մնացածները պարտավոր են կանգնած մնալ պատշաճ հեռավորության վրա։ Թախտի կողքին կարող է կանգնել միայն Մեհթի խանը։ Եթե մասլահաթը կարևոր ու անհրաժեշտ է, խանը թույլ է տալիս, որ վեզիրները նստեն հատակի գորգին։ Դա չի վերաբերվում ասկերբաշուն և բերդապետին. նրանք զինվորականներ են և պարտավոր են միշտ կանգնած մնալ։ Բարձրաստիճան հյուրեր ընդունելու դեպքում կարգը պալատում փոխվում է՝ հյուրերը նստում են, իսկ մնացածները, սկսած մեծ վեզիրից մինչև ներքինապետը, պիտի ոտի վրա լինեն։ Խանը դրանով ուզում է ընդգծել իր հարգանքը հյուրերի նկատմամբ, միաժամանակ՝ իր գերազանցությունը մյուս բոլորի հանդեպ։ Եթե խանը չի ծիծաղում, ոչ ոք իրավունք չունի նույնիսկ ժպտալու։ Խանը տկար է կամ տխուր՝ նրա տխրությունն ընդհանուրինն է։

Խարդավանքները խանական պալատում սովորական են. բոլորն իրար բամբասում են, չարախոսում, վիրավորում։ Դա դուր է գալիս խանին. եթե իր հպատակները համերաշխ լինեն, իսկույն իրար հետ լեզու կգտնեն և դուրս կգան իր դեմ։ Գլխավոր վեզիրը համարվելով խանի ամենամոտ մարդը, չարախոսում է բոլորի հասցեին։ Խազնադարն ատում է ասկերբաշուն, ասկերբաշին՝ բանդապետին, բանտապետը նայում է հաստավիզ խազնադարին ու մտքում ասում՝ էս անասունն ի՜նչ լավ զնդանի ապրանք է, կերածը քթածակերից կհանեմ, հա՜...
Պարսիկներից շատ բան է սովորել Իբրահիմ խանը և հպարտ է, որ Ֆաթհ Ալի շահն իր փեսան է, և ինքն էլ իր հերթին շահի օրինակով հպատակներին ծաղրում ու ձեռ է առնում, դա նրան մեծ հաճույք է պատճառում։ Մի անգամ, երբ վեզիրներից մեկը մոտեցավ աջը համբուրելու, նա իսկույն ետ քաշեց ձեռքն ու գոռաց. «Անասուն, դու ոչ թե ձեռքս պիտի համբուրես, այլ ոտքս»։ Վեզիրը կատարեց խանի հրամանը և իրեն բոլորովին ստորացած չզգաց։

- Ալլա՜հ, ալլա՜հ, այս ինչե՜ր եմ լսում, այս ինչե՜ր եմ լսում,- խանը բռնեց գլուխը,- և ինչպե՜ս եք դուք այսքան ժամանակ լռել, ինչպե՜ս է բանտապետ Մուրթուզ բեկն իր ձեռքից բաց թողել մեր խանության վտանգավոր դուշմանին։
- Մեղավոր եմ, խան, մեղավոր եմ,- Մուրթուզ բեկը բռունցքով ծեծեց կուրծքը,- արևափայլ, աղաչում եմ, իրավունք տվեք, իրավունք տվեք...
- Իրավունքը հիմա քոնն է, դու ես այդ գործի կադիրը,- Մուրթուզ բեկը միաժամանակ կատարում է դատավորի պարտականությունները։- Իսկ գո՞ւցե թողնենք վաղվան,- խանը հոնքը ծռեց։
- Արևափայլ, Ղուրանում ասված է՝ յուրաքանչյուր արդար դատաստան պիտի կատարվի իր ժամանակին,- Մուրթուզ բեկը դա ասաց չափազանց ինքնավստահ, չնայած հաստատ չգիտե՝ Ղուրանում նման բան գրվա՞ծ է, թե ոչ։- Արևափայլ, եթե մենք դրան այսօր ձեռքից բաց թողնենք, վաղը կարող է խալխին հրահրել մեր դեմ։

- Հը՞, ի՞նչ եք ասում,- խանը դարձավ ներկաներին։
- Պատժել այդ սուտ իմամին,-աղաղակեցին,- սատկացնե՛լ շանը։
- Լավ, համաձայն եմ,- Իբրահիմ խանն աչքի պոչով նայեց Սև վեզիրին՝ ստուգելու իր խոսքերի տպավորությունը։ Սև վեզիրը լուռ էր։- Բաշ վեզիր, դու ի՞նչ կասես։
- Արևափայլ,- Սև վեզիրը կուչ ածեց աչքերը,- կամքը ձերն է։
- Ձեռքերդ լվանո՞ւմ ես,- խանը ծակող հայացքով նայեց նրան։- Բանտապետ Մուրթուզը սպասում է քո խոսքին։
- Արևափայլ...
- Կարճ, այո կամ՝ ոչ։

Մեծ վեզիրը հասկացավ, որ իր կյանքը կախված է միայն այդ երկու բառից, ասաց.
- Այո։
- Մեծ վեզիրը համաձայն է,- խանը գլխով արեց բանտապետ Մուրթուզին։- Մեծ վեզիրը պահանջում է շեյխին պատժել։
Խանն իր արյունոտ ձեռքերը մաքրեց Սև վեզիրի փեշով։


11.

Նույն ժամին խորհրդակցություն էր տեղի ունենում շեյխ Ալիի մոտ։ Նա մոլլա Խուրշուդի տանը հավաքել էր իր ենթակա մոլլաներին, ղազիներին, սեյիդներին, մուրշուդներին ու հաջիներին։ Հապա մի տեսե՜ք, ուղղահավատներ, ալլահի ղուլեր, խալխի ազնիվ բարեկամներ. Իբրահիմ խանը, այդ ծախու հոգին, այդ վախկոտ ու խորամանկ շեյթանը ուռուս սալդաթների առաջ ո՜նց է բացել Շուշիի դարպասները։ Մենք հիմա մեր սուրբ թոքերով շնչում ենք գյավուրների ապականած օդը, նրանք մեր աղբյուրից ջուր են խմում մեր փարչով, նայում են մեր կանանց, մեր աղջիկների հետ ուզում են խոսել իրենց սուտ լեզվով, մեր շահարում ուռուսավուր բայաթի են ասում, ծիծաղում մեր հավատի վրա։ Էլ որտե՞ղ մնաց շարիաթը. այդ քյաֆիր խանը անպատվում է իմամին, և դա ալլահը չի ների։ Դուք ինքներդ տեսաք, թե ինչպես խանը իր ձեռքով բարևեց ուռուս սարդարին, իրենց լեզվով ասաց՝ դրաստի։ Խանն իր որդուն ուզում է ուռուսացնել։

- Ալլա՜հ, ալլա՜հ,- աղաղակեցին ալլահի ղուլերը։
- Ուղղահավատներ,-շեյխը բարձրացրեց ձեռքը,- Աբաս Միրզան գալիս է իր ղուշուններով։ Աբասն ասում է. «Անհավատներ, դուք այդ ո՞ւմ առջև եք բացել բերդի դարպասները»։ Մեր բարեկամը ոչ թե սպիտակ փադիշահն է, այլ մեր հավատակից Աբաս Միրզան։
- Շեյխը ալլահի բերանով է խոսում,- տեղից գոչեց Ղազի Սատթարը,- Իբրահիմ խանը մեր դուշմանն է, իսկ մեր դուշմանը, ինչպես ասված է Ղուրանում, ալլահի դուշմանն է։ Ալլահի դուշմանը ալլահի ստեղծած աշխարհում չպիտի ապրի։
- Վալլա՜հ, ճիշտ է,- բարակ վիզը սագի պես ձգեց մի սեյիդ,- ես իմ աչքովն եմ տեսել, թե ինչպես խանը հայի փարչով ջուր է խմում։

- Թու՛հ, թու՛հ,- մի քաչալ ղազի թքեց առջևում նստած մոլլայի չալմային, հետո զգաց իր սխալը, ուզեց թևքով սրբել իր թուքը, փոշմանեց։- Թու՛հ, թու՛հ,- թքոտեց իր ձեռքերին ու մաքրեց փեշով,- գյավուրի փարչով էլ մուսուլմանը ջո՞ւր խմի։ Ղուրանում էդպիսի բան չկա։
- Իբրահիմ խանը չէ՞ր, որ իր քրոջը պսակեց հայ մելիքի հետ, մուսուլման կինը հավատն ուրացավ, հայ լակոտներ ծնեց։ Ո՞նց է էդ մելիքի անունը,- սա էլ ամենքի կողմից հարգված մուրշուդ Մահմուդն է, որ աստվածաբանական թեմաներով ոտանավորներ է գրում և հանգավորում Ղուրանի սուրահները։- Ո՞նց է դրա անունը։
- Մելիք Շահնազար,- պատասխանեց բարակ վզով սեյիդը, որ հսկա գլուխը չէր կարողանում ուղիղ պահել. այն շարունակ թեքվում է մերթ աջ, մերթ ձախ։- Մելիք Շահնազարը Իբրահիմ խանի փեսան է, գյավուրը մուսուլմանի փեսա՜... ո՞վ է լսել էդպիսի բան։

- Ուղղահավատնե՜ր,- շեյխը նորից բարձրացրեց ձեռքը, տիրեց լռություն.- Ղուրանում ասված է նաև, որ այլ ալլահ չկա՝ ալլահից բացի։ Ուրեմն սուտ են ուրիշների ալլահները։ Իսկ ինչո՞ւ անհավատներն իրենց չունեցած ալլահներով չափվեն մեզ հետ։
- Ես Ղուրանն անգիր գիտեմ,- խոսեց առջևում նստած քառակուսի դեմքով մոլլան։- Շեյխ, մեր սուրբ գրքում ոչ մի տեղ խոսք չկա այն մասին, որ սուրբ Մուհամեդի զավակներն ուռուսների առջև բացեն իրենց դարպասներն ու ձեռքով ուռուս սարդարին ասեն՝ դրաստի...
- Ճիշտ է, ճիշտ է, ալլահը վկա, ճիշտ է,- արձագանքեց մի ջահել սեյիդ,- ես էլ եմ ստուգել, էդպիսի բան չկա Ղուրանում։
- Ճիշտ է, դուք բոլորդ էլ ճիշտ եք,- գլխով հավանություն տվեց շեյխը։- Ես հիմա ձեզ հավաքել եմ մասլահաթի, որ իրար լավ հասկանանք, գնանք այն ճանապարհով, որ ցույց են տալիս մեզ մեծ Մուհամեդը և սուրբ Փեղամբարը։ Մոլլա Խուրշուդ, դու բոլորից շատ ես Ղուրան կարդացել, խոսիր, թող ուղղահավատները ականջներին օղ անեն իմաստուն մտքերը։

- Շեյխ, ալլահի կամքով դու մեր իմամն ես, և Ղուրանում ասված է նաև՝ բոլորս պարտավոր ենք գնալ իմամի հետևից։ Տար մեզ, շեյխ, մենք գալիս ենք քո ետևից։
- Գալիս ենք, գալիս ենք,- ձայնակցեցին մոլլաները, ղազիները, հաջիներն ու մուրշիդները.- Շեյխ, տար մեզ քո ետևից։
Շեյխն այս անգամ ձեռքը բարձրացրեց ավելի հանդիսավոր, ապա դանդաղ իջեցրեց, շոյեց հինայած միրուքը և խորհրդավոր տեսք ընդունեց.
- Երեկ երազիս սուրբ Մուհամեդը եկավ ու խոսեց այսպես. «Շեյխ, դու դեռ քնա՞ծ ես»։ Իսկ դուք, ուղղահավատներ, ինչպես գիտեք, իմամը երբեք չի քնում, նա իր քնի մեջ էլ արթուն է մնում։ Ես աչքերս բացեցի, ի՞նչ տեսնեմ. ինքը՝ սուրբ Մուհամեդն է դեմս, և դա երազ չի։

- Ալլա՜հ, ալլա՜հ...
- Շեյխ, ասաց սուրբ Մուհամեդը, այս ի՞նչ ձայներ եմ լսում, այս ինչե՞ր եմ տեսնում, ինչո՞ւ եք լռել, ի՞նչ բանի է խալխը, ինչո՞ւ չեք քարկոծում այդ անհավատ խանին։ Հա, ինքը՝ սուրբ Մուհամեդն այդ խոսքերն ինձ ասաց։
- Ալլա՜հ, ալլա՜հ...
- Ես չդիմացա, ուզում էի չոքել սուրբ Մուհամեդի առջև, համբուրել նրա սուրբ ոտքերը՝ չթողեց, բռնեց ձեռքս, համբուրեց ճակատս... Ուղղահավատներ, հասկանո՞ւմ եք, համբուրեց,-շեյխը հուզմունքից արտասվեց։
- Բա էլ ո՞ւմ ենք սպասում,- բղավեց մոլլա Խուրշուդը,- հավաքենք խալխին և կատարենք սուրբ Մուհամեդի սուրբ պատգամը։ Շեյխ, մեր իմամը դու ես, առաջնորդիր մեզ, գալիս ենք, մենք քեզ հետ ենք։

Շեյխը բարձրացրեց զույգ թևերը, կռնչաց՝ յա ալլա՜հ, շարժվեց առաջ, և դարպասից դեռ չէր հանել գլուխը, երբ երկու ուժեղ ձեռքեր պոկեցին նրան գետնից, խցկեցին կառքի մեջ։ Մոլլաները, սեյիդները, ղազիները, մուրշիդները տարակուսանքով նայեցին իրար՝ սա ի՞նչ բան է, ի՞նչ հրաշք է, յա ալլա՜հ, յա ալլա՜հ... Մոլլա Խուրշուդը ճպճպացրեց աչքերը, շուռ եկավ կողքին կանգնած ղազիի կողմը։
- Ղազի, դու տեսա՞ր։
- Տեսա, մոլլա Խուրշուդ,- փշրված ձայնով պատասխանեց ղազին։
- Ի՞նչ տեսար, ղազի։
- Դա հենց ինքը՝ սուրբ Մուհամեդն էր։
- Ալլա՜հ, ալլա՜հ... Բա էն բաշլուղավորներն ովքե՞ր էին։
- Սուրբ Մուհամեդի ծառաները։
Սուրբ Մուհամեդը բանտապետ Մուրթուզ բեկն էր, նրա հավատարիմ ծառաները՝ խանի ասկյարները։


12.

- Բալաջա սարդարին ես երկու կին ուղարկեցի, բալաջա սարդարը չուզեց,- խանը խոսեց դանդաղ, ծորուն, ինչպես նամազի ժամանակ և աչքի տակով նայեց ներկաներին՝ տեսնի իր խոսքերն ինչպես են ընդունում։- Ես բալաջա սարդարին հրավիրել եմ պալատ, նա ընդունել է իմ հրավերը. փեշքեշ կտամ, հարճերը կպարեն, կնայի, որին հավանի՝ կտամ իրեն։ Բալաջա սարդարը բոյուք սարդարի մարդն է։ Բոյուք սարդարը Գյանջայի Ջավադ խանին սպանեց, հետո թուղթ գրեց ինձ։ Լավ թուղթ գրեց, իմ խանությունն ընդունում է, մեզ քաղցր աչքով է նայում։- Սև վեզիրը գիտե, որ խանը խաբում է, խանն էլ գիտե, որ Սև վեզիրը չի հավատում, և ասես այդ խոսակցությունը նրա համար է, որ ստիպի վեզիրին ինչ-որ ձևով իրեն առարկել։
- Փառք ալլահին,- ասաց Սև վեզիրը,- արևափայլը խելոք է մտածել։
- Բոյուք սարդարը հաղթել է Շամախու խանին, Բաքվի խանին, խանն իր կարթին նոր խայծ ամրացրեց։- Մենք լավ կպատվենք բալաջա սարդարին և նա կասի՝ չոխ սաղոլ, ռազիյամ։

Ասկերբաշի Սամանդարն ասաց.
- Խան, բալաջա սարդարը մենակ չի գա. կբերի նաև իր մարդկանց։
- Հայ յուզբաշուն էլ կբերի,- խայծը կտցեց Սև վեզիրը և հիմա էլ ինքը անքթիթ նայեց խանին։
- Թող բերի,-նետեց խանը,-ում ուզի՝ թող բերի։
- Սազանդա՞ր կլինի,- հարցրեց բերդապետ Բոյուք բեկը։
- Կլինի,- խանը հոնքը վեր նետեց և դա նշան է բարկության՝ ի՞նչ ես կոտրած գդալի պես մեջ ընկնում, խանը ե՞րբ է առանց սազանդարի նստել խնջույքի։- Խանանդա Գարան շիքյաստի կասի, իսկ եթե ձենը խզվի, ստիպված դու կփոխարինես նրան։
Ծիծաղեցին։ Խանը սրամիտ է։

Սև վեզիրը խոսեց.
- Արևափայլ, ուռուսը մեր շիքյաստաիից բան չի հասկանում։ Ուռուսը մեր շիքյաստին լսում, ծիծաղում է, ասում է՝ ի՞նչ եք լաց լինում։ Ուռուսը մենակ իրենց բայաթին է սիրում։
- Դե ուրեմն, բաշ վեզիր, կոկորդդ յուղիր, որ բալաջա սարդարի համար ուռուսեվուր բայաթի ասես,- ծաղրեց խանը։- Մենակ էնպես կերգես, որ ուռուսը չասի՝ բաշ վեզիրն էդ ինչի՞ է լաց լինում, չլինի խանը ծեծել է։
Առաջինը խանը քրքջաց։ Նա բավականությամբ կլկլացրեց ղեյլանը, հայացքը տնկեց խաբարդար Ղուլամի վրա.
- Ֆարսի երկրից նոր խաբա՞ր կա։

- Մեծ խանն ապրած կենա, Աբաս Միրզային հասկանալն այնքան էլ հեշտ չէ,- խաբարդար Ղուլամը լռեց մի պահ, մտքերը հավաքեց, չլինի՞ բերանից որևէ հիմարություն թռցնի, շարժի խանի զայրույթը։- Արևափայլ, Աբաս Միրզան այսօր կասի գնում եմ Ստամբուլի վրա, բայց վաղն իր ղոշունները շուռ կտա ուրիշ կողմի վրա։
Խանը ծիծաղեց։
- Լավ, կանչեցեք էդ մայմունին, տեսնենք դրա կարկաժից ինչ է դուրս գալիս։
Ծաղրածուն ներս խուժեց՝ զանգակները զնգզնգացնելով, գրկին՝ մի սև կատու։ Գլուխկոնծի տվեց, խաբարդար Ղուլամին աչքով արեց, ասկերբաշուն լեզու ցույց տվեց, խփեց խազնադարի տռուզ փորին, գոչեց.
- Ոսկու հանք եմ գտել, ոսկու հանք եմ գտել, որտե՞ղ է շեյխ Ալին, թող գա դուրս տա, տանի բաժանի իր մոլլաներին, ղազիներին, հաջիներին, մուրշիդներին։

- Մաշալլա, մաշալլա,- ծիծաղեց խանը.- Մայմուն, էդ ի՞նչ կատու է։
- Խանն ապրած կենա, սա կատու չի։
- Բա ի՞նչ է։
- Խանն ապրած կենա, սա էլ իմ բաշ վեզիրն է,-ծափ տվեց, ցատկեց, ոտանավոր ասաց.

Երբ հաստատ է թախտին խանը.
Նրա աջը սև վեզիրն է,
Քիթը, աչքը, միզամանը,
Ջրի փարչը սև վեզիրն է։
Խանին թե որ բան պատահի,
Թեկուզ դունյան իր եսիրն է,-
Լավ իմացեք, խանի մարդիկ,
Մեղավորը սև վեզիրն է։

Սև վեզիրն իրեն վատ զգաց։ Նա ատում է ծաղրածու Հասանին։ Այդ միմոսը միշտ իրեն ձեռ է առնում, և դա դուր է գալիս խանին։ Խորամանկ է շեյթանը, իր կռահումներում երբեք չի սխալվում։ Երբ Աղա Մուհամեդ Ղաջարը գրավեց Շուշին, նա խանի ականջին քսփսաց. «Արևափայլ, մի տխրի, այդ կռտած շունն այստեղ էլ կսատկի»։ Այդպես էլ եղավ։ Ղաջարը Շուշիում իր ծառաների ձեռքով սրախողվեց։
Ծաղրածուն էլի գլուխկոնծի տվեց, ցատկեց, ճարպիկ շարժումով կատուն խոթեց բերդապետ Բոյուք բեկի ծոցը, քրքջալով փախավ։
- Թու, հարամզադա,- բերդապետը զզվանքով շպրտեց կատուն։
- Լավ,- խանը գրպանից հանեց ոսկե շղթայով ժամացույցը, նայեց,- հիմա բալաջա սարդարը կգա, պատրաստվեցեք դիմավորելու։


13.

Մայոր Դմիտրի Տիխոնովիչ Լիսանևիչին դիմավորելու գնացին Մեհթի խանը, ասկերբաշին, Սև վեզիրը, բերդապետը, խազնադարը։ Նա եկավ Հովհաննես Աթաբեկյանի հետ, տասնհինգ զինված եգերների ուղեկցությամբ։ Հագել էր տոնական մունդիրը, կախել շքանշանները, կապել թուրը։ Նա երկարահասակ է, շիկահեր, առույգ։ Փողոցում շատ մարդիկ են հավաքվել։ Թամաշա է։
- Քիչ է մնացել խանն իր հարեմն էլ դուրս բերի,- կատակով ասաց մայորն ու հարցրեց.- Իվան յուզբաշի, ես սրանց ձեռքով պիտի բարևե՞մ։
- Ձերդ գերազանցություն, իրենք ձեր առջև կխոնարհվեն, իսկ դուք գլխի թեթևակի շարժումով կպատասխանեք։
- Խանին նույնպե՞ս։
- Այո։

Մեհթի խանը առաջ եկավ, գլուխ տվեց՝ խոշ գալդիք, խոշ գալդիք,- մնացածները երկտակվեցին և երկու դռնապահներ մայորի առջև հանդիսավոր բացեցին երկաթակուռ դարպասները։ Իբրահիմ խանն իր հյուրին ընդունեց թախտին նստած, շողոքորթ ժպիտը դեմքին, երեք անգամ ասաց խոշ գալդիք, ցույց տվեց կողքի փոքրիկ աթոռը, հարցրեց բալաջա սարդարի առողջությունը, ապա բոյուք սարդարի առողջությունը հարցրեց, ասաց՝ բոյուք սարդարը լավ սարդար է, թող ալլահը նրան երկար կյանք տա։
Ըստ կարգի, ազիզ ղոնաղին հյուրասիրեցին շիրին չայով, հետո բազմազան կերակուրներ բերեցին՝ խորոված ու փլով, հորթի տապակած ու խաշած միս, սալ-սալ մածուն... Իբրահիմ խանը նրբանկատ է, չի մոռացել գդալներն ու պատառաքաղները։ Բայց դա միայն հյուրերի համար է, մնացածները պարտավոր են ամեն ինչ ուտել ձեռքով։

- Ուռուսը մեր բարեկամն է,- ասաց խանը,- չլիներ ուռուսը, Աբաս Միրզան երևի վաղուց էր հարձակվել Ղարաբաղի վրա։ Միրզան վախենում է, ուռուսը ուժեղ թոփեր ունի,- ու հարցրեց.- Ինգլիզը Աբասին թոփե՞ր է տվել։
- Չգիտեմ,- պատասխանեց մայորը և մտքում ասաց. «Սա ինձ հարցաքննում է, խոսք է ուզում դուրս քաշել» և ինքն էլ իր հերթին հարց տվեց խանին.- Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ ինգլիզը թոփեր է տվել Աբաս Միրզային։
- Խոսում են, կարող է սուտ է,- խանը շարժեց ուսերը։- Ուռուսը շա՞տ սարդարներ ունի։
- Շատ սարդարներ, խան։
- Ո՞վ է սարդարների սարդարը։
- Մեր հայր թագավորը։

- Էդ լավ է, շատ լավ է,- խանը գլխով արեց,- թող ալլահը երկար կյանք տա հայր թագավորին։ Անուշ արեք, անուշ արեք,- խանը մի մեծ կտոր միս վերցրեց,- դուք մեր ազիզ հյուրն եք։ Ես բոյուք սարդարին շատ եմ հարգում։ Բոյուք սարդարը գյուրջո՞ւ է։
- Այո,- գլխով արեց մայորը,- գյուրջու, գրուզին։
- Աֆարիմ,- խանն աշխուժացավ,- թագավոր Իսքանդարը, թող ալլահը նրան երկար կյանք տա, գյուրջու սարդար ունի։ Թագավոր Իսքանդարը իր թագավորության տակ գտնվող բոլոր միլլաթներին լավ աչքով է նայում։ Էրմանի սարդար էլ ունի՞։
- Ունի,- մայորը ժպտաց,- քսան էրմանի սարդար ունի։

- Յախշի, յախշի,- սա արդեն Հովհաննես Աթաբեկյանի համար է,- էրմանին մեր քիրվան է։
Դմիտրի Տիխոնովիչը շեղակի նայեց խանին ու հարցրեց.
- Խան, դուք էլ եք հայերին լավ աչքով նայո՞ւմ։
- Հալբաթ, հալբաթ,- գլխով արեց խանը,- մելիքները միշտ էլ ինձանից գոհ են։ Ես բոլորին մի աչքով եմ նայում։
- Խորոշո,- մայորը ժպտաց,- ես ձեզ հավատում եմ, խան։ Մի քանի օր առաջ մարդիկ եկան ինձ մոտ բողոքի. ձեր ասկյարները հարձակվել են հնձվորների վրա, ծեծել և երկու ձի գողացել։
- Վալլա՜հ, չգիտեի,- խանը չարացած նայեց ասկերբաշուն,- ես քո աչքերը կհանեմ, քյոփօղլու։ Ես ֆարման ունեմ՝ իմ հպատակության տակ գտնվող էրմանիների մազին չդիպչել։

- Խան, եթե վաղը ձիերը չհանձնվեն իրենց տերերին, այդ ձիագող ասկերբաշուն կգնդակահարեմ,- ասաց մայորն ու դարձավ Հովհաննես յուզբաշուն.- Յուզբաշի, այդպես էլ թարգմանիր։
Խանը չէր սպասում դրան, ցնցվեց։
- Բարեկամը բարեկամին չի խաբում, բարեկամը բարեկամից չի գողանում։ Ձեր խանությունում գողերը միշտ մնում են անպատիժ։
Խանը որոշեց խուսափել անհաճելի զրույցից, հրավիրեց սազանդարներին։
Սազանդարները եկան, խանանդա Գարան բալաջա սարդարի պատվին շիքյաստ ասաց, բալաջա սարդարը գլխով արեց.
- Յակշի, չոկ յակշի։

Հարճերի պարը բալաջա սարդարն ընդունեց ժպիտով, և երբ ամենասիրուն և ամենաերես առած Լեյլան գյուրզա օձի պես գալարվեց, մեղրանուշ ժպտաց, շորորվելով մոտեցավ բալաջա սարդարին, վերջինս գրպանից հանեց մի ոսկի, խոթեց նրա բուռը։
- Յակշի, չոկ սագոլ։
Լեյլան էլի շորորաց, ծալվեց, գալարվեց, հովի պես թեթև սահեց, մոտեցավ, նստեց բալաջա սարդարի ծնկներին, կուրծքը ծփաց, բայց դեմքի ժպիտը, աչքերը սառն էին, անտարբեր, նա պարզապես իր դերն էր խաղում, որովհետև դրա համար խանը նրան կերակրում է, հագցնում է, ստիպում է հանձնվել իր սիրած կամ չսիրած մարդուն։ Նա մի ժամանակ Ղասում բեկի սիրուհին էր։ Մեհթի խանը խլեց նրան Ղասում բեկից, ուզում էր խառնել իր հարեմի կանանց, խանը չթողեց։ Լեյլան նաև խանի սիրուհին էր։

Մայորը նրան շատ քաղաքավարի իջեցրեց իր ծնկներից։ Դա այնքան էլ դուր չեկավ խանին, ինչ որ բան ասաց յուզբաշուն, յուզբաշին գլխով արեց ու թարգմանեց.
- Իբրահիմ խան, մայոր Լիսանևիչը լիազորված է նորին մեծության գեներալ իշխան Ցիցիանովի անունից հայտարարելու, որ այսօրվանից խանը պարտավոր է արձակել իր ասկյարներին և զենքերը հանձնել ռուսական կայազորին։ Այդ զենքերը կընդունի Վանի յուզբաշին։
Տիրեց լռություն։ Քրտինքը վրա տվեց խանին։
- Խանությունն առանց ասկյարի՞,- խանը մռնչաց,- դա չլսված բան է, բալաջա սարդար։ Դա անարդարություն է։

Մայոր Լիսանևիչը պատասխանեց.
- Խան, ինձ կոչեցեք ոչ թե բալաջա սարդար, այլ ինչպես մեզ մոտ ընդունված է՝ ձերդ գերազանցություն կամ պարզապես՝ էֆենդի մայոր։ Պահանջում եմ իմ կոչումը ոչ բարձրացնել, ոչ էլ իջեցնել։ Մենք դրա համար ունենք գլխավոր հրամանատար։
- Բայց խանությունն առանց ասկյարների,- խանը գլուխն օրորեց,- դա ճիշտ չի, ալլահը վկա, ճիշտ չի, անարդար է։
- Արդարությունից չխոսենք, խան։ Արդարն ա՞յն է, որ ձեր ասկյարները մեր փառապանծ զինվորների տեսքով չուչելներ են սարքել և դրանց վրա զինավարժություն անցկացրել։ Մենք ձեզ կտրամադրենք տասնհինգ եգեր։ Ավելին տալ չեմ կարող։

- Ռուս սալդաթն ինձ կհասկանա՞։
- Կհասկանա, խան։
- Վալլա՜հ, ոնց որ դուք մեզ զինաթափում եք։
- Խանը ճիշտ է նկատել, զինաթափում ենք։
- Ես նամակ կգրեմ ձեր բաշ սարդարին։
- Նամակ կարող եք գրել, բայց հրամանն այսօրվանից ուժի մեջ է։ Եթե դուք չզինաթափեք ու չցրեք ձեր ասկյարներին, այդ բանը մենք կանենք։
- Այդ դեպքում ես պահանջում եմ, որ հայ ասկյարները նույնպես հանձնեն իրենց զենքերը։
- Խան, հայ զինվորները ենթարկվում են ռուսական բանակի հրամանատարությանը։
- Բայց դա խանական իրավունքների սահմանափակում է,- բողոքեց խանը։

- Մեր երկիրն առայԺմ մի թագավոր ունի և երկրորդի կարիքը մինչև հիմա չի զգացվել։ Դուք հավատարմության երդում եք տվել։ Հիշեցնում եմ, հրամանը չկատարելու դեպքում մեղավորները խիստ կպատժվեն։ Բանտը նույնպես անցնում է ռուսական կայազորի հսկողության տակ։
- Դա ճիշտ չէ, ձերդ գերազանցություն։
- Մենք կունենանք նաև մեր բերդապետը։
- Ես թուղթ կգրեմ բոյուք սարդարին։
- Դուք այդ մասին արդեն ասել եք,- մայորն ավելի մեծ հարվածը պահել էր վերջում.- Իբրահիմ խան, Փիր Ղուլի խանին ուղղված ձեր նամակը մոտս է,- նա գրպանից հանեց խանի կնիքով նամակը.- Զգուշացնում եմ, եթե մի անգամ էլ հանդգնեք դիմելու նման ստոր քայլի, ձեռքս չի դողա։ Ոչ մի հարց։ Կատարեցեք հրամանը։ Սագոլ։


14.

Մեհթի խանը մտահոգ է։
Իբրահիմ խանը ռուսներին վճարել է չորս հազար թուման։ Դեռ այդքան էլ պիտի վճարի։ Հավատարմության համար։ Հավատարմությունը ոսկով են ստուգում։ Ոսկին երկնքից չի թափվում։
Վեզիրներն անհաշտ են։ Սև վեզիրը նորից իր սև գործն է տեսնում։ Դրան պիտի վերացնել։
Հարեմում կանայք իրար գզում են։ Լավ հագնվել, լավ ուտել են ուզում։ Գողանում են մեկը մյուսի մատանին, ականջօղերը, մանյակները, վզնոցները, թաշկինակները, կոշիկները... Երեկ նրանք ծեծեցին ներքինի Մամեդին։ Գլուխը պարկ են հագցրել, դուռը ետևից փակել ու դնքսել։ Չլիներ ասկերբաշի Սամանդարը՝ կսպանեին։ Ասկերբաշի Սամանդարն ի՞նչ գործ ունի հարեմում։ Նա հիմա ասկերբաշի չէ, պատրաստվում է մեծ վեզիրի տեղը բռնել։

- Խան, ասկերբաշի Սամանդարն ի՞նչ գործ ունի հարեմում։
Իբրահիմ խանը չի սիրում, որ միջամտում են իր գործերին։
- Նստիր, Մեհթի խան,- նա որդուն ցույց տվեց կողքի փոքրիկ թախտը, հենց իր թախտը, որի վրա միշտ նստում է Մեհթի խանը։- Մեհթի խան։ Նազիլեի մասին ճի՞շտ են խոսում։
- Ստում են,- ստեց Մեհթի խանը.- Դա շեյխի չարախոսությունն է։
Խանական պալատում բոլորն իրար խաբում են։ Դռնապահը խաբում է պահակապետին, պահակապետը՝ սենեկապետին, սենեկապետը՝ բոյուք վեզիրին, բոյուք վեզիրը՝ խանին։ Դա ընդունված կարգ է։ Փանահ խանի ժամանակ էլ այդպես էր։ Եթե ամենահետին ջորեպանը կամ չոբանը բուռը ոսկի է խոթում, դառնում է բեկ։
- Ասկերբաշի Սամանդարին ես եմ ուղարկել,- ասաց խանը։

Մեհթի խանը հասկացավ։ Խանը Սամանդարի ետևից ուղարկել է նաև իր հատուկ խաբարդարը ու պատվիրել. «Տես ասկերբաշին կանանց որի հետ է չանա թակում»։
- Հոգնել եմ,- խանը լայն հորանջեց.- Գործերը լավ չեն, Մեհթի խան։ Այդ դալի մայորը, մելիք Ջումշուդը, Վանի յուզբաշին...
Խանը անձնատուր է լինում։
Խանը հանձնվում է։
Ո՞ւմ։
Ռուսների՞ն, թե՞ պարսիկներին։ Գուցե թուրքերի՞ն։


15.

Ռուսների՞ն, պարսիկներին, թե՞ թուրքերին։
Իբրահիմ խանը նման է այն պոռնիկ կնոջը, որ միանգամից երեք սիրեկան է պահում, երեքի հետ առանձին-առանձին տեսակցում, հավատարմության երդում տալիս ու երեքին էլ հավասարապես խաբում։
Դեռ 1783 թվականին, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև կնքվեց Գեորգևյան դաշնագիրը, Շուշիի տիրակալն իսկույն պատվիրակություն ուղարկեց ռուսական հրամանատարության մոտ՝ հայտնելով իր հպատակությունը։ Չորս տարի անց, 1787 թվականին խանը դիմեց Օսմանյան սուլթանին՝ հպատակության երդում տվեց նրան, հետո օգնություն խնդրեց՝ օսմանյան պետությանը ենթարկելու Նախիջևանի ու Գանձակի խանությունները։ Նա խաբեց նաև վրացական Հերակլ թագավորին, նրա օգնությամբ գրավեց Գանձակը և լեռնականներին հրահրեց իր դաշնակցի դեմ։

Հին պատմությունը կարծես նորից կրկնվեց։
Մեհթի խանն առայժմ ռուսահպատակ է։
Մյուս որդին, Սաֆար Ղուլի աղան՝ պարսկահպատակ։
Եղբոր որդին, Սալիհ բեկը՝ թուրքահպատակ։

Երեք ժառանգորդներն էլ անհամբեր սպասում են, թե երբ կմեռնի խանը։ Իսկ խանը դեռ մեռնելու միտք չունի։ Իր իշխանության օրոք Ռուսաստանը քանի՜ թագավոր է թաղել։
Կայսրուհի Ելիզավետային փոխարինելու եկավ անճարակ Պյոտր երրորդը։ Խորամանկ Եկատերինան սպանել տվեց իր տխմար ամուսնուն և իրեն հռչակեց Եկատերինա երկրորդ։ Եկատերինայի մահից հետո գահը գրավեց կասկածամիտ ու վախկոտ Պավել Առաջինը։

Պավելի սպանության մանրամասնությունները խանը լսել է Հերակլ թագավորից։ Նրան խեղդել են իշխաններ Յաշվիլը, Տատարինովը, Սկարյատինն ու Բեննինգսենը։ Իսկ վերջինս վախեցել է, թե թագավորը կարող համոզել, որ իրեն չսպանեն, թրի կոթով խփել է նրա գլխին ու ասել. «Երբ ուզում են ձվածեղ անել, հարկավոր է նախ ջարդել ձվերը...»։ Մարիա Ֆեոդորովնային՝ հանգուցյալ թագավորի կնոջը, որ ուզում էր Եկատերինա Երկրորդ խաղալ, գահից ետ շպրտեցին։ Գահին նստեց փառատենչ, շողոքորթ, պճնամոլ Ալեքսանդր Առաջինը։
Իսկ ո՞վ կլինի իր՝ Ղարաբաղի տիրակալի հետնորդը։
Իբրահիմ խանը նախընտրել է Մեհթի խանին։ Հայ, վրացի, քուրդ, լեզգի կանանցից ծնվածները հաշվի մեջ չեն։ Մեհթի խանը հորից շատ բան է ժառանգել։ Նա գիտե խաբել։ Զուսպ է, ագահ, ժլատ։ Մի թուլություն ունի՝ մոտ է խմիչքին։ Բան չկա, առածն ասում է՝ գեղեցկուհին անթերի չի լինում։

Խանը վաղուց է մոռացել իր թոռների ու ծոռների թիվը։ Մի քանիսին դեմքով գիտի միայն։ Այդ խառնամբոխը ուզում է լավ ուտել, լավ հագնվել, բայց՝ չաշխատել։ Տոն օրերին գալիս են Արևափայլի շողերի տակ ջերմանալու և աշխատում են պալատից անպայման որևէ թանկարժեք բան թռցնել։ Գողությունը հանցանք չէ։ Թեկուզև Արևափայլից։ Արևափայլն այդքան հարստությունն ի՞նչ պիտի անի, հո իր հետ գերեզման չի տանելու։ Ուրիշներից թալանածն են գողանում։ Գողանում են ազնվորեն, առանց երկմտանքի։ Թող սովորեն, մտքում ասում է խանը։ Մի անգամ Մեհթի խանը հաշվեց 300-ից ավելի թոռների ու ծոռների, ուսերը վեր քաշեց. «Գլուխս կտամ,- ասաց,- եթե սրանց կեսը որևէ արյունակցական կապ ունենա խանի տոհմի հետ»։ Մեհթի խանը դռնապահին կարգադրեց՝ բոլորին ոտից գլուխ ստուգել և բաց թողնել։ Կանայք վայնասուն բարձրացրին՝ խանն իր հարազատներին անպատվում է, էլ մեր ոտը էս պալատի շեմին չենք դնի։
Մեհթի խանի ուզածն այդ էր։

Շուշին նեղ է, շատ է նեղ խանի թոռների ու ծոռների համար։ Թող ցրվեն Ղարաբաղով մեկ, տարածվեն, ստեղծեն իրենց բեկությունները։ Թող իրենց համար շեներ կառուցեն, շեները շենացնեն, խլեն հայերի հողերը, տիրանան նրանց գյուղերին։ Թող կանաչ դաշտերում վրաններ խփեն, խանից բեկի կոչումներ ստանան, քշեն ոչխարի հոտը։ Ղարաբաղին պիտի տիրել ոչխարների հոտով։
Մեհթի խանը գրեթե կապկում է Աբաս Միրզային, մոռանալով, որ իրենց միջև շատ մեծ տարբերություն կա։ Մի անգամ Ղասում բեկը կատակով ասաց նրան. «Մեհթի խան, չնայած կատուն իրեն համարում է վագրի ցեղակից, բայց էլի մնում է կատու, որովհետև ալլահը նրան ստեղծել է միայն նրա համար, որ մուկ բռնի»։


16.

Մայոր Լիսանևիչը չի սիրում գեներալ Ցիցիանովին։
Իշխանը չափազանց մեծամիտ է, դաժան, կոպիտ, վրիժառու։ Իր ենթականերին չի հավատում և չի վստահում։ Իրեն համարում է մեծ զորավար և հաճախ է հիշեցնում, որ ինքը թագավորական տոհմից է սերված։ Մի անգամ, ճաշկերույթի ժամանակ նա ասաց. «Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ պարսիկ մայրերն իրենց երեխաներին վախեցնում են իմ անունով»։ Գնդապետ Կարյագինը կատակով պատասխանեց. «Ձերդ պայծառափայլություն, իսկ դա ի՞նչ հպարտանալու բան է»։
Եկատերինա թագուհու ժամանակ իշխան Ցիցիանովը եղել է Պոտյոմկինի և Ռումյանցևի հավատարիմ զինակիցը։ Հիմա էլ ցարի հավատարիմ մարդն է ու գործակալը։ Նա միապետին գրած մի նամակում Կովկասի լեռնականներին անվանում է անասուններ։ Անցած աշնանը իշխանն իր ապստամբ հայրենակիցներին այսպիսի մի վայրագ գրություն է ուղարկել. «Դուք հավանաբար, կարծում եք, թե ես վրացի եմ։ Ես ծնվել եմ Ռուսաստանում, այնտեղ մեծացել և հոգիս ռուս է. դուք կարժանանաք իմ գալստյանը, և այն ժամանակ ես ոչ միայն ձեր տները կվառեմ, այլև ձեզ կվառեմ, ձեր երեխաների ու կանանց փորոտիքները կթափեմ»։

Վրացիները նզովում են Ցիցիանովին։
Հայերը նրան անվանում են վանք թալանող գեներալ։
Երևանյան արշավանքի ժամանակ Ցիցիանովը կողոպտել է հայ գյուղացիներին, թալանել Էջմիածնի վանքը և իր գողությունն արդարացրել այսպես՝ այդ գանձերը կարող են ընկնել պարսիկների ձեռքը։
Մայոր Կոտլյարևսկին ատում է իշխանին։
Գանձակի բերդի առումից հետո, նա արհամարհանքով նայել է մայորին ու նետել. «Մայոր, արդյոք չե՞ք պատրաստվում ձեր կուրծքը զարդարելու շքանշաններով»։ Մայոր Կոտլյարևսկին անվրդով պատասխանել է. «Ձերդ գերազանցություն (և ոչ թե ձերդ պայծառափայլություն), բոլորովին էլ չի երևում, որ դուք թագավորական տոհմից եք սերվել»։

- Հիմա հերթը իմն է,- մայորը քթի տակ ժպտաց։
Գեներալը շատ խիստ նամակ է գրել մայորին. «Մայոր, վերջին ժամանակներս չեք կատարում իմ հրամանները։ Ի՞նչ իրավունքով եք մելիք Ջումշուդ Շահնազարյանին ձեզ մոտ ծառայության վերցրել։ Ես դրա համար կարող եմ ձեզ խիստ պատժել»։
Մայորը Ցիցիանովի նամակի մասին ոչինչ չասաց մելիք Ջումշուդին։ Նա հիշեց Իբրահիմ խանի գդակի շափյուղը, հարցրեց.
- Մելիք, խանի գդակը քանի՞ թուման արժե։
- Խանի գդակը Ֆաթհ Ալի շահի թագի կողքին զիբիլ է,- ասաց մելիք Ջումշուդը։- Մենք մի առակախոս ունեինք, ձերդ գերազանցություն, անունը Պողոս էր, բայց Պըլը-Պուղի էինք կոչում։ Մի անգամ հայրս Պըլը-Պուղուն հարցրեց՝ Պուղի, կուզեի՞ր պարսից շահի թախտին նստել։ Շատ լավ կլինի, ասաց Պուղին, գոնե մի օրով շահ լինեի։ Հայրս թե՝ որ մի օրով շահ դառնաս, ի՞նչ պիտի անես։ Պըլը-Պուղին թե՝ ի՞նչ պիտի անեմ, շահի թագը կգողանամ ու կփախչեմ Ղարաբաղ։

- Լավ է,- ծիծաղեց Լիսանևիչը։ - Կենդանի՞ է այդ Պողոսը։
- Չէ։ Հորս հարյուր ոսկի պարտք ուներ։ Իր կյանքի վերջին օրերն էր ապրում, հայրս գնաց տեսության և կատակով հարցրեց՝ Պողոս, գիտես, չէ՞, դու ինձ հարյուր ոսկի պարտք ես։ Պողոսը գլխով արեց՝ մելիքն ապրած կենա, կարծում ես, թե ես իմ պարտքը մոռացե՞լ եմ։ Մի վախենա, կվերադարձնեմ։ Ախր ե՞րբ կվերադարձնես, ասաց հայրս։ Պողոսը պատասխանեց. «Այ մելիք, ի՞նչ ես զահլես տանում, ես պարտքս չեմ ուրանում, ճանապարհի վրա եմ, կգաս էն աշխարհը, հարյուր ոսկիդ քեզ կտամ»։
Դա էլ դուր եկավ մայոր Լիսանևիչին։
- Ղարաբաղցիները սրամիտ ժողովուրդ են,- ասաց,- անցած օրը Ղասում բեկին հարցրի՝ դու հիմա հա՞յ ես, թե՞ մուսուլման, կրծքիդ խաչ ես կրում, բայց թլպատված ես։ Ուսերը վեր քաշեց ու ասաց. «Ձերդ գերազանցություն, այստեղ անհասկանալի բան չկա. երբ գնամ էն աշխարհը, թե որ Փեղամբարը հանդիպեց՝ շալվարս կհանեմ, իսկ եթե Հիսուս Քրիստոսը հանդիպի՝ դոշիս խաչը ցույց կտամ»։


17.

Շուշիում ասում են՝ սարը սարին չի հանդիպում, մարդը մարդուն հանդիպում է Միրզա Սաֆարի չայխանայում։
Այստեղ թեյելու են գալիս հայեր, թուրքեր, քրդեր, պարսիկներ, լեզգիներ, եզդիներ, զանազան ձիագողեր ու վաշխառուներ, քարվանբաշիներ ու ավազակներ, պորտաբույծներ ու ջորեպաններ... Խմում են դանդաղ ու ծուլորեն, փոքրիկ կումերով։
Միրզա Սաֆարի չայխանայում յուրաքանչյուր այցելու ունի իր տեղը։ Գետնին փռված են կարպետներ ու զանազան լաթեր։ Ջորեպանն իրավունք չունի նստելու քարվանբաշիի կողքին։ Բեկերն ունեն իրենց առանձին օթախը, որ կոչվում է բեկխանա։ Գետնին փռված են փափուկ գորգեր և կողք-կողքի շարված օթոցներ ու փոքրիկ դոշակներ։ Թեյախմությունը, ինչպես Պարսկաստանում, Շուշիում նույնպես նման է սուրբ արարողության։ Միրզա Սաֆարը լավ վաստակում, բայց միշտ դժգոհ է. «Վնասը շատ է,- ասում է,- խանին հարկ եմ տալիս, շեյխին հարկ եմ տալիս, թեյը թանկացել է, շաքարի գինը ոսկու գին է։ Վալլահ, էս չայխանան տունս քանդեց»։

Հովհաննես յուզբաշին, ինչպես պայմանավորվել էին, Ղասում բեկին հանդիպեց Միրզա Սաֆարի չայխանայում։ Նա նստել էր ծալպատակ, առջևում՝ մի թեյնիկ, երկու գավաթ։ Մենակ էր և ինչպես միշտ՝ ուրախ։ Ղասում բեկը երբեք չի տխրում։ Իսկ եթե տխուր էլ է լինում, ցույց չի տալիս, առակներ է պատմում, կատակում ու ծիծաղում։
- Սաֆար,- Ղասում բեկը շրխկացրեց մատները և նույն պահին ներս վազեց Միրզա Սաֆարը։ - Սաֆար, մեզ համար գինի բեր։
- Թեյից հետո գինի՞,- Հովհաննես Աթաբեկյանը ցույց տվեց թեյնիկը,- դա ինչպե՞ս հասկանալ, Ղասում բեկ։
- Ես որպես մահմեդական՝ թեյ եմ խմում, իսկ որպես քրիստոնյա՝ գինուց չեմ հրաժարվում,- ծիծաղեց բարձր ու լիաթոք.

Շատ է տխուր, երբ որ գինու փարչը չկա,
Կողքիս նստած սև աչերով հարճը չկա,
Ես այս գինին ինչպե՞ս խմեմ, ասա, ազիզ,
Երբ մեզ օրհնող Քրիստոսի աջը չկա։

- Դո՞ւ ես հորինել,- հարցրեց Հովհաննեսը։
- Բա էլ ո՞վ։ Առաջներում ավելի լավ բաներ էի հորինում։ Իբրահիմ խանը մի օր կանչեց, թե՝ արի ծառայիր իմ պալատում, չգնացի։

Միրզա Սաֆարը մի փոքրիկ կուլա և խորոված դրեց նրանց առջև։ Ղասում բեկը լցրեց գավաթները։
- Խմենք, Վանի ախպեր, գինին սելավի պես մի բան է, իր ճանապարհից ամեն տեսակի կեղտ-մեղտ քշում, տանում է։ Մեր կենացը,- խմեց, թևքով սրբեց բեղերը,- լավ գինի է։ Ես էլ եմ Օմար Խայամի նման կտակ արել՝ որ մեռնեմ, ինձ գինով լողացրեք և թաղեցեք գինու կարասի մեջ։
- Բայց մինչև մեռնելը դեռ պիտի ապրել։
- Հա, էդ մեկը ճիշտ է, պիտի ապրել։
- Նոր լուրեր կա՞ն։
- Կան,- Ղասում բեկը լցրեց բաժակները,- ասկերբաշի Սամանդարը երեք ղոնաղ ունի։ Փիր Ղուլի խանն է ուղարկել։ Դու չգնաս, քո տղաներից կուղարկես։ Գիշերը։ Դու խաբար չես, մենք էստեղ մեզ համար քեֆ ենք անում։

- Ի՞նչ նպատակով է Փիր Ղուլին դրանց ուղարկել։
- Իհարկե՝ ոչ խնամախոսության։ Ռուս մայորը որ մի լավ դրանց կողերը ջարդի, ամեն ինչ կասեն։ Հա, շեյխը չկա, հոգին թռել է ալլահի մոտ։
- Ո՞վ է սպանել։
- Խանը մեղքը կդնի Սև վեզիրի վրա, մոլլաները Սև վեզիրին շանսատակ կանեն։ Խմիր, գինի խմիր, յուզբաշի։ Երազ եմ տեսել, Իբրահիմ խանը կարմիր է հագել։ Կմեռնի։ Չէ, նա մեռնող պտուղ չի, մելիք Ջումշուդը դրա գլուխը կկտրի։
- Ուզում ես ասել՝ կփախչի պարսիկների մո՞տ։
- Հիմա չի փախչի։ Փիր Ղուլի խանը ատամ ունի դրա վրա։ Աբաս Միրզայի մոտ կփախչի։ Ես էլ այստեղ չեմ մնա։

- Քեզ ի՞նչ է եղել։
- Ինձ ոչինչ էլ չի եղել։ Կգնամ Շոշում տուն կկառուցեմ ու կապրեմ էնտեղ։ Զզվել եմ էս սարսաղ խաներից ու բեկերից։
- Կինդ համաձա՞յն է։
- Կնոջն ո՞վ է հարցնում։ Լակոտներս էդպես են ուզում։ Ասում են՝ մենք հայեր ենք... Յուզբաշի, մեր վերջն ի՞նչ կլինի։
- Ավելի վատ չի լինելու...



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Աբաս Միրզան երիտասարդ մի իշխան էր գրավիչ վարվելակերպով, գեղեցիկ անձնավորությամբ և սրամտությամբ ու դիտողությամբ օժտված։ Եվրոպացիների հետ ունեցած շփումի շնորհիվ, նա մի կողմ էր նետել շատ պետական ու արարողական սովորություններ, որ այնքան մանրակրկիտ կերպով պահպանում են Պարսկաստանում բարձրաստիճան անձինք։
ՍԸՐ ՋՈՆ ՄԱԼԿՈԼՄԻ


1.

Ֆաթհ Ալի շահ Ղաջարի որդին՝ Ատրպատականի կառավարիչ Աբաս Միրզան, ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն, իր վերափոխությունները սկսեց բանակից։ Նա դիմեց Ֆրանսիայի ու Անգլիայի ռազմական գործիչների աջակցությանը, նախկին հրամանատարներից շատերին շնորհազրկեց, նրանց փոխարինեց իր հավատարիմ մարդկանցով։ Աբաս Միրզային հարկավոր է եվրոպական տիպի ուժեղ բանակ, ռազմական հմուտ գործիչներ են հարկավոր և նա, ընդօրինակելով Նապոլեոն Բոնապարտին, պատրաստվում էր իրականացնելու նաև Բոնապարտի երազանքը՝ Ռուսաստանի դեմ ֆրանս-պարսկա-թուրքական դաշինք ստեղծելու մտահղացումը։ Թագաժառանգը Մերձավոր Արևելքում ձգտում էր բացարձակ հեգեմոնիայի, մի բան, որ դուր չէր գալիս թուրքական սուլթանին։ Վերջինս լավ էր հասկանում հայրենասեր, եռանդուն և ռազմատենչ Աբասին։ Երբ Թուրքիան ձեռնամուխ եղավ քրդական անկախ ու կիսանկախ իշխանությունները հնազանդեցնելուն, Աբասը, հանուն իր քաղաքական շահերի, ստանձնեց քրդական շարժումների հովանավորի դերը։ Սուլթանը դիմեց խորամանկության. Պարսկաստանը հրահրեց Ռուսաստանի դեմ, և հատուկ ուղերձով դիմեց Ֆաթհ Ալի շահին, որ Ռուսաստանի դեմ արշավանքի յուրաքանչյուր մասնակցի խոստանում է սահմանել ռոճիկ, «օրը մի ղուրուշի չափով»։ Աբաս Միրզան սուլթանի այդ «առատաձեռնությունը» ընդունեց հեգնանքով։ «Աղվեսը,- ասաց,- ճիշտ է, խորամանկ է, բայց պոչը երևում է»։ Իսկ երբ մի առիթով թուրքական դեսպանը ասաց, որ սուլթանը ձգտում է խաղաղության, Աբաս Միրզան հիշեց հայտնի մի քաղաքագետի սրամիտ խոսքը՝ երբ Թուրքիան աղքատանում է՝ թուլանում է, դառնում խաղաղասեր։

Թուրք-պարսկական կոնֆլիկտի սրումը Պետերբուրգի դիվանագիտական շրջաններում բավականին աշխուժություն առաջացրեց, և Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Բուդբերգը նամակով դիմեց Կովկասում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Իվան Վասիլևիչ Գուդովիչին. «Ես պետք է հայտնեմ ձեզ, որ ներկա հանգամանքներում հաշտությունը Բաբա խանի հետ անհրաժեշտ է Օտտոմոնյան Դռան դեմ պատերազմի ժամանակ ազատ ձեռքեր ունենալու համար, որպեսզի հնարավորության դեպքում պարսիկներին հանենք թուրքերի դեմ»։ Գուդովիչը Պետերբուրգից Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու հրահանգ ստացավ և իսկույն իր ներկայացուցչին ուղարկեց Թեհրան՝ բանակցությունների։ Շահական կառավարությունը համաձայնեց հաշտություն կնքելու, սակայն մի պայմանով՝ Ռուսաստանից պահանջում է Անդրկովկասը և Դաղստանը։ Ռուսաստանի ներկայացուցչին մնում էր միայն պատասխանել. «Ի՞նչ եք կարծում, դա շա՞տ չէ արդյոք»։

Դա ոչ միայն շատ, այլև բացարձակ լկտիություն էր։ Աբաս Միրզան ավելի հեռավոր նպատակներ ուներ. նա կանխազգում էր՝ Նապոլեոնը վաղ թե ուշ կհարձակվի Ռուսաստանի վրա, Թուրքիան իր հերթին կսկսի պատերազմ, Դաղստանի լեռնականները ներսից կբորբոքեն կրակը, աբխազներն ու աջարները կապստամբեն, Բաքվի, Գանձակի, Շիրվանի, Շամախու խանությունները անշուշտ ոտքի կկանգնեն ընդդեմ ռուսական կայսրության։ Ղարաբաղը Կովկասի դուռն է, և այդ դուռն այնքան էլ ամուր չէ։ Երբ Պարսկաստանի դեսպանը սուլթանի ուշադրությունը հրավիրեց Բաքվի վրա, սուլթանը գլխով արեց մի տեսակ չարացած. «Դա իմն է, միայն իմը, ոչ ոքի չեմ տա»։ Նա ակնարկում էր Աբասին, որը շահի ներկայությամբ հեգնանքով ասաց. «Իսկ ես սուլթանից չեմ հարցնի՝ իրենն է, թե մի ուրիշինը, երբ հարկ լինի, առանց նրա կամքը հարցնելու, կվերցնեմ»։

Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև այլևս հաշտության մասին խոսք լինել չէր կարող, և դա առաջին հերթին Ֆրանսիայի ու Թուրքիայի օգտին էր։ Թուրքական սուլթանը այդ լուրն ընդունեց ցնծությամբ. «Փառք ալլահին,- ասաց,- վերջապես Բաբա խանը խելքի եկավ. գործելու ժամանակն է»։ Բայց դա Բաբա խանը չէր, այլ Բաբա խանի որդի Աբաս Միրզան էր, որ ամեն հարցում իր կամքն էր թելադրում շահին և փաստորեն ինքն էր ղեկավարում երկիրը։ Ֆաթհ Ալի շահը կամազուրկ, բավականին անգործունյա մի մարդ, որ ամբողջովին իրեն տվել էր շվայտանքի, երկրի կառավարման գործերին խառնվում էր ձևականորեն։ Նա ապրում էր հարեմի առանձնության մեջ, ոտանավորներ հորինում, մեկ-մեկ դեսպաններ ընդունում, ցույց տալիս իր շքեղ պալատները, նվերներ տալիս, հիանում նրանց նվերներով։ Աբասին օգնում է փորձառու կայմակամ Միրզա Բոզուրուկը, տարիքն առած մի մարդ, երկրի առաջին մինիստրը։

Ֆրանսիական մարաջախտների և ռազմական գործիչների հայտնվելը պարսկական բանակում՝ պարսից սպաներին այնքան էլ հաճելի չէր։ Եղան բողոքներ՝ Աղա Մուհամեդ Ղաջարը, որ չէր ընդօրինակել ոչ ֆրանկներին և ոչ էլ ինգլիզներին, ինչպե՞ս նվաճեց Վրաստանը։ Կարգապահությունը, իհարկե, կարևոր է, սարբազները պարտավոր են ենթարկվել իրենց սարթիփներին, բայց չէ՞ որ սարբազին առաջին հերթին հետաքրքրում է թալանը։ Սարբազը սպանում է, որ սպանվածին թալանի, տիրանա նրա ունեցվածքին. Ղուրանում այդպես էլ գրված է, ուրեմն ո՞ւմ են հարկավոր ձևականությունները։ Նման բողոքներին տոն է տալիս շահի ավագ որդին՝ Մահմեդ Վալի Միրզան, որի կարծիքով կարգապահության կանոնավոր սիստեմը բանակում անհամապատասխան է պարսկական ոգուն ու կրոնին. «Եթե մենք ընդօրինակենք եվրոպացիներին,- ասում էր նա,- վաղն այդ անհատները մեզ կստիպեն ընդունել իրենց սովորությունները, հագուստը և հավատը»։

Աբասը ստիպված էր պատժել անհնազանդ սպաներին և անձամբ ինքն էր հետևում զինավարժություններին։ Թագաժառանգը մշակեց սվինամարտի նոր կանոններ, բայց ոչ ռուսական ձևով։ Ինչ-որ տեղ Աբասի և ֆրանսիական մարաջախտների տակտիկական կանոնները իրար չէին բռնում, ֆրանսիացիները արհամարհանքով են նայում պարսիկ սարբազներին ու մեկ-մեկ ձեռ առնում՝ ձեր այդ նամազը շատ է երկար, ասում են, մինչև դուք սկսեք ու վերջացնեք, ռուս Իվանն անմիջապես ձեզ կվերջացնի։

Պարսիկ սարբազներին ձանձրացրեցին միապաղաղ ու հոգնեցուցիչ զինավարժությունները։ Իր նվիրվածությամբ աչքի ընկավ Փիր Ղուլի խանը, խորամանկ ու ճարպիկ մի գեներալ։ Նա իր սարբազներին ստիպում էր ենթարկվել ֆրանսիական սպաներին, անհնազանդներին ծեծում էր, հասցնում մահվան դուռը։ Խանը ստեղծեց «եվրոպական տիպի» զորախումբ և խնդրեց Աբասին ներկա լինել զինավարժություններին։ Դա գեղեցիկ սարքված ներկայացում էր։ Հեծելագունդը թրամերկ սլացավ, ցուցադրելով թուր խաղացնելու, ընթացքից ձիու թամբին նստելու ճարպիկ խաղը, ապա հետևակը կրակեց թիրախների վրա, սվինահարեց ու սլացավ առաջ, այնուհետև թոփչիները ցուցադրեցին իրենց վարպետությունը։ Եզրափակիչ մասն ավարտվեց նրանով, որ Փիր Ղուլի խանի հրամանով իրար դեմ նետվեցին երկու զորախմբեր՝ քրդերը և պարսիկները։ Քիչ էր մնում այդ զորախաղն ավարտվեր արյունահեղությամբ, և հետագայում քրդերն հայտարարեցին՝ ափսոս, որ մեր գնդակներն իսկական գնդակներ չէին...

Աբաս Միրզան ոչ միայն գոհ մնաց, այլև գովեց Փիր Ղուլի խանին և ասաց. «Խան, ահա մենք պիտի ունենանք այսպիսի հզոր բանակ։ Ես քեզ կտրամադրեմ տասը հազարանոց բանակ և առաջինը դու պիտի մտնես Ղարաբաղ, բացես իմ առջև դարպասները»։
Ճիշտ է, պարսկական բանակում որոշ չափով բարձրացավ կարգապահությունը, սակայն հին մեթոդներին կառչած սարթիփներն ու սարհանդները շարունակում էին փառաբանել Նադիր Շահին ու Աղա Մուհամեդ Ղաջարին, որոնք առանց նման ձևականությունների, բարձրացրել են Պարսկաստանի փառքը։ Նրանք չհրաժարվեցին ուղտերի կռնակներին ամրացված փոքր տրամաչափի հրանոթներից, երկար նիզակներից ու «այնալու» հրացաններից։

Պարսկաստանի անգլիական դեսպանի քարտուղար Ջեյմս Մորիերը իր «Հաջի Բաբա» գրքում գրել է. «Սովորած լինելով կռվելու իրենց հին եղանակներին, ուր ամեն մարդ, անկախ մյուսից, նախ հոգատար է իր սեփական ապահովության, իր թշնամուն սպանելու մտածումից առաջ։ Նրանք չէին կարող սիրել մեր սիստեմը։ Մի պարսիկ այդ նյութի մասին մեր սպաներից մեկի հետ խոսելիս, ասել է շատ հանճարեղ կերպով. «Երբ այս պարագայում մեռնելը չլիներ, որքան փառավոր կերպով կկռվեին պարսիկները»։ Քաջության մասին նրանց ունեցած գաղափարները հիրավի բոլորովին տարբեր են մեզնից։ Նրանք քաջության վրա նայում են որպես մի հատկության, որ մի մարդ կարող է ունենալ կամ չունենալ, ինչպես որ զգում է նա այդ պահին»։

Աբաս Միրզային մտահոգում էր կարևոր մի այլ հարց՝ թուրքական սուլթանը իսկապես պատրաստվո՞ւմ է ռուսների դեմ պատերազմելու, թե՞ շահի աչքին թոզ է փչում։ Նա նորից իր ներկայացուցչին ուղարկեց Կոստանդնուպոլիս՝ իմանալու սուլթանի միտքը։ Սուլթանը պատրաստ է, բայց նրան էլ հետաքրքրում է ուրիշ մի հարց՝ եթե Աբասը գրավի Ղարաբաղը, արդյոք կտապալի՞ Իբրահիմ խանին, և շտապեց թելադրել իր կամքը՝ Իբրահիմ խանը կամ կմնա իր թախտին, կամ նրան կփոխարինի որդիներից որևէ մեկը։ Թագաժառանգը հասկացավ սուլթանի հեռավոր նպատակները, նա դեռ աչք ունի Ղարաբաղի վրա։ «Իբրահիմ խանին կփոխարինի պարսիկ խանը»,- ասաց Աբասը։

Կովկասում մթնոլորտն արդեն շիկացել էր. թագաժառանգն իր սարթիփներին ու սարհանդներին ասաց. «Ժամն է գործելու, այլապես ուշ կլինի։ Ռուսաստանն իր ձեռքը մեկնել է դեպի Մերձավոր Արևելք, և մենք կկտրենք նրա ձեռքը»։ Հարկերի կրկնակի բարձրացումը տեղիք տվեց բողոքների, բայց Աբասն իրեն չկորցրեց, հավաքեց երկրի սփանդիարներին ( մարզպաններին), գեղեցիկ խոստումներով ոգևորեց նրանց. մենք կնվաճենք ամբողջ Կովկասը, և երկիրը կլողա յուղ ու մեղրի մեջ։ Դուք Կովկասում կունենաք ձեր կալվածքները, և ես՝ թագաժառանգս, խոսք եմ տալիս Պարսկաստանը դարձնել աշխարհի ամենահզոր երկիրը և ստիպել, որ Եվրոպան մեզ հետ հաշվի նստի։

Հայրենասեր Աբասն ուներ ուրիշ այլ երազանքներ՝ բարձրացնել քայքայված երկիրը, կառուցել ճանապարհներ, առևտրական կապեր հաստատել հարևան տերությունների հետ, շենացնել գյուղերը։ Իսկ դա չէր ընդունում սահմանափակ, իր սովորությունների ու նախապաշարումների մեջ ամփոփված Ֆաթհ Ալի շահը։ Միապետը դեմ չէ արշավանքներին և գտնում է, որ երկիրը կարելի է հարստացնել թալանի միջոցով։ Այդպես են մտածում նաև Պարսկաստանի խաները։ Երբ պարսից դեսպանին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ցույց տվեցին շքեղ մի փողոց, հանրային պաշտոնյաների ու վաճառականների փառավոր բնակարանները, և հարցրին՝ հավանո՞ւմ եք, նա ներքին հրճվանքով բացականչեց. «Ահա մի հրաշալի վայր՝ կողոպտելու համար»։

Եթե հայտնի գրողի արտահայտությամբ պատմությունը մեխ է, որից նա իր գլխարկն է կախում, ապա թագաժառանգի կարծիքով պատմությունը ճերմակ թուղթ է, և ով ավելի ուժեղ է, ում թուր կտրում է, այդ թղթի վրա ստեղծում է իր պատմությունը։
Ստեղծագործելու լայն ասպարեզ բացվեց անմահ Ֆիրդուսու հետնորդների համար. յուրաքանչյուր սարթիփի կողքին կանգնած էր մի շահիր, իսկ իրեն՝ թագաժառանգին, հետևում էր շահիրների մի մեծ ջոկատ։ Անմահանալու հարմար առիթը չկորցրեց շահի վեզիրներից մեկի որդին՝ Սեյֆօլլահ Վահիդ էլ Փուրը, որ հոր միջամտությամբ արժանացավ սարհանդի կոչման և նշանակվեց Փիր Ղուլի խանի աջուդան-բաշին (գլխավոր ադյուտանտը, համհարզը)։


2.

Մարդ, որ իր տնից դուրս է գալիս, իսկույն ձի է նստում։
Պարսկական առած


1805 թվականի հունիսին պարսկական տաս հազարանոց բանակը Փիր Ղուլի խանի հրամանատարությամբ անցավ Արաքսը։ Անցավ առանց որևէ դիմադրության, մի տեսակ ընդգծված հանդիսավորությամբ, ասես Արաքսի ափին շատ նստելուց մարդկանց ոտքերը թմրել են, սարբազները ձանձրացել են փոշուց ու տոթից, ձանձրալի զինավարժություններից. հարկավոր է մի քիչ քայլել, լեռնային մաքուր օդ շնչել, սառն աղբյուրներից ջուր խմել, թարմանալ զովասուն անտառներում։ Աբաս Միրզան համոզված է, որ ռուսական բանակը Ղարաբաղում դեռ կարգին չէր ամրացել, առաջին իսկ ճակատամարտում գլխովին կջախջախվի։ Երբ Փիր Ղուլի խանը գրավի Շուշին, ինքը երեսուն հազարանոց բանակով սրընթաց կշարժվի Գյանջայի վրա և իր առջև կբացվեն Վրաստանի ճանապարհները։ Գեներալ Ցիցիանովն, անշուշտ, կխուսափի ճակատամարտից և ստիպված կնահանջի։

Փիր Ղուլի խանը հավատում է իր հաղթանակին. նա արդեն գիտեր, որ ռուսական մի փոքրիկ կայազոր կանգնած է Խուդափերիի կամրջի մոտ։ «Մենք նրան կշրջանցենք,- ասաց խանն իր սարհանդներին,- թույլ չենք տա, որ մեզնից առաջ անցնեն և ամրանան բերդում։ Ես դրանց հսկելու համար կթողնեմ մի հեծելագունդ և նրանք ստիպված կհանձնվեն»։

Փիր Ղուլի խանը շտապում է. պետք է շուտ տեղ հասնել, փակել բերդի բոլոր անցուղիները, որպեսզի Իբրահիմ խանը չփախչի։ «Ես այդ դավաճան աղվեսի գլուխն իմ ձեռքով կկտրեմ և կուղարկեմ Աբաս Միրզային»,- նա աջուդան բաշի Սեյֆօլլահ Վահիդ էլ Փուրի ձեռքից վերցրեց երկարափող հեռադիտակը, նայեց։ Հեռվում նշմարվեց լեռնային մի գյուղ, ականջին հասան զանգերի թույլ ծլնգոցներ. «Հայերը աղոթում են,- ծիծաղեց խանը,- չես հասկանում, այդ անհավատներն ո՞ւմ են աղոթում, երբ այլ ալլահ չկա, ալլահից բացի»։ Սեյֆօլլահ Վահիդ էլ Փուրն աշխուժացավ. «Սարդար,- ասաց,- իսկ ինչո՞ւ այդ հայերը չեն ուզում ընդունել մեր հավատը»։ «Շահիր, այդ նրանից է, որ ալլահը նրանց զրկել է խելքից,- ասաց խանը, լռեց մի պահ, քթի տակ ժպտաց։ - Դե ախր, մի բան էլ կա, շահիր, եթե բոլոր ազգերն ընդունեն մեր հավատը, միանան մեզ, մենք ո՞ւմ դեմ պիտի կռվենք, ո՞ւմ պիտի թալանենք, ո՞ւմ պիտի սպանենք, մեր բանակն ինչո՞վ պիտի զբաղվի։ Ալլահը, որ մի ցավ ստեղծում է, այդ ցավը բուժելու համար դեղ էլ է ստեղծում»։

Փիր Ղուլի խանը մի անգամ էլ նայեց հեռադիտակով, այս անգամ իր բանակին։ Ամեն ինչ լավ է, առջևից ընթանում են հեծյալները, հետևակը գալիս է կարգ ու կանոնով, թոփչիները քայլում են հրանոթների կողքից։ Այսպիսի բանակով չես կորչի և ոչ մի ուժ չի դիմանա այս սելավին։ Ֆրանկ մարաջախտները՝ այդ հոպոպները, մեծ կարծիքի են իրենց բանակի մասին, իսկ թուրքերը՝ այդ մեծաբերանները, մեզ անվանում են ղզլբաշիներ։ Սպասեցեք, Նադիր շահի քաջ թոռներն այնպիսի մի հունար ցույց տան, այնպես դղրդացնեն աշխարհը, ձեր հերն այնպես անիծեն, որ ստիպված գաք մեր ոտքերն ընկնեք։

Լեռնային օդի զով հոսանքը դիպավ Փիր Ղուլի խանի դեմքին՝ փա՛հ, օդ չէ, բալասան է։ Աբաս Միրզան ճիշտ է ասում՝ Ղարաբաղը դրախտավայր է։ Իսկ գուցե հենց իրեն՝ Փիր Ղուլի խանին նշանակի Ղարաբաղի կառավարիչ։ Ալլահը վկա, շատ լավ կլինի։ Նախ և առաջ կստիպի, որ այդ հայերը հրաժարվեն իրենց հավատից, իրենց տկլոր Քրիստոսից։ Ո՞վ է այդ Քրիստոսը՝ ջհուդ, իսկ այդ ախմախ ջհուդներն ի՞նչ են արել՝ ստից Քրիստոսին աստվածացրել են և հրաժարվել իրենց աստծուց։ Ախմա՞խ, չէ, ինչի՞ ախմախ, տեսել են, որ իրենց ալլահը սուտ է, դարձել են... ի՞նչ են դարձել այդ ջհուդները։
- Աջուդան բաշի, ջհուդների ալլահի անունն ի՞նչ է։
- Եհովա,- պատասխանեց Սեյֆօլլա Վահիդը։
- Դա ոնց որ կնկա անուն է...Վա՛յ թե մեր ալլահի կնիկն է,- ու ծիծաղեց սրամտության վրա, հետո զգաց, որ ալլահին անհաճելի խոսք ասաց, ուղղեց իրեն.- Ալլահը մեկն է, և այդ ալլահը մերն է, մեր ալլահը ուժ կտա մեզ՝ հաղթելու մեր թշնամիներին։

Ճանապարհը դիք է, զորքը դանդաղ է շարժվում, Փիր Ղուլի խանը ննջեց ձիու վրա։ Մեր սարդարները իրավունք ունեն քնելու ճանապարհին։ Ասում են՝ Նադիր շահը ճակատամարտը սկսելուց առաջ քնում էր հենց ձիու թամբին։ Աղա Մուհամեդ խան Ղաջարը նույնպես։ Ղաջարը մեծ է, շատ մեծ զորավար է, բայց Վրաստանը ձեռքում չպահեց։ Գնաց նվաճեց, վառեց, թալանեց, բայց ձեռքում չպահեց։ Մենք նրա սխալը չենք կրկնի։
Փիր Ղուլի խանն անուշ անուրջների մեջ էր, շահի աջուդան բաշի Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը մտքում արդեն իր նոր պոեմի, որ պիտի կոչվի «Աբաս Միրզա-Նամե», առաջին սուրահն արդեն հորինել էր և նոր էր սկսել երկրորդ սուրահը, երբ հանկարծ...

Այդ պարզկա երկինքը պատռվե՞ց, թե Ահրիմանն իր զայրույթը թափեց աշխարհի վրա։ Խլացուցիչ որոտից դղրդացին ժայռերը, ձիերը ծառս եղան, առջևից ընթացող հեծելախումբը կորավ փոշու քուլաների մեջ։
- Սարդա՛ր,- սարսափահար գոռաց աջուդան բաշին,- սարդա՛ր, ժայռե՜րը, ժայռե՜րը...
- Ի՞նչ ժայռեր, ի՞նչ է եղել...
- Ժայռերը փլվում են...

Խանը նայեց դեպի սարալանջը՝ քարերի հեղեղ է, քարերի դղիրդ։ Ձորը լցվել էր աղմուկ-աղաղակով, լաց ու կականով, մարդկանց օրհասական ճիչերով։ Չորս թնդանոթ գահավիժեց անդնդախոր ձորը, առջևից ընթացող հեծելախմբից կենդանի մարդ չէր մնացել։ Փիր Ղուլի խանը դեռ չէր սթափվել, երբ ժայռի կատարից ինչ-որ մեկը գոռաց.
- Փիր Ղուլի խան, մենք չկարողացանք արծաթով ու ոսկով դիմավորել ձեզ, վախեցանք մեր աղուհացը չընդունես, մեր փեշքեշն էլ այս է, խնդրում ենք ներող լինես։
Երկրորդ պայթյունն ավելի ուժգին էր, Փիր Ղուլի խանը հազիվ զսպեց խրտնած ձիուն։
- Այդ անհավատները պայթեցնում են ժայռերը,- գոռաց,- ի՞նչ եք շշկլվել, որտե՞ղ է մեր առաջատար հեծելագունդը։

- Սարդարն ապրած կենա,- զեկուցեց մի ամիր,- առաջատար հեծելագունդը ջարդվեց, չկա։
- Որտե՞ղ է սարհանդ Բահրամ Նուրին։
- Ես ձեզ լսում եմ, սարդար։
- Ի՞նչ է, կո՞ւյր ես, չե՞ս տեսնում, քարակույտը փակել է ճանապարհը... Շուտ մաքրել։
Ճանապարհի մաքրումը խլեց երեք ժամ։ Իրիկնամուտին բանակը շարժվեց առաջ, բայց չկար նախկին եռանդն ու ոգևորությունը։

Հեռվում երևաց բերդը, Փիր Ղուլի խանը նայեց հեռադիտակով։ Ահա Շուշին։ Բերդի բարձր աշտարակներին կանգնած են պահակները։ Ռուսնե՞ր են, թե՞ Իբրահիմ խանի ասկյարները։ Չէ, ոնց որ ռուսներ են։ Բա որտե՞ղ են կորել խանի ասկյարները, որ ռուսներն են պահակություն անում։- Փիր Ղուլի խանը ուզում էր մի անգամ էլ նայել, բայց աջուդան-բաշին խանգարեց։
- Սարդար,- ասաց,- Դաշքորփուի ռուսները մի հայ յուզբաշու գլխավորությամբ շրջանցել են մեր հեծելախումբը և ամրացել բերդում։
- Հայ յուզբաշի՞... Ի՞նչ հայ յուզբաշի։
- Սարդար, նա ձեզ թուղթ է ուղարկել։
- Թո՞ւղթ... հապա մի կարդա։

Աջուդան բաշի Սեյֆօլլահ Վահիդ էլ Փուրը կարդաց. «Փիր Ղուլի խան, մենք ծանոթ ենք իրար։ Հիշո՞ւմ ես, մենք հանդիպեցինք Արաքսի ափին, և ես քեզ ասացի՝ ինձ շեյխն է ուղարկել։ Եվ դու հավատացիր, սարդար։ Շուշիի դարպասը մենք երբեք չենք բացի ձեր առջև, թե որ այդքան քաջ ես, դու ինքդ գրավիր բերդը։ Ժայռերն այդ ես եմ պայթեցրել իմ մարդկանց հետ։ Դա միայն սկիզբն է»։
- Շեյթա՜ն,- թքեց խանը,- մենք դեռ կհանդիպենք։

Պարսկական բանակը կանգնեց բերդից հեռու, կանաչ դաշտում։ Փիր Ղուլի խանը թուղթ ուղարկեց ռուսական կայազորի պետին՝ «Մենք եկել ենք հզոր բանակով, բերդը շրջապատված է։ Խորհուրդ ենք տալիս հանձնվել, և մենք կխնայենք ձեր կյանքը»։ Բերդից նրա նամակին պատասխանեցին թնդանոթների համազարկով։ Լուսաբացին խանը հարձակման հրաման տվեց, սակայն հակառակորդը ուժեղ կրակ բացեց և պարսիկներին չթողեց մոտենալ պարիսպներին։ Փիր Ղուլի խանը քսան թնդանոթից կրակ բացեց բերդի վրա, և ինքն էլ չգիտեր, թե ուր էին հասնում իրենց արձակած ռումբերը, մինչդեռ ռուսների տեսադաշտում էր պարսկական բանակը, և կրակում էին դիպուկ։

Փիր Ղուլի խանը զայրույթից կապտել էր։ Գյավուրները լավ են կռվում, բայց ինչի՞ վրա են դրել իրենց հույսը։ Խանը դիմեց խորամանկության, նամակ գրեց Իբրահիմ խանին. «Խան, մենք ոչ թե քո թշնամիներն ենք, այլ բարեկամները, մեզ ուղարկել էր ինքը՝ Աբաս Միրզան, ձեզ օգնելու։ Ձեր թշնամիները ռուսներն են, մի՞թե դուք այնքան ուժ չունեք, որ ներսից խփեք այդ գյավուրներին»։
Փիր Ղուլի խանին պատասխանեց մայոր Լիսանևիչը. «Սարդար, բերդի տիրա-կալը ոչ թե Իբրահիմ խանն է, այլ ռուսական կայազորը։Հայտնեցեք Աբաս Միրզային, որ խանը օգնության համար մեծապես շնորհակալ է, բայց ոչինչ չի կարող անել, որովհետև ինքն էլ մի լավ վիճակում չէ։ Ի դեպ, Փիր Ղուլի խան, ասում են, որ դուք միաժամանակ եղել եք Ալի Մուրադ խանի բարեկամը...»։

Փիր Ղուլի խանը ցնցվեց։ Այո, Փիր Ղուլին, որ այն ժամանակ դեռ խան չէր, համակրում էր Ալի Մուրադ խանին։ Վերջինս Աղա Մուհամեդի հակառակորդն էր, ձգտում էր Ռուսաստանի հետ դաշինք կնքել՝ ղաջարների և թուրքերի դեմ։ Դա այն տարիներին էր, երբ Պարսկաստանում իշխանության համար պայքար էր ծավալվել ղաջարների ու զենդերի միջև։ Ղաջարների դինաստիայի առաջնորդ Աղա Մուհամեդ խանը կարողացավ հաղթել իր հակառակորդին, և այդ գործում նրան քիչ չօգնեց Փիր Ղուլի խանը, որը դավաճանեց իր հոգևոր առաջնորդին, անցավ ղաջարների կողմը։ «Շեյթանը որտեղի՞ց գիտե այդ մասին»,- խանը դանդաղ բարձրացրեց գլուխը, ձեռքով մոտ կանչեց վրանի մոտ կանգնած լրաբերին։

- Այս նամակը ինքը՝ ռուս սարհա՞նդն է գրել։
- Մեծ սարդար, ռուս սարհանդը մեր լեզուն չգիտե, հայ յուզբաշին է գրել։
- Հայ յուզբաշի՜ն,- խանը վեր թռավ տեղից,- նորից այդ հայ յուզբաշին։ Չիմացա՞ր դրա անունը։
- Վանի յուզբաշի, ռուսները Իվան յուզբաշի են ասում։
- Իսկ ռուս սարհանդը...
Հայ յուզբաշին նամակը ռուսերեն կարդաց, ռուս սարհանդը գլխով արեց, ասաց՝ խորոշո, խորոշո։
- Հայ յուզբաշին ի՞նչ լեզվով էր խոսում։
- Հայերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն... Այդ հայ յուզբաշին ոնց որ շեյթանի լեզուն էլ գիտե։
- Շեյթանը կիմանա շեյթանի լեզուն,- Փիր Ղուլի խանը դողաց բարկությունից։ - Այդ շեյթանը, իբլիսը, ահրիմանը...

Փիր Ղուլի խանը ոտքի հարվածով պոկեց վրանի հենաձողը, թուրը հանեց, գլխից վեր թափահարելով, նետվեց թնդանոթաձիգների կողմը և բղավեց.
- Անասուննե՜ր, ի՞նչ եք ննջում, աթա՛շ, աթա՛շ, աթա՛շ...
Թնդանոթաձիգները կոնկրետ չհասկացան, թե թշնամին որտեղից է գալիս և ինչ ուղղության վրա պիտի կրակել, բայց քանի որ սարդարը թուրը պարզել էր դեպի դիմացի սարալանջը, իրավունք չունեին չենթարկվելու։ Աջուդան բաշի Սեյֆօլլահ Վահիդ էլ Փուրը , որ այդ պահին վրանում իր գեղեցիկ մտքերն էր հանձնում թղթին, փառաբանելով Աբաս Միրզայի զորապետի մեծ տաղանդը, փիլիսոփայի ճկուն միտքը և հոգու գեղեցկությունը, երկրորդ սուրահը ավարտելու վրա էր, երբ թնդանոթները որոտացին։ Աջուդան բաշին հրանոթից արձակած ռումբի պես իր վրանից դուրս թռավ, և տեսնելով թոփչիները ռմբակոծում են ամայի սարալանջը, խոնարհեց գլուխն ու ասաց.
- Ո՜վ մեծ սարդար, մեր թոփչիները ճիշտ ուղղությամբ չեն կրակում։ Իմ կարծիքով, նրանք պիտի կրակեն բերդի վրա, կամ էլ առհասարակ չպիտի կրակեն։

Փիր Ղուլի խանը սթափվեց ու հրամայեց.
- Անասուննե՜ր, դադարեցնել կրակը,- և ապա դարձավ բանաստեղծին, որ այդ պահին բանաստեղծ չէր, այլ մեծ ռազմագետ։ - Աջուդան բաշի, մենք հիմա կգնանք Ասկերանի վրա։ Մենք կփակենք ռուսների ճանապարհը։ Բենար Ռզա խանը իր գնդով հսկողության տակ կպահի բերդը։
Փիր Ղուլի խանը չգիտեր, որ խան յուզբաշին Գանձակ է ճանապարհվել վաղ առավոտյան, գրպանում մայոր Լիսանևիչի նամակը՝ գեներալ Ցիցիանովին։


3.

1805 թվականի հունիսի 18-ին գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ Ելիզավետպոլից դուրս եկավ մի գումարտակ՝ 400 զինվորով և երկու թնդանոթով։ Գումարտակի հրամանատարը փաստորեն մայոր Կոտլյարևսկին է, սակայն գեներալ Ցիցիանովը վերջին պահին հանկարծ միտքը փոխեց. «Մի գլուխը լավ է, իսկ երկու գլուխն ավելի լավ,- ասաց նա,- առաջադրանքը բարդ է, Պավել Միխայլովիչ, դուք հին ռազմիկ եք, կռվել եք պարսիկների դեմ, մեծ փորձ ունեք»։ Գնդապետն ու մայորը լավ հարաբերությունների մեջ են , սակայն, այնուամենայնիվ, գեներալի անսպասելի որոշումն ընդունեցին յուրովի։

ԿոտլյարԵՎսկի. Իշխանը ինձ չի վստահում, թե չէ ինչո՞վ բացատրել այն փաս-տը, որ Գյանջայի գրավմանը չնայած իմ գումարտակը նույնպես մասնակցել էր, բայց ինձ չներկայացրեց պարգևատրության։
Կարյագին. Երբ ես պաշտպանեցի Կոտլյարևսկուն, իշխանն ինձ ասաց՝ Պավել Միխայլովիչ, այստեղ գլխավոր հրամանատարը ես եմ։ Գյանջայի գրավումով ամեն ինչ դեռ չի վերջանում, մեզ սպասվում են ավելի դժվար մարտեր։ Խնայեցեք ձեր ջղերը, դրանք մարտերում ձեզ շատ են հարկավոր։ Ես նրան հիշեցրի իր դժկամ վերաբերմունքը Ղարաբաղի հայ մելիքների հանդեպ, իշխանը պայթեց. «Կարի՞ք կա նորից հիշեցնելու, որ այստեղ ես եմ գլխավոր հրամանատարը»։

Ելիզավետպոլից 30 վերստ հեռավորության վրա Վանի յուզբաշին նրանց դիմավորեց 60 հոգուց բաղկացած իր հեծելախմբով։ Բոլորն էլ ջահել տղերք են, լեռներում մեծացած տղերք։ Գնդապետը նայեց նարնջագույն ձիու վրա նստած պարթևահասակ, երեխայի անմեղ աչքերով երիտասարդին, հարցրեց.
- Իսկ տանը ձերոնք գիտե՞ն, որ փախել ես։
- Ձերդ գերազանցություն, այս թուրը հայրս է իր ձեռքով հանձնել ինձ։ Այս թրով պապս կռվել է մեր հին թշնամու դեմ, հայրս կռվել է և հիմա էլ հերթը իմն է։
- Ապրե՜ս,- գնդապետը մոտ քշեց իր ձին, թեքվեց, համբուրեց նրա ճակատը։ -Տղաս, դու այդ թրով էլ կհաղթես։

Արդյոք, գեներալ Ցիցիանովը զգա՞ց իր սխալը, հասկացա՞վ, որ առանց հայերի օգնության իր այդ գումարտակը հեռուն գնալ չի կարող։ Պարսից տասը հազարանոց բանակի դեմ 400 եգերներ ու երկու հրանոթ։ Նա կանչեց թիկնապահին, ասաց. «Դուք ճանաչում եք Իվան յուզբաշու բարեկամին՝ Ահմեդին։ Ես նամակ եմ գրել, հանձնեցեք նրան, թող շտապ հասցնի Շուշի»։- Նամակը կոչ էր, ուղղված հայերին։ Իշխանը գրում է. «Մի՞թե դուք, ղարաբաղցի հայեր, որ մինչև օրս փառաբանված էիք ձեր քաջությամբ, դարձել եք կնանման։ Ընդունեցեք նորից ձեր նախկին տեսքը, եղեք հաղթանակների պատրաստ և ցույց տվեք, որ այժմ էլ նույն քաջ հայերն եք, ինչպես նախկինում...»։ Իշխանը վկայակոչում է Մելիք Ավանին, Մելիք Եսայուն և ուրիշ շատ քաջերի, որ թշնամու դեմ կռվել են հերոսաբար, չեն ենթարկվել ոչ թուրքերին, ոչ էլ պարսիկներին։

Թիֆլիսից նորից հուսադրող լուրեր չեկան։ Գլխավոր հրամանատարը գլխովին թաղված է գործերի մեջ, նրա փոխարեն նամակներին պատասխանում են անծանոթ գնդապետներ, իշխաններ, ադյուտանտներ, ռազմական գործից անտեղյակ պճնամոլներ, դեղնակտուց, բայց մեծամիտ շան որդիներ... Ինչ-որ գնդապետ, որ նույնիսկ երազում Ղարաբաղը չի տեսել, գեներալ-իշխանին խորհուրդ է տալիս հենց ուղղակի Արաքսի ափին ջարդել թշնամուն, գետափին թնդանոթներ դնել, փակել Աբաս Միրզայի ճանապարհը և պահանջել դաշինք կնքել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Թուրքիայի։ Գեներալ Ցիցիանովը զորք ու զինամթերք է պահանջում, իսկ նրանք խորհուրդներ են ուղարկում։ Նա այս անգամ Թիֆլիս ուղարկեց իր թիկնապահին. «Մինչև նամակը ձեր ձեռքով չհանձնեք գլխավոր հրամանատարին, չվերադառնաք»։ Գլխավոր հրամանատարը Թիֆլիսում չէր, սպասեց մինչև երեկո։ Նա վերադարձավ ուշ գիշերին, կարդաց նամակն ու ասաց. «Այդ ինչպես է, որ իշխանը հիմա անձամբ է դիմում։

Լավ, առայժմ կբավարարվենք եգերների երկու գումարտակով։ Իշխանը կորցրել է գլուխը, բայց էլի չի ուզում խոստովանել իր սխալը»։
Ցիցիանովը դեռ շարունակում էր հավատալ Իբրահիմ խանին, և նա այդ պահին չգիտեր, որ իր մի սխալը ուղղել է մայոր Լիսանևիչը, զրկելով խանին այն արտոնություններից ու իրավունքներից, որ տվել էր նրան գեներալը։ Մայոր Լիսանևիչը, այդ ռուս հասարակ զինագործի որդին, որ վաղ մանկությունից տեսել է կյանքի դառնությունները, ընդունակ է ոչ միայն արիստոկրատական ընտանիքում ծնված ու մեծացած իշխանի հետ չափվելու, այլև ուղղելու նրա սխալը։ Գեներալի հրամանը ըստ կանոնագրքի, օրենք է ենթակայի համար, բայց հրաման կա, որ չպիտի կատարվի։ Կույր հրաման տվողն այնքան չէ կույր, որքան այն կատարողը։


4.

Գումարտակն առաջ է շարժվում դանդաղ։ Հունիսյան խեղդուկ տոթն ու փոշին մի կողմից, մյուս կողմից, վատ ճանապարհները, և ամենագլխավորը՝ դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում առջևում։ Այս ամենն էլ ավելի են դժվարացնում ճանապարհը։ Եթե Փիր Ղուլի խանը պաշարել է Շուշին (իսկ դա հաստատ է), նա չի կարող իր տաս հազարանոց բանակը նստեցնել ամայի դաշտում և սպասել, թե երբ պիտի ռուսները ներսում քաղցից խեղճանան ու բացեն դարպասները։ Տաս հազարանոց բանակի դեմ մի գումարտակը, այն որքան էլ լավ զինված լինի, միևնույն է, ոչինչ անել չի կարող։ Երկու թնդանոթը շատ քիչ է, և դա էլ այն դեպքում, երբ պարսիկներն իրենց տրամադրության տակ ունեն երեսունից ավելի թնդանոթներ։

Կեսօրվա դեմ երևաց Շահբուլաղ գետակը, ձորից հաճելի զովություն փչեց։ Ջրի քչքչոցից ասես աշխուժացան ձիերը, մայոր Կոտլյարևսկին ասաց. «Ջուր կխմենք, կճաշենք, մի քիչ կհանգստանանք, իսկ հետո՝ աստված գիտե»։ Նրանք նոր էին թեքվել դեպի ձորակը, երբ դեմ առ դեմ հայտնվեց պարսկական առաջատար հեծելագունդը և սրամերկ նետվեց առաջ։ Մինչ գնդապետ Կարյագինը գումարտակը կդասավորեր ի մարտի, Վանի յուզբաշին իր հեծելախումբը բաժանեց երկու մասի, կատարեց համարձակ ու անսպասելի շրջանցում։ Ձախից Մուրադն անցավ հարձակման, աջից՝ ինքը։ Դա շփոթության մատնեց պարսիկներին, իսկ եգերները ձեռքից բաց չթողեցին հարմար առիթը, նետվեցին սվինամարտի։ Սարհադ Նուրեդդին Ֆաթին, ֆրանսիական ոգով դաստիարակված հրամանատարը, առաջինը շուռ տվեց իր ձիու գլուխը, և հեծյալ սարվանդները հետևեցին նրան։

- Խցկվել ենք,- գնդապետը հանեց գլխարկը ու կրկնեց.-այո, խցկվել ենք, բայց ինչ արած, հրամանը հրաման է։
Գեներալ Ցիցիանովը մայոր Լիսանևիչին հրամայել է բերդի պաշտպանությունը հանձնել Իբրահիմ խանին, շարժվել դեպի Ասկերան, հակառակորդին խփել թիկունքից, իսկ գնդապետ Կարյագինը կհարվածի ճակատից։ Մինչդեռ մայոր Լիսանևիչը բերդից դուրս գալու ոչ մի հնարավորություն չունի, և եթե ունենա էլ, հեռուն գնալ չէր կարող, որովհետև պարսիկները փակել են բոլոր անցուղիները, ամրացել Ասկերանի բերդում։
Ռուսական գումարտակը ճակատամարտն ընդունեց բաց դաշտում։ Փիր Ղուլի խանը երկու հեծելագունդ ուղարկեց փակելու նահանջի ճանապարհը և հակառակորդի դեմ հանեց երեք գունդ, ետևում ունենալով երկու հեծելագունդ և չորս հազարանոց հետևակ։ Վանի յուզբաշին տեղ գրավեց դիմացի բլրին՝ իր վրա վերցնելով գումարտակի թիկունքն անցած հակառակորդի հեծելագնդի հարվածները։

- Մենք շրջապատված ենք,- և գնդապետը դարձավ զինվորներին,- դե ինչ, չենք հանձնվի, կկռվենք և կմեռնենք փառքով։
- Ո՛չ, չենք մեռնի,- ասաց Վանի յուզբաշին։ - Ձերդ գերազանցություն, մենք կամրանանք ահա այն բլրին ու կպաշտպանվենք։
- Դա ի՞նչ բլուր է, յուզբաշի։
- Գերեզմանոց է։
- Պարսիկները հենց այդ գերեզմանոցում էլ մեզ կթաղեն։
- Առայժմ հայտնի չէ, թե ով ում կթաղի... Հետո էլ, ձերդ գերազանցություն, ընդունված չէ քրիստոնյաներին թաղել մահմեդական գերեզմանոցում։

Փիր Ղուլի խանը, որ ձորի այն կողմից հեռադիտակով հետևում էր ծավալված գործողություններին, ռուսական գումարտակի այդ տեղաշարժը նկատեց. «Ռուսները պատրաստվում են հանձնվելու,- ասաց թոփչիբաշի Բունյաթ խանին։ - Ռուս սարհանդը խելոք է մտածել, կյանքը քաղցր է»։ Խանը համոզված էր, որ հակառակորդը հանձնվում է, բայց հանկարծ ռուս զինվորները ընթացքից ուժեղ կրակ բացեցին, Վանի յուզբաշու հեծելագունդը թրամերկ նետվեց առաջ, ճեղքեց սարբազների ամուր շղթան, եգերները արագ տեղաշարժով թեքվեցին դեպի բլուրը։
- Ի՜նչ է, չե՞ն ուզում հանձնվել,- Փիր Ղուլի խանը շարժեց ուսերը,- դե լավ, եթե ուզում են թաղվել գերեզմանոցում, թող թաղվեն,- և հարձակման հրաման տվեց։

Փիր Ղուլի խանի «եվրոպական տիպի բանակը» թքած ունենալով կարգ ու կանոնի վրա, հարձակվեց հախուռն, աղմուկ-աղաղակով։ Ռուսները գերեզմանոցից կրակ բացեցին, գերեզմանոցի ձախ կողմից Վանի յուզբաշու ջոկատը հարվածեց։ Պարսիկներն ինչ թափով նետվել էին գրոհի, նույն թափով ետ շպրտվեցին։ Դա ավելի կատաղեցրեց Փիր Ղուլի խանին, և նա թոփչիբաշի Բունյաթ խանին հրամայեց կրակ բացել քսան հրանոթից։
Գերեզմանոցը կորավ թանձր ծխի մեջ։ Սարդարը առաջ նետեց հեծելագունդը։Առջևից ընթացողներն ընկան ուժեղ կրակի տակ, փակեցին ետևից եկողների ճանապարհը։ Դժվար է իմանալ, թե ով ում է խփում, ինչ նպատակ է հետապնդում թոփչիբաշին, որ շարունակ բղավում է՝ աթա՛շ, աթա՛շ, աթա՛շ։ Պարսկական հրանոթները լռեցին միայն իրիկնամուտին և առավոտյան նորից սկսեցին։ Դա ևս ոչ մի արդյունք չտվեց, և Փիր Ղուլի խանը հեռադիտակն իջեցրեց ու ասաց. «Ես դրանց գերեզմանոցում քաղցած ու ծարավ այնքան կպահեմ, որ իրենք ստիպված անձնատուր կլինեն»։ Նա հրամայեց չորս մարտկոց դնել գետափին և շարժվեց դեպի վրանը։

Սպառվել էր ջրի վերջին պաշարը։ Գետը հեռու չէ, սակայն գետափին պարսիկներն են։ Վիրավորները ջուր են ուզում։ Կենդանի մնացածները ջուր են ուզում։
- Ջո՜ւր...
- Ջո՜ւր...
- Ջո՜ւր...
Վերևում հուրհրատում է արեգակի հրաշեկ գունդը, հողը շիկացել է, շիկացել են գերեզմանաքարերը, իսկ քիչ ներքև կարկաչում է գետը։ Գումարտակի գրագիր Իվան Սոլոգուբը, որ նման դեպքերում երբեք չի կորցնում իրեն և ընկերներին ուրախացնում է կատակներով, սկսեց սվինով փորփրել ինչ-որ գերեզման։ Ընկերները զարմացած նայեցին նրան, և Սոլոգուբը լուրջ-լուրջ ասաց՝ ի՞նչ եք բերաններդ բացել, ասում են հանգուցյալներն այն աշխարհում միշտ իրենց մոտ ջուր են պահում։ Նույն Սոլոգուբը հետագայում պիտի գրեր. «Մենք հայտնվեցինք ինչպես պաշարված ամրոցում. տոթը հյուծում էր մեր ուժերը, քաղցն ու ծարավը հյուծում էին մեզ, իսկ հակառակորդի մարտկոցներից կրակոցները չէին դադարում։ Այդ րոպեից սկսած զորախմբի կորուստները սկսեցին աճել։ Կարյագինն արդեն երեք անգամ կաթվածահարվեց կրծքից, գումարտակի հրամանատար, հետագայում Ասլանդուզի ու Լենքորանի հերոս մայոր Կոտլյարևսկին վիրավորվեց ոտքից, իսկ սպաների մի մասը շարքից դուրս էր եկել կռվի առաջին օրը»։

Տարիներ անց Վանի յուզբաշին պիտի պատմեր. «Երեկոյան երբ պարսիկների կողմից դադարեցվեց կրակը, Մուրադը մոտեցավ ինձ պարսիկ սարբազի համազգեստով, ձեռքին երկու դույլ։ Ես հասկացա նրան, ուզում է գնալ ջրի։ Դիմեցի գնդապետին, խիստ զայրացավ. «Ո՛չ,- ասաց,- թույլ չեմ տալիս, դուք ինձ համարում եք ձեր հայրը, իսկ հայրը պատասխանատու է իր որդու կյանքի համար»։ Բայց Մուրադը գնացել էր արդեն և շուտով վերադարձավ ջրով լիքը դույլերով։ Գնդապետ Կարյագինը կարգադրեց ջուրը տալ վիրավորներին, հետո նայեց Մուրադին ու ասաց. «Խիզախության համար՝ շնորհակալություն, իսկ հրամանը չկատարելու համար, հենց որ դուրս գանք այս կաթսայից, ես քեզ անպայման կպատժեմ»։

Գնդապետ Կարյագինի ուշադրությունը գրավեց գետափի պարսկական հինգ մարտկոցը։ Փիր Ղուլի խանը երբեք չէր կարող ենթադրել, որ հակառակորդն իր այդ փոքր ուժերով, քաղցից ու ծարավից հյուծված զինվորներով կարող է անցնել հարձակման։ Հաց չկա, ջուր չկա, ռազմամթերքը սպառվելու վրա է։ Եթե մեռնել է, ուրեմն ավելի պատվով մեռնել։ Նա հավաքեց սպաներին, ներկայացրեց իր ծրագիրը՝ պորուչիկ Լադինսկին հարյուր եգերներով կհարձակվի գետափի մարտկոցների վրա, Իվան յուզբաշին նրա հարձակումը կպաշտպանի ձախ թևում կանգնած հեծելագնդից, մայոր Կոտլյարևսկին մնացած ուժերով կրակ կբացի սարալանջի հետևակայինների վրա։ Հարձակումը սկսել լուսաբացին, երեք ճակատով։ Երկու մահ չի լինում, իսկ մեկից չես կարող խուսափել։ Ոչ ոք չառարկեց, բոլորն էլ պատրաստ են կռվելու։


5.

Լույսը բացվեց։ Փիր Ղուլի խանը դեռ չէր սկսել առավոտյան նամազը, երբ հանկարծ սկսվեց հրաձգությունը։ Նրան սկզբում թված, թե ռուսները Գանձակից օգնություն են ստացել, դուրս վազեց վրանից և սարալանջից նայեց հեռադիտակով։ Այդտեղից ամեն ինչ պարզ երևում է։ Փիր Ղուլի խանը շարունակում է հետևել մարաջախտների խորհրդին և այն սրբությամբ է կատարում՝ զորավարը պարտավոր է հարմար ու ապահով տեղ ընտրել և հետևել մարտին։

Պորուչիկ Լադինսկու եգերներն այնպիսի արագությամբ նետվեցին թշնամու մարտկոցները, որ թոփչիբաշին չհասցրեց նույնիսկ կարգի բերել իր մարդկանց և առաջինն ինքը փախավ։ Մուխթար էլ Զաքիրի հեծելագունդը պատրաստ չէր մարտի։ Մինչ սարբազները կհասցնեն թամբել ձիերը, Վանի յուզբաշին իր փոքրիկ հեծելախմբով փակեց նրանց ճանապարհը։ Պորուչիկ Լադինսկին գրավելով պարսկական մարտկոցները, հրամայեց այն շուռ տալ հակառակորդի հետևակի վրա։
Վանի յուզբաշին, ինչ խոսք, չէր կարող կանգնեցնել հսկա հեծելագունդը... և դժվար է ասել, թե այդ ամենն ինչով կավարտվեր, երբ հանկարծ ծանոթ ձայն հասավ ականջին. «Վանի ախպեր, պինդ կաց, թիկունքդ ամուր է»։

ՎԱՆԻ ՅՈՒԶԲԱՇԻ. Դա եղբայրս էր՝ Հակոբը։ Նա հասավ ճիշտ ժամանակին, ինչպես ասում են՝ աստված նրան ուղարկեց։ Նա եկավ յոթանասուն հեծյալ խմբով, հարվածեց թիկունքից, պարսիկները սկսեցին փախչել խուճապահար ։ Մեզ էլ դա էր հարկավոր, առանց ժամանակ կորցնելու, սլացանք դեպի դիմացի սարալանջը, ուր կանգնած է ինքը՝ Փիր Ղուլի խանը։ Մուրադն ընթացքից նշան բռնեց, կրակեց, խանը բռնեց թևից ու գոռաց կողքին կանգնած աջուդան բաշիի վրա։ Սարբազներն անկանոն կրակ բացեցին մեզ վրա։ Փիր Ղուլի խանը նույն պահին նստեց իր ձին, անցավ բլրի ետև։ Գնդապետ Կարյագինը, որ հետևում էր մեզ, հրամայեց վերադառնալ։

ԿՈՏԼՅԱՐԵՎՍԿԻ. Ես լսել էի Հակոբ յուզբաշու մասին, բայց այն, ինչ տեսա իմ աչքով, հնարավոր չէ նկարագրել։ Նա լեռնային արծվի պես մխրճվեց թշնամու հեծելագնդի մեջ, թրատեց երեք սարբազի։ Այդպես միայն արծիվն է հալածում ագռավներին, որոնք համարձակվել են մտնել իր բունը։ Սկզբում ինձ թվաց, թե նա ձախլիկ է, բայց պարզվեց, որ երկու ձեռքով էլ հմտորեն բանեցնում է թուրը։ Մուխթար էլ Զաքիրը տեսավ Հակոբ յուզբաշուն, խթանեց ձին, և երկու հակառակորդներ կանգնեցին դեմ-դիմաց։ Առաջինը փորձված սարհանդ է, Փիր Ղուլի խանի փառքն ու պարծանքը, երկրորդը ջահել տղա, բանակում չի ծառայել, հետևաբար չունի մեծ փորձ։ Դա արդեն ազնիվ մենամարտ էր, ինչպես ասպետների ժամանակներում։ Զնգացին թրերը, դաշտում սկսվեց զարմանալի մի հողմապար։ Եղավ մի պահ, որ թվաց, թե պարսիկ սարհանդը արդեն առավելության է հասել, բայց դա մի պահ էր միայն, Հակոբը իսկույն խույս տվեց նրա հարվածից և իր թուրն իջեցրեց հակառակորդի պարանոցին։

ՓԻՐ ՂՈՒԼԻ ԽԱՆ. Հայ յուզբաշին սպանեց իմ ամենալավ սարհանդին։ Ալլահը վկա, եթե այդ հայ յուզբաշին ձեռքս ընկնի, ես նրան լավ պատիվ կանեմ, փեշքեշներ կտամ և հետո կկտրեմ գլուխը։ Գյավուրը կռվել գիտե։ Այդ ռուս սարհանդն էլ մեզ լավ խաբեց։ Չէ, ալլահը վկա, ես դրանց ձեռքից բաց չեմ թողնի, բոլորին կխեղդեմ այդ գերեզմանոցում։

ՍԵՅՖՕԼԼԱ ՎԱՀԻԴ ԷԼ ՓՈՒՐ. Ես պատռեցի գրածներս ու նետեցի խարույկի մեջ։ Մեծ Ֆիրդուսի լինելու համար Ռոստամ Զալի նման հերոս պիտի ունենալ և համարձակություն՝ ասելու ճշմարտությունը։ Այս ճակատամարտը բացեց իմ աչքերը։ Հայ յուզբաշիները ինձ դարձրին միանգամայն ուրիշ մարդ։ Մեկը արծիվ էր, մյուսը՝ բազե։ Այն սևաթույր ձիավորը, որ օգնության հասավ եղբորը, իսկական կտրիճ է։ Ես այստեղ հիշեցի մեծ Ֆիրդուսուն. «Իսկ Հայկազուն Մուշեղ քաջը պոկվեց կարծես խենթ հողմից»։ Բայց ո՞ւր մնաց Աբաս Միրզայի փառաբանված բանակը։ Փիր Ղուլի խանը կորցրեց գլուխը, իսկ երբ վիրավորվեց, սկսեց հայհոյել իր անճարակ սարհանդներին։ Ես հասկացա նաև մի բան՝ մեր կռիվն անարդար կռիվ է։
Փիր Ղուլի խանը դեռ կոկորդն է պատռում՝ կվառեմ, կքանդեմ, կխեղդեմ,կմորթեմ, կենդանի կթաղեմ, մոխիր կդարձնեմ...
Ֆիրդուսին խելոք է ասել.
Եթե մարդու միտքը ընդմիշտ խարխափում է խավարում,
Ոչ մի անգամ նրա հոգին լույսի շող չի արձակում։

ԿԱՐՅԱԳԻՆ. «Ձերդ գերազանցություն, այն ինչ տեղի ունեցավ վերջին ճակատամարտում, անհնար է պատմել։ Մենք Ասկերանի բերդի մոտ ընկանք ծուղակի մեջ։ Դուք հրամայել էիք, որ մայոր Լիսանևիչը թողնի Շուշվա բերդը, ամրանա Ասկերանում։ Սակայն ինչպես հայտնի է ձեզ արդեն, նա չէր կարող դիմել նման քայլի, որովհետև բերդը գտնվում է պաշարման մեջ։ Մեզ մնում էր միայն ամրանալ մի ընդարձակ գերեզմանոցում, ետ մղել հակառակորդի գրոհները։ Մի փոքրիկ գումարտակ, այնուամենայնիվ, արեց անհնարինը։ Ուրիշ ելք չկար, դիմեցինք գրոհի։ Մենք սկզբում գրավեցինք հակառակորդի հինգ մարտկոցները, և այն պահին, երբ Փիր Ղուլի խանը սթափվեց, ոտքի հանեց հեծելագունդն ու երկու հետևակային գնդեր, Վանի յուզբաշու եղբայրը՝ Հակոբ յուզբաշին, իր հեծելախմբով հասավ օգնության։ Մենք շահեցինք այդ ճակատամարտը, բայց այդպես էլ չկարողացանք ճեղքել օղակը։ Տա աստված, որ այս հաղթանակը մեզ վրա շատ ծանր չնստի։ Սպասում եմ ձեր կարգադրությանը»։


6.

Փիր Ղուլի խանը չարդարացրեց Աբաս Միրզայի հույսերը։ Շուշիի բերդը մնաց հակառակորդի ձեռքում։ Բայց Աբաս Միրզային հիմա Շուշին այնքան էլ չի հետաքրքրում։ Հարկավոր է շտապել, քանի հակառակորդը Գանձակում մեծ ուժեր չի կուտակել։ Ասում են՝ գեներալ Ցիցիանովը մի քանի անգամ դիմել է Կովկասի զորքերի գլխավոր հրամանատարին՝ մեր վիճակն անհուսալի է, երկար չենք կարող դիմանալ։ Սակայն գլխավոր հրամանատարը ուղարկել է երկու թե երեք գումարտակ և հրամայել՝ Գանձակը պաշտպանել, թույլ չտալ թշնամին գրավի Ասկերանը։

Աբաս Միրզան մի քանի անգամ զգուշացրել է Փիր Ղուլի խանին, որ հայերի հետ լավ վերաբերվեն, լեզու գտնեն հայ մելիքների հետ և նրանց հրահրեն ռուսների դեմ։ Աբասը համոզված է, որ եթե ինքը գրավի Գանձակը, Շիրվանի, Շաքիի, Բաքվի, Շամախիի, Լենքորանի և մնացած մեծ ու փոքր խանությունները ոտքի կկանգնեն ընդդեմ ռուսների։ Նա հետապնդում է նաև ուրիշ մի նպատակ՝ ժամանակ չտալ, որ թուրքական սուլթանը մտնի Բաքու։ «Սուլթանը ականջի ետևը կտեսնի, բայց Բաքուն չի տեսնի»,- ասել է շահին։

Աբաս Միրզան 30 հազարանոց բանակով շարժվեց դեպի Ասկերան և, թիկունքն ապահովելու նպատակով, երկու գունդ թողեց Խանքենդ ու Խոջալլու գյուղերում, Մազե կամրջի վրա պարեկներ դրեց, մի հեծյալ զորագունդ ամրացավ Բաղեն-շենում։ Չնայած Աբասը կարգադրել էր՝ առայժմ ձեռք չտալ հայերին, բայց Բաղեն-շենի հեծելագնդի սարհանդ Սելիմ Ղասում բեկը չդիմացավ, շարժվեց Շոշ գյուղի վրա՝ թալանի։ Շոշեցիներն էլ կարծես Չիմանի ձորում նրանց էին սպասում, պատսպարվեցին ժայռերի մեջ և սկսեցին քարե կարկուտ թափել նրանց գլխին։ Խանը զգաց, որ մեծ սխալ է կատարել, սպիտակ դրոշակ բարձրացրեց ու ասաց.
- Ա՛յ հայեր, ալլահը վկա, ես լավ մտքով եմ եկել ձեզ մոտ, բա հյուրին էդպե՞ս են ընդունում։

Ասացին.
- Եթե կարողանաս կաշիդ փրկել, կգնաս ձեր Աբաս Միրզային ասես՝ գլուխդ քարովն ես տվել, որ մեզ հյուր ես ուղարկել։
Սելիմ Ղասում բեկը չկարողացավ փրկել իր կաշին։
Փիր Ղուլի խանն իր շքախմբով գնաց դիմավորելու Աբաս Միրզային։ Նա հագել է իր տոնական համազգեստը, կախել շքանշանները և վիրավորված թևը պահել կրըծքին։ Թագաժառանգը չպատասխանեց նրա խոնարհ բարևին, նայեց շքանշաններին ու հարցրեց.
- Փիր Ղուլի խան, դու այդ շքանշանները ե՞րբ և ինչի՞ համար ես ստացել։

Փիր Ղուլի խանն նորից խոնարհեց գլուխն ու ասաց, թե որ շքանշան ինչ ծառայության համար է ստացել։
- Ես ոչ քեզ եմ հավատում, ոչ էլ քո շքանշաններին,- ասաց Աբասը,- հենց հիմա կհանես դրանք և քո ձեռքով կուղարկես այն հայ յուզբաշուն, որ Արաքսի ափին քեզ խաբեց և դեռ վերջումն էլ ժայռերն փուլ ածեց գլխիդ։
Աբասը չէր ուզում ժամանակ կորցնել, տեղ հասնելուն պես հրամայեց. «Մուսուլմանական գերեզմանոցը մաքրել անհավատներից»։ Առաջին հարձակումը ոչ մի արդյունք չտվեց, հակառակորդը ոչ միայն լավ էր ամրացել, այլև, ձեռքի տակ ունենալով բավականին զինամթերք, պաշտպանվում էր հմտորեն։

Երկրորդ հարձակումը նույնպես անցավ ապարդյուն։ Լավ են կռվում, շատ լավ են կռվում,- մրթմրթաց Աբաս Միրզան և մի ուրիշ միտք ծագեց նրա գլխում՝ իսկ մի՞թե չենք կարող այդ հայերին հեռացնել ռուսներից։ Նա կանչեց ծախու մի հայի, որ վաղուց ծառայում էր սարդարին, ասաց, թե ինչ պիտի անի։ Վերջինս սպիտակ դրոշակ բարձրացրեց, կանգնեց բարձր մի քարի ու ասաց.
- Հովհաննես յուզբաշի, Աբաս Միրզան շատ է լսել քո քաջագործությունների մասին... Ճիշտ է, դու կռվել ես պարսիկների դեմ, բայց մեծ սարդարը մեծահոգի է, ներում է քո սխալը։ Մեծ սարդարի կռիվը ոչ թե հայերի, այլ ռուսների դեմ է, որ եկել գրավել են ձեր հողը։ Զենքներդ ցած դրեցեք և գնացեք ձեր տները։

Հովհաննես յուզբաշին պատասխանեց.
- Աբաս Միրզային ասա, որ մենք չենք ընդունում նրա ներումն ու մեծահոգությունը։ Մենք լավ գիտենք սարդարի մտադրությունը։ Մեր հողում նա անելիք չունի։
- Հայե՛ր, ա՛յ հայե՛ր, մտածեցեք, լավ բան չեք անում։
Հովհաննես յուզբաշին հարցրեց.
- Դու է՞լ ես հայ։
- Հայ եմ, հայ եմ։
- Դե երդվիր, որ հայ ես։
- Հիսուս Քրիստոսը վկա։
- Հիսուս Քրիստոսի հետ դու գործ չունես, հավատափոխ շուն, ալլահով երդվիր։
- Հովհաննես յուզբաշի, լավ մտածիր, հետո ուշ կլինի։

Վանի յուզբաշին վերցրեց հրացանը, նայեց քարի վրա կանգնած դավաճանին ու ասաց.
- Մտածել, պրծել եմ։
- Պատասխանդ։
- Ահա պատասխանս...
Հրացանը որոտաց, դավաճանն ընկավ։
Աբաս Միրզան այս անգամ գրոհեց ավելի մեծ ուժերով, երեք թևից։
- Լավ, եթե չեք ուզում ապրել, մեռեք ձեր այդ շեկ շների հետ,- ասաց նա։ - Մենք մինչև երեկո կմաքրենք ձեր հաշիվը։ Որոտացին պարսկական մեծ ու փոքր տրամաչափի թնդանոթները, վառոդի հոտը բռնեց ամենուր։ Գնդապետ Կարյագինն ու մայոր Կոտլյարևսկին, հրացանները ձեռքներին, շիրմաքարից շիրմաքար են վազում, ոգևորում մարտիկներին։ Վանի և Հակոբ յուզբաշիներն իրենց զինախմբով դիրք գրավելով գերեզմանոցի հարավ-արևելյան մասում, երեք անգամ ետ մղեցին հակառակորդի հեծելազորայիններին։ Մուրադը վիրավորվեց թևից, բայց մնաց շարքում։

Երեկոյան պորուչիկ Լիսենկոն 50 զինվորով անցավ հակառակորդի կողմը։ Դա ծանր հարված էր, և Կարյագինը դիմեց զինվորներին.
- Ինչ արած, եղբայրներ, հառաչելով վերքի ցավը չես մեղմի, վշտով դժբախտությունը չես ուղղի, կանենք մեր գործն ու կպաշտպանվենք մինչև արյան վերջին կաթիլը։
Դրությունը օրհասական էր։ Գնդապետը մոտեցավ Վանի յուզբաշուն և ասաց.
- Իվան յուզբաշի, բարեկամս, դուք մեզ շատ եք օգնել, եթե աստված տա, կենդանի մնամ, ամբողջ կյանքում ես ձեզ չեմ մոռանա։ Խնդրում եմ, գոնե դուք փրկեցեք ձեր կյանքը։ Ձեր մայրերը, հայրերը, ձեր կանայք ու երեխաները ձեզ են սպասում։

Վանի յուզբաշին նայեց գնդապետի կապույտ աչքերին ու պատասխանեց.
- Ձերդ գերազանցություն, փրկություն կա։ Մենք արդեն գտել ենք ելքը։
- Չե՞ք կատակում, յուզբաշի։
- Ձերդ գերազանցություն, Շահբուլաղի բերդն այստեղից այնքան էլ հեռու չէ։
- Իսկ ինչպե՞ս դուրս գալ այս կաթսայից։
- Գտել ենք ճանապարհը։ Կես գիշերին կհեռանանք։

Հունիսի 27-ին գնդապետ Կարյագինը գրեց գեներալ Ցիցիանովին. «Շտապե-լով հաղորդելու ձերդ պայծառափայլությանը որքան կարելի է համառոտ Աբաս Միրզայի և նրա վերջին մարտի մասին, հայտնում եմ, որ գումարտակի մնացորդները, մարդկանց ու թնդանոթները ակնհայտ և կատարյալ կորուստից փրկելու ձգտումով նախաձեռնեցի հաստատուն որոշում։ Այն է՝ համարձակությամբ ճեղքել ու անցնել բազմաթիվ հակառակորդի միջով ու գրավել Շահբուլաղի բերդը... Իմ ճեղքման ու գրավման ժամանակ պատահող դեպքերի մասին կհաղորդեմ անհապաղ»։

Գնդապետն այստեղ գույները բավականին խտացրել է. նման հոգնած ու հալից ընկած գումարտակի մնացորդներով ընդհանրապես անհնար է ճեղքել հակառակորդի ուժեղ ու ամուր շղթան։ Վանի յուզբաշին նրան սկզբից ասել էր, որ այդ կաթսայից դուրս կգան անաղմուկ։ Պարսիկները, որ ամուր փակել էին բոլոր անցուղիները, հավանաբար չեն նկատել ժայռերի միջով անցնող նեղ կածանը։ Հակոբ յուզբաշին հիսուն եգերների հետ բոլոր հրանոթները թոկերով բարձրացրեց և դուրս բերեց կանաչ մի բացատ, հետո Մուրադի ուղեկցությամբ բոլոր վիրավորներին անցկացրին լեռնային կածանով, իսկ Վանի յուզբաշին, դեռ լույսը չբացված, արդեն Շահբուլաղ բերդի մոտ էր։

Գերեզմանոցում տիրեց մեռելային լռություն։ Ոչ Աբաս Միրզան և ոչ էլ նրա սարհանդները ոչինչ չէին կասկածում։ Լուսաբացին թագաժառանգը մարդ ուղարկեց բանակցությունների՝ կամ հանձնվեցեք, կամ ոչ մեկին կենդանի չեմ թողնի։ Պորուչիկ Լիսենկոյի զինվորներից մեկը, որ իր արարքի համար զղջացել, փախել էր յուրայինների մոտ, նկատեց Աբասի բանագնացին, առանց վայրկյան կորցնելու, դիմահար կրակեց նրա կրծքին։
- Անհավատները սպանեցին մեր սարբազին,- գոռաց Աբասը և հրամայեց բոլոր թնդանոթներից կրակ բացել գերեզմանոցի վրա...


7.

Շահբուլաղի բերդը...
Բարձր ժայռաբլուր, վեց կլոր բուրգերով շրջափակված քարե ամուր պարիսպ, ատամնավոր բուրգերին շրջանաձև դիտանցքներ, գագաթներին դիտաշտարակներ։

Լեգենդը պատմում է.
Շատ ու շատ տարիներ առաջ մի իշխան եկավ կառուցեց այստեղ շքեղ մի դղյակ և կոչեց այն իր կնոջ անունով՝ Շահանկերտ։ Հետո Լենկ Թեմուրն իր հրոսակներով խուժեց Ղարաբաղ, սպանեց, ավերեց, թալանեց շեները, քարուքանդ արեց բերդերը։ Լենկ Թեմուրի զորապետ Թինմաչանը պաշարեց իշխանի ամրոցը, սակայն այն ամուր էր և անառիկ։ Զորապետը նկատելով, որ բերդի պարիսպները կրաքարից են, հրամայեց զորքին՝ կտրտել անտառը, պարիսպների տակ խարույկներ վառել։ Երեք օր, երեք գիշեր ծուխն ու բոցը երկինք բարձրացան և չորրորդ օրը պարիսպը փլվեց։ Մոնղոլները խուժեցին ներս, բայց այնտեղ ոչ մի կենդանի շունչ չկար, բոլորը գաղտնի գետնուղով հեռացել էին։

Փանահ Ալի անունով խորամանկ, բիրտ ու դաժան մի խան գալիս հաստատվում է այստեղ, նախկին ամրոցի փլատակների վրա կառուցում է մի բերդ և կոչում Շահբուլաղ՝ ամրոցից ոչ այնքան հեռու գտնվող հորդաբուխ աղբյուրի անունով։ Սակայն սրան էլ բախտ չի վիճակվում երկար մնալ իր կառուցած բերդում։ Նրա դաժանությունից հպատակները զզվում ու հեռանում են մի օր։ Արթնանում, տեսնում է բերդում այլևս մարդ չի մնացել, մենակ ինքն է։ Սա էլ թողնում է բերդը, գնում Շուշի։

Ապա ինչ որ Փոլաթ խան, այսինքն մեկը այն հազարավոր ինքնակոչ խաներից, որ ուր կրակ է տեսնում՝ ձեռքերը դեմ է անում, դատարկ տուն է տեսնում, մտնում է մեջը, ասում՝ սա իմ տունն է, իմ պապն է կառուցել, ահա այս Փոլաթ խանն իր անտուն, անտոհմ, անոթի ավազակախմբով գալիս, նստում է Շահբուլաղի բերդում, ճանապարհով անցնողներից ճանապարհահարկ է վերցնում, աղբյուրից ջուր խմողներից՝ ջրահարկ, անտառից չոր ճյուղ պոկողներից՝ անտառահարկ, ապրողներից՝ ապրելահարկ... Ու մի օր էլ մարդկանց համբերության բաժակը լցվում է, բռնում սպանում են նրա որդուն, կանչում խանին և ասում. Փոլաթ խան, հիմա էլ հերթը քոնն է, մեռելահարկ տուր... Այսպես Շահբուլաղի բերդը ձեռքից ձեռք է անցնում , և 1805 թվականի հունիսին բերդին տիրում է Աբաս Միրզայի մոտիկ ազգակից Իֆիալ խանը՝ իր 150 սարբազով։

Իֆիալ խանն այժմ սպասում էր Աբաս Միրզային։ Բերդի դարպասները բաց են, սարբազներն իրենք իրենց համար շրջում են մոտակա անտառում։ «Եթե մենք հիմա չգրավենք բերդը, Աբասը հենց այստեղ էլ սրի կքաշի բոլորիս»,- ասաց Վանի յուզբաշին։ Ռուս զինվորներն ու հայ կամավորականները դարպասից ներխուժեցին սելավի պես։ Իֆիալ խանը վերջին պահին իր մի քանի սարբազներով փորձեց փակել դարպասները, բայց արդեն ուշ էր, իր օգնականների հետ ընկավ խոցված, իսկ կենդանի մնացած պարսիկները փախան։ Գնդապետ Կարյագինը գիտեր, որ Աբաս Միրզան շուտով կպաշարի բերդը, ջրի և հացի պաշարը չի հերիքի, կանչեց Վանի և Հակոբ յուզբաշիներին, ասաց.
- Սա արդեն կամավոր բանտարկություն է և դժվար չէ ենթադրել, թե ինչով կավարտվի։ Կարծում եմ, դուք դրսից ավելի լավ կօգնեք մեզ։

- Համաձայն եմ ձերդ գերազանցության հետ,- պատասխանեց Վանի յուզբաշին,- Հակոբը տղաների հետ կհեռանա, ես ու Մուրադը կմնանք այստեղ։
Գնդապետը զեկույց ուղարկեց իշխան Ցիցիանովին. «Բերդն իմ կողմից վերցված է, հակառակորդին դուրս ենք շպրտել, սպասում ենք ձերդ պայծառափայլության կարգադրությանը»։
Աբաս Միրզան չուշացավ, պաշարեց բերդը։ Զորագունդը ամուր ու բարձր պատերի հետևում ապահով է, պարսկական ռումբերն անուժ են քարակոփ պատերի դեմ։ Սակայն պարենը բավականին քիչ է, և դա լավ գիտեր նաև Աբասը։

Սկսվեց սովը։ Վիմափոր քառանկյունի ջրհորում դեռ ջուր կար, իսկ հա՞ց... Այդ մասին պորուչիկ Լադինսկին հետագայում պիտի գրեր. «Այդ սարսափելի ծայրահեղ պահին մեր իսկական բարերարը, որի անունը պիտի անմոռաց մնա Կարյագինի զորախմբում եղածներիս համար՝ մեր հավատարիմ Իվան յուզբաշին, առաջարկեց մեզ համար ճարել որքան հնարավոր կլինի ուտելիք, իսկ ամենագլխավորը՝ նա հանձն առավ տեղեկացնելու իշխան Ցիցիանովին մեր անելանելի վիճակի մասին»։
Կարյագինի նամակը կարճ էր և կոնկրետ։ Աբաս Միրզայից հետո Ղարաբաղ մտավ պարսկական գլխավոր բանակը՝ Բաբախանի գլխավորությամբ։ Նման դեպքում ասում են՝ գլխացավն ու հոդացավը քիչ էր, փորացավն էլ ավելացավ։ Եվ ապա Կարյագինը ավելացնում է. «Եթե ձերդ պայծառափայլություն, չշտապեք, ապա զորախումբը կկործանվի ոչ թե անձնատուր լինելով, որին չեմ դիմի մինչև արյան վերջին կաթիլը, այլև պարենի ծայրահեղ պակասից»։


8.

Աբասը գնդապետ Կարյագինին առաջարկեց պատվով հանձնվել։ Կարյագինը հույս ունենալով, որ Իշխան Ցիցիանովը օգնության կհասնի, որոշեց ժամանակ շահել և պատասխանեց՝ հանձնվելը կհանձնվենք, ուրիշ ելք չկա, բայց մարդկանց հետ պիտի խորհրդակցել։ Հաջորդ օրը Աբասը նորից կրկնեց իր առաջարկությունը։ Գնդապետն ասաց՝ մենք համաձայն ենք, բայց հարցը պիտի լուծել խաղաղ բանակցությամբ։ Ես առավոտյան կուղարկեմ իմ ներկայացուցիչներին՝ պայմանավորվելու։
Ներկայացուցիչները պորուչիկ Լադինսկին և Վանի յուզբաշին էին։ Կարյագինը նկատի էր առել այն փաստը, որ յուզբաշին պարսկերեն լավ գիտե, մյուս կողմից՝ նրանց թարգմանիչները հաճախ աղավաղում են բառերն ու մտքերը, ամեն ինչ խառնում իրար։

Աբաս Միրզան նրանց ընդունեց իր մեծ ու շքեղ վրանում։ Նրա կողքին կանգնած էին երկու սարթիփ և ինքը՝ Փիր Ղուլի խանը։ Վերջինս առաջին հայացքից ճանաչեց հայ յուզբաշուն, դեմքը ծռմռեց, բայց ցույց տվեց, որ չի ճանաչում իր հակառակորդին, և հետո էլ՝ մենակ իրեն չի խաբել այս խորամանկ հայը։ Աբասի քթի տակից փախցրել է ռուսական ամբողջ զորագունդը։
Աբաս Միրզան գլխով պատասխանեց նրանց բարևին ու հարցրեց.
- Ինչպե՞ս է գնդապետ Կարյագինի առողջությունը։
- Փառք աստծո, ողջ և առողջ է,- պատասխանեց յուզբաշին։
- Լավ է, շատ լավ է,- Աբասը գլխով արեց,- թող աստված նրան երկար կյանք ու արև տա,- շեղակի նայեց յուզբաշուն,- Վանի յուզբաշին դո՞ւք ե՛ք։

- Սարդարը չի սխալվում, ես եմ։
- Դուք ո՞ւմ կողմից եք եկել բանակցություններ վարելու՝ ռուսների՞, թե՞ հայերի։
- Որպես ղարաբաղցի՝ հայերի կողմից, որպես ռուսական բանակի զինվոր՝ ռուսների կողմից։
- Պարսկերեն լավ եք խոսում, յուզբաշի, եթե մեզ չեք սիրում, ինչո՞ւ եք սովորել մեր լեզուն։
- Թշնամուն հաղթելու համար պիտի իմանալ նրա լեզուն։ Բայց ես պարսիկ ժողովրդին չեմ ատում։
- Բայց մենք կռվում ենք ոչ թե հայերի դեմ, այլ ռուսների,- ասաց Աբաս Միրզան։
- Այդ դեպքում սարդարն ի՞նչ գործ ունի Ղարաբաղում։
- Ռուսաստանի ճանապարհն անցնում է Ղարաբաղով։

Վանի յուզբաշին ծիծաղեց և սարդարը հարցրեց.
- Ինչո՞ւ եք ծիծաղում
- Սարդար, այդ դեպքում ինչո՞ւ եք կանգնել, շարունակեցեք ձեր ճանապարհը։
- Որ սկսել ենք, ուրեմն կշարունակենք,- Աբաս Միրզան գլխով ցույց տվեց Փիր Ղուլի խանին,- Յուզբաշի, դուք գիտե՞ք, որ Փիր Ղուլի խանը ձեր գլխի համար հիսուն ոսկի է նշանակել։
- Իսկ ես Փիր Ղուլի խանի գլխի համար ոչ մի շահի էլ չեմ նշանակել։
Պատասխանը դուր եկավ Աբաս Միրզային, ծիծաղեց ու դարձավ Փիր Ղուլի խանին։
- Խան, իմ արևը, շատ քիչ ես նշանակել, այսպիսի գլուխը հազարներ արժե։
- Մեծ սարդար, այդ գլուխը հիմա մեր ձեռքին է,- Փիր Ղուլի խանի աչքերը շողացին։

Աբասն արհամարհանքով շրջեց դեմքը։
- Լավ դառնանք մեր գործին, ե՞րբ եք ուզում հանձնվել։
- Սարդար, մինչև հանձնվելը՝ պիտի ընդունեք մեր պայմանը։
- Հասկանում եմ, ապահովել բոլորիդ կյանքը։ Ընդունում եմ։ Ուրի՞շ։
- Ձեր սարբազները թալանում են մեր գյուղերը։
- Ես դա չգիտեի,- սարդարը զայրացած նայեց Փիր Ղուլի խանին։ - Խան, դա ճի՞շտ է։
- Առաջին անգամն եմ լսում,- պատասխանեց Փիր Ղուլի խանը։
- Ճիշտ չէ,- Վանին ցույց տվեց Փիր Ղուլի խանի արծաթե գոտին,- խան, դուք հիմա ձեր մեջքին կրում եք մեր գյուղացի Առաքել Հովսեփյանի գոտին։ Լավ նայեցեք, ճարմանդին գրած է նրա անունը։ Այդ գոտին իմ հոր՝ Զարդար Աթունի ձեռքի գործն է։

Փիր Ղուլի խանը գունատվեց։ Աբաս Միրզան մի անգամ էլ արհամարհանքով նայեց նրա կողմը և նրա հայացքն ասում էր. «Ախմախ ես, Փիր Ղուլի խան, ավանակ ես, հիմա՞ էր մնացել, որ գոտին կապես»։
- Պարզ է,- Աբաս Միրզան ոտքի կանգնեց,- ե՞րբ կբացեք բերդի դարպասները։
- Առավոտյան, սարդար։
Առավոտյան բերդի դարպասները չբացվեցին։ Դիտաշտարակից ինչ-որ հայ ասաց, որ սպաները դեռ խորհրդակցում են։ Աբաս Միրզան շտապում էր, Բաբա խանը Ասկերանի բերդում սպասում է իրեն։ Քիչ անց աշտարակից լսվեց նույն ձայնը.
- Մեծ սարդար, գնդապետ Կարյագինը խնդրում է մի օր էլ սպասել։ Աբաս Միրզան զայրույթից դողաց.
- Ոչ մի վարկյան էլ չեմ սպասի,- և հրամայեց թնդանոթների փողերն ուղղել բերդի դարպասներին։

Պարսիկները թնդանոթները մոտեցրին դարպասներին, տվեցին կրակահերթ։ Դարպասները փլվեցին, թշնամին խուժեց ներս, բայց բերդում կենդանի շունչ չկար։ Գումարտակը բերդից հեռացել էր հենց այն պահին, երբ հայ յուզբաշին եկել էր բանակցություններ վարելու։ Գնդապետը բերդում նամակ էր թողել սարդարին, ուր նա գրում է. «Ձեր նամակում, որ գրել եք ինձ, ասում եք, որ ձեր հայրը իմ հանդեպ բարեհաճ է, իսկ ես պատիվ ունեմ հայտնելու, որ կռվելով հակառակորդի հետ, նրանից ողորմություն չեն սպասում։ Ես, զենքի տակ ճերմակածս, ինձ երջանիկ եմ զգում, երբ արյուն եմ թափում իմ հայրենիքի համար»։
Քիչ անց Աբասին հայտնեցին, որ հակառակորդը հիմա էլ ամրացել է Մոխրաթաղի ամրոցում, բայց սարդարը շտապում էր Ասկերան, նա ռուսներին հետապնդելու համար թողեց երկու հազարանոց մի բանակ լեռներում՝ Փիր Ղուլի խանի հրամանատարությամբ, և ասաց. «Խան, այս շիլան դու ես եփել, դու էլ կուտես»։


9.

Ամեն օր, կեսօրին, նույն ժամին մեչիդի բարձր կատարից ծորում է մոլլա Մուրշուդի միապաղաղ, հոգնեցուցիչ, ձանձրալի ազանը, որ նման է սրտակեղեք ողբի։ Եվ գուցե իրոք նա ողբում է շեյխին, որ այլևս չկա։
Ամեն օր, նույն ժամին, երբ ավարտվում է կեսօրվա նամազը, և մոլլա Մուրշուդը «ալլահ, ալլահ» մրմնջալով տուն է շտապում, պարսկական թնդանոթները մի քանի ռումբ են շպրտում բերդի կողմը։ Պարսիկ թոփչիներին չի հետաքրքրում, թե որտեղ են ընկնում իրենց արձակած ռումբերը. ուղղակի ուզում են հիշեցնել պաշարվածներին, որ իրենք դեռ այստեղ են, կսպասեն այնքան, որ բերդի դարպասները բացվեն ռուսների ձեռքով։

Ամեն օր, կեսօրին, նամազից հետո, Իբրահիմ խանը ծուլորեն գալիս նստում է իր թախտին, մտքում ինչ-որ մտմտում և վեզիրներին նույն հարցը տալիս՝ ի՞նչ խաբար կա։ Պատասխանն էլ համարյա նույնն է՝ ոչ մի նորություն։ Իհարկե, Շուշիիում միշտ էլ նորություններ լինում են, բայց խանին չեն հետաքրքրում այդ նորությունները։ Իր ի՞նչ գործն է, թե ինչ-որ Ալի բեկ գիշերը մորթել է կնոջը, դիակը նետել ժայռից։ Աչքն էլ է հանել, իրեն հալբաթ լավ չի պահել՝ մորթել է։ Կամ էլ ինչ-որ Բոյուքքիշի գողացել է հարևանի կովը, մորթել, միսը ծախել։ է՜, գողացել է, գողացել է, ո՞վ չի գողանում։ Բայց դե մուսուլմանի կովը չպիտի գողանալ, ինչ է, քյոփօղլու ուժը հայերին չի՞ պատում։

Ամեն օր, նույն ժամին գիժ Հասանը Մեծ մեյդանում աջ ու ձախ հրամաններ է տալիս։ Նա իրեն մերթ համարում է Բոյուք սարդար, մերթ բոյուք փաշա, մերթ՝ Քյոռօղլի, գեներալի կեցվածք է ընդունում, իր երևակայական բանակին տանում գրոհի, գրավում թշնամու ամրոցները, հերոսներին պարգևատրում շքանշաններով, վախկոտներին՝ գնդակահարում։ Իսկ եթե փողոցում հանդիպում է որևէ ռուս եգերի, պատիվ է տալիս ու ասում. «Ուռուս փաշա, ման օլում, հարյուր սալդաթ տուր ինձ, գնամ ղզլբաշուն ջարդեմ, գամ»։ Ճիշտ է, դալի Հասանը խելքից թեթև է, բայց շնորհքով գիժ է, մի քանի օրում ռուսերեն հայհոյելը սովորեց, փողոցում հանդիպեց մոլլա Մուրշուդին, պատիվ տվեց, ռուսերեն ասաց՝ դրաստի, մոլլա, և մեր հայհոյեց, կարծելով շատ մեծ պատիվ է անում մոլլային։

Ահա այդ նույն Հասանը, դալի Հասանը, անվնաս Հասանը, խեղճուկրակ Հասանը, իր անգիտությամբ բախտավոր, իր թշվառությամբ երջանիկ Հասանը պարսիկների թնդանոթից արձակած ռումբը, որ ընկել էր Քաջքի մահլայում, բայց չէր պայթել, փաթաթեց փալասի մեջ ու չգիտես ինչպես մի օր հայտնվեց պարսիկների ճամբարում։ Ոչ ոք ուշադրություն չդարձրե՞ց նրա վրա, թե՞ բանի տեղ չդրեցին. խելոք մարդը գլխից ձե՞ռք չի վերցրել, որ մտնի թշնամու ճամբարը։ Երեք սարբազ վրանի մոտ խարույկ վառել, Բենար Ռզա խանի համար խորոված էին պատրաստում։ Դալի Հասանը մոտեցավ, մի կտոր միս խնդրեց, սարբազները նրան բանի տեղ չդրեցին, և նա էլ երեխայի նման խռովեց, փալասի մեջ փաթաթած ռումբը խարույկի մոտ վայր գցեց, ռուսերեն մեր հայհոյելով հեռացավ ճամբարից։

Պայթյունը ցնցեց գետինը, վրանը պոկեց, և երբ սարբազները հասան դեպքի վայր, Բենար Ռզա խանից թաղելու ոչինչ չէր մնացել։ Բանակի հրամանատարությունն իր վրա վերցրեց Ջումի էլ Մուրին, իսկ Դալի Հասանն անտեղյակ իր կատարած սխրանքից, հաջորդ օրը մեչիդի մոտ դարձյալ սպասում էր մոլլա Մուրշուդին, որպեսզի մոտենա, ռուսերեն պատիվ անի՝ դրաստի, ես քո մերը...
Այդ դեպքը տեղի ունեցավ օրվա նույն ժամին, երբ Իբրահիմ խանը վերջացրել էր իր հերթական նամազը, թիկնել թախտին։ Բոյուք վեզիր Էլխան Փարուխը չթողեց, որ խանը բերանը բացի, խոնարհեց գլուխն ու ասաց.
- Նոր խաբար կա, խան։

Իբրահիմ խանը կարծես աշխուժացավ.
- Խաբա՞ր... Ի՞նչ խաբար։
- Բենար Ռզա խանին տրաքացրել են։
- Ո՞նց են տրաքացրել։
- Բոմբ են գցել։
- Բո՞մբ... Ո՞վ է բոմբ գցել։
- Խանն ապրած կենա, ասում են դալի Հասանն է արել։

- Դալի Հասա՜նը,- խանը ծիծաղեց, և որովհետև խանը ծիծաղեց, բոլորն էլ ծիծաղեցին. լաց լիներ՝ լաց կլինեին։ - Դալի Հասա՜նը,- խանն ավելի բարձր ծիծաղեց.- Բոլորդ էլ դալի եք, ձեր մեջ խելքը գլխին մարդ չկա։ Լավ է, լավ է, դալի Հասանին գահրաման շինեցեք, որ ռուսները շքանշան տան։ Էլ ի՞նչ խաբար։
- Բաբա խանը գնում է Ասկերանի վրա։
- Հը՜մ,- խանը մռլտաց, և ոչ ոք չհասկացավ նրա միտքը՝ դա լա՞վ է, թե՞ վատ։- Հա՜, Բաբա խանը կգնա Ասկերանի վրա, ինչո՞ւ չպիտի չգնա։
Իբրահիմ խանի հույսը հիմա Բաբա խանն է։ Բաբա խանը մեծ շահ է, խելք ունի, կհասկանա իր վիճակը։ Մի հնար կգտնի, դուրս կգա բերդից, կգնա ոտքը կպաչի ու կասի՝ մեծ շահ, իմաստուն շահ, շահերի շահ, վերևում ալլահն է, ներքևում՝ դու, աչքս միշտ քո ճանապարհին է եղել, գիշեր-ցերեկ ես քեզ եմ սպասել... Իսկ եթե շահն ասի... Շահն ի՞նչ կասի, ի՞նչ կասի շահը. կասի ո՞վ է ռուսների առջև բացել բերդի դարպասները։ Դեռ երես ունես, խոսում էլ ես։ Շահը ինչո՞ւ չպիտի ասի, ուժեղ է, աշխարհ է դղրդացնում։ Իսկ գուցե ուղարկի Մեհթի խանի՞ն։ Շահը Մեհթի խանի հետ հաշիվ չունի։ Իբրահիմ խանը ձեռքի շարժումով հասկացրեց վեզիրներին, որ իրենց մենակ թողնեն, Մեհթի խանին հրավիրեց մասլահաթի։

- Գործ կա, Մեհթի խան,- խոսեց խանը։ - Բաբախանը քսան հազարանոց բանակով եկել է։ Քսան հազարանոց բանակ,- կրկնեց,- երեսուն հազարանոց բանակ էլ Աբաս Միրզան ունի, կդառնա հիսուն հազար։ Փիր Ղուլի խանի տասը հազարը դեռ չեմ հաշվում։ Գյանջան ռուսներից կվերցնեն։
- Համոզվա՞ծ եք,- հարցրեց Մեհթի խանը։
- Ռուսները չեն դիմանա, մեծ զորքեր չունեն, իսկ Աբասը միշտ էլ մնում է Աբաս Միրզա։ Բաքուն էլ կվերցնի, Գյուրջիստանն էլ։
- Չգիտեմ,- անորոշ պատասխանեց Մեհթի խանը։
- Պիտի իմանաս, երեխա չես։ Քեզ կուղարկեմ Բաբա խանի մոտ, ինձանից շատ ու շատ սալամներ կտանես։

- Իսկ եթե Բաբա խանը հարցնի՝ Իբրահիմ խանը ո՞ւմ կողմն է՝ մե՞ր, թե՞ ռուսների, ի՞նչ պատասխանեմ։
- Ուժեղի։
- Իսկ եթե հանկարծ վաղը ռուսն ուժեղացա՞վ։
- Մինչև վաղը ալլահը մեծ է։
- Խան, բերդի բոլոր անցուղիները փակված են։
- Լավ չի,- խանը մոտեցավ պատուհանին, նայեց, մութ էր, ոչինչ չէր երևում։- Լավ չի, վատ է, շատ է վատ։ Ես սուլթանին նամակ եմ գրել,- դա ասաց ելքից դուրս գալու համա՞ր, թե՞ հենց այնպես։- Սուլթանը մեր բարեկամն է։

- Հեռու է։
- Ի՞նչն է հեռու,- Իբրահիմ խանը իբր չհասկացավ։
- Աբաս Միրզան սուլթանի ճանապարհը այս կողմերի վրա փակել է։
- Մի օր կբացվի։ Իսկ մենք ձեռքներս ծալել՝ նստել ենք։ Ալլահը մեզ չի ների։ Աբաս Միրզան Գյանջան կգրավի, զորքը շուռ կտա մեզ վրա։ Մենք նրան ի՞նչ երեսով պիտի դիմավորենք։
- Աթա, դեռ չի գրավել։ Այդ հայ յուզբաշին Շահբուլաղում Աբասի գլխին գիտե՞ս ինչ խաղ է խաղացել։
Իբրահիմ խանը դա էլ գիտեր, սակայն չգիտեր իրեն հետաքրքրող հարցի պատասխանը՝ ո՞ր կողմ թեքվի՝ ռուսների՞, թե՞ Աբաս Միրզայի։


10.

Ալեքսանդր Առաջինը Աբաս Միրզայի 30 հազարանոց բանակի հարձակման լուրն ընդունեց միանգամայն հանգիստ ու անվրդով, առանձին կարևորություն չտվեց, բայց և այնպես, իբր զարմացավ, որ թագաժառանգը թույլ է տվել այդպիսի հիմարություն։ «Դե լավ,- ասաց,- եթե չի ուզում մեզ հետ հաշտության պայմանագիր կնքել՝ ընդդեմ սուլթանի, թող գլուխը խփի Ղարաբաղի ժայռերին, գուցե խելքի գա»։ Հետո հանկարծ թագավորին հետաքրքրեց Ղարաբաղի ազգաբնակչության քանակը, և դա նրա համար, որ ներկաները ասեն՝ ահա քեզ իսկական թագավոր, ամեն ինչով հետաքրքրվում է, ոչ մի մանրուք աչքից չի վրիպում։ Ոչ ոք հաստատ չգիտեր, թե որքան բնակչություն կա Ղարաբաղում, բայց մոտավոր մի թիվ ասացին։ Թագավորը պահանջեց ճշտել անհապաղ և դարձավ ռազմական մինիստրին. «Հայտնեցեք կոմս Գուդովիչին, որ մենք հավատում և վստահում ենք իրեն, հիշեցրեք նաև, որ ժամանակին ներկայացնի այն քաջերի անունները, ովքեր հանուն ռուսական մեծ կայսրի՝ Աբաս Միրզայի բանակի դեմ մղված մարտերում փառքով կպսակեն իրենց անունները»։ Ներկաները հիացմունքով ընդունեցին թագավորի այդ մեծահոգի վերաբերմունքը ռուսական փառապանծ զինվորների նկատմամբ։ Եթե ռուսական բանակը Ղարաբաղում հաղթի Աբաս Միրզային, անշուշտ կայսրին կհռչակեն մարգարե, Սուրբ Աննայի շքանշանները կշողշողան նաև նրանց կրծքին, ովքեր այսօր անզուսպ հիացմունքով լսում են նորին պայծառափայլությանը։ Իսկ եթե կատարվի հակառակը՝ կմեղադրեն բանակի հրամանատարներին, որ չկարողացան արդարացնել մեծ մարգարեի հույսերը։ Դա արքունիքում նորություն չէ, ընդունված կարգ է։

- Թագաժառանգը, այդ ողորմելի Աբաս Միրզան, միանգամից երկու հանճարեղ սխալ է կատարել,- թագավորը մտասույզ քայլեց դեպի պատուհանը, դիտավորյալ ուշացրեց շարունակությունը, որպեսզի շարժի ներկաների հետաքրքրությունը, և դա հաջողվեց նրան. բոլորի հայացքներն ուղղված են նորին պայծառափայլությանը։ - Աբաս Միրզայի առաջին սխալն այն է, որ Ռուսաստանի հետ դաշինք չկնքեց՝ ընդդեմ Թուրքիայի, երկրորդ սխալը...,- դանդաղ շարժվեց դեպի գրասեղանը, նայեց փոխվարչապետին,- երկրորդ սխալն այն է, որ իրեն համարում է մեծ զորավար։ Երկու սխալ, երկուսն էլ ճակատագրական։ Մնացած սխալների մասին չեմ խոսում, դա թողնում եմ պատմաբաններին։ Ներկաները հիացմունքով ընդունեցին թագավորի նաև այդ խոսքերը։ Զարմանալի է, այսքան երիտասարդ, բայց ինչպիսի՜ եռանդ, մտքի ինչպիսի՜ թռիչքներ... Թագավորը ոչ միայն հմուտ քաղաքագետ և փայլուն դիպլոմատ է, այլև՝ մեծատաղանդ զորապետ։ Իսկ այդ ո՞ր ապուշ դաստիարակն է ասել, որ նա ոչ մի գիրք մինչև վերջ չի կարդացել։ Շատ էլ լավ է արել, ինչո՞ւ իր խելոք ուղեղը լցնի գրքային հիմարություններով, գիրքը նրանց համար է, ովքեր բնական խելք չունեն, ստիպված սովորում են ուրիշներից։

Այդ պահին հազիվ թե որևէ մեկի մտքովն անցներ, որ տարիներ հետո մի ըմբոստ բանաստեղծ (որ հիմա հինգ տարեկան է) այդ պճնամոլ, շողոքորթ ու մեծամիտ խրտվիլակին պիտի բնութագրի այսպես.
Թագավորում էր մեզ վրա այն ժամանակ-
Ջերմացած փառքով պատահական,
Աշխատանքի թշնամի, պճնամոլ, ճաղատ,
Թույլ ու կեղծավոր մի տիրակալ։
Բայց հիմա նա գահի վրա է, ուրեմն՝ ուժեղ է, իմաստուն, խելոք, քան իրենից առաջ եղած բոլոր թագավորները։ Ինքը՝ Ալեքսանդր Առաջինը, ընդունում է իր մեծությունը, հավատացած է, որ իրոք այդպիսին է, հաճախ մտքով թռչում է առաջ, դեպի ապագան, տեսնում է իր բրոնզե փառահեղ արձանը. դա ինքն է, կանգնած բարձր պատվանդանին, արծվային հայացքով նայում է դեպի հեռուն, տեսնում է Ռուսաստանի հին ու նոր թշնամիներին և ասում՝ ես Ռուսաստանն եմ, իսկ ինձ հաղթելը հեշտ չէ։ Ես անհաղթ եմ։

Մի անգամ, երբ պալատական նկարիչը եկավ նկարելու իրեն, մի քիչ անտրամադիր էր, և նկարչին հրամայեց ներկայանալ երկու ժամից հետո։ Թագավորը երկու ժամից ավելի հանդերձարանում զգեստներն էր փոխում։ Մեծադիր հայելու առջև զանազան դիրքեր էր ընդունում, սակայն չկարողանալով գտնել իր մեծությանը հատուկ մի կեցվածք, կարգադրեց նկարչին հայտնլ, որ նորին պայծառափայլությունը ժամանակ չունի, զբաղված է պալատական շատ խիստ կարևոր գործերով»։

Թագավորը ինչպես ոչ մի գիրք, այնպես էլ ոչ մի պաշտոնական գրություն մինչև վերջ չի կարդում, ոչ մի զեկույց մինչև վերջ չի լսում, խոսքը չի հասցնում ավարտին։ Բայց ահա շքանշանների գործում բավականին առատաձեռն է, սիրում է, երբ բոլոր մինիստրները, դեսպանները, զորավարները, գեներալները պալատ են մտնում շքանշաններով և շատ լավ հագնված։ Մի անգամ նա նկատեց մի գեներալի, որ կրծքին կրում էր միայն երկու շքանշան։ Թագավորը կանչեց նրան ու հարցրեց. «Գեներալ, ինչո՞ւ չեք կախել ձեր բոլոր շքանշանները»։ Գեներալն ասաց, որ իր ունեցած շքանշանները միայն դրանք են։ «Դա լավ չէ»,- գոչեց թագավորը և զինվորական մինիստրին կարգադրեց անպայման նկատի առնել գեներալի փայլուն ծառայությունները և ներկայացնել նոր շքանշանների։ Հաջորդ օրը հրամանը կատարվեց։

Թագավորը քայլեց մտասույզ, հետո հանկարծ աշխուժացավ.
- Աբաս Միրզա,- ծիծաղեց,- չեմ հասկանում, ո՞րն է դրա իսկական անունը՝ Աբա՞ս, թե՞ Միրզա։ Շահի անունն ինչպե՞ս է։
Զինվորական մինիստրը պատասխանեց.
- Ֆաթհ Ալի շահ Բաբա խան։
- Շահը քիչ է, խանն էլ վրան է դրել։
Բոլորը ծիծաղեցին, չնայած նրանց հայտնի է, որ դա ոչ թե թագավորի, այլ կոմս Գուդովիչի սրամտությունն է։
Խոսք բացվեց Նապոլեոն Բոնապարտի մասին։
- Կորսիկացի այդ թզուկը նույնպես իրեն մեծ զորավար է համարում,- ասաց թագավորը հեգնանքով.- Եթե այդ թզուկը խելոք չմնա, ես մի օր դրա ականջներից կքաշեմ։ Բայց հիմա կքաշեմ Աբաս Միրզայի ականջներից՝ հենց Ղարաբաղում։

Միապետի տրամադրությունն այսօր իսկապես բարձր է։ Քիչ առաջ նկարիչն ավարտել էր իր դիմանկարը։ Նա սկզբում կայսրի շրթի մի անկյունում ժպիտ էր դրել, բայց դա այնքան էլ դուր չեկավ Ալեքսանդրին՝ ամբողջ Ռուսաստանի հոգսերն իր ուսերին և հանկարծ՝ ժպիտ։ Ժպիտն այն շռայլությունն է, որ թագավորը պահում է նեղ շրջանակների, այսինքն յուրայինների համար։ Կարելի է ժպտալ նաև պարահանդեսներում, կանանց հետ զրուցելիս, սեղանի շուրջ։ Թագավորը մնում է թագավոր՝ դեմքին խստություն, և թող այդ խստությունը դաժան լինի, որպեսզի մուժիկը և սալդաթը երես չառնեն։ Այդ ո՞ր հիմար թագավորն է ժպտալով հրամայում, ժպտալով պատժում և ժպիտը դեմքին՝ ուսերին ամբողջ մի տերություն պահում։
- Լավ, կլինի այդպես, ինչպես ասել եմ։ Այդ Աբասին ցույց կտամ իր տեղը...
Եվ հոգսերից հոգնած թագավորը գնաց հանգստանալու։ Արքունիքում երեկոյան մեծ պարահանդես է։


11.

Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը տխուր է։ Ուրախանալու բան չկա։ Նա նորից Փիր Ղուլի խանի աջուդան-բաշին է։ Խանը դեռ հույսը չի կորցրել, հավատում է իր աստղին՝ ռուսները չեն դիմանա, մենք կգրավենք Թիֆլիսը։ Նա հիմա երազում է դառնալ ապագա Թիֆլիսի խանության մեծ խան, շահի նման մի բան։ Սեյֆօլլա Վահիդին ձանձրացնում է նրա շատախոսությունը։ Շողոքորթ ամիրները փառաբանում են խանին, իրենց թալանից թանկագին փեշքեշներ են տալիս նրան։ Փիր Ղուլի խանի երկու հազարանոց բանակը վեր է ածվել ավազակախմբի։ Հարձակվում են հայկական գյուղերի վրա, գողանում, թալանում, իրար կոկորդից պատառ խլում։ Ղուրանում այդպես էլ գրված է, ասում են, այդ կարգը նոր չի ստեղծվել, վաղուց է ստեղծված Ֆաթհ Ալի խանի հորեղբոր՝ Աղա Մուհամեդ շահի կողմից։ Փիր Ղուլի խանը միայն մի անգամ Մոխրաթաղի վրա հարձակվեց, կորցրեց հիսուն սարբազ, վերադարձավ զայրացած ու ասաց. «Ես դրանց այնքան կպահեմ պաշարման մեջ, որ քաղցից իրար միս ուտեն»։

Փիր Ղուլի խանը ինքն էլ ձանձրացավ իր շատախոսությունից, կանչեց Սեյֆօլլա Վահիդին և ասաց. «Աջուդան-բաշի, մեզ հիմա հարկավոր է մի քիչ թարմանալ։ Էս կողմերում մի գյուղ կա, հայ յուզբաշու գյուղը։ Հիմա կգնանք այդ գյուղի վրա, հաշիվներս կմաքրեմ էդ խորամանկ հայի ծնողների և ընտանիքի հետ։ Աջուջան-բաշի, պատրաստվիր»։
Խանն ընտրեց երկու հարյուր հեծյալ սարբազներ, այսինքն ամենախիզախներին։ Կեսօր էր, տոթ։ Լեռնալանջից խանը նայեց հեռադիտակով, խթանեց ձին։ Արագ անցան անտառով, իջան ձորը։ Ձորում աղբյուր կար, խանն իջավ ձիուց, թեքվեց գուռին, և անտառն ասես միանգամից շառաչեց։ Աղբյուրի կողքին խանի ձին չոքեց, սարբազներն իրարով անցան, անկանոն կրակ բացեցին, բայց ո՞ւմ վրա, ոչ ոք չէր երևում։ Փիր Ղուլին բռնեց մոտիկ ձիու սանձը, սպանված սարբազի ոտքն ազատեց ասպանդակից, թռավ թամբին։

Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը խթանեց իր ձին և ընտրեց ձորաբերանի նեղ կածանը։ Ձին ցատկեց փոսի վրայով, աջուդան-բաշին պոկվեց թամբից, փռվեց գետնին։ Նա չհասցրեց ոտքի կանգնել, ձախ ձեռքի սուր ծակոցն անցավ ամբողջ մարմնի միջով։
- Աջուդան-բաշի...
Դա հենց ինքն էր՝ հայ յուզբաշին, կանգնած իր դիմաց։
- Այո,- գլխով արեց Սեյֆօլլա Վահիդը,- ես ձեր գերին եմ։
- Մենք թշնամուն հիմա գերի չենք վերցնում։ Ինչի՞ վերցնենք, պահելու տեղ չունենք։
- Ինչպես ուզում եք, յուզբաշի։
- Դուք է՞լ եք ինձ ճանաչում։

- Ճանաչում եմ,- գլխով արեց Սեյֆօլլա Վահիդը,- իսկ ձեզ ո՞վ չի ճանաչում։ Սպանեցեք, բայց ձեզանից մի բան եմ խնդրում...
- Ի՞նչ եք խնդրում։
- Ինձ մարդասպան-ավազակ չհամարեք։ Ձեռքերս մաքուր են։
- Հավատում եմ,- Վանի յուզբաշին օգնեց նրան բարձրանալու,- իսկ ձեր թևի հետ ի՞նչ է եղել։
- Կարծում եմ՝ դուրս է ընկել։
- Կբուժենք։
- Իսկ հետո կսպանե՞ք։
- Աջուդան-բաշի, ինչպե՞ս է ձեր անունը։
- Սեյֆօլլա Վահիդ էլ Փուր։

- Սեյֆօլլա Վահիդ էլ Փուր, մենք սպանում ենք մարդասպաններին ու ավազակներին։
- Ես ձեր թշնամին եմ, մտել եմ ձեր երկիրը։
- Տարբեր ձևի թշնամիներ են լինում. թշնամիներ, որ իսկական թշնամիներ են, թշնամիներ, որ թշնամություն չեն անում, պարզապես մոլորված մարդիկ են։
Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը նստած է հայի տանը։ Յուզբաշու հայրը՝ Հարությունը, կամ ինչպես գյուղում են ասում՝ Զարգար Աթունը, մատներով շոշափեց նրա վիրավոր ձեռքը, ժպտաց՝ դատարկ բան է, հիմա տեղը կգցենք։ Նա այդ ամենը կատարեց վարժ ու արագ։ Հյուրը հյուր է, պիտի պատվել, և Հակոբը գինով լիքը կուլան դրեց սեղանին, Վարդուհին խաշած հավեր բերեց, Վանի յուզբաշին լցրեց գավաթները։
- Փիր Ղուլի խանը եկել էր ձեզ գերելու,- խոսեց Սեյֆօլլա Վահիդը և նայեց յուզբաշու դեմքին։

- Գիտեմ,- յուզբաշին ժպտաց,- ձերոնց մեջ էլ բարի մարդիկ կան։ Հայտնել են։
- Դուք իմ աչքերը բացել եք այն օրը, երբ ջարդեցիք Փիր Ղուլի խանի բանակը։
- Սեյֆօլլա Վահիդ էլ Փուր, իսկ Աբաս Միրզայի, Բաբա խանի, Փիր Ղուլի խանի աչքերն ովքե՞ր կբացեն։
- Նրանց աչքերը չեն բացվի։ Նրանք ամբողջ կյանքում կմնան կույր։ Նրանց ոչ ոք լավ խոսքերով չի հիշի, քանզի ինչպես մեծ Ֆիրդուսին է ասել՝ մթնում ընդմիշտ խարխափող միտքը երբեք լույսի շող չի կարող արձակել։
- Աջուդան-բաշի, դուք խոսում եք Ֆիրդուսուց, ուրեմն խելոք մարդ եք. մի բան ասա՝ խմենք։
- Բայց ես հիմա ձեր հյուրը չեմ, այլ գերին, ինձ խոսք չի հասնում։
- Եթե դուք վատ մարդ լինեիք, ես չէի թողնի նստեք իմ սեղանի շուրջ։ Դուք հիմա մեր հյուրն եք։

... Երեկոյան Վանի և Հակոբ յուզբաշիները Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրին տարան ուղեկցելու։
- Դուք ձեր Փիր Ղուլիին ի՞նչ պիտի ասեք, որ նա հավատա ձեզ,- հարցրեց Հակոբ յուզբաշին։
- Իսկ Փիր Ղուլի խանն իր այս արարքն ինչպե՞ս պիտի արդարացնի,- ժպտաց աջուդան-բաշին։ -Հայրս շահի պալատում ղուլամ-փիշխդմաթ-բաշի է (գլխավոր սենեկապետ)։ Փիր Ղուլի խանը հիմա ինձանից շատ է վախենում։ Ես ձեզ կօգնեմ, Վանի յուզբաշի։
- Փիր Ղուլի խանը ինձ հեծելագունդ է վստահում։ Մոխրաթաղի անցման գլխավոր ճանապարհը վաղն իմ հսկողության տակ է։
- Ձեզ չե՞ն մեղադրի։
- Ձեր տղաները ձորի այն կողմից ձայներ կբարձրացնեն, իմ հեծելագունդը կտանեմ այդ ուղղությամբ։

Վանի յուզբաշին Մոխրաթաղ հասավ իրիկնամուտին։ Գնդապետ Կարյագինը ուշադիր լսեց նրան և գումարտակին կարգադրեց պատրաստվել։ Հակոբն իր հեծյալներով շարժվեց անտառի մյուս կողմը՝ աղմուկ բարձրացնելու։
Նրանք բերդը թողեցին ուշ գիշերին։ Առջևից իր հեծելախմբով գնում էր Վանի յուզբաշին, ետևից՝ գումարտակը։ Ճանապարհը բաց էր, իսկ անտառի մյուս կողմից դեռ շարունակվում էր հրաձգությունը։ Շուտով երկնքում երևաց լուսաստղը։ Երբ անտառը մնաց ետևում, նրանց դիմավորեց քյաթուկցի Մելքումը։ Իշխան Ցիցիանովից նամակ է բերել՝ գեներալը Աղդարայի մոտ սպասում է իրենց։
Տեղ հասան լուսադեմին՝ հոգնած ու փոշու մեջ կորած։ 600 զինվորից մնացել էին 75 եգերներ։ Իշխանը գրկեց ու համբուրեց գնդապետ Կարյագինին և մայոր Կոտլյարևսկուն, հետո Վանի յուզբաշուն սեղմեց կրծքին, գրպանից հանեց իր արծաթե ժամացույցն ու ասաց.
- Հովհաննես յուզբաշի, քաջ յուզբաշի, սա իմ կողմից հիշատակ։


12.

Աբաս Միրզան Ասկերան հասավ իրիկնամուտին։ Շահը նրան սպասում էր։ Աբասը սևամորուք, խորամանկ աչքերով, քայլում է թեթև, մի տեսակ ցատկոտելով։ Նա արդեն երեսունն անց է, կանանց նկատմամբ անտարբեր չէ և չի կարող հպարտանալ, որ իր բոլոր կանայք գժվում են իր համար։ Նա քսան զավակների հայր է, թեկուզ իր քսան զավակներին համարյա չի տեսնում, բայց դա չի խանգարում, որ շողոքորթ բարեկամներն ու ազգակիցները մեծ սարդարին համարեն հոգատար հայր։
Աբասը մեկ-մեկ թույլ է տալիս, որ կանայք իրար բզկտեն՝ իրենց ամուսնուն տիրանալու համար։ Շահզադեն Թավրիզից ոչ այնքան հեռու քաղաքամերձ ամառանոց ունի, այստեղ էլ նրան սպասում են սիրուհիները։

Ֆաթհ Ալի խանը առաջներում մեկ-մեկ խրատում էր շահզադեին, որ շատ չտարվի կանանցով, բայց համոզվելով, որ միևնույն է, նա անուղղելի լիրբ է՝ ինչպես ինքը, ձեռք քաշեց։ Ֆաթհը իր ներքինի հորեղբորից շատ բան է ժառանգել՝ նրա դաժանությունն ու խորամանկությունը, և ապա, երբ տեղն է գալիս, գիտե հիանալի քաղցրախոսել և այդ քաղցրախոսությամբ էլ կտրել հակառակորդի գլուխը։ Աբաս Միրզան մի շարք հարցերում հակադրվեց շահին. նա ուզում է Պարսկաստանը եվրոպականացնել, և ինչպես հայտնի է, սկսեց բանակից։
- Դեհ, ինչպե՞ս են գործերը,- Ֆաթհ Ալի խանը նայեց որդու աչքերին, և սառն էր ժպիտը։ - Լսել եմ, Փիր Ղուլի խանին շշպռել ես։

- Փիր Ղուլի խանը մեծաբերանի մեկն է,- պատասխանեց շահզադեն,- նա չկարողացավ մաքրել իմ ճանապարհը։
- Ի՞նչ է մտադիր Աբաս Միրզան,- հարցրեց շահը։
- Այլևս չսպասել, ես վաղը կգրավեմ Գյանջան։
- Կգրավես, գիտեմ,- շահը դա ասաց առանց երկմտանքի,- իսկ այդ Իբրահիմ խանը հիմա պարզապես փալաս է։
- Կշպրտենք,- պատասխանեց շահզադեն։ Չասաց՝ կշպրտեմ, նկատի առնելով այն, որ այդ շպրտելուն մասնակից է անում նաև հորը։ - Իսկ դուք, կարծում եմ, լեզու կգտնեք մելիքների հետ։ Հիմա նրանք մեզ շատ են հարկավոր։

Գեներալ Ցիցիանովը երկու գումարտակով, Վանի յուզբաշու հեծելախմբի ուղեկցությամբ շտապեց Շուշի, գնդապետ Կարյագինն արդեն Գանձակում էր, երբ Աբաս Միրզան շրջանցելով գեներալ Ցիցիանովին, շարժվեց առաջ, Ցիցիանովն էլ իր հերթին շրջանցեց Ասկերանը, ուր կանգնած էր շահի բանակը։ Շահզադեն ոգևորված էր՝ գեներալ-իշխանը Գանձակի զորքերի հրամանատարությունը հանձնել է Կարյագինին, իսկ ինքը գլուխն ազատել։ Սա արդեն բերդերում թաքստոցի խաղալ չէ, բաց ճակատամարտ է։ Աբաս Միրզան հարձակման հրաման տվեց։ Նա գնում էր ուղիղ Գանձակի վրա, բայց Ջիղամի մատույցներում ընկավ ուժեղ կրակի տակ։ Կարյագինը ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման համար ճիշտ տեղ էր ընտրել, հասկանալով, որ հակառակորդը չի հասցնի ժամանակին տեղադրել իր թնդանոթները։ Իսկ թնդանոթներն այդպես էլ տեղ չհասան։ Ջրաբերդի Մելիք-Ադամ Մեժլումյանն իր հեծելախմբով հարձակվեց և խլեց բոլոր թնդանոթները, պորուչիկ Լադինսկին 30 թնդանոթաձիգներով գնաց նրան օգնելու։ Պարսկական թնդանոթները թիկունքից էին խփում, առջևից՝ ռուսականը։ Հետագայում Աբաս Միրզան իր քաղաքամերձ ամառանոցում կասի՝ ռուսները մեր դեմ են հանել վեց հսկա հետևակային գունդ, հարյուրից ավելի թնդանոթներ, երեք հեծելագունդ, և ես ստիպված էի նահանջել։

Նա բաց ճակատամարտ էր ուզում, սակայն բաց ճակատամարտում պարտվեց խայտառակաբար։ Դեռ շշմած սարբազներն ու ամիրները չէին սթափվել, երբ հանկարծ ռուսներն անցան սվինամարտի։
Շահզադեի մշակած սվինամարտի կանոնները չանցան, և նա զուր էր բղավում իր սարթիփների, սարհանդների, թնդանոթները կորցրած ամիր-թոփխանաների վրա։ Սարբազները կորցնելու ոչինչ չունեին, ունեցածները մի գլուխ էր, հարկավոր էր փրկել...
Աբասը հոգնած էր, բայց քունը չէր տանում։ Սարդարի աջուդանը ասաց, որ Փիր Ղուլի խանը սպասում է դրսում։
- Թող գա,- սարդարը հորանջեց։

Փիր Ղուլի խանը վրան մտնելուն պես ծալվեց Աբասի առաջ.
- Մեծ սարդար, ներկայանում եմ ձեր հրամանով։
- Ինչպե՞ս է զգում իրեն Փիր Ղուլի խանը,- Աբասը դա ասաց արհամարհանքով, նույնիսկ չնայեց նրա կողմը։
- Շահի ստվերին երկար կյանք ու արև եմ ցանկանում,- Փիր Ղուլի խանը նորից ծալվեց։
- Փախա՞վ հայ յուզբաշին։
- Ես մեղք չունեմ, շահի ստվեր...
- Լռի՛ր, չխոսես։ Ես քեզ լավ գիտեմ։ Ալի Մարդան խանին դավաճանեցիր, վաղն էլ ինձ կդավաճանես։ Չքվիր այստեղից։

Շահզադեն էլի չքնեց։ Խառնախռիվ, իրարամերժ, անկապ մտքերը սև որդերի պես խուժել նրա ուղեղը, լափում են։ Պարտությունը՝ պարտություն, այդ ո՞ր մեծ զորավարն է, որ չի ճաշակել պարտության դառնությունը։ Ռուսները լավ են կռվում, իսկ այդ հայերը... Հենց նրա՛նք փաստորեն վճռեցին ճակատամարտի բախտը։ Հայ մելիքը խլեց իր բոլոր թնդանոթները։ Իսկ այդ հայ յուզբաշին ուրիշ բան է՝ ի՜նչ լեզու ունի և ինչ համարձակություն, ասում է՝ թշնամուն հաղթելու համար նրա լեզուն լավ պիտի իմանալ։ Ճիշտ է ասում։ Ի՞նչ վատ կլիներ, որ ինքն էլ լավ իմանար հայի լեզուն։ Ինչո՞ւ սկզբից ընտրեց ֆրանսերենը՝ որ Նապոլեոնի սիրտը շահի՞։ Բայց Նապոլեոնը երբեք պարսկերեն չի սովորի։ Ուժեղները իրենցից թույլերի լեզուն չեն սովորում։

Աբասը թեքվեց ձախ կողքի վրա և ապագան փորձեց պատկերացնել այնպես, ինչպես ինքն է ուզում։ - Ես դեռ ջահել եմ, և եթե ալլահը բարեգութ գտնվի, մի քառասուն տարի էլ կապրեմ։ Գուցեև շատ։ Քսան զավակ ունեմ, այդ քսանի վրա, ալլահի կամքով մի երեսունն էլ կավելացնեմ։ Ներքինի Աղա Մուհամեդի վրեժը կլուծեմ այս ծուռ աշխարհից։ Երեք ամիս առաջ չորս կինս, ասես խոսքները մեկ էին արել, մի օրում ինձ պարգևեցին հինգ զավակներ։ Փարիշա՞նն է զույգ աղջիկ ծնել, թե՞ Զեյնաբը։ Փարիշանը։ Բոլորից շատ երեխաներ Փարիշանն է ծնել։ Շան քածի կողքովը հենց որ անցնում եմ, իսկույն փորն ուռցնում է։ Իսկ ի՞նչ իմանաս, այդ լրբերը փորներն գո՞ւցե ուրիշներից են լցնում։ Աղջիկներ շատ են ծնում։ Քսանից ութը աղջիկ է։

Շահզադեն դարձյալ չքնեց։ Փորձեց միտքը շեղել, խճճել, խառնել և հիմա էլ թեքվեց աջ կողքի վրա, ձայն հասավ ականջին. «Յա՛, Ալի Սալավաթ»։ Գլուխը բարձրացրեց, էլի ականջեց։ Վրանի դռան մոտ երևաց աջուդան-բաշի Աբդուլ Ազիմովի ստվերը։
- Բան կա՞,- ներսից հարցրեց շահզադեն։
Աջուդան-բաշին ետ քաշեց վրանի փեշը, ասաց.
- Մեծ սարդար, Փիր Ղուլի խանը ինքնասպան եղավ։
- Փառք ալլահին,- Աբասը հորանջեց,- դա վաղուց պիտի աներ։


13.

...Իբրահիմ խանն ամենից շատ վախենում էր դրանից։ Աբաս Միրզան պարտվել է, նշանակում է հայ մելիքները գլուխ կբարձրացնեն։ Բայց հիմա հարկավոր է խուսափել տհաճություններից, շնորհավորել գեներալ Ցիցիանովին՝ Գանձակում տարած մեծ հաղթանակի համար։ Ի՞նքը գնա դիմավորելու իշխանին, թե՞ Մեհթի խանին ուղարկի։ Որոշեց ուղարկել Մեհթի խանին՝ ջերմ սալամներ հաղորդելու խանից և հրավիրելու պալատ։ Նա մի կողմից վախենում էր այդ դալի մայոր Լիսանևիչից՝ ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար այդ գյուրջու բալային հրահրեց իր դեմ,- մյուս կողմից էլ հույսեր է փայփայում, որ իշխան գեներալը թույլ կտա օգտագործելու խանական իր իրավունքները։

Գեներալ Ցիցիանովը Շուշի մտավ առանց որևէ անակնկալի։ Պարսկական բանակը լսելով Աբաս Միրզայի պարտության մասին, չսպասեց Ֆաթհ Ալի խանին, քաշվեց Արաքսի ափը։ Շահն էլ իր հերթին, տեսնելով, որ բերդը պաշարողները փախել են, չդիմեց ռիսկի, ինքն էլ քաշվեց Արաքսի ափը։
Գեներալ Ցիցիանովն առաջին օրը ծանոթացավ բերդի ամրություններին, ասաց, թե որտեղ պիտի կենտրոնացվեն հիմնական ուժերը, որտեղ դնել թնդանոթները, հարձակման դեպքում ինչպես պաշտպանել գլխավոր դարպասները։ Գեներալը շտապում էր Բաքու, այնտեղ խռովարարները նորից են գլուխ բարձրացրել։ Նա ընդունեց խանի հրավերը, բայց հրաժարվեց ճաշկերույթից, և հրաժեշտին հիշեցրեց. «Չմոռանաք, Իբրահիմ խան, որ դուք երդվել եք մինչև ձեր կյանքի վերջը հավատարիմ ծառայել մեր հայր թագավորին։ Աբասը չէ, եթե նույնիսկ սուլթանն էլ հարձակվի, միևնույն է, Ռուսաստանը երբեք Ղարաբաղը ձեռքից չի տա»։

Դա նախազգուշացում էր։
Վանի յուզբաշին տուն էր շտապում։ Բայց մինչ այդ, հարկավոր էր հրաժեշտ տալ բարեկամներին։
Գնդապետ Կարյագինն այդ մի քանի օրում ասես ավելի էր ճերմակել։ Նա հոգնած տեսք ուներ, բայց կապույտ աչքերն առաջվա պես ժպտում են։ Կաղալով մոտեցավ Վանի յուզբաշուն, համբուրեց ճակատը։
- Գիտեմ, տղաս, ձերոնց կարոտել ես, շտապում ես։ Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար մենք նորից հանդիպեցինք։ Մնաս բարով չեմ ասում... Ես քո մասին շատերին եմ պատմել, իշխանն էլ գիտե ամեն ինչ։ Իսկ հիմա ես կարող եմ քեզ տալ մի վկայագիր, պահիր, պետք կգա... հակառակ դեպքում՝ ինձ կհիշես։

«Տրվում է սույնը Հովհաննես յուզբաշուն առ այն մասին, որ նա 1805 թվականին պարսիկների դեմ մղված ռազմական արշավանքի ժամանակ մշտապես մարտում լինելով ինձ հետ, գերազանց խիզախություն է ցուցաբերել գրոհների ընթացքում, որոնք մղվել էին Բաբա խանի որդի Աբաս Միրզայի հրամանատարության տակ գտնվող մեծաքանակ զորքերի դեմ՝ Ասկերանի մոտ, հետո եղել է ինձ հետ՝ ամրոցից նահանջելիս...
Ի ապացույց և ի նշումն այսպիսի գերազանց ծառայությունների, որ կատարել է յուզբաշի Հովհաննեսը՝ առանց որևէ պարգևի, սակայն դեպի ծառայությունն ունեցած ջանասիրությամբ ու եռանդով միայն, անկեղծ պարտավորություն եմ զգում տալու նրան սույնը՝ իմ ստորագրությամբ ու զինանշանի կնիքի դրոշմով։
Նորին Կայսերական Մեծության, Մեծ տիրակալի անունից՝ գնդապետ, 17-րդ Եգերյան գնդի շեֆ, Աննայի 2-րդ աստիճանի ու սբ. նահատակ և անպարտելի Գեորգիի 4-րդ դասի շքանշանակիր ասպետ Կարյագին»։

1806 թվականի փետրվարին, Բաքվի բերդի պարիսպների տակ թշնամու գնդակը խոցեց գեներալ իշխան Ցիցիանովին։ Երբ նրա սպանության լուրը հասավ Իբրահիմ խա նին, խանը շոյեց մորուքը և ասաց. «Փա՜ռք ալլահին, վերջապես կարող եմ ազատ շունչ քաշել»։


14.

Կովկասի գծի, Վրաստանի ու Դաղստանի զորքերի գլխավոր հրամանատար, Աստրախանի նահանգի, Կովկասի ու Վրաստանի քաղաքական գործերի կառավարիչ, ռուսական բոլոր շքանշանների ասպետ կոմս Գուդովիչը երեկոյան լսեց Ելիզավետպոլի մոտ ռուսական զորքերի տարած հաղթանակի մասին, իսկ հաջորդ օրը ստացավ գեներալ-իշխան Ցիցիանովի զեկույցը, ուր նշված էին նաև Վանի ու Հակոբ յուզբաշիների սխրագործությունների մասին։ Գլխավոր հրամանատարը նման գործերի համար պահում է հսկա մի գրասենյակ և գրչավորների մի ամբողջ զորագունդ, որոնք առավոտից երեկո թղթեր են գրում ու ջնջում, արտագրում ու մաքրագրում, գրածները կորցնում՝ գտնում կամ չեն գտնում... Եվ նրանց գրիչների տակ ջոկատը հաճախ դառնում է զորագունդ, զորագունդը՝ մարտկոց, հերոսը՝ վախկոտ, վախկոտը՝ հերոս... Նրանք ամենից շատ խառնում են մարդկանց անուններն ու ազգանունները. Գորկովը դառնում է Վոլկով, Զոսեևը՝ Զայցև, Վառլամսկին՝ Բարանսկի, Ղողաբերիձեն՝ Կոկլաշվիլի, Օթթոբերիձեն՝ Օկտյաբրինսկի... Եվ ինչո՞ւ զարմանալ, երբ Հովհաննես Հարությունովիչ Աթաբեկյան յուզբաշին դարձավ Իոնս Առնոլդովիչ Յուզբաշինսկի։ Հետո պարզվեց, որ ընդհանրապես ոչ միայն Ղարաբաղում, այլև ամբողջ Ռուսաստանում նման անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի։ Եթե գոյություն չունի, ուրեմն կռվում հերոսաբար զոհվել է, և թղթերում այդպես էլ գրեցին. «Հանուն մեր հայր թագավորի՝ հերոսաբար զոհվել է»։ Ուրեմն հողը թեթև լինի նրա շիրմին։ Բայց չզոհվեր, լավ կլիներ, ախր մարդուն շնորհվել է պրապորշչիկի կոչում, ոսկե մեդալ և նպաստ՝ տարեկան 200 ռուբլի՝ արծաթով։ Հակոբ Հարությունովիչ Աթաբեկյանն էլ դարձավ Յակով Արոնովիչ Ագաբեկով։

Պորուչիկ Լադինսկին զուր է նամակներով դիմում ծանոթներին ու անծանոթներին, բողոքում, պահանջում՝ մի անգամ ևս ստուգել փաստաթղթերը։ Ցարական արխիվներում գնդեր են կորչում՝ իրենց հրամանատարներով, ուր մնաց, որ չկորչեն երկու հայ յուզբաշի։
Այնուամենայնիվ, վաղ թե ուշ, փառքը գալիս, գտնում է իր տիրոջը։ Փառքը միշտ վազում է հերոսների հետևից։