Սինգարա սարի կաղնին


                    (վիպակ)


Անձրևի, կարկուտի, քամու, խորշակի տակ է ընկել, շոգն էլ է նեղել, ցուրտն էլ, երաշտն էլ։ Կացին են բարձրացրել վրան, կացինը ետ է թռել բնից, կացնահարողը մատով ստուգել կացնի սրությունը, տեսել բթացել է, գլուխն օրորել ու ասել է՝ սա հո ծառ չի, պողպատ է, դինամիտն էլ սրան քար չի անի։ Հետո մտածել է՝ ինչո՞ւ այդ ծառի անունը կաղնի են դրել և ոչ թե, ասենք՝ բոխի, հաճարկի, թխկի,ճապկի, սզնի, չինարի... Մտածել, կարգին պատասխան չի գտել,մտքում ծիծաղել է իր միամիտ հարցի վրա ու ամաչել իր բռնած գործի համար։ Ծառ է, էլի, ասել է՝ թող ինքն իրեն խշշա, ո՞ւմ խանգարում։


Կոլտնտեսությունների խոշորացման տարում Բըղլի Արշակը գյուղը թողեց. թողեց տունը, կին ու երեխա թողեց, ճանապարհվեց քաղաք։ Գնալուց առաջ մտավ ներքնատուն, ստուգեց. ոչինչ, ամբարում դեռ մի երեք փութ ցորեն կա, երկու ջվալ հաճարի ալյուր, մի այդքան գարու ալյուր կա, քսան կիլոգրամ չոր լոբի, կես պարկ սիսեռ։ Կանչեց կնոջը, ասաց՝ աղջի՛, Նոյեմ, բոստանն անտեր չթողնես՝ կքաղհանես ժամանակին, երեխոցը բերանից հացը չկտրես, ես էլ փողից-բանից կուղարկեմ։

Արշակի գյուղ թողնելը ոչ կնոջ, ոչ էլ քարաշենցիների համար էր նորություն. Բըղլի Արշակն է, էլի, որ կողքի ընկավ՝ ետ չես պահի։ Կոլեկտիվացման տարիներին էլ խռովեց, բայց պատճառն այս անգամ ուրիշ էր. նա ոչ թե դեմ էր կոլեկտիվացման, այլ Սիմոն Ամիրյանին գյուղսովետի նախագահ նշանակելուն էր հակառակ. «Դե որ մեր գյուղի իշխանությունը Սիմոն Ամիրյանն է, ես այստեղ մնացողը չեմ»։ Գնաց մի տարի «Կարմիր մեբել» ֆաբրիկայում պահակություն արեց, տեսավ պահակի ռոճիկով հնարավոր չէ տուն պահել, թողեց եկավ, մաճի ետևից ընկավ։ Իսկ ակտիվիստ Սիրանը, որ գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանի ջրերն էր ընկել, ժողովում քննադատեց Բըղլի Արշակին. «Էդ քյոխվայական բեղերդ ինչո՞ւ ես պահում, խանի, բեկի, մելիքի, ստրաժնիկի, պրիստավի ժամանակները վաղուց են անցել, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ բեղերդ ոչխարի պոզերի նման սրել ես, ոնց որ մաուզերիստ լինես»։ Բըղլի Արշակը, իհարկե, խոսքի տակ չմնաց, ասաց. «Ընկեր Սիրան, բեղերս սրել եմ, որ գիշերը գամ ծոցդ մտնեմ, հասկանաս՝ տղամարդ եմ»։ Ակտիվիստ Սիրանն իբր թե ամաչեց, իբր թե իրեն վատ զգաց, չանչ արեց. «Ա՛ռ, է՜, բեղերովդ քեզ թաղեմ»։

Հազար ինը հարյուր քառասուն թվի մարտի ութին, այսինքն՝ կանանց միջազգային տոնին, ակումբում հանդիսավոր ժողով էր, ակտիվիստ Սիրանը բեմից ճառ ասաց՝ մեր մարտի ութը, մեր այս լուսապայծառ տոնը թե որ չլիներ, մենք ինչի՞ նման կլինեինք։ Շե՛ն կենա ընկեր Կլարա Ցիցկինը, (դպրոցի դիրեկտոր Խորեն Աբաղյանն ուղղեց նրան՝ Ցիցկին չի, Ցետկին է, բայց Սիրանը կամ լավ չլսեց, կամ չլսելուն դրեց ու շարունակեց իր ճառը), օրհնվի ընկեր Կլարա Ցիցկինը և նմանապես ընկեր Ռոզա Լյուխսենբուրգը (հիմա իբր թե գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը նրան ուղղեց՝ ընկեր Սիրանուշ, Լյուխսենբուրգ չի, Լիքսենբուրգ է), հա, շեն կենան, օրհնվեն, աստված պահի նրանց, որ էս կանաչ-կարմիր լուսապայծառ մարտի ութը ստեղծեցին համատեղ ուժերով, նախշուն շալի պես գլխներիս գցեցին։ «Կնանի՜ք, ընկեր սովետական կնանիք,- դիմեց ժողովականներին,- մենք տղամարդկանց հետ հավասար իրավունք ունենք, էլ առաջվա պես ձայնազուրկ չենք, էլ տղամարդկանց ճորտերը չենք, ոնց որ հին նախնադարյան ճորտատիրական կարգերի խավար ժամանակներում։ Կեցցե՜ս ընկեր Կլարա Ցիցկինը, կեցցե՛ս ընկեր Ռոզա Լյուխսենբուրգը, կեցցե՛ս Կարմիր բանակը և բանվորա-գյուղացիական անխախտ դաշինքը»։

Բըղլի Արշակն այդ օրը մի քիչ գինով էր, Սիրանի հետ էլ հին հաշիվ ուներ, ձայն չխնդրեց, տեղից խոսեց. «Ընկեր Սիրան, դե որ ես ու դու հավասար ենք, էգուց ինձ հետ կգաս Մուրսինի խամուտում քոլ քանդես, մաճ բռնես, ցաքան անես, ինձ հավասար լուծ քաշես։ Դու, ընկեր Սիրան,- ասաց,- գործի ակտիվիստ չես, խոսքի ակտիվիստ ես»։ Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը լսեց ու դիվոտվեց, ուզում էր Բըղլի Արշակին քաղաքական աստառի կապել, բայց կոլտնտեսության նախագահ Մացակը չթողեց, ինքը Սիմոնի փոխարեն խոսեց. «Ընկերներ,- ասաց,- կանանց հանդիսավոր տոնը խանգարելու համար, կոլտնտեսությունը որոշում է կտրել Արշակ Մնացականյանի ութ աշխօրը»։ Բըղլի Արշակը այնքան էլ մեծ նշանակություն չտվեց դրան, քթի տակ խնդմնդաց. «Լավ է, որ կանանց մարտի ութը մարտի երեսունին չի ստեղծվել, թե չէ՝ միանգամից երեսուն աշխօրս կթռչեր»։

Լիկկայանների ժամանակներում էլ Բըղլի Արշակի հետ դեպք պատահեց, մի շատ անհարմար դեպք, որ Սիմոն Ամիրյանը քիչ էր մնում էլի քաղաքական աստառի կապեր։ Մինչդեռ, եթե ճիշտը վերցնենք, դա այնպիսի բան էր, որ չես կարող մարդուն մեղադրել օրենսգրքի ոչ մի կոդեքսով։ Բըղլի Արշակը սիրահարվեց ընկեր Անահիտին՝ լիկկայանի ջահել, սիրուն, կոկիկ ուսուցչուհուն։ Ով էլ որ լիներ՝ կսիրահարվեր, շան քածն էնպես էր արտասանում Հովհաննես Թումանյանի «Մարոն», որ լիկկայանականները թաշկինակ էին բռնում, լաց լինում՝ խե՜ղճ Մարո, անբա՜խտ Մարո,- ասում էին,- ինչո՞ւ էդ նահապետական խավար օրերում ծնվեցիր։

Ուրեմն, Բըղլի Արշակը սիրահարվեց ընկեր Անահիտին։ Է՜, լավ, թող դա լինի առնվազն մանր խուլիգանություն, դպրոցի դիրեկտոր ընկեր Խորեն Աբաղյանը կանչի, ասի՝ Արշակ Մնացականյան, լիկկայանը սիրահարվելու համար չի, լիկկայանը ստեղծել ենք, որ քաղաքական մակարդակդ բարձրացնես, լուսավորվես։ Գուցեև Արշակի մեղքը սիրահարվելու մեջ չէր և պատճառը դպրոցի ճակատին խփած լոզունգն էր. «Կորջի անգրագիտությունը, կեցցե՛ս համադարձ գրագետությունը»։ Լոզունգը գրել էր Սիմոն Ամիրյանը, թե՞ նրա ցուցմունքով են գրել, դա նշանակություն չունի։ Արշակը կարդացել ու ասել էր. «Ինչո՞ւ Սիմոն Ամիրյանն էլ չի գալիս մեզ հետ նստում նստարանին, որ ինքն էլ վերացնի իր անգրագիտությունը»։

Ենթադրենք, թե դասերից հետո Արշակ Մնացականյանը ընկեր Անահիտին ուղեկցել է իրենց տուն, և ընկեր Անահիտն էլ դեմ չէր դրան, Ամիրյան Սիմոնը ինչո՞ւ է դուրս գալիս ինքն իրենից։ Ջահել աղջիկ է, գիշերվա կեսին ո՞նց մենակ տուն գնա, գյուղ տեղ է, ամեն ցանկապատի տակ մի շուն կա պպզած։

Բայց Սիմոն շանորդին ուշադրություն չդարձրեց հիմնական փաստերին, սիրահարվածությունը Բըղլի Արշակի աչքը խոթեց ու անունը դրեց քաղաքական սանձարձակություն, ինչպես նաև մարզային խոշոր մասշտաբի խուլիգանություն։ Արանքումն էլ դեռ զանազան բառեր ասաց՝ օպորտունիստ, սուբյեկտիվիստ, կապիտալիզմի մնացուկ, նացիոնալիստ և այլն, որոնք հավաքել էր քաղաքական բառարանից ու ինքն էլ դրանց բացատրությունը լավ չէր հասկանում, բայց մի գլուխ գոռում էր. «Ո՛չ, Մնացականյան Արշակ, մենք չենք թողնի, որ քո օպորտունիստական սուբյեկտիվիզմով արատավորես մեր սոցիալիստական լիկկայանը։ Քեզ ուղարկել ենք լիկկայան, որպեսզի անգրագիտությունդ վերացնես և ոչ թե մեր սոցիալիստական լոզունգներում տառասխալներ որոնես։ Ես քեզ Սիբիր կքշեմ»։

Ճիշտ է, Բըղլի Արշակն առանձին մի գրագիտություն չուներ, բայց, ոչինչ, քաղաքական տեսակետից թույլ չէր, և պատասխանեց. «Ամիրյան Սիմոն, ա՛յ քաղաքական տհաս, մեր էս հոկտեմբերյան հեղափոխությունը նրա համար եղավ նաև, որ փակի սիբիրների ճանապարհը։ Սիբիրի աքսորը ցարի ժամանակն էր, ա՛յ խեղճ ողորմելի»։ Ամիրյանը հակառակվեց, Բըղլի Արշակին մի ամսով ուղարկեց Կուրոպատկինոյում մկնդեղ դնելու։ Արշակը որտեղի՞ց իմացավ, որ տերը մեռած մկնդեղի մեջ ուժ չկա, բողոքեց՝ ոնց-որ մենք այստեղ ոչ թե մկների դեմ ենք պայքարում, այլ մկնաբուծությամբ ենք զբաղվում։ Ձայնը հասավ այդ գործով զբաղվող հատուկ ղեկավարին, այս հատուկ ղեկավարը սապոգները ճռճռացնելով եկավ, Արշակ Մնացականյանին մի նոր քաղաքական աստառ կպցրեց՝ վտանգավոր էլեմենտ, հետո Ստեփանակերտից փորձագետ պահանջեց, որ գա դեղը ստուգի։ Փորձագետը եկավ ստուգեց, գլուխն օրորեց՝ մարդը ճիշտ է բողոքում, դեղն ուժից ընկած է։

Անմեղ մարդուն մեղադրելը հեշտ է, քան նրա անմեղությունը հաստատելը։ Կոլտնտեսության եզը մեխով է ընկել՝ Բըղլի Արշակի մատը երևի խառն է. բանջարանոցներում ջրատար առուն պատռվել, քշել տարել է ածուները՝ կա-չկա, Բըղլի Արշակն է դիտմամբ ջուրը բաց թողել. Սիմոն Ամիրյանի մեղքով քիչ էր մնում գրասենյակը հրդեհվեր՝ Արշակն արած կլինի։

Կոլտնտեսությունների խոշորացման առթիվ հրավիրված ժողովին Բըղլի Արշակը գինով չէր, խոսք ուներ, իր խոսքն ասաց. «Մեր կոլխոզի և Սարաշենի կոլխոզի միացումը,- ասաց,- ես համարում եմ միանգամայն սխալ։ Սարաշենի կոլխոզի հողերը մերից հեռու են, սարաշենցիք էլ հոխկաբազ ժողովուրդ են, ամեն տարի մի նախագահ են փոխում։ Ես առաջարկում եմ մեր կոլխոզը միացնել ոչ թե Սարաշենին, այլ Ձորաշենին»։ Ժողովականները միաբան ծափահարեցին Բըղլի Արշակին, այդ ծափահարությունը դուր չեկավ շրջկոմի քարտուղար Ցողունյանին, սա մի սպառնալից հայացք ձգեց նրա վրա ու ասաց. «Է՜, բեղավոր, այ ընկեր բեղավոր, թող բոլորը գնան իրենց տները, դու մնա, ես քեզ հետ առանձին խոսելիք ունեմ»։

Շրջկոմի քարտուղար Մուշեղ Ցողունյանը Արշակ Մնացականյանին քաշեց գրասենյակ. բակում կանգնածները չէին լսում քարտուղարի ձայնը, չգիտեին ինչ է ասում, բայց Արշակի ձայնը լավ էին լսում. «Չենք ուզում,- ասում էր Արշակը,- ազատ դեմոկրատիա չի՞, չենք ուզում... Հա՛, մեր ուզելովն է,- ասում էր,- դու ի՞նչ իրավունքով ես քո կամքը թելադրում մասսային։ Չէ՛, դու կուսակցություն չես, դու ընդամենը մի անհատ ես, էդ ինչո՞ւ ես կուսակցության անունից խոսում»։

Երկու անգամ շրջկոմի քարտուղար Ցողունյանը եկավ ժողով արեց, երկու անգամ էլ քարաշենցիները Սարաշենի կոլտնտեսության հետ միանալուն դեմ քվեարկեցին, էլի Բըղլի Արշակին քաշեցին գրասենյակ, էլի ժողովականները բակից նրա ձայնն էին լսում. «Բեղերիս հետ դու գործ չունես, իրավունքը մերն է, կամավոր սկզբունքներով ենք գործին մոտենում»։ Բայց վերջին անգամ քարտուղարը մենակ չեկավ ժողովի, հետը բերել էր նաև միլպետ Ասատուր Բաշիրյանին։ Առավել զարմանալին այն էր, որ Բըղլի Արշակն այս անգամ ժողովի էր եկել բեղերը խուզած, և ոնց որ Բըղլի Արշակը չլիներ, այլ Բըղլի Արշակի նեգատիվը։ Ժողովի նախագահը կոկորդը մաքրում էր, որ ժողովը հայտարարի բացված, հենց այդ ժամանակ Արշակ Մնացականյանը տեղից խոսեց. «Ընկեր Սողունյան, բեղերս մաքուր խուզել եմ. ուզում եմ իմանալ՝ ժողովից հետո որտեղի՞ց պիտի բռնես ու ասես՝ միանո՞ւմ եք, թե՞ չէ, միանո՞ւմ եք, թե՞ չէ»։ Ի՜նչ ծիծաղ, ի՜նչ քռքռոց, ի՜նչ աղմուկ, ի՜նչ կոմեդիա... Նույնիսկ միլպետ Ասատուր Բաշիրյանը չկարողացավ պահել իր ծիծաղը. համ ասում էր հակասրիկա, համ ծիծաղում, համ ասում էր՝ ցիրկի կլոուն, ես քո հերն եմ անիծել, համ՝ քրքջում։ Համ ուզում էր կարգի բերել ժողովականներին, համ ծիծաղից խեղդվում էր։ Իսկ քարտուղարն ինքն իրեն ուտում էր, կատաղությունից Գիժ Դանիելի նման ձեռքերը թափահարում էր բեմից, ոնց-որ ասելիս լիներ. «Պատառ-պատառ կանե՜մ, հում-հում կուտե՜մ»։

Բայց խոշորացումը տեղի ունեցավ: Բըղլի Արշակի գրած բողոքը վերադասին, որ շրջկոմի քարտուղար Մուշեղ Ցողունյանը խախտել է դեմոկրատիան, մենք հարմար ենք գտնում միանալ ոչ թե Սարաշենի, այլ Ձորաշենի կոլտնտեսությանը, պտտվեց, պտտվեց, եկավ հասավ խոշորացված տնտեսության նոր նախագահ Արտավազդ Բեգլարյանին, սա էլ կանչեց Բըղլի Արշակին, թե՝ «Ընկեր Մնացականյան Արշակ, ի՞նչ ես ղեկավար մարմինների հետ կոխ բռնել, կոլխոզից ես քեզ ազատում եմ, ուր ուզում ես՝ գնա»։ Արշակը հարցրեց. «Ընկեր Բեգլարյան, դա Սողունյանի հրահա՞նգն է, թե՞ դու ես այդպես ուզում»։ Բեգլարյանն ասաց. «Ախպեր ջան, չեմ ուզում անցավ գլուխս զոռով ցավի մեջ գցել, վերևներում քո մասին շատ վատ կարծիք ունեն, արի զուր տեղից ջուր չծեծենք»։

Արշակ Մնացականյանը Ստեփանակերտի մետաքսի գործարանում աշխատանքի ընդունվեց։ Բանվորություն էր անում՝ բոժոժի հակեր էր թափում ավտոմեքենաներից, տանում դարսում պահեստում։ Բայց այստեղ էլ նորից բռնեց նրա բըղլիությունը. ժողովում քննադատեց պետին, մթերման բաժնի վարիչ Գորկի Սուլիկյանին։ «Բան ու գործ չունի,- ասաց,- առավոտից մինչև երեկո թեյ է խմում, նարդի խաղում, պետությունից զուր տեղը ռոճիկ ստանում»։ Սուլիկյանը հին աղվես էր, քսան կիլոգրամ առաջին տեսակի մետաքսաթելը տարավ դրեց Արշակի շինելի տակ, անմեղ մարդուն բռնեց գողության մեջ։ Քննող միլիցիոները փորձված մարդ էր, իր գործը լավ էր հասկանում, կանչեց Արշակի աշխատանքային ընկերներին, հարցաքննեց, հետո հարցեր տվեց Սուլիկյանին, տեսավ սուտ է, դարձավ Արշակին. «Հայրի՛կ, դու ազատ ես, գողությունը չի հաստատվում, Սուլիկյանը շանտաժ է արել»։ Բըղլի Արշակը նայեց Սուլիկյանին ու ասաց. «Դու Սուլիկյան չես, Է՜, Ժուլիկյան ես։ Քեզ նման ժուլիկի բկից մի մեծ քար պիտի կախել, տանել Ստեփգէսի հովուզը գցել... Բայց դե ջուրն ափսոս է, կկեղտոտվի»։

Արշակ Մնացականյանն անմեղ ճանաչվեց, չուզեց իր անմեղության վրա ստվեր ընկնի, թողեց, եկավ գյուղ։ Խոշորացված տնտեսության ղեկավար Արտավազդ Բեգլարյանը նայեց, տեսավ Բըղլի Արշակին, ուսերը շարժեց, այսինքն՝ ի՜նչ շարժել, խախալեց, ոնց որ պար պիտի գա, խաղալացավն ուսերն է ընկել։ Ուսերը խախալեց ու հարցրեց՝ ետևիցդ կարմիր խնձոր եմ ուղարկե՞լ, աչքիս լո՞ւյսն ես, ինչո՞ւ ես եկել։ Չէ, խաղլացավն անցավ, պարելու միտք չուներ, ոտի վրա հազիվ էր կանգնում։ Ուրեմն՝ պիտի նստի, և գնաց նստեց վառարանի վրա (վառված չէր վառարանը, փետը թաց էր, չէր բռնել), վառարանը ճռճռաց ու ճկռեց, և Բըղլի Արշակի ծիծաղը բռնեց. «Ընկեր Բեգլարյան,- ասաց,- յանի էդ չե՞ս, էնքան ես խմել, որ աթոռն ու վառարանն իրարից չես ջոկում։ Ա՛յ տնաշենի տղա, դարմանը չի քոնը, դարմանանոցը հո քոնն է, քիչ խմիր, էլի, քիչ խմիր, որ կարողանաս ոտիդ վրա կանգնած մնալ»։ Արտավազդ Բելգարյանն իրեն թափահարեց ու մի քիչ սթափվեց, ինքն իրեն մի քիչ հավաքեց ու ծիծաղեց. «Հի՜, հի՜, հի՜, հի՜... Դե լավ, դե լավ, կչորտո՛ւ, մի վառարանով խոշորացված կոլխոզը չի քանդվի։ Դու էլ հաշվիր, թե ետևիցդ կարմիր ձիավորով կարմիր խնձոր եմ ուղարկել։ Գրագետ լինեիր, ազնիվ կոլխոզի նախագահի խոսք, քաչալ Շաբոյին կուղարկեի ֆերմա, քեզ վերցնեի տեղակալ։ Հա, բնութագիրդ որտե՞ղ է, բնութագիրդ։ Չե՞ս վերցրել, այդպե՜ս, չես վերցրել։ Բա լավ, գո՞ւցե մետաքսի ֆաբրիկայում մարդ ես սպանել։ Ես քեզ ո՞նց ընդունեմ աշխատանքի։ Չէ, է՜, ես հավատում եմ, դու հալալ-զուլալ մարդ ես, բայց էդ հալալությունն ու զուլալությունը ճակատիդ գրած չի, որ կարդամ. կարևորը թուղթն է, օրենքը թղթի մեջ է։ Դե լավ, սրանից հետո առանց բնութագրի ոչ մի ղեկավարի առջև չկանգնես»։

Խոշորացված տնտեսության նախագահը գնաց նստեց գրասեղանի ետևում, ղեկավարի դիրք ընդունեց, գրասեղանի ետևից կարգադրություն արեց. «Գնա ձիս պահիր։ Ի՞նչ ես զարմացած նայում, այսօրվանից քեզ նշանակում եմ ձիապահ։ Արաբիս լավ նայիր, վարսակն ու գարին չխնայես։ Կոլխոզի նախագահի ձին պիտի տարբերվի կոլխոզի մնացած մանր-մունր ղեկավարների ձիերից։ Կինոներում տեսած կլինես՝ գեներալների ու մարշալների ձիերն իրենց տերերի տակին ոնց որ չառլստոն պարելիս լինեն։ Էդպես էլ իմ ձին։ Հեղինակության հարց է, ընկեր Մնացականյան, հեղինակության հարց»։

Բըղլի Արշակը մտքում ծիծաղեց: Երևի այդ թաքուն ծիծաղը բեղի տակից երևացել էր, Բեգլարյանը հասկացավ նրա միտքը, հարցրեց՝ ի՜նչ է, սազում չե՞մ, ինձնից առաջ էս աթոռին նստածն ինձնից լա՞վ մարդու տղա էր։ Գնա գործիդ, ձիապահ Մնացականյան, բայց տես, վառարանի վրա նստելուս մասին թե որ բերան ես բացել, ազնիվ ղեկավարական խոսք, բնութագիրդ սև թանաքով կգրեմ։

Տարին էր նահա՞նջ, թե՞ խոշորացված տնտեսության նախագահ Արտավազդ Բեգլարյանն իր տեղում չէր. ցորենի արտը կծղեց ու պառկեց, խրձերը մնացին կալերի մոտ դիզված, աշնան անձրևը սկսեց, դադարելու միտք չուներ։ Բեգլարյանը նայում էր թեք ընկած արտերին, կալերի կողքին դիզած խրձերին՝ դարդից իրեն խմիչքի տալիս, մտքում բայաթի դնդնում. «Ամա՜ն, ա՛յ աման, էս գործի համար ինձ գյուլլեն էլ է քիչ»։ Գյուղում բայաթի էր ասում, գնում քաղաքում արդարանում՝ նախագահը քանի՞ կտոր դառնա. պառկած արտերը հնձի՞, հնձածը կալսի՞, կալսածը փրկի՞, կարտոլը քանդի՞... Ես ի՞նչ անեմ, մալատիրկան չհասցրեց, կոմբայնը մի օր աշխատում էր, տասը օրը կապիտալնի ռեմոնտի ենթարկվում, աշխատող ձեռքը չի հերիքում, Քարաշենից Սարաշեն ղեկավարել կլինի՞։

Շրջկոմի քարտուղար Ցողունյանը խեցգետնի պես կարմրում է, բռունցքն իջեցնում գրասեղանին, բղավում. «Բեգլարյան, չարդարանաս, դու սաբոտաժնիկ ես, դու ղեկավար չես, փալաս ես, ես քեզ դատի կտամ»։ Չհասցրեց դատի տալ, իրեն՝ շրջկոմի քարտուղար Ցողունյանին պաշտոնից հանեցին։

Պետունց Օհանյան Վաղիկը թերթում Ֆելիետոն տպեց՝ «Նախագահը քանի՞ կտոր դառնա», գյուղում կարդացին ֆելիետոնը, ասացին՝ մալադեց Վաղիկ Օհանյան, շատ լավ ես գրել, փաստերը հարյուր տոկոսով համապատասխանում են իրականությանը։ Այ տղա՛, ասացին, նախագահ Բեգլարյանին ինչպե՞ս տարար նստեցրիր կեծ-կեծ վառարանին. դա եղած բա՞ն է, թե՞ քո և Բըղլի Արշակի սարքած ցիրկն է։

Նախագահ Բեգլարյանի շեկումեկ Արուսը Վաղիկ Օհանյանին թողել, Բըղլի Արշակին էր հայհոյում՝ մեռնես դու, Բըղլի Արշակ, նարկոմի նման մարդուս, ժողկոմ մարդուս, ղեկավար մարմին մարդուս ո՜նց խայտառակեցիր ամբողջ Ղարաբաղում։ Մեռնես դու, թաղեմ քեզ, կնիկդ վրադ պոչերը քանդի, երեխաներդ եթիմ մնան։

Արշակը չվիրավորվեց, լսեց ու ծիծաղեց, ծիծաղեց ու ասաց՝ լա՛վ, լա՛վ, որ էդքան շատ ես ուզում, հիմա գնամ մեռնեմ։ Մեռնելուց հեշտ բան չկա, մենակ շատ եմ խնդրում, որ նարկոմ, ժողկոմ, մինիստր, ղեկավար մարմին մարդուդ ասես՝ ինձ դուխովոյ օրկեստրով թաղի։ Մեռնելը, իհարկե, կմեռնեմ, բայց քելեխի համար որտեղի՞ց պիտի ալյուր գտնեք. հրե՜ն, ցորենի դեզերը կալերի կողքին սարերի պես կանգնած, կոլխոզի դատարկ պահեստներում էլ մկները «Քոչարի» են պարում... Գյոզալական կոլխոզը սխալ հրահանգով միացրին Սարաշենի կոլխոզին ու քանդեցին։

Արտավազդ Բեգլարյանը նշանակություն չտվեց Բըղլի Արշակի խոսքերին, բայց դպրոցի դիրեկտոր ընկեր Խորեն Աբաղյանը քնած չէր։ Քննիչը, որ հատուկ «Վիլիսով» քաղաքից եկել էր ստուգելու, թե ում մեղքով է բերքը մնացել հանդում, ընկավ ընկեր Աբաղյանի ջրերը, և կուժն ու կուլան կոտրեցին Բըղլի Արշակի գլխին. «Արշակ Մնացականյանը դեմ է կոլտնտեսությունների խոշորացման իմաստուն ծրագրին, և դա փաստ է։ Բերքահավաքի եռուն օրերին նա շարունակ հակաագիտացիա էր անում և կազմալուծում աշխատանքները»։ Հետո Արշակ Մնացականյանի բեղի մի ծայրը տարան կշկռեցին մաուզերիստ Աղաջանի բեղի ծայրին, մի ծայրն էլ տարան հասցրին արտասահման, քիչ էր մնում առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմները կապեին նրա գործունեության հետ, այսինքն՝ այդ աշխարհակործան պատերազմների հրահրողը եղել է քարաշենցի Արշակ Մնացականյանը։ Ավելի զորավոր փաստեր եք ուզո՞ւմ, խնդրեմ, 1940 թվականի մարտի ութին, երբ մասսան մեծ վերելքով և ահագին խանդավառությամբ, ինչպես նաև բարձր կազմակերպվածությամբ նշում էր կանանց միջազգային լուսապայծառ տոնը, Արշակ Մնացականյանը հայհոյել է ակտիվիստ Սիրան Մինասյանին և խանգարել հանդիսավոր ժողովը։

Ճիշտ է, Արտավազդ Բեգլարյանը հարբեցող է, թույլ ղեկավար է, տնտեսությունից գլուխ չէր հանում, բայց ինչ որ տեղ ազնիվ է. տեսավ, որ մարդուն քաղաքական ուժեղ աստառի են կապել, չդիմացավ, պաշտպանեց Բըղլի Արշակին: «Ա՛յ ընկերներ,- ասաց,- մեղքս վիզ եմ առնում, բերքահավաքի տապալման գործում ամենամեծ մեղավորը ես եմ, բայց մենակ չեմ հասկանում՝ տրոցկիզմը, օպորտունիզմը այստեղ ի՞նչ ղալաթ են անում։ Ախր, այդ մարդը ի՞նչ է արել, բա դուք խի՞ղճ չունեք»։

Բայց ի՞նչ կարող ես անել, Բըղլի Արշակը ղեկավարության աչքում էլի մնաց կասկածելի անձնավորություն։ Շրջկոմի նախկին քարտուղար Ցողունյանը չգիտես որտեղից զանգեց կոլտնտեսության նոր նախագահ Աղասի Թելումյանին, ասաց. «Էդ Քարաշենում, է՜, տի մնե պոնի՞լ, էդ Քարաշենում մի Բըղլի Արշակ կա, Մնացականյան Արշակ. պա՛հ, պա՛հ, պահ... Էդ Արշակը որտեղ որ ոտքը դնում է՝ չորանում է։ Քանի որ էդ դեմագոգը, էդ կլյաուզնիկը, էդ վտանգավոր էլեմենտը Քարաշենում է, հաշվիր, որ գետի վրա նստել, ալյուր ես մաղում։ Տավարիշչ, Թելումով, տի մնե պոնի՞լ։ Դրա պոչը ենթակա է կապիտալնի խուզման»։

Տնտեսության նոր ղեկավարը շրջկոմի նախկին քարտուղարի խոսքերը երկու ոսկե օղ դարձրեց, ականջներից կախեց, ու Բըղլի Արշակին կանչեց գրասենյակ, նայեց բեղերին, չհավանեց՝ անարխիստ է շանորդին, բեղեր է պահում։ Սրանց նմաններն են, որ ղեկավար անձնակազմի հետ չեն հաշտվում։ Լավ, շատ լավ, հիմա բեղերիդ զորությունը կտեսնենք։

- Հա, ընկեր Մնացականյան, ես քեզ հետ խոսելիք ունեմ։ Վաժնի։ Գնում ես խոզաբուծականում աշխատելու, այսինքն՝ խոզապահ։ Ես խիստ մարդ եմ, Բեգլարյան Արտավազդ չեմ, որ տանես վառարանի վրա նստեցնես։
- Ի՞նչ տեսակետից ես խիստ,- Բըղլի Արշակը երեխայի պես անմեղ ժպտաց։
- Ամեն տեսակետից։ Գնում ես խոզապահականը։
- Գնում եմ խոզապահականը, բայց խստությունն այստեղ ի՞նչ գործ ունի։
- Ձեզ շատ են երես տվել, ես ձեզ հետ մտրակով պիտի խոսեմ։
- Հա, հասկացանք, մտրակով ես եկել։ Մտրակով չեն ղեկավարում։ Մտրակը մարդկանց համար չի, ընկեր Թելումյան։

Խոզապահական ֆերմայի վարիչ Ավստրի Բարսեղյանը տեսավ Բըղլի Արշակին, զույգ ձեռքով գլուխը բռնեց՝ ամա՜ն, ամա՜ն, ամա՜ն, էս ցավը, էս պատիժը, էս վարակիչ տիֆն ինչո՞ւ են ինձնով գցել։
- Դե լավ, այ Բըղլի ախպեր, արի ծուռ նստենք՝ ճիշտ խոսենք. թե եկել ես կլյաուզայի համար, սխալվել ես, ես ազնիվ մարդ եմ, բայց ինձ էսպես չտեսնես, մեջս պողպատ կա։ Դե, ուրեմն, տես՝ սա իմ սահմանն է, էս մեկն էլ՝ քո սահմանը։ Թե որ ոտդ դրեցիր գծի այս կողմը՝ կորած ես։

Բըղլի Արշակը լսեց ու ծիծաղեց.
- Բա առանց սահմանապահի սահման է լինո՞ւմ։
- Սահմանապահը մեր իրավունքն է,- ասաց Ավստրին,- ես որպես քո ղեկավարը, իրավունք ունեմ, կարող եմ անցնել քո սահմանը, բայց դու ռյադավոյ ես, իրավունք չունես։ Ռյադավոյն իր հրամանատարի հրամանը լսում ու կատարում է։ Թե չի լսում ու կատարում, դրա համար հատուկ հաուբախտ կա։
- Լավ, ընկեր ֆերմայի վարիչ, կարգադրություն արա,- Արշակը շրխկացրեց կրունկները։- Մենակ էդ կարգադրությունը խելքով արա։ Ասենք թե՝ սիրտդ Կաղնուտում խուրմա ուզեց, ես էդ անտեր խուրման որտեղի՞ց գտնեմ, բերեմ քեզ տամ։

Ամիս չէր անցել, ԽԱՖ-ի վարիչ Ավստրի Բարսեղյանը կանչեց Բըղլի Արշակին, գրպանից մի թուղթ հանեց, թե՝ ակտ է, ստորագրիր։
- Ա՞կտ, ի՞նչ ակտ։
- Դե ակտ էլի, ակտ առ այն մասին, որ սույն թվականի այսինչ ամսին, այսինչ օրին տասներկու գլուխ խոզ է սատկել՝ վարակիչ հիվանդությունից։
- Ընկեր Բարսեղյան, ներողություն, էդ վարակիչ հիվանդությունն անո՞ւն չունի։ Անունն ասա։
- Արա, գլխիս ադվակա՞տ ես, քեզ ասում են ստորագրիր, դու էլ՝ ստորագրիր։
- Ներողություն, ընկեր ֆերմայի վարիչ, էդ սատկած խոզերն ի՞նչ եք արել։
- Ինչ պիտի անենք, թաղել ենք, որ վարակը չտարածվի։

Բըղլի Արշակը ծիծաղեց՝ հա՛յ, հո՛ւյ, Բարսեղյան Ավստրի, դու ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Հլա մի ասա տեսնեմ, թե էդ հարկադիր մորթը ո՞ւմ պատվին եք կատարել։ Միսը կերել եք, ոսկորը թաղել, թե ակտը ստորագրիր։ Չեմ ստորագրում, կարգադրությունդ չի անցնում։
Ավստրի Բարսեղյանը հերսոտվեց, դիվոտվեց, այդպես հերսոտված ու դիվոտված գլխարկը գետնովը տվեց, դերասանություն արեց, դերասանություն անելով գնաց բողոքեց կոլտնտեսության նախագահ Թելումյանին՝ էդ սրիկա՜ն, էդ հակա՜ն, էդ ավազա՜կը, էդ վարակիչ հիվանդությունը... Դե որ ֆերմայի վարիչը Բըղլի Արշակն է, թող ինքն էլ վարիչություն անի, խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։

Աղասի Թելումյանը չխոսեց, թռավ ձիու թամբին, խթանեց, ասես Չապաևն է, գնում է սպիտակներին ջարդի։ Մաննուտի տափովը տվեց, Ուղտաքարով դուրս եկավ, գնաց հասավ ֆերմա, թամբից ցատկեց, և այնքան լավ ցատկեց, իր քեֆն էլ եկավ, մտրակը բարձրացրեց:
- Հակասրիկա, էդ ի՞նչ բանի ես, էդ ի՞նչ իրավունքներ ես բանեցնում։
Արշակը բռնեց նրա ձեռքը, մտրակը խլեց, ջարդեց ծնկի վրա ու ծիծաղեց.
- Ընկեր Թելումյան,- ասաց,- ձիուց ցատկելուդ եմ նայում, ոչինչ, լավ է, մտրակ թափահարելուդ եմ նայում, ասում եմ՝ պահո՜, ոնց որ ողորմածհոգի Սիմոն Ամիրյանը հարություն է առել։ Չէ, ներողություն կանես, խելքով չի բռնած գործդ։ Իսկ թե հարկադիր մորթի համար ով է մեղավոր՝ դո՞ւ, թե՞ Ավստրի Բարսեղյանը, ինքներդ որոշեցեք։

Հետնորդները պարտավոր են առանց հիշաչարության ուղղել իրենց նախորդների սխալը։ Իհարկե, չասացին, թե շրջկոմի նախկին քարտուղար Ցողունյանը թույլ է տվել կոպիտ սխալներ։ Ասացին՝ հարմար ենք գտնում, որ Քարաշենը Սարաշենից բաժանվի, խոշորացվի Ձորաշենի հետ։ Ձորաշենցիներն էլ իրենց ներկայացուցիչներն ուղարկեցին, թե՝ համաձայն ենք։ Ժողովում Աղասի Թելումյանը մեծ պարտավորություններ վերցրեց՝ խոստանում եմ այսքան հեկտարից ստանալ այսքան ցորեն, այսքան գարի, այսքան ճակնդեղ, այսքան հավից՝ այսքան ձու, այսքան ոչխարից՝ այսքան բուրդ... Թվեր էր, որ ոգևորված ասում էր, և այդ պահին, եթե Արաբ ձին տակին լիներ, այնպես կխաղացներ, որ ռուսաց լեզվի ուսուցչուհի Զոյա Զեյնալյանը հիացած կգոչեր՝ պրոստո չուդեսա՜, պրոստո կրասատա՜, պրոստո սմելո՜ստ։ «Մեր էս Թելումովը, է՜, Աղասի Թելումովը,- սա Մուշեղ ապան է,- մեր էս Թելումովը ցիրկում լիներ, ահագին առաջ կգնար, հլա էն կլովունների ձեռքումն էլ չոփ կդներ։ Բա սրա նման ցիրկ ու թատրոն մարդուն կբերեն կոլխոզի վրա նախագահ սարքե՞ն։ Շան որդին լեզու ունի, էլի՜, լեզու ունի»։ Լեզու ունի, շրջկոմի քարտուղարի ու շրջգործկոմի նախագահի ներկայությամբ այնպիսի հաճությամբ էր կուրծքը ծեծում և հեկտարներից առատ բերքեր ստանում, որ նախկին հետախույզ Վալոդ Հովսեփյանը քիչ էր մնում իր կրծքի Կարմիր աստղի շքանշանը պոկի, կպցնի Թելումյանի դոշին ու ասի՝ առ, ընկեր նախագահ, էս Կարմիր աստղը քեզ է սազում. ոչինչ, ես շարքային այգեգործ եմ, յոլա կգնամ։

Մուշեղ Ցողունյանի ականջը Կիսլովոդսկում թե Ժելեզնովոդսկում կանչեց, նամակ-նամակի ետևից ուղարկեց մարզկոմին՝ մի՞թե չեք տեսնում, հարգելի ընկեր ղեկավարներ, դեմագոգները խոշորացված կոլտնտեսությունները քանդում են, մեզ ռևիզիայի են ենթարկում, ծռում են մեր սոցիալիստական գիծը, մոռանում են մեր կատարած ծառայությունները։ Նամակներն ուղարկեց ու չհամբերեց, Կիսլովոդսկուց թե Ժելեզնովոդսկուց եկավ, հասավ Ստեփանակերտ, ներկայացավ մարզկոմի քարտուղարին, ասաց. «Ես Ցողունյանն եմ, շատ կարևոր հարցով եմ եկել»։ Քարտուղարը լսեց նրան, չընդհատեց, թողեց խոսի, դատարկի սիրտը, և հարցրեց. «Իսկ ինչո՞ւ եք այդպես վրդովված, ընկեր Ցողունյան. ձեզ, որքան ինձ հայտնի է, աշխատանքից ազատել են կամայականությունների համար։ Քարաշենի հարցում ընկերները պարզապես ուղղել են ձեր սխալը»։

Աղասի Թելումյանի հայրը՝ սզնուտցի Կարոն, հին որսորդ էր, հասած տանձերը կոլտնտեսության այգուց հավաքում՝ տանում էր ծմակը, դնում կածանի վրա, կողքին երկու-երեք թակարդ սարում։ Դե արջն էլ արջ է, անխելք անասուն, չի ասում՝ սզնուտցի Կարոյի սիրտն ինձ համար պողերի՞ն է ընկել, էս մալանչենի տանձերն ինչո՞ւ է կոլխոզի բաղերից հավաքել, բերել դրել էստեղ։ Արջ է, էլի, քաղցր տանձի համար բերանի ջուրը գնում է, և էսպես բերանի ջուրը ցրիվ տալով, գալիս թակարդն է ընկնում, սկսում թքոտել՝ թո՛ւ, Կարո, քո Աղասու խերը ոչ տեսնես, ես քո աղվես մե՛րը... Բա դու որսո՞րդ ես, գյադա՛ ես, գյադա՛։
Բըղլի Արշակը, իհարկե, արջ չի, մարդ է, ուղեղ ունի, մտածում է՝ սպասիր, ընկեր Թելումյանն էս ինչո՞ւ ինձ առաջ քաշեց, դարձրեց ոչխարապահական ֆերմայի վարիչ։ Լավ, մի տեսնեմ սրա մտքինն ինչ է։ Եվ Բըղլի Արշակը ձին նստեց, գնաց սարերը, գնաց հասավ Քիրս, հասավ թե չէ, կարգադրությունը ետևից եկավ՝ մինչև մի շաբաթ ոչխարի խուզը ավարտել։

Մի շաբթում հազար գլուխ ոչխարը չորս-հինգ հոգով խուզել կլինի՞։ Արշակը ապսպրեց՝ դա հնարավոր բան չի, մարդ ուղարկեցեք, խուզող ագրեգատ ուղարկեցեք: Բայց ֆերմայի վարիչ Մնացականյանի ձայնը չհասավ Քարաշեն, թե՞ հասավ, լավ չլսվեց։ Ստիպված ինքը եկավ բողոքեց, Թելումյանը ծիծաղեց՝ ա՛յ մարդ, կրակի վրա՞ ես եկել, մի սպասիր տեսնենք էս բերքահավաքը, խոտահունձը ինչ է դառնում։ Բուրդ է, էլի, արտ չի, որ անձրևի տակ ընկնի փչանա։ Գնա սարերի էն սառը ջրերից խմիր ու սպասիր։
Արշակը գնաց սպասեց մի շաբաթ, երկու շաբաթ սպասեց, անասնաբույժ Երվանդը եկավ, թե՝ դու քեզ համար էստեղ հանգիստ նստել ես ու չգիտես գլխիդ ինչ թխպեր են հավաքվել։ Ոչխարի խուզը դիտավորյալ տապալելու համար հարցդ դրվել է վարչության նիստում, գնա տես ինչ ես անում։ Բըղլի Արշակը գնաց, տեսավ թատրոնն արդեն սարքվել է, մնում է վարագույրը բարձրացնել ու սկսել ներկայացումը։

Արշակ Մնացականյան, մենք քեզ համարել ենք ազնիվ ու անկաշառ մարդ, մենք քեզ ֆերմա ենք վստահել, իսկ դու... Արա՜, ուրեմն էն որ ասել են հակա ես, ճիշտ են ասել։ Դե լավ, դե լավ, չարդարանաս, մի բացատրություն գրիր, գնա դատարանում արդարացիր։ Բա ո՜նց, ոչխարի խուզը դիտավորյալ կերպով տապալելու համար կարծում ես ճակատդ պիտի պաչե՞նք։
Գլխավոր դատախազը երկու ակնոց էր պահում, մեկով նայում էր խոսակցին, մյուսով՝ առջևում շարած թղթերին։ Սա շատ հեռուներից սկսեց և, ինչպես երևում է, հին դարման քամուն տալը դատախազների համար հաճելի զբաղմունք է։ Արշակ Մնացականյան, ինչպե՞ս է եղել, որ 1940 թվականին խանգարել եք կանանց միջազգային տոնին նվիրված հանդիսավոր ժողովը։ Լավ, մի պահ համարենք հարբած եք եղել, թեկուզ իրավաբանորեն հարբածությունը չի արդարացվում. համարենք կոլեկտիվացման տարիներին չեք թերագնահատել գյուղական սովետների գործունեությունը, համարենք դպրոցի շենքի ճակատից անգիրագիտության վերաբերյալ գրված լոզունգը դուք չեք իջեցրել ու ասել՝ էս լոզունգը հենց ինքը տեղովը մեկ անգրագիտություն է...

Բըղլի Արշակը, որ խոնարհ աշակերտի պես նստել ու լսում էր, հանկարծ փռթկացրեց, և գլխավոր դատախազ Ասքանազ Մամիկոնովը նրա այդ փռթկոցն ընդունեց որպես ոտնձգություն սովետական դատարանի դեմ, ուզում էր գոռալ, բայց պահեց իրեն ու շարունակեց.
- Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ ծիծաղում է նա, ով վերջումն է ծիծաղում։ Կարո՞ղ եք ժխտել այն փաստը, որ մետաքսի գործարանում բռնվել եք գողության մեջ։ Այսինքն՝ ձեռք եք մեկնել սոցիալիստական անձեռնմխելի սեփականությանը։ Կոլտնտեսությունների խոշորացման իմաստուն քաղաքականությանը դեմ եք կանգնել և ընդհանուր ժողովում վարկաբեկել շրջկոմի առաջին քարտուղարին։ Ահա այսքանից հետո, Արշակ Մնացականյան, ես անձամբ չեմ զարմանում, որ դիտավորյալ կերպով, միտումնավոր, թշնամաբար տապալել եք ոչխարի խուզը։ Սրան ի՞նչ կասեք։

Բըղլի Արշակը գլխով հավանություն տվեց նրա ասածներին, իբր թե ընդունեց մեղադրանքները հիմնովին, քանզի փաստերը զորավոր են, պաշտպանվելու փորձ չարեց, չհակաճառեց, կամովին հանձնվեց։
- Ընկեր գլխավոր դատախազ,- ասաց,- ուրիշ բաներ էլ կան, դուք մոռացել եք։ Հինգ թվականի «արյունոտ կիրակին» ո՞վ է կազմակերպել՝ ես, տասներկու թվին Լենայի ոսկու հանքերում ո՞ւմ մեղքով են գնդակահարել անմեղ բանվորներին՝ իմ մեղքով։ Մենակ էդ չի՝ ճորտատիրական կարգերն էլ եմ ես ստեղծել, ստոլիպինյան ռեակցիան էլ։ Ի՞նչ իմանաս, սկի գուցե ես քարաշենցի Արշակ Մնացականյանը չեմ, այլ ինքը՝ ավազակ Մախնոն է նստած ձեր դիմաց։ Ես գեներալ Վրանգելի գործակալն եմ եղել, Դենիկինի ադյուտանտը, անգլիական լրտես, համաշխարհային ավանտյուրիստ, Ճապոնիայի վրա ես եմ ռումբ գցել, ես եմ Հռոմը վառել... Ասացեք, էլի՜, դրանք էլ ասացեք, ո՞ւմ համար եք պահում։ Թող հիմա էլ Քարաշենից մի Բըղլի Արշակ պակասի։ Բա ինձ նման վնասարար էլեմենտն իրավունք ունի՞ ապրելու սովետական պայծառ արևի տակ։

- Խեղկատակություններին վե՛րջ տվեք,- գլխավոր դատախազը ոնց որ զսպանակի ուժեղ հրումից տեղից թռավ, և լավ է, որ ճակատը չդիպավ առաստաղին, թե չէ, այդքան մեղադրանքներին կավելացներ ևս մի մեղադրանք՝ Արշակ Առաքելի Մնացականյանը ձեռք է բարձրացրել մարզդատախազ Ասքանազ Մամիկոնովի վրա։- Վե՛րջ տվեցեք,- նորից բղավեց գլխավոր դատախազը,- քո էդ «արյունոտ կիրակին», Լենայի ոսկու հանքերը, ճորտատիրական կարգերը, ստոլիպինյան ռեակցիան, Հռոմը, Ճապոնիան կտանեք ձեր կոլտնտեսության նախագահին կպատմեք։ Դուք կոմունի՞ստ եք։
- Ընկեր գլխավոր դատախազ, գիտեք որ կոմունիստ չեմ, ինչո՞ւ եք հարցնում։ Չթողեցին կուսակցության շարքերն անցնել, խանգարեցին։
- Ո՞վ խանգարեց։
- Ողորմածհոգի Սիմոն Ամիրյանը, մեր նախկին գյուղսովետի նախագահը։ Ճանապարհս փակեց։
- Իսկ ինչո՞ւ փակեց։
- Դուրը չէի գալիս, թերություններս մի ավտոմեքենա բարձես, չէր տանի, դողերը կպայթեն։
- Ի՞նչ թերություններ...
- Խոսքը ճակատին էի ասում, ծուռ բաներ էի տեսնում, լեզուս ինձ չէի պահում։ Ես քանի՞ գլուխ ունեմ, որ ասեմ՝ անգրագիտությունը վերացնելու մասին անգրագետ լոզունգ չպիտի գրել։

Հարցաքննությունն էլի պիտի շարունակվեր, բայց մի շաբաթ անց Աղասի Թելումյանը կոլտնտեսության վարչության և իր անունից գրություն ուղարկեց մարզդատախազությանը. «Նախկին ֆերմայի վարիչ Արշակ Առաքելի Մնացականյանը ոչխարի խուզը տապալելու համար իրոք մեղավոր է, սակայն ելնելով այն հանգամանքից, որ նա հետագայում խոստովանել է իր սխալը, ուստի խնդրում ենք կարճել գործը, այն նկատառումով, որ կոլեկտիվը նրա դաստիարակության գործը վերցնում է իր վրա»։ Գլխավոր դատախազը կարդաց գրությունը, զզվանքով նետեց՝ տարրական անգրագիտություն, թյո՛ւ։ Արշակը լսեց ու գլուխն օրորեց՝ մալադեց Թելումյան, մալադեց գող Կարոյի տղա, ինձ դաստիարակում է։

Թելումյանն իր չափն ու կշիռը պիտի բարձրացներ ու ծանրացներ, և նայեց Բըղլի Արշակին, գլուխը տմբտմբացրեց.
- Արշակ, լեզուդ, է՜, լեզուդ շատ ես չարչարում։ Մի ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզում էս լեն ու բոլ աշխարհից։ Տեսար, չէ՞, խիղճս թույլ չտվեց, էլի ես քեզ փրկեցի։
Արշակը պատասխանեց.
- Տեսա, բա չտեսա՞։ Փրկեցիր, որ լեզուս կտրես, քո ձեռքով ինձ խեղդես, փալաս դարձնես ու էդ փալաս Արշակով կեղտոտ սապոգներդ մաքրես։ Մաքուր փալասով սապոգները լավ է փայլեցվում, լաքա չի թողնում։ Քո էդ անգրագետ թուղթը չլիներ, կարծում ես՝ Բըղլի Արշակը կկորչե՞ր։ Ներողություն կանես, ընկեր Թելումյան. ոչխարն է կորչում, եզը, ձին, էշը, կովն են կորչում։ Վախեցար ձենս հասնի Մոսկվա։ Չէ, ինձ չէ, դու քեզ փրկեցիր, քո կաշին պաշտպանեցիր։ Ուրիշներին դաստիարակողը նախևառաջ ինքը պիտի դաստիարակված լինի։ Ուսուցիչը թե որ իր աշակերտից բանիմաց ու գրագետ չեղավ, ուրեմն՝ ուսուցիչ չի, ուղարկիր թող Խամուտում խոտ հարի, սարերում ոչխար խուզի, Մուրսինի տափում քոլ քանդի, նախագահի ձին թամբի...

Քարաշենում ասացին՝ այդ խմորը շատ ջուր վերցրեց, բայց, փա՛ռք Աստծո, հունցածը քացախեց, կպավ թոնրի պատին։ Հա, կպավ թոնրի պատին, Բըղլի Արշակի Նոյեմը թաժա հացը հանեց թոնրից, թոնրատան կողքով անցնող Աղասի Թելումյանին համեցեք արեց՝ համեցե՜ք, ընկեր Թելումյան, թաժա հաց կտրեցեք։ Ընկեր Թելումյանը սիրով ընդունեց ավանդական այդ հյուրասիրությունը՝ լավ է, գյուղում մարդիկ հարգում են ղեկավար անձնակազմին, և թաժա հաց կտրեց, իբր թե իր և Բըղլի Արշակի միջև առանձին մի բան չի եղել, հարցրեց՝ Նոյեմ, Բըղլին, է՜, Բըղլին ո՞նց է, կարողանո՞ւմ եք իրար ջան ասել, ջան լսել։ Իբր թե Նոյեմն էդ անցած-գնացած բաները վաղուց է մոռացել, ոչ մի նշանակություն չի տալիս՝ էդ ե՞րբ է եղել, հա՜... Պըլը-Պուղու, Մելիք Շահնազարի ժամանակներում։

Մուշեղ ապան Կաղնուտում լոբուտը ջրելիս միտքը սար ու ձորի տվեց ու ասաց.
- Արշակ, քո և Թելումովի «շունն ու կատուն» լավ վերջացավ:
Արշակը առվի բերանը մի ճումբ գցեց, որ չպռատվի, հարցրեց.
- Հալևոր, որտեղի՞ց իմացար, որ վերջացել է։
- Այ տղա, օղորմած հերդ մուղ չէր պահում։
- Մուշեղ ապա, հորս հասկացողությունն էլ այդքան է եղել։ Հերս՝ իր տեղը, ես՝ իմ տեղը,- և բահը մեկնեց դեպի սարալանջը,- տեսնո՞ւմ ես, Կաղնուտը ջարդում են։ Ի՞նչ ես ասում, աչքերս փակե՞մ, ականջներս փակե՞մ՝ ոչ տեսել եմ, ոչ լսել։ Չէ, էս խմորը շատ ջուր կտանի։

Քաղաքից գրողներ ու արտիստներ եկան՝ հանդիպման։ Դեռ մի օր առաջ էր կուլտուրայի շրջանային բաժնի վարիչը զանգել Աղասի Թելումյանին՝ գրողներ եմ ուղարկում, արտիստներ եմ ուղարկում, լավ կընդունեք, գործնական մասն էլ անցկացրեք բարձր մակարդակով։ Հյուրերը եկան ավտոբուսով, դպրոցականները նրանց դիմավորեցին ծաղիկներով, ակումբը ծայրից-ծայր լցված էր հանդիսատեսով։ Երեկոն բացեց Թելումյանը՝ այսօր մեզ համար մեծ տոն է,- ասաց,- առաջներում ո՞վ է տեսել կամ լսել, որ գրողը մասսայի հետ այսպես սերտ կապ պահպանի։ Հիմա ժամանակները փոխվել են, Քարաշենում այլևս անգրագետ մարդ չկա, Մուշեղ ապան, որ Մուշեղ ապա է, էլի գրականությունից գլուխ է հանում, Թումանյանի քառյակներն անգիր ասում է։ Դե, հիմա եկեք լսենք մեր թանկագին հյուրերին։

Ճաղատ գլխով, մուգ ակնոցով մի բանաստեղծ ոտանավորներ արտասանեց, ոտանավորները ծաղիկների, հավքերի, լեռների, գետերի, սարերի մասին էին։ Երևի շատ պիտի արտասաներ, խմբի ղեկավարն աչք-ունքով հասկացրեց՝ հերի՛ք է, տնաշեն, մենակ դու չես, մնացածներն էլ մի ուրիշ գյուղում կկարդաս։ Երկարամազ մի բանաստեղծ, որ հիմնականում սիրահարական թեմայով է գրում, և իրեն մի նոր Հովհաննես Շիրազ էր երևակայում, նույնպես արտասանեց, ու շատ զարմացավ, որ իրեն քիչ ծափահարեցին, և մտքում ասաց՝ էս քարաշենցիներն իսկական պոեզիայից բան չեն հասկանում։ Բըղլի Արշակին ավելի շատ դուր եկավ ճերմակահեր գրողի ելույթը։ Նրա բանաստեղծությունը կաղնիների մասին էր։ Կաղնիներն, այդ հրաշք ծառերը, փոթորիկներ են տեսել, բայց դիմացել են։ Կայծակը շանթել է, բուքը ոռնացել՝ էլի դիմացել են։ Իսկ դուք, մարդիկ, ինչո՞ւ եք կացին բարձրացնում այդ հրաշք ծառերի վրա։ Բըղլի Արշակի կոկորդը քոր եկավ, ձայն խնդրեց, խոսեց.

- Ապրեք, ընկեր գրող, շատ լավ եք գրել։ Կաղնին իսկապես հրաշք ծառ է, աննման ծառ... Բա լավ, ինչո՞ւ կացին բարձրացնել այդ հրաշք ծառի վրա։ Խոսքս կոնկրետ քեզ է վերաբերում, ընկեր Թելումյան,- դահլիճն աշխուժացավ, Թելումյանն աչքերը կուչ ածեց։- Մեր Կաղնուտում կաղնի չես թողել՝ ջարդել ես։ Հասկանալի է, շրջգործկոմի նախագահի կնիկը վերին բաղի ծաղիկն է, վառելափայտ է հարկավոր, որ ձմռանը չմրսի։ Շրջգործկոմի նախագահի տեղակալին վառելափայտ է հարկավոր, քո բաջանաղին՝ պանրագործարանի դիրեկտոր Լազր Փանդունցին նույնպես վառելափայտ է հարկավոր։ Ա՛յ մարդ, վաղը մեր ընկեր գրողի գրածը թոռդ կկարդա ու կասի՝ պապի, կաղնին ի՞նչ բան է...
- Պահո՜, լոկի նաղլը սկսեց,- Թելումյանը թաշկինակով սրբեց քրտնած դեմքը։- Մնացականյան, ենթադրենք թե ընկեր գրողն էդ բանը չէր կարդացել, ինչի՞ մասին պիտի խոսես։

Արշակը վրա բերեց.
- Ընկեր Թելումյան, ենթադրենք թե մեր Կաղնուտը չկա, բա այդ ղեկավար ընկերներին ինչպե՞ս պիտի լավություն անես։ Այդ ես, էլի, երկու հազար ձվով քսան հազար ձվի պլան ես կատարում, դոշդ թակում՝ պլանները ժամկետից շուտ գերակատարել եմ։
Ակումբի բակը բռնել է խորովածի հոտը, բայց Թելումյանը ոնց-որ մեռել՝ թաղող չկա։ Նա մտքում հայհոյեց կուլտուրայի շրջանային բաժնի վարիչին՝ ես քո ծուղրուղու հերն եմ անիծել, լավություն է անում՝ գրողնե՜ր եմ ուղարկում, լավ կընդունեք։ Մթամ չգիտե՞ս, որ Քարաշենում Բըղլի Արշակ կա, քո էդ գրողների ու արտիստների ներկայությամբ շանը լափը գլխիս պիտի թափի։

Քեֆ ու խնջույք է, ուտել-խմել է, բայց անունը բանկետ են դրել, որ չասեն մեծ ծախսեր են կատարել։ Երկու գոճի են մորթել, երկու ոչխար, քսան թե երեսուն հավ են մորթել, պահեստից երկու պոչինկա գինի, քսան լիտր օղի են դուրս գրել, պանիր, ձու, յուղ, մեղր՝ նույնպես, քանզի սրանք բանկետում պարտադիր են։ Կոլխոզը չի աղքատանա, եղած-չեղածը թող լինի երեք հազար ռուբլու ծախս։
Կարգ է, հյուրերին պիտի հարգել, որ չգնան քաղաքում ասեն՝ էդ քարաշենցիները, է՜, հացով ժողովուրդ չեն, մաքուր ցիգան են, մաղ կապողներից են, մորեխ ուտողներից են։ Չասեն՝ կոլտնտեսության նախագահ Թելումյանն ինքնագլուխ ղեկավար է, մասսայից լրիվ կտրված է, Կաղնուտի ծմակի վային է նստել։

Գյուղի ղեկավար անձնակազմի կենացի վրա պիտի գյուղսովետի նախագահ Արտեմը խոսեր։ Արտեմը, բանկետի չէր եկել, երևի Բըղլի Արշակի հետ չափարների տակին քսի-փսի է անում։
Խոսեց ինքը՝ Թելումյանը.
- Ղեկավարը, գյուղում ապրի թե քաղաքում, բարձր պիտի լինի կանգնած իր դիրքերի վրա։ Իսկական ղեկավարը նա է, ով հասարակության շահը վեր է դասում իր անձնական շահերից ու քայլում ժողովրդի հետ։ Մեզ մի Բըղլի Արշակ ունենք, քիչ առաջ ակումբում իրեն ցույց տվեց, հազար ձևի ցեխի միջից հանել եմ, նրա երեսից ես էլ եմ ցեխոտվել, բայց դե, ի՜նչ արած, առածն ասում է՝ սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի։ Շնորհակալ եմ, որ խմում եք ղեկավար անձնակազմի կենացը, զգացված եմ, ես էլ նույնպես միանում եմ ձեր կենացին։

Ղեկավար անձնակազմի կենացը ծաղկեցրեց միջին տարիքի մի դերասան, և նրա Համլետը հարբած էր, կիսախելագար ու կիսախուլիգան էր, ճիշտ կլինի ասել՝ դերասանը Շեքսպիրի Համլետի հերն անիծեց ու դժգոհեց թատրոնի ղեկավարությունից, որ իր հասնելիք կոչման գլխին քար են գցել։
- Ինձ նախանձո՜ւմ են,- գոռաց։- Ինձ հալածո՜ւմ են,- բղավեց։- Ես այդ անտաղանդ միմոսներին ու խեղկատակներին աշխարհով մեկ պիտի խայտառակեմ,- ըմբոստացավ։- Ես ծնվել եմ բեմի համար, բեմի վրա էլ կմեռնեմ,- վերջում լաց եղավ, ողբաց իր մահը, նստեց տեղը, մի բաժակ սպիտակ գինի թե լիմոնադ խմեց, վեր կացավ, գլուխ տվեց.- Շնորհակալություն՝ ուշադրության համար։

- Ակումբի գեղմասվար ժորա Մարգարյանը, որ նույնպես իրեն համարում է արտիստ, պաշտպանեց իր հալածված, խեղճ ու տաղանդավոր կոլեգային՝ վախիլ մի, տաշած քարը տափին չի մնում, և ղեկավար անձնակազմի՞, թե՞ վաստակավորի կոչման արժանի արտիստի պատվին մի երգ ծոր տվեց.
Ծլել է արտս, ծփում է արտս,
Կորել է դարդս, ջա՜ն...
- Ջա՜ն,- գոչեց մուգ ակնոցավոր գրողն ու աքլորացավ,- ես էդ Բըղլի Արշակի մասին ֆելիետոն եմ գրելու։
- Չեն տպի,- մեկն ասաց կողքից,- չեն տպի, վերևներում հիմա նա ապահով թիկունք ունի, ու ձայնն իջեցրեց, որ Թելումյանը չլսի.- Բըղլի Արշակը որ չլիներ, Թելումյանը խնձորի այգին էլ Կաղնուտի օրը կգցեր։

- Մալադեց բեղավոր ախպեր,- ֆելիետոն գրելու միտքը փոխեց ճաղատ, մուգ ակնոցավոր գրողը։- Ես դրա մասին ակնարկ եմ գրելու։ Բա ո՞ւր է, ինչո՞ւ բանկետին չի մասնակցում։
- Բանկետս ո՞րն է,- հարսանիք է, էլի,- պատասխանեց կողքինը,- մենակ հարսն ու փեսան են պակասում։
ժորա Մարգարյանը երգը փոխել էր, խառը լեզվով էր երգում.
Ման սանա դեյիմ դոբրի դեն,
Իսկ դու սմոտրիշ դեսուդեն,
Պրիշոլ հարսանիքս իքյի դեն,
Գենացվալե, կուշայ շաշլիկ,
Կուրբանում, զամնոյ պաշլի։

- Ջա՜ն,- մուգ ակնոցավոր բանաստեղծը, խմիչքից կարմրատակած, ծափ տվեց, դարձավ կողքինին.- Թիկունքն ո՞վ է, թիկունքը։ Ի՞նչ թիկունք,- աչքերը ճպճպացրեց կողքինը։
- Բա քիչ առաջ ո՞ւմ մասին էինք խոսում։
- Հա՜, Բըղլիի թիկունքն ես հարցնում։ Տղան համալսարանում դասախոս է, աղջիկը բժշկականն է ավարտում...
- Ցավդ տանեմ, դրանք ի՞նչ թիկունք են։
- Հա՜, թիկունքը... Թիկունքը ժողովուրդն է։
- Բա Թելումյանի թիկունքը...
- Կաղնուտի ջարդված ծմակը...

- Հյուրեի ներկայությամբ կարիք չկար խայտառակելու նախագահին,- գյուղսովետի նախագահ Արտեմը դա փողոցում ասաց Բըղլի Արշակին։- Շատ ես ճակատային։ Նրանք մեր մասին ի՞նչ կմտածեն։
- Թող ինչ ուզում են՝ մտածեն,- Արշակը կանգնեց, օտարոտի նայեց Արտեմին։- Չաթուս պոզերին տանելո՞ւ է,- ծիծաղեց,- թո՛ղ տանի։ Իսկ էդ հյուրերը Ամերիկայից են եկե՞լ, թե՞ Անգլիայից։ Մերոնք են, չէ՞, գրելու բան է, թող գրեն։
- Արշակ, մի շախմատիստ կա, է՜, անունը լավ չեմ հիշում, հասարակ շախմատիստ է, թույլերի հետ ոչ-ոքի է խաղում, գրոսմայստերներին ջարդում։

Բըղլի Արշակը ծիծաղը մանրեց բեղերի տակ.
- Էդ հասարակ շախմատիստի անունը Բըղլի Արշակ է։ Էդ Բըղլի Արշակը մենակ թույլ գրոսմայստերներին է ջարդում և ապացուցում, որ ստից են գրոսմայստերներ դառել։ Իսկ տնտեսություն ղեկավարելը, Արտեմ, շախմատի խաղ չի։ Դե որ այդպես է, գնանք Տիգրան Պետրոսյանին բերենք, թող մեր կոլխոզը ղեկավարի։ Ղեկավարելու համար ղեկավարի ջիղ պիտի ունենալ, չքննադատվելու համար՝ մաքուր ձեռքեր, շիտակ հոգի։ Աղասի Թելումյանը քաղաքում գիտե՞ս քանի տուն է պահում՝ շրջգործկոմի նախագահի տունը պահում է, նրա տեղակալի տունը պահում է, մի ծույլ ու անբան եղբայր ունի, դրա տունն էլ է պահում։

Կերուխումն արդեն վերջացել էր, մուգ ակնոցավոր գրողը ակումբի բակում համբույրներ էր շռայլում։ Թելումյանին գրկեց ու համբուրեց՝ ախպեր, ուժեղ, շատ ուժեղ ղեկավար ես։ Ակումբավար Նունիկին համբուրեց՝ ասաց՝ ա՛ քիր, ուժեղ ակումբավար ես, քո մասին ակնարկ պիտի գրեմ։ Ժորա Մարգարյանին համբուրեց՝ ախպեր, ուժեղ երգիչ ես, քո տեղը մեր երգի-պարի պետական անսամբլն է։ Նկատեց Բըղլի Արշակին, վազեց արջավարի գիրկն առավ, էլի համբուրեց:
- Ախպեր, ուժեղ բեղեր ունես, քո էդ բեղերի մեջ գիտե՞ս ինչ հունար կա։ Ուժեղ մարդիկ միշտ ուժեղ բեղեր են պահում։
- Ապրես, շնորհակալ եմ,- պատասխանեց Արշակը,- դե որ երկար բեղերի մեջ էդքան ուժ կա, ինչո՞ւ դու էլ չես բեղեր պահում, որ ուժեղ ոտանավորներ գրես, կարդանք հիանանք։

Ավտոբուսի կողքին կանգնած գրողներն ու արտիստները ծիծաղեցին, Աղասի Թելումյանը ջղայնացավ՝ լեզու չի, է՜,- ասաց,- լեզու չի... Հյուր չի ասում, ծանոթ ու բարեկամ չի ասում, ղեկավար մարմին չի ասում, բոլորին պոզահարում է։ Ներող լինեք, սա էլ մեր գյուղի ծուռն է։
Հյուրերին ավտոբուս նստեցրին։ Մուգ ակնոցով գրողը տրորելով, ճմռելով, գոմեշի նման փնչացնելով, հրմշտելով, լկտի ու ամբարտավան, ավելի շատ վստահ ֆիզիկական իր կազմվածքին, քան խելքին, գնաց տեղավորվեց ավտոբուսում։ Բըղլի Արշակը մտածեց, որ այդ մարդն ամբողջ կյանքում իրենից թույլերին ու անզորներին տրորելով քայլել է ու դեռ կքայլի, մինչև մի ուժեղ ձեռք կբռնի նրա ուսերից, կանգնեցնի ու ասի՝ ո՞ւր ես խցկվում, հերի՛ք է որքան խցկվել ես, կանգնի՛ր։

- Կարծում էի դու էլ ես քեֆի,- Նոյեմը դա ասաց հումորով, բայց խոսքի մեջ մի քիչ սրտացավություն դրեց։- Հրայրը նամակ է գրել, ասում է՝ արձակուրդը վերցնելուն պես գալիս եմ,- Հրայրը նրանց դասախոս տղան է՝ ավագը, փոքրը՝ Հուսիկն է, ծառայում է բանակում։
- Էլի հոպոպի պես մենա՞կ է գալիս։
- Կինը, երեխաներն էլ է բերում։
- Խելքի է եկել, երևի տեղները փոխել են, հիմա էլ կնիկն է իր զուռնայի տակ պարում։ Բա Սոչին, Գագրան, Բաթումը, Սուխումը, Մոսկվան, Լենինգրադը, Ռիգան... Պա՛հ, տղամարդն էլ կնկա համար էդքան մեռած կլինի՞...
- Քեզ նման,- Նոյեմը լցվել էր, պիտի պայթեր,- քեզ նման, էսօր էլ քեզ ցույց տվեցիր։
- Էսօր էլ, մյուս օրն էլ, մի՛շտ։ Դե ձենդ կտրի՛։ Հրայրը դեպի քեզ է եկել, Հուսիկն իմ պնչից է թռել։ Իմը Հուսիկն է։ Բանակից գալուն պես կպսակեմ։

Աշունքին երկրի ինչ-որ քաղաքում մի նախկին քարաշենցի էր մահացել. ջահել չէր, ութսունին մոտ մարդ էր։ Անուն-ազգանունն ասացին՝ Գայկ Կարախանով,- գյուղում որքան մտածեցին, չկարողացան իմանալ, թե Գայկ Կարախանովն ում ազգուտակից է։ Այս Գայկ Կարախանովը տարբեր ժամանակներում տարբեր բնագավառներում բարձր պաշտոններ է վարել, բայց մի անգամ, քանի բազկաթոռի վրա պինդ էր նստած, չի ասել՝ ես քարաշենցի եմ։ Մեռնելու վրա հանկարծ միտն է ընկել Գոշ աղբյուրը, Շաղասարը, Կաղնուտը, Մաննուտը, Սինգարա սարի կաղնին, Մուղոզի ձորը... Եվ այս նշանավոր անձնավորությունը ասել է. «Կտանեք ինձ թաղեք մեր Քարաշենում»։ Հանգուցյալի ետևից երեք-չորս վագոն մարդ է եկել՝ տղերքը, աղջիկները, թոռները, ծոռները, հարևաններն ու ընկերները։

Փողային նվագախումբը Շոպեն զրմփացրեց, մի ակնոցավոր մարդ սգո միտինգը հայտարարեց բացված, խոսքը տվեց հանգուցյալի մտերիմ ընկեր, բոլորի կողմից սիրված ու հարգված ընկեր Ցողունյանին։ Բոլորի կողմից սիրված ու հարգված ընկեր Ցողունյանը ի՜նչ լավ խոսքեր ասես, որ չասաց հանգուցյալի հիշատակին՝ Գայկ Ամբարձումովիչն անցել է մեծ ու փառավոր ճանապարհ, փոթորկուն կյանք է ապրել, շատ մեծ սիրտ է ունեցել, պայծառ միտք...

Կոլտնտեսության նախագահ Թելումյանը նույնպես խոսեց, և իր ելույթի վերջում խոստացավ հանգուցյալի գերեզմանին արձան կանգնեցնել։ Այստեղ էր, որ Արշակի բըղլիությունը նորից բռնեց, հենց այնպես, ինչպես ժողովներում էր մեկ-մեկ տեղից խոսում, այս անգամ էլ խոսեց.
- Ախպեր, սա ի՞նչ բան է, մարդիկ կան, հեռու ընկեր Գայկ Համբարձումովիչից, գյուղից փախչում, գնում քաղաքում ապրում են, թոշակի անցնում, գալիս գյուղում թաղվում։ Ձեր ցավը տանեմ, գյուղը գերեզմանատո՞ւն է։ Էդ մեծ ու փոթորկուն կյանքով որտեղ ապրել ես, էնտեղ էլ թաղվիր, ինչո՞ւ ես մեր կոլխոզին ավելորդ ծախսերի տակ գցում։

Քսփսոց ընկավ, մի քանի հոգի փռթկացրին, Թելումյանն ատամները կրճտացրեց, Ցողունյանը կաթվածահար պիտի լիներ, ծուլ եղավ.
- Խվատի՛տ, խվատի՛տ, մալչի՛... Կանցնես գրասենյակ, ես քեզ հետ խոսելիք ունեմ։
Գրասենյակում Ցողունյանն էր, Թելումյանը, գյուղսովետի նախագահ Արտեմը։ Բըղլի Արշակը դուռը բացեց, ասաց.
- Եկել եմ, ես ձեզ լսում եմ, ընկեր Ցողունյան։
- Տեսնում եմ, եկել ես,- Ցողունյանը բարձրացրեց գլուխը,- գիտե՞ս քեզ ինչի համար եմ կանչել, ընկեր Մնացականյան։
- Գիտեմ,- պատասխանեց Արշակը,- բայց հիմա ձեռքդ չի հասնի բեղերիս։
- Մնացականյա՛ն,- սաստեց Թելումյանը,- Մնացականյան, դու գիտե՞ս, թե ում հետ ես խոսում։

- Գիտեմ, հիշողությունս դեռ տեղն է։
- Առանց աղմուկի,- ասաց Ցողունյանը։- Քո ելույթը, ընկեր Մնացականյան, ինձ դուր չեկավ։
- Իսկ մեր նախագահի ելույթը շատ դուր եկա՞վ,- դարձավ Թելումյանին։- Ընկեր Թելումյան, ուզում եմ իմանալ՝ էդ արձանն ո՞ւմ հաշվին ես կանգնեցնում։
- Դա է՞լ է քո գործը։
- Ի՜նչ է, ես հասարակության անդամ չե՞մ։
- Դու հասարակության անունից խոսելու իրավունք չունես։
- Էդ ո՞նց կլինի, դու իրավունք ունես, ես չունեմ։
- Բազար դարձրիք,- նեղացավ Ցողունյանը,- Մնացականյան, չես փոխվել, էլի պարտիզանությունդ ես շարունակում, ինչպես ասում են՝ կակիմ տի բըլ, տակիմ աստալսյա։

- Հա, «Կուբանի կազակները» կինոնկարում այդպիսի մի երգ կա... Սխալ է, էլի, ընկեր Ցողունյան։
- Ի՞նչն է սխալ։
- Այն, որ դուք ձեր սխալը չեք տեսնում, մեր ճիշտ խոսքը ծռում եք։ Խոսում եք բարձր գաղափարներից, բայց էնքան եք մանրանում, որ քաղաքից զանգում եք Քարաշեն, թե՝ ընկեր Թելումյան, մի Բըղլի Արշակ կա, է՜, մի Բըղլի Արշակ... Լավ, Բըղլի Արշակի մեղքը ո՞րն է՝ որ ձեր սխալը տեսել, լեզուն իրեն չի՞ պահել։ Բըղլի Արշակին ո՞նց խեղճացնենք՝ ոչխարի խուզը բերենք տապալենք, կուժն ու կուլան գլխին կոտրենք։ Խոսք չունեմ, շնորհակալ եմ, ընկեր Ցողունյան, էդ գործը ձեր բաջանաղը, այսինքն՝ մարզդատախազ Մամիկոնովը վերցրեց իր ձեռքը, օրենսգրքի բոլոր կետերով մեղադրեց Արշակ Մնացականյանին... Ներողություն, հիմա ինձ ինչո՞ւ եք կանչել։

Ցողունյանը գրպանից հանեց թաշկինակը, Թելումյանը քթի տակ ինչ-որ քրթմնջաց, գյուղսովետի նախագահ Արտեմը միջոց գտավ, աչքով արեց Բըղլի Արշակին՝ այդպես, ա՛յ այդպես, դրանց մի լավ հուպ տուր...
- Լավ չի,- Ցողունյանը նայեց պատուհանից,- էլի անձրև կգա,- ձեռքը դրեց կրծքին,- սիրտս մի տեսակ է։
Չիմացան ինչը չի լավ, ինչու չի լավ և ինչու է սիրտը մի տեսակ։ Բըղլի Արշակն ուզում էր ասել՝ երևի դուք էլ եք մեծ ու փոթորկուն կյանքով ապրել, բայց չխոսեց, նպատակահարմար գտավ բարի գիշեր մաղթել, և ամբողջ մի գիշեր գլուխ ջարդել, թե ինչպես է, որ մարդիկ ապրում են մեծ ու փոթորկուն կյանքով, բայց հաճախ այնքան են մանրանում՝ քիչ է մնում խոշորացույցով նայես տեսնես։

Մեծ ու փոթորկուն, հետաքրքիր ու բովանդակալից կյանք է ապրել այսինչ-այսինչյանը։ Քայլել է մազե կամուրջներով ու կրակների միջով, պատերազմի առաջին իսկ օրից զենքը ձեռքին կռվել է թշնամու դեմ և միշտ գրոհել է, շարունակ գրոհել է, անվերջ գրոհել է, երբեք չի նահանջել... Կարծես ոչ հրամանատար է եղել կողքին, ոչ էլ հրաման, հենց այնպես, ինքն իր գլխու գրոհել է, թշնամուն ոչխարի հոտի պես առաջն արել, տարել հասցրել Բեռլին, էդ Բեռլինի կենտրոնում կանգնել ու գոչել՝ ա՛յ բեռլինցինե՛ր, այ աննամուս շան տղե՜րք, որ ձեր հունարն էդ է, ինչո՞ւ եք եկել մեզ վրա։ Դե եկեք ձեր մեռելացուները տարեք: Եվ հետո, ինչպես «Սասունցի Դավիթ»-ում դարձել է ու ասել. «Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ, թե որ կռվի գաք մեզ վրա՝ քառսուն գազ խոր հորում ըլնեք, թե ջաղացի ջոջ քարի տակ, տէլնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տէլնի ձեր դեմ Թուր Կեծակին»... Կեցցե՛ս, ապրես, էդ ոգով էլ շարունակիր, տեսնենք ուր ես հասնում։

Պատերազմն ով տեսել է սիրուն-սիրուն կինոնկարներում, սիրուն-սիրուն արտիստների կատարմամբ, պատերազմը նրա համար, իհարկե, խաղ ու պար է եղել։ Շքանշաններ ու մեդալներ, գեղեցիկ զորահանդես է եղել պատերազմը նրա համար, զբոսանքի նման մի բան՝ Կովկասից մինչև Բեռլին։
Աղասի Թելումյանը մի անգամ, իբր ընկերական կարգով, հարցրեց. «Արշակ, դու էլ ես մասնակցե՞լ Հայրենական մեծ պատերազմին»։ Նրա հարցի մեջ ստորություն կար, նման ստորությունը իսկապես սազում էր Թելումյանին։ Իսկ գլխավոր մարզդատախազ Ասքանազ Մամիկոնովը զինկոմիսարիատից գործի համար համապատասխան փաստաթղթեր էր պահանջել, և այդ համապատասխան փաստաթղթերում որոնել ու գտել ուզածը. «Այսպես, Մնացականյան, այսպես,- ակնոցների վերևից նայել է Բըղլի Արշակին,- դուրս է գալիս, որ գերի ես եղել»։ Բըղլի Արշակը ծիծաղել է. «Ընկեր գլխավոր մարզդատախազ, մեր գիրը սկսվում է Ա տառից, Ա-ից հետո դեռ շատ տառեր կան, մինչև վերջ կարդա։ Ցատկելուց առաջ հոպ չեն կանչում»։

Բըղլի Արշակը բանակում Բըղլի Արշակ չէր, Ուսատի Պապաշա էր։ Իրենից տարիքով զինվորներն էլ էին այդպես ասում, իրենից ջահելներն էլ։ Մի սերժանտ կար, ճլազ-մլազ բան էր, բայց ենթականների վրա այնպես էր գոռում, քիչ էր մնում աչքերը դուրս թռչեին ակնապիճերից։ Զինվորները ոչ նրա անունը գիտեին, ոչ ազգանունը, ոչ էլ ազգությունը։ Մալենկի Նապոլեոն էին ասում։ Այս Մալենկի Նապոլեոնը գրոհներից առաջ առյուծ էր, գրոհների ժամանակ՝ կատու։ Ուսատի Պապաշան, այսինքն՝ Բըղլի Արշակը, մի անգամ դրան մի լավ շշպռեց. «Լավ չի, ընկեր սերժանտ, ասաց, գլուխ ես պահում, բայց լավ հիշիր՝ ֆաշիստի գնդակը ավելի շատ վախկոտներին է բռնում»։

Մալենկի Նապոլեոնը կատաղեց. «Սալդաթ Մնասականյան,- գոռաց,- դու այդ ինչպե՞ս ես խոսում քեզանից ավագի հետ։ Տասը րոպե ժամանակ եմ տալիս, բեղերդ խուզիր ու զեկուցիր։ Ոչ մի խոսք, Մնասականյան, կատարե՛լ հրամանը»։ Շարքային Մնացականյանը չկատարեց հրամանը: Մալենկի Նապոլեոնը գնաց զեկուցեց կապիտան Կարամիշևին, թե՝ սալդաթ Մնասականյանը չի ենթարկվում։ Կապիտանն իմացավ բանն ինչումն է, հայհոյեց սերժանտին՝ գրողի ծոցը կորի՛ր, ես քո մե՛րը...

Քառասուներկու թվականի մարտին դասակը, որ ինչ-որ գյուղի մոտ, հեղեղատում խրամատավորվել էր, ընկավ շրջապատման մեջ։ Մալենկի Նապոլեոնը կատվից էլ փոքրացավ. «Էլ ուրիշ ելք չկա,- ասաց,- տղերք, կամ էշի նահատակ պիտի դառնանք, կամ պիտի հանձնվենք»։ Չսպասեց պատասխանի, խրամատից դուրս եկավ, ձեռքերը բարձրացրեց, շարժվեց ֆաշիստներին ընդառաջ։ Արյունը խփեց Բըղլի Արշակի գլխին, բղավեց. «Դավաճան շուն, էդ ի՞նչ բանի ես»,- ու կրակեց։ Մալենկի Նապոլեոնը շրջվեց, ուզում էր տեսնել ով էր կրակողը, թշնամու գնդակը նրան փռեց գետնին։ Դասակը չհանձնվեց, կռվեց մինչև վերջին մարտիկը, և այդ վերջին մարտիկը Բըղլի Արշակն էր։

Հիմա Բըղլի Արշակը կոնկրետ չէր կարող ասել, թե ինչ անուն էր կրում այն հատուկ ճամբարը, ուր տառապեց հինգ ամիս։ Օսվենցիում չէր, Մայդանեկ չէր. կիսաճամբար էր, ուր ֆաշիստները ռազմագերիներին փորձում էին սովորեցնել իրենց արհեստը՝ ինչպես թունավորել աղբյուրներն ու ջրհորները, պայթեցնել կամուրջները, քանդել երկաթագծերը, հրկիզել պահեստները, դանակահարել կոմունիստներին ու կոմիսարներին և այլն։ Բըղլի Արշակը մտածեց, որ այդ «գիտելիքներից», անշուշտ, իրեն պետք կգա դանակահարելու «արվեստը», և մի օր, անտառում, զինավարժությունների ժամանակ, ետևից դանակավարժության հատուկ մասնագետ օբեր լեյտենանտ Նոյբերգին շատ հանգիստ ու խաղաղ, առանց աղմուկի պառկեցրեց գետնին ու փախավ։ Նա ուղիղ չորս օր թափառեց անծանոթ անտառում և գտավ պարտիզաններին: Ջոկատի հրամանատարին պատմեց հատուկ ճամբարի մասին, ջոկատի պետը կապվեց կենտրոնի հետ, կենտրոնից պատասխանեցին՝ ամեն ինչ պարզ է, կստանաք զենք ու զինամթերք. գործում եք առանց աղմուկի։

- Այսինքն՝ պարտիզան ես եղել,- գլխավոր դատախազը վառեց ծխախոտը, զինկոմիսարիատից ուղարկած փաստաթղթերը ծալեց, մի կողմ դրեց։- Պատերազմը վաղուց է վերջացել, բայց դու նորից քո պարտիզանությունն ես շարունակում։ Լավ չի, Մնացականյան։
- Ի՞նչը չի լավ, ընկեր գլխավոր մարզդատախազ։ Տեսնեմ թերությունները և լռե՞մ։ Ոչխարի խուզը ո՞ւմ մեղքով է տապալվել։ Էդ դիտավորյալությունն ինչո՞ւ եք ինձ վրա դնում։

Եվ հիմա Թելումյանը հարցնում է.
- Արշակ, դու էլ ես մասնակցե՞լ Հայրենական մեծ պատերազմին։
- Ինչո՞ւ ես հարցնում, ընկեր Թելումյան։
- Դե լավ, հենց այնպես,- և թեման փոխեց։- Տղադ բանակից ի՞նչ է գրում։
- Ջանսաղություն։
- Տրակտորիստ է, չէ՞։
- Տանկիստ։
- Տանկն էլ տրակտորի եղբայրն է։ Վերադառնալուն պես տրակտոր կստանա։
- Բա որ դիտավորյալ կերպով տրակտորը շարքից հանի՞։
- Ինչո՞ւ պիտի հանի,- Թելումյանը չհասկանալուն դրեց։
- Բա հերն ինչպե՞ս է դիտավորյալ կերպով տապալել ոչխարի խուզը։
- Արշակ, արի մոռանանք։
- Մոռանալու համար հիմք է հարկավոր։
- Ի՞նչ հիմք։
- Նայում եմ ջարդված կաղնուտին ու մտածում՝ բա լավ, հանցագործությունն է՛լ ինչպե՞ս է լինում։

Թելումյանը նեղսրտվեց։
- Հանցագործ էլ դառա, ձեզ ի՞նչ կա, դա էլ կկպցնեք։
- Քո անունն արդեն կպցրած է,- ասաց Արշակը,- ամեն ղեկավար իր համար մի անուն է ստեղծում, մենք էլ, ելնելով նրա գործունեությունից, հաստատում ենք էդ անունը։ Նախագահ Մացակն իսկական նախագահ էր, օղորմի իրեն, անունը մնաց նախագահ Մացակ։ Նախագահ Մացակից հետո մեկը եկավ, մի տարի մնաց. բանուգործ չուներ, մարդկանց հավաքում էր, գործից կտրում, գիշեր-ցերեկ ժողով անում, ժողովների պլան գերակատարում։ Անունը դրեցինք Ժողով Կափռյել։ Պիանիսկա Արտավազդին արդեն գիտես։
- Իմ անունն ի՞նչ եք դրել։
- Քո անունը մենք չենք դրել, դու ես դրել՝ Ծմակ ջարդող Աղասի։
- Էլի լավ եմ պրծել,- Թելումյանը ծիծաղեց։
- Բա որ դա լավ է, վատը ո՞րն է։ Տնաշե՜ն, Կաղնուտը դարձրել ես անապատ, թե էլի լավ եմ պրծել։ Իհարկե, լավ ես պրծել, օղորմի շրջգործկոմի նախագահի հորն ու մորը։

Աղասի Թելումյանը լկլկալով գնաց գրասենյակ, բարկությունը թափեց հաշվապահի, հաշվապահի օգնականի ու քարտուղարուհու վրա։ Կարգապահություն չկա, կոլտնտեսության գրասենյակը Շարաշկինի կանտոր են սարքել, երբ ուզում են՝ գալիս են գործի, չեն ուզում՝ չեն գալիս... Հեռախոսը ծնգծնգաց, Թելումյանը հասկացավ, որ դա վերևների ծնգծնգոց է, ընկալուչը վերցրեց.
- Քարաշենի կոլտնտեսության վարչության նախագահ Աղասի Թելումյանը լսում է։
- Բյուրոկրատի մեկը, տեղդ ինչո՞ւ չես նստում,- շրջգործկոմի նախագահ Պողոսյանն էր։- Էդ որտե՞ղ ես, զանգում եմ, պատասխան չկա։

- Ստեփան Մարկիչ, ախր, քիթ սրբելու ժամանակ չեմ գտնում՝ գիշեր-ցերեկ գլուխս խրած գործի մեջ։
- Բան չկա,- Ստեփան Մարկիչը ծիծաղեց,- շրջգործկոմից մի երկու ջահել հարս կուղարկեմ, քթիդ տակին թաշկինակ բռնեն։ Ալո, լսո՞ւմ ես։
- Լսում եմ, Ստեփան Մարկիչ, լսում եմ։
- Մաղարիչը քեզանից, թամ-թազա ավտոմեքենա ես ստանում։
- Ամերիկանսկի «Վիլի՞ս»։
- Ինչո՞ւ ամերիկանսկի, Թելումյան, հայրենական։

Աղասի Թելումյանը պայծառացավ, պայծառացավ, պայծառացած դուրս եկավ գրասենյակից, ակումբի բակում կանգնեց: Ակումբի պատին ինչ-որ մեկը ածխով գրել էր. «Աղասի, մի կոպեկ տամ խաղ ասի»: Առանձին նշանակություն չտվեց, մտածեց, թե ով պիտի վարի նախագահական ավտոմեքենան, գտավ հարմար թեկնածուն՝ Գարաքյան Լևոնի տղան՝ Լենսերը, առաջին կարգի ավտովարորդ է: Ու շարժվեց դեպի գարաժը։ Լենսերը պառկել ավտոմեքենայի տակին, թխկթխկացնում էր։
- Լենսեր,- կանչեց,- ա՛յ տղա, ի՞նչ բանի ես։

Ավտոմեքենայի տակից Լենսերը պատասխանեց.
- Ընկեր Թելումյան, ե՞րբ պիտի ազատվեմ այս բառախլոից։
- Կարող ես հենց հիմա էլ ազատվել։ Թռչում ես Ստեփանակերտ, նոր ավտոմեքենա ենք ստացել։ Էդ բառախլոն կարող ես հանձնել Ենգիբարյան Ենգիբարին, թող մի քիչ էլ ինքը թխկթխկացնի,- ու աչքովն ընկավ մեքենայի թափքին կավիճով գրածը՝ «Ծմակ ջարդող Աղասի», բարկությունը նորից բռնեց՝ սա Բըղլի Արշակի զրպարտչական արտահայտությունն է։- Լսիր, էս ո՞վ է գրել,- հարցրեց, հետո գետնից վերցրեց մազութոտ փալասը, գրածը մաքրեց։

Լենսերը դուրս սողաց մեքենայի տակից։
- Ի՞նչ են գրել, ընկեր Թելումյան։
- Հե՛չ, բան չեն գրել, թռիր շրջկենտրոն։
- Եկեք նամակ գրենք վերևներին. ասենք՝ մեր ջահելները թատրոն են ուզում, կինո են ուզում, ցիրկ են ուզում, կոնցերտ են ուզում,- Մուշեղ ապան լոբուտը ջրել, եկել մոխրատանձու թանձր շվաքում փառավոր թիկն է տվել։- Գնանք ասենք՝ էդ քաղաքի բուլվարներից, զատկի ձվի պես նախշած աղջիկներից, ֆուտբոլի ստադիոններից, պտտվող չարխերից, էդ անուշ-անուշ ռեստորաններից, ինստիտուտներից, տեխնիկումներից ուղարկեցեք մեզ մոտ, որ մեր ջահելները աչք չտնկեն ստեփանակերտների, երևանների վրա,- Մուշեղ ապան ծիծաղեց, այսինքն՝ լավ լսեցեք, իսկական ծիծաղը հիմա է։- Մեր Իխշանի աղջիկը՝ Ախշենը, ոչինչ, սիրուն աղջիկ է, ոսկորը մսի մեջ աղջիկ է. մի քանի տեղից եկել են ուզելու, չի գնացել, ասել է՝ թե ինձ պիտի տանեք քաղաք, կգամ, վազ տալով կգամ, թե գյուղումն եք պահելու՝ պրաշչա՜յ։ Ասացի՝ արա, Իխշան, պապդ է քաղաքում մեռե՞լ, թե՞ հերդ, աղջկադ քթին խի՞ չես թխում, որ ոտքերը յորղանի չափով մեկնի,- ծիծաղող չկար, Մուշեղ ապան հորանջեց։- Եկեք նամակ գրենք վերևներին...

Ժորա Մարգարյանը, որ վերջերս էր նշանակվել բանջարաբուծական բրիգադի բրիգադավար, Մուշեղ ապայի խոսքի վրա, հանրահայտ երգի եղանակով մի երգ վեր կալավ.
Նամակ գրենք վերևներին,
Վերևների արևներին,
Գազեթներին, ժուռնալներին,
Շրջգործկոմի էն ջոջերին.
Ասենք՝ Մուշեղ ապան մրսում,
Կողքին փափուկ հարս է ուզում,
Ձեր քաղաքը մեր գյուղ բերեք,
Ինստիտուտի մի ճյուղ բերեք...

- Մասխարա՜,- հորանջի պես ձգեց Մուշեղ ապան,- էդպես եք անում, է՜, որ շենումը ջահել չի մնում։ Դու էլ մեր ազիզ երգերը թողած, հարսանիքներում տիտռիկ-միտռիկ բաներ ես երգում. «Քելե Սաթո, քելե՛, քելե՛ ճաշարան...»։ Թո՛ւ, բա դա ե՞րգ է, մասխարա է։ Մեր գյուղի խելոքն էլ մթամ դու ես։ Ինձ ի՜նչ, հայ-հայս գնացել, վայ-վայս է մնացել, ես ձեզ համար եմ ասում։ Արշակ, դու ի՞նչ կասես։
Բըղլի Արշակն իր մտքերի հետ է։ Դասախոս տղան արձակուրդ է վերցրել, կնոջ ու երեխաների հետ եկել գյուղում հանգստանալու։ Երեխաներն էլ մի տղա ու մի աղջիկ են, մեկը մյուսից ճլազ-մլազ, ոնց-որ ձվից նոր դուրս եկած մոշահավի ճտեր։ Հարսը ժանդարմի նման կանգնել է գլխներին. վազել չի կարելի՝ կընկնեք, սառը ջուր չխմեք՝ կհիվանդանաք, արևի տակ չկանգնեք՝ կարևահարվեք, ծիրան քիչ կերեք՝ փորներդ կցավի, չգնաք լողանաք՝ գետը կքշի...

Բըղլի Արշակը չդիմացավ, պայթեց.
- Ա՛յ հարս, էդ երեխաներն ի՞նչ մեղք են գործել, որ էդպես անխիղճ տանջում ես։ Երեխան պիտի վազի ու ընկնի, ցուրտ ջուր խմի, գետում լողանա, արևի տակ սևանա, որ էդպես ճլազ չմնա։ Ախր, մեղք են էդ երեխաները, ոնց-որ ջերմոցում բուսած կաղամբի սածիլներ լինեն։
Հարսը թե՝
- Ես կոլխոզի չոբաններ չեմ պատրաստում, այլ՝ լիարժեք ու բանիմաց քաղաքացիներ։
- Պա՛հ, պա՛հ, պա՛հ,- Բըղլի Արշակը ծիծաղում էր, բայց դա ծիծաղ չէր,- քո ասելով՝ դուրս է գալիս, որ չոբանները լիարժեք մարդիկ չեն։ Դուրս է գալիս, որ հերդ՝ Ղոնդաղանց Կարապետը, զուր տեղից է սարերում նախրապանություն արել։ Չէ, հարս, դու սկի մեղավոր չես, մեղավորը ձեռքիդ դիպլոմ դնողն է։ Ախր, իմ արևը, դիպլոմդ, էդ հագուստ-կապուստիդ մակարդակիդ չի բռնում։ Դու, օրինակի համար, լիարժեք քաղաքացի ասելով՝ ի՞նչ ես հասկանում։

Հարսը՝ Էլլա Կարպովնան, քաղաքի օրինակելի դպրոցներից մեկում ֆրանսերենի ուսուցչուհի է, ուրեմն՝ շատ նուրբ սիրտ ունի, տրաքմանին եկավ, գիշերն աչք չկպցրեց, ամուսնու ականջին՝ քսի-փսի, քսի-փսի, քսի-փսի. «Հազար անգամ ասել եմ՝ գյուղում գործ չունենք, չլսեցիր։ Դու հորդ լավ գիտես, անբարիշտ մարդ է, կոլխոզում ղեկավար չի թողել, բոլորին սևացրել է։ Խնդրեմ, ասաց, ավագ որդին դու ես, քեզ թողած, տրակտորիստ որդու համար փող է դիզել, որ մեքենա գնի»։
Բըղլի Արշակը վիճելու տրամադրություն չուներ, հենց այնպես, հայրական իրավունքով, կատակի ձևով ասաց.
- Ընկեր Էլլա, ներողություն, Էլեոնորա Կարպովնա, դու էլ մնա գյուղում, մեր դպրոցի աշակերտներին ֆրանսերեն սովորեցրու, քեզ համար մեքենա չէ, սավառնակ առնեմ։

Մուշեղ ապան մի քիչ ննջեց, աչքի որդը կոտրեց, հարցրեց.
- Արշակ, տղադ ու հարսդ գնացի՞ն։
- Գնացին, Մուշեղ ապա։
- Երևի գյուղի օդն ու ջուրը չեն վերցնում։ Քաղաքի օդերից ու ջրերից մի քանի ցիստեռն հետները բերեին, էլի... Ոնց-որ Իխշանի աղջիկը,- Մուշեղ ապան, ուսերը ցնցելով, ծիծաղեց։- Գյուղի տղաներին չի հավանում... Որ ինքն էլ մի բան լինի, ջահանդամը...

Փոշու քուլան պոչից կպած, շոգից փախած հորթի նման Թելումյանի «Վիլիսն» իրեն այգուտին տվեց, ճռնչալով կանգնեց։ Թելումյանը մի քիչ գինով էր, արխերի վրայով ցատկոտելով եկավ կանգնեց մոխրատանձու շվաքում, ձեռքը պարզեց առաջ, ոնց-որ ճառ պիտի ասեր։
- Լոբո՜ւտը, լոբո՜ւտը... էդ որ ձեզ համար աղավարի թիկն եք տվել, լոբուտն ո՞վ պիտի ջրի։
- Լոբուտը ջրած է,- Բըղլի Արշակը չնայեց նախագահին։- Հիմա քեզ ի՞նչ կա, տակինդ «Վիլիս» է։
- Իսկ, քո կարծիքով, ոտո՞վ պիտի հանդերը շրջեմ։
- Որ շրջում ես, ի՞նչ ես ավելացնում։

Ու սկսվեց հին պատմությունը՝ սլուշի, ընկեր Մնացականյան, դու էն Արշակը չե՞ս, որ քառասուն թվին խանգարեցիր կանանց մարտի ութը։ Դու էն չե՞ս, որ անգրագիտության վերացման վերաբերյալ գրված լոզունգը պոկել ես պատից։ Մետաքսի ֆաբրիկան մոռացե՞լ ես... Վա՛յ, թե քո մեղքով չէր ոչխարի սոցիալիստական խուզը տապալվել։
Արշակը լսում ու չէր վրդովվում, քթի տակ ժպտում էր, թողնում էր, որ Թելումյանը խոսի, անվերջ խոսի, մեջը եղած թույնը թափի, լրիվ թունազրկվի, մարդու կերպարանք ստանա։ Թելումյանն էլ ասես որոշել էր իր խոսքի ուժով լրիվ սևացնել, ոչնչացնել, փոշիացնել իր հակառակորդին, ու նայեց տեսավ Բըղլին ծիծաղում է, իրեն բանի տեղ չի դնում, անզորությունից փնչացրեց, շուռ եկավ, գոռաց ավտովարորդի վրա.

- Արա՜, էդ մեքենան ինչո՞ւ ես արևի տակ կանգնեցրել, քաշիր ծառի տակ,- ծարավ էր նախագահը, թփի տակից վերցրեց կուլան, գլխին քաշեց, կլկլացրեց, օղուց վառված՝ ներսի կրակը հանգցրեց, մի ծխախոտ վառեց ու շարունակեց.- Մնացականյան Արշակ, չեմ հասկանում, դու ի՞նչ մարդ ես։ Ես քեզանից գլուխ չեմ հանում։
Գինովությո՞ւնն էր անցել, թե՞ փուքսն էր նստել։ Թելումյան չկար, դարձել էր բամբակ, մատդ մեկնես տը՛զ անես, երեխայի նման լաց կլինի։

- Կարծում են՝ ղեկավարելը փլա՞վ է,- ձեռքը տարավ դեպի կուլան, դատարկ էր։- Վերևից մի գլուխ պահանջում են՝ պլա՜ն, պլա՜ն, պլա՜ն, կարծում են՝ պլանը բոյախանայի կարաս է, ձեռքս մեկնեմ, հանեմ՝ տամ իրենց։ Ասում են՝ տնտեսությունը պիտի ղեկավարել գիտական մեթոդով՝ որտե՞ղ են ձեր փորձադաշտը, ձեր սորտտեղամասը։ Ասում եմ՝ չունենք։ Ասում են՝ չունեք՝ կստեղծենք։ Չէ, ինձ չեն վստահում, իրենք են ստեղծում։ Հատուկ ֆիլիալ։ Ասում են՝ ի՜նչ է, չլինի՞ գիտությանը դեմ ես։ Ես քանի՞ գլուխ ունեմ, որ գիտությանը դեմ գնամ։ Ուրեմն, մինչև հիմա սխալ մեթոդով ենք աշխատել, չոբանհեսաբի։ Ջնջում, ամեն ինչ նորից ենք սկսում, սկզբից։ Բա կոլխոզներն ինչո՞ւ են խոշորացրել։

Խամուտից ներքև, Ձորահովտում մի աղբյուր կա, Սառնաղբյուր են ասում։ Քարաշենում Մակիչ անունով մի մարդ կար, Չաքուճ Մակիչ էին ասում։ Այս Չաքուճ Մակիչը սատկած ձիու էր ման գալիս, որ նալերը քանդի։ Ոչ կարգին պատշար էր, ոչ պայտառ էր կարգին, ոչ քարտաշի նման քարտաշ էր։ Մարդավարի մաճկալ էլ չէր։ Դրած պատը մի տարի չէր դիմանում, թռսխում, փուլ էր գալիս։ Տաշած քարը պատին չէր բռնում, նալած ձին մեխով էր ընկնում, վարած արտն էլ չէր բուսնում։ Մի օր էս Չաքուճ Մակիչը մուրճը քաշեց, ուզում էր Սառնաղբյուրի գլխաքարի գրածները ջնջել, իր անունը գրել։ Այսինքն՝ Սառնաղբյուրը ոչ թե Ուստա Մանգասարն է կառուցել, այլ ինքը՝ Մակիչ Փարսադանյանը, որ անցորդները խմեն ու իրեն ողորմի ասեն։ Բըղլի Արշակը նայեց, տեսավ Չաքուճ Մակիչը շատ մեծ, շատ կարևոր գործի վրա է, մուրճը խլեց ձեռքից, վզակոթին մի երկու անգամ հասցրեց, ասաց. «Շունշանորդի, էս աղբյուր կառուցող Մանգասարը քեզանից պակա՞ս մարդ է եղել»։

Չաքուճ Մակիչը գնաց բողոքեց շրջգործկոմի ղեկավարությանը, թե ուզեցել եմ Սառնաղբյուրի գլխաքարին սոցիալիստական մուրճ ու մանգաղ նկարել, Մնացականյան Արշակը, այդ հակա-հակայի տղան, էն որ քառասուն թվին կանանց մարտի ութը սևացրել է, եկել ինձ անպատվել է։ Շրջգործկոմի նախագահը Մադաթ Պետրոսյանն էր, լսեց ու ասաց՝ գնա քո ուժերով մի նոր աղբյուր կառուցիր, ուզում ես վրան մուրճ ու մանգաղ նկարիր, ուզում ես՝ էդ մուրճ ու մանգաղի կողքին էլ դեռ քո պատկերքը քաշիր։ Բայց Չաքուճ Մակիչը մըզմըզ մարդ էր, նամակներ գրեց բոլոր ինստանցիաներով, թե՝ շրջանի ղեկավարությունը դեմ է սոցիալիստական մուրճ ու մանգաղին. բա էս ինչո՞ւ ենք արյուն թափել, ինչո՞ւ ենք մեր այս երջանիկ կարգերը ստեղծել։ Նամակի հետքերով եկավ ինքը՝ Պետրոսյան Մադաթը, կանգնեց գեղամիջում, կանչեց Չաքուճ Մակիչին ու ասաց՝ Մակիչ, դու շան որդի ես, դու չախկալ ես... Կարո՞ղ ես ինձ ասել, թե որտեղ ես մեր սոցիալիստական կարգերի համար արյուն թափել։ Չէ, ոնց տեսնում եմ, Բըղլի Արշակը քեզ լավ չի մշակել,- և շրջգործկոմի նախագահ Պետրոսյան Մադաթը նախրապան Թարխանի ձեռքից վերցրեց մահակը, մի երկու անգամ հասցրեց Չաքուճ Մակիչի փափուկ տեղերին, թքեց երեսին ու ասաց.- Դե հիմա որտեղ քոնն ասես, էնտեղ իմը չմոռանաս։

Գարնանամուտին էր. ահա այդ աղբյուրի մոտ, Ձորահովտում, վերևից եկած հատուկ հրահանգով փորձադաշտ ստեղծվեց։ Տրակտորները շուռ տվեցին թթենիները (նախօրոք ակտ էր կազմվել առ այն, որ այդ ծառերը ծերացել են, բերք չեն տալիս, ենթակա են գլխատման)։ Ոնց զինվորական տրիբունալ, բողոքարկման ենթակա չի, դատավճիռն ի կատար է ածվել։ Փորձադաշտի վրա մի պորտֆելավոր ղեկավար նշանակվեց, պորտֆելավոր մի տեղակալ, մի ավագ, երեք կրտսեր գիտական աշխատող, երեք լաբորանտ, մի պահակ, մի տնտեսվար, մի տրակտորիստ։ Բրիգադավարն էլ պիտի անպայման գյուղից լինի, կոլտնտեսությունից աշխօր ստանա, գիտական կայանից՝ կես հաստիքի աշխատավարձ։ Բրիգադավարի ամենահարմար թեկնածուն Բըղլի Արշակն էր, և Աղասի Թելումյանը չառարկեց՝ թող լինի Բըղլի Արշակը. մի քիչ ծուռ մարդ է, իր ասածին, կողահաստ, բայց դե, գիտնականների հետ կո՞խ չի բռնելու։

Փորձադաշտի ղեկավարը քաղաքից եկավ, հավաքեց ենթականերին, ժողով արեց՝ պետությունը մեր գիտական կայանին շատ կարևոր ու պատասխանատու առաջադրանք է տվել՝ աճեցնել նոր սորտերի հացահատիկային կուլտուրաներ, այն մասսայականացնել կոլտնտեսություններում ու սովխոզներում։ Սա տեսքից բարի մարդ էր երևում, պարզ ու հասարակ մարդ, ժպիտը դեմքին, և էդպես ժպտալով մոտեցավ Բըղլի Արշակին, ձեռքը դրեց ուսին, խոսեց. «Համա բեղեր ունես, հա՜... Դե հիմա պատմիր, տեսնեմ ոնց ես քո էդ թագավորական բեղերով Մուշեղ Ցողունյանին խեղդել»։ Փորձադաշտի ղեկավարը դա ասաց կատակով, բայց Բըղլի Արշակը երեխա չէր, հասկացավ նրան... Այսինքն՝ ընկեր Բըղլի Արշակ, ես քեզ համար ոչ Բեգլարյան Արտավազդ եմ, ոչ Թելումյան Աղասի եմ, ոչ էլ Ցողունյան Մուշեղ եմ։ Ես գիտնական մարդ եմ, թե լեզուդ քեզ չպահես, գիտական մեթոդով քեզ կպայտեմ։

Մարդիկ գործի անցան, աշխատանքը եռաց, գիտական ղեկավարը մի քանի անգամ եկավ քաղաքից, ցուցումներ տվեց, գնաց դոկտորական դիսերտացիայի վրա աշխատելու։ Տեղակալը՝ Հարություն Հովսեփովիչը, ուտող-խմող մարդ էր, սա էլ իր դիսերտացիայի վրա էր աշխատում և ազատ ժամերին Սառնաղբյուրի կողքին, ավագ ու կրտսեր գիտական աշխատողների հետ կոնյակի շշեր դատարկում. «Մեր խելոք ու բանիմաց ղեկավար Գուրգեն Առուշանովիչի կենացը։ Քարաշենի կոլտնտեսության հմուտ նախագահ Աղասի Թելումյանի կենացը։ Մեր գիտության ծաղկման ու բարգավաճման կենացը։ Արա՜, Բըղլի ախպեր, խմիր, է՜, խմիր: Խմիր, թող խելքդ գա, էլ սրանից դենը տիտռիկ-միտռիկ բաներ չանես»։

Հավը, յուղը, պանիրը, մեղրը, գինին կոլտնտեսություններից էր դուրս գրվում, կոնյակը գալիս էր քաղաքից։ Պատահում էր, որ մեկ-մեկ էլ գիտական ղեկավարի կինը՝ Սյուզաննա Սմբատովնան, ամուսնու ավտոմեքենայով գալիս էր ամուսնու ղեկավարած տնտեսությունը տեսնելու, մեքենան տանձ ու խնձորով, վարունգ ու լոլիկով բեռնում, վերադառնում քաղաք։ «Ազնիվ խոսք,- ասում էր Սյուզաննա Սմբատովնան,- Թելումյանի նման հիանալի ղեկավար չկա աշխարհում. դինամիտ դնեմ կոլխոզի տակին, մի անգամ չի ասի՝ նելիզյա, չի կարելի, կոլխոզը քո սեփականությունը չի, հանրային տնտեսություն է»։

Կոնյակի, գինու, օղու, գարեջրի շշերը դատարկվում ու դիզվում էին աղբյուրի կողքին, գիտական աշխատողները գետում լողանում, իրենց սիրուն-սիրուն լաբորանտուհիների հետ գետափին վոլեյբոլ էին խաղում, դեռ մեկ-մեկ էլ սիրահարվում ռուսաց լեզվի ուսուցչուհի ընկեր Զոյա Զեյնալյանին, բայց գիտությունը փորձադաշտում տեղից չէր շարժվում։ Փորձարկման ենթակա սերմերը դեռ չծլած, հողից դեռ երկու-երեք սանտիմետր չբարձրացած, դեղնում էին, ճլորում, ճապաղում։ Ավագ գիտական աշխատողը, որ նույնպես դիսերտացիայի վրա էր աշխատում, խորհրդակցեց իր շեֆի հետ, հավաքեց կրտսեր գիտական աշխատողներին ու ասաց՝ հիմա ամեն ինչ պարզ է, ընկերներ, այս սորտերը մեր բնակլիմայական պայմաններին չեն հարմարվում, ուրիշ նոր սորտեր պիտի փորձարկենք։ Այդ ուրիշ նոր սորտերն էլ չհարմարվեցին։ Այսպես մի տարի, երկու տարի փորձերը շարունակվեցին եռանդով, թերթերում հանդես եկան հոդվածներով, հրավիրեցին ուրիշ նոր փորձագետների...

Բըղլի Արշակը ինչպե՞ս այդքան ժամանակ կարողացավ լեզուն ատամների տակ պահել, ծպտուն չհանել։ Ու մի օր էլ չդիմացավ, գնաց ուղիղ Գուրգեն Առուշանովիչի կաբինետը, բարևեց ու... քարը քարին չթողեց։ «Դուք,- ասաց,- վնասարարներ եք, ժողովրդի աչքին թոզ փչողներ եք, ձեր գիտության մեջ խելք չկա։ Չէ, քանի որ տեղն է եկել, պիտի ասեմ. դու՝ Գուրգեն Առուշանովիչ, ճիշտ մարդ չես, քո գիտությունը սխալ գիտություն է... Խնդրում եմ աչքերդ չոլորես, ես ճակատային մարդ եմ, էսքանն ասում եմ, որ հետո չասես՝ Դավիթը եկավ, գող-գող գնաց»։
Եղավ մեծ տրաքոց։ Վերևից հատուկ հանձնաժողով եկավ, ստուգեց, տեսավ ոչ փորձ կա կարգին, ոչ էլ փորձադաշտ, հարցը դրվեց մարզկոմի բյուրոյում, Գուրգեն Առուշանովիչն ազատվեց պաշտոնից։ Թելումյանը չկարողացավ արդարանալ, նստեց մեղադրյալի աթոռին...

Քարաշենում Աղասի Թելումյանին ով լավ կողմից էր ճանաչում, այսինքն՝ հետը քեֆ էր արել, բաժակ-բաժակի խփել, ասաց՝ շա՜տ ափսոս, չնայած որոշ թերություններին, լավ ղեկավար էր։ Ում առաջ չէր քաշել, փափուկ պաշտոնի չէր դրել, ասաց՝ նախագահ չէր, է՜, երկնային պատիժ էր. դրան գնդակահարելն էլ է քիչ։ Ով էլ որ ոչ այս կողմ էր, ոչ այն, ասաց՝ էդ Թելումյանը իբր ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ գնաց։ Իսկ Բըղլի Արշակը մի տարօրինակ բան պիտի ասեր, ասաց. «Հանգուցյալների ետևից վատ չեն խոսում»։ Մարդիկ լսեցին ու ծիծաղեցին՝ կենդանի մարդուց ի՞նչ հանգուցյալ։ Արշակն ուսերը շարժեց՝ խոսք է, էլի, ասացի, ոնց ուզում եք՝ հասկացեք։

Հիմա էլ կա Բըղլի Արշակը, նախկին փորձադաշտում հեկտարական խաղողագործ է, կառավարության կողմից արժանացել է շքանշանի։ Ասում են՝ Մուշեղ Ցողունյանը լսել ու զայրացել է, նամակ է գրել վերադասին, թե՝ ես անձամբ ճանաչում եմ այդ մարդուն, և որպես կուսակցական նախկին պատասխանատու աշխատող, մի քանի անգամ ապացուցել եմ, որ նա անհարազատ տարր է։ Նամակը, ասում են, տեղ չի հասել, կինը վերցրել, պատառոտել է ու ասել՝ հերի՛ք է որքան անմեղ մարդկանց ետևից ես ընկել, վերցրու էս վոլիդոլը, դիր լեզվիդ տակ, ես մեռել թաղելու հավես չունեմ։

Ուրիշների մասին ասում ու գրում են՝ ապրել է մեծ ու փոթորկուն կյանքով, պայքարել ու մարտնչել է, եղել է համարձակ ու շիտակ, նվիրված ու սկզբունքային... Բըղլի Արշակի մասին ի՞նչ պիտի ասեն. նրա սկզբունքայնությունը մի տեսակ չի համընկնում ոչ Մուշեղ Ցողունյանի սկզբունքայնության և ոչ էլ գլխավոր դատախազ Մամիկոնովի ապրած մեծ ու փոթորկուն կյանքի հետ։ Թե ինչ-որ առիթով խոսք է բացվում հեկտարական Արշակ Մնացականյանի մասին, Աղասի Թելումյանի բարեկամներն ու ազգակիցներն ասում են՝ հա՜, Բըղլի Արշակին եք հարցնո՞ւմ... էն Բըղլին, էլի, որ քառասուն թվականին խանգարեց կանանց մարտի ութը, դեմ էր կոլտնտեսությունների խոշորացմանը, ոչխարի խուզը դիտմամբ տապալեց... Իսկ թե հարցնում են գյուղսովետի նախագահ Արտեմին, Մուշեղ ապային, մի ուրիշին, սրանք էլ բոլորովին հակառակն են ասում. «Սո՛ւտ է,- ասում են,- դրանք հորինված բաներ են», և մի անեկդոտ են պատմում։ Իբր Բըղլի Արշակին բժիշկները վիրահատել են, փորից չորս գլուխ հանել՝ Բեգլարյան Արտավազդի, Մուշեղ Ցողունյանի, Աղասի Թելումյանի և Գուրգեն Առուշանովիչի գլուխները։ Սա, իհարկե, կատակ է, տալիս են ու ծիծաղում, ծիծաղում ու լրջանում են և ցույց տալիս Սինգարա սարի կաղնին. «Էն ծառը տեսնո՞ւմ եք,- ասում են,- էն ծառը Բըղլի Արշակն է»։

Այսինքն՝ այն կաղնին, որ հողմահարվել, խորշակի ու փոթորկի տակ է ընկել, կայծակների առջև չի թեքվել, գարնանը կանաչել ու շառաչել է, ամռանը՝ հով արել։ Ինչ որ մեկը Թելումյանի կարգադրությամբ ուզում էր այդ ծառը կտրել. մի քանի կացնահարված է տվել, կացինը մի երկու տաշեղ է պոկել ծառից ու ջարդվել։ Մարդը նայել է ջարդված կացնին, ամաչել իր բռնած գործից՝ ախր, էս ծառն ո՞ւմ է խանգարում... Ախր, սա ոնց որ ծառ էլ չի, է՜, պողպատ է, Բըղլի Արշակի նման պինդ է, սրան ոչ կացինը քար կանի, ոչ Ցողունյանը, ոչ Թելումյանը, ոչ էլ գլխավոր դատախազ Մամիկոնովը։

1982 թ.