Կրկես (պոեմ), Առակ-հեքիաթներ

               
Կ Ր Կ Ե Ս
(Պոեմ սատիրական)


        Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...
                     Պ. ՍԵՎԱԿ

       ՊՐՈԼՈԳ

Վճռել եմ... Եվ դա փաստ է,
Բայց վճիռն իմ ձևական է,
Դուք կարող եք այն հաստատել
  կամ բեկանել,
Կամ էլ՝ ինչպես ստադիոնում՝
Սուլե՜լ, գոռա՜լ, աղմուկ հանել.
- Մրցավարին դաշտից հանե՜լ...

Վճռել եմ,
Ուզեմ-չուզեմ,
Պիտի խոսեմ.
Այդ դուք ահա, այս էլ ես եմ,
Դուք հո գիտեք, որ ծաղրածուն
Նոր աշխարհ չի հայտնագործում,
Նա պարզապես
Մարդ է ձեզ պես,
Բայց կրկեսի հոտն ու համն է,
Եվ ինչ-որ տեղ դառն հաբ է,
Մեկի համար տաշի-տուշ է,
Մեկի համար աչքի փուշ է,
Մեկի համար սոսկ ծիծաղ է,
Իսկ մյուսի վերքին աղ է,
Մեկի համար լոկ ծաղրածու,
Իսկ մյուսի՝ մասխարա ծուռ...
Մեկի համար մկրտության
  ավազան է,
Մի ուրիշի վիզ ու մեջքին
  խարազան է:
Իսկ ծիծաղը այս աշխարհում
Միշտ եղել է ու կլինի,
Ով մեղրը շատ է սիրում,
Մեղվի խայթն էլ թող ընդունի:

  1.

Դե, ուրեմն զվարճացե՜ք,
Թեկուզ ձրի...
 Սակայն հարց է,
Զվարճացողն ո՞վ է հիմի
Եվ ո՞վ պիտի իր կատարին
Խեղկատակի գդակ կրի:
Հե՞շտ է լինել
Աճպարար կամ ծաղրածու,
Ապացուցել,
Որ աքլորը ձու է ածում...
Որ ձեր ճերմակ թաշկինակը
Թաշկինակ չէ,
 այլ աղավնի,
Որ ձեր սիրած կին-էակը
Դարձրել է ձեզ խաղալիք...
Որ ուզում եք ամբողջ կյանքում
Գամված մնալ ձեր աթոռին
Ու մեռնել ձեր կաբինետում:
Երազում եք միայն շահել,
Մեռնել թեկուզ հանուն շահի,
Եվ ուզում եք մի կին պահել,
Բայց ունենալ յոթ սիրուհի -
Այս աննամուս աքլորի պես:
Եվ հիմա էլ ինձ թույլ տվեք՝
 Ես ողբամ ձեզ:

Կամքը ձերն է, չեմ բռնանում,
Ծաղրածու եմ, խաղս եմ անում.
Համարեցեք լուրջ մարդ չեմ ես,
Լրիվ մարդ չեմ, այլ մարդ ու կես:
Բայց ինչի՞ եք գալիս կրկես -
Որ տեսնեք ինձ ու ծիծաղեք,
Որ լսեք ինձ ու նվաղեք,
Եվ ծիծաղով
Բացն ու թերին ձեր սվաղեք
Ու ձեր մտքում ինձ հայհոյեք -
«Ծաղրածու չէ, այլ ճիվաղ է»:

Չէ, ներեցեք...
 Եթե ես ձեզ
Երբեք ձանձրույթ չեմ պատճառում,
Դե ուրեմն
Ձեզ հարուցած իմ ծիծաղը
Այդքան էժան չեմ վաճառում:
Չէ՞ որ ես ձեզ ստիպում եմ
Իմ խախալով ձեզ խախալեք,
Իմ այս մաղով ձեզ լավ մաղեք
Ու ձեզ վրա դուք ծիծաղեք:
Եվ մի քիչ էլ ձեզ տանջում եմ,
Ախպոր նման պահանջում եմ,
Որ ձեր կուզը շտկեք մի քիչ,
Մեզ ձեզանից փրկեք մի քիչ,
Քիչ հանգիստ տաք ձեր սիրուհուն,
Ձեր կնոջն էլ գրկեք մի քիչ,
Ինձ էլ, գիտե՞ք,
Ձեզ ծաղրելուց զրկեք մի քիչ:
Չէ, չեմ խլում ձեր ունեցած
Կամ չունեցած դատարկ փառքը,
Իմ դիմակով,
Իմ դանակով
Ես պատռում եմ ձեր դիմակը,
Որովհետև բանն այն է հենց -
Իմ դիմակը իսկական է,
Իսկ ձերը՝ կեղծ:
Դե ես ո՞վ եմ՝
 մի ծաղրածու...
Հաստատ բան է,
Որ աքլորը...
 ձու չի ածում:

   2.

Իսկ աքլորը եթե հանկարծ
Սեռը փոխի և ձու ածի՞...
Կզարմանաք դուք անկասկած՝
Սա ի՞նչ բան է, աստվածածի՜ն...
Ի՜նչ զարմանալ, կզայրանաք
Ու կգոռաք աշխարհով մեկ,
Եվ այդ աքլոր անիծվածին
Անշուշտ պիտի մեղադրեք
Սեռափոխման հանցանքի մեջ,
Եվ այդ աքլոր կոչված քածին
Դուք քարկոծեք պիտի անվերջ,
Եվ այդ աքլոր առեղծվածին
Պիտի դատեք,
Պիտի բանտեք
Եվ սիրունիկ պոչը քանդեք.-
Ի՜նչ է, ի՜նչ է,
Աքլորությունը ուրացել
Ու մի հատիկ ձու է ածել:

Իսկ գուցե դա ձու չի իսկի,
Այլ՝ խարդախված ու կեղծ ոսկի,
Զենք է մի նոր,
Ատոմից էլ,
Նեյտրոնից էլ
Վտանգավոր ու գերհզոր,
Որը իր մեջ ջրածնային
Զիբիլներ է պարունեկում:
Այդ աքլորը,
Այդ գարշելին,
Այդ սրիկան,
Այդ խորշելին
Ինչո՞ւ պիտի շրջի բակում
Ու ծուղրուղու անվերջ կանչի,
Ես որձակ եմ մթամ, տեսե՜ք.
Ես այդ ես եմ,-
Ախր գուցե նա որձակ չի,
Այլ ծպտված մի լրտես է,
Ավանտյուրիստ ու սադիստ է,
Աքլորակերպ շովինիստ է,
Կամ ֆաշիստ է...
Իսկ հավերն էլ եթե հանկարծ...

Է՛հ, հավերի ու աքլորի
 հերն անիծած,
Նրանց ցավը մեզ չեն տվել,
Թռչնագետ գիտունները
Նրանց գործով թող զբաղվեն:
Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Երբ հաճախ ձեր դեմքն եք փոխում,
Ձեր ժպիտն ու երգն եք փոխում,
Եվ ոչ միայն դերն եք փոխում,
Այլև՝ դուք ձեր սեռն եք փոխում,
Ձեզ ժխտում եք ու ձեզ հերքում,
Ուրիշների հերկն եք հերկում,
Ապաշնորհ արտիստի պես
Չգիտեք, թե ինչ եք երգում,
Ում ներկով եք դուք ձեզ ներկում,
Ում զուռնայի տակ եք պարում
Եվ ում պատեֆոնն եք լարում...

Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Որ ոչ միս եք և ոչ էլ ձուկ,
Ոչ ցերեկ եք, ոչ էլ մութ եք,
Այլ երկուսի մի խառնուրդն եք,-
Ո՞ւմ առջև եք դուք վիզ ծռում,
Ո՞ւմ ոտքի տակ գորգեր փռում,
Ո՞ւմ կենացն եք սիրով խմում,
Ձեզնից բացի -
Ձեր կնոջ հետ ո՞վ է քնում,
Ձեզանից շատ ձեր սիրուհուն
Ո՞վ է սիրում ու գուրգուրում:
Եվ չգիտեք -
Ում աղունն եք անհերթ աղում,
Ում վրա եք կուշտ ծիծաղում,
Ում թանին եք քաղցր ասում,
Ում եք ձեզնից բարձր դասում,
Ում վրա եք մատ թափ տալիս,
Ում եք այդքան շատ ծափ տալիս...

Որ չգիտեք -
Ինչի համար ում եք խանդում
Եվ ում տունն եք անհերթ քանդում,
Ում ճամփան եք դզում, հարթում,
Ում ջրաղացն եք ջրատում,
Ինչ եք կարդում,
Ում եք կարդում,
Ում և ինչու եք զրպարտում,
Ում եք պաշտում ու հավատում,
Ում եք առանց դանակ մորթում,
Ում եք այդպես շողոքորթում...

Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Դարձած ժխոր,
Դարձած աղմուկ -
Նույն դարմանն եք տալիս քամուն,
Նույն մաստակն եք անվերջ ծամում,
Եվ չգիտեք՝
 ինչ եք անում,
Ում ծննդյան օրն եք տոնում,
Ձեր թթված երգն ում եք ձոնում,
Ում ոտքի տակ ոչխար մորթում,
Որ աստծոն եք աղոթում...

Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Սկզբունքով՝ անսկզբունք,
Որ չգիտեք, թե ձեր ծնկին
  ով է կռնում,
Ում նժույգի սանձն եք բռնում,
Ովքեր են ձեր տունը գալիս,
Ում եք այդպես պատիվ տալիս...
Եվ բռնել եք մի աքլորից,
Հոլովում եք տարին կլոր...
Վա՜յ, խեղճ աքլոր,
Մեղքդ ո՞րն է -
Ինչ-որ թշվառ մի ծաղրածու
Հորինել է,
Թե աքլորը ձու է ածում:

  3.

Լավ, եկեք հիմա
Աքլորի հարցը համարենք լուծված:
Դե, ախր, իմ էլ հերը անիծած,
Ինչո՞ւ բռնեցի մի խեղճ աքլորից
Եվ ոչ թե փղից:
 Այո, այն փղից,
Որ եթե էգ է՝
Ծնում է յոթը տարին մի անգամ,
Իսկ եթե արու՝
Հավանական է, որ հայր է դառնում:
Փիղը,
 այդ հսկան,
Որ արենայում հիմա շոգում է.
Եվ ի՜նչ տոկուն է,
Ասում են՝ չոքիր,
 և նա չոքում է,
Ասում են՝ պարիր,
 և նա պարում է,
Ասում են՝ ցատկիր,
 և նա ցատկում է,
Ասում են՝ սատկիր,
 և նա սատկում է:
Ի՜նչ փիղ, ի՜նչ հսկա,
Գինն իր չիմացող խոնարհ ենթակա,
Իսկական մի եզ,
Եվ ճիշտ նրանց պես,
Որ տղամարդ են չնայած կոչվում,
Սակայն կարող են պետերին թույլ տալ,
Որ իրենց կանանց շոյեն ու գրկեն,
Միայն պաշտոնից հանկարծ չզրկվեն:

Կամ այս Կապիկը,
Այս խուլիգանը,
Այս խուժանը և ինտրիգանը,
Որ համարում ենք
Վերջին հետնորդը մեր նախապապի...
Հապա ինչպե՜ս է կորցրել չափն իր-
Եվ էլ ում ասես, որ չի ծանակում,
Լեզու ցույց տալիս,
Գլխարկը ճանկում,
Սուտ տեղից լալիս,
Անվերջ աղմկում,
Որ ունի թեկուզ կենսագրություն
  վեհ ու փառապանծ,
Բայց պատշաճին չէ անձն իր գնահատված...
Գիտե՞ք ում նման-
Այն երես առած մարդուկ սագերի,
Որ տրտնջում են
Ու պահանջում են
Իրենց արձաններն ամեն տեղ տնկել,
Իբր Հռոմը իրենք են փրկել:

Եվ այս Առյուծը,
Այս պորտաբույծը,
Այս նախկին լորդը և նախկին արքան,
Որ կորցրել է
Իրավունքներն իր թագավորական,
Բայց թիկն է տվել
Արքայավայել
Ու պահանջում է, որ իրեն երբեք
Չկարգադրեն,
Չհրամայեն:
Բայց տեղն է գալիս,
Իր մռնչյունի ահեղ շառաչով
Ցատկում է վառված օղակի միջով,
Ու փառք է տենչում,
Տիտղոս ու կոչում,
Դեռ հավատում է այս նախկին բոռը՝
Կգա իր օրը,
Եվ սպասում է հույսով ակնդետ,
Որ շուտով իրեն կընտրեն...
  պրեզիդենտ:

Եվ Շնագայլն այս,
Որ ցերեկը շուն,
 գիշերը գայլ է.
Ուզում է իրեն և ազգ համարեն,
Եվ հետը խոսեն շնագայլերեն:
Բողոքում է նա,
 դիմում,
  պահանջում,
Գայլի պես ոռնում,
Շան նման հաչում
Եվ իր գող ու պիղծ
Ցեղի անունից
Ամեն տեղ կրքեր բորբոքում նորից...
Դե հիմա արի
Այս նենգ տականքին
 դու ապացուցիր,
Որ նա ոչ շուն է,
Ոչ գայլ է կարգին,
Այլ երկու ցեղից սերված խառնածին,
Մեղմ ասած մի քիչ՝
Ապօրինի, բիճ...
Եվ կամ էլ՝  այս բուն,
Ավերակների պահակը անքուն,
Որ հռչակված է նաև իմաստուն,
Այսինքն դոկտոր ու պրոֆեսոր,
Մասնագիտությամբ՝ փորձված պատմաբան...
   Եվ մինչև այսօր
Գիտությունների դոկտորն այս անբան
Ճիգեր է գործում ապացուցելու
Շատ կարևոր բան՝
Գիտության համար
Խավարը լույս է,
Իսկ լույսը՝ խավար...
Որ գիտությունը խավարից սերվում
Խավարի մեջ է լուսնի պես փայլում:
Տգետաբանն այս ունի հետնորդներ.
Հեռուն չգնանք,
Թեկուզ Թուրքիայում:

Եվ Շնիկը այս -
Պոչը թավամազ,
Բոյը՝ թիզ ու կես,
Ինքն էլ այնքան հեզ.
Պարում է տանգո,
Ոռնում պոլոնեզ,
Ծաղրածուների փեշերից կառչում
Եվ հրահանգով սողում որդի պես,
Պատվերով հաչում...
Ի՜նչ շուն,
 հնազանդ մի կամակատար,
Քծնու մի սողուն, սակայն բախտից գոհ,
Ստանում է միշտ մսի մի պատառ,
Տաքուկ մի անկյուն,
Մի կտոր ոսկոր:
Եվ կրկեսում նա իր տեղը ունի,
Իր դերը ունի և իր մոտիվը,
Նա ունի նաև իր տոհմանունի
Հարգն ու պատիվը
Հարազատ ու թանկ՝
(Բա հանաք բան չի)
Սողալ ոտքի տակ,
Պատվերով հաչել,
Առյուծի կողքին ձևանալ գազան,
Ոնց ամերիկյան հնազանդ վասալ:

Այս Արշավաձին -
Թե անկեղծորեն մոտենանք հարցին՝
Ձին պիտի սուրա փոշոտ ճամփեքով,
Դաշտ ու լեռ հատի,
Իր համար հանդում ազատ արածի
Եվ լինի նաև մի քիչ կամակոր՝
Ունենա քացի -
Խիզախությունը իր ըմբոստ ցեղի...
Սակայն որտեղի՜ց.
Կրկեսը ունի օրենքներն իր,
Վարգի սահմանը ու չափը վարգի,
Եվ ձին էլ ձի չէ,
 այլ մի խաղալիք,
Զրկված իր նախկին
Պատիվ ու փառքից -
Նման այն խղճուկ բանաստեղծներին,
Հանգաբաններին այն վայրիվերո,
Որ հանուն շահի ու հոնորարի
Ոտանավոր են գրում պատվերով:

Եվ ապա նաև այս Աքաղաղը,
Այս խեղճ միմոսը,
Էժան ծաղրածուն.
Ուրիշ գործ չունի, պրծել է խաղը,
Աճպարարի թելադրանքով
Կանչում ծուղրուղու,
Եվ ձու է ածում՝
Միայն ծիծաղի հանդիսատեսը,
Հումորը հարգի.
Ի՜նչ է կրկեսը
Առանց կատակի:
Փույթ չէ, թող թքեն և իր նամուսին
Ու հավանոցում վատ կարծիք կազմեն
Իր անձի մասին,
Թող ոտնահարեն իր աքլորային
Հպարտությունը
Ու փակեն իր դեմ հավերի բունը,
Եվ էլի փույթ չէ,
 արտիստ է կարգին,
Բարձր արվեստից գլուխ է հանում,
Ցեղակիցների նման իր տգետ՝
Աղբանոցներում քուջուջ չի անում.
Արվեստագետ է, հասկացեք, ջանը՜մ:

Եվ Հնդկահավն այս՝ շքեղ ու փայլուն,
Ուռած ու փքված
Այնպես է քայլում
Ու այնպես հպարտ ղլղլացնում,
Կարծես աշխարհն է իրենով լցնում,
Եվ ինքն է, որ կա՝
  խելոք,
   ծանրաքայլ,
Գիտունների մեջ իմաստուն մի այր,
Բայց չգնահատված մարգարիտ, բեհեզ,
Բերել են կրկես՝
 առաջ չեն քաշում,
Չեն ուզում տեսնել կատարը նախշուն,
Տաղանդավոր է՝ հանճար չեն հաշվում:-
Քանի՜ տարի է՝
Պայքարում է նա էշի պես համառ
Ու չի հասկանում,
Որ բարձր կոչում կորզելու համար
Պիտի ունենալ ոչ թե փքուն դեմք,
Այլ կարողություն
Եվ բնական խելք:

Կամ թե այս Արջը՝
 անունը Միշկա,
Կրկեսն իր տունն է  և ինքը միշտ կա,
Եվ ակրոբատ է, և ծանրորդ հայտնի,
Հմուտ ֆուտբոլիստ,
 ըմբշամարտիկ,
Ծաղրածու կայտառ
Ու մենակատար.-
Պարը՝ արջային,
Խելքը՝ արջային,
Սակայն փնթփնթան,
Մեկ-մեկ ջղային,
Բայց ընդհանրապես չափազանց բարի՝
Ոչ փառք է տենչում
Եվ ոչ էլ կոչում,
Միայն թե այստեղ՝ կրկեսում պարի,
Մեռնի կրկեսում,
Քանի արվեստը զոհ է պահանջում:

Եվ Սիրամարգն այս-
Ոտից մինչ գլուխ ատլաս ու մետաքս,
Լալազար, գոհար
Եվ պոչը հովհար,
Ասես ոչ թե հավք, այլ ծիածան է,
Զուգված-զարդարված մի տոնածառ է,
Խանութ է ասես արդուզարդերի,
Ինքն հավերժահարս,
Աշխարհն՝ իր գերին:
Ա՜յ քեզ քաղքենի,
Եվ ո՜նց է փքվել՝
 նման այն կանանց՝
Իրենք իրենցով միշտ սիրահարված,
Որ ամենից շատ սիրում են գույնը,
Ձևեր են թափում այնպե՜ս հավեսով,
Ու իրենց հոգու սնանկությունը
Ծածկել են ուզում փալաս-փլուսով:

Եվ այս Թութակը -
Որ մի օր դուդուկ, մի օր ջութակ է,
Ինչ որ ուզում ես՝
  վրան նվագիր,
Հապա կարո՞ղ ես՝
 բերանը փակիր.-
Տաղանդավոր է իրեն համարում,
Սակայն դժգոհ է,
 ինչպես որ հարկն է՝
Չեն ծափահարում
Ու չեն մեծարում,
Որ իր փառքն իբր իրենից խլել,
Տարել են անմիտ սոխակին տվել:
Լավ, այս տգետին ո՞նց հասկացնես,
Որ շատ ծափերից երես են առնում,
Եվ ընդհանրապես՝
Կրկնելով երբեք հանճար չեն դառնում:

Կամ թե այս Կատուն,
Որ մուկը թողած՝ երշիկ է ուտում
Ու սրան-նրան անվերջ քսմսվում,
Թե՝ տեսեք, հայտնի դեմք եմ կրկեսում,
Հասարակ կատվից որտե՜ղ եմ հասել.-
Էլ չեմ կլավում գիշերվա մթնում,
Մառան չեմ մտնում,
 և այն էլ ասեմ՝
Ես մուկ չեմ ուտում:
Ինձնից ջնջել եմ նախկին կատվային
   զզվելի բիծը,
Դա կվկայի հզոր վագրը՝
  իմ ցեղակիցը,
Ինչպես նաև՝ իմ հայրենակիցը:-
Եվ դու կարո՞ղ ես
«Փիշտ» ասել թեկուզ՝ այս գաճաճ կատվին,
Է՛հ, մեկ էլ տեսար իր տոհմը կապեց
Մակեդոնացուն կամ Բոնապարտին:

Կամ Ուղտը, որի
Պարը բռնում է կամրջի վրա,
Եվ ո՞ւմ չէ հայտնի զայրույթը նրա:
Սակայն կամրջին պարելու դարը
   վաղուց է անցել,
Եվ ոչ մի պարող նոր Ամերիկա
   չի հայտնագործել:
Իսկ ինչո՞ւ հիմար փղի պես լռել,
Քանի կարող է թքել ու մրել,
Անստորագիր նամակներ գրել՝
Հա՜յ, հարա՜յ, հասե՜ք,
Սա կրկես չի, այլ՝ անտեր գժատուն,
Ուղտի բաժինը առյուծն է ուտում:-
Դե ապացուցիր,
Որ այդ առյուծը ոչ էշ է, ոչ ձի,
Կամ ուղտ՝
 ուղտի պես,
Եվ խոտ չի ուտում նա ընդհանրապես:

Կամ այս Չղջիկը-
Արտաքուստ հանգիստ,
Բայց փորսուղի պես
Գիշերն՝ օպտիմիստ,
Իսկ ցերեկները՝
 ինդիվիդուալիստ...
Եվ պայծառ լույսը նրա ինչի՞ն է,
Երբ անհանգիստ է
Ու խառն է դարը.
- Թո՛ղ կորչի լույսը,
Կեցցե՛ խավարը...-
Չղջիկը՝ չղջիկ,
 կա,
      կլինի դեռ,
Նա էլ իր տեղն ունի կրկեսում,
Բայց մի՞թե քիչ կան չղջիկ մարդուկներ,
Որ մութ գործն իրենց՝
  գիշերն են տեսնում:
Եվ մեկ էլ ահա երկարականջն այս,
Որին կոչում ենք Էշ կամ Ավանակ,
Որ մի ժամանակ
 միայն էշ էր հեզ,
Դարման էր ուտում ու թավալ տալիս
Իր հռչակավոր նախորդների պես:
Եվ կրկեսում էլ
Հլու ծառան ձեր՝
Իր էշությունը դեռ չի մոռացել:
Թեկուզ ավանակ,
 հապա մի տեսեք՝
Ինչպես է փքվել և ինչ է ասում.
- Ես այսքան տարվա հարգված արտիստ եմ,
Ժանգլյոր՝  կրկեսում,
Բայց ինչո՞ւ կողքին անվանիների
Ես իմ պատկերը երբեք չեմ տեսնում:

Կամ այս Աղվեսը,
Առակների մեջ անշուշտ հարկավոր,
Այսքան հասարակ,
 բայց հռչակավոր,
Ճկուն դիպլոմատ,
Մտքի մարմնացում,
Սկզբունքային՝
 իր փորի հարցում,
Հավեր թռցնելում
  խիզախ,
   աներեր,
Պոչը թաքցնելում՝
 ուժեղ կամքի տեր:
Չլիներ աղվեսը,
Եզոպոսն հազիվ Եզոպոս լիներ
   իր առակներով,
Եվ Կռիլովն էլ
Դժվար թե դառնար
 անմահ Կռիլով:

Բայց խոսքը մեր մեջ,
Անպոչ աղվեսներն հիմա այնքան են
   մեր մեջ բազմացել,
Որ պոչավորներն իրենց արհեստը
   թողել-հեռացել,
Եկել կրկեսում արտիստ են դարձել:

Աղվեսն էլ գնաց:
Մնաց... ո՞վ մնաց:
Հա, մնաց այս Լուն.
Կասեք կրկեսում լուն ի՞նչ է անում.
- Ռոճիկ է ստանում:
- Բայց ինչի՞ համար:
- Ամբողջ կրկեսը իրար է խառնում,
Առնում է, տալիս,
Տալիս է, առնում.
Էլ որտե՞ղ ասես քիթը չի խոթում,
Խտուտ է տալիս,
Անվերջ կծոտում,
Ուղտի ականջն է մտնում՝
  ցատկոտում,
Գնում կանգնում է առյուծի քթին,
Կամ պոչի տակին... դե հիմա գտիր
Խառնակիչ ու նենգ այս ավազակին:
Նա միշտ անպատեհ տեղեր է մտնում,
Իր ստոր գործը տեսնում է մթնում:
Ասացե՜ք  խնդրեմ,
Նրա պաշտոնը ինչպե՞ս կրճատես,
Հիմար պիտ լինել կամ էլ կարճատես,
Որ նրա քեֆին դու կպչես հանկարծ,
Լվի թիկունքում սարեր են կանգնած:

 4.

Երկարացրի
Ու այն էլ ձրի,
Եվ դուք լսեցիք մի ծաղրածուի,
Որ ձեզ ծիծաղ է բաժանում, հուզում,
Բայց փոխարենը ոչինչ չի ուզում:
  Հոգնե՞լ եք, գուցե,
Թե ձանձրալի եմ, ինձ չեք հավանում,
Կարող եք ուրիշ ծաղրածու վարձել
Կամ կրկես չգալ:
Ձեզ եմ հարցնում՝
  եթե կարիք կար
Մի կնոջ համար Տրոյան վառել,
Ինչո՞ւ կես րոպե ծափերի համար
Մի ժամ չճառել:

Շատ ճառ ասելուց այդ ո՞վ է մեռել:
Եթե կարիք կա մի գայլի համար
Վառել մի անտառ
 ու հարա՜յ կանչել,
Իսկ ինչո՞ւ մի ժամ քնելու համար
Երկու կամ երեք ժամ չհորանջել:
Եթե առիթ կա մի տասը տարի
Պետի աթոռի համար պայքարել
Ու նրա տակից աթոռը հանել,
Իսկ ինչի՞ համար հենց այդ աթոռին
Մի երկու ամսով
Գահընկեց պետին չփոխարինել
  առանց խորշանքի
Եվ մաքուր խղճով անցնել թոշակի:

Ձեզ եմ հարցնում՝
Ինչպե՞ս է տանում այն մարդուն հողը,
Որ մկան համար կարաս է ջարդում:
Իսկ մկան համար կարաս ջարդողը
Կարող է և մի փոր խաշի խաթրու
Ոչ թե ոչխար, այլ գոմեշ մորթել
(Սեփականը չէ,  հա - նը - րա - յի - նը)՝
Չմուծել գինը:
Գոմեշ մորթողը բռնվելու դեպքում
Ո՞ւմ ասես, որ չի կարող կաշառել,
Եվ ամբողջ կյանքում
Առաքինության մասին հա՜ ճառել...

Ձեզ եմ հարցնում՝
Եթե կարիք կա ճշմարիտ,
  սակայն
Մի կծու խոսքի համար նախատել
Սրտացավ մարդուն,
  իսկ ինչի՞ համար
Չդատել նրանց, չքառահատել,
Ովքեր որ հազար ձվով՝
  կես տարում
Հինգ հարյուր հազար
Ձվի պլան են գերակատարում,
Թղթերի վրա,
 ձվի փոխարեն
Թվեր նկարում:
Եթե իսկապես հնարավոր է
Անկուշտ անգղից հաշվապահ սարքել,
Իսկ ինչո՞ւ հենց նույն ֆերմայի վրա
Խելոք աղվեսին վարիչ չկարգել:

  Է Պ Ի Լ Ո Գ

Բայց սա ի՞նչ եղավ՝
Հռետորությո՞ւն,
Թե՞ խոսքի մարզանք.
Մի խեղճ աքլորի պոչից բռնեցինք
Հապա ո՜ւր հասանք:
Իսկ եթե բռնենք եզ ու գոմեշից՝
Ո՞ւր կհասնեինք,  դուք ի՞նչ եք կարծում՝
   Ուղիղ տեր աստծուն:
Արդ,
 համոզվեցի՞ք,
  որ հեշտ չէ այնքան
Լինել հումորիստ
Կամ թե ծաղրածու,
Եվ ապացուցել, որ աքլորն իրոք
Աքլոր չէ միայն
   և  ձու է ածում:

         Օգոստոս 1981 թ.




ԱՌԱԿ-ՀԵՔԻԱԹՆԵՐ
(Քաղաքական սատիրա)


ՀԵՔԻԱԹ ՓԱՌԱՄՈԼ ԷՇԻ ՄԱՍԻՆ

Ես այս հեքիաթն իմ պապից եմ լսել,
Իմ պապն՝ իր պապից, սա էլ՝ իր պապից,
Հեղինակն ո՞վ է, դժվար է ասել...
Բայց եկեք հիմա չշեղվենք ճամփից,
Այսպես սկսենք.
Ժուկով ժամանակ
Կար մի ավանակ,
Ուտում էր գարի,
Առանց պատճառի
Զռռում, խռնչում,
Առյուծի նման,
Բայց էշավարի
Մեկ-մեկ մռնչում:
Դե էշ էր, էլի, երբ տեղն էր գալիս,
Վազում՝ մոխրի մեջ թավալ էր տալիս,
Տնկում էր պոչը, ձայներ արձակում
Եվ ուրախանում...
Իր էշությունն էր մի խոսքով անում:

Պատահեց այնպես, որ առյուծ արքան*
Մի չար դիպվածով իր թախտից ընկավ,
Ավանդեց հոգին:
Գայլն ու աղվեսը, օգտվելով պահից,
Ճիշտ ժամանակին,
Առաջ քաշեցին մեր ավանակին
Ու նստեցրին արքայի գահին:
Դա չար կատա՞կ էր,
Թե՞ անմիտ դիպված,
Ախր այս բանը որտե՞ղ է լսված,
Որ հաստագլուխ մոխրաթավալին,
Այդ շաշ տավարին
Տանեն ու դնեն արքայի գահին,
Ասեն՝ գիտության օվկիանոս ու ծով,
Կբարեհաճե՞ք ելույթ ունենալ
Հեռուստացույցով,
Լավ սևացնել փլան-փստանին,
Հետո ընդունել այսինչ դեսպանին,
Քնքուշ սեռի հետ պարել մի քիչ վալս
Ու հրավիրել պրես-կոնֆերանս...

Ավանակին էլ այդ էր հարկավոր,
Իրեն հռչակեց մեծն թագավոր,
Թքեց դարմանի ու խոտի դեզին,
Աղվեսին կարգեց առաջին վեզիր,
Գայլին՝ փոխարքա,
Կատվին՝ զորապետ,
Դոդոշին՝ դպիր ու սենեկապետ,
Խլուրդին դրեց երկրորդ տեղակալ
Ու պորտֆել տվեց մինիստրական,
Եվ բժշկապետ առնետից սարքեց,
Ցեղակից ջորուն ծովակալ կարգեց,
Հետո արձակեց մի հրովարտակ.
- Իմ իշխանության, իմ դրոշի տակ
Թե այծ, թե ոչխար և թե բորենի՝
Որտեղ էլ լինեն, ով էլ որ լինի -
Թե վագր, թե փիղ, թե շուն և թե մուկ՝
Ունեն հավասար ձայն ու իրավունք:
Գոմեշն ու եզը պիտի աշխատեն,
Վար ու ցանքս անեն, ճանապարհ հարթեն,
Իսկ ուղտը և ձին բեռ տանեն-բերեն,
Իմ հրահանգով միշտ ղեկավարվեն,
Ապրեն բոլորն էլ խաղաղ ու անքեն,
Նորին էշությանն հարգեն ու պատվեն:

Եվ այնուհետև արքայից-արքան
Խորհուրդ գումարեց թագավորական -
Իբր վագրը՝ այդ նենգ սրիկան,
Հանցանք է գործել հակապետական,
Հովազը գող է աշխարհին ի տես,
Ծուռթաթ արջուկը՝ ծպտված լրտես,
Հապա գետաձի՜ն. նստել է գետում
Եվ տերության դեմ կոչեր է նետում
Ու դաշնակցում է կոկորդիլոսին,
Այդ նացիոնալիստ ստոր միմոսին:-
Այստեղ մեր էշը զռռաց արխային,
Մի նոր որոշում հանեց էշային.
- Մենք նրանով ենք աշխարհում արդար,
Որ չենք ընդունում ոչ մի գաղափար,
Մեր մեծ իդեալն է իմ կաղապարը,
Թող կորչի հավետ այն գաղափարը,
Որ իշխում է մեր ուղեղին, մտքին,
Եվ թուլացնում մեր անմահ ոգին...
Կորչե՛ մտքերի հին գեշությունը,
Կեցցե՛ն էշերը և էշությունը:

Եվ ավանակը էշությամբ իր բաց՝
Շատ հեռուն գնաց.
Նորին մեծություն իրեն հռչակեց,
Մեծ կոչումներ ու տիտղոսներ ճանկեց.
Դարձավ գիտնական՝
Ակադեմիկոս, փայլուն հռետոր,
Աշխարհում որքան
Շքանշաններ ու մեդալներ կան,
Հավաքեց, բերեց,
Իր կրծքին շարեց*
Եվ այսպես ճառեց.
- Ինչքան խոսք ունեմ՝ դարձնել հատորներ,
Արձանս տնկել
Քաղաքներում մեր:
Երբ ականջներս ես թափահարեմ,
Դուք պարտավոր եք ինձ ծափահարել,
Ձեզ համար թանկ է իմ խռնչյունը,
Պոչիս շարժումը և մռնչյունը,
Ես ձեր հավատն եմ, աստվածը փրկիչ,
Ձեր տիրակալը՝ Էշ Ավանակիչ...
- Ապրի մեր արքան,- գոչեցին խնդուն
Աղվեսը, գայլը, դոդոշն ու կատուն,-
Ձեզնով հաստատ ու շեն է մեր տունը,
Կեցցե՜ իմաստուն ձեր էշությունը:

Էշ Ավանակիչ.
Քաղաքական ու ռազմական գործիչ,
Գիտության տաճար,
Եզակի հանճար.
Լրագրերում ու հանդեսներում
Միշտ նրանից են ցիտատներ բերում.
Էշը ասել է. «Գարին լավ բան է,
Հնձելուց առաջ նախ պիտի ցանել»,
Կամ՝ ինչպես ասաց ավանակը մեր.
«Ամեն օր պիտի քնելուց առաջ
Առաջին հերթին շորերը հանել»:
Գոմեշ ու զեբր, սկյուռ ու կատու,
Նրա ճառերն են մի գլուխ կարդում,
Իսկ հնդկահավը նրա անունով
Փքվում է, ուռչում,
Նրա կոչով է մեր աքաղաղը
Ծուղրուղու կանչում...
Եվ ամեն տեղ էլ՝ Ավանակիչը,
Դարի մեծ խիղճը-
Նրա շողով է ծիլը բարձրանում,
Նրա ցողով է միրգը քաղցրանում,
Առուն գետ դառնում,
Գետը դառնում ծով,
Օրը բացվում է նրա զռռոցով:
Եվ ինքն էլ իրեն համեստ է պահում,
Ոչ մի կոչումից չի հրաժարվում՝
Ե՛վ դիպլոմատ է, և՛ հմուտ դեսպան,
Քաղաքագետ է, փորձված տեսաբան,
Արվեստաբան է, գիտության կաճառ,
Ակադեմիայի պատվավոր անդամ,
Խոհուն ղեկավար, գործիչ անթերի,
Դափնեկիր բազում մրցանակների*.
Նա է աշխարհը պահող վեհ սյունը,
Թող կեցցե՜ հավերժ մեր էշությունը:

Բայց էշը էշ է, վրան թեկուզ թամբ,
Նա իր էշային փառամոլությամբ
Այնքան զռզռաց ու զահլա տարավ,
Որ երկրի վրա պատուհաս դառավ...
Եվ այստեղ ահա գայլն ու աղվեսը
Միտք արին կրկին,
Գահից ցած բերին մեր ավանակին,
Ասացին՝ գնա,
Մոխրում թավալվիր,
Առատ գարի կեր, լենք տուր, ծավալվիր,
Հերիք է որքան քանդես մեր տունը,
Թող կորչի՛ էշը և էշությունը:

Բայց արի ու տես, որ էշից հետո
Շատ արքաներ են գահ նստել հերթով-
Իրենց նախորդից տգետ ու անգետ՝
Լոկ էշություն են նրանք ժառանգել...
Եվ ամեն անգամ պալատ մտնելիս
Անպայման մեկին քացի են տալիս,
Պոչերն են շարժում, զռռում, խռնչում,
Առյուծի նման, բայց էշավարի
Մեկ-մեկ մռնչում...
                                       1978 թ.




ՓՇԿՈ ԿԱՏՈՒՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

    1.

Կար մի կատու՝ հարգված, համեստ,
Կյանքում ուներ լոկ մի արհեստ՝
Մուկ էր որսում մկստանում,
Ուտում, պառկում, հանգստանում:
Ո՞վ կարող էր բռնել բեղից,
Փշկոն էր նա՝ վագրի ցեղից,
Եվ համարձակ, և՛ միտքը սուր,
Փարիզում էր առել ուսում.
Ու չափազանց գրագետ էր,
«Գազանագիրքն» անգիր գիտեր,
Արքաներին երգեր ձոնում,
Առակներ էր և հորինում.
Շրջել էր նա շատ երկրներ,
Սովորել էր շատ լեզուներ՝
Ընձուղտերեն, վարազերեն,
Աղվեսերեն, հովազերեն,
Իսկ լեզուն չալ կաչաղակի
Արդեն վաղուց գիտեր անգիր:
Բայց արի տես՝ առյուծ արքան,
Թագավորը մեր պատվական,
Արքունիքում չուներ հարմար
Գրաճանաչ մի քարտուղար,
Որ բազմի իր կաբինետում,
Հրամաններ գրի հատու,
Շարադրի ճառն արքայի,
Իր համարձակ գրչով փայլի:
Մի ժամանակ առնետը կար,
Բայց առնետից ի՜նչ քարտուղար,
Կարճամիտ էր, խրթին ոճով,
Տարվում դատարկ ճառ ու մառով,
Եվ արքայի անունն էլ դեռ
Միշտ գրում էր փոքրատառով:

Լուրը հասավ արքայաց դուռ -
Հրաշք է մեր Փշկո կատուն,
Գրագետ է, խելոք, ուսյալ,
Նրա վրա պիտի հուսալ,
Քաղաքական ամեն հարցում
Եվ փորձ ունի, և մոտեցում.
Է՛լ  Ծտստան, է՛լ Ճտստան,
Է՛լ Չարդստան, փլան-փստան
Եկել են ու խնդրել նրան՝
Արի դարձիր մեզ քարտուղար,
Կստանաս մեծ աշխատավարձ
Եվ կլուծես ամեն մի հարց:
Բայց մերժել է կատուն նրանց,
Պոչը շարժել ու զայրացել.
- Ո՜վ տգետներ, ինչ եք կարծել,
Ի՞նչ ձեր թայն է Փշկո կատուն,
Որ դառնա ձեզ խորհրդատու:

  2.

Հրամանով ավանդական,
Հրավերով արքայական
Եվ խնդրանքով առյուծական -
Պալատ տարան Փշկո կատվին
Ու նույն օրն էլ նրա պատվին
Հիսուն անգամ սալյուտ տվին,
Հռչակեցին խոնարհաբար
Արքունիքի մեծ քարտուղար:
Էլ ի՜նչ հարգանք, խորտիկ ընտիր,
Եվ նաժիշտներ եկան անթիվ,
Հա բեղերն են սիրով շոյում,
Վարդաջրով դեմքը ցողում,
Եղունգները մաքրում, ներկում,
Ականջի տակ անուշ երգում.
- Փշկո կատու, Փշկո կատու,
Մեր արքայի պարծանքն ես դու:-
Ու քայլում են պոչը բռնած
Գայլ ու աղվես, վիթ ու քարայծ,
Մեծարում են, փառաբանում,
Փառքը նրա երկինք հանում:
Ու պիտակով քաջ մռռանի
Էլ ի՜նչ կոնյակ, էլ ի՜նչ գինի,
Օծելիքներ հազարաբույր
Եվ մուշտակներ հազարագույն.
Մեկը թե մի մանչ է ծնում,
Անունն էլ են Փշկո դնում.
Փռշտում է թե մեր կատուն,
Ամեն կողմից խոնարհաբար
Ձայն են տալիս, բացականչում.
- Առողջությու՜ն, մեծ քարտուղար:

   3.

Ահա այսպես թափով հատու
Առաջ գնաց Փշկո կատուն.
Հրաման էր անվերջ գրում,
Կոնֆերանսներ հրավիրում,
Պատերազմներ հայտարարում,
Խաղաղության դաշինք կնքում,
Երկիրներին՝ մոտ կամ օտար,
Հղում հարյուր ձևի նոտա,
Ճարպկությամբ ուսյալ կատվի
Արժանանում փառք ու պատվի:
Եվ որտեղ մեր արքան անդուլ,
Այնտեղ էլ մեր Փշկո կատուն -
Բեղը սրած, պոչը տնկած,
Վագրի նման ուռած-փքված՝
Աջ էր գնում՝ ձախ մլավում,
Ձախ էր գնում՝ աջ  կլավում,
Թե՛ պալատում և թե՛ դրսում
Ինչ-որ տեսնում, ինչ-որ լսում,
Լուն դարձնում ուղտ և ուղտը՝ լու,
Արքային է տանում հասցնում -
Այս ի՞նչ բան է, ո՞վ կկարծեր՝
Արջը գահին աչք է գցել,
Իսկ վագրը թաքուն-թաքուն
Թագուհուն է սիրահետում,
Կամ ահա այս կապիկը ծուռ,
Այս միմոսը, այս ծաղրածուն՝
Թե՛ փողոցում, թե՛ պուրակում
Արքային է միշտ ծանակում:

    4.

Եվ հրաման մեծ արքայից.
«Հանուն թագի, հանուն գահի,
Հանուն պատվի ու սերության,
Հանուն արդար մեր տերության՝
Արջի կեղտոտ դունչը դաղել
Ու կենդանի վագրին թաղել,
Միմոս կապկին շտապ բանտել,
Պոչը կացնով տակից հատել,
Իսկ մեր Փշկո փռշտանին,
Մեծ արքայի մեծ պաշտպանին՝
Պատվի արժան, փառքի արժան
Տալ մեդալ ու շքանշան
Ու հռչակել իմ պալատում
Դիպլոմատ ու խորհրդատու:
Հրամանս կատար ածել
Եվ գալ իսկույն մեզ զեկուցել»:

    5.

Հաստատ բան է, որ աշխարհում
Փառքը իր հետ փառք է բերում...
Բայց մնում է կատուն կատու,
Թեկուզ լինի խորհրդատու.
Հավաբուն է մտնում թաքուն,
Ճուտ փախցնում կամ ձու լակում,
Նրա գրած նոտաներից
Մլավոցի հոտ է գալիս,
Որ երբ կարդում օտար երկրում,
Կատակում են ու հռհռում.
- Չլինի՞, թե առյուծը ծեր՝
Փոխվել է ու կատու դարձել:
Էլ չենք խոսում այն մասին դեռ,
Որ հիմարը շատ է փքվել,
Եվ ինչ որ տեղ ասել է, թե՝
«Թագաժառանգն ես եմ արդեն,
Պետք է անշուշտ պատրաստ լինել,
Ծեր առյուծին փոխարինել...»:-
Ո՞վ կասի՝ լուրն ո՞վ է փախցրել
Ու արքային տարել հասցրել:

    6.

Իսկ պալատում արքայական
Խիստ բազմացան մկներն այնքան,
Որ էլ անկյուն, տեղ չմնաց,
Էլ մորուք ու բեղ չմնաց -
Հա գալիս են կրծում, քաշում,
Խեղճ արքայի սիրտը մաշում,
Կամ թագուհու ծոցն են մտնում,
Խուտուտ տալիս ու խլվրտում,
Դուրս են գալիս պատի ծակից,
Ճտեր հանում գահի տակին,
Թագավորի թագին նստում,
Լպիրշ-լպիրշ ճլվստում,
Գանձարանում ու մառանում
Գիշեր-ցերեկ խաղ են անում
Ու ձեն տալիս, ու ձեռ առնում.
- Ի՜նչ առյուծ ու Առյուծստան,
Սա երկիրն է մեր Մկստան,
Մենք ենք այստեղ տեր-տիրակալ,
Թող որ կորչի Առյուծ արքան:
Այստեղ արքան բարկացավ խիստ,
Հրավիրեց արտակարգ նիստ.
- Այս անիծված մկներն,- ասաց,-
Չարչարում են մեզ անկասկած.
 Գտեք հնար,
 Արեք մի ճար,
Որ փրկվենք այդ ցեղից լաչառ:-
Ու ձայն խնդրեց Փշկո կատուն՝
Մեծ դպիրն ու խորհրդատուն.
- Ո՜վ մեր արքա ճաճանչափայլ,
Արեգակից հզոր ու վառ,
Դու գիտության անհուն տաճար,
Իմաստության անմահ կաճառ.
Մեր տերության դրոշի տակ
Ունեք որքան դուք հպատակ՝
Փիղ ու հովազ, գել ու վարազ,
Աղվես և ուղտ, շուն ու լուսան՝
Հանուն գահի ձեր անսասան -
Այսօրվանից թող մուկ որսան.
Մեծդ արքա, աստված վկա,
Մուկից անուշ խորտիկ չկա:-
Փշկո կատվին արքան լսեց,
Հոնքը կիտեց, այսպես խոսեց.
- Ո՜վ փռշտան Փշկո սարսաղ,
Կատուն դու ես, մե՞նք մուկ որսանք...
Իմ հրամանն ահա և քեզ՝
Բավական է գլուխ պահես,
Շուտ ճանկերդ սրիր վերստին,
Անցիր իսկույն քո արհեստին,
Թե մուկ տեսա պալատում մեր,
Քո աչքերը պիտի հանեմ:-
Հրամանով ավանդական
Եվ կնիքով արքայական -
Հենց նույն օրը Փշկո կատվին
Մուկ բռնողի մանդատ տվին,
Քաշեցին բեղն ու ասացին.
- Դե ծառայիր մեծ Առյուծին:-
Ահա այսպես Փշկո կատուն՝
Նախկին դպիր խորհրդատուն,
Հանուն գահի ու տերության,
Հանուն պատվի ու սերության,
Պոչը քաշեց, քիթը կախեց,
Անցավ նորից մուկկերության.
Որտեղ պուճախ, մի մութ անկյուն,
Այնտեղ էլ մեր Փշկո կատուն:

    7.

Եվ ասում են այսօր էլ դեռ
Նա իր հույսը չի կորցրել,
Սպասում է առաջ քաշեն
Ու մեծավոր նորից հաշվեն.
Մեծ ջանքեր է գործադրում,
Բողոք, դիմում, նամակ գրում,
Բարձրանալու տենչը սրտում,
Պատուհան ու դուռ չանգռտում
Եվ քսմսվում սրան-նրան,
Իմաց տալիս, որ իմանան՝
Ոնց է գահին թիկունք դարձել
Ու մկների հերն անիծել:
Ձախ է գնում՝ աջ քսմսվում,
Աջ է գնում՝ ձախ քսմսվում,
Պոչն է շարժում ու մլավում,
Ոտքերի տակ անվերջ ծալվում...

Դուռն են փակում, բայց նա նորից
Ներս է մտնում պատուհանից,
Պատուհանն են թե որ փակում,
Տան կտուրն է գնում ծակում...
Եվ ասում են՝ ժամանակին
Դիմել է նա նույնիսկ ՄԱԿ-ին,
Թե անտեղի հալածել ինձ
Ու զրկել են իմ պաշտոնից:-
Բայց մնում է կատուն կատու,
Թե՛ խրճիթում, թե՛ պալատում,
Թեկուզ ինչ-որ մի ժամանակ,
Ինչ-որ մեկի դրոշի տակ
Եղել է նա ժիր ու անդուլ
Քարտուղար ու խորհրդատու:

.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .
Իսկ ականջդ հիմա դես բեր,
Քեզ բան պիտի ասեմ ես դեռ.
Չէ՛, գաղտնիք չէ սա պետական,
Սոսկ զրույց է մի անձնական.
Դե կատուն ի՞նչ, կատուն հարց է,
Կատուներ են եկել, անցել,
Բայց ցավն այն է, որ աշխարհում
Կատվությունը չի վերացել:

                  21 օգոստոսի 1978 թ.




ՀԵՔԻԱԹ ԴԱՏԱՎՈՐ ԱՂՎԵՍԻ ՄԱՍԻՆ

Ու եղավ այնպես, ինչպես այդ լինում
Կամ պատահում է շատ հեքիաթներում,
(Նայած թե բախտը ինչպես է բերում),
Հզորստանի Առյուծի քավոր
Աղվեսը դարձավ արդար դատավոր,
Իր փռչոտ պոչը սանրեց ու կոկեց,
Օրենսգրքերից ցիտատներ պոկեց,
Բազմեց աթոռին ու հայտարարեց.
- Ես դատավորս, ազնվագույն աղվես,
Պահանջ եմ դնում խիստ օրինական.
Մեր տերության մեջ որքան գազան կա՝
 Շնագայլ, չախկալ,
 Եղջերու, ճագար,
 Կզաքիս ու խոզ,
 Կամ գայլ բարբարոս,
 Ընձառյուծ ու վիթ,
 Գետաձի լայնքիթ,
 Վարազ՝ մազը բիզ,
 Գոմեշ հաստավիզ,
 Լուսան խորամանկ,
 Վախկոտ նապաստակ,
 Ընձառյուծ դաժան,
 Անգամ ավանակ
 Կախելու արժան-
Պիտի ենթարկվեն իմ այս օրենքին.
Գայլը չպիտի հոշոտի մաքի,
Առնետը հավի կոկորդը ծակի,
Արջը իրավունք չունի անոթի
Մռութը այստեղ ու այնտեղ խոթի,
Բորենին թող իր երախը չափի,
Երբեք անտեղի արյուն չթափի:
Կատուն, լիրբ կատուն, իր փորին գերի,
Հարկ է, որ հանգիստ թողնի մկներին...
Կաշառքը պիտի վերանա անշուշտ,
Թող կորչեն բոլոր գռփողներն անկուշտ,
Շողոքորթների լեզուներն հատել,
Բյուրոկրատին օրենքով դատել...

Եվ աղվեսն աղվես, աղվեսի որդի,
Աղվեսաթոռ ու առյուծին քավոր
Օրենքի տառը և ոգին շուրթին,
Մեծ օրենսգետ է ու մեծ դատավոր,
Այն օրենսգիրքը, որ ինքն է գրել,
Առյուծը վրան իր թաթն է դրել:
Եվ ահա մեղուն եկավ բողոքեց.
- Թող հաստատ մնա դատավորը մեծ,
Այդ բրդոտ արջը մեզ շատ է տանջում,
Մեղրն ուտում է, մեզ բնաջնջում:
Եվ դատավորը կանչեց ծուռ արջին,
Բղավեց վրան.
 - Ստո՛ր, թալանչի՛,
Գնում ես խալխի վաստակը լափում
Ու փեթակներն էլ ջարդում ու թափում,
Եվ չես հասկանում, բռի անասուն,
Առյուծի սիրտն էլ մեղր է ուզում,
Սրանից դենը ինչ ղալաթ անես,
Հիշիր՝ արքային բաժին պիտ տանես:

Եկավ ոչխարը, կանգնեց խոնարհ, հեզ.
- Արդար դատավոր, ի՞նչ մեղք ունեմ ես,
Որ ագահ գայլը, ավազակն այդ պիղծ,
Իմ երկու գառից եկավ զրկեց ինձ:-
Գող գայլին իսկույն բերին դատարան,
Աղվեսը մի լավ հայհոյեց նրան.
 - Անխի՛ղճ, բարբարոս,
 Դու թանձրագույն խո՛զ,
Որ երկու անմեղ գառ ես թալանել,
Ինչո՞ւ արքային բաժին չես տարել...
Ուրեմն լինի սա դեպքը վերջին,
Թե չէ՝ այնպիսի օր կգցեմ քեզ,
Փառք կտաս արջին:
Հապա աքլորը ո՜նց է կատաղել.
Առնետն իրենից կաշառք է առել...

Դատավորն այստեղ այնպես բարկացավ,
Որ նրա մորթուց կայծեր բարձրացան.
- Օրենքը ես եմ, սակայն դու, սադիստ,
Ինչ որ առնետի կաշա՞ռք ես տալիս:-
Եվ նա ոլորեց պոչը պատվական
Ու հրավիրեց ժողով դատական,
Իր փայլուն ճառը սկսեց այսպես.
- Ո՜վ մեծ առյուծի հպատակներ հեզ,
Մեր Հզորստան երկրում այս ազատ
Չպիտի ապրի ոչ մի ավազակ,
Բայց արի ու տես, որ աշխարհում մեր
Ունենք շատ բացեր ու թերություններ...
Խոսենք փաստերով, ասացե՛ք, ինչո՞ւ
Այդ ապուշ էշը մեր օդն է շնչում,
Իսկ երկարավիզ ընձուղտը թաքուն
Արքայաց ծառի ճյուղերն է պոկում:
Ո՞վ է գոմեշը՝ եղջյուրնեը ծուռ,
Որ մեր մարգերն է անվերջ արածում,
Եվ կծան շունն էլ դեռ չի ամաչում,
Մեր հացն է ուտում, մեզ վրա հաչում...
Կամ թե ոչխարը՝ զուր տեղը մայում
Ու մեր ջղերն է միայն քայքայում...
Արդ, լսեցեք ինձ, գայլ, վագր ու արջ,
Հովազ, բորենի ու փիղ խլականջ-
Մեր օրենսգրքի հոդվածով այսինչ,
Ես՝ դատավորս, Աղվես Աղվեսիչ,
Հայտարարում եմ ահա ամենքին՝
Բարձր պահել մեր օրենքի ոգին.
Երբ էշը մոխրում թավալ է գալիս,
Մեր տերությանը վնաս է տալիս:
Ինչպե՞ս հանդուրժել այդ նապաստակին,
Որ պպզում է թփերի տակին,
 Օրենքն անտեսում
 Եվ մեզ լրտեսում.
Ասացեք, ո՞վ է այծին թույլ տվել,
Որ պոզ է պահում ազատ երկրում մեր,
Իսկ այդ խելառ ձին ի՞նչ նպատակով
Մեզ սպառնում է միշտ իր սմբակով,
Հապա այդ մեղուն, տեղովը մեկ թույն՝
Մեր խեղճ ու կրակ արջին է խայթում...
Եվ այս ամենը թե այսպես գնա,
Մեր արևի տակ գազա՞ն կմնա:
Տերության վրա կախվել են ամպեր,
Պետք է լրբերին շուտ զինաթափել,
Ուրեմն, ի զեն, և պատրաստ եղեք,
Ձեր հերոսական ճամփան մի շեղեք,
Ջարդեցեք անդուլ, խեղդամահ արեք,
Արքայի բաժինն արքային տարեք:

Այստեղ ավարտեց աղվեսն իր ճառը,
Դե ճառ էր, էլի, գլուխը քարը,
Բայց ցավը այն է, որ աշխարհում դեռ
Կան դիպլոմավոր իրավաբաններ՝
Մեկին՝ պաշտպանում, մյուսին՝ դաղում,
Աղվեսություն են ողջ կյանքում խաղում
Եվ աղվեսությամբ գլուխ են պահում...
Իսկ պե՞տք է այստեղ անուն-ազգանուն...

                            26 օգոստոսի 1978 թ.




ՀԵՔԻԱԹ ՄԵԾ ԳԱՅԼԻ, ՇՆԱԳԱՅԼԻ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԱՍԻՆ

Թե գորշ գայլը ոնց բարձրացավ*
Մեծ արքայի պոչը դարձավ,
Իրավունքներ առավ ձեռը...
Ինքը գիտե, մեկ էլ տերը:
Որ իր դիրքերն ամրապնդի,
Իր խմորն իր ձեռքով գնդի՝
Առաջ քաշեց շնագայլին,
Գայլաձկանն ու չախկալին,
Ուներ ինչքան ծանոթ-մանոթ,
Հավաքեց ու բերեց իր մոտ:
Պաշտոն տվեց ագռավ ազուն,
Քոչից փախած քոսոտ թազուն,
Ձու թռցնող կաչաղակին
Ու պճնամոլ սիրամարգին,
Եվ զեկուցեց արքային մեծ.
- Հզոր արքա մեր մեծանուն,
Կյանքն ուրախ է Գայլստանում,
Հին կաբինետն իսպառ ցրել,
Կարգ ու կանոն եմ մտցրել,
Վերացել են սուրբ հողից մեր՝
Շողոքորթ ու կաշառակեր,
Բյուրոկրատ, շաղակրատ,
Քաշքշուկ ու զոռբայություն,
Ամեն ձևի թայփայություն.
Աղվես ու եզ, կատու և ցին
Նվիրված են ձեր մեծ գործին,
Ձեր անունով երդվում նրանք
Եվ ասում են՝ արքային փա՜ռք,
Նրա պայծառ գաղափարով՝
Կքայլենք մեր ճանապարհով:-
Շոյվեց այստեղ առյուծը ծեր,
Գովեց գայլին իր անձնվեր.
- Ես շատ ունեմ լավ մարզպաններ,
Բայց ոչ մեկը չի հասել դեռ
Քո այդ բարձր մակարդակին,
Արժանի ես իրոք փառքի:-
Գայլին դա էր հենց հարկավոր,
Իսկույն սարքեց օրենք մի նոր
Ու ցեղակից իր ոհմակին
Առավ տվեց նա ահագին
Իրավունքներ ազատության.
- Հիմա տերը դուք եք ձեր տան:-
Իր ամբիոնից այսպես գոչեց,-
Այլ ցեղերը պիտի կորչեն,
Կամ գայլերին հպատակվեն
Եվ ընդունեն հավատը մեր...
Ըստ պատմական տվյալների՝
Լեռնաստանի արծիվներին*
Մենք տվել ենք և՛ տեղ, և՛ տուն,
Դրա հետ էլ ազատություն... -
Ու ոհմակը ոռնաց ահեղ.
- Լեռնաստանը մերն է եղել,
Մեր օջախը և մեր բունը.
Կեցցե՜ արդար պատմությունը:
Եվ պատմագետ շնագայլը*,
Կեղծ պատմության փորձված հայրը,
Գրիչն առավ, գրեց թափով
Աշխատություն մի հաստափոր,
Որ իբր թե երկրի վրա
Առաջներում արծիվ չկար,
Ստեղծվել է այդ ցեղը պիղծ՝
Ագռավներից ու չարդերից:
Ի սկզբանե գայլն է եղել,
Գայլությունը շատ հին ցեղ է,
Վկայել են հենց այդ մասին
Պատմիչ բուն ու ագռավ ազին,
Գիշանգղը՝ մտքի մերան,
Եվ խլուրդը՝ ոսկեբերան:-
Շնագայլը՝ փառքի ծարավ,
Մեծ դոկտորի կոչում առավ,
Իսկ գայլերը զիլ ոռնացին.
- Լեռնաստանում՝ ոչ մի արծիվ:
Ու գիշատչի ոհմակն այդ հին
Ախորժակով իր գայլային՝
Շնագայլին դարձրեց ների,
Խուժեց հողը արծիվների:
Ի՜նչ հուշարձան ու կոթող կար,
Որմնանկար ու  շիրմաքար,
 Ավերեցին,
 Թալանեցին
 Ու վառեցին...
Հետո եղավ աղմուկ շատ մեծ,
Ով բողոքեց, նա էլ տուժեց,
Չարչարանքի ենթարկվեց խիստ
Ու համարվեց նացիոնալիստ*:
Իսկ ագռավը այդ նենգ ու չար՝
Ամբիոն ելավ ու կռնչաց.
- Խենթ արծիվներ, ի՞նչ եք անում,
Ի՞նչ եք իզուր աղմուկ հանում,
Գայլերն ախր ազգ են բարի,
Փարոս են ձեր ճանապարհին,
Անձամբ ինքը՝ գայլապետը,
Գայլերի քաջ միապետը -
Գիշեր-ցերեկ արթուն, անքուն
Ձեր մասին է միայն հոգում,
Որ խավար ու մութ չմնաք,
Մեր լույս դարում բութ չմնաք,
Արյունարբու ոսոխներին
Կյանքում երբեք կուլ չգնաք:
Իսկ գայլապետ գայլը արդեն
Ծեր առյուծի լեզուն գտել,
Քսմսվում է, շողոքորթում,
Իրավունքներ անվերջ շորթում
Ու զեկուցում, որ իբր թե
Ցեղային հարցն ինքն է հարթել,
Եղբայրներ են վաղուց դառել
Արծիվներն ու գայլերը մեր:-
Եվ փառամոլ առյուծ արքան
Բաշը թե որ թափահարում,
Առաջինը ինքն է նրան
Կեցցե՛ գոչում, ծափահարում.
Բամբակով է շվաքն առնում
Եվ ինչպե՜ս է փառաբանում՝
 Արևափա՜յլ,
 Արևահա՜յր,
Քեզնից բացի ոչ եղել է,
Ոչ կլինի արև մի այլ,
Դու մեր փառքի դարպաս ու դուռ,
Տիեզերքի մեծ լուսատու:-
Ու ետևից միշտ ինքնակամ
Միզանոթն է բռնած տանում,
Թե բաղնիք է մտնում արքան,
Նրա տաբատն ինքն է հանում.
Ինքն է նրա դեմքն առաջին,
Ինքն է նրա մեծ քիսաչին,
Ինքն է նրա կոչը մանրում,
Ինքն է նրա պոչը սանրում...
Ու թե արքան ճառ է ասում,
Առաջինը ինքն է նրան
Ծափահարում:

Դե, գայլերն էլ Լեռնստանում
Ինչեր ասես, որ չեն անում...
Շնագայը, դոկտորն այդ ծեր -
Մի նոր գիրք է տպագրել
Ու մեծարել գող գայլերին,
Որ իբր թե այդ «ցեղը հին»
Ադամից է սկիզբ առել,
Տիեզերքում լույս արարել,
Առյուծները որպես նոր ցեղ՝
Գայլերից են առաջացել,
Իսկ Հռոմը, ո՞վ չգիտե,
Գայլի ձագերն են կառուցել,
Ամերիկան առաջինը
Հենց գայլերն են հայտնագործել,
Եվ գայլային ցեղը պիտի
Ողջ աշխարհին տիրապետի:
      *  *  *
Քանի գահին առյուծ արքան
Ավանակ է երկարականջ*-
Կատուները փիղ կդառնան
Եվ գայլերը հա՜ կըոռնան...

                 28 օգոստոսի 1978 թ.

---------------------------------------------

* - «Պատահեց այնպես, որ առյուծ արքան...» - Նկատի ունի խորհրդային ղեկավար Ի. Ստալինին:
* - «Հավաքեց, բերեց, իր կրծքին շարեց» - Ակնարկում է Լ. Բրեժնևի մեդալասիրությունը:
* - «Դափնեկիր բազում մրցանակների» - Ակնարկում է Լ. Բրեժնևի անհամեստությունն ու փառասիրությունը:
* - «Թե գորշ գայլը ոնց բարձրացավ» - Նկատի ունի Հ. Ալիևին:
* - «Լեռնաստանի արծիվներին» - Ակնարկում է Արցախն ու արցախցիներին: 
* - «Եվ պատմագետ շնագայլը» - Նկատի ունի Զ. Բունիաթովին։
* - «Ու համարվեց նացիոնալիստ» - Ակնարկում է 1960-ական թթ. կեսերի հայ-ադրբեջանական ընդհարումներն ու
արցախցի մտավորականների հայտնի նամակից հետո սկիզբ առած հալածանքները հայերի նկատմամբ։
* - «Քանի գահին առյուծ արքան Ավանակ է երկարականջ» - Նկատի ունի Լ. Բրեժնևին: