Քարաշեն. Բ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1.

Տարին երաշտ եղավ։ Ծիլը, դեռ թևիկները չբացած, դեղնեց ու փռվեց շիկացած հողին, ձորում գետն այնքան բարակեց, որ եղած ջուրը հազիվ հերիքում էր մի ջրաղացքարի։ Մայիսին միայն մի անգամ անձրև եղավ, ի՜նչ անձրև, ջրհեղեղ էր. պղտոր ջուրն անցավ Ջրաղացի ձորի կամրջի վրայով, պոկեց Մանասի ձորի գետափի թթենիները, քշեց տարավ։ Մուշեղ ապան այս անգամ ճիշտ գուշակեց. «Սա ոնց-որ երաշտի անձրև է,- ասաց,- էսպիսի անձրևից հետո երկար ժամանակ երկնքից էլ կաթ չի կաթում։ Ինչ կար՝ թափվեց, պրծավ»:

Դովթալաբ սարի մի հոնքին, որ միշտ ամպ էր լինում նստած, հալվեց ու կորավ։ Գյուղի պառավները սկզբում սուրբ Սարիբեկի ոտքի տակ երկու աքլոր մորթեցին, բայց աքլորները երևի շատ էին քիչ, երկնքում էլի ամպի կտոր չերևաց։ Աքլորներին մի գառ ավելացրին, դա էլ չօգնեց, և այնժամ Մինա բիբին ասաց. «Կնանիք, ոնց որ մեր սուրբը զորությունից ընկել ա, ուրիշ ճար չկա, եկեք գնանք գետը վարենք»։ Սաքունց հարս Սիլվան բաց թողեց լեզվի կծիկը. «Վո՜ւյ, ցավու գաք դուք, հա՜... Ձեր ընկերներն էն աշխարհում քառասուն պատանք են մաշել, իսկ դուք էստեղ տես ինչով եք զբաղված։ Գետը որ վարեք, անձրև պիտի գա՞»: Վայ թե պառավները մի լավ դնքսեին Սաքունց Սիլվա հարսին, թե որ ամենահաս Մուշեղ ապան ժամանակին արանքը չընկներ.
- Այ պառավներ, դուք էս հարսի հետ ի՞նչ հաշիվ ունեք,- ասաց,- կոմսոմոլ է, պարտավոր է ձեզ խելք սովորեցնել։ Եվ, առհասարակ, ընկեր պառավներ, ինչպես էն կռապաշտ Սիմոն Ամիրյանը կասեր՝ ներկա էտապում դուք շատ սխալական գործ եք բռնել,- և ապա աչքի տակով նայեց Սալբի ազուն,- իսկ դու, ընկեր Սալբի, երևում է էնքան էլ չես պառավել։ Ասում եմ՝ երեկոյան խնամախոսներ ուղարկեմ ձեր տուն, ի՞նչ ես ասում։ Մեջք-մեջքի կտանք՝ կապրենք։ Վայ թե ինձանից լավը գտե՞լ ես։
Սաքունց հարսը ծիծաղեց, Սալբի ազին չարացած նայեց անամոթ հարսին և Մուշեղ ապային զույգ ձեռքով չանչ արեց.
- Առ, է՜, հողս քո էդ արսըզ գլխին։

Երեկոյան պառավներին գրասենյակ կանչեցին։ Գրասեղանի ետևում նստած էր նախագահ Շաբոն՝ երկարահասակ, մեծ-մեծ ականջներով, լերկ գանգով, սրված դեմքով մի մարդ։ Նախագահ Մացակի մահից հետո Արսենը միայն կես տարի մնաց նախագահի պաշտոնում. ինքն իր կամքով գնաց շրջկոմ և ասաց. «Ես անգրագետ մարդ եմ, հազիվ երկու լիկայան եմ վերջացրել, այն էլ՝ հին ուղղագրութամբ։ Խնդրում եմ ինձ ազատեք գլխացավանքից, գնամ իմ սարերը»։
Շրջկոմի առաջին քարտուղարը գնացել էր բուժման, երկրորդ քարտուղարը՝ Մոսկվա, ինչ-որ վերապատրաստման դասընթացներում կատարելագործվելու, երրորդը նոր մարդ էր, զանգեց շրջգործկոմի նախագահին: Շրջգործկոմի նախագահ Ավետիս Վանյանը չուշացրեց, իսկույն գտավ մի հարմար թեկնածու, այդ հարմար թեկնածուն Շաբո Խանումյանն էր։ Մարդը շրջանային գլխավոր անասնաբույժ է, ինչ-որ ժամանակ Ձորաշենում կոլտնտեսության նախագահ է եղել, այնուհետև տոհմաբուծական սովխոզում ցեղական ցուլեր է աճեցրել, հացամթերման կետում մի երկու տարի փոխարինել է Անաստաս Սահրադյանին, ուրեմն՝ անկետան հարյուր տոկոսով մաքուր է, ինքն էլ աշխատանքի մեծ փորձ ունի։

Քարաշենցիներին հենց սկզբից դուր չեկավ նոր նախագահը, բա դա ո՞նց կլինի, քաչալ է՝ հերիք չի, ինքն էլ՝ չափազանց արագախոս է։ Այստեղ նորից իր հեղինակավոր խոսքն ասաց Մուշեղ ապան. «Ջհանդամը, թե քաչալ է, հո գլխին փլավ չենք ուտելու։ Բայց դե տնաշենն էնպես է վրա տալիս, որ չենք հասկանում ինչ լեզվով է խոսում։ Մեզ խելքը գլխին նախագահ է հարկավոր, ոչ թե պուլիմյոտ։ Հիմա էլ հո կռիվ չի»։ Նախագահ Շաբոն էլ սկզբից շատ ծուռ գործ բռնեց. իր պաշտոնին անցնելու առաջին օրն ընկավ ձիուց, ոտքը վնասեց, երկրորդ օրը Սևունց Մադաթ ամու հետ կռվեց, երրորդ օրը ժողով արեց, մոտ մի ժամ խոսեց ու դիմեց դահլիճին, ինչ-որ բան հարցրեց։ Ժողովականները գլխի չընկան, թե ինչ է ուզում, Պետունց Անդրին թարգմանեց. «Ընկեր Խանումյանն ասում է՝ անհասկանալի հարցեր կա՞ն»։ Այստեղ Մադաթ ամին Մուշեղ ապայից առաջ ընկավ, հարց տվեց. «Ընկեր Խանումյան, առաջին՝ էդ ինչի՞ ազգանունդ կնկա ազգանուն է. երկրորդ՝ ի՞նչ պատճառով ձիուց ընկար, և մի վերջին հարց՝ մեր մասսան ուզում է իմանալ, թե էդ ի՞նչ լեզվով էիր խոսում և ի՞նչ էիր ասում»:

Եվ հիմա կոլտնտեսության նախագահ Շաբո Խանումյանը կանչել է պառավներին, հոնքերն իրար տվել՝ ճակատից լու ընկնի, կտոր-կտոր կդառնա։ Թող էդ լոպազ քարաշենցիներն իմանան, որ ինքն իրենց իմացած նախագահներից չէ, որ ատամները մեկ-մեկ հաշվեն։ Բայց դե՝ կարիք չկա սկզբից բարձր տոն վերցնել, հարցին պիտի մոտենալ գիտականորեն։
- Այ պառավուհիներ, վաղուց է զորավոր փաստերով ապացուցված, որ ընդհանրապես աստված չկա։ Եթե աստված չկա, նշանակում է՝ եկեղեցին էլ սուտ է, ձեր էդ սուրբ Սարիբեկը նույնպես սուտ է։ Հիմա էլ լսել եմ, թե ուզում եք գետը վարել։ Բա ամոթ չի՞։ Այդ ի՞նչ խոսակցություններ են, չեմ հասկանում։

Պառավները մոտավորապես կռահեցին, թե նախագահ Շաբոն ինչի համար է իրենց գրասենյակ կանչել։ Աննա տատը, որ շարունակ նայում էր էլեկտրական լամպի տակ պսպղացող նախագահի գլխին, անմեղ-անմեղ հարցրեց.
- Ընկեր Շաբո, ամոթ չլինի հարցնելը, էդ ինչի՞ է գլուխդ էդպես պլոկվել, մորո՞ւց է, թե՞ քոսից։ Ոնց որ երկանքի տուտուշ լինի։
Նախագահ Շաբոյի գլուխն ավելի կարմրեց.
- Պառավ, այ պառավ,- գոչեց,- խոսքդ ճանաչիր, ես քեզ համար մնացածները չեմ, հա՜։ Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կոլտնտեսությունում ձեր այդ կրոնական հաշիշով թունավորեք մասսային։ Ես գործին մոտենում եմ գիտական տեսակետից։ Ինչպես երևում է, դուք ինձ լավ չեք ճանաչում: Ես ձեզ կարգի կբերեմ...
- Քաչալը ճար անող լինի, իր գլխին ճար կանի,- Աննա տատը ձիգ տվեց խլեղի փեշը:- Կնանիք, գնանք մեր գործին, մենք սրա թայը չենք։

Նախագահ Շաբոն Պետունց Անդրուն պատմեց պառավների մասին, գրասենյակում գնաց-եկավ, գնաց-եկավ և կտրուկ վճիռ ընդունեց.
- Որոշված է։ Էդ Սարիբեկի մատուռը հենց այսօր պիտի քանդենք։ Ես դա ասում եմ գիտական տեսակետից։
- Էդ մեկը չեղավ, ընկեր նախագահ,- Պետունց Անդրին դժգոհ շարժեց գլուխը։- Դու Սարիբեկի հետ գործ չունես: Սարիբեկը հնություն է, քեզ չի խանգարում, պառավներն էլ իրենց դարն ապրած պառավներ են։ Գործերը մեզ մոտ լավ չեն գնում, այ, դրա մասին պիտի մտածենք։

Երաշտը, իհարկե, շատ վնասներ տվեց։ Մի կողմից էլ նախագահը չկարողացավ գլուխ հանել բանջարաբուծությունից, կարգադրեց բանջարեղենի փոխարեն եգիպտացորեն ցանել և զարկ տալ անասնաբուծությանը։ Եգիպտացորենը ցանվեց ուշացած, երաշտը սերմը տակից պոկեց։ Պատերազմական տարիների հալից ընկած կովերը քիչ են կաթ տալիս, և Խանումյանը որոշեց ցեղը փոխել։ Դե, մարդը անասնաբույծ է, նման հարցերից գլուխ է հանում, չգիտես որտեղից երկու ցուլ գնեց, բերեց խառնեց ֆերմայի կովերին, թե՝ ուժեղ արտադրողներ են, մինչև երկու տարին կովերի սորտը հիմնովին պիտի փոխենք։ Իսկ այդ «ուժեղ արտադրողները» բոլորովին մտադրություն չունեին կովերին մոտենալու: Ընդհակառակը՝ կովերը սկսեցին նրանց մոտենալ, սիրաշահել, բայց տեսնելով, որ դրանից բան չի դուրս գալիս, սկսեցին պոզահարել իրենց աննամուս «փեսացուներին»: Ֆերմայի վարիչ Արսենը բողոքեց. «Ա՛յ ընկեր Խանումյան, ախր, սրանք ցուլեր չեն, է՜, եզներ են, լծի տակ դնելու եզներ»: Խանումյանն իբր չհասկացավ, Մուշեղ ապան բացատրեց. «Խոսքի օրինակ, ոնց որ ինձ պսակես մի ջահել հարսի հետ: Ես, ընկեր Շաբո, էլի ձեռքովս եկածը կանեմ, բայց քո էդ աննամուս բուղաները գիտական տեսակետից քավթառած ջորիներ են…»:

…Պատերազմը մնացել էր ետևում: Նրանք, ովքեր պատերազմից չվերադարձան, մնացին ուկրաինական տափաստաններում, Վոլգայի ափերին, Պրահայում ու Բուդապեշտում, Լոձում ու Վարշավայում... Վերադարձածներն էլ մեծամասամբ հաշմանդամներ էին՝ մի ոտքով, մի ձեռքով, կոնտուզահար, մարմիններում բեկորներ ու գնդակներ։ Պարտիզան Տիգրանը, որ վերջին անգամ վիրավորվել էր Բուդապեշտի մոտ, երեք անգամ վիրահատվեց, ազդրից մի բուռ բեկոր հանեցին, դեռ այդքան էլ մնում էր։ Տիգրանը չորրորդ անգամ պառկեց մարզկենտրոնի հոսպիտալում, մի ամսից հետո եկավ ու կատակի տվեց՝ բժիշկները մսերիս մեջ երկաթի ուժեղ հանքեր են հայտնաբերել։ Վայ թե ոսկու հանք էլ գտնեն։
Պարտիզան Տիգրանի ու նոր նախագահի ջուրն այն գլխից մի առվով չգնաց։ Տնտեսության վարման նրա այդ եղանակը դուր չեկավ Տիգրանին, վարչության նիստում հումորով ասաց. «Մեր ֆերմայի մի կովը հազիվ մի այծի չափ կաթ է տալիս։ Իսկ չի՞ լինի, ընկեր Խանումյան, որ միանգամից զարկ տանք այծաբուծությանը»։

Վարչության անդամները ծիծաղեցին: Խանումյանը կարկամեց մի պահ, հավաքեց մտքերը և ասաց, որ ինքը չի եկել Քարաշեն անհամ կատակներ լսելու, և եթե անձամբ բարձր է գնահատում Տիգրան Ավագյանի ծառայությունները հայրենիքին, ապա Ավագյանն էլ իր հերթին պարտավոր է հարգել տնտեսության ղեկավարին։
- Դուք, ընկեր Ավագյան, կուսկազմակերպության քարտուղար եք,- Խանումյանն այդ պահին հայացքով կողմնակիցներ էր որոնում,- շատ լավ եք հասկանում, թե ինչ վիճակում եմ ընդունել տնտեսությունը։ Ինձ մտահոգում է կադրերի հարցը։ Աղունիկ Ասրյանը դիմում է ներկայացրել, խնդրում է իրեն ազատել դաշտավարական բրիգադավարի պարտականություններից։ Խնդրեմ, ասացեք, ո՞վ կարող է փոխարինել նրան։

- Տիգրան Ավագյանը,- տեղից գոչեց Աղունիկը,- ամենահարմար թեկնածուն Տիգրանն է։
- Այդ դեպքում մենք կզրկվենք մեր ամենալավագույն տրակտորիստից,- Խանումյանը փորձեց մի կողմից սիրաշահել Ավագյանին, մյուս կողմից՝ կրակը հեռու պահել վառոդից«¬ իսկ ո՞վ կարող է փոխարինել ընկեր Ավագյանին։
- Երվանդ Ղազարանը,- ասաց Պետունց Անդրին։
- Իսկ կուսկազմակերպության քարտուղարի հա՞րցը։
Սա արդեն մի նոր խորամանկ մանևր է, և Պետունց Անդրին հասկացավ Խանումյանին։

- Ընկեր Խանումյան, ախր ի՞նչ եք հարցն այդքան ծռում. Տիգրան Ավագյանը ջահել է ու գրագետ, և մենք այստեղ կուսկազմակերպության քարտուղարի հարց չենք վճռում։ Եթե դուք դեմ եք, կարող եք այդպես էլ ասել։
- Ընդհակառակը, ես չափագասց ուրախ եմ,- այնուամենայնիվ, Խանումյանի դեմքից չէր երևում, որ ուրախ է: Պարզապես զգալով իր մենակությունն ու անճարակությունը, ստիպված էր համաձայնվել վարչության անդամների հետ։- Եթե ուրիշ հարցեր չկան, վարչության նիստը համարենք ավարտված։
Դա Շաբո Խանումյանի առաջին լուրջ պարտությունն էր, և երբ գրասենյակում մնաց մենակ, դառն հեգնանքով ինքն իրեն հարց տվեց. ի՞նչ ես մտածում, Շաբո Խանումյան, կարո՞ղ ես այսքանից հետո մարդկանց հավաքել քո բուռը։ Եվ ինքն իր հարցին պատասխանեց. իհարկե՛, կարող ես, կարևորն այն է, որ ամուր թիկունք ունենաս։

2.

Անդրանիկ Մելքումյանը վերադարձավ 1946 թվականին։ Պատերազմի ավարտից ինը ամիս անց։ Բժշկական հանձնաժողովը գտել էր, որ երկար բուժումից հետո նա լրիվ առողջ է, ընդունակ ամեն ձևի աշխատանքի։ Նախագահ Շաբոն նրան ընդունեց բավականին սիրալիր, ծխախոտ առաջարկեց, խոսեց դեսից-դենից, և հարցը կոնկրետացրեց.
- Ուրեմն, որոշել եք գյուղում մնալ։
- Ուրիշ ի՞նչ պիտի անեմ:- Անդրանիկը չրթացրեց լուցկին, բայց չվառեց ծխախոտը։ Նախագահի հարցը մի տեսակ տարօրինակ թվաց, և ինքն էլ իր հերթին հարց տվեց նրան:- Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։
- Կարծում եմ, քաղաքում ձեզ համար հեշտ կլինի,- պատասխանեց Խանումանը։- Խնդրեմ, ահա ձեր այդ Տիգրանը, Կարմիր աստղի երկու շքանշան ունի, գրագետ տղա է, բայց բրիգադավարություն է անում։ Քաղաքում նա կարող է առաջ գնալ, ճի՞շտ է։
- Դա ինչի՞ համար եք ասում,- Անդրանիկը մատների արանքում ջարդեց ծխախոտը,- դա, ներեցեք, ընկեր Խանումյան, ի՞նչ ագիտացիա է։ Կարծում եք, ռազմաճակատում մեզ համար հե՞շտ էր։
- Ռազմաճակատն ուրիշ է:
- Այդ դեպքում ինչի՞ համար ենք կռվել ու հաղթել։ Դուք այդ ձևով կարող եք բոլորին քշել գյուղից։ Չլինի՞ աշխատող ձեռքն այնքան շատ է, որ մարդկանց չեք կարողանում տեղավորել։

Խանումյանը խորամանկորեն շրջանցում կատարեց.
- Դե, տեսնո՞ւմ եք, դուք ինձ լավ չհասկացաք։ Իսկ ես ինչո՞վ եմ համոզված, որ վաղը բկիս չեք չոքելու, թե՝ տեղեկանք տուր, ես գյուղում անելիք չունեմ։
- Իսկ դուք, ընկեր Խանումյան, չե՞ք կարող ստեղծել այնպիսի պայմաններ, որ ոչ ոք ձեր բկին չչոքի ու տեղեկանք պահանջի։ Ես տրակտորիստ եմ, կարծում եմ՝ անգործ չեմ մնա։
- Տեսնո՞ւմ եք, տրակտորիստ եք,- Խանումյանը ոգևորվեց,- իսկ որտե՞ղ են այդ տրակտորները։ Կոլտնտեսությունը երկու խլամ տրակտոր ունի։
- Ես առայժմ Նոյեմի հետ կարող եմ աշխատել մի տրակտորի վրա։
- Նոյեմի՞։
- Իմ նշանածն է։ Մենք իրար կհասկանանք։
- Էդ ուրիշ բան,- փափկեց Խանումյանը, բայց ներքուստ դժգոհ էր. «Մի Տիգրանը իբր քիչ էր, երկրորդն էլ ավելացավ: Պինդ ընկույզ է երևում»։- Դե, ընկեր Մելքումյան, ես ուրախ եմ։

Նախագահ Շաբոն մի զույգ ցուլ էլ գնեց, իր ասելով՝ զտարյուն ցեղային ցուլ, կարգադրեց ոչինչ չխնայել, կուշտ կերակրել։ Զտարյուններին առավոտից երեկո կերակրեցին, բայց կովերը նորից ստերջ մնացին: Նախագահ Շաբոյի բուղայասիրության վրա ի՜նչ անեկդոտներ ասես, որ չհորինեցին։
Խանումյանը մի օր Տիգրանին ուղղակի քարշ տվեց իրենց տուն։ «Մի քիչ կզրուցենք, խելք-խելքի կտանք, կմտածենք մեր անելիքների մասին։ Ախր, տնտեսությունը հնարավոր չէ մենակ ղեկավարել»,- դա ասաց չափազանց մտերմորեն, ընկերաբար, մինչդեռ ներսում մի ուրիշ ձայն ուրիշ բան էր ասում. «Բա ո՜նց, կզրուցենք, քաղցր-քաղցր աչքով իրար կնայե՜նք, մոտենում է հաշվետու վերընտրականը: Այս անգամ հենց որ վերընտրվեցի, կարող ես եղած-չեղածդ հավաքել ու քոչել Քարաշենից»։ Տիգրանն էլ իր հերթին իբր անկեղծորեն ընդունեց նրա հրավերը, մինչդեռ այդ պահին այլ բան էր մտածում. «Խաղում ես, հա՜, ընկեր Շաբո, խաղում ես: Կարծես ինձ անհասկացող երեխայի տեղ ես դրել։ Դե լավ, զրուցելը զրուցենք, հնարավոր է՝ բաժակ-բաժակի խփենք ու դեռ համբուրվենք էլ, մենակ պոչդ խոր չթաղես, ես քեզ լավ եմ հասկանում»։

Կոլտնտեսության վարչության գրասենյակից մոտ հիսուն քայլի վրա նախագահական տունն է։ Տունը նախագահական կնքվեց այն տարիներին, երբ կոլեկտիվ տնտեսությունը նոր էր ստեղծվում։ Տանտերը՝ Նաթունց Աղաբեկը, տունը հանձնել էր հիսունամյա ամուրի քրոջը՝ Սաթենիկին և ընտանիքով տեղափոխվել Միջին Ասիա։ Ամիրյանը դեռ վաղուց էր աչքի տակ առել Աղաբեկին՝ որպես «կուլակության տիպիկ ներկայացուցիչ»։ Սաթենիկը, որ իր ասելով տղամարդկանցից ընդհանրապես խորշում է, և հաստատ որոշել էր ամբողջ կյանքում կույս մնալ, հանկարծ սեր կապեց ձորաշենցի Վանատուրի վրա։ Թողեց տուն ու տեղ, իր բույնը հյուսեց Ձորաշենում և միանգամից զույգ տղա ծնեց։ Ու հենց այդ տունն էլ անցավ գյուղական սովետի իրավասության տակ։ Սիմոն Ամիրյանը դարպասին ու դռներին կողպեք դրեց, հայտարարեց՝ ներկա էտապում այս տունը նախագահական տուն է։ Մինչև պատերազմը նախագահական տանն ապրում էր դպրոցի դիրեկտոր Խորեն Աբաղյանը՝ իր կնոջ ու փոքրիկ աղջկա հետ, հսկ հետո այն դարձավ պահեստի պես մի բան, ապա գյուղական խանութ։ Տակուգլուխ չորս սենյականոց տունը մի խանութի համար, ինչ խոսք, շռայլություն էր, որոշեցին սենյակներից մեկը դարձնել գրադարան, երկրորդը՝ բուժկետ, մյուսը՝ մի ուրիշ բան։

Շաբո Խանումյանն այդ որոշումների մասին գաղափար չուներ, և իր նախագահության հենց առաջին օրը կարգադրեց խանութը տեղափոխել մի ուրիշ տեղ: Շրջկենտրոնից հատուկ վարպետներ հրավիրեց, որոնք կոլտնտեսության հաշվին վերանորոգեցին բոլոր սենյակները, բարձրացրին քարակոփ ցանկապատը և ստացվեց դղյականման մի բան։ Այստեղ Մուշեղ ապան այն կարծիքը հայտնեց, որ նոր նախագահը Քարաշեն է եկել հաստատապես մնալու հեռանկարներով։
Ամռանը Շաբո Խանումյանը շրջկենտրոնից տեղափոխեց ընտանիքը, բայց ահա միայն վերջերս պատշգամբում երևաց սիրուն ու փարթամ մի ջահել տիկին։ Խուլ Բարխուդարը ներքևից վերև նայեց, արմունկեց կողքին կանգնած Բաղդասարին. «Նայիր, է՜, ա՛յ թաղված, տես ի՜նչ բան է»։ Բաղդասարը նայեց ու ասաց. «Նախագահ Շաբոն փոխանակ էսպիսի սիրուն հարսներ բերի ու զարդարի մեր շենը՝ քավթառած բուղաներ է բերում»։ Իսկ Սևունց Մադաթ ամին նախագահ Շաբոյին շատ անհարմար հարց տվեց. «Ընկեր Խանումյան,- ասաց,- էն սիրուն աղջիկը քո՞ւյրդ է, թե՞ աղջիկդ»։ Անդրի ապան ավելի սուր աչք ուներ, միայն մի անգամ նայեց ու ասաց. «Սա ոնց-որ շրջգործկոմի նախկին նախագահ Բարթուղ Պողոսյանի կնիկն է»։

Ամռան տաք օրը հալվել էր։ Շաղասարի կողմերից զով զեփյուռ էր փչում։ Խանումյանը հյուրին ընդգծված քաղաքավարությամբ ներկայացրեց կնոջը։ Վերջինս ավելի ընդգծված քաղաքավարությամբ հյուրին ներս հրավիրեց։ Գեղեցիկ տանտիրուհին սեղանը պատրաստել էր ճաշակով, ամեն ինչ իր տեղն էր՝ գինու և օղու բյուրեղապակյա պնակները փայլում են, կողք-կողքի շարված զանազան ըմպելիքների շշեր, տապակած հավ, խորոված, երշիկ, թարմ վարունգ ու լոլիկ, ոչխարի թե գառան միս։ Տիգրանը նայեց պատերի նախշազարդ գորգերին ու մտածեց, որ նախագահն իրեն շատ լավ է դասավորել. ոնց որ աշխարհում պատերազմ չի եղել, հացի պակասություն չի եղել և, ընդհանրապես, այդ սով կոչվածը երբեք գոյություն չի ունեցել։
Խանումյանը բացեց կոնյակի շիշը, լցրեց բաժակները։
- Բարով եք եկել մեր տունը,- բաժակը բարձրացրեց։- Ես քո մասին պատմել եմ Հեղինեին։ Իմ թիկունքը հիմա դու ես։ Եթե մենք իրար լավ հասկանանք, մնացածը հեշտ է։ Տիգրան, կենացդ։
- Ձեր կենացը,- տիկին Հեղինեն իր բաժակը թեթևակի խփեց Տիգրանի բաժակին ու ժպտաց։ Դա խորամանկ ու փորցող, կանացի հրապուրիչ ժպիտ էր։- Ձեր կենացը, Տիգրան,- կրկնեց, բաժակը մոտեցրեց շուրթերին, մի փոքրիկ կում արեց և դրեց սեղանին։

Խանումյանը բաժակն ուղղակի շրջեց բերանի մեջ, կուլ տվեց տաք ու հաճելի հեղուկը, գոմեշի պես մռլնգաց ու խոսեց.
- Եվ ո՞րն է ցավալին՝ որոշ ընկերներ կոլտնտեսություն ղեկավարելը համարում են խաղ ու պար։ Տեսար, չէ՞, այդ Գալուստ Ադամյանն իրենից դուրս էր գալիս։ Մթամ ես՝ Շաբո Խանումյանս, դիտավորյալ կերպով տապալել եմ բանջարաբուծությունը,- լցրեց բաժակները։- Բանջարաբուծությունը, հլա տեսեք, է՜։ Հիմա ես դրան ինչպե՞ս հասկացնեմ, որ կոլտնտեսությունը կոտեմով, կինձով, սոխով, թարխունով, ռեհանով ոչ մի տեղ չպիտի հասնի։ Ես բանջարաբուծության մեջ ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Հա, հասկացանք, Մացակ Հովսեփյանը, ողորմի իրեն, վատ նախագահ չի եղել։ Այսինքն՝ ոչ մեկի քեֆին չի կպել, բաց է թողել՝ ինչ ուզում եք, արեք։ Բայց փոխվել են ժամանակները, հարցին պիտի մոտենալ գիտական տեսանկյունից։

- Դու, ինչ է, քո կոլխոզի ժողովներից չե՞ս կշտացել,- Հեղինեն ծուռ-ծուռ նայեց ամուսնուն։- Սա կոլտնտեսության գրասենյակ չէ։
- Ես՝ ներողություն,- Խանումյանը շողոքորթ ժպտաց։- Այս մեկն էլ խմենք մեր հաջողության կենացը։
Տիգրանը նայեց Հեղինեին։ Նա ժպտում էր շարունակ։ Դա հիմա այն ժպիտը չէր, ինչ քիչ առաջ։ Հետաքրքիր է, այս կնոջ մեջ քանի՞ կին կա։ Նույն աչքերը, նույն շուրթերը կարող են տարբեր ձևով ժպտալ, դե հիմա արի բան հասկացիր այս արարածից։
- Ձեր կենացը, Տիգրան,- նա ժպտում է ավելի բարի ու քնքուշ։ Բաժակը դատարկեց հանգիստ ու անշտապ։- Իսկ դուք ինձ կծանոթացնե՞ք ձեր տիկնոջ հետ։
- Ինչո՞ւ չէ։ Ուրախությամբ:
- Նա լավիկն է։
- Ի՞նչ գիտեք։
- Տեսել եմ։ Գիտեմ։

Այդ «գիտեմը» ուրիշ տեսակ հնչե՞ց, թե՞ Տիգրանն այդպես ընկալեց։ Այսինքն՝ ինչ գիտեք, տիկին Հեղինե։ Այն, ինչ դուք գիտեք, ես ձեզանից ավելի լավ գիտեմ։ Այո, խաբվել է, բայց մեղք չունի։ Հասկանո՞ւմ եք, մեղք չունի։ Եթե դուք լինեիք նրա փոխարեն, ի՞նչ կանեիք։
- Երաշտը լավ հուպ տվեց,- Խանումյանը բացեց գինու շիշը և կարծես հենց այդ պահին երաշտի դեմ պայքարելու ամենալավագույն միջոցը գինին էր։- Դա իմ բախտից էր։ Չլիներ երաշտը, Քարաշենի կոլտնտեսությունը ոչ միայն շրջանում, այլև մարզում կգրավեր առաջին տեղը։ Սա էլ մեր աշխատավոր ժողովրդի կենացը։ Ես, աշխատավոր ժողովուրդ ասելով, հարցին մոտենում եմ գիտական տեսանկյունից։
- Դու քո գիտական տեսանկյուններով մեզ կխեղդես,- Հեղինեն ծիծաղեց,- ի սեր աստծո, գինիդ խմի՛ր։

Նախագահ Շաբոն բաժակ-բաժակի ետևից էր դատարկում, իսկ Հեղինեն այլևս ուշադրություն չէր դարձնում նրան։ Նա արդեն հարբել է, շարունակ խոսում է, ինքը ասում և նույնիսկ ինքն իրեն չի լսում: Հետո բաժակը շուռ տվեց սփռոցի վրա, ողողեց գինով։ Հեղինեն չարացած նայեց նրա մշուշված աչքերին ու ասաց.
- Շաբո, արդեն հարբել ես։
- Ես հարբած չեմ,- Խանումյանն իր համար մի բաժակ գինի լցրեց,- ես ուզում եմ խոսել։ Թույլ կտա՞ք։
- Իսկ ես ասում եմ, որ հարբած ես։ Գնա պառկի՛ր։
Խանումյանը փռվեց բազմոցին։ Այդպես հնազանդ ու հավատարիմ շունն է ենթարկվում իր տիրոջը։

Տիգրանը բարձրացավ տեղից։
- Ես ձեզ կուղեկցեմ:- Հեղինեն բռնեց Տիգրանի թևը, իջան քարե սանդուղքներով։
Դրսում լուսնյակ գիշեր էր։ Մի անսովոր ջերմություն անցավ Տիգրանի մարմնով։ Այդպես եղել էր տարիներ առաջ, երբ առաջին անգամ այն անձրևոտ օրը գրկեց Սիրանին։ Իսկ սա, այս կինը, այս օտար մարմինը, այս սիրուն սատանան ի՞նչ է ուզում։
- Ինչո՞ւ ես շտապում,- սա միանգամայն ուրիշ ձայն էր՝ ջերմ ու մտերիմ, բորբ ու գերող, գայթակղիչ, ինչպես հեքիաթային հավերժահարսի երգը:- Դե, նա քնած է:
- Քնածներն արթնանում են:
- Նա միշտ էլ քնած է: Մենք մեկ-մեկ կհանդիպենք:
- Իսկ Հետո՞:
- Վախենո՞ւմ ես:
- Նա քո ամուսինն է:
- Ամուսինս, բայց՝ ձևական:
- Ինչո՞ւ ձևական:

- Դու ինձ հարցեր մի՛ տուր, լա՞վ: Եվ մի շտապիր,- նա բռնեց Տիգրանի ձեռքը, ամուր հպվեց:- Դու իսկական տղամարդ ես:
Տիգրանը երրորդ աքլորականչին պառկեց քնելու: Դու իսկական տղամարդ ես: Իսկական տղամարդ: Իսկական տղամարդը տուն էր դառնում լուսաբացին, զինաթափված, գողեգող, ձևի համար շոյում կնոջ մազերը, ձևի համար համբուրում և իր ներսում թաքցնում օտար, բայց գերող մարմնի անուշ բույրը: Դա իսկական տղամա՞րդ է, թե՞ կեղտոտ շան որդի: Նա հարբեցրեց իր ամուսնուն, մի անգամ չասաց՝ քիչ կոնծիր։ Գիտեր, որ նա պիտի հարբի, ու չբռնեց ձեռքը։

3.

Երաշտին հետևեց թոռութացը։ Գիշեր ու ցերեկ անձրև էր, որ թափվում էր ժամանակից արդեն շուտ մերկացած, երաշտահարված ծառերի ճյուղերին, լերկ դաշտերին։ Ծարաված հողն առուներ է կուլ տալիս ու չի կշտանում։ Այդ անձրևոտ աշնանը Նոյեմը զույգ երեխա ծնեց՝ մի տղա ու մի աղջիկ։ Դա Քարաշենի մասշտաբով նորություն էր։ Մուշեղ ապան այդ փաստը մեկնաբանեց այսպես. «Նման բան մեր գյուղում հարյուր տարին մի անգամ է տեղի ունենում։ Դա լավ նշան է. սրանից դենը հարյուր տարի առատություն ու խաղաղություն կլինի, էդ լակոտներն էլ հայտնի մարդիկ կդառնան»։

Մոտ մի ամիս երկվորյակներն անուն չունեին, որովհետև ոչ ծնողները և ոչ էլ բարեկամները հարմար անուններ չէին գտնում, այսինքն՝ այնպիսի անուններ, որ ոչ միայն շրջանի, այլև մարզի մասշտաբով նորություն լինի։ Հարևան Բաղդասարն առաջարկեց տղային Պոբեդա կոչել, աղջկան՝ Պոբեդինա։ Անդրանիկը քիչ էր մնում համաձայներ, բայց կինը չթողեց՝ պա՜հ, էդ է պակաս, որ Բաղդասարը կնքահայր դառնա. էն էլ էն Բաղդասարը, որ բանակից կնոջը գրել է, թե՝ «Գրի տեսնեմ քանի երեխա ունենք»։ Բաղդասարն ի՞նչ է, որ նրա դրած անուններն ինչ լինեն: Բաղդասարի կնիկն էլ բան ու գործ չունի, մի գլուխ երեխաներ է բերում, իսկ Բաղդասարն էլ անուններ է, որ շարում է՝ Իվանով, Պոլյակովսկի, Ջոնռիդ, Սիբիրյակ, Պոեմինա, Սոնետինա...

Այդ անձրևոտ օրերին Մուշեղ ապան գնալու տեղ չուներ, շուռ ու մուռ տվեց խունացած Աստվածաշնչի էջերը, ծեգը-ծեգին եկավ, ծեծեց Անդրանիկենց դուռը և բութ մատը ցցեց.
- Ա՛յ տղա, Անդոն, իմ արևը, Բաղդասարին թաղեմ, թե սուտ ասեմ, էն Մադաթը մեռնի, թե սխալ լինի,- գյուղում ում չէր սիրում, ում հետ հին հաշիվներ ուներ, թաղեց, մորթեց, գերեզմաններին շիրմաքարեր շարեց ու անցավ հիմնական թեմային,- էնպիսի անուններ եմ գտել, որ ասեմ, ուրախությունից պար պիտի գաս: Չէ՜, հիմա չեմ ասի, առանց մաղարիչի չի լինի:
Սեղանին մի շիշ օղի հայտնվեց, Մուշեղ ապան հարմար տեղավորվեց աթոռին, մի բաժակը խմեց տղայի, երկրորդը՝ աղջկա կենացը, հետո գտավ, որ երկվորյակներն իրարից բաժանելն անարդար կլինի, երկուսի կենացը տեղավորեց մի բաժակում ու շոյեց բեղերը:

- Այ տղա, Անդո, ի՜նչ անուններ են, ի՜նչ անուններ: Տղայի անունը դնում ես... Կա՛ց, ոնց էր էդ անունը,- բռունցքով խփեց ճակատին,- վայ թե մտիցս գցել եմ: Չէ, մի բաժակ էլ գցեմ, գուցե միտս բերեմ,- մի բաժակ էլ խմեց, մտածեց, էլի մի բաժակ խմեց, և երբ այլևս չէր կարողանում ոտքի վրա կանգնել, մոռացավ երկվորյակներին, աչքով արեց Անդրանիկին.- Ա՛յ տղա, Անդո, ըհը, հիմա միտս ընկավ, ասում եմ՝ Սալբուն բերեմ մեր տուն, ի՞նչ ես ասում:
- Մազալլու մարդ ես, Մուշեղ ապա,- Անդրանիկը քրքջաց,- ինչ է, ես Սալբի ազու հե՞րն եմ, թե՞ եղբայրը: Կես լիտր օղիս խմեցիր, հալալ քեզ, բա անուններն ի՞նչ դառան:
- Անուններ... Ա՛յ տղա, ի՞նչ անուններ,- Մուշեղ ապան ձեռքը տարավ դեպի դատարկ շիշը, շրջեց բաժակի մեջ, իբր թե լցրեց, մի կերպ ոտքի կանգնեց ու բաժակաճառ ասաց.- էս մեկն էլ, ոնց Պետունց Անդրին կասեր՝ նոցա կենացը:

Երկու օր անց Մուշեղ ապան նորից եկավ ու բութ մատը ցցեց.
- Անդոն, աչքդ լույս, անունները գտել եմ:
- Մուշեղ ապա, ուշացել ես,- Անդրանիկը ծիծաղեց,- էլ արաղ չկա, վերջացել է, երեխաներն էլ արդեն անունավորվել են:
- Էդ ինչ անուններ են:
- Հանգուցյալ պապիս ու տատիս անունները՝ Սահակ և Սաթենիկ:
Մուշեղ ապան մտքում կրկնեց՝ Սահակ, Սաթենիկ, Սահակ, Սաթենիկ, Սահակ, Սաթենիկ, վարից նայեց վեր ու հարցրեց.
- Հիմա ո՞նց հասկանամ, դրանցից ո՞րն է Սահակը, ո՞րը Սաթենիկը:
- Մուշեղ ապա, տղայի անունը Սաթենիկ եմ դրել, աղջկա անունը՝ Սահակ: Դե հիմա քո գտած անուններն ասա:

- Միտս չի, որ միտս գցեմ, կասեմ:
Իսկ անձրևները կարծես դադարելու միտք չունեն: Խանումյանը վերևից եկող զանգերին պատասխանում է այնպիսի հնազանդությամբ, կարծես աշնանացանը սկսելու համար միայն մի բան է պակասում՝ անձրևները դադարեցնելու հատուկ հրահանգ: Եվ այդ օրն էլ նրա ուղեղում նորից մի կարևոր միտք ծագեց. Ռյազանից պահանջել ցեղային երկու կամ երեք ցուլ: Ասաց՝ պահանջել, կարծես Ռյազանում ցեղային ցուլերը թափված են, ով ուզում է՝ փաթաթում ու հատուկ ինքնաթիռով ուղարկում են: Պետունց Անդրին ուսերը վեր քաշեց.
- Հա՜, շատ լավ կլինի, ընկեր Խանումյան,- և աչքով արեց Տիգրանին,- միայն չեմ հասկանում, էդ ցուլերն ինչի՞ վրա ես բերում:
- Ո՞նց թե՝ ինչի վրա,- զարմացավ Խանումյանը,- մեր ֆերմայի կովերի վրա:

Բաղդասարը, որ գրասենյակի մի անկյունում ծուխ էր անում, խոսեց.
- Ռուսաստանի բուղաները կարոտել են մեր քոսոտ կովերին: Բուղան, ասենք, ես եմ՝ էգի վրա չեմ գնում:
- Էդ ո՞նց չես գնում,- շուլ եղավ Խանումյանը,- ցանկություն չունե՞ս, թե՞ դիտավորյալ կերպով ես ուզում տապալել աշխատանքները:
Այդ պահին Բաղդասարի աչքովն ընկավ նախագահական տան պատշգամբին կանգնած սիրուն կինը, քթի տակ ժպտաց.
- Ցանկություն, ընկեր Խանումյան, իհարկե, ունեմ, բայց դե՝ ինքն էլ պիտի ցանկություն ունենա:

Անձրևները չեն դադարում, գյուղի փողոցներով պղտոր առվակներ են հոսում: Պառավները Աննա տատի գլխավորությամբ հիմա էլ տղամարդու շորեր հագան, մի խրտվիլակ ձեռքներն առան ու ընկան տնետուն: Բավականին յուղ ու ձու հավաքեցին, Սարիբեկի ոտքի տակ քսան թավա ձվածեղ թշթշացրին, բաժանեցին եկող-գնացողներին, բայց դա էլ չօգնեց, անձրևներն ավելի սաստկացան: Դպրոցի դիրեկտոր Խորեն Դաբաղյանն իսկույն զանգեց շրջկենտրոն, թե Քարաշենում հակակրոնական ագիտացիան լրիվ տապալված է, հլա եկեք ձեր աչքով տեսեք ինչեր են կատարվում: Մի ջահել հրահանգիչ եկավ, ժողով հրավիրեց, զեկուցում կարդաց ու գնաց իր վերադասին զեկուցեց. «Հակակրոնական թեմայով լսվեց մեծ հետաքրքրությամբ, բայց, ի՞նչ թաքցնեմ, Քարաշենում սրբերին ոչ ոք չի հավատում, եղած-չեղածը մի երկու պառավ են, նրանք էլ ոչ ոքի չեն խանգարում…»: Հոկտեմբերի կեսերին անձրևները դադարեցին։ Անդրանիկը գործի գցեց տրակտորը, դաշտ մտավ։ Անդրանիկի ետևից դաշտ մտավ Երվանդը։ Հողը խմորի պես քացախել, թռսխել էր, ծանրացել, թացությունից ճլմփում էր։

Նախագահ Շաբոն չէր ուզում ոտքը ցեխոտել, ձիուց չիջավ, կանչեց Բաղդասարին, երկաթե չափսը տվեց իրեն ու կարգադրություն արեց. «Հերկի խորությունը չափիր, տեսնենք նորմային համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ»։ Հողն անձրևներից փափկել էր, Բաղդասարի ձեռքումն էլ ուժ կա, չափսը խրեց հերկի մեջ, խրեց ու դուրս քաշեց, ցույց տվեց նախագահին՝ ուղիղ 75 սանտիմետր, դեռ մի բան էլ ավել։ Որ Անդրանիկը մի քիչ զոռ տա, կհասցնի մեկ մետրի։ Նախագահ Շաբոն ասաց՝ չէ, դա շատ կլինի, հո մեռել չենք թաղում։ Ես խորհրդակցությունից ուշանում եմ, գնա էդ տանկիստին ասա, խորությանը մի զոռ տուր, զոռ տուր լայնքին ու երկարությանը։ Բաղդասարը գնաց հասավ Անդրանիկին ու ծիծաղեց. «Այ տղա, Անդո, մեր էս նախագահ Շաբոն թատրոն է, մաքուր թատրոն»։ Տրակտորի մոտորի դռռոցի տակ Անդրանիկը միայն «թատրոնը» լսեց ու գոռաց. «Հա, բա ո՞նց, նոր ներկայացում ենք փորձում, գլխավոր դերում ես եմ հանդես գալիս»։

Զանգում են շրջկենտրոնից, մարզկենտրոնից, խմբագրություններից, ում ձեռքը հասնում է հեռախոսին, վերցնում է լսափողն ու զանգում՝ աշնանացանի գործերը ձեզ մոտ ինչպե՞ս են ընթանում, քանի՞ տոկոսով եք կատարել, քանի՞ տոկոս է մնացել, որ գերակատարեք։ Մարդիկ թվեր են ուզում, իսկ խմբագրությունից՝ թվերի հետ առաջավորների անուններ։ Առաջավորները Մելքումյան Անդրանիկն ու Բեդունց Երվանդն են, բայց դրանց կողքին կարելի է ավելացնել նաև մաճկալներ Բաղդասարին, Թորոսյան Ռուբենին, Մադաթ... չէ, չէ, Մադաթի անունը չգրեք, կոլտնտեսությունից փախել, հրե՜ն քարհանքերում պահակություն է անում։ Տրակտոր է հարկավոր, ընկեր հրահանգիչ, տրակտոր: Դիմել ենք ՄՏԿ-ին, չեն օգնում, դիրեկտորը մեզ հետ հաշիվ ունի, հարյուր հիսուն կիլոգրամ կաղամբ է խնդրել, որ թթու դնի... Հա, փողով... Ինչո՞ւ չենք տվել։ Կաղա՞մբ ենք տնկել, որ կաղամբ հավաքենք։ Ես ի՞նչ իմանամ, նախագահ Շաբո Խանումյանը դեմ է բանջարաբուծությանը։ Ինչու է դե՞մ։ Ես հաշվապահ մարդ եմ, գործս թվերի հետ է, դուք էդ բանն ինձանից լավ պիտի իմանաք։ Ասում եք՝ լավ նախագա՞հ է։ Դե որ դուք ասում եք՝ լավ նախագահ է, ես ի՞նչ կարող եմ ասել։

Տիգրանն ինքը գնաց ՄՏԿ և վերադարձավ երկու տրակտորով։ Նախագահը կարծես գոհ մնաց, բայց, դե, նախագահ է, մի բան պիտի ասի.
- Մի քիչ երեսանց են գնում, Տիգրան,- ասաց նա։- Ասա թող խոփերին զոռ տան։ Ես դրանց լավ գիտեմ, որ մի լավ չշշպռես, կարգին գործ չեն անի։
Խանումյանի բախտն այդ օրն էլ չբերեց, ընկավ ձիուց, ոտից-գլուխ ցեխոտվեց: Հեղինեն նայեց ցեխակոլոլ ամուսնուն ու թոնթորաց.
- Աչքս լույս, իբր, ես էլ պիտի ասեմ՝ նախագահ ամուսին ունեմ։ Ի՜նչ է, Շաբո Խանումյան, ես քեզ համար քո՞ծ եմ, գիշեր-ցերեկ շորերդ պիտի լվանա՞մ։ Մի քեզ լավ նայիր, ինչի՞ ես նման։
Խանումյանը, չնայած ձիուց ընկել էր, բայց տրամադրությունը բարձր էր, ինչ-որ տեղ մի քանի բաժակ օղի էր գցել, և հոխորտաց.
- Իսկ դու գիտե՞ս, ընկեր Հեղինե, որ ես շրջանում առաջինն եմ կազմակերպված սկսել աշնանացանը։ Տեղեկություններ են վերցրել, թերթում հոդված պիտի տպեն։
- Իբր թե աշնանացանն էլ դու ես կազմակերպված սկսել,- Հեղինեն որոշել էր մի քիչ խաղալ հոգու հետ։ Թող այդ քաչալ աղվեսը կատաղությունից իրեն ուտի,- քո երեսը Տիգրանն է պարզ անում։ ՄՏԿ-ից քեզ ո՞վ տրակտոր կտար։ Դու շրջանում հեղինակություն ունե՞ս։

Այդ խոսքի վրա Խանումյանը բարկացավ, ինչ-որ տեղ զայրույթը պիտի թափեր, շտապեց գրասենյակ, հենց այնպես, ոտից-գլուխ ցեխոտված։ Թող մարդիկ տեսնեն, թե իրենց նախագահն ինչ հալի է. մարդը գործ է անում, նույնիսկ շորերը մաքրելու ժամանակ չի գտնում։ Եվ ինքն իրեն հավատաց, ինքն իր աչքում բարձրացավ, ինքն իր զայրույթի մեջ հերոսացավ։
Ակումբից ականջին ձայներ հասան։ Թատերական խումբն ինչ-որ պիես էր փորձում։ Բեմում, դեմ-դիմաց կանգնած են Անդրանիկն ու մի շեկ աղջիկ։ Նրանք ուշադրություն չդարձրին նախագահի վրա, և Խանումյանը ոտքը դրեց բեմառաջքի աստիճանին ու հարցրեց.
- Դուք այստեղ ի՞նչ բանի եք,- հարցն այնպես շեշտեց, կարծես բեմում կանգնածներին բռնել էր հանցագործության մեջ։
- Պիես ենք փորձում,- Անդրանիկը ձեռքերը խոթեց շալվարի գրպանները, նեղացած կիտեց հոնքերը, և դա էլ էր խաղ, դիտավորյալ խաղ,- «Պատվի համար», հեղինակը Շիրվանզադեն է։
- Գրպաններդ ձեռքերիցդ հանիր և նոր միայն խոսիր պատվի մասին,- Խանումյանը մի ուրիշ վատ սովորություն էլ ունի. երբ բարկանում է, բառերն իրար է խառնում։

Շիկահեր աղջիկը փռթկացրեց, նրա փռթկոցը դուր չեկավ Խանումյանին.
- Իսկ դու, ա՛յ աղջիկ, ի՞նչ ես սեպերդ բաց արել։ Ձեզ հետ խոսում է կոլտնտեսության նախագահը,- և դիմեց Անդրանիկին,- իսկ դու վաղը տրակտորդ կհանձնես և հայդա՜, ազատ ես, գնա՝ ուր ուզում ես։
Խանումյանն ավելի խիստ խոսք էր որոնում, բայց այդ պահին երևաց Տիգրանը։
- Խնդրեմ, ընկեր Ավագյան,- նա ձեռքը մեկնեց դեպի բեմը«¬ տեսնո՞ւմ եք, թե ինչեր են կատարվում մեզ մոտ։ Դուք եք սրանց երես տվել։ Թատրո՜ն են խաղում։
- Իսկ այդտեղ ի՞նչ վատ բան կա։
- Ուրեմն՝ պաշտպանում եք, հա՞։
- Առանց աղմուկի, ընկեր Խանումյան։
- Դու ինձ չսովորեցնես։ Ես շատ լավ գիտեմ իմ իրավունքները։

Գրասենյակում մարդ չկար, Խանումյանը վառեց լույսը, ինչ-որ թղթեր շուռումուռ տվեց, հիշեց կնոջ կծու խոսքերը, վեճը ակումբում, շիկահեր աղջկա փռթկոցը, ձիուց ընկնելը, խուլ Բարխուդարի տան խնջույքը, Բարխուդարի կնոջ քսմսվելը, Բարխուդարի քաղցր խոսքերը. «Ընկեր Խանումյան, շատ ես ազնիվ, է՜, շատ ես ազնիվ, էս հացը աչքերս քոռացնի, թե սուտ ասեմ, մենք քեզ նման համեստ ու աշխատասեր նախագահ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք։ Այս բաժակն էլ բարձրացնում եմ քո և քո կնոջ՝ ընկեր Հեղինեի թանկագին կենացը»։ Իսկ այդ խուլը կարո՞ղ է սերմացուի վաճառման մասին հայտնել ուրիշներին։ Հեղինեն որտեղի՞ց գիտե։ Բայց չէ՞ որ դա թաքուն բան չէ, սերմացուն վաճառվել է ցուլեր գնելու համար։ Ձորաշենի ֆերմայի վարիչը՝ Բագրատը, ավազակ է, բայց այդ ավազակն այնքան էլ հիմար չէ, որ բացի գաղտնիքը։ Քարաշենում ո՞վ պիտի ստուգի՝ ցուլերը Ռյազանի՞ց են, թե՞ Ձորաշենի ֆերմայի վարիչից է գնել։

4.

- Որտե՞ղ էիր,- Հեղինեն նստել, ոտը ոտին է գցել, նայում է տիրաբար, ժպտում անպատկառ:- Քո կռիվն ինձ հետ էր, չէ՞, ինձ հետ էր քո հաշիվը: Այդպես ցեխոտված գնացիր ու վերադարձար ավելի ցեխոտված:
- Ի՞նչ ես ուզում,- Խանումյանը հանեց գլխարկը, նետեց կախիչին:- Ինչո՞ւ ես շարունակ խառնվում իմ գործերին:
- Բարի նպատակով,- Հեղինեն չփոխեց դիրքը:- Կերա՞ր:
- Դեռ պարզ չէ, թե ով կուտի: Ես նրան կվռնդեմ գյուղից:
- Կվռնդե՞ս: Այդ ինչպե՞ս կվռնդես:
- Կվռնդեմ:
- Ստում ես, դու էլ գիտես, որ ստում ես:
- Նա քեզ դո՞ւր է եկել:
- Ասենք թե՝ դուր է եկել:
- Ես ձեզ չեմ խանգարում:
- Խանգարում ես:
- Ինչո՞վ եմ խանգարում:

- Որ տղամարդ չես, փալաս ես: Ես քո պատճառով թողել եմ տունս, կարծելով, թե տղամարդ ես… Երեխաները կոշիկներ չունեն:
- Ես նրանց համար ի՞նչ հայր եմ:
- Ես էլ եմ այդպես կարծում: Դու, ընդհանրապես, ընդունակ չես հայր դառնալու:
- Լսիր, Հեղինե,- Խանումյանը մոտ քաշեց աթոռը, ուզում էր նստել:
- Հարկավոր չի, գնա քնիր:
- Հեղինե, այդ պարտիզանի հետ գործ չունես:
- Պարտիզանն ինձ չի խանգարում, Խանումյան: Պարտիզանն ինձ չի կարող խանգարել, նա քեզ է խանգարում, որովհետև անճարակի մեկն ես, և ձեռքերդ էլ մաքուր չեն: Ախր, մեղք ես, զզվելիության չափ մեղք:

Է՛հ, մեղք ես, Շաբո Խանումյան, մեղք ես, կնկա եսիր շանորդի ես։ Դու խեղճ ես, ատամ չունես, թուրդ չի կտրում, ձիդ քյոհլան է, բայց դու ձիավոր չես։ Քոնը յաբուն է։ Որ ձիավոր չես, ինչո՞ւ ես առաջկտրուկ անում։ Լեզուդ կարճ է, որովհետև երբ պատերազմը սկսվեց, մնացիր թիկունքում։ Բարթուղ Պողոսյանը բրոնը դրեց ձեռքիդ, կարճացրեց լեզուդ։ Բարթուղ Պողոսյանն ասաց. «Ռազմաճակատին ձիեր են հարկավոր, դու գլխավոր անասնաբույժ ես, ձիերի լավն ու վատը իրարից ջոկում ես։ Կան արշավաձիեր, կան բեռնաձիեր, կան ընդհանրապես ձիեր, որ ոչ այս են, ոչ այն են, յաբու են։ Թաքուն կարող ես փոխել արշավաձիերով։ Արշավաձիու տերը լավությանդ տակին չի մնալու։ Դու անասնաբույժ ես, չէ՞, նման հասարակ բաները պիտի իմանաս։ Ռազմաճակատին ոչ թե անասնաբույժ, այլ մարդաբույժ է հարկավոր։ Էդ լոփ-լոլի բոյդ ո՞նց պիտի թաքցնես ֆաշիստներից։ Հիմա թիկունքային ես, հասկանո՞ւմ ես, թիկունքային: Էդ բրոնի մի հատը գիտե՞ս որքան, արժե։ Մի կյանք։ Իսկ այդ կյանքը քեզ դեռ պետք կգա, Շաբո Խանումյան։ Այդ կյանքի համար ինձ պարտք կմնաս։ Սարաշենցի Մեխակը երեխայի պես լաց էր լինում, ընկեր գլխավոր անասնաբույժ Խանումյան, թե որ Ջեյրան ձիս ռազմաճակատին պիտանի համարեք, ես կխելագարվեմ։ Ջեյրանը բակ դուրս բեր, մնացածն իմ գործն է»։

Գլխավոր անասնաբույժ Խանումյանն ասաց. «Մեխակ, ձիդ կրակ ընկնի։ Քրտինքն իսկույն կմաքրես ու էդպես հալից ընկած կներկայացնես հատուկ հանձնաժողովին։ Հանձնաժողովը՝ հանձնաժողով, իմ խոսքն է անցնում»։
Մեխակը Ջեյրանին քշեց, այնքան քշեց, Ջեյրանից բան չմնաց։ Հանձնաժողովի նախագահ Բայանդուր Կարախանովը ձիերից գլուխ չէր հանում, նայեց գլխավոր անասնաբույժին, գլխավոր անասնաբույժը պտտվեց ձիու շուրջը, բերանը բացեց, Մեխակին թաքուն հայհոյեց՝ ա՛յ ախմախ, ես քեզ ասել եմ հալից գցիր և ոչ թե հոգին հանիր։
Կարախանով Բայանդուրը սպասում էր գլխավոր անասնաբույժի խոսքին։ Խանումյանը ուսերը վեր քաշեց՝ սա ձի չի, տրեխացու է։ Մեխակն աչք-ունքով շնորհակալություն հայտնեց Խանումյանին, երեկոյան մի կապ թղթադրամ խոթեց գրպանն ու ասաց. «Բայց դե, խոսքը մեր մեջ, Ջեյրանս ոնց որ աչքիս յաբու է դարձել»։Հատուկ հանձնաժողովի նախագահ Կարախանովը զբաղված մարդ էր, իր տեղը զիջեց Շաբո Խանումյանին, Խանումյանը ոտուձեռքով խազնայի մեջ ընկավ։ Լեռնաշենից քսան ձի խոտան դուրս բերեց, այդ քսան խոտանի փոխարեն՝ քսան յաբու դարձրեց հրեղեն։

Հետո Բարթուղ Պողոսյանը կանչեց, թե՝ համը շատ ես հանում, և հիշեցրեց՝ Հեղինեին մուշտակ է հարկավոր, ձմեռ է գալիս։Փողոցում շները ղռվռտացին, Խանումյանը սթափվեց։ Թյո՛ւ, ձեր տիրու հերն անիծած, ղռվռտալու տեղ են գտել։ Հա, ուրեմն, ի՞նչ էի ասում։ Ասում էի՝ Շաբո Խանումյան, դու մասնագիտությամբ անասնաբույժ ես, բայց մինչև հիմա չես հասկանում, որ քյոհլան ձիուն քյոհլան ձիավոր է հարկավոր։ Չէ, ինչո՞ւ չես հասկանում, շատ լավ ես հասկանում, մենակ չհասկանալուն ես դնում։ Ի՜նչ է, իբր դու չգիտե՞ս, որ կինդ սիրահարվել է էդ պարտիզանին։ Պարտիզանը Կարմիր աստղի շքանշան ունի, ջահել է, գեղեցիկ է, ուժեղ է։ Իսկ դու ի՞նչ ունես։ Նամո՞ւս։ Չէ, էդ էլ չունես։ Ո՞վ է կանգնած քո թիկունքում՝ շրջգործկոմի նախագահ Ավետիս Վանյանը։ Չհավատաս, Վանյանը ոչ թե քո, այլ քո լիրբ կնկա համար է քո թիկունքում կանգնած։ Ասում է՝ ազգակիցներ ենք։ Ստում է, ազգակից չի, Հեղինեի սիրեկանն է։ Կինդ էլ հենց դրա համար է շաբաթը երեք անգամ շրջկենտրոն վազում, թե՝ երեխաներին կարոտել եմ։ Լա՜վ ձիավոր ես, կնիկդ քեզ հեծել, քշում է։ Հալից կգցի, ոնց որ Սարաշենցի Մեխակն է հալից գցել իր Ջեյրանին։ Լավ, լավ, քնի՛ր, այ կնկա եսիր, քնիր: Լույսը կբացվի՝ բարին հետը:
Լույսը բացվեց՝ բարին հետը: Շրջկենտրոնից հրահանգիչը զանգեց ու ասաց. «Երկու շաբաթ հետո, սեպտեմբերի 30-ին, հաշվետու ժողով է, պատրաստվեցեք, ընկեր Խանումյան»։

5.

Սիրանը ամուսնու համար թեյ լցրեց։
- Դու այսօր մի տեսակ ես, Տիգրան։
- Այսինքն՝ ինչպե՞ս։
- Ոչ ամեն օրվա նման,- Սիրանը ձեռքը դրեց ամուսնու ուսին:- Ես քեզ չեմ ուզում տխրեցնել, երեկ Հեղինեն այստեղ էր։
- Հասկանում եմ,- Տիգրանը հոգոց հանեց։ Ահա, հիմա ամեն ինչ կսկսվի։ Դե ինչ, ուրիշ ելք չկա։ Ընկել եմ՝ պիտի տանեմ։- Ի՞նչ էր ուզում։
- Հենց այնպես... Քեզ ի՞նչ պատահեց։
- Սկսել ես, ուրեմն՝ մինչև վերջ շարունակի՛ր։ Ինչո՞ւ է եկել։
- Նա ասաց, որ իր ամուսնուն պաշտպանում է շրջգործկոմի նախագահ Վանյանը։ Շրջկոմում ևս մարդ ունի։

Տիգրանի ուսերից ասես մի ծանր քար ընկավ։ Պարզ է, եկել է բանակցությունների, ուզում է ազդել կնոջս միջոցով։ Այ թե խորամանկն է, հա՜... Գլխավոր զենքը երևի պահում է հետագայի համար։
- Այսինքն՝ զգուշացնում է։ Էլ ի՞նչ ասաց տիկին նախագահուհին։
- Որ եթե Տիգրանը չլիներ, աշնանացանը լրիվ կտապալվեր։ Տիգրան, նա լավ մտքով...
- Լավ մտքով մարդու թևերի տակ ձմերուկներ չեն դնում։
- Չեմ կարծում։ Նա ինքն էլ չի պաշտպանում իր ամուսնուն։
- Դա խորամանկ խաղ է։ Դու նրան պիտի ասեիր, որ Տիգրան Ավագյանն իր ամուսնու աթոռը խլելու մտադրություն չի ունեցել և չունի։ Այդ ինչպե՞ս հասկանալ, աշնանացանը թերակատարել ենք, իսկ թերթը հոդված է տպագրել՝ ի շնորհիվ կոլտնտեսության նախագահ Շաբո Խանումյանի կազմակերպած աշխատանքի, Քարաշենի կոլտնտեսությունը սեղմ ժամկետում և բարձր որակով գերակատարել է աշնանացանի պլանը… Ես գրասենյակում գործ ունեմ։

...Խանումյանը հեռախոսով տաք-տաք զրույցի էր բռնվել, երբ Տիգրանը ներս մտավ։ Ինչ-որ մեկը շրջկենտրոնից զանգել ու շնորհավորում է Խանումյանին՝ դե էլ ի՞նչ ես ուզում, թերթը հոդված է տպագրել, գործերդ հաջող են գնում, եղած-չեղածը մի հաշվետու ժողով չի՞. բանիդ կաց, էնպես անենք, որ էդ քարաշենցիները վերջում էլ դեռ նոս մնան։
Տիգրանը կռահեց, որ նախագահը կարևոր անձնավորության հետ է զրույցի բռնվել, չէր ուզում իր ներկայությամբ ճնշել մարդուն, շարժվեց դեպի դուռը, բայց Խանումյանը հայացքով նրան պահեց, իբր՝ առանձին գաղտնիք չկա, կարող ես դու էլ լսել,- և լսափողի մեջ արագ-արագ վրա տվեց. «Ես շատ խիստ նեղացած եմ թերթի ընկերներից։ Այդ ո՞նց կլինի, մոռացել են մեր քարտուղարին։ Գոնե գիտե՞ն, որ նա հերոս պարտիզան է՝ Կարմիր աստղի երկու շքանշանով պարգևատրված, ինքն էլ մեր ամենալավագույն բրիգադավարն է»։

Կարևոր անձնավորությունը, հավանաբար, կարևորություն չտվեց նախագահի ասածին, իբր շատ խիստ զբաղված է, բարի գիշեր մաղթեց։ Խանումյանը ընդգծված պատկառանքով իջեցրեց լսափողն ու հարցրեց.
- Լսեցիր, չէ՞։ Դրանց պիտի մի լավ շշպռել։
- Լսեցի,- Տիգրանը հայացքով ցույց տվեց գրասեղանի լրագիրը,- և մեծ բավականությամբ կարդացի։ Այդ թափով որ գնանք, գիտե՞ս որտեղ կհասնենք։
- Այսինքն՝ ի՞նչ իմաստով։
- Լվից ուղտ շինելու իմաստով։ Դու լավ գիտես, որ մենք աշնանացանի պլանը չենք կատարել։ Ինչո՞ւ ես թերթին սխալ տեղեկություններ հաղորդել։
- Դե լավ, մի քանի հեկտարի համար հոգի չենք տալու։ Դու էլ գիտես, որ սերմացուն չի հերիքել։

- Ինչո՞ւ մի քանի հեկտար։ Մի քանի հեկտարը երեքն է, չորսն է։ Չորսի ու քառասունչորսի միջև մեծ տարբերություն կա։ Իսկ սերմացուն չի հերիքել, որովհետև քո կարգադրությամբ վաճառվել է շուկայում։
- Մեղադրո՞ւմ ես։
- Իսկ ի՞նչ էիր սպասում։
- Սովետական մամուլին հերքո՞ւմ ես։
- Ոնց որ երեխայի հետ ես խոսում: Հերքում եմ նրան, ով սովետական մամուլին թյուրիմացության մեջ է գցել։
- Լավ չես անում, Տիգրան։ Ես սա ասում եմ ընկերական կարգով։

- Ի՞նչը չեմ լավ ասում։ Կոլտնտեսությունը հորս տո՞ւնն է, դու էլ իմ բաջանա՞ղն ես, հյուր ես եկել, ասում եմ՝ տեղ չկա, նեղվածք է։ Լավը որի՞ն ես ասում՝ որ ձենս կտրեմ, ասեմ՝ հա, շուկայում սերմացուն չենք վաճառել, պահեստը սերմացուով լիքն է, գարնանացանն էլ կգերակատարենք սեղմ ժամկետում։ Խոսք ենք տալիս գալիք տարում աշխօրին չորս կիլոգրամ ցորեն բաժանել, երեք կիլոգրամ հաճար, մի այդքան էլ՝ գարի։ Պիտի լինի՞, որ տաս։ Որ չես վարել, ինչո՞ւ ես պետությանը խաբում։
- Է՜, լավ, ասենք, թե դրա համար նախագահությունից ինձ հանեցին։ Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ։ Դու մանրանում ես, ընկեր Ավագյան։- Այդ դեպքում արի մեր անձնական հարաբերությունները չխառնենք ընդհանուր գործին։ Կուսակցական ժողովի օրակարգի հարցը կուսակցական բյուրոն է որոշում։ Դու բյուրոյի անդամ ես, կասես քո խոսքը։
- Դու մոռանում ես, որ ես պատրաստվում եմ կոլտնտեսության հաշվետու Ժողովին։
- Մեկը մյուսին չի խանգարում, ընկեր Խանումյան, ավելին՝ մեկը մյուսին լրացնում է։

6.

Կուսակցական ժողովը, որ պիտի տեղի ունենար հինգշաբթի օրը՝ հետաձգվեց. շրջկենտրոնում ասացին՝ կարևոր խորհրդակցություն կա, կոլտնտեսությունների նախագահների ներկայությունը պարտադիր է։ Խանումյանը շրջկենտրոնից վերադարձավ երկուշաբթի օրը՝ շրջկոմի հրահանգչի հետ։ Հրահանգիչն էլ իր հերթին եկել էր կարևոր հարցով՝ կուսկազմակերպության քարտուղարի հետ հույժ պաշտոնական զրույց ունի։
Մի շարք ահազանգեր ենք ստացել այն մասին, որ ձեր գյուղում ընդհանրապես թույլ հիմքերի վրա է գտնվում հակակրոնական ագիտացիան,- ասաց,- դուք, ընկեր Ավագյան, այդ ուղղությամբ ընդհանրապես ի՞նչ աշխատանք եք կատարել և ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Ինչպե՞ս բացատրել, որ նման արարողությունները տեղի են ունենում հատկապես ձեր գյուղում։

- Որովհետև, ընկեր Սաֆարյան, մեր Սարիբեկն ընդհանրապես ավելի զորավոր է, քան հատկապես և ընդհանրապես մնացած գյուղերի սրբերը,- Տիգրան Ավագյանը դա ասաց այնպիսի համոզիչ տոնով, որ հումորի զգացումից հեռու հրահանգչի հոնքերը թռան ճակատին։
- Եվ դա ասում է կուսկազմակերպության քարտուղա՞րը։
- Այո՛, ընկեր Սաֆարյան, կուսկազմակերպության քարտուղարը։
- Ի՜նչ է, ընկեր Ավագյան, չլինի՞ թե դուք էլ եք հավատում ձեր այդ Սարիբեկին։
- Հենց քիչ առաջ մի ոչխար էի մորթել Սարիբեկի մոտ։
- Ես, ընկեր Ավագյան, կատակի համար չեմ եկել այստեղ։

- Գիտեմ, կատակի համար չեք եկել, ընկեր Սաֆարյան։ Դուք եկել եք ուրիշ նպատակներով։ Այսօր մեր կուսակցական ժողովի օրակարգում դրված է մի հարց՝ աշնանացանի կատարման և մեր հետագա անելիքների մասին։ Ժողովը տեղի կունենա երեկոյան ժամը 9-ին։ Այդպես է որոշված։ Մենք ժողովը չենք հետաձգի։ Կուսակցական կարգապահությունը պարտադիր է բոլորի համար։
- Իսկ շրջկոմում տեղյա՞կ են։
- Կարող եք տեղյակ դարձնել։ Եվ, եթե կարելի է, մի հարց, ընկեր Սաֆարյան. շրջկոմում այդ ի՞նչ կարևոր խորհրդակցություն է տեղի ունեցել, եթե, իհարկե, գաղտնիք չէ։
- Դա ինչո՞ւ է հետաքրքրում ձեզ։
- Որովհետև ոչ մի խորհրդակցություն էլ տեղի չի ունեցել…

Հեղինեն փողոցում դեմը ելավ, ասես միանգամից գետնից բուսավ, վարդագույն թիկնոցով, հոնքը՝ հարցական, աչքերում՝ կանացի իր ժպիտը և, ինչպես միշտ, հրեշտակի պես անմեղ ու սիրուն։
- Բարև, Տիգրան։ Տեսնում եմ, ժամանակ չունես, շտապում ես։ Դու միշտ շտապում ես։ Իսկ այն հրահանգչին, ասում են, լավ ես շշպռել,- շողոքորթո՞ւմ է, թե՞ անկեղծ է ասում։- Դրանց այդպես էլ պետք է։ Ինչո՞ւ չես երևում,- կարծես չի կեղծում։- Դե լավ, գիտեմ, դուք նորից ընդհարվել եք։
- Ինչո՞ւ երևամ, Հեղինե։
- Այդպես շո՞ւտ։
- Շուտ թե ուշ, միևնույն է։ Մի օր պիտի լինի, չէ՞։
- Ստացվում է, որ քո կռիվը ոչ միայն իմ ամուսնու, այլև իմ դեմ է։ Ես ի՞նչ մեղք ունեմ։

- Ամեն մարդ ինչ-որ տեղ մեղավոր է։ Յուրաքանչյուրը յուրովի է քավում իր մեղքերը։
- Դու այդ երբվանի՞ց ես աստվածապաշտ դարձել։
- Ընկեր հրահանգիչը հենց այդ հարցով էր եկել։
Հեղինեն նորից հրեշտակի պես գեղեցիկ է, աչքերում զարմանալի բարություն է կուտակվել:
- Ես քեզանից ոչինչ չեմ խնդրում, և եթե կարծում ես ամուսնուս հարցով եմ ուզում քեզ հետ խոսել, սխալվում ես։
- Դու արդեն եղել ես մեր տանը։
- Այո, եղել եմ։
- Դա նախազգուշացո՞ւմ է, թե՞...

- Ես ասել եմ ճշմարտությունը։ Գիտեմ, իմ ամուսին կոչեցյալին մի օր խայտառակաբար կվռնդեն աշխատանքից, բայց առայժմ նա պաշտպաններ ունի։ Մենք ե՞րբ կհանդիպենք:
- Չգիտեմ, Հեղինե։
- Լսիր, Տիգրան, դու կարող ես ինձ մեղադրել, որ, իբր, շատերին եմ սիրել։ Բայց դա սեր չի եղել, հավատա ինձ, սեր չի եղել։ Ինձ հայհոյիր, ծեծիր, արհամարհիր, բայց միևնույն է, ես միայն քեզ եմ սիրում: Փրկի՛ր ինձ, Տիգրան, փրկի՜ր...
- Ես քեզ ինչպե՞ս փրկեմ, Հեղինե: Խեղդվողը խեղդվողին ինչպե՞ս կարող է փրկել: Անհարմար է, փողոցում ենք: Արի վերջացնենք:
Բայց գիտեր, որ դա վերջ չէ… Սիրանը բակում կանգնել, իր ճամփան էր պահում։ Հայացքով ցույց տվեց թթենու տակ նստած Մուշեղ ապային, ափով ծածկեց բերանը, որ չծիծաղի։

Մուշեղ ապան մաքուր թրաշվել, ոլորել է բեղերը, հագել տոնական կոստյումը, ո՜վ գիտե որ ժամանակներից սնդուկի մեջ պահած փայլփլուն սապոգները, գրպանի ժամացույցի շղթան փռել կրծքին։ Այնպես է նստել, կարծես լուսանկարիչը ֆոտոապարատն ուղղել է վրան ու ասել՝ Մուշեղ ապա, չշարժվես, նկարում եմ։
- Մուշեղ ապա, այդ ի՞նչ է, նորափեսա ես դառել, խեր լինի՞։
- Խերը խեր է,- Մուշեղ ապան ոնց որ ազատվեց լուսանկարչից, գրպանից հանեց կարմիր թաշկինակը, սրբեց ճակատի քրտինքը, հետո շղթայից բռնեց, դուրս քաշեց ժամացույցը, նայեց, կարծես գնացքից կամ մի այլ կարևոր բանից ուշանում է։- Բա էդ ո՞նց կլինի, ընկեր կուսբջիջ, հազար տարվա կոլխոզնիկ եմ, հազար տարի է՝ իրար ճանաչում ենք... Քանի՞ տարի կլինի, որ կնկաթափ եմ եղել։

- Կլինի, էլի, Մուշեղ ապա, ամենապակասը մի տասը հազար տարի։
- Ըհը, ապրես, ճիշտ է։ Թող լինի տասը հազար։ Բա ինչո՞ւ մի անգամ չես հարցնում՝ Մուշեղ ապա, ի՞նչ պակասություն ունես։
- Մուշեղ ապա, ի՞նչ պակասության ունես։
- Կնկա պակասություն։ Ասացի՝ որքան չլինի ղեկավար մարմին ես, գնանք Պետունց Անդրուն վերցնենք, տեսնենք էս բանի վերջն ինչ է լինում։
- Ո՞ր բանի, Մուշեղ ապա։
- Դե՝ ո՞ր բանի, ո՞ր բանի... Ուզում եմ Սալբուն կին բերել։
- Իսկ ձերոնք համաձա՞յն են։

- Կնիկը, ցավդ տանեմ, մերոնց համար չեմ բերում, ինձ համար եմ բերում։ Մեկը պիտի լինի՞, որ ինձ լողացնի, ոտքերս տաք ջրում դնի, ասի՝ Մուշեղ ապա, քո կոտրատված, փշրված ջանիդ մատաղ։ Որ մեռնեմ, ետևիցս կանչի՝ հի՜, Մուշեղ, էդ ո՞ւր ես գնում։ Լավ, վեր կաց գնանք։
- Մուշեղ ապա, կուսակցական ժողով ունենք։
- Էդ ժողովը էգուց կանեք։
- Չի կարելի, Մուշեղ ապա, կուսակցական գործ է։
- Ուրեմն՝ պսակվելը պակաս կարևոր գո՞րծ է։ Ախր, Սալբին մտքափոխ կին է. անող-թողող, պատվով-հարգանքով, բայց դե, դրանց ցեղը շան ցեղ է։
- Իսկ դու Սալբու հետ խոսե՞լ ես։
- Դե որ խոսել եմ, ձեզ ինչո՞ւ եմ տանում։

- Սալբին ազիներ ունի, թոռներ ունի, հետները խոսե՞լ ես։
- Գնամ շնաճանճի բնին բշտի տա՞մ։ Գնամ շնաճանճերին ինձանով անե՞մ։ Ասացի, չէ՞, դրանց ցեղը շան ցեղ է։
- Մուշեղ ապա, ժողով ունենք։
Մուշեղ ապան նեղացած, թոնթորալով գնաց.
- Մթամ էս կոլխոզում որ մի ծուխ էլ ավելանա՝ Շաղասարը փուլ կգա՞, Անդրի Օհանյանին տակովը կանի՞։ Քանի հազար տարվա կոլխոզնիկ եմ, հա՜... Պետունց Անդրի, հե՜ Պետունց Անդրի։
Պետունց Անդրին իբրև չգիտե, թե Մուշեղ ապան ինչու է տաքացել, իրենց բակից պատասխանեց.
- Ի՞նչ կա, Մուշեղ ապա։
- Դու Քարաշենը պինդ պահի, որ չփախչի, ես գնացի։
- Էդ ո՞ւր ես գնում, Մուշեղ ապա։
- Ջահանդամը, գալի՞ս ես։
- Որ տեղ հասնես, մի տելեգրամ կտաս։

7.

Երբ մարդիկ ասելիք չունեն, խուսափում են հիմնական հարցից, ավելի շատ են խոսում և համարյա ոչինչ չեն ասում։ Այդպես էլ Շաբո Խանումյանը, որը նման էր այն աշակերտին, որ օրվա դասը չգիտե, ստիպված վատնում է ժամանակը՝ սպասելով փրկարար զանգին։ Նա ասես որոշել էր չկտրվել նախաբանից, իսկ այդ նախաբանը տարբեր որոշումներից ու հրահանգներից քաղվածքներ էին առ այն, թե հետպատերազմյան տարիներին ինչ խնդիրներ են դրված գյուղատնտեսության աշխատողների առջև։ Վերջապես նա անցավ հիմնական թեմային, ասաց, որ կոլտնտեսությունը 45 հեկտարով թերակատարել է աշնանացանի պլանը և, որպեսզի հետագայում ամեն ինչ լավ լինի, հարկավոր է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ գարնանացանը կազմ ու պատրաստ սկսելու համար։ Եվ թվեր էր, որ շարեց, պլանով նախատեսված է ցանել այսքան հեկտար ցորեն, այսքան հեկտար գարի, հաճար, ճակնդեղ, եգիպտացորեն, զարկ տալ բանջարաբուծական կուլտուրաներին և հասնել ու անցնել ոչ միայն շրջանի, այլև մարզի ամենաառաջավոր տնտեսություններին։

Աոաջինը խոսեց Պետունց Անդրին։
- Խոսք չունեմ, լա՜վ զեկուցում է, ընկեր Խանումյան։ Բայց այդպես էլ չիմացա, թե ինչպես պիտի հասնենք ու անցնենք ուրիշներին, երբ գործը տեղից չի շարժվում։ Է՜, լավ, գոմերի մոտ դիզված գոմաղբը ո՞վ պիտի տեղափոխի բանջարանոցները։ Կոլտնտեսությունը երկու բեռնատար ավտոմեքենա ունի, մեկը մի օր աշխատում է, վեց օր ենթարկվում նորոգման։ Մյուսը հերթի է դրված՝ մի օր դու ես նստում, գնում շրջկենտրոն, մի օր էլ՝ քո կնիկը։ Քարաշենից մինչև շրջկենտրոն, շրջկենտրոնից մինչև Քարաշեն որքա՞ն բենզին է ծախսվում, ընկեր Խանումյան։ Լավ, այդ ո՞նց կլինի, մեր հարևան կոլտնտեսությունները նոր մեքենաներ են ստացել, իսկ մեր ձեռքը քարի տակին է։ Ուրեմն՝ միջոցներ չունենք։ էդ միջոցները բանջարաբուծությունից պիտի գար, մեղքը փաթաթեցիր երաշտի վրա։ Ի՜նչ է, երաշտը քարաշենցիների համար նորությո՞ւն է։ Ախր, գետը չէր ցամաքել, Սևաձորի աղբյուրի ջուրը գիշեր-ցերեկ հոսում էր։ Այ, դրա համար էլ հիմնական հարցը թողել, սար ու ձոր ես ընկել։

- Ջահելները թողնում են գյուղը,- ասաց Անդրանիկը։-  Ընկեր Խանումյանի սիրտը ցավո՞ւմ է նրանց համար, ով տեղեկանք է ուզում՝ պատրաստ է։ Գնացեք, այ ջահելներ, գնացեք, մեղք եք, գյուղում մնաք ի՞նչ անեք։ Գյուղ է, էլի, ոչխար չի, որ գայլի բաժին դառնա, հրե՜ն Մուշեղ ապան, Սեդրակ դային, Կուքան ապան, Քոլանց Թորոսը սարի պես կանգնած են։ Բա ափսոս չե՞ն քաղաքի գյոզալական աղջիկները, նայում ես՝ բերանիդ ջուրը գնում է։ Թատրոն կա քաղաքում, կինո կա, ցիրկ կա, համերգ կա, ճանապարհները ասֆալտած, ոտքդ-ձեռքդ մաքուր։ Բա դուք մե՞ղք չեք, որ էս քար ու քռիճի մեջ տանջվեք։
- Դա շանտաժ է,- Խանումյանը վեր թռավ տեղից,- ժողովի նախագահից պահանջում եմ կարգի հրավիրել Մելքումյանին։

Ժողովի նախագահը Աղունիկն էր, Անդրանիկին զգուշացրեց, որ խոսելու այդ տոնը փոխի և խոսի փաստերով։ Անդրանիկը փաստեր ուներ։
- Չորս ամսում գյուղից հեռացել են 27 երիտասարդներ, որոնցից ութը տեղավորվել են կապի շրջանային բաժանմունքում, իսկ Սևունց Մադաթ ամին քարահանքերում պահակություն է անում։ Կոլտնտեսության վարչության նախագահ Շաբո Խանումյանն ավելի շատ տեղեկանքներ է բաժանում, քան զբաղվում իր հիմնական գործով։
- Հասկացանք, ընկեր Խանումյանն իր գործը լավ չգիտե, բայց դու՝ Տիգրան Ավագյան, արդարանալու իրավունք չունես։- Խոսեց բրիգադավար Գալուստ Ադամյանը։- Ինչո՞ւ այս հարցը նոր ենք քննարկում։ Անդրանիկ Մելքումյանն ասաց ճշմարտությունը, բայց ընկեր Խանումյանը չընդունեց արդարացի քննադատությունը։
- Ես քննադատությունը սիրում եմ։- Խանումյանը թաշկինակն անցկացրեց քրտնած ճակատով ու բարձրաձայնեց.- Այո, սիրում եմ։
- Էդ ո՞նց թե՝ սիրում եմ,- Գալուստ Ադամյանը խեթեց հոնքը,- ընկեր Խանումյան, քննադատությունը քո կնի՞կն է, թե՞ քենին, որ սիրում ես։ Քննադատությունն ընդունում են և ոչ թե սիրում։

Հետո խոսեց Տիգրանը։
- Գալուստ Ադամյանի քննադատությունը տեղին է,- ասաց,- հացը բավականին ուշ ենք բարձրացնում, որովհետև կոլտնտեսության նախագահը ժողովը տապալելու նպատակով դաշնակից է գտել նույնիսկ շրջկոմում։ Դուք, ընկեր Խանումյան, այդպես էլ չասացիք, թե շրջկենտրոնում այդ ինչ կարևոր խորհրդակցություն է եղել և ինչո՞ւ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ Սաֆարյանն այդպես էլ չմնաց ժողովին։ Չէ՞ որ դուք ձեր հույսերը կապել էիք նրա հետ։Ժողովը որոշում ընդունեց, և դա Խանումյանի օգտին չէր։
Թեթև անձրև էր մաղում, բայց գետինը դեռ չոր էր։ Տիգրանն ուզում էր մի քիչ քայլել։ Ցանկապատին քսվելով, մի շուն անցավ ու սկսեց վնգստալ հեռվում։ Մուշեղ ապան ասում է՝ հաչող շնից չպետք է վախենալ, վախեցիր այն շնից, որ չի հաչում։

Տանն անհամբեր սպասում էր Սիրանը, լուր ուներ հայտնելու։ Մուշեղ ապան փախցրել է Սալբուն։ Սալբու թոռները Մուշեղ ապայի վրա կռիվ են եկել: «Մուշեղ ապա,- ասել են,- բա դա տղամարդություն է, խեղճ պառավին զոռով բռնել, տարել ես, թե՝ սրանից դենը իմ կնիկն ես»։ Իսկ Մուշեղ ապան ի՞նչ ասի, որ լավ լինի. «Էստեղ ի՞նչ զոռի բան կա, ա՛յ թուլաներ, մենք դեռ ջահել ժամանակից էինք իրար վրա սեր կապել»։
Տիգրանն առավոտյան ուշ արթնացավ։ Չէ, չարթնացավ, Անդրանիկը եկավ արթնացրեց։ Համա քնել ես, հա՜, ընկեր քարտուղար։ Մաղաքենց Պարգևը տուն-տեղ հավաքել, քոչում է։ Պարգևը այգեգործական բրիգադի բրիգադավարն է. որ նա գնաց, բրիգադի մնացած տղաներն էլ նրա ետևից կգնան։ Տիգրանը շտապ հագավ շորերը, սապոգները քաշեց ոտքերին, դուրս վազեց։ Բեռնատար ավտոմեքենան ետևը դեմ արել դարպասին, թեքվել է մի կողի վրա։ Ավտովարորդը շրջկենտրոնի լկստվածներից է, ցանկապատի տակ զրույցի է բռնվել Պարգևի քրոջ հետ։ Ամուսինները քաշում են կաղնե հին թախտը։ Պարգևը մի քիչ դժկամորեն է քաշում:

- Աղջի, Զարիկ,- ասում է կնոջը,- ախր, էս զիբիլն ո՜ւմ է հարկավոր, քաղաքում հիմա ո՞վ է քնում թախտի վրա։
Զարիկը բարկությունից ուզում է պայթել.
- Թախտն ո՞ւմ թողնենք՝ պառավներին։ Պառավներն էսօր կան, վաղը չկան։
Տիգրանը պայթեց.
- Հա, պառավներն առանց թախտի, առանց հարսի, առանց աննամուս Պարգևի յոլա կգնան,- կոճկեց բլուզը, մոտեցավ.- Հո բան չե՞ք մոռացել: Էս դուռը, դարպասը, հավաբունը, շունը, շնաբունը, ցախավելը, փոցխը, բահը ո՞ւմ համար եք թողնում։ Լսի՛ր, Պարգև, էն տաշտակն էլ հարկավոր կգա, վերցրո՛ւ։ Բա լավ, կնկանդ որտե՞ղ պիտի լողացնես։

- Դե լավ, էլի, Տիգրան,- Պարգևը խեղճացած նայեց նրան:
- Ա՛յ մարդ. ի՞նչ ես վիզդ ծռել։ Լավ կլինի փափախդ կնոջդ գլխին դնես, կնկանդ լաչակն էլ քո գլխին գցես։ Ուրեմն՝ գնում եք, էլի՞։
- Հա, գնում ենք, ընկեր Տիգրան,- հեգնանքով ասաց Զարիկը։- Ասելիքդ ասա, վերջացրու, ժամանակ չունենք։
- Ջահել տղա, անունդ ի՞նչ է,- հարցրեց Տիգրանը։
- Պասպորտ ես լրացնո՞ւմ,- ավտովարորդը խնդմնդաց ու մտքում բարկացավ, որ այդ սիրուն աղջկա հետ իր զրույցն այդպես խանգարվեց։
- Ես հիմա պասպորտ լրացնելու ժամանակ չունեմ։ Այս րոպեին մեքենադ վերցրու ու կորիր այստեղից։
- Դու ի՞նչ է, իմ նաչալնի՞կն ես։
- Հա, լավ միտս ընկավ, կգնաս քո նաչալնիկին ասես՝ թե որ մինչև մի շաբաթ Քարաշենի կոլտնտեսության տակառները պատրաստ չլինեն, թող չնեղանա։ Շո՛ւտ, ո՞ւմ հետ եմ։

Վարորդը փնթփնթալով մտավ խցիկը, գործի գցեց մեքենան ու չարացած դարձավ Պարգևին.
- Ես գնացի, գնացեք ձեզ համար ուրիշ մեքենա գտեք։
Զարիկը չէր սպասում դրան, նայեց հեռացող ավտոմեքենային ու ճչաց.
- Ավագյան, դու ոչ գյուղսովետի նախագահ ես, ոչ կոլխոզի նախագահ ես. էդ ո՞ւմ իրավունքներն ես բանեցնում։ Մենք կոլխոզից տեղեկանք ունենք։
- Մի քիչ շուտ ասեիք, էլի,- Տիգրանը կարեկցանքով շարժեց գլուխը,- որտե՞ղ է այդ տեղեկանքը։
- Մոտս է,- Պարգևը ծոցագրպանից հանեց տեղեկանքը, մեկնեց,- կարող ես ստուգել։
- Հաշվիր ստուգված,- Տիգրանը, առանց կարդալու, ծալեց թուղթը, պատառոտեց ու մի կողմ նետեց:- Այդպիսի բաներ, ընկեր Զարուհի։
- Ինչ որ կաս՝ էդ չե՞ս,- Զարուհին հիմա պիտի լաց լինի, բայց լաց չի լինում,- կոշտ ես, կոպիտ ես, քո ասածին ես։ Խե՜ղճ Սիրան, խե՜ղճ...

- Խե՜ղճ Սիրան,- ծիծաղեց Տիգրանը։- Ձենդ կտրիր, Զարուհի, ես քեզ համար Պարգևը չեմ, հեծնես՝ քշես։ Հենց հիմա գնա թռչնաբուծական ֆերմա։ Դու էլ, Պարգև, այդ թախտը-մախտը, աթոռները, մահճակալները ինչպես տնից հանել ես, այնպես էլ ներս ես տանում և գնում գործիդ։
- Ախր, Տիգրան...
- Չզզվեցնես։
Գրասենյակ էր գնում, ճանապարհին հանդիպեց Հեղինեն:
- Փախչո՞ւմ ես։
- Քեզնից փախչել կլինի՞։ Նոր գործ է բացվել։
- Ի՞նչ գործ։
- Մարդուդ օգնականն եմ՝ տեղեկանքներ պատառոտելու գծով։

8.

Կոլտնտեսության հաշվետու ժողովին մասնակցելու էր եկել շրջգործկոմի նախագահ Ավետիս Վանյանը։ Խանումյանը դեռ մի քանի օր առաջ էր եղել նրա մոտ, Վանյանը կարդացել ու չի հավանել նրա հաշվետու զեկուցումը։ Խելքի մոտիկ գործ չես բռնել, Խանումյան,- ասել է,- քննադատություն ու ինքնաքննադատություն չկա։ Քեզ մի՛ խնայիր, խոստովանիր թերություններդ, որ իրենք քեզ խնայեն։ Դու քո կրակով որ քեզ վառես, հակառակորդներդ ստիպված իրենց կրակը հեռու կպահեն։ Տարբերությունը մեծ է՝ դառն դեղահաբը ինքդ քո ձեռքով ես կուլ տալի՞ս, թե՞ ուրիշներն են զոռով խցկում կոկորդդ։
Եվ Խանումյանն իրեն չխնայեց։ Բանջարաբուծությունը տապալվել է, այստեղ իր մեղքն ունի նաև կոլտնտեսության նախագահը։ Աշնանացանի թերակատարման գործում սխալներ են թույլ տրվել։ Անցած սխալները թող դաս ծառայեն...

Ավետիս Վանյանն ուշադիր լսում և գլխով հավանություն է տալիս զեկուցողին՝ այդպես է, ճիշտ է, թերությունները չպիտի թաքցնել։ Պետունց Անդրին երեկվա երեխան չէր, հասկացավ, որ դա ներկայացման պես մի բան է, Աղունիկի ականջին շշնջաց. «Գիտես, չէ՞, Աղունիկ, երբ մեկն ուզում է իր այլանդակ սֆաթի վրա ուրիշները չծիծաղեն, առաջինն ինքն է իր վրա ծիծաղում։ Այդպես էլ մեր նախագահը»։ Իսկ, շրջգործկոմի նախագահը, որ իր հեղինակավոր խոսքը սովորաբար վերջում պիտի ասեր, ժողովի նախագահի պարտականությունները վերցրեց իր վրա ու դիմեց ժողովականներին.
- Ճիշտն ասած, ընկերներ, սա եզակի դեպք է, երբ կոլտնտեսության նախագահն այսպես համարձակորեն խոստովանում է իր թերությունները։ Դա շատ լավ է։ Հարկավոր է սկզբունքային լինել, այլ ոչ թե որոշ տնտեսությունների նախագահների նման զբաղվել ինքնաթմբկահարությամբ։

- Ես մի հարց ունեմ,- դա հնձվոր Գասպարն էր։- Ընկեր Վանյան, ես ուզում եմ իմանալ՝ կոլտնտեսության նախագահին կոլտնտեսության ժողովն է ընտրո՞ւմ, թե՞ վերևներում ընտրում, գալիս են հաստատում:
- Դե, իհարկե՛, ժողովը,- Վանյանը կռահեց նրա միտքը։
- Ճիշտ է, ժողովը,- համաձայնեց Գասպարը:- Ասում եմ՝ գուցե հիմա կարգը փոխվել է։
- Իսկ ինչո՞ւ պիտի փոխվի։ Դու հիմա ելույթ ես ունենո՞ւմ, թե՞ հարց ես տալիս։
- Չէ, հարց եմ տալիս… Այսինքն՝ ուզում եմ հարցի մեջ պարզության մտցնել, որ ընկերներն ուրիշ բան չկասկածեն։

Առաջինը ձայն խնդրեց խուլ Բարխուդարը։ Դե, կոլխոզ է, էլի, թերություններ էլ կլինեն։ Մեր նախագահն այնքան համեստ մարդ է, որ ուրիշների նման չգովեց իր գլուխը։ Մեր հաջողությունները մերն են, դրանք մեզնից ոչ ոք չի խլում։ Ինչ-որ մեկը կողքից հարցրեց. «Բարխուդար, գուցե դու ասես, որո՞նք են այդ հաջողությունները, որ ձեռքից չտանք, պինդ պահենք»։ Մի քանի հոգի փռթկացրին: Բարխուդարը, իհարկե, լսեց, բայց քանի որ խուլ էր, չլսելուն դրեց ու շարունակեց գովել համեստ, սկզբունքային, իր գործին նվիրված նախագահին։ «Բայց դե, ընկերներ, շատ լավ կլինի, որ կողմնակի մարդիկ չխանգարեն ընկեր Խանումյանին,- Բարխուդարն ուզում էր մի քանի անուն տալ, միտքը փոխեց,- և լավ կլինի, որ ընկեր Խանումյանն էլ իր հերթին չլսի ուրիշներին, ինչպես սկսել է իր գործը, այնպես էլ առաջ տանի»։
Գալուստ Ադամյանը պարզապես քարը քարին չթողեց։ Շաբո Խանումյանը տնտեսությունից ոչինչ չի հասկանում։ Ախր, դա ո՞նց կլինի, մի տարում վեց բուղա է գնել, թե՝ կովերի տոհմը բարելավում եմ։ Եվ՝ բարելավեց, կովերի յոթանասուն տոկոսը ստերջ մնաց։ Ընկեր Վանյանն ասում է՝ շատ լավ զեկուցում է մեր նախագահի զեկուցումը։ Ախպեր, թող զեկուցումը վատ լինի, միայն թե գործերը լավ գնան։ Էդ լա՜վ զեկուցում, բա որ մեջտեղ բան չկա՞։

Պետունց Անդրին ուրիշ ծայրից բռնեց. «Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե տնտեսության ղեկավարն իր սխալները մեկ-մեկ վիզ է առնում, ճակատը պաչում են ու ասում՝ ապրես, գնա գործդ շարունակիր։ Ի՞նչ է, Խանումյանը երեխա՞ է, գլխի չի՞ ընկել, որ կոլտնտեսության սերմացուն չի կարելի ծախել, որ...»:
Շրջգործկոմի նախագահ Վանյանն արդեն զգում էր, որ իր հաշիվների մեջ սխալվել է, հնարավոր չէ ժողովը տանել իր ուզած հունով և դիմեց վերջին միջոցին.
- Դուք,- ասաց,- այստեղ մանր հաշիվներ եք մաքրում։ Ես անձամբ կուզեի լսել ընկեր Ավագյանի հեղինակավոր կարծիքը։
- Իսկ մի՞թե իմ կարծիքն այստեղ նշանակություն ունի,- Տիգրանը դժկամորեն ելավ տեղից։- Չէ՞ որ դուք, ընկեր Վանյան, ժողովից առաջ խոսել եք ինձ հետ։
- Ավագյան,- Վանյանը ներողամիտ ժպտաց,- դա անձնական զրույց էր։

- Ի՞նչ անձնական զրույց։ Դուք ինձ ասացիք, որ շրջկոմի հետ արդեն պայմանավորված է, Խանումյանը կվերընտրվի կոլտնտեսության նախագահ։ Իսկ ես պարտավոր եմ պաշտպանել ձեր կարծիքը։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս ժողովը։
- Ավագյան, դուք այդ ի՞նչ տոնով եք խոսում։
- Իսկ դուք, ընկեր շրջգործկոմի նախագահ, այդ ի՞նչ տոնով եք վարում ժողովը։ Ձեզ ո՞վ է ժողովի նախագահ ընտրել։
...Շաբո Խանումյանը վերընտրվեց վարչության նախագահ։
Առավոտյան Տիգրան Ավագյանին շրջկոմից կանչեցին: Նրան ընդունեց երրորդ քարտուղարը։ Դա նույն Ղուկաս Սաֆարյանն էր. տղան առաջ է գնացել։ Տիգրանն իբր չնկատեց նրա երկարած ձեռքը, ասաց.
- Ուրեմն, դուրս է գալիս, ընկեր Սաֆարյան, որ ես սխալվել եմ։
- Դուք միշտ էլ սխալվում եք։

- Երևի հիշում եք. ես այն ժամանակ ասացի, որ դուք շրջկոմում աշխատելու համար այնքան էլ չեք հասունացել։ Հիմա էլ այդ կարծիքին եմ։
- Ի՞նչ է, դուք եկել եք ինձ խելք սովորեցնելո՞ւ։
- Սովորել միշտ էլ կարելի է, ընկեր Սաֆարյան։
- Ավագյան, սա ձեզ համար կոլտնտեսության գրասենյակ չէ, և ես էլ կոլտնտեսության նախագահ Խանումյանը չեմ ձեզ համար։
- Տեսնում եմ։
- Ի՞նչ եք տեսնում։ Որ սա կոլտնտեսության գրասենյակ չէ, և դուք էլ կոլտնտեսության նախագահ Շաբո Խանումյանը չե՞ք։ Ինձ ինչո՞ւ եք կանչել։
- Ուզում եմ իմանալ, թե այդ ինչ թատրոն եք սարքել։
- Թատրո՞ն,- Տիգրանը ծիծաղեց։- Այդ թատրոնը, ընկեր Սաֆարյան, դուք եք սարքել։ Բայց այդպես էլ չիմացա՝ բեմադրության ռեժիսորը դո՞ւք եք, թե՞ Ավետիս Վանյանը:

- Ավագյան, մենք հարգում ենք ձեր ծառայությունները...
- Եկեք հանգիստ թողնենք այդ ծառայությունները։ Ես կատարել եմ իմ պարտքը հայրենիքի հանդեպ։ Ես կուզենայի իմանալ, թե ինչու անձամբ դուք եք ինձ այդ հարցով կանչել։ Ես ուզում եմ խոսել ընկեր Սահակյանի հետ։
- Ուշացել եք, Սահակյանը տեղափոխվել է այլ աշխատանքի։
- Այդ դեպքում ես ձեզ հետ խոսելիք չունեմ։
Տիգրան Ավագյանը մտքում ծանրութեթև արեց քիչ առաջ տեղի ունեցածը, մռայլվեց։ Իսկ գուցե ուղղակի ճանապարհվի մարզկենտրոն, ուղիղ մարզկոմի առաջին քարտուղարի մոտ։ Ասում են՝ երկաթը տաք-տաթ կծեծեն, բայց քիչ չի պատահում, որ շտապելուց խփում ես մատիդ։

Նա կանգնած էր շրջկոմի բակում, երբ հանկարծ նկատեց պարթևահասակ, քունքերը ժամանակից շուտ ճերմակած իր բարեկամին՝ գնդապետ Գասպարյանին։ Բերանից բառը թռավ ակամա.
- Ընկեր գնդապետ...
- Օհո՜, այս ո՞ւմ եմ տեսնում,- Գասպարյանը մոտեցավ, գրկեց նրան:- Չէ, պարտիզան, աչքիս այնքան էլ չես փոխվել։ Ի՞նչ կա ձեր կողմերում։
- Դե, ոչինչ, գործքով էի եկել։
- Ի՞նչ գործ, եթե գաղտնիք չէ։
- Քարտուղարը՝ ընկեր Սաֆարյանը, ինձ հետ անձնական զրույց ուներ։ Ուզում էի խոսել առաջինի հետ...
- Խնդրեմ, լսում եմ։
- Դուք, Վահան Արամիչ...

- Տեսնո՞ւմ եք, անցել եմ իմ նախկին աշխատանքին։ Արդեն երկրորդ օրն է։ Դե ի՞նչ ես կանգնել, գնանք զրուցենք։
Վահան Արամիչը քարտուղարուհուն խնդրեց երկու բաժակ թեյ, նստեց Տիգրանի դիմաց ու հարցրեց.
- Հիշո՞ւմ ես, թե առաջին անգամ ինչպես հանդիպեցինք։
- Ինչպե՜ս կարելի է մոռանալ։ Գոմելի մոտ էր, երբ ձեր գունդը պատրաստվում էր անցնել հարձակման, անտառի կողմից մեր պարտիզանական դիվիզիան փակեց թշնամու տանկերի ճանապարհը։
- Եվ պարտիզանական դիվիզիայի վիրավորված հրամանատարին փոխարինում է լեյտենանտ Տիգրան Ավագյանը։ Լավ։ Սաֆարյանն ի՞նչ էր ուզում։
- Դա երկար պատմություն է, Վահան Արամիչ։
- Ես լսում եմ։

Տիգրանը պատմեց ամեն ինչ։ Թեյը սառել ու մնացել էր։ Մի քանի անգամ հեռախոսը ծլնգաց, քարտուղարը ուշադրություն չդարձրեց:
- Պարզ է, Տիգրան,- Վահան Արամիչը զանգեց Սաֆարյանին, խնդրեց անցնել իր մոտ։ Սաֆարյանը չուշացավ, ներս մտավ, տեսավ Տիգրանին, կուչ ածեց աչքերը։ Հապա տեսե՜ք, եկել է առաջին քարտուղարին բողոքելու։
- Սաֆարյան,- Վահան Արամիչը ցույց տվեց աթոռը.- Քարաշենի կոլտնտեսության նախագահի վերընտրման հարցով ովքե՞ր են զբաղվել։
- Վահան Արամիչ, մենք գտել ենք...
- Դուք ի՞նչ եք գտել, Սաֆարյան։ Այդ մարդուն անձամբ ճանաչո՞ւմ եք։
Շրջգործկոմը նրա մասին լավ կարծիքի է։
- Դուք նույնպե՞ս։
- Դե, իհարկե։

- Հարցրե՞լ եք քարաշենցիների կարծիքը։
- Վահան Արամիչ, ընկերները գտնում են, որ մարդն արժանի է, հավատում ու վստահում են նրան...
- Սաֆարյան, ասում են՝ ով շատ է երդվում, նա շատ է խաբում։ Բայց ինչո՞ւ եք շարունակ նույն բանը կրկնում: Իսկ ինչպե՞ս լուծվեց այդ ավտոմեքենաների հարցը։
- Այդ հարցով զբաղվում է շրջգործկոմի նախագահը։
- Զանգեք շրջգործկոմի նախագահին և ասեք, որ ավտոմեքենաներից երկուսը տրամադրի Քարաշենի կոլտնտեսությանը։
- Բայց, Վահան Արամիչ, դա հնարավոր չէ։
- Ընկեր Սաֆարյան, կատարեք կարգադրությունը և աշխատեք դուրս չգալ ձեր իրավունքների սահմաններից։
- Լսում եմ, Վահան Արամիչ։

Սաֆարյանը գնաց։ Գասպարյանն ուսերը շարժեց ու ծիծաղեց.
- Դու ճիշտ ես, Տիգրան, տղան խակ է նման աշխատանքի համար։ Իսկ դու այդքան մի վրդովիր, ամեն ինչ կընկնի իր հունի մեջ։ Պատերազմը խլել է մեր լավագույն աշխատողներից շատերին։ Կարծում ես՝ հե՞շտ է։ Իսկ այժմ ահա քեզ ինչ կասեմ՝ մեզ խելոք, գրագետ գյուղատնտեսներ են հարկավոր։ Դու դեռ ջահել ես, ուժ ունես, կարող ես և աշխատել, և հեռակա կարգով սովորել։
- Դուք ինձ ուրախացնում եք, Վահան Արամիչ։ Ես շատ եմ մտածել այդ մասին։
- Ուրեմն՝ պայմանավորվեցինք։ Իսկ հիմա գնանք մեզ մոտ։

9.

Ձորը լցվել է երկնքի կապույտով։ Կաղնուտի կողմից մեղմ, հաճելի զեփյուռ փչեց, զեփյուռը ճամփեզրի հաստաբուն թեղու կանաչ գանգուրները խտուտ տալով, ընկավ ձորը, ցրիվ տվեց ուռենիների երկար վարսերը, անցավ ձորն ի վեր։ Ձին խլշեց փոքրիկ ականջները, խռնչաց աշխույժ, ասես վազել էր ուզում ջահել քուռակի պես։ Ձիու պնչերում ձորի զովությունն է, ջրերի քչփչոցը, ջրվեժի տոթից խեղդված շառաչը, գետափի կանաչը։ Ձին ծարավ էր, վրա ընկավ ջրին, խմեց, գլուխը բարձրացրեց, խռնչաց, էլի խմեց։
Նա Հեղինեին տեսավ ոչ իսկույն։
Գետափին, տաք ավազին կիսամերկ թիկնել՝ գլուխը ուռենու շվաքում, մարմինն արևի տակ գիրք էր կարդում։ Ուռենու ճյուղին փռփռում էր նրա ճերմակ սարաֆանը։ Բրոնզագույն մարմինը փայլփլում էր արևի տակ, և ամեն ինչ անթերի էր՝ և՛ ուսերին թափված մազերը, և՛ կրծկալի մեջ սեղմված կլորությունները, և՛ տաք ժպիտը՝ շուրթերին։ Կարծես դա պիտի լիներ այդպես, ուրիշ կերպ հնարավոր չէ։

Ահա այդպես, տարիներ առաջ, այս նույն ուռենու տակ, նույն դիրքով պառկել էր տասնութամյա մի աղջիկ՝ ծնկներին մի գիրք, հայացքը՝ կապույտ երկնքին։ Թեթև հովն անփութորեն շուռ էր տալիս գրքի էջերը, իսկ աղջիկը չէր ուզում իր հայացքը կտրել կապույտ երկնքից։ Իններորդ դասարանի աշակերտ Տիգրան Ավագյանը ձուկ էր որսում կարթով, տեսավ աղջկան, չհավատաց աչքերին։ Չհավատաց, որովհետև նա խելագարվելու չափ գեղեցիկ էր, գայթակղիչ, ասես իջել էր ինչ-որ անհայտ մոլորակից, որպեսզի գժվեցնի իններորդ դասարանի աշակերտ Տիգրան Ավագյանին։ Տիգրանը շփոթվեց, շուռ տվեց դույլը, ձկնիկները խլվլտալով թափվեցին գետի մեջ։ Անծանոթ աղջիկը նայեց ու ծիծաղեց, ձորը լցվեց ծիծաղով։ Նրա ծիծաղն անմեղ էր, անմեղ էր և նա, ինչպես ուռենու տակից բխող զուլալ աղբյուրը, խոտի ցողը, ուռենու սոսափը և, առհասարակ, ինչպես ինքը՝ անմեղությունը։

«Արի այստեղ,- ասաց աղջիկը,- ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:- Աղջկա հայացքը դիմացի ժայռի կատարին էր. փոքրիկ թփի մոտ հուրհրատում էր կարմիր մի ծաղիկ:- Կարո՞ղ ես այն կարմիր ծաղիկը պոկել»: Տիգրանը գլխով արեց, մագլցեց ժայռն ի վեր, պոկեց ծաղիկն ու բերեց տվեց աղջկան: Աղջիկն ուրախացավ. «Դու համարձակ տղա ես: Ուզո՞ւմ ես այս գիրքը նվիրեմ քեզ…»:
Նրանք հանդիպեցին նաև հաջորդ օրը: Տիգրանը նրա համար փոքրիկ կողով գործեց և միասին այն լցրեցին մոշով: Իսկ հետո… Բոլոր երազները շուտ են վերջանում: Աղջիկը սովորում էր Լենինգրադում՝ բժշկական ինստիտուտում: Երրորդ օրը նա եկավ հրաժեշտ տալու: Դա նրանց վերջին հանդիպումն էր: Այդ օրը Տիգրանն իր շուրթերի վրա զգաց աղջկա կարմիր ծաղկի պես հմայիչ շուրթերի զգլխիչ բույրը…

Մի օր, դասի ժամին, ընկեր Նուբարյանը Տիգրանի ձեռքից վերցրեց գիրքը, կարդաց բարձրաձայն. Մայն Ռիդ, «Անգլուխ ձիավորը»: Այնուհետև բացեց կազմը, կարդաց. «Տիգրան Ավագյանին՝ հիշատակ...»: Չուզեց շարունակե՞լ, թե՞ լոլոզ Արշավիրը մեջ ընկավ. «Ընկեր Նուբարյան, քաղաքի մի օրիորդ է նվիրել Տիգրանին: Իրար սիրահարվել են...»:
Երեկոյան Տիգրանը մի լավ դնքսեց Արշավիրին: Արշավիրը գնաց կանգնեց իրենց գոմի կտրին ու գոռաց. «Հակայի տղա Տիգրա՛ն, քեզ շատ ես երևակայում, սիրահարված էշի տղա...»: Հետո անցավ ընկեր Նուբարյանին. «Մթամ դասղեկ է, քոռացել է, չի տեսնում, որ էդ հակայի տղան դասերը թողած, սիրահարական գրքեր է կարդում և իրեն երևակայում...»:

Հաջորդ օրը Նուբարյանն Արշավիրին կանչեց ուսուցչանոց, ականջներից ձգեց ու ասաց.
- Երեկ բլբուլ էիր կտրել, ավազա՛կ, խուլիգա՛ն, բերանը ճոթռած լակո՛տ: Այդ ո՞ւմ էիր երեկ հայհոյում, ապուշի գերադրական աստիճան: Հիմա որ բռնեմ վարքդ «երկու» դնեմ, ի՞նչ կասես... Դու էլ սիրահարվիր, էշի գլուխ, քեզ ո՞վ է խանգարում: Մի հլա լոլոզ բոյիդ նայիր,- Արշավիրի ականջներից բռնեց, դեմքը շուռ տվեց դեպի մեծադիր հայելին:- Լավ նայիր, ականջներդ ոնց-որ կարկուտի տակ ընկած կաղամբի թևեր: Ինչո՞ւ էիր հայհոյում, ա՛յ լառի որձակ:
- Ընկեր Նուբարյան, բա հիմա դու չե՞ս հայհոյում:
- Աչքդ էլ եմ հանում, որ հայհոյում եմ,- ընկեր Նուբարյանն ուզում էր մի ապտակ հասցնել, միտքը փոխեց, գտավ, որ մանկավարժության տեսակետից ցիտատն ավելի հարմար կլինի:- Հայտնի մանկավարժ Մակարենկոն գիտե՞ս ինչ է ասել, ա՛յ ղազի կարկաժ,- բայց ցիտատն, ըստ երևույթին, մոռացել էր, և այն փոխարինեց մի շառաչուն ապտակով:- Դե, կորի գնա՛, ցանվի՛ր այստեղից, օդը մաքրի՛ր: Մակարենկոն քո ղազի խելքի բանը չի... Թող սա լինի վերջին դեպքը...

Դա վաղուց էր, անցած-գնացած պատմություն է: Արշավիրը հիմա քաղաքում միլիցիայի ավագ սերժանտ է…
Տիգրանն իջավ ձիուց, լկմանները հանեց բերանից, սանձը փաթաթեց վզին և ձին բաց թողեց գետափի կանաչուտում: Հեղինեն քաշվեց ուռենու ստվերի տակ, ժպտաց.
- Տեսնում ես, չէ՞, արևի վաննա եմ ընդունում:
- Բա որ արևահարվես:
- Արևահարվելուց չեմ վախենում: Ասում են՝ Խամուտում ոսկու հանք ես հայտնաբերել:
- Ոսկու հանք, արծաթի հանք, մոլիբդենի, պղնձի, երկաթի: Մարդդ է ասե՞լ:
- Լավ, լավ, դու մարդուս ե՞րբ ես մարդատեղ դրել, քո գործը շրջկոմի քարտուղարի հետ է:
- Խանումյանը խաղողագործությունից ի՞նչ է հասկանում:
- Ոչինչ, կսովորի,- Տիգրանը նստեց նրա կողքին:- Որ այդպես սիրուն-սիրուն թիկն ես տվել, չե՞ս վախենում:

- Ես մենակ քեզնից եմ վախենում:
- Ինձանից վախենում ես և եկել ես ճանապարհս փակե՞լ:
- Էլի վախենալուց: Տղայի անունն ի՞նչ ես դրել:
- Հովիկ, այսինքն՝ Հովհաննես: Հանգուցյալ հորս անունն է:
- Հովհաննես... Լավ անուն է: Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Այվազովսկի, Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Շիրազ… Այնպես կուզեի, որ մի Հովիկ էլ ես ունենայի:
- Երկուսն ունես: Կարող ես էլի ունենալ, ո՞վ է խանգարում:
- Այդ քաչալ աղվեսի՞ց:
- Նա ամուսինդ է:
- Ի՜նչ պտուղ ես, Տիգրան:
- Ի՞նչ պտուղ եմ:

- Դառն ես, ատամի տակ մնացող չես, կուլ չես գնա: Քաղցր- մեղցր չես: Ես զզվում եմ քաղցր-մեղցրներից: Ուշքդ Խամուտի վրա է:
- Սպասում եմ, Անդրանիկը տրակտորով հիմա կգա:
- Ուրեմն՝ որոշել ես:
- Միայն ես չեմ որոշում, վարչություն կա:
- Իսկ եթե վարչության նախագահը դե՞մ է:
- Չի անցնում, նա միայն մի ձայն է:
- Ավետիս Վանյանը կատաղած է, գիտե՞ս:
- Տեսնում եմ, տեղյակ ես:
- Այդ քաչալ աղվեսը մի երկու բաժակ որ խմում է, իր մոր սիրեկանների անուններն էլ է տալիս: Ես քեզ ինչո՞վ կարող եմ հյուրասիրել:
- Իսկ ի՞նչ ունես:

- Այնտեղ՝ աղբյուրի մեջ մի շիշ գինի եմ դրել:
- Աղբյուրի տեղն էլ գիտե՞ս:
- Քո տեղն իմացողն ինչո՞ւ աղբյուրի տեղը չիմանա:
Գինին մի քիչ տտիպ էր: Հեղինեն պայուսակից երկու կանաչ վարունգ հանեց, իր բաժակից մի քիչ խմեց ու նայեց թերատ բաժակին:
- Տիգրան, միևնույն է, ինձնից չես կարող փախչել:
- Հետագայի մասին մտածե՞լ ես:
- Չեմ ուզում մտածել, վախենում եմ: Գիտե՞ս, երբ առաջին անգամ հանդիպեցինք, դու ինձ համար միայն տղամարդ էիր: Հիմա ուրիշ է: Դու ինձ համար ամեն ինչ ես: Ինձ այնպես է թվում, թե կյանքում սիրում եմ առաջին անգամ: Ուրեմն՝ գնո՞ւմ ես,- Հեղինեն իր բաժակի գինին շրջեց ավազի վրա:- Չեմ պահի, գնա: Տես, ձիդ քեզ է սպասում: Խելոք ձի ունես: Անունն ի՞նչ է:
- Անունը ձի է: Ձի, արի, գնում ենք:

Ձին, գլուխը շարժելով, մոտեցավ, դունչը քսեց Տիգրանի ձեռքերին:
- Ձի՛, ա՛յ ձի, անունդ ի՞նչ է,- Հեղինեն շոյեց նրա ճերմակ բաշը:
- Անունս հավատարիմ ձի է,- ասաց Տիգրանը և թեթև ցատկեց թամբին:- Ձին ասում է՝ ես ուրիշներին մոտ չեմ թողնում: Նախագահ Շաբոյին երեք անգամ գլորել եմ: Ամեն մարդ կյանքում իր հավատարիմ ձին պիտի ունենա: Վայ նրան, ով աչքը գցեց ուրիշի ձիուն:- Հետո Տիգրանը ողջ ճանապարհին մտածում էր, որ դա չպիտի ասեր: Ճշմարտություն կա, որ չի կարելի բարձրաձայն ասել:
Զովությունը մնաց ձորում, գետի ջրերի մեջ, ուռենիների ճյուղերում, ջրվեժի խուլ վշշոցում, Հեղինեի կանաչ ու գերող աչքերի մեջ: Խամուտում տոթ է, արեգակը երկնքից կրակ է թափում, դաշտն ասես թոնրի նման հուրհրատում է։ Անդրանիկը տրակտորը կանգնեցրել թեղու շվաքում, ծխում էր։

Մոտորը հռնդաց, տրակտորի ծանր թրթուրների տակ ցաքի թուփը տափակվեց, կպավ գետնին։ Խոփը բռնեց հողը, չանգռոտեց ու ճանկեց, խրվեց, շուռ տվեց սև ու փխրուն ակոսը։ Պետունց Անդրին եկավ՝ ետևից Մուշեղ ապան։ Տրակտորը ծայրից ծայր երկու անգամ գնաց-եկավ, Անդրանիկը հանգցրեց մոտորն ու գլուխն օրորեց.
- Չի լինի, ընկերներ, այսպես չի լինի, էս անտեր տրակտորի միտքը ծռվել է, ասում է՝ տեղից չեմ շարժվի։
- Չէ, այդ քո միտքն է ծռվել,- ասաց Պետունց Անդրին,- ուզում ես ասել՝ էս գործը պիտի թրջենք։ Երեկոյան Տիգրանի հյուրն ենք։
Սևունց Մադաթ ամին եկավ լայն-լայն քայլերով, մի բուռ հող վերցրեց, տրորեց ափի մեջ, իբր թե նման գործերից շատ լավ գլուխ է հանում, ճանաչված մաճկալ է, կյանքն անց է կացրել հանդերում, գլուխը շարժեց՝ հողը ոչինչ, խոսք չունեմ, ասաց, հումուսը տեղն է, բայց որքան մտածում եմ՝ սա խաղողի հող չի։ Պետունց Անդրին էն գլխից չի սիրում Սևունց Մադաթին, ձեռ առավ. «Փիլիսոփա Մադաթ, դոկտոր Մադաթ, պրոֆեսոր Մադաթ, գուցե մեզ հասկացնես, խաղողի հողն ինչպե՞ս է լինում։ Այ մարդ, դու պահակությունից բացի, ուրիշ ի՞նչ գիտես»։

Իսկ երեկոյան Սիրանը տանը չէր։ Հարևան Աննա տատը, փեշը ձգելով եկավ, հոնքերն իրար տվեց, թոնթորաց.
- Երե՜սդ պարզ, Տիգրան տղա, կնիկդ երեխան առավ, գնաց հերանց տուն։ Բա լավ, չիմանա՞մ, թե էդ ի՞նչ սև կատու է անցել ձեր արանքով։
- Պառավ, այ պառավ, սև կատու չի, սպիտակ կատու է անցել,- ծիծաղեց Անդրին ու աչքով արեց Անդրանիկին:- Վայ թե սկի կատու էլ չի, ագին ծաղիկ աղվես է։
- Թողել գնացել է, հա՞,- Տիգրանը հերսոտվեց։- Ականջին ձայն է հասել, հա՞։ Տեսե՜ք, խռովել է շան աղջիկը, բա ո՞նց կլինի։ Ի՜նչ է, իրենը մոռացե՞լ է։ Թե՞ ինքը վերին բաղի ծաղիկն է, իրեն կարելի է, մեզ չի կարելի։

- Իսկական տղամարդ ես, խոսք չունեմ,- Պետունց Անդրին նախատող հայացքով նայեց նրան,- իբր էդ ի՞նչ խոսք է, որ ասացիր։ Դե լավ, մի՛ դիվոտվիր, ինքդ քեզ մի ձևիր, գնանք մեզ մոտ,- և որպեսզի անցուդարձողներն ուրիշ բան չկարծեն, խոսքը շուռ տվեց.- Մուշեղ ապա, ա՛յ քափուռ, ոնց որ պսակվելուց հետո ջահելացել ես։ Թե՞ աչքիս է երևում։
- Հա՜, բա ո՞նց, ոտքերիս վրա ոտք է բուսել,- Մուշեղ ապան շուտասելուկի պես վրա տվեց.- Ձեռքերիս վրա ձեռք է բուսել, հոնքիս վրա նոր հոնք է ավելացել։ Պետունց Անդրի, ես ծուռ մտքով չեմ պսակվել։ Հաշվե՞լ ես՝ քանի հազար տարվա մարդ եմ։ Ես քո պապի թայն եմ, այ տղա։ Էդ պսակվելը, Պետունց Անդրի, որ դու ես ասում, քո ասած պսակվելը չէ։ Էն՝ իմ առաջվա պսակվելը գնա՜ց։ Ասլունց Մուշեղն էլ էն ասլան Մուշեղը չի։

10.

Պատերազմից առաջ էր, գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը Բաղդասարի վրա քշեց. «Ասա տեսնեմ, ներկա էտապում դու ո՞վ ես, ի՞նչ էս ներկայացնում քեզնից»։ Բաղդասարը պատասխանեց. «Ես մեր բանվորա-գյուղացիական երկրի լիիրավ քաղաքացին եմ»։ Լիիրավ քաղաքացին, իհարկե, Բաղդասարի խելքի բանը չէր, ուսուցիչ Խորեն Աբաղյանից էր գալիս, բայց դա չխանգարեց, որ գյուղում նրան կոչեն լիիրավ քաղաքացի Բաղդասար: Խաղողի վազը Խամուտում դեռ նոր էին սկսել տնկել, այդ վազը արմատներ չէր ձգել, չէր բողբոջել, շիվեր չէր ձգել, բայց պահակ հարկավոր էր, որպեսզի անասունները չկոխկրտեն վազերը:
Բաղդասարին նշանակեցին պահակ և նոր անուն կպցրին՝ Խաղողայգու լիիրավ պահակ Բաղդասար։ Բաղդասարը և՛ պահակություն էր անում, և՛ վազեր էր տնկում, և՛ ցանկապատում էր այգին: Իր պարտականությունները գերազանց էր կատարում և ամիսը վաստակում 35 աշխօր։ Դա դուր չեկավ Խուլ Բարխուդարին, բռնեց նամակ գրեց վերադասին. «Քարաշենի կոլտնտեսությունում կարգ ու կանոն չկա, ստից պարտիզան Տիգրան Ավագյանը ստից այգեգործ է դառել, չնայած պետական պլանով խաղողայգի չի նախատեսված, բայց նա Խամուտի հրաշալի արոտավայրը ավերել է, վազեր տնկել, վրան ստից պահակ նշանակել ստից ճակատային Բաղդասար Մկրտչյանին, և հիմա էլ աշխօրներ է շռայլում ջրարխի վրա»։

Խուլ Բարխուդարի կինը՝ Էմման, գրագիտություն ունի, միջնակարգ է ավարտել, քանի՜ տարի է, հա՜, պայքարում է ակումբավարի պաշտոնի համար: Մի ժամանակ Էմման Սաքունց Երվանդի սիրուհին էր, հետո կպավ նախագահ Շաբոյին։ Ի՜նչ անենք, ղեկավար մարդ է, կնիկն էլ աննամուսի մեկն է, ո՞վ պիտի կպցնի նրա շալվարի կոճանները, տակաշորը լվա, մի բաժակ թեյ տա։
Խանումյանն ուզում էր Էմմային ակումբավար նշանակել, բայց գյուղում դեմ դուրս եկան՝ դրանից ինչ ակումբավար, ասացին, ջահելներին գլխից կհանի, ջահել աղջիկներին վատ օրինակ կծառայի, ջահել աղջիկների ու ջահել տղաների ծնողները կասեն՝ մեր երեխոցը ակումբ չենք թողնում, գնան Խուլ Բարխուդարի կապը կտրած Էմմայից ի՞նչ սովորեն։

Եվ ահա այն օրը, երբ Բարխուդարը պատրաստվում էր նամակ գրել կուլտուրայի բաժնի վարիչին, որ կուլտուրական աշխատանքները տապալված են գյուղում, Էմման նստեց ամուսնու կողքին, մի թուղթ ու գրիչ էլ ինքը վերցրեց, թե՝ քեզ մենակ չեմ թողնի, ա՛յ քառականջ դոդոշ, ես էլ պիտի սրանից դենը մատերիալ գրեմ։ Բարխուդարը խորհուրդ տվեց՝ դե որ ուզում ես ուժերդ այս ասպարեզում իսկապես փորձել, դու պիտի ունենաս քո թանաքամանը, քո թուղթը, քո գրիչը, քո սեփական մտքերը, բայց ոչ սեփական ձեռագիրը։ Էմման ամուր կպավ գործին՝ մի երեք օր մշակեց իր ձեռագիրը, չորս թե հինգ ձեռագիր փոխեց ու տարբեր ձեռագրերով, տարբեր անհայտ մարդկանց անուններով նամակ գրեց շրջգործկոմի նախագահին: «Քարաշենում ալան-թալան է, ազնիվ նախագահ ընկ. Շաբո Խանումյանին խանգարում են, չեն թողնում, որ մարդն իր գլխով աշխատի։ Ամենահայտնի խանգարիչները Տիգր. Ավագյանն ու Անդր. Օհանյանն են, իսկ նրանց արբանյակները առայժմ չորս հոգի են՝ Աղունի Ասրյան, Գալուս. Ադամյան, Անդրանի. Մելքումյան և Մուշեղ ապա։ Անկուսակցական, բայց հոգով ու սրտով կոմունիստ Բարխուդար Թարխանյանը շատ է բողոքել, սակայն այդ ազնիվ մարդու բողոքը մնացել է անպատասխան»։

Խուլ Բարխուդարի նամակը գնաց, հասավ մարզկոմ՝ գյուղատնտեսության բաժնի վարիչ Պայազատ Ներսիսյանին, Էմմայի նամակները՝ շրջգործկոմի նախագահ Ավետիս Վանյանին։ Պայազատ Ներսիսյանը զանգեց Վանյանին՝ Քարաշենից այսպիսի ահազանգներ ենք ստացել: Վանյանը շրջկենտրոնից, իր աշխատասենյակի հեռախոսից՝ չեմ թաքցնում, մենք էլ ենք ուժեղ ահազանգեր ստացել։ Սրանք հեռախոսով խելք-խելքի տվեցին, հեռախոսով ստեղծեցին հատուկ հանձնաժողով և հատուկ ավտոմեքենայով ուղարկեցին Քարաշեն։ Հատուկ հանձնաժողովը եկավ Քարաշեն, հանձնաժողովի նախագահ Արբակ Մովսեսովը հանձնաժողովի անդամներին հանձնարարություն տվեց՝ ամեն ի՞նչ ստուգել մազ առ մազ, ինքը նախագահ Շաբոյի հետ գնաց Ցուրտ աղբյուրում մի քիչ հանգստանալու։ Արբակ Մովսեսովը ուտող-խմող մարդ էր, մի կենացի վրա կես ժամ խոսում էր, «Դուն էն գլխեն» կլկլացնում, մի ոտանավոր արտասանում, մի անեկդոտ պատմում ու փիլիսոփայում. «Սա է մնում՝ այս զուլալ ջուրը, այս քյահրիբար օղին, այս օրհնված գինին, մեկ էլ՝ թե լավ կնիկ է հանդիպում ճանապարհիդ։ Աշխարհից ի՞նչ պիտի տանենք»։

Հատուկ հանձնաժողովը չորս օր մնաց գյուղում, երևի մի այդքան էլ մնար, բայց Պայազատ Ներսիսյանը զանգեց մարզկենտրոնից, չափազանց դժգոհ, թե՝ մինչև մի քանի րոպեն թող Մովսեսովը կապվի ինձ հետ՝ շատ խիստ կարևոր հարցով։ Արբակ Մովսեսովը գինով էր, չսպասեց իր շեֆի խոսքին, իսկույն զեկուցեց՝ Պայազատ Զախարիչ, ինչպես կարգադրել եք, այնպես էլ անում ենք։ Ի դեպ, կոլտնտեսության նախագահ Խանումյանն այստեղ մեղք չունի... Պայազատ Զախարիչն ուղղակի ճղճղաց՝ ի՞նչ ես դուրս տալիս, ես ի՞նչ եմ կարգադրել։ Մենք ձեզ ուղարկել ենք ոչ թե վազեր տնկելու համար մեղադրեք մարդկանց, այլ կատարած գործի որակը ստուգեք և մեզ զեկուցեք։
Հատուկ հանձնաժողովն իր գրոտած թղթերը պատառոտեց, երեկոյան թողեց Քարաշենը և նույն օրն էլ գյուղում Բարխուդարին նոր անուն կպցրին՝ Կլյաուզնիկ դոդոշ։ Պահակ Բաղդասարը ձորի գլխից նայեց, ձորի հատակում տեսավ մի մատնաչափ Բարխուդարին ու կանչեց. «Արա՜, Կլյաուզնիկ դոդոշ, ո՞վ է իրավունք տվել, որ ծմակը փչացնում ես»։ Բարխուդարը իբր չլսեց, ականջը դեմ արեց ու մռնգաց՝ հը՞: Պահակ Բաղդասարը գոռաց. «Զահուրմար, էդ ո՞ր փռոնտումն ես քառացել, ա՛յ նաստայաշչի Կլյաուզնիկ դոդոշ»։

Խաղողենու վերջին վազերը տնկվեցին, կոլտնտեսության նախագահ Խանումյանն առաջավորներին շնորհակալություն հայտնեց, նշեց, որ այդ գործում իրեն շատ լավ է դրսևորել բրիգադավար Տիգրան Ավագյանը։ Ժողովից հետո, երբ տուն էին վերադառնում, Պետունց Անդրին բռնեց Տիգրանի թևն ու հարցրեց.
- Իսկ ձեր խռովամիսը չի՞ վերջացել։ Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ: Վաղը կգնաս կնոջդ ետևից։
Տիգրանը ներս քաշեց ծխախոտի դառը ծուխն ու պատասխանեց.
- Գուցե գնամ ոտը պաչեմ, հը՞։ Գնամ ասեմ՝ շատ լավ ես արել, որ խռովել ես, դե հիմա արի հաշտվենք։
Պետունց Անդրին չպատասխանեց, քայլեց լուռ, բաժանվելիս, որ բարի գիշեր պիտի ասեր, ուրիշ բան ասաց.
- Տիգրան, դու քարտուղար ու բրիգադավար ես, չէ՞, ուրիշներին օրինակ պիտի ծառայես։ Դե լավ, գնա քնիր, ես իմն ասացի։

Սիրանի հերանց տունը գյուղի մյուս ծայրին էր։ Տիգրանը սկզբում ուզում էր գնալ ուշ երեկոյան, առանց աղմուկի հարցը լուծել՝ եթե քո հերանց տանը քեզ շատ լավ ես զգում, քեզ չեմ խանգարի և ետևիցդ կարմիր խնձոր չեմ ուղարկի: Ես քո ետևից չեմ եկել, քեզ չեմ կարոտել, երեխայի համար եմ եկել։ Մտածեց, որ դա իր կողմից լոպազություն կլինի, ձին տարավ ախոռ, քայլերն ուղղեց դեպի զոքանչի տունը։
Զոքանչը բուրդ էր ծեծում, փեսային տեսավ, դեմքը շուռ տվեց՝ աչքս լո՜ւյս, կնոջը միտն է գցել: Երևի գիշերները քունը չի տանում, եկել է:
- Սիրանը որտե՞ղ է,- Տիգրանը վառեց ծխախոտը:
- Սիրանն ինչի՞դ է,- դժկամ հարցրեց զոքանչը:
- Ասելիք ունեմ:
- Գիշերները քունդ չի տանո՞ւմ:
- Վատ երազներ եմ տեսնում:
- Էդ դեռ քիչ է քեզ:
- Զոքանչ, սա քո սարքած օյիններն են:

- Ինչ օյին: Օյինը դու ես սարքել: Մեկն ունես՝ հերիք է: Սիրանն ինչի՞դ է, նախագահի լրբից ձեռք ես քաշե՞լ:
- Զոքանչ, խնդրում եմ, կլյաուզա չանես:
- Բարխուդարը դու ես: Հլա տեսնո՞ւմ ես՝ զոքա՜նչ: Մոր տեղ մայր եմ, աղջիկ եմ պահել, մեծացրել,- և ճիպոտը բրդի վրա բերեց.- Անուն չունե՞մ, գոնե, անունս ասա, թե չէ՝ զոքանչ:
- Ոնց երևում է՝ կռվելու տրամադրություն ունես:
- Ես քեզ հետ ոչ մի կռիվ չունեմ:
Ներսից Հովիկը լսեց հոր ձայնը, տոտիկ-տոտիկ դուրս վազեց և ուրախ-ուրախ ճչաց. «Պապան էտել է, պապան էտել է...»: Տիգրանը գիրկն առավ որդուն, պաչպչեց տաք-տաք այտերն ու ասաց.
- Զոքանչ... Ներողություն, Արևհատ Աբգարովնա, ես երեխային տանում եմ:
- Տանո՞ւմ ես:
- Տանում եմ:
- Երեխան քո՞նն է, որ տանում ես:

- Ծննդյան վկայականում այսպես էլ գրված է՝ Ավագյան Հովհաննես Տիգրանի: Չե՞ս հավատում, կարող ես ստուգել:
- Բա էն մեկը:
- Ո՞ր մեկը:
- Էն որ պիտի ծնվի:
- Էն մեկն էլ դու կբերես: Սիրանը որտե՞ղ է:
- Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- Սիրանը երևաց դռների մեջ:- Ի՞նչ ես ուզում, կարոտե՞լ ես:
- Սիրան, թե երեխով չլինեիր, կողերդ մի լավ կջարդեի:
- Իսկ քո կողերը ջարդող չպիտի լինի՞:
- Իմ կողերն արդեն ջարդված են: Կգնամ մի անգամ էլ դանակի տակ ընկնեմ:
- Էլի բեկորը շարժվե՞լ է,- Սիրանը փափկեց, հիմա կարտասվի:
- Հա, բեկորը: Մեկը չի, էդ բեկորներին ավելացրու նաև քո բեկորը:
- Շատ է ցավո՞ւմ, Տիգրան:

- Էլի սիրտդ ծլծլա՞ց: Խոսք ունեիր, կարող էիր մեր տանն ինձ ասեիր: Մթամ որ ի՞նչ:
- Տիգրան, մեղավոր եմ, ինձ ծեծիր, ինձ սպանիր:
- Լավ, վերջ տուր:
- Ըհը, Լեյլի-Մեջնուն դառան,- Արևհատը բուրդը կոլոլեց կարպետի մեջ, եկավ կանգնեց աղջկա դիմաց:- Դու ոչ մի տեղ էլ չես գնա:
- Կգնամ, ա՛յ մեր, կգնամ, ես իմ տունն եմ գնում, ուրիշ տեղ չեմ գնում:
- Դու տուն չունես, տունը են լրբինն է, թող բերի պահի:
- Զոքանչ...
- Ես քեզ համար ի՞նչ զոքանչ եմ:
- Ներեղություն, Արևհատ Աբգարովնա, ուրիշների ընտանեկան գործերին խառնվելը լավ բան չի: Կինն՝ իմը, երեխան՝ իմը, տունն՝ իմը...

- Էդ հին ժամանակներում էր: Կուսակցական ես, բրիգադիր ես, կուսբջջի քարտուղար ես, պարտիզան ես, լեյտենանտ ես…
- Հլա շքանշան էլ ունեմ: Պրծա՞ր… Շարքային Սիրան Ավագյան, լսիր հրամանս. քայլով մա՛րշ դեպի մեր տուն: Արևհատ Աբգարովնա, շնորհակալ եմ քաղցր ձվածեղի համար:
Գյուղամիջով անցնելիս Տիգրանն իրեն այնպես էր պահում, կարծես քիչ առաջ զոքանչի տանը լավ կերել-խմել է, զոքանչի հետ քաղցր զրուցել և հիմա բարձր տրամադրությամբ տուն է գնում:
Տիգրանը մտածեց, որ այս ամենը եղել է երազում: Երազին ո՞վ է կարևորություն տալիս: Երազում թռչում ես, գիտես, որ սուտ է, հիմա կարթնանաս՝ ամեն ինչ կանցնի, բայց չես արթնանում, ուզում ես թռչել, թռչել... Բաղդասարը երազներին կարևորություն է տալիս:

Մի անգամ կինը՝ Սիրունը, ասել է՝ Բաղդասար, գիշերը երազ եմ տեսել, իբր դու թռչում ես: Բաղդասարը խիստ նեղացել է՝ ինչո՞ւ վեր չես կացրել, տեսնեմ ինչպես եմ թռչում: Ասում են՝ դա Պետունց Անդրու հնարածն է, բայց Բաղդասարը դա ժխտում է. Պետունց Անդրին մեր Սիրունի երազների հետ ի՞նչ գործ ունի:
- Քարերդ ծաղկեն, Քարաշեն,- Աննա տատը աղոթո՞ւմ էր, թե՞ օրհնանքի խոսք է ասում,- աշխարհը թող աշխարհին մնա, մեր էս դրախտ հանդերի ուրցի հոտն ինձ հերիք է, ուրիշ բան չեմ ուզում:
- Մեր Շաղասարը, Դովթալաբ սարը, Սևաձորը, Մուրսինի տափը, Մուղոզի ձորը, Կաղնուտը, Խամուտը,- Մուշեղ ապան մատները մեկ-մեկ ծալում է,- Քարաշենը սրանցով է Քարաշեն: Մեր Շաղասարի կատարին կանգնում եմ՝ աշխարհի հետ խոսում: Սրանով ենք մենք քարաշենցի:

- Խիղճդ մեռնի, Սիմոն Ամիրյան, խիղճդ պատանի մեջ դնեմ,- Մեհրի ազու անեծքները հեռվից են գալիս,- ձիաթափ դառնաս դու, ձեռքերդ կրծքիդ խաչեմ, կեծակը խփի քեզ, քո էդ Բերիայով դատարկ նստես, ոնց ես իմ Օհանեսով դատարկ նստեցի, էս շենի անունը ինչի՞ ես անպատիվ անում:
...Եվ Տիգրան Ավագյանի ներսում մի կատաղի կրակ է եռում, ասես մարմնից հեռացված բեկորները եկել ու նորից խուժել են ներս: Ութերորդ դասարանի աշակերտ Տիգրան Ավագյանը կանգնած էր աղբյուրի կողքին, Սիմոն Ամիրյանը երկարաճիտ սապոգները ճռճռացնելով մոտեցավ, բռնեց նրա ականջը, ոլորեց ու սև օձի նման ատամների արանքից ֆշշացրեց. «Հակայի տղա, ուզում ես կոմսոմոլի շարքերը մտնել, հա՞: Կգնաս քավթառ ազուդ ասես, որ հրաժարվում ես քո հակա հորից»: Մեհրի ազին Պետունց Անդրու ավագ քույրն է, Պետունց Անդրին եկավ, կանգնեց Սիմոն Ամիրյանի դիմաց ու գոռաց. «Ավազակ, դու ի՞նչ ես ուզում էդ երեխայից: Թե որ մի անգամ էլ բերանդ ցրիվ տվեցիր, էդ երկաթե ատամներդ մեկ-մեկ աքցանով կհանեմ ու ձեռքիդ մեջ շարեմ»:

Դա վաղուց է եղել, չես կարող չհիշել: Այդ հիշողությունը հիմա հարկավոր է, որպեսզի այլևս ոչ ոք չսխալվի:
- Ամա՜ն, էս քարաշենցիները,- սա էլ ասում է Ձորաշենից Քարաշեն մարդու եկած տրակտորիստ Երվանդի կինը, և նրա անեծքը անմեղ է, սկի այնքան էլ անեծք չի, և եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ գովք է Քարաշենի հասցեին.- Ոտս կոտրեր, էս շենը մարդու չգայի: Իմ թաղված հերս արեց, իմ կռապաշտ հերս արեց, ողորմի իրեն, փիս մարդ չէր: Կովը կթում եմ, ես գլխամեռ կեսուրս բայղուշի նման աչքերը պլշում է վրաս. Աղջի,- ասում է,- աղջի, այ հերամեռ, ի՞նչ ես կեփերդ բաց արել, բա դու սկի ամոթ չունե՞ս»: Ինձ ասում է՝ ամոթ չունես, ինքն իմ աչքի առաջ իմ տափու եկած պատրոնի ծոցն է մտնում: Բա էս Պետունց Անդրու լողվա թոռը՝ Վաղիկը. ուրեմն, սա էլ սիրահարվել է Պարգևի Ռոզա անունով քրոջը, սիրահարական նամակներ է գրում, փոստատարն էլ Մանասի մի պոզանի էծն է: Լակոտն ամեն իրիկուն սպասում է, հենց որ էծը հանդից գալիս է, նամակը թելով պոզից կապում է: Տերը մեռած էծն էլ սովորել է, Պետունց Անդրու թոռանը տեսնում է թե չէ՝ իսկույն մոտենում, պոզը դեմ է անում: Մի անգամ ասացի՝ արի տեսնեմ լակոտն ինչ նամակ է գրում, բռնեցի ու նամակը վերցրի: Ի՜նչ նամակ, թունդ սիրահարական, ոնց-որ կինոներում, կարդում ես, սիրտդ փառավորվում է, հոգիդ լցվում է... Էդ լոպազի նամակները դուրըս եկան, ամեն օր սպասում էի տերը մեռած էծին: Բայց լակոտը ոնց-որ գլխի էր ընկել, մի անգամ էլ նամակը ձեռքս ընկավ, բաց արի, վո՜ւյ մամա, ի՜նչ էր գրած, ի՜նչ էր գրած... Ով էս նամակը կարդա, էս էծի պոզը... Վո՜ւյ, բրիշակ դառնաս, Քարաշեն, ոտս կոտրեր, էս շենը մարդու չգայի: Թաղված հերս արեց, կռապաշտ հերս արեց, ողորմի իրեն:

- Դրախտուհի,- Երվանդը գոմի կողքին խոտ է դիզում, ականջի մեկը կնոջ ձայնին է.- Դրախտուհի, յանի քեզ ուզողներ են եղել՝ չե՞ս գնացել:
- Բա չե՞ն եղել:
- Էն քարը տեսնո՞ւմ ես: Չէ, էդ մեկը չի, կողքինը: Հա, էդ ղոչ քարը: Վերցրո՛ւ, ի՞նչ ես նայում:
- Վերցնեմ ի՞նչ անեմ:
- Ի՞նչ պիտի անես, բեր գլխովս տուր, այսինքն՝ քննադատության կարգով: Աղջի, ի՞նչ ես սուտ ասում, ինձանից բացի ախմախն ո՞վ է եղել, որ ձեր դուռը բացի: Հլա հերդ ո՜նց էր ձևեր թափում՝ աղջիկս հալա ըրեխա է, բերանիցը կաթնահոտ է գալիս… Ու կաթնահոտ բերանով համ հետս պռոշտի է անում, համ ստից լաց լինում:

Փողոցում թնդում է ծիծաղը, և ամենից բարձր ծիծաղում է խուլ Բարխուդարի Էմման: Էմման ո՞րն է, սիրամարգ ասա՝ զուգված, կոկված, թևին՝ ոսկյա ժամացույց, դոշին՝ ոսկե մեդալիոն, մատին՝ ոսկե մատանիներ, ականջին՝ ոսկե օղեր, բերանը՝ ոսկերչական խանութի ցուցափեղկ: Այնպես է ծիծաղում, որ Դրախտուհին կատաղի, պատառ-պատառ լինի: Զուգված-կոկված եկել, փողոցում կանգնել է, իբր ամուսնու ճանապարհն է պահում, իսկ ամուսինն արդեն տանը ոտը-ոտին գցած, առաջավոր բանջարաբույծների մասին նյութ է գրում: Բրիգադավար Անդրանիկին դուր չի գալիս Էմմայի լախռահաչ ծիծաղը, քաշում է ձիու սանձն ու հարցնում.
- Ներողություն, ընկեր Էմմա, էդ դո՞ւ ես:
- Ի՞նչ է, չճանաչեցի՞ր,- Էմման կոտրատվում է, ասես պորտապարը բռնել է, ջանի վրա ցրիվ է գալիս:

- Կարծեցի՝ ոսկու մագազին ես: Աղջի, էդ ինչի՞ ես զուգվել:
- Իրավունք չունե՞մ:
- Մի ասա տեսնեմ՝ ինչի՞ ես սերմազտիչը կանգնեցրել:
- Ես ձեզ համար մեխանիկ չեմ: Խանգարեցիր, չթողեցիր ակումբավար աշխատեմ, հիմա էլ նախագահն իր լրբին է մանկապարտեզի վարիչ նշանակել:
- Բերանդ ցրիվ չտաս, ես քեզ համար Շաբո Խանումյանը չեմ, վրադ երկու ֆլակոն «Կրասնի Մոսկվա» ես շաղ տվել, եկել հոպոպի նման գեղամիջում տնկվել: Եթե վաղն աշխատանքի դուրս չեկար, ես քեզ հետ ուրիշ լեզվով պիտի խոսեմ:
- Մթամ ի՞նչ պիտի անես:
- Ի՞նչ պիտի անեմ, աննամուս մարդուդ փոխարեն ե՛ս պիտի կողերդ մի լավ ջարդեմ:

Բարխուդարի լաչառ Էմման անպայման մի բան պիտի աներ, որ վառված սիրտը հովանար. ներքևի թաղից տվեց վերին թաղին, վերին թաղից չափ ընկավ, իրեն տվեց շենամեջին. շենամիջում մարդ չկար, որ սրտի մաղձը վրան թափեր, չափարի տակին մի շուն էր թազնած, կռացավ, մի քար ճանկեց, շպրտեց շան վրա՝ տերդ թաղեմ, բա ինչի՞ ես փախչում, գիտես, հա՞, որ բռնեմ, մեծ պատառդ ականջդ եմ թողնելու,- շունը փախավ, հեռվից ղնջմնջաց, ատամ ցույց տվեց, Էմման ուշադրություն չդարձրեց, տուն պիտի գնար, Բարուց մահլեյում հանդիպեց Դրախտուհուն, թևերը կանթեց կողին ու սկսեց.
- Աղջի, այ մարդամեռ, այ հերամեռ, ես շուն եմ, է՜, տերը թաղած ավչարկա շներից եմ, էն որ հոտից ճանաչում է մարդուն: Դու որ մահակը ձեռքդ ես վերցնում, ես տեղնուտեղը հասկանում եմ, թե ում մեջքին պիտի իջեցնես: Որ մեր քառականջ Բարխուդարը ճմլկոտում է, իսկույն հասկանում եմ, թե ջանն ինչ հիվանդություն է գցելու, որ գործի չգնա: Էն ձիաթափ, կնկաթափ դառած Խանումյանը հենց որ աչքը աչքիս է գցում, տեղնուտեղը գլխի եմ ընկնում մտքինը, ասում եմ՝ իշտահդ քացախով, ընկեր Շաբո, էն վաղ էր, որ էշը կաղ էր, գնա ճիպոտդ քոլիցդ կտրիր: Աղջի, Դրախտուհի ես, թե Դժոխքուհի ես, չգիտեմ ինչ զահուրմար ես, էն ղանջղ շներից եմ, ճանապարհիս չկանգնես, իմ կծածին դեղ ու դարման չկա: Միտդ է, էն որ հերու քո պատրոնն ու Սևունց Մադաթն իրար բողազից բռնեցին, և քո պատրոնը ջանը վեր կալավ, ջանը տափովը տվեց, մթամ՝ ուշքից գնաց: Ես որտեղի՞ց իմանայի, որ քավթառը աղվեսություն է անում. ասացի՝ գնամ ուշքի բերեմ: Կուլան ձեռքիս վազեցի, չոքեցի կողքին, ու էդ ղուզղունը աչքը բացի ու ի՞նչ ասի՝ աղջի, քեզանից խռով չեմ, ի՞նչ ես եկել, շեքդ ետ տարել, պատկերքս քաշո՞ւմ ես: Սա քո քավթառ պատրոնն ասաց: Կնկամեռ, տղամեռ, հարսամեռ պատրոնը: Ես հիմա Շաբո Խանումյանին քո պատրոնին, մեր քառականջ Բարխուդին բաց թողնեմ, քեզ բռնե՞մ. ընկեր Դրախտուհի, էդ ինչի՞ մանկապարտեզում ինձ չընդունեցին, քեզ ընդունեցին: Դու կնյազ Կուտուզովի թո՞ռն ես, թե՞ Մելիք Շահնազարի կնիկը: Յանի դու ձորաշենցի էն Մազրանի աղջիկը չե՞ս, որ սաղ կյանքումդ կարկատած տրուսիկ էիր հագնում: Չէ, դու ինձ հետ չչափվես, իմ մետաքսե տակաշորերը մարդդ իր աչքովն է տեսել: Մերդ Սաթենը չի՞, էն որ թերմուսը թեյով լցնում, դնում է սառնարանում, իբր թե՝ տաք մնա: Աղջի, ես ղանջղ շուն եմ, է՜, չմոտենաս, իմ կծածին դեղ ու դարման չկա:

Դրախտուհին լսեց ու համբերեց, հոնքը չշարժեց, աչքի պոչով շուրջը տնտղեց, տեսավ մարդ չկա, տղամարդու նման առաջ մղվեց, ձախով բռնեց, ոլորեց լաչառի ձեռքը, աջով տվեց դրա քթին, այտին, ծնոտին, հոնքամիջին: Տղամարդու նման էր խփում ու տղամարդու նման էլ հայհոյում՝ լաչառ, հայասըզ, շան փորից եկած, ես քո ծնողը...
Ու երբ տեսավ ղանջղ շնից ղանջղ չի մնացել, հալից ընկել, հոտից ետ ընկած թազի է դառել, մի ապտակ էլ շրխկացրեց ու հարցրեց.
- Ընկեր Էմմա, հիմա քվի՞տ, թե՞ ոսկորներդ դեռ չեն դինջացել:

11.

Վազը բողբոջ էր գցել, բողբոջը պայթեց՝ կանաչ ու վարդագույն, ընձյուղվեց, բռնեց հենասյունից, որ ուժ հավաքի, փաթաթվի ծայրից-ծայր ձգված մետաղե լարերին։ Ջրարխը ծունկ տվեց թեղուտի կավոտ յառունդներով, ձորի վրայով ձգվեց ջրախողովակի երկաթե ցատկով, էլի ծունկ տվեց, էլի ձգվեց: Տարվա այն ժամանակն էր, երբ հանդերից մեղրահոտ էր գալիս, շուրջբոլորը մեղուների բզզոց էր, պարս էր մեղուների, ուրցի թանձր բուրմունքը լուծվել էր զրնգուն ու թափանցիկ օդի մեջ, իսկ ձորում ջրվեժն էր ճչում լաչառ։ Ջուրը հոսեց գլոր-գլոր, խշրտաց ջրախողովակի մեջ, փրփրեց, եկավ պղտոր փրփուրը բերանին: Մուշեղ ապան շեք արեց արխի վրա, ասաց. «Այ ջուր, բարով եկար, ոտնագալուստդ բարի լինի, այ ջուր։ Էնքան ապրեմ, որ աչքովս տեսնեմ թփին ճութը ճթին նստած, առաջին տարվա խաղողի գինուց մի գավաթ խմեմ, ասեմ՝ ուխա՜յ, սիրտս հովացավ, հիմա որ մեռնեմ՝ դարդս չի։ Որ մեռնեմ, այ ժողովուրդ, էս խաղողից մի ճյուղ կբերեք, տնկեք գերեզմանիս, որ արմատներից բռնեմ ու հարցնեմ՝ խաղողենի, այ խաղողենի, մեր Քարաշենում ի՞նչ կա, ի՞նչ լուր ես բերել մեր հանդ ու ձորից»։ Սալբի ազին գոգնոցի տուտը տարավ դեպի աչքերը, երեխայի պես պռոշ արեց. «Հերիք է, ա գլխամեռ, հերիք է, սիրտս կտոր-կտոր արեցիր»։

Ջրարխի երկայնքով կանգնած դպրոցականները «ուռա» կանչեցին, մի աղջիկ երգեց զրնգուն ու զիլ. «Ջրանցքով ջուր է գալիս, վարար, մաքուր է գալիս»։ Բայց նրա ձայնը խեղդվեց աղմուկի մեջ, որովհետև այդ հանդիսավոր պահին տրակտորիստ Անդրանիկի լակոտը, որի տղա կամ աղջիկ լինելը դժվար է որոշել, քրքջալով նետվեց արխի մեջ։ Պետունց Անդրին կռացավ, բռնեց շապկի փեշից, ճվճվացող լակոտին դրեց արխի կողքին, որ չորանա ու հարցրեց.
- Լակոտ, ո՞ւմ աղջիկն ես։
Լակոտն աղջիկ չէր, տղա էր, և տարավ-բերեց թե՝
- Քեռի, բա դու ո՞ւմ կնիկն ես։
- Ա՛յ թե տվեց, հա՜,- ծիծաղեց Պետունց Անդրին:- Անդրանիկ, էս սորտից քանի՞ հատ ունես։
- Անդրի ապա, վերջին տվյալներով՝ վեց հատ: Մեր Նոյեմը խոսք է տվել էս անգամ էլ զույգ բերել, որ դառնա ութը: Ես էլ իմ հերթին պարտավորվել եմ այդ թիվը հասցնել տասնմեկի, ստեղծել ֆուտբոլի թիմ, իսկ Մուշեղ ապուն էլ հասարակական կարգով մարզիչ նշանակել: Մուշեղ ապա, համաձա՞յն ես:

- Աչքիս վրա, պատրաստ եմ: Խոսք չունեմ, լավ կնիկ ունես: Ոնց-որ տարին երկու անգամ է երեխա բերում:
- Չէ, Պարգևի Զարիկի նման,- Անդրանիկը նայեց Նոյեմի կողքին ատամները բաց կանգնած Զարիկին, աչքով արեց:- Տնաշենի կնիկ, լենքդ ես հաստացնում, էլ չես ասում՝ մարդս մեղք է, գիշեր-ցերեկ է անում, տանջվում… Երեխեք են, էլի, թող ծնվեն: Չի ուզում ֆասոնից ընկնել:
Քարաշենցին քարաշենցու կատակը սրտին մոտ չի ընդունում, իսկ եթե մեկը քիթը կախում է, ասում են՝ ի՞նչ ես քացախ խմած աղվեսի նման թթվել, դու քարաշենցի՞ ես, թե՞ սարաշենցի:

Եվ դա պիտի լիներ ու եղավ. Բաղդասարը ձորի գլխից կանչեց. «Բարխուդա՜ր, այ քառ դոդոշ,- գիտեր, որ ձորում Բարխուդար չկա, Բարխուդարը հրե՜ն, Ծաղկուտում ցախ է կտրում։- Կնկա արևով երդում ուտող Բարխուդար, ասում էիր, թե ջուրը Խամուտ հասնի՝ քիթս կկտրեմ, խոսքիդ տե՞րն ես»։
Բարխուդարը հիմա էլ Ծաղկուտում չլսեց ու քթի տակ հայհոյեց Բաղդասարին. «Իբր թե մարդ է, բանակից նամակ է գրել, թե՝ գրեցեք տեսնեմ կռիվը պրծե՞լ է, որ գամ։ Ինձ ինչ՝ ջուրը հասել է, թող Շաբո Խանումյանը դարդոտվի, Տիգրան Ավագյանը դամկա է գնում»։
Ջուրը շփշփաց ջրավազանի մեջ, Անդրանիկի լեզվանի լակոտը հիմա էլ ուզեց իրեն տալ ջրավազանին, հայրը բռնեց մեջքից, գնդակի պես նետեց կնոջ կողմը.
- Լակոտդ բռնի՛ր։
Նոյեմը բռնեց երեխային, այտը պաչեց ու ասաց.
- Կտեսնես, Անդրանիկ, նավաստի է դառնալու, ջուր է տեսնում թե չէ՝ ուշքից գնում է։

- Դեպի ցեղդ է քաշել, էլի,- ասաց,- ձեր ցեղում բոլորն էլ նավաստիներ են, որտեղ մի գյոլ են տեսնում, մեջն են թափվում։
Հեռվում մի ձիավոր երևաց, ձին մոտեցավ, բերանի փրփուրը շաղ տալով կանգնեց ջրավազանի կողքին, ֆերմայի վարիչ Արսենը ձգվեց թամբին ու խոսեց.
- Լավ, այ ժողովուրդ, ենթադրենք կոլտնտեսության վարչության նախագահ Խանումյանը դիմել է, թե՝ ինձ ազատեցեք աշխատանքից, բա քարտուղարը որտե՞ղ է։ Ախր, առանց միտինգի ո՞նց կլինի։
- Տիգրանը պառկած է հիվանդանոցում,- պատասխանեց Պետունց Անդրին,- ասում են՝ պիտի վիրահատեն։ Միտինգը համարում եմ բացված։ Խոսք ունի ֆերմայի վարիչ Արսեն Հայրապետյանը։
- Աչքդ ինձ տեսա՞վ,- Արսենն իջավ ձիուց։- Դե որ ասում եք, դեմ չեմ։ Սա նշանավոր օր է, ընկեր քարաշենցիներ։ Էս նշանավոր օրը մենք պիտի միշտ հիշենք։ Շեն կենաք, տարին առատ լինի, բերքը՝ բոլ։ Դե, էլ ի՞նչ ասեմ, էսքանն էլ հերիք է։ Միտինգը համարենք ավարտված։

12.

Այդ օրը, երբ շրջկոմի առաջին քարտուղար Վահան Գասպարյանը հիվանդանոցում զրուցում էր Տիգրան Ավագյանի հետ, Շաբո Խանումյանը գործերը հանձնեց կոլտնտեսության նախագահին ժամանակավոր փոխարինող Անդրանիկ Մելքումյանին, փշրված տրամադրությամբ գնաց տուն։ Հեղինեն տանը չէր, Խանումյանն ինքն իր մեջ հերսոտվեց. ուրախացել է լիրբը, գնացել է շնորհավորելու Տիգրանին։ Իհարկե, կուրախանա, արդեն քանի ամիս է, ականջներիս միսն ուտում է՝ քանի խայտառակաբար չեն վտարել, ետևիցդ դույլ չեն կախել, դիմում գրիր՝ ազատվիր, այս ժողովուրդը մեղք է։ Աչքերդ մի պլշիր, անասնաբույժ կաշխատես: Ասացի՝ դիմում կգրեմ՝ կազատվեմ, դե գնանք մեր ամուսնությունը օրինականացնենք:

Ձեռ առավ՝ հո տաքության մեջ չե՞ս, Շաբո Խանումյան։ Իմ աոաջին հիմարությունն այն է եղել, որ կապվել եմ քեզ հետ, երկրորդ հիմարությունս՝ որ մի տեղ աշխատանքի չեմ տեղավորվել։ Այդ երկու հիմարություններն առանց այն էլ վրաս ծանր են նստել, ինչո՞ւ դիմեմ երրորդին։ Իսկ դու ինչո՞ւ ես ուզում, որ մենք օրինական ամուսիններ լինենք։ Երևի ականջիդ ձայն է հասել՝ ոսկի ունեմ։ Ես դրանք, Շաբո Խանումյան, ինքս իմ ձեռքով վաղուց եմ հանձնել պետությանը։ Իսկ եթե ուզում ես օրինական կին ունենալ, քեզ չեմ խանգարում, ճանապարհդ բաց է։
Խանումյանը կեսքուն, կեսարթուն էր, Խուլ Բարխուդարը եկավ։ Թո՛ւ, աներես շանորդի, դուռն էլ չի ծեծում, ոնց որ իրենց տունը լինի։ Ուրեմն, նորություն ունի հայտնելու։ Տեսնես հիմա ումից է գրել։
- Ներողություն, ընկեր Խանումյան, կարծեմ քնած էիր։ Կարելի՞ է։

«Մութլախ-մութլախի տղա, որ քնած եմ, ինչո՞ւ ես քունս խանգարում։ Սա խո՞ւլ է, թե՞ ձևացնում է»։
- Կարելի է, Բարխուդար,- «Ես քո երկերեսանի հերն եմ անիծել»։- Տո՜, ի՞նչ ես տնկվել, հո վրաս պատվո պահակ չես։ Դեռ չեմ մեռել: Որ մեռնեմ, էն ժամանակ թևդ մի սև փալաս կկապես, մի սև փալաս էլ կնկանդ թևը կկապես, երկուսով կգաք, վրաս պատվո պահակ կանգնեք։
- Ես բարի գործով եմ եկել, ընկեր Խանումյան։ Դու ինչո՞ւ պիտի մեռնես, թող քո թշնամիները մեռնեն։
- Հա՜, բարի գործով: Քեզ լսում եմ, Բարխուդար։
- Ընկեր Խանումյան, դու քո կամքո՞վն ես նախագահությունից ազատվել, թե՞ իրենք են խախտել դեմոկրատական ցենտրալիզմը։
- Էդ դեմոկրատական ցենտրալիզմը որտեղի՞ց գտար,- Խանումյանը խոսում է ձեռ առնելու նման, իսկ Բարխուդարը կամ դա չի զգում, կամ էլ զգում՝ նշանակություն չի տալիս։- Քեզ համար մեկ չի՞, թե ինչպես եմ ազատվել։

- «Պրավդա»-ին նամակ եմ գրում։
- Շա՞տ չես բարձրից բռնում,- Խանումյանը սարկաստիկ ծիծաղեց։
- Սրանց վերևներով պիտի խեղդել, ընկեր Խանումյան։ Մի նամակ էլ գյուղատնտեսության մինիստրին եմ գրելու։
- Հա, շատ էլ լավ կանես, գյուղատնտեսության մինիստրը կարդալու բան չունի, քո նամակին է սպասում։
- Ես շատ լուրջ բան եմ ասում, ընկեր Խանումյան, շրջկոմի առաջին քարտուղարը և Տիգրան Ավագյանը մոտիկ ընկերներ են։
- Իբր թե նորություն ասաց։
- Ավագյանի պապը քահանա է եղել։
- Իմ պապն էլ կաթողիկոս է եղել։

- Դու վերջը լսիր, ընկեր Խանումյան. Տիգրանի հայրը՝ Հովհաննես Ավագյանը, հակա է եղել: Փաստեր ունեմ, ընկեր Խանումյան, զորավոր փաստեր։ Հովհաննես Ավագյանը եղել է Զարդաշենի կոլտնտեսության նախագահը, վերադասի որոշումները չի կատարել, ծռել է կուսակցության լինյան, թե՝ մեզ մոտ իբր հացահատիկը լավ չի աճում, խաղողայգիներ եմ գցում: Մեր սոցիալիստական պլատֆորմին ծուռ է նայել։ Տիգրան Ավագյանն այսօր իր հակա հոր գործն է շարունակում։
- Բարխուդար, դու այդ բաները որտեղի՞ց գիտես,- և մտքում՝ «Ավազակ, թաղած մեռել լինի, կհանես հողի տակից»։
- Ասացի չէ՞, ընկեր Խանումյան, ուժեղ փաստեր ունեմ,- ծոցագրպանից հանեց գունաթափ ու քրքրված, սոսնձով կցմցված մի լրագիր ու թափահարեց.- Էստեղ, էս գազեթում, ամեն ինչ գրված է։ Կտանեմ ուղիղ շրջգործկոմի նախագահ ընկեր Ավետիս Վանյանի մոտ, կասեմ՝ ընկեր շրջգործկոմի նախագահ, սա համ թոկ է, համ թուր է: Գործը քոնն է, ուզում ես Տիգրան Ավագյանին թրով մորթիր, ուզում ես՝ թոկով կախիր։

- Կեցցես, Բարխուդար,- Խանումյանը նրա ձեռքից վերցրեց լրագիրը, կարդաց մտքում, բութ մատը ցցեց,- զորավոր փաստեր են, Բարխուդար։- Իսկ մտքում շարունակեց. «Խուլ չախկալ, հարյուր տարվա մեռելներին էլ չես հանգիստ թողնում»։- Բարխուդար, այդ գլուխը, որ քոնն է... - ուզում էր ասել՝ դեռ գլուխներ կուտես, գլխակեր ղուզղուն, բայց միտքը փոխեց,- էդ գլուխը, որ քոնն է, պետությանը դեռ շատ օգուտներ կբերես։
- Ես ամեն ինչ օրենքով եմ անում, ընկեր Խանումյան,- գրպանից մի շիշ հանեց, դրեց սեղանին:- Բա էս ազիզ օրը չնշե՞նք։
- Նշենք, Բարխուդար, նշենք։- Իսկ մտքում. «Քո ավազակ հերն անիծած, Բարխուդար: Թե ես մի զիբիլ չեմ, դու ինձանից անց ես»։

Հետո Բարխուդարը խմեց Խանումյանի կենացը, Խանումյանն էլ խմեց Բարխուդարի կենացը, երրորդ բաժակի մեջ տեղավորեցին երկուսի կենացները, չորրորդը գործի հաջողության կենացն էր, հինգերորդը՝ լավ ղեկավարների, վեցերորդը խմեցին հենց այնպես, յոթերորդի վրա Խանումյանն այն միտքը հայտնեց, որ աշխարհում հավատարիմ կին չի լինում։ Բարխուդարը ներողամտաբար ժպտաց ու չհամաձայնվեց.
- Բա մեր Էմման ի՞նչ պակաս հավատարիմ կնիկ է, ընկեր Խանումով։
Խանումյանը հարբած-հարբած ձեռքը թափ տվեց.
- Մի լիրբ էլ ձեր Էմման է։ Որ նախագահ էի, ոտքերս էգ շան նման կոխ էր տալիս, հիմա բեղից ընկած բրինձ եմ, վայ թե բարև էլ չտա։
Բարխուդարը նորից խուլ էր, չլսեց, ելավ տեղից, գրպանից հանեց գունաթափ լրագիրը։

Հաջորդ օրը Բարխուդար Թարխանյանը գնաց շրջգործկոմի նախագահի մոտ, ցույց տվեց քրքրված լրագիրն ու ասաց. «Ես իմն արեցի, ընկեր Վանյան, հիմա էլ դուք ձեր գործը տեսեք: Վերցրու կարդա»։
Ոչ, ընկեր Վանյանը մինչև վերջ չկարդաց այդ խունացած ու բորբոսնած հոդվածը։ Դրությունը փոխվել է, անցել են այդ ժամանակները։ Դու խուլ ես, Թարխանյան Բարխուդար, չես լսում։ Դե, էլ ի՞նչ ես ուզում, գնա ապրիր քո բախտավոր խլությամբ։ Սակայն Բարխուդարն այնքան էլ խուլ չէր, հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, և նույն օրը մի նամակ գրեց խմբագրությանը, Շաբո Խանումյանին մեղադրեց հարբեցողության, գողության, անբարոյականության մեջ և վերջում ավելացրեց, որ քարաշենցիներն անհուն ցնծությամբ ու մեծ ոգևորությամբ կոլտնտեսության նախագահ ընտրեցին հերոս պարտիզան Տիգրան Ավագյանին։

13.

Քարաշենցիները ծնվում են բանաստեղծ, մեծանում են բանաստեղծ, բայց այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենք իսկապես բանաստեղծ են։ Բանաստեղծությունները նրանց մեջ ծնվում են շատ սովորական մտքերի պես, և քանի որ թղթին չեն հանձնվում, անխիղճ խմբագիրների անխիղճ գրչի տակ չեն ընկնում, չեն տպագրվում, գրքեր չեն դառնում, ոչ մեկի մտքովը չի անցնում, որ ինքը բանաստեղծ է։ Մտքեր են, ծնվում ու կորչում են։ Չէ, սկի էլ չեն կորչում, բանջարանոցներում ռեհանի, մաղադանոսի, սամիթի, կոտեմի, գինձի ածուներ են դառնում։ Բա դրանից լավ գրքե՞ր։ Հո անշնորհք բանաստեղծների գրքերի նման չպիտի գունաթափվեն գրախանութների ցուցափեղկերում։

Մադաթ ամու Սանասար անունով ժուռնալիստ տղան երբ ամռանը գյուղ է գալիս հանգստանալու, բժշկուհի կնոջն ասում է. «Արգենտինա Աղաբեկովնա, տեսնո՞ւմ ես, թե մեր գեղացիներն իրենց բոստաններում ինչ բանաստեղծություններ ու պոեմներ են ստեղծում: Հապա մի նայիր՝ ռեհանի ածուները ոնց որ պոեմի քառյակներ լինեն, լոբու արխերը գազելներ են, սամիթի ու գինձի ածուները տրիոլետներ ու սոնետներ, գազարի լաքերը՝ արձակ բանաստեղծություններ»։ Արգենտինա Աղաբեկովնան ամուսնուց երևի մի հինգ-վեց տարով մեծ է, Հերսիկ ազու հաշվով՝ ինը-տասը, իսկ Մադաթ ամու արտահայտությամբ՝ այ շան տղա, քաղաքում ուրիշ աղջիկ չգտա՞ր, որ էդ բրդաճանճի հետ պսակվեցիր։ Իսկ Արգենտինա Աղաբեկովնային Քարաշենը դուր չի գալիս, քարաշենցիներին տանել չի կարողանում, ասում է. «Գռեհիկ չոբաններ են, էթիկա չունեն, պատառաքաղով մածուն եմ ուտում, չտեսների նման վրաս ծիծաղում են»։

Դպրոցի դիրեկտոր Խորեն Աբաղյանը նման պահերին խիստ ոգևորվում, շարունակում է. «Այդ կանաչին, է՜,- ասում է,- այդ կանաչին թողնո՞ւմ է, որ Քարաշենից մի գիտուն մարդ դուրս գա։ Երեխան աչքը բացում է՝ բահ է տեսնում, չափար է տեսնում, թրիք է տեսնում, լաքեր է տեսնում, արխեր է տեսնում, կանաչու կողովներ է տեսնում»։
Մուշեղ ապան սպասում է, որ Խորեն Աբաղյանն իր խոսքը վերջացնի, և ձայն է խնդրում ու խոսում. «Ներողություն կանես, ընկեր Աբաղյան, թոռանս՝ Արամ Սահակիչին գիտե՞ս։ Հիմա, քո կարծիքով, նա գիտուն մարդ չի՞։ Մեր Պետունց Անդրին ումի՞ց է պակաս, քսան ինջիների խելք ունի։ Կամ թե չէ՝ մեր Տիգրանը: Էդ Տիգրանը չէ՞ր, որ ֆաշիստ պոլկովնիկին հինդի հոխ արեց, ջվալը կոխեց և տարավ հանձնեց գեներալին։ Հլա մի բանաստեղծ էլ ունենք, հրեն Ձորաշենի երեխոցը ֆիզկուլտուրա է սովորեցնում: Արարատ Հովունցն, էլի, չգիտե՞ս»։

Իսկ Հովունցն իսկապես բանաստեղծ է, և քանի որ բանաստեղծ է, երկար մազեր է պահում, ֆիզկուլտուրայի ժամերին սիրահարական ոտանավորներ է կարդում, սիրահարվում է բարձր դասարանների աշակերտուհիներին։ Եվ մաթեմատիկայի ուսուցիչ Արտուշա Ղավալյանը, գնաց բողոքեց լուսբաժվարին, լուսբաժվարը կանչեց Արարատ Հովունցին, Մակարենկոյից, Ջեկ Լոնդոնից, Դոբրոլյուբովից մի քանի ցիտատներ մեջբերեց ու ասաց. «Ահա հրամանը, վաղվանից աշխատում ես ձեր գյուղի դպրոցում, միայն մի պայմանով՝ ֆիզկուլտուրայի ժամերին այլևս սիրահարական ոտանավորներ չկարդաս»։
Արարատ Հովունցը եկավ Քարաշեն, մի քանի սիրահարական ոտանավորներ նվիրեց ռուսաց լեզվի ուսուցչուհի ընկեր Նորա Զեյնալյանին, հետը պսակվեց ու սկսեց պիեսներ գրել։ Ճիշտ է, նա դրամատուրգ չդարձավ, բայց ներկայացումներ բեմադրեց, Սարո խաղաց, Սեյրան, Պեպո, Մելիք աղա խաղաց, գնաց մարզային ստուգատեսում առաջին մրցանակ շահեց ու թերթին հոդված գրեց. «Քարաշենը կարգին ակումբ չունի, եղածն էլ ակումբ չի, մի ճկռած խրճիթ է, բեմն էլ բեմ չի, մի քանի լոփա տախտակ է։ Երիտասարդությանը հոգևոր սնունդ է հարկավոր...»:

Հոդվածը տպվեց թերթում, դրվեց քննարկման, շրջգործկոմի նախագահ Վանյանը հենց սկզբից էլ հարցը ծռեց. «Սրտներդ թատրոն է ուզո՞ւմ, իմ սիրտն էլ Բաղդադի խուրմա է ուզում: Ի՜նչ է, միջոցները թափվա՞ծ են, որ ձեզ համար ակումբ կառուցենք։ Խաղողայգի եք գցել, ձեռքիցը կրակ ընկել, հիմա էլ ակումբ եք ուզում: Չէ, ընկերներ, եկեք ոտքներս մեր վերմակի չափով մեկնենք»։
Տիգրան Ավագյանը կարծես շրջգործկոմի նախագահի խոսքը չէր լսել, և շրջգործկոմի նախագահն էլ ոնց-որ չէր խոսել։
- Ակումբի կառուցման հարցը դեռ շատ վաղուց է հասունացել,- ասաց նա,- մեզ իսկապես նոր ակումբ է հարկավոր, և մենք այն կկառուցենք մեր ուժերով ու միջոցներով։
Վանյանը որոշեց ցույց տալ իր փշերը.
- Ընկեր Ավագյան, պատերազմը վաղուց է վերջացել, բայց դուք էլի ձեր պարտիզանական գործունեությունն եք ծավալում: Դուք մոռանում եք, որ գոյություն ունի շրջանային գործադիր կոմիտե։

- Իսկ եթե շրջանային գործադիր կոմիտեն չի կարողանում օգնել, լավ կլինի, որ մեզ չխանգարի,- պատասխանեց,- մեզ նոր ակումբ է հարկավոր, և մենք այն կկառուցենք։
Վանյանը քանի որ տաքացել էր, պլթպլթաց ու եռաց, ծառս-ծառս եղավ, աջ ու ձախ ընկավ, հետո նայեց ժամացույցին, ասաց՝ կարևոր խորհրդակցություն ունենք, ես ուշանում եմ։ Նա շտապ ու գործնական քայլերն ուղղեց դեպի բակում կանգնած ավտոմեքենան, դեմը կանգնեց Խանումյանը, թե՝ ի՜նչ անենք, որ հիմա հասարակ անասնաբույժ եմ, աշխարհը հո չի կործանվի, որ մտնես մեր տուն, մի բաժակ թեյ խմես։

Շաբո Խանումյանն ինչի՞ մասին էր այդքան խոսում։ Խմում ու խոսում էր։ Խոսում ու խմում էր։ Իր հարցում շրջկոմը սխալվել է, շրջկոմի առաջին քարտուղարը շատ է երես տալիս այդ Ավագյանին: Հեղինեն չէր խառնվում, կանգնել մի կողմ՝ չգիտես լսո՞ւմ էր, թե՞ միտքն ուրիշ տեղ էր։ Վանյանը նույնպես խմում, գլխով հավանություն էր տալիս Խանումյանին, բայց աչքը Հեղինեի վրա էր։ Խոսիր, Շաբո Խանումյան, ասում էր մտքում, դու հիմա հարբել ես, ես էլ հարբելու վրա եմ: Ես քեզ համար չեմ եկել տունդ, դու ինձ հարկավոր չես։ Բայց ես զարմանում եմ, թե այս սիրուն, ջահել կնիկն ինչպես է քեզ հետ նույն մահճակալին պառկում։ Վայ, քո հերն անիծած, Շաբո Խանումյան, սիրուն կնիկ ունես, բայց գլխումդ խելք չկա։ Խանումյանն էլի խոսեց, գլուխն ուսերին այլևս չէր կարողանում պահել, նստեց բազմոցին, թեքվեց մի կողմի վրա ու քնեց։

Վանյանի դիմաց Հեղինեն էր՝ լուրջ ու գեղեցիկ։ Ուզեց բռնել ձեռքը, Հեղինեն ետ քաշվեց։ Սա կնկա նազուտուզ է,- մտածեց Վանյանը,- մուկուկատու ենք խաղում,- ու մոտեցավ, Հեղինեն նորից ետ քաշվեց ու ասաց.
- Դու հարբած ես։
- Մեղքը քոնն է, դու ես ինձ հարբեցրել։
- Մեքենադ դրսում սպասում է, ընկեր շրջգործկոմի նախագահ։
- Թող սպասի, մեքենան իմն է, պիտի սպասի։
- Խորհրդակցությունից չե՞ս ուշանում։
- Ի՞նչ խորհրդակցություն։ Ես ոչ մի խորհրդակցությունից չեմ ուշանում: Ես կգիշերեմ այստեղ։
- Դու այստեղ չես գիշերի:
- Այդ պարտիզանին պինդ ես կպել:
- Նա քեզնից շատ է բարձր:
- Ինչո՞վ է բարձր:

- Հետևիցս քարշ չի գալիս:
- Ուրեմն՝ դո՞ւ ես նրա հետևից քարշ գալիս:
- Դա ինչո՞ւ է քեզ հետաքրքրում:
- Ցավալի է, Հեղինե:
- Ի՞նչն է ցավալի: Քեզ կին է հարկավոր՝ գնա ուրիշ տեղ կին փնտրիր: Լավ կլինի այս փալասին էլ հետդ տանես,- ցույց տվեց բազմոցին կիսաթեք մեկնված ամուսնուն:
- Հեղինե, ինձ այդ փալասի հետ մի՛ համեմատիր:
- Բայց դու նրանից ինչո՞վ ես լավ:
Վանյանը գինով էր, հատ-հատ քայլեր գցելով, մոտեցավ, ինչպես գայլը կմոտենար իր զոհին: Հեղինեն դանդաղ շարժվեց հետ, բացեց ննջասենյակի դուռը։ Վանյանի դեմքին երևաց հաղթողի լկտի ու սանձարձակ ժպիտը. հիմա կգրկի նրան, կքաշի դեպի մահճակալը, բայց... կայծկլտացին նրա աչքերը, և ծանր ու շառաչուն ապտակն իջավ Վանյանի դեմքին.
- Ա՛ռ քեզ, սրիկա։
Նա բռնեց դեմքը, նույն պահին դուռը փակվեց երեսին։

Իսկ շրջկոմում իսկապես խորհրդակցություն կար, քարտուղարուհին ասաց, որ Գասպարյանը հարցրել է իրեն։ Վանյանը մտածեց՝ գնա՞լ, թե՞ չգնալ, և որոշեց գնալ։ Խորհրդակցությունը երևի վաղուց էր սկսվել, գինեգործարանի դիրեկտորի ելույթը վերջինն էր։ Վանյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ հարց էր քննարկվում, գինեգործարանի դիրեկտորի ելույթից համարյա ոչինչ չհասկացավ։ Գասպարյանն ասաց. եթե հարցեր չկան, ազատ եք։ Վանյանն ուզում էր հեռանալ աննկատ, բայց քարտուղարը պահեց նրան.
- Ընկեր Վանյան, դուք մնացեք,- վառեց ծխախոտը, բայց չծխեց, ճզմեց մոխրամանի մեջ։- Դե, ինչպե՞ս վերջացավ այդ ակումբի հարցը։
- Դա շատ դժվար խնդիր է, Վահան Արամիչ,- Վանյանը թևերը տարածեց անզոր,- նոր ակումբ կառուցելու համար նախ հարկավոր է նախագիծ, ամենակարևորը՝ միջոցներ։ Մենք որտեղի՞ց վերցնենք այդ միջոցները։ Դե, ենթադրենք ուզում են կառուցել իրենց ուժերով...
- Պարզ է,- այդ «պարզը», Վանյանի համար այնքան էլ պարզ չէր։

Գասպարյանը շեղակի նայեց նրան։
- Դուք եղա՞ք նրանց խաղողայգում, ասում են՝ վազերը լավ բռնել են։
- Վահան Արամիչ, ժամանակ չկար, զանգեցին, թե՝ շրջկոմում խորհրդակցություն կա։
- Բայց խորհրդակցությունից ուշացաք: Ոչինչ, դա ներելի է,- քարտուղարը ժպտաց, բայց դա այն ժպիտը չէր, որ կարող է լավ բան խոստանալ, և այդպես էլ եղավ։- Այդ ի՞նչ է, ընկեր Վանյան, այտդ ոնց որ ուռել է։ Երևի ատամդ է ցավում։
- Այո, ատամս,- Վանյանը ձեռքը տարավ դեպի այտը։
- Հիվանդ ատամը պիտի հեռացնել։ Եվ, ընդհանրապես, ընկեր Վանյան, խորհուրդ եմ տալիս այդ Քարաշենում մի քիչ զգույշ լինել։
- Ի՞նչ տեսակետից, Վահան Արամիչ,- դա անզգուշորեն թռավ Վանյանի բերանից։
- Որպեսզի չվերադառնաք ուռած այտով։

14.

Քանի դեռ ակումբի կառուցման գործը լավ էր գնում, խոսք ու զրույց չկար։ Խոսք-զրույցը հետո սկսվեց։ Եղավ հանդիսավոր բացում, ելույթներ եղան, այն տպավորությունը ստեղծվեց, որ եթե քարաշենցիներն ուզեն, կարող են այդպիսի մի չորս ակումբ էլ կառուցել, մեկը թատրոնի համար, մեկը՝ կինոյի, մեկը՝ համերգների, մեկն էլ մի ուրիշ բանի համար։ Բա լավ, ֆինբաժնում նստած ընկերներն ինչի՞ համար են պետությունից աշխատավարձ ստանում, այդքան համրիչներն ինչի՞ են չխկչխկում նրանց մատների տակ, ֆինբաժվար Հայկասար Փարսադանովիչն ինչի՞ համար է ֆինանսական կարգապահության և օրենքների պահպանման մասին այդքան ճառեր ասում: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ Փարսադանովիչը, օրենքի դերն ու ոգին շատ լավ հասկացող մարդը, վաղուց ատամ ուներ քարաշենցիների, և առանձնապես՝ կոլտնտեսության հաշվապահի ու նախագահի վրա։ Տղայի հարսանքի նախօրյակին էր, զանգեց Քարաշեն՝ գլխավոր հաշվապահին, կարդաց իր ձեռքով գրած ցուցակը. «Քառասուն կիլո կանաչ լոբի, վաթսուն կիլոգրամ պոմիդոր, վաթսուն վարունգ, հիսուն փունջ սոխ, հիսուն գինձ, քառասուն թարխուն, քսանհինգ ռեհան...»:

Իսկ հաշվապահ Սանթուր Հարությունյանն հեռախոսագծի մյուս կողմից թե՝ «Հայկասար Փարսադանովիչ, այդ ո՞վ է մեռել, գուցե մենք էլ թերթում ցավակցություն հայտնենք»։ Փարսադանովիչն իրեն շատ վատ զգաց. «Ի՞նչ ես դուրս տալիս, այ մարդ, տղայիս եմ պսակում... Երեսուն թև հավ, քառասուն փունջ կոտեմ, երեսուն մաղադանոս, քսան սամիթ, երեսունհինգ կիլոգրամ պղպեղ»։
Սանթուր Հարությունյանը կոպեկ-կոպեկի ետևից համրիչի տակ տվեց, ստացավ մի ընդհանուր գումար, զանգեց ֆինբաժվարին՝ Հայկասար Փարսադանովիչ, մթերքները դուրս են գրվել, մնում է ձեզ՝ մեր ընթացիկ հաշիվը մտցնել... Փարսադանովիչի մազերը բիզ-բիզ կանգնեցին, և ղեկավարի իրավունքով չարացավ. «Ա՛յ մարդ,- ասաց,- ա՛յ ընկեր, դա հո տնաքանդություն է, բա ամո՞թ չեք անում, որ ղեկավար մարմիններից էլ եք փող պոկում։ Վախենում եք մի քանի փունջ սոխ ու կոտեմով ձեր կոլխոզը քանդվի՞։ Բայց ոչինչ, փողը կմուծեմ, սակայն, լավ իմացեք, ձեր գործը մի անգամ էլ ինձ կընկնի։ Ցիգաններ եք, է՜, մաքուր ցիգաններ եք, կոպեկի համար հոգի եք տալիս։ Ցիգան եք, չարչի եք, թալանչի եք, ժադնի եք, մի խոսքով՝ լավ ժողովուրդ չեք»։

Հայկասար Փարսադանովիչի ուղարկած ֆինանսիստները օրենքներով զինված եկան, ամեն մեկի թևի տակ մի հաստափոր գիրք կար ու մի թղթապանակ, թղթապանակներում՝ քաղվածքներ ինչ-որ որոշումներից ու հրահանգներից։ Եկան ու գրոհեցին, և այդ պահին ամեն մեկի մեջ մի-մի օրենսգետ էր նստած, մի դիպլոմատ ու քաղաքագետ էր նստած, մի հռետոր ու փաստաբան էր նստած։ Նախ և առաջ՝ ի՞նչ որոշման համաձայն է կառուցվել այս ակումբը։ Ներեցեք, վարչության որոշումը մեզ համար օրենք չի. կա շրջգործկոմ, շրջգործկոմը ֆինբաժին ունի, ֆինբաժինը վարիչ ունի, հո ալան-թալան չի, աշխարհս մորեխի բաժին չի դառել։ Հիմա դառնանք գործնականին՝ այս քարը, կիրը, ցեմենտը, գաջը, ավազը, թիթեղը, տախտակը, սյուները, ապակին ինչպե՞ս և որտեղի՞ց եք գնել։ Քանի՞ հազար ռուբլի է ծախսվել պատերը շարելու վրա։ Ովքե՞ր են եղել այդ վարպետները, ի՞նչ պայմանագիր եք կնքել նրանց հետ, ովքե՞ր են հաստատել այդ պայմանագիրը։ Օհո՜, այս ի՞նչ եք արել, այ ընկերներ, այս ի՞նչ եք արել, սա մաքուր դատական գործ է։ Ապօրինի կերպով, առանց վերադասի հետ հաշվի նստելու, ակումբ եք կառուցել, հերիք չի, այդքան միջոցներն էլ քամուն եք տվել։ Ավագ ֆինանսիստը ժամանակ չկորցրեց, զանգեց շրջկենտրոն. «Հայկասար Փարսադանովիչ, քաոս է, այն էլ ինչպիսի՜ քաոս, ֆինանսական օրենքների կոպիտ խախտումներ, միջոցների աներևակայելի շռայլումներ… Սա դատական գործ է, Հայկասար Փարսադանովիչ, այս գործի վրա շատերը կգնան»։ Հայկասար Փարսադանովիչը իսկապես աշխուժացավ. «Բա ես ձեզ ի՞նչ էի ասում, ի՞նչ էի ասում։ Այդ կանաչի ուտողներին ես նոր չեմ ճանաչում, ուղտն իր գյոզռակով կուլ կտան։ Դրանք կուլ տվողներ են, կուլ կտան։ Հիմա համոզվեցիք, չէ՞»։

Կարգ է, Հայկասար Փարսադանովիչը ստուգման արդյունքների մասին հայտնեց շրջգործկոմի նախագահին, շրջգործկոմի նախագահը լսեց և ուսերը շարժեց.
- Հայկասար Փարսադանովիչ, դե որ դատական գործ է, ես ի՞նչ կարող եմ անել, վարվեցեք այնպես, ինչպես հարմար եք գտնում և ինչպես պահանջում է օրենքը։ Ի դեպ, կոլտնտեսության նախագահի հետ խոսե՞լ եք, նա ինչպե՞ս է բացատրում այդ ալան-թալանը։
Հայկասար Փարսադանովիչը ձեռքը թափ տվեց.
- Սկի թողե՞ց, որ բերան բացենք, ասաց՝ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։

Դատարանում գտնվեցին օրենքի տառակերներ, սրանք էլ իրենց հերթին ակտիվացան, շուռ ու մուռ տվեցին օրենսգրքերը, բայց հանկարծ հիշեցին, որ Քարաշենի կոլտնտեսության նախագահը հերոս պարտիզան է, հո Կարմիր աստղի շքանշաններն ու մեդալները դոշից կախած չի գալու մեղադրյալի աթոռին նստի, և որոշեցին խորհրդակցել մարզդատախազի հետ։ Մարզդատախազը կանչեց իր իրավաբաններին ու մարզֆինբաժնի վարիչին, սրանք մի երկու օր ծանոթացան գործին, և Հայկասար Փարսադանովիչի ստեղծած ձնագունդը փլվեց, ցրիվ եկավ, հալվեց գնաց։ Մարզֆինբաժնի վարիչն իր հերթին կանչեց Հայկասար Փարսադանովիչին ու հարցրեց.
- Փարսադանովիչ, թոշակի անցնելու մասին չե՞ս մտածում։

Որովհետև հարցը շատ էր անսպասելի, Հայկասար Փարսադանովիչը չռեց աչքերն ու չհավատաց ականջներին։ Շեֆը հարցը նորից կրկնեց.
- Ասում եմ՝ թոշակի անցնելու մասին չե՞ս մտածում։
- Սամվել Մինասիչ, ես ձեզ լավ չհասկացա։
- Փարսադանովիչ, դու ինձ շատ լավ հասկացար։ Քարաշենի այդ շիլան դու ես եփել, չէ՞։
- Սամվել Մինասիչ, բայց մենք ստուգել ենք օրենքով և...
- Լավ, հերիք է,- ընդհատեց շեֆը,- դու մոռացել ես նաև մի շատ կարևոր բան՝ հարու տալու համար պոզերը դեռ քիչ են, խելք է հարկավոր, խե՛լք։ Քո ասած այդ ֆինանսական խախտումները կատարվել են հենց քո ուղեղի մեջ։ Մարդիկ իրենց միջոցներով ու ուժերով ակումբ են կառուցել, իսկ դու, Փարսադանովիչ, ֆինանսական շանտաժ ես սարքել։

15.

Գալիքում մաքուր խղճով ապրելու համար հարկավոր է ունենալ մաքուր անցյալ։ Նա, ով չի կարողանում տեսնել անցած ճանապարհի իր թողած ոտնահետքերը, նրա համար առաջ նայելը շատ դժվար կլինի։ Գրականության ուսուցիչ Գրիգոր Հանեսյանը նաև այն միտքը հայտնեց, որ առջևից քայլողը պարտավոր է միշտ առաջ նայել, միայն առաջ, հակառակ դեպքում՝ կարող է հետևից գնացողներին ակամայից տանել սխալ ճանապարհով։
Առաջին անգամ չէ, որ ընկեր Հանեսյանը նման զրույցներով ու դասախոսություններով հանդես է գալիս ակումբում, և այդ ոչ միայն նրա համար, որ «Գիտելիք» ընկերության անդամ է, աշխատում է դիսերտացիայի վրա. մարդը պարզապես սիրում է իր գործը, ոգևորվում է, երիտասարդների հետ հաճախակի է այս կամ այն հարցի շուրջ վիճաբանության մեջ մտնում: Գրիգոր Հանեսյանն ամուրի է, նրա ունեցած-չունեցածը մի մահճակալ է, մի գրասեղան և գրքեր։ Նա այնպես է խոսում սիրո ու ընտանիքի մասին, որ Պետունց Անդրին կատակով ասում է՝ կարծես էդ տնաշենը բան ու գործ չի ունեցել, մի գլուխ սիրահարվել ու պսակվել է, սիրահարվել ու պսակվել է։

Հեղինեն առաջին անգամ է լինում գյուղի ակումբում, և հիմա ինքն էլ է զարմանում, թե ինչպես է այդքան ժամանակ կտրվել կյանքից։ Այո, դա հենց կյանքն է, մարդիկ հարցեր են տալիս զեկուցողին, վիճում, հայտնում իրենց կարծիքը։ Գալիքում մաքուր խղճով ապրելու համար հարկավոր է մաքուր անցյալ ունենալ: Հեղինեին թվաց, թե Հանեսյանն այդ միտքն ասաց՝ նկատի առնելով հենց իրեն: Որ դու, ահա, տիկին Հեղինե, մաքուր անցյալ չես ունեցել, ապրել ես թռի-վռի, սիրել ես թռի-վռի, չես ունեցել հիմնական նպատակ, մնացել ես միշտ քո կաղապարի մեջ։ Իսկ Արարատ Հովունցն այդ միտքը լրացրեց իր կրակոտ բանաստեղծությամբ։
Հեղինեն այդ օրը ծանոթացավ ռուսաց լեզվի ուսուցչուհի Նորա Զեյնալյանի հետ: Բարձրահասակ, գեղեցիկ ու ժպտադեմ այդ կինը, որ ծնվել է քաղաքում, այնպես է սովորել գյուղին, կարծես քաղաքի աղջիկ չէ, հենց հիմա կարող է բահը ձեռքն առնել, ռեհանի ածուները պատրաստել: «Կարևորն այն չէ, թե որտեղ ես ապրում,- ասում է Նորա Զեյնալյանը,- այլ այն, թե ինչով և ինչպես ես ապրում։ Նպատակն է կարևոր։ Առանց նպատակի մարդ ինչպե՞ս կարող է ապրել»։

Հեղինեն գիտեր, որ այդ ուշ ժամին գրասենյակում Տիգրանը մենակ է, աստիճաններով դանդաղ բարձրացավ, զգուշորեն բացեց դուռը։ Տիգրանը կանգնած էր պատուհանի մոտ, շրջվեց, կարծես իրեն էր սպասում։
- Հեղինե, լավ արիր, որ եկար,- ընդառաջ գնաց,- ես քեզ հետ լուրջ զրույց ունեմ։ Չէ, գաղտնիք չէ։ Նստիր։
- Ես այնտեղ՝ ակումբում էի,- Հեղինեն դա ասաց կարծես արդարանալու համար,- ընկեր Հանեսյանը հետաքրքիր դասախոսություն կարդաց։
- Ուրեմն, եկել ես լուսավորված,- կատակեց Տիգրանը։- Հարկավոր է հաճախակի լինել ակումբում։ Եվ ոչ միայն ակումբում, ամեն տեղ։ Մենակությունը բոլոր դեպքերում տխուր է։ Հեղինե, գյուղում մանկապարտեզ ենք բացում։ Մեզ հարկավոր է մանկապարտեզի վարիչ։

- Սպասիր ինձ հավաքեմ: Դու այդ լուրջ ես ասո՞ւմ։
- Տեսնում ես, չեմ կատակում։
- Բայց, Տիգրան...
- Ասա, լսում եմ։
- Այսպես ապրել հնարավոր չէ: Դու իմ աչքերը բացել ես: Ես վաղուց կհեռանայի, բայց ինձ պահեց… Դու էլ գիտես՝ քո սերը։ Ինձ թվաց, թե քիչ առաջ Հանեսյանի խոսքերն ինձ են վերաբերում՝ գալիքում մաքուր ապրելու համար, հարկավոր է ունենալ մաքուր անցյալ: Ես չունեմ այդ մաքուր անցյալը։ Ամբողջ կյանքում կույր եմ ապրել, և հիմա ուզում եմ աչքերս բացել, բայց վախենում եմ ուժեղ լույսից լրիվ կուրանալ։ Սովոր չեմ։
- Մուշեղ ապան մեր երկուսից քանի՞ տարով է մեծ։ Իմ ու քո տարիքին գումարիր նաև մի տասնհինգ տարի։ Նա արդեն խաղողի հեկտարներ ունի։ Ուշ չէ, Հեղինե, աչքերիցդ հանիր սև ակնոցը։

16.

Հուլիսին Խանումյանը գնացել էր Մուղոզի կողմերը՝ եզների դաբաղը բուժելու, վերադարձին հանդիպեց Ձորաշենի ոչխարապահական ֆերմայի վարիչ Բագրատ Բարությանին։ Այս Բագրատը օձի լեզու բանեցրեց.
- Վա՜յ, Շաբո, ա՛յ մարդ, որքա՜ն ժամանակ է, հա՜, չես երևում։ Մեր սարերը, մեր ձորերը, մեր ուրթերը, մեր աղբյուրները քոնն են։ Ոտիդ տակին մի չաղլիկ թոխլի եմ մորթում, խորովածը՝ ջոկ, խաշլաման՝ ջոկ, արաղն էլ, դե արաղ չի, դրախտահավի կաթ է։ Ես ձեր ֆերմայի վարիչ Արսենը չեմ, ես Բագրատ Բարությանն եմ։ Ուզո՞ւմ ես տղաներին ուղարկեմ կխտարի, թե չուղարկեմ, անունս փոխում ես՝ Արսեն դնում։
Խանումյանն ուզում էր ասել՝ մտքինդ ասա, ի՞նչ ես լեզու թափում, ես էլ գիտեմ, որ դու ձորաշենցի Բագրատ Բարությանն ես, ձեր անասնաբույժին այնքան եք զզվեցրել, թողել գնացել է։ Հիմա Սզնուտում է աշխատում։ Բագրատը հին աֆերիստ է, երեք անգամ դատի տակ է ընկել և արդարացել, նա քաղցր լեզվով Խանումյանին իջեցրեց ձիուց, սանձը տվեց կողքին թիկնապահի պես կանգնած հովիվներից մեկին ու կարգադրեց.
- Թամբը վեր կալ, բխովիր, Սեռուտի էն մախմուր խոտը թող արածի, մեղք է անասունը, փորը մեջքին է կպել։ Հա, էն թողլին էլ քո հալալ ձեռքով մորթիր, խորովածը՝ ջոկ, խաշլաման՝ ջոկ, տղաներից մեկին ուղարկիր, թող Արտեմին իմ կողմից, իմ անունից ասի՝ մի չեթվեր էն քահրիբար գինուց ուղարկի։

Ճանապարհը դիք էր, Բագրատը Խանումյանի թևն ընկավ, բայց քաշողն ինքը չէր, Խանումյանն էր քաշում նրան, ինչպես մի լուծի փելա եզը կքաշեր իր ղալբ լուծընկերոջը:
- Միտդ է, չէ՞, էն որ դու Ձորաշենում նախագահ էիր, ես՝ բրիգադիր։ Կարգապահություն կար, հարգ ու պատիվ կար. չէ, հիմիկվա նման։ Մեր էն գյադային երևի գիտես, թողեց գնաց, թե ես ձեզ մոտ անասնաբույժ չեմ աշխատում։ Գնաց շան տղան և էս օյինն էլ մեր գլխին եկավ՝ ոչխարի անկում եղավ, մարդ ուղարկեցի մեր մութրուբ նախագահի հետևից, սա թե՝ գամ ի՞նչ անեմ, սատկած ոչխարներին հոգի փչե՞մ, թե՞ դուխովոյ օրկեստր բերեմ՝ մեռելի հավա զրմփացնեն։ Բա ի՞նչ անենք, այ ընկեր նախագահ, թե՝ ի՞նչ պիտի անեք, մի անասնաբույժ գտեք, ակտից-մակտից սարքեցեք։
Խանումյանը հիմա հասկացավ, թե Բագրատն ինչու է այդքան ձևեր թափում և, ընդհանրապես, ոչխարի ոչ մի անկում էլ չի եղել, բայց ցույց տվեց, որ հավատում է ու մտավ խաղի մեջ։

- է՜, լավ, Բագրատ, որ ձեր նախագահը չեկավ հոգի փչելու, ես ի՞նչ կարող եմ անել։ Քանի՞ գլուխ է։
- Քսանչորս թե քսանհինգ։ Էնտեղ է, այ էն յառունդներումը թաղել ենք։ Ակտը պատրաստ է, անասնաբույժի ստորագրությունն է պակասում։
- Առանց ախտորոշման ակտ չի լինում։
- Ախտորոշման տեղը բաց ենք թողել, մի բան կգրես։
- Դե լավ, տղաներին ասա՝ թող մի երկու հատ հանեն, որ ստուգեմ, ամեն ինչ օրենքով լինի։
- Այ մարդ, սոված փորով գործ չեն բռնում, էդ անտերները հո չե՞ն համբարձվելու,- ու կանչեց.- Հրանտի՜կ, աղբյուրի կողքին, էն կանաչուտումն ենք նստելու, պակաս բան չլինի։
Պակաս բան չկար՝ խորովածը, խաշլաման, պանիրը, յուղը, լավաշը, օղին, գինին… Խանումյանը լավ ախորժակ ուներ, բայց քանի որ մտել էր խաղի մեջ, չմոտեցավ սփռոցին։ Ավազակ, ասաց մտքում, ուզում է էժան պրծնել, կարծես չգիտեմ, որ ոչ մի անկում էլ չի եղել, ոչխարը ծախսել է, փողը դրել գրպանում ու լեզու է բանեցնում։
- Բագրատ, ախպոր պես, մի բան հարցնեմ։

Բագրատն աղվես էր, հասկացավ, բայց պոչը խոր թաղեց։
- Այսինքն՝ ի՞նչ։
- Քեզ անհասկացողի տեղ մի դիր։ Էժան չե՞ս պրծնում։
- Խանումյան Շաբոյին ճանաչողը կարո՞ղ է էժան պրծնել։ Որքա՜ն ես ուզում։
- Դո՛ւ ասա։
- Երեք ոչխարի գինը քոնն է։
- Ինձ ձեռ առնելու համար ես ճանապարհից գցե՞լ։
- Չորսը հերիք է։
- Վե՛ցը, Բագրատ։
- Չո՛րսը, Շաբո:
- Գնա քեզ համար ուրիշ անասնաբույժ գտիր, ես գնացի:
- Յա՜, յա՜, ախպերությունդ մինչև էդտե՞ղ է։ Հիմա թող ոչ քո ասածը լինի, ոչ էլ իմը՝ հինգը հերիք է։

- Վե՛ցը։
- Վեցը մի ստորագրության համար շատ չի՞։
- Կնիքը մոռացել ես։
- Դե որ կնիքը ձեռքիս լիներ, ստորագրությունդ ինչի՞ս է պետք։ Նստիր տեսնենք։ Հրանտիկ, էն ակտը բեր։
- Ակտը չի փախչում,- Խանումյանը նստեց սփռոցի կողքին, ոտքերը մեկնեց:- Հաշիվներս փակենք, որ կերածներս մարսվի։
- Վախենում ես բկիդ մնա՞։
- Բագրատ, չես փոխվել, էլի են ավազակն ես։
- Իբր դու փոխվե՞լ ես,- ծիծաղեց Բագրատը,- մեր հալից ընկած բուղաները ո՞նց տարար ձեր կոլխոզում շվեյցարսկի պարոդների տեղ սաղացրիր։ Լավ, մինչև որ չպոկես՝ չես զխկվի: Փակենք, ախպեր ջան, փակենք մեր հաշիվները։

Խանումյանը փողերը դրեց գրպանում, կարդաց ակտը, ստորագրեց, կնքեց ու վերցրեց բաժակը.
- Բագրատ, մեր գործի հաջողության կենացը։
Արսենը գնացել էր գյուղից քարաղ բերելու, եկավ երեկոյան, տեսավ կերած-խմած Խանումյանին, հիշեց. «Հա, ընկեր Խանումյան, գիտես, չէ՞, կոլխոզի վարչությունը որոշել է կնկանդ նշանակել մանկապարտեզի վարիչ»։
Օձը կծածին քուն կգար, Խանումյանի աչքին քուն չեկավ։ Սիրտը վառվում էր, վեր կացավ, թանով լի կուլան գլխին քաշեց, խմեց, էլի սիրտը չհովացավ, դուրս եկավ վրանից, որ դեմքը մի քիչ քամի թակի, գիշերվա լռության մեջ սկսեց հայհոյել՝ լի՜րբ, լի՜րբ, ա՛յ լիրբ, մտքինդ կարծում ես՝ չգիտե՞մ։ Ատամներս հաշվել ես, որովհետև տակիս էլ աթոռ չկա, ձիս յաբու է, ղամշուս կոթը փետից է, խոսքս ուժ չունի, կնկա եսիր եմ, նամուսս տվել եմ շներին, շները չեն կերել, իրենց շնային լեզվով ասել են՝ յա՛խկ, սա լափելու բան չի, մեջը խաշու չկա:

Ու տրտնջալով գնաց պառկեց։ Արսենը հորանջեց. «Խանումյան Շաբո, յանի էդ անտերից քիչ խմիր, էլի, քիչ խմիր, էնքան ես խմել, որ սպիրտի հոտից ես էլ եմ հարբում»։
Առավոտյան ցուրտ էր, խոտերին ցող էր նստել։ Խանումյանը թամբեց ձին, նստեց ու խթանեց։ Ես Շաբո Խանումյանը չլինեմ, թե դրա հերը չանիծեմ։ Լիրբը մանկապարտեզի վարիչ է դառել, որ նախագահ Տիգրանին ավելի մոտ լինի։ Ինձ էլ մարդատեղ չի դնում, չի ասում՝ որքան չլինի, շանորդին էլի մարդս է, հետը խորհրդակցեմ։
Հեղինեն տանն էր, սկի չնայեց էլ ամուսնու կողմը։ Խանումյանը սարերի բույրը թողել սարերում, իր հետ յոդի, սպիրտի, մանգանի ու չգիտես էլ ինչ հոտեր էր բերել: Հոգնած ընկավ բազմոցին, հորանջեց.
- Տեսնում ես, չէ՞, որ եկել եմ։
- Հետո ի՞նչ՝ եկել ես։

- Ի՜նչ կա, հիմա էլ մանկապարտեզի վարիչ ես, կոլխոզի գրասենյակից դուրս չես գալիս։
- Քեզ ի՜նչ, եղած-չեղածդ հավաքիր, տեղափոխվիր էն կողքի սենյակը։
- Էդ է՞լ է վարչությունը որոշել։
- Դա իմ որոշումն է։
- Վարչության նախագահը համաձա՞յն է։
- Խնդրում եմ չզզվեցնես։
- Ավագյան Տիգրանը պաշտոնս խլեց՝ սիրտը չհովացավ, ինձ սար ու ձոր գցեց՝ էլի սիրտը չհովացավ, հիմա էլ կնկանս է ձեռքիցս խլում: Ուրեմն՝ նա ընտանիքս քայքայի, ես կուլ տա՞մ։
- Դու ընտանիք չես ունեցել և հիմա էլ չունես։
- Լսիր, Հեղինե,- Խանումյանի գոռոզ կեցվածքն անհետացավ,- Հեղինե, գուցե ես մի քիչ կոպիտ ասացի, ներողություն եմ խնդրում։

- Ախր, ինչո՞ւ ես ներողություն խնդրում,- Հեղինեն դա ասաց չափազանց մեղմ, բայց այդ մեղմության մեջ աչք հանել կար,- վերջապես տղամարդ ես, չէ՞։ Որտե՞ղ է տղամարդու քո արժանապատվությունը։ Հասկանո՞ւմ ես, քեզանից զզվում եմ, Շաբո, զզվում եմ։
Խանումյանը նույնպես ինքն իրենից զզվեց, ինքն իր աչքում ընկավ, ստորացավ: Ճիվա՜ղ, ճիճո՜ւ, ստո՜ր, փալա՜ս, կնկա եսիր։ Ձիդ սարերից չափ գցեցիր, գժվածի պես եկար, գլուխդ մի պարկ արյուն առած եկար, ասլան էիր կտրել, բա ինչո՞ւ փուքսդ նստեց։ Մեջդ պողպատ չկա, ողնաշարդ շիմալ ճիպոտ է, կարող ես ուզածդ կողմի վրա ծռել։ Գետափի ղամիշ ես, կոկորդում մնացած պատառ ես, բեղից ընկած բրինձ ես։ Այնտեղ՝ սարերում, Ղուզղուն Բագրատի կողքին ես դու ղուզղուն, բայց որ կնկանդ թարթափն ես ընկնում՝ հավի ճտից էլ ես փոքրանում։ Ինքն իրենից զզված, Խանումյանն իր ճռճռացող մահճակալը քաշեց կողքի սենյակը, գլուխը նոր էր դրել բարձին, մյուս կողմից թխկթխկոց լսեց. Հեղինեն միջնադուռը մեխում էր։

- Մեխիր,- տնքաց Խանումյանը,- էն դրսի դուռն էլ, պատուհաններն էլ մեխիր, ձեռքերս ետ տար, խաչիր խաչափայտին, ինչպես Քրիստոսին խաչեցին, մի մեխ էլ, էն մեծ մեխերից, ճակատիս խփիր։- Խանումյանը աչքերը փակեց, որ գիշերը կոպերի տակ խեղդի, առավոտը ձին նստի, գնա սարերը, օրերը սարերում մթնեցնի ու լուսացնի, Ղուզղուն Բագրատի հետ ղուզղունություն անի, ասի՝ Ղուզղուն Բագրատ, դու ավազակ ես։ Բագրատն էլ ընդունի իր ավազակությունը՝ բա ո՞նց, ես ավազակ եմ, բայց դու ինձնից պակաս ավազակ չես։
Լույսը բացվեց: Մուշեղ ապան հանդ էր գնում, նայեց՝ տեսավ չափարի տակին թազնած շանը, խոսեց.
- Շո՛ւն, ա՛յ շուն, սարերդ թողել, եկել ես արևի էս ճնճռնոցին էստեղ ի՞նչ անես։ Շո՛ւն, ա՛յ շուն, անունդ չգիտեմ, դու էլ լեզու չունես, ասես՝ Բոբիկ եմ, Քուչի եմ, Շարիկ եմ, Բողար եմ,- Բողարը լսեց իր անունը, գլուխը բարձրացրեց, պպզեց:- Ուրեմն՝ Բողար ես։ Բողար, դու է՞լ ես Շաբոյի խելքին, որ սարերդ թողել ես: Հա, գլխի ընկա, ընկեր Շաբոն նախկին ղեկավար մարմին է, վախեցել է ճանապարհին գելերն իրեն ուտեն, հետը քեզ էլ է բերել։

Խանումյանը ոտքը դրեց ձիու ասպանդակին, ականջը պահեց՝ տեսնի այդ մասխարա հալևորն էլ ինչ է խոսում։ Այս քարաշենցիները տարօրինակ մարդիկ են, ծառ են տեսնում՝ ծառի հետ զրուցում են, բահով են տալիս՝ զրույցը հողի հետ է։ Մուշեղ ապան նկատեց Խանումյանին, շարժեց գլուխը:
- Ընկեր Շաբո, էդպես շեքած շատ պիտի՞ մնաս։ Շեքդ ոչինչ, ձին մեղք է, ինչո՞ւ ես կիսաջան անում։
- Հա՜, ձերն էդ է,- Խանումյանը բարձրացրեց ձախ ոտքը, նստեց թամբին:- Ձերն էդ է, երկնքով թոչող հավքին բռնում ու անուն եք կպցնում։
- Երկնքով չվող հավքն էլ դու կլինես։
- Գլուխ չունեմ, ապեր։
- Լավ, որ գլուխ չունես, անասուններին ո՞նց ես բուժում։ Չէ՜, ընկեր Շաբո, քեզ համար շատ դժվար կլինի։

17.

Մարատը բակում հեծանվի դողն էր փչում, բերանի մի անկյունում՝ հանգած գլանակ, թևերը վեր քշտած, մազերը թափված ճակատին։ Օդամուղ պոմպի մխոցը զույգ ձեռքով իջեցնում ու բարձրացնում էր, ծանրորեն փնչացնում։
- Այդ երբվանի՞ց ես սկսել,- հարցրեց Հեղինեն՝ ակնարկելով որդու ծուռ կծած գլանակը։
- Մի տարվա ստաժ ունեմ,- Մարատը չբարձրացրեց գլուխը։
- Եվ չե՞ս ամաչում։
- Ինչո՞ւ պիտի ամաչեմ, գողություն եմ արե՞լ։
- Մարատ, ինչպե՞ս ես ինձ հետ խոսում։
- Հայերեն։
- Որտեղի՞ց է քեզ այդ հեծանիվը։
- Հերս է ուղարկել, Ֆերգանայից։
- Ի՞նչ...

- Միջին Ասիայում, կարծեմ՝ Ուզբեկստանում, այդպիսի մի քաղաք կա՝ Ֆերգանա. հայրս, այսինքն՝ քո նախկին ամուսինը, փողն ուղարկել է այդ քաղաքից։ Մարդն իր ծնողական պարտքն է կատարում։
- Պիտի ետ վերադարձնեիր։
- Հպարտ ասպետների դարը վաղուց է անցել։ Ես Դոն Կիխոտ չեմ։ Եթե դու քո ամուսնուց բաժանվել ես, դա դեռ չի նշանակում, որ ես կարող եմ հրաժարվել իմ հարազատ հորից։
- Մարատ, ինչո՞ւ այդքան դաժան ես,- Հեղինեն փղձկաց, շուռ եկավ, արագ-արագ բարձրացավ աստիճաններով։
Ալմաստը խոհանոցում էր, ելավ նրան ընդառաջ:
- Առավոտ պիտի գայիր,- ասաց։

- Գործ կար, մանկապարտեզի համար կաթսաներ, ափսեներ, գդալներ, բաժակներ գնեցի, կոլտնտեսության ավտոմեքենայով ուղարկեցի գյուղ,- հանեց վերարկուն, գցեց աթոռի թիկնակին:- Լսեցիր, չէ՞, որդիս ինձ հետ ինչպես էր խոսում,- ձայնը կարկամեց,- ախր, ես նրան ի՞նչ վատ բան եմ արել։
- Հեղինե, դու Մարատի լեզվին մի՛ նայիր, սիրտը մաքուր է։
- Հայրը փո՞ղ է ուղարկել։
- Եվ փող է ուղարկել, և նամակ է գրել։
- Որտե՞ղ է այդ նամակը։
- Նամակն ինձ է գրել։ Ասենք՝ կարող ես և կարդալ, այստեղ ոչ մի գաղտնիք չկա,- գրպանից հանեց նամակը:- Նա կրել է իր պատիԺը, աշխատում է ինչ-որ կոմբինատում որպես հաշվապահ, կին ունի ու մի աղջիկ։ Ուրիշ ի՞նչ է հետաքրքրում քեզ։
- Եթե հեծանվի համար քեզ փող էր հարկավոր, կարող էիր ինձ ասել, Մարատ,- որդուն դիմեց աստիճաններից։
- Ես Շաբոյի կեղտոտ փողերի հետ գործ չունեմ։
- Քեզ արդեն ասել եմ, որ նրանից բաժանվել եմ։ Ես հիմա աշխատում եմ, մանկապարտեզի վարիչ եմ։
- Իսկ նա՞։
- Նա իր համար, ես՝ ինձ։

Հեղինեն առավոտյան գյուղ ճանապարհվեց պատահական ավտոմեքենայով։ Վարորդը տարեց մարդ էր, ասաց՝ Սարաշեն է գնում, իսկ Սարաշենի ճանապարհը Քարաշենով է անցնում: Զրուցասեր, անմիջական մարդ էր, իսկույն բացվեց.
- Գինեգործարանում եմ աշխատում,- ասաց,- այս մեքենան նոր ենք ստացել։ Սրանից երկու հատ էլ Քարաշենի կոլտնտեսության նախագահ Ավագյանը ստացավ։ Ապրի, հալալ է, եկավ խաղողայգի գցեց, ակումբ կառուցեց, կոմբինատից ահագին ջրախողովակներ պոկեց։ Իսկական պարտիզան է։ Ես նրա հորը ճանաչում եմ, ոսկի մարդ էր,- լուցկին չրթացրեց, վառեց ծխախոտը:- Ես ձեր նախկին ամուսնուն նույնպես ճանաչում եմ։
Մեքենան կանգնեց գյուղամիջում, Հեղինեն բացեց դրամապանակը, վարորդը շարժեց գլուխը.
- Չէ, էդ մեկը չեղավ, քույր ջան, մենք էլ մարդ ենք: Իմ զրուցընկերից ինչո՞ւ պիտի փող վերցնեմ։

18.

Տիգրան Ավագյանը չզարմացավ ու հանկարծակի չեկավ, երբ շրջգործկոմի նախագահն այդպես համարձակորեն ու ինքնավստահ բաց արեց իր հաղթաթուղթը։ Նա այդ պահին նման էր այն խաղամոլին, որ հակառակորդին դնելով միանգամայն անելանելի վիճակի մեջ, չգիտես՝ կարեկցո՞ւմ է, ծաղրո՞ւմ է, թե՞ խաղում է նրա հոգու հետ։
- Ես զարմանում եմ, ընկեր Ավագյան, թե ինչպես եք այդ կասկածելի վարքի տեր կնոջը նշանակել մանկապարտեզի վարիչ։ Դա ձեզնից չէի սպասում։ Դուք կրակների միջով անցած մարդ եք, նման հարցերում չպիտի սխալվեիք։
- Բայց ձեր ասած այդ կասկածելի կնոջ նախկին ամուսնուն՝ Խանումյանին, դուք էիք նշանակել կոլտնտեսության նախագահ,- հարվածը զգուշորեն ետ մղեց Տիգրանը։
- Եվ ժամանակին էլ ուղղել ենք մեր սխալը, մենք նրան ազատել ենք աշխատանքից։

- Լավ, ի՞նչ եք առաջարկում՝ Հեղինե Պողոսյանին ևս ազատել աշխատանքի՞ց։ Գո՞ւցե վտարել գյուղից։
- Դրանով հարցը չի լուծվի։ Ոչ ձեզ կներեն, ոչ ինձ։
- Իմ արածի պատասխանատուն ես եմ։
- Այսինքն՝ նկատի կառնեն ձեր նախկին ծառայությունները և կներեն,- Վանյանը ետ ընկավ աթոռին ու ցույց տվեց գրասեղանի թղթապանակը:- Իսկ ի՞նչ կասես այս նամակի և այն նամակների մասին, որ ուղարկել են շրջկոմի քարտուղարին ու թերթի խմբագրությանը։ Կգրեն նաև մարզկոմին։ Փաստերը ճիշտ են, ընկեր Ավագյան, չես կարող ժխտել։ Վահան Արամիչը հենց դրա համար է մեզ կանչում։
Քարտուղարը մենակ չէր, նրա մոտ էր շրջանային թերթի նամակների բաժնի վարիչը։ Վանյանն իր թղթապանակից հանեց նամակը, դրեց գրասեղանին, գլուխը մտահոգ շարժեց.

- Ի՞նչ կարող ես անել, գրել են, զոռով բերանները չես փակի։ Վահան Արամիչը վերցրեց նամակը, մտքում կարդաց, նայեց Վանյանին։
- Հետաքրքիր է, երեք նամակները թեկուզ գրված են տարբեր ձեռագրերով, բայց շարադրանքը նույնն է՝ անփոփոխ, տող առ տող, բառ առ բառ, ինչպես ասում են՝ արտագրություն գրատախտակից։ Իսկ դուք ի՞նչ կասեք, ընկեր Վանյան։
- Դժվար հարց է, Վահան Արամիչ։
- Դժվար հա՜րց է,- Գասպարյանը երեք նամակները դրեց կողք-կողքի:- Խմբագրություն ուղարկված նամակի հեղինակն ավելի համարձակ է գտնվել, գրել է անուն-ազգանունը՝ Բարխուդար Թարխանյան։ Ընկեր Ավագյան, սա այն նույն Թարխանյանը չէ՞, որ բռնվել էր օղու գողության մեջ։
- Նա է։
- Իսկ գուցե այդ Թարխանյանի ստորագրությամբ մի ուրիշն է գրել,- հարցրեց Վանյանն ու ավելացրեց,- պարզ է, հետքերը թաքցնելու նպատակով։

Նամակների բաժնի վարիչը պատասխանեց.
- Նամակը հենց ինքն է բերել խմբագրություն։
- Իսկ փաստե՞րը,- Վանյանն աշխուժացավ,- այնուամենայնիվ, փաստերը համապատասխանում են իրականությանը։ Բոլորիս էլ հայտնի է, որ այդ Հեղինեի նախկին ամուսինը սրիկայի մեկն է եղել։
Գասպարյանը շեղակի նայեց նրան։
- Դա ձեր հաղթաթուղթն է, Վանյան, բաց չթողնեք, պինդ պահեք։ Իսկ սրան ի՞նչ կասեք,- նա ցույց տվեց կանաչ թանաքով գրած նամակը,- լավ նայեք, ծանո՞թ է։
Վանյանը ափ նետված ձկան նման բերանը բացուխուփ արեց, փորձեց մի վերջին ճիգով ետ նետվել դեպի իր ջուրը, սուզվել հատակում, բայց ալիքը նրան շատ էր ջրից հեռու շպրտել։ Նա ինչ-որ բան մտմտաց, լեզվով թրջեց չորացած շուրթերը, տեղում անհանգիստ շարժվեց։

- Ծանոթ է, չէ՞,- քարտուղարը նայեց նրա այլայլված դեմքին,- Թարխանյանն իսկական օրինակն ուղարկել է շրջկոմի առաջին քարտուղարին։ Սա հո ձեր ձեռագիրն է, չեք կարող ժխտել: Վանյա՛ն, տառացիորեն կրկնել եք ձեր անփառունակ նախորդի՝ Բարթուղ Պողոսյանի իրեն չարդարացրած ֆոկուսը։
- Դուք ինձ վիրավորում եք, Վահան Արամիչ։
- Իսկ դուք կուլ մի տվեք վիրավորանքը։ Պաշտպանվեք, արդարացրեք ձեր չարդարացված արդարությունը։ Ձեր պայքարը ոչ թե ինչ-որ Հեղինեի, այլ Տիգրան Ավագյանի դեմ է։ Տեսնո՞ւմ եք, շտապելուց կոպիտ վրիպում եք թույլ տվել: Գոնե զգուշացնեիք ձեր գործընկերներին, որ ձեր հորինած նամակը ժամանակին ոչնչացնեին։ Ի՞նչ ասեմ, ընկեր Վանյան, գնացեք և մտածեցեք ու, եթե գտնում եք, որ կարող եք ուղղվել, աշխատել ազնվորեն, այդպես էլ գրեցեք շրջկոմի բյուրոյին: Գուցե ընկերները հարցին այնքան էլ խիստ չմոտենան։

Մնացին երկուսով՝ քարտուղարը և Տիգրան Ավագյանը:
- Իհարկե, ցավալի է,- Գասպարյանը տրորեց քունքերը:- Մենք հաճախ ենք խոսում մարդու բարոյական նորմերի, իրավունքների ու պարտականությունների մասին և այնքան էլ չենք խորանում նրա էության մեջ։ Վանյանն անուղղելի մա՞րդ է։ Չեմ կարծում։ Եթե նա իր թիկունքում չունենար ավելի մի հզոր Վանյան, նա այդպիսին չէր լինի։ Երեկ մարզկոմի քարտուղարի հետ եղանք ձեր Խամուտի խաղողայգում։ Լավ գործեր եք կատարել, քարտուղարը գոհ է։ Եղանք նաև Սամուտի տափում: Անդրի ապան ասում է՝ հողի մարդը դժվարություններից չպիտի վախենա։
- Ջրախողովակների հարցն է դժվար, Վահան Արամիչ։
- Քարտուղարը խոստանում է օգնել, արդեն դիմել է մինիստրություն։ Հեռակայման գործերդ ինչպե՞ս են գնում։
- Վատ չեն։

- Ձեր բանջարաբույծները լավ թափ են վերցրել։ Հուսա՞նք, որ Քարաշենի կոլտնտեսությունը կլինի շրջանի առաջին միլիոնատերը։
- Հույս ունեմ, Վահան Արամիչ։
- Ես նույնպես: Կեցցե՛ս, լավ ես սկսել՝ խաղողայգիներ, նոր ակումբ, մանկապարտեզ, բուժկետի համար նոր շենք... Էլ ի՞նչ եք նախատեսել։
- Դպրոցական նոր շենք։
- Ուժերդ կհերիքե՞ն։
- Կարևորն այն է, Վահան Արամիչ, որ ամբողջ գյուղն է ոտքի ելել։ Ես մենակ չեմ։
- Այդպես էլ պիտի լինի։ Ի դեպ, որոշել ենք ձեր բանջարաբույծներից երկու հոգու ուղարկել Մոսկվա՝ գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսին մասնակցելու։ Ի՞նչ ես կարծում, Գալուստ Ադամյանին և Աղունիկ Ասրյանին չուղարկե՞նք։
- Ես նույնպես այդ կարծիքին եմ, Վահան Արամիչ։

19.

Անհիշելի ժամանակներից գարնանային հեղեղները Շաղասարի մի թևից հող ու քար, խիճ ու ավազ, կոճղ ու ապառաժ քշել բերել են, դարսդարսել այս չոր ու ցամաք, արևից վառված, խորշակներից հողմահարված ամայի ու ամուլ տափարակներում, սամլել-պնդացրել, և ապա մյուս կողմից՝ նույն սելավը եկել ու քանդել է Սամուտի կողերը, իր բերածը պոկել, տարել խառնել ձորում հերսոտված գետին։ Գարնան անձրևներից հետո, ձորաբերանին փարթամորեն աճել են խինդեղի ու մոշի թփերը, և Ձորաղբյուրի մի մատ ջուրը լճացել է տափարակների ոտքերի տակ։ Աշխարհագրության ուսուցիչ Թորոս Շախունցյանը՝ կիսագյուղացի, կիսաինտելիգենտ, կիսազինվորական, բայց՝ հիմնականում շատ լավ մարդ, պատերազմից առաջ պեղումներ կատարեց Սամուտում, գտավ ջարդված կարասների կտորտանքներ և հանգեց այն մտքին, որ ինչ-որ ժամանակ այստեղ այգիներ են եղել։ Հետո հաշվեց, Շաղասարի համար մի տարիք հորինեց. «Միլիոն տարեկան է»։ Այդ թիվը խիստ զարմացրեց Մուշեղ ապային: «Ուրեմս,- ասաց,- իմ ապուպապի ապուպապի ապուպապը չի եղել՝ Շաղասարը եղել է»։

1927-ին Մադաթ ամին Սամուտի մի փեշի վրա երեք գութան և վեց խոփ ջարդեց, մի երեք այդքան էլ լուծ ու սամի փշրեց, կարտոֆիլ տնկեց, բայց մայիսին սելավը եկավ, ծածկեց ամեն ինչ, ու տափարակների այդ փեշը կոչվեց Մադաթի բոստանատեղեր։ Ահա թե ինչու կոլտնտեսության վարչության որոշումը Մադաթ ամին ընդունեց հեգնանքով: «Ես,- ասաց,- Սամուտի թթուն նոր չեմ խմել, բան չկա, թող մի քիչ էլ Տիգրանը խմի…»։
Երվանդի տրակտորի ծանր խոփը ծանր ճումբը շուռ տվեց մեջքի վրա, խուլ Բարխուդարը հենց ուղղակի ծնկին գրեց իր նոր թղթակցությունը. «Տրակտորի պողպատե խոփերի տակ հողը երջանիկ ծիծաղեց»: Մուշեղ ապան երեխայի հրճվանքով վազեց շարվող ակոսների հետևից ու կանչեց. «Ժողովուրդ, Սամուտի հողը աչքը բացեց, աչքը բացե՜ց...»: Մուշեղ ապան լալի՞ս էր, թե՞ ծիծաղում էր: Լուսանկարիչ-թղթակիցը ֆոտոապարատի աչքն ուղղեց ծերունու դեմքին՝ հողը բռան մեջ, աչքերում արտասուք և մտքում նկարի համար իսկույն վերնագիր հորինեց. «Բերկրանքի արցունքները»։ Դաշտի մյուս ծայրին երևաց Նարեկ Մադունցի տրակտորն, ու քիչ անց լսվեց նրա օգնական Սևադայի ձայնը.
- Ժողովո՜ւրդ, կարաս եմ գտել, կարա՜ս...

Մեծ ու փոքր վազեցին ձայնի կողմը։ Աշխարհագրության ուսուցիչ Թորոս Շախունցյանը տեսավ կարասի դեղնավուն կողը, մի բահ խնդրեց, զգուշորեն փորփրեց հողը, խորացավ, գտավ կարասի նստած տեղը: Չորս ջահելներ քաշեցին, հանեցին սեղմված կոկորդով, լենք տված տրճան փորով կարասը, բրիգադիր Անդրանիկը նայեց ու ծիծաղեց՝ ոնց որ Սաքունց Սիլվա հարսը լինի այս կարասը... Բայց դա միակ կարասը չէր, մինչև կեսօր կողք-կողքի շարվեցին քսանվեց կարասներ:
Շախունցյանը դանակի շեղբով մաքրեց դրանցից մեկի կողը, կարդաց տառերն ու վերծանեց.
- Այս կարասները 665 տարեկան են։
- Սխալ է,- Մադաթ ամին շարժեց գլուխը,- սխալ է, ընկեր Շախունցյան, այս կարասները շատ, շատ լինեն՝ մի հարյուր կամ հարյուր քսան տարեկան։
- Խոսում ես, էլի, Մադաթ ամի,- Շախունցյանը ներողամտորեն ժպտաց,- ես հիմա քեզ հավատա՞մ, թե՞ էս գրերին։

- Մադաթ, ա՛յ Մադաթ,- Մուշեղ ապան այնպես արանքն ընկավ, կարծես ուր որ է՝ պիտի իրար օձիքից բռնեն,- Մադաթ, էլի կողքահաստությունդ բռնե՞ց: Գնա, նայիր, է՜, բոստանատեղերդ վարում են, վեց թե քսանյոթ թվից վարած կարտոլդ լավ բերք է տվել։ Գնա, ախպեր, գնա... Համ էլ դու հանդապահ մարդ ես, գիտության հետ ի՞նչ գործ ունես։
Բարխուդարը պտտվեց վերջին գտած կարասի շուրջը, նայեց ներսն ու հարցրեց Անդրանիկին.
- Ընկեր Մելքումյան, դու, որպես վարչության անդամ, լավ ես ստուգե՞լ, գուցե այս կարասներում ոսկուց-բանից եղել է, տրակտորիստները հանել են։
- Բարխուդար, սա գինու կարաս է, ձեր Էմմայի բերանը չի, որ ոսկով լցնես,- ձեռ առավ Անդրանիկը։

Քարաշենցու կատակը, ծիծաղը, հեգնանքը, վեճը, կռիվը, ուրախությունը, տխրությունը իրենն են, քարաշենցունը՝ մի քիչ կոպիտ ու կոշտ, անմեղ ու միամիտ, բայց՝ յուրովի։ Քարաշենցին վիճում ու կռվում է քարաշենցու հետ՝ այդ վիճողների ու կռվողների հայհոյանքները պիտի անպայման ընտիր լինեն, պատկերավոր, սրամիտ, ածականները՝ տեղը, ենթատեքստով, որպեսզի լսողները չձանձրանան՝ իբր, սա էլ կռիվ է, որ դուք արեցիք,- այլ ծափահարեն, ծիծաղից տապակ-տապակ գան:
Աբելյան Ստեփանոսի հայրը վարպետ հայհոյող էր, պապը՝ նույնպես, բայց այս Ստեփանը վեճերում ու լեզվակռիվներում այնքան խեղճ է, որ քարաշենցիներն ասում են՝ ա՛յ տնաշեն, բա սկի քո հոր, քո պապի արյունից մեջդ չկա՞: Ափսոս էն հաց, որ դու ես ուտում։
- Վո՜ւյ, էս քարաշենցիները,- անպայման պիտի ծկլթա Երվանդի Դրախտուհին,- սրանք խոսքի տակ մնացող ժողովուրդ չեն, ատամի տակ ջարդվող պոպոք չեն։
Երվանդն անպայման կնոջը պիտի պատասխանի.
- Աղջի՛, Դրախտուհի՛, էն քարը, է՜, էն քարի մեծը վերցրու՝ գլխովս տուր։

Եվ այն քարը, որ այդ պահին Երվանդի տրակտորը շուռ տվեց, հասարակ քար չէր: Մուշեղ ապան ցատկոտելով մոտեցավ ու տեսավ նախշուն գլխազարդերը՝ խաղող ու նուռ, բարակոտն եղնիկներ ու կաքավող աղջիկներ։ Շախունցյանը կարդաց գիրը. «Եվ տնկեցի թուփս խաղողի, և այգիս ծաղկեց, և հողս բերք տվեց...»։ Մադաթ ամին նույնպես կարդաց և ուզում էր մի պատմություն սկսել, Մուշեղ ապան չթողեց՝ հազար տարվա բաներ ես սկսելու պատմել, ասաց, դու այս քարից խոսիր, կարասներից խոսիր, մեր էս հողերից խոսիր, էն ասա, որ էս հողը խաղողի հող է, որ քարաշենցիների նախնիները եղել են հմուտ խաղողագործներ, կարասներ են թրծել, այդ կարասներում մաճառը թնդացել ու դարձել է գինի։ Կարող է հենց այստեղ են ստեղծվել աշխարհի առաջին գարեջուրն ու կոնյակը։

Բայց ահա, ընկեր Խորեն Աբաղյանը երեխոցը միջոց չի տալիս, հարցը սրում է ուրիշ ուղղության վրա՝ ձեր գյուղն ի՞նչ նշանավոր մարդ է տվել աշխարհին: Նրա հարցի մեջ նենգություն կա. այդ եք, էլի, բոստանչիներ, կանաչի վարողներ, բանվորներ, ջրվորներ, կոտեմ փնջողներ: Ի՞նչ նշանավոր մարդ եք տվել աշխարհին՝ ծովակալ, մարշալ, գրող, ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտնական, կոնստրուկտոր, քաղաքական գործիչ: Անդրու թոռը նայում է ընկեր Աբաղյանի կանաչ աչքերին, հարցին հանգիստ ու վստահ պատասխանում.
- Քարաշենն աշխարհին շատ նշանավոր մարդիկ է տվել:
Ընկեր Աբաղյանն աշխուժանում է, և նրա այդ աշխուժության մեջ էլ նենգություն կա.
- Հապա, հապա, թվարկիր այդ նշանավորներին:

Վաղիկ Օհանյանը անուններ է, որ շարում է իրար ետևից.
- Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Վարդան Մամիկոնյան, Սեն Սիմոն, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Այվազովսկի, Վիկտոր Հյուգո, Ռոբերտ Ֆուլտոն, Ֆոյերբախ, Շեքսպիր... Չէ, ներողություն, ընկեր Աբաղյան, Շեքսպիրն անգլիացի է: Ընկեր Հովհաննիսյանն ասում է‘ անգլիացիներն իրենց բոլոր գաղութներից կհրաժարվեն, բայց Շեքսպիրից երբեք չեն հրաժարվի... Տիգրան Չուխաջյան, Իսահակ Նյուտոն, Չարլզ Դարվին: Նորերից՝ պահակ Բաղդասար, Մադաթ ամի, Մուշեղ ապա, խուլ Բարխուդար... Ձեր անունն էլ ասե՞մ, ընկեր Աբաղյան, թե՞ դուք Ձորաշենի նշանավորներից եք…
- Դասարանից դո՛ւրս,- ընկեր Աբաղյանի գանգի մեջ որդերը պորտաբար բռնեցին,- դասարանից դո՛ւրս, լակո՛տ: Մինչև ծնողդ չբերես, դասարան չմտնես:

Վաղիկ Օհանյանը չի թողնում դասարանը, ասում է.
- Հարց եք տվել, ես էլ ձեր տված հարցին պատասխանել եմ: Սխալ եմ պատասխանել՝ «երկու» նշանակեցեք: Թե չէ՝ շարունակ նույն բանն եք կրկնում՝ բոստանչիներ, կանաչի վարողներ, բահվորներ, կոտեմ փնջողնե՜ր: Ինչ որ կանք, այս ենք, ընկեր Աբաղյան: Դե լավ, ինչո՞ւ եք բարկանում: Այ, ես մտքումս դրել եմ նշանավոր գրող դառնալ, որ մեր դպրոցի պատիվը բարձրանա, դուք էլ ամեն տեղ հպարտանաք՝ քարաշենցի Վաղիկ Օհանյանն իմ ամենաընդունակ աշակերտն է եղել: Հենց որ նշանավոր գրող դարձա, ընկեր Աբաղյան, ձեր մասին շատ լավ բաներ եմ գրելու:
- Օհանյան Վաղիկ, դասարանից դո՛ւրս:
- Իհարկե, չեմ գրի, որ ինձ անտեղի դասարանից դուրս եք արել:
- Դասարանից դո՛ւրս...
- Ընդհանրապես, ընկեր Աբաղյան…
- Դու ինձ համբերությունից հանում ես, Օհանյան Վաղիկ:
- Իսկ դա ճի՞շտ է, որ ապագա հանճարեղ գրողին վտարում եք դասարանից: Պատմությունը դրա համար ձեր ճակատը չի պաչի, ընկեր Աբաղյան: Բայց դե, ո՞վ գիտե, գուցե հենց այս դեպքի համար պատմության մեջ անմահանաք:

Որպեսզի ընկեր Աբաղյանը մնա իր համբերության սահմաններում, Վաղիկ Օհանյանը թողնում է դասարանը, քայլեր գցում դեպի պտտաձողը, ցատկում, բռնում է արևից տաքացած ձողից, թափ առնում, պտտվում ու մտքում ոտանավոր հորինում.
Եվ պատմության դասին այսօր
Չպահեցի իմ լեզուն ինձ,
Աբաղյանը շատ փառավոր
Դուրս արեց ինձ դասարանից:
Ոչինչ, կարծես վատ չստացվեց: Ի՞նչ իմանաս, գուցե Պուշկինին, Լերմոնտովին, Թումանյանին, Իսահակյանին նույնպես իրենց ուսուցիչները վտարել են դասարանից, և այդ պահին են ծնվել նրանց լավագույն բանաստեղծությունները: Եվ որպեսզի Վաղիկ Օհանյանը մտքում հորինած քառատողը թղթին չհանձնի, ապագա գրականագետներն իրեն չմեղադրեն բռիության մեջ, ընկեր Աբաղյանն Ասրյան Սուրենին ասում է.
- Ասրյան, գնա կանչիր այդ կողքահաստին, թող գա ներողություն խնդրի, գուցե ներեմ…

Օհանյան Վաղիկը, իհարկե, ներողություն չխնդրեց, ընկեր Աբաղյանը ցույց տվեց, որ սկի նրան չի տեսնում դասարանում, Նարեկի ու Երվանդի տրակտորները Խամուտում ո՞վ գիտե՝ քանի պտույտ կատարեցին, և ահա այդ նշանավոր օրը գեներալ մայոր Արամ Սահակիչը կնոջ ու երկու շեկլիկ տղաների հետ եկավ գյուղում հանգստանալու: Ընկեր Աբաղյանը դպրոցում հանդիպում կազմակերպեց գեներալի հետ ու իր բացման խոսքում նշեց, որ Քարաշենը նշանավոր մարդիկ է տվել երկրին, այդ նշանավորներից է նաև գեներալ Արամ Սահակիչը…
Սևունց Մադաթ ամին էշին մի սայլ խոտ է բեռնել, մի իշաբեռ ինքն է շալակն առել, մի քուռակաբեռ Մանֆրեդ անունով թոռան շալակն է տվել: Վերին հանդից է գալիս՝ իբր ափաշկարա, իբր՝ թաքուն բան չունեմ, խոտ է, էլի՜, բերում եմ։ Վերին հանդից է գալիս, բայց ոչ Վերին հանդի ճանապարհով, Սևաձորի ճանապարհն է ընկել, որ հարցնողաց ասի. «Սևաձորից եմ գալիս, տեսնում եք՝ սա Սևաձորի խոտ է»։

Սևունց Մադաթ ամին մի քանի ամիս քարահանքերում պահակություն արեց, ի՜նչ պահակ, փիլիսոփա էր, քաղաքագետ էր, հռետոր էր, միջազգային տեսաբան էր, իր համար նստում էր ծառի շվաքում, աշխարհի արդարությունից ու անարդարությունից, համաշխարհային հեղափոխությունից էր խոսում: Կամչատկայից բռնում, հասնում էր Հալեպ, Հալեպից՝ Հունգարիա, փորձում ապացուցել, որ պրեզիդենտն ու պրեմիեր մինիստրը նույն բանն են, ինչպես, ասենք, վարսավիրն ու դալլաքը։ Ամենից շատ խոսում էր մարդ լինելու և մարդ մնալու մասին։ Մենք բոլորս մեկմեկու թիկունք պիտի լինենք, ասում էր։ Մարդ է, մի քանի կռոճ կիր է ուզում, վիզը ծուռ է, ասեմ՝ չե՞մ տալիս։ Բա մարդավարությունը որտե՞ղ մնաց։ Հաշվենք, թե էս կրահորը մի քանի քար պակաս են գցել: Որ մարդ մի մեքենա քար տանի, հանքը կվերջանա՞։ Քար է, էլի, շաքար չի, յուղ չի, պանիր չի…

Եվ Սևունց Մադաթին հանեցին։ Հիմա կոլտնտեսությունում պահակություն է անում, պահակության համար ամիսը քսանհինգ աշխօր է ստանում, բայց դժգոհ է, ասում է՝ քիչ է, գոնե երեսուն աշխօր լինի։ Երեսուն չէ, քառասուն էլ լինի, պիտի դժգոհի՝ սովորություն է։ Կնոջից դժգոհ է, որդուց դժգոհ է, հարսից, թոռներից, հարևաններից դժգոհ է։ Նրա կարծիքով՝ բոլորը սխալ են, ճիշտը միայն ինքն է։
Ավանակը բեռան տակին ծանր է քայլում, Մադաթ ամին հետևից բզում է.
- Թոշ, թոշ, թոշ։ Այ սատկես դու, խոտն ի՞նչ ծանրություն ունի, որ սատկելով ես գնում: Այ տղա, Մանֆրեդ, ոնց որ հոգնել ես։ Չէ, իրավունք չունես, դու քո պապի թոռն ես։ Մեր ոսկորը պինդ է, շատ է պինդ, շան ոսկոր է, մեր ցեղում հոգնել չկա, մենք ազղուն ազգ ենք։ Պապս, հերս էր պատմում, գոմեշի հետ լծվել, սայլը անց էր կացրել վարար գետով։ Իհարկե, գրազով, գրազը մի թոխլի է եղել։ Հորեղբայր Խաչատուրը Սևաձորից երկու իշաբեռ խոտ էր շալակում, Սևաձորից մինչև գյուղը մի շնչում էր գալիս: Տես, հա՜, թե որ հարցնող լինի, ասա Աևաձորից ենք գալիս։ Սևաձորի խոտին արգելք չկա, նախագահ Տիգրանը իրավունք է տվել:

Մանֆրեդղը չի պատասխանում, մտքում է բարկանում. «Աչքածակն ես, հա՜, աչքածակն ես։ Գոմի կողքին երկու դեզ խոտ ես տնկել, պուճախ-մուճախ չես թողել, խոտով լցրել ես, էլի աչքդ չի կշտանում։ Ե՞րբ պիտի դասերը սկսվեն, որ քեզանից ազատվեմ»։
Մադաթ ամին թոռան քայլվածքից, աղու կաթող դեմքից, լռությունից հասկանում է, որ տղան բարկացած է, ուզում է բարկությունը մեղմել, հարցնում է.
- Մանֆրեդ, էդ ճի՞շտ է, որ ատոմային ռումբից ուժեղ մի ռումբ էլ են հնարել:
Մանֆրեդը ձգում է թոկի ծայրը.
- Մենակ ռումբը չի, մի ուրիշ բան էլ են հնարել, անունը ռոբոտ է, հանդերում բաց են թողնում, որ հանդապահների վրա պահակություն անի։
Մադաթ ամին փոշմանում է տված հարցից՝ կծան լակոտ, շան ծիծ ծծած, դու էլ ոտս կոխեցի՞ր։
- Մադաթ, էդ դո՞ւ ես։

Հարցնողը Բաղդասարն է, հարցի մեջ խորամանկություն կա.
- Տեսնում եմ, դու Սևաձորից չես գալիս, էդ խոտը Սևաձորի խոտ չի, Կապին տակից դիտմամբ ճանապարհդ ծռել ես, որ տեսնողի աչքին թոզ փչես։
- Թոշ, թոշ, թոշ,- Մադաթ ամին իբր չի լսում Բաղդասարի ձայնը։- Ա՛յ էշ, ա՛յ ուլախ, ի՞նչ ես բեռանդ տակին կոտրատվում, ի՞նչ ես Բարխուդարի Էմմայի նման չառլստոն պարում,- Բարխուդարի Էմմայի անունը դիտմամբ է տալիս, որովհետև Բաղդասարը Բարխուդարին չի սիրում,- յանի բեռդ մի հափուռ խո՞տ չի։ Չո՛ւ, ա չո՛ւ, վայ քո ծախողի հերն անիծած։
- Մադաթ, հե Մադաթ,- ձեն տվեց Բաղդասարը,- էդ մախմուր խոտը ո՞ր կողմերից ես բերում։
- Է՜, Բաղդասար, խոտ էլ ասում ես,- նեղացավ Մադաթ ամին ու մտքում հայհոյեց. «Ախմախի մեկը, խոտը խոտ է, էդ մախմուրն ինչո՞ւ ես վրան դնում և գինը զոռով թանկացնում»։- Բաղդասար, էդ դո՞ւ ես։

- Չէ, Գարաքենց Իշխանն է,- Բադդասարը շեկ հոնքերի տակից աչքերը կկոցեց։- Տեսնում ես, չէ՞, ես եմ։ Մթամ Սևաձորից ես գալիս, էդ խոտն էլ Սևաձորի խոտ է։ Լավ բան չես անում, Մադաթ։
- Ի՜նչ է, գողություն եմ արե՞լ։
Պիտի տային կռվեին, այդ պահին Բարխուդարը, սայլը ճռճռացնելով, եկավ բանջարանոցներից, ձեռքը երկարեց անտառի կողմը.
- Մադաթ ամի, բուղան, է՜, կոլխոզի էն Լաչառ անունով բուղան ընկել է կաղնուտի խոտի դեզերի վրա, ցրիվ է տալիս։
Բաղդասարն էլի իր բաղդասարությունը պիտի աներ, մոռացավ, որ Բարխուդարի հետ գժտված է, անմեղ-անմեղ հարցրեց.
- Բարխուդար, լաչառ ասացիր, միտս ընկավ, ասում են՝ կնիկդ հիվանդ է։
- Քեզ ի՞նչ, թե հիվանդ է, բժի՞շկ ես,- Բարխուդարը բարկացած ճիպոտեց եզանը:- Հո՛, Աբռա՛շ, այ մորթեմ քեզ, թե դու եզ ես,- ու սայլից ետ նայեց, շարժեց գլուխը.- Մադաթ ամի, կոլխոզը սար է, որ քեզ դիմանում է։

Երեկոյան բրիգադիր Անդրանիկը եկավ, նայեց Մադաթ ամու խոտի դեզերին, չբարկացավ, ցուրտ խոսք չասաց:
- Մադաթ ամի, գո՞ւցե մեր ֆերմայի շեֆությունը վերցրել ես վրադ։ Շատ էլ լավ ես արել, կեցցես։ Բայց լավ կլինի, որ այս երկու դեզերը քո հալալ ձեռքով տանես կոլտնտեսության գոմերի մոտ դիզես։ Իսկ վաղը գնա Աղունիկի մոտ, հիմա օղակավարդ նա է, մի լավ բահ վերցրու, ռեհանի համար ածուներ սարքիր։ Կարող ես, չէ՞։
- Ի՜նչ է, ես քարաշենցի չե՞մ։
- Դե լավ, մի՛ նեղանա, գնա՛։

Աղունիկն ինքն ընտրեց բահը, տարավ ցույց տվեց հողամասը, գնաց իր գործին։ Մադաթ ամին բահով էր տալիս ու մտքում կռվում Անդրանիկի հետ, Գալուստի հետ։ Հարցնում է՝ կարո՞ղ ես։ Էդ ո՞նց է, Գալուստ Ադամյան, դու միոտանի տեղովդ կարող ես, ես՝ չէ՞։ Հասկացանք, բրիգադիր ես, պորտդ բոստաններում է կտրվել, կարգադրություններ ես անում, գիշերները տուն չես գալիս, բոստաններում ես քնում: Այսինքն՝ տեսե՜ք, Քարաշենի կոլխոզը ես եմ միլիոնատեր շինել։ Կամ թե՝ էս Աղունիկը, ժողովներում էնպես է խոսում, ասես հնձվոր Գասպարի կնիկը չլինի։ Թո՛ւ, էս հողն էլ ի՞նչ սեկ հող է, տերը մեռածը ոնց որ մազութ լինի, կպչում է բահից ու պոկ չի գալիս։ Վա՜յ, մեջքդ ճռճռա, Մայոր Մելքումով, ինձ համար էդ քարահանքերում ականջս դինջ նստած, ոչ ոքի չէի խանգարում, ինչո՞ւ գործից հանեցիր։

Գալուստը կեսօրին եկավ, նայեց Մադաթ ամու արած գործին, չհավանեց։
- Պա՛հ, պա՛հ, պա՛հ... Էս ի՞նչ ես արել, Մադաթ։
- Ի՞նչ եմ արել,- զարմացավ Մադաթ ամին, բայց կեղծ էր նրա զարմանքը, ինքն էլ գիտեր, որ գործը գլխից ռադ է արել։
- Հողի աչքը հանել ես։
- Հողը, հասկացանք, Գալուստ, հող է, բա հողի աչքը ո՞րն է։
- Հողի աչքը չգիտե՞ս: Բա ասում ես՝ քարաշենցի եմ։ Էս ճումբերն ո՞ւմ համար ես պահել, բա սրանց մեջ սերմը կծլի՞,- բահը վերցրեց նրա ձեռքից, ջարդեց ճումբերը,- հը՛, տեսա՞ր։
- Հա, տեսա։
- Տեսնելը քիչ է, պիտի սովորես։ Հողն էլ աչք ունի, Մադաթ։
- Հա, հասկացանք, հողը աչք ունի, ականջ ունի, բերան ունի, թոքեր, պլոճիկ, գլուխ ունի։ Վայ թե՝ սիրտ էլ ունի։

- Բա չունի՞։ Արած գործդ թե որ Աղունիկը տեսնի՝ կորած ես։ Մինչև հիմա, տնաշեն, լաք կապելն էլ չգիտես։ Գիտե՞ս ինչիցն է։ Դա նրանից է, որ մի տեղ մոխիր չես թափում։ Ֆերմայից փախար քարահանքերը, քարահանքերից՝ ոչխարապահական ֆերման, ոչխարապահականից՝ հանդապահ։ Չէ, դու լավ քարաշենցի չես։
- Ի՞նչ տեսակետից։
- Ամեն տեսակետից… Նեղացա՞ր։
- Ադամյան Գալուստ, բա դու որտե՞ղ էիր, էն որ ես հեղկոմի նախագահ Մացակի հետ բանդիտների հերն էի անիծում։
- Դե լավ, էլի, Մադաթ, էդ բաները գնա ուրիշին ասա։
Մադաթ ամին լոբուտը ջրեց, ջուրը շուռ տվեց վարունգի վրա, Աղունիկը ջրավազանի կողքից կանչեց. «Մադաթ ամի, շատ ես վարար բաց թողել, ջուրը ծիծաղում է»։

Ջուրը ծիծաղո՜ւմ է: Մադաթը ծիծաղեց, մի ճումբ գցեց ջրի բերանը, արխը երկփեղկեց, ջրի մի մասը հոսեց դեպի ձորը։
Արեգակն ահագին բարձրացել էր, անտառի կողմից չարդերը ճղճղալով եկան, անցան լոբուտի վրայով ու սկսեցին աղմկել ձորում։ Մադաթը աչք ածեց, չգտավ Աղունիկին, էլի ծիծաղեց։ Շոշեցի Մարտիրոսի աղջիկն այդ ե՞րբ բոստանչի դառավ։ Բա դրա թրին դիմանալ կլինի՞, բրիգադիր է եղել, էլի վարչության անդամ է։ Ո՞նց էլ խոսքի ման չի գալիս, ասում է՝ ջուրը ծիծաղում է։
Թաղը բարձրացրեց, տեսավ ծաղիկը շրթին, կանաչ, բաց դեղին զոլերով վարունգը, պոկեց, փեշով մաքրեց ու կծեց: Հա՜, վարունգը թաղից կտրելուն պես՝ պիտի ուտես,- բարձրացրեց մի ուրիշ թաղ, երկու հատ էլ պոկեց, դրեց շալվարի գրպանում, երկու հատ էլ մյուս թաղից պոկեց։ Գալուստն, իհարկե, տեսավ Մադաթի տռուզ գրպանները, մտքում կշռեց՝ մի չորս կիլո կլինի, բայց խոսք չխոսեց։ Հաջորդ օրն էլ տեսավ, էլի չխոսեց: Հետո գտավ, որ Մադաթը համը հանում է, խոսեց.

- Մադաթ, բա դա ո՞նց կլինի: Դրա գինն ի՞նչ է, կիլոն 15 կոպեկ, ջրի գին։ Չէ, իմ արևը, ձեռքդ ոնց որ սովոր է, չես կարող թարգ տալ։ Ասում ես՝ քարաշենցի չե՞մ: Քարաշենցի բոստանչին հարամություն չի անում, Մադաթ։ Մեր բոստանները հարամությունը չեն վերցնում։
- Վարունգ է, էլի, մեծ բան չի,- Մադաթը մեջքը հենեց ընկուզենու բնին:- Կոլխոզը սրանով աղքատանո՞ւմ է։
- Կոլխոզը դրանով չի աղքատանում, բայց ձեռնաքաշ մարդկանցով համ աղքատանում է, համ էլ պատվազուրկ է դառնում: Վարունգ չի, ասենք թե՝ ոսկի է, պիտի գողանա՞ս…

20.

Կամը կալից քաշվեց ու կալի կողքին մեջքին ընկավ՝ հոգնած ու փոշոտված։ Լուծը, սամիներն ու սամոտեներն իրենց հերթին հեռացան կալից, որ դառնան անցյալ, պատմություն դառնան, երկրագիտական թանգարաններում՝ էքսպոնատներ, ինչպես Ղաբունց Ակուփի «դայանդոլդրում» հրացանն ու ողորմած հոգի Հեթանոսի մազե չուխան, Սալբի ազու երկկանթանի ձեթի ճրագն ու Ղումաշ տատի անմաշ քթկալը, Հայրապետենց Մեծատարի խզխզացող գրամաֆոնն ու Մուշեղ ապայի արծաթե գոտին, Արզումանենց Հաբուդի երկարակոթ չիբուխը և Սառա բիբու եռփեշանի խլեղը... Իսկ հնձվոր Գասպարը պիտի մնա հնձվոր Գասպար, մաճկալ Գիրիշը՝ մաճկալ Գիրիշ, Գիրիշի հոտաղ Լազրը՝ որ այդպես էլ ամբողջ կյանքում չկարողացավ սովորել մաճ բռնելը, մնաց հոտաղ Լազր, տատմեր Մինա բիբին՝ տատմեր Մինա, մազերը հինա...

Կալը կամի կարոտից ճաք-ճաք եղավ, կամը վիզը բռնած նայեց կալին, և գիտեր, որ դա իր վերջն է, կալվորների բոբիկ ու տաք, հոգնած ու քրտնած ոտքերը չեն դիպչի իր սլրկուն մեջքին, խամ արջառն իրեն այլևս դուրս չի հանի կալից, ու հաշանը երբեք չի խշխշա իր քարե ատամների տակ։ Կալի ջահել ու սիրուն աղջիկը մի օր մարդու կգնա ու կալի խելառ տղան նրա հարսանքին գինի կխմի ու կխենթանա, հարբած-հարբած շան լակոտը կհպարտանա լոպազավարի՝ ես մի անգամ մարագում Վարդերի թուշը պաչել եմ։ Հարսանքավորներն աչք-ունքով կսաստեն բերանբաց լակոտին՝ ձենդ կտրի՛, պաչե՜լ ես, չէ մի՜… Ու կալի տղան կմտածի՝ դա իրոք եղե՞լ է, թե՞ երազի մեջ է տեսել։ Նա կվազի իր երազների ետևից, կալի կարոտից կգժվի, կլսի հաշանի խշշոցը, կամերի ծույլ-ծույլ պտույտները, կհամբուրի խումարի հոգնած ու տաք, խելոք ու բարի, տխուր ու թախծոտ աչքերը։

Աշնանային այդ արևոտ օրը պահեստապետ Առուստագես Փանյանը տեսավ պահեստի դատարկ անկյունը, հիշեց, որ կալվորները կամերը, լուծը, սամիները չեն հանձնել, որ դրանք կոլտնտեսային գույք են, գույքագրման մատյանում դեռ իրենց տեղն ունեն՝ գնաց հավաքեց, բերեց լցրեց պահեստի դատարկ անկյունը։ Առուստագեսը նաև մտածեց, որ հանձնումը օրենքով չի կատարվել՝ ընկավ տնետուն, նախկին կալվորներին խնդրեց՝ ստորագրել մուտքագրման ստացականը. «Պահեստապետ Առուստ. Փանյանին ենք հանձնել այսքան կամ, այսքան լուծ, այսքան սամիներ։ Նախկին կալվորները կատակով ստորագրեցին, ծիծաղեցին լուրջ-լուրջ, Պարգևի Զարիկը, որ իբր սիրահարված է պահեստապետ Առուստագեսին, մի երգ երգեց. «Առուստագեսը գնաց կալավը, կարմրին տվեց հալավը»։ Բաղաձայն Առուստագեսը, երկու լիկայան վերջացրած Առուստագեսը, որ իր անունը միշտ գրում է սխալներով՝ Առզտամգես, և իրեն հենց այդպես էլ անվանում է, Զարիկի երգին պատասխանեց իր սիրած երգով. «Գնանք կալը, ցույց տուր խալը, թող չիմանա քո շաշ տալը…»։

Այդ տաք, զրնգուն, գեղեցիկ աշնանը Բաղդասարը գնացել էր կալերից իրենց հորթը բերելու, տեսավ պահեստի բակում մեծատառ Փ-ի դիրք ընդունած Առուստագեսին, ձեն տվեց.
- Առուստագես, ընկեր Փանյան, Առուստագես Մուքելովիչ, բա էս կալերն ինչո՞ւ ես թողել, սրանք էլ հավաքիր, տար պահեստումդ դարսիր, ինվենտար են, չէ՞։
Առուստագեսն իր դիրքը չփոխեց, պահեստի բակից պատասխանեց.
- Տանկիստ Բաղդասար, Բաղդասար Հերիքնազովնա, էդ կալերը թողել եմ, որ մի լավ քամի թակի: Որ էդ մի երեսները քամի թակի, շուռ կտաս էն մյուս երեսների վրա։
Բաղդասարն ուզում էր սրամիտ պատասխան տալ այդ փքվածին, բայց այդ պահին մի ինքնաթիռ ղռռալով եկավ անցավ կալերի, գյուղի, այգիների, լեռների ու անտառների վրայով, Առուստագեսին մոռացավ, հայացքով ուղեկցեց արծաթի նման ճերմակ ու փայլփլուն թռչող մեքենային ու ծոր տվեց.
- Թռավ, գնա՜ց... Մերդ չմեռնի, գիտություն, էս ի՞նչ բաներ ես հնարել։

Կամ քաշող եզները գնացին սարերում չաղանալու և, իհարկե, չաղացան, այնքան չաղացան, որ մոռացան իրենց եզությունը, ցլիկություն էին խաղում, գլուխ-գլխի զարկում, պոզահարում իրար, կճղակների տակ տրորում մախմուր կանաչը, հիշում իրենց հորթությունը, և կովերի բառաչը լսելիս տխրում էին, դառնում իսկական եզ։ Անամոթ կովերն էլ խաղում են դրանց հոգու հետ. գալիս քսմսվում են, մզմզում, ձևեր թափում, գուցե և մտքներում ասում են՝ հողս ձեր գլխին, իբր դուք մեզանից ինչո՞վ եք տարբերվում։
Ավտոմեքենան, տրակտորը, կոմբայնը եկան ու պնդացրին իրենց տեղը։ Բայց դեռ սայլը կա, սայլը պիտի մնա, քանի որ ավտոմեքենան Մուղոզի ձորում շարժվելու տեղ չունի։ Պետունց Անդրին դարբնոցի բակում դեռ իր գործին է՝ սայլ է սարքում, լուծ է ծակում, անիվ է հավաքում, գերանդի է սրում, մեկ-մեկ էլ գլուխը բարձրացնում է ու կանչում. «Սալբի ազի, Մուշեղ ապան հանդից չի եկե՞լ»։ Սալբի ազին ասում է. «Դեռ չի եկել, ի՞նչ կա»։ «Որ գա,- ասում է Մուշեղ ապան,- ուղարկիր մոտս, որ մի քիչ միջազգային թեմայով զրուցենք»։

Աշնանը Խամուտում սկսվեց առաջին խաղողաքաղը։ Մուշեղ ապան խաղողով լի առաջին կողովը շալակեց, տարավ դրեց թեղու տակ, օրհնանքի խոսք ասաց։ Այդ օրհնանքը հողի ու ջրի օրհնանք էր, օրհնանք մարդուն ու նրա վաստակին: Օրհնանք բերք ու բարիքի։ Խուլ Բարխուդարը, որ թթից չէր կշտանում, հիմա էլ խաղողից չկշտացավ, միանգամից մի դույլ խաղող կերավ, աչքը գցեց երկրորդ դույլին, բայց Բաղդասարը չթողեց.
- Բարխուդար,- ասաց,- քառ դոդոշ, էն դու չէի՞ր, որ ասում էիր՝ էս վազերը կոլխոզի տունը կքանդեն։
- Ժամանակները փոխվե՜լ են, ժամանակնե՜րը...

Սա էլ Սևունց Մադաթ ամին է, որ բանջարաբուծականում այդպես էլ չկարողացավ դիմանալ, հիմա թռչնաբուծական ֆերմայում պահակություն է անում։ Հրացանը մեջքին քայլում է, աչքը՝ երկնքին. «Վի հա՜, վի հա՜, վի հա՜, այ ուրուր, հե՜յ, փախիր, թե չէ՝ փորդ ղիրմայով կլցնեմ»։ Ուրուր չկա, բարձր-բարձր երկնքում սավառնում է գիշանգղը, և նա հավ փախցնելու միտք չունի: Մադաթ ամին աչքը երկնքից կտրում է, ձորի շամբուտի վրա գցում: Ֆերմայի վարիչ Զարիկն ասում է. «Տերը թաղած աղվեսն էս կողմերում երևացել է։ Կամ աղվեսը, կամ անասնաբույժ Շաբոն. որ ֆերմային սովորեց, պրծավ, կորած ենք… Մադաթ ամի, չէ, ներողություն, ընկեր գեներալ, ֆրոնտում եղել ես, ֆաշիստ ես սպանել, մի աղվեսն ի՞նչ է, որ հախիցը չես գալիս»։ Զարիկի աղվեսը հիմա անասնաբույժ Շաբոն է, երեկ էլ եկավ, թե՝ չորս հավ է հարկավոր, ոնց որ հավի հիվանդություն կա, անալիզ պիտի անեմ: Զարիկը չտվեց, այս անգամ մերժեց ու բողոքեց կոլտնտեսության նախագահին՝ Խանումյանը մեր ֆերմային ավելի շատ վնաս է տալիս, քան մեր հանդերի բոլոր աղվեսները, ուրուրները, առնետները, ղուզղունները՝ միասին վերցրած։

Ահա այդ անուշ աշնանը Ձորաշենի ֆերմայի վարիչ Բագրատի հետևից մի միլիցիոներ եկավ գյուղ։ Ղուզղուն Բագրատին սարերից տարան ավտոմեքենայով։ Ղուզղունն արդեն գիտեր, որ այս անգամ փրկություն չկա, սիրտը կատակ էր ուզում, ասաց. «Ընկեր կապիտան, շնորհակալ եմ օրենքից, որ անձամբ իմ հետևից «գազիկ» է ուղարկել»։
Խանումյանը լսեց Ղուզղուն Բագրատի ձերբակալման լուրը, սարերից ձին չափ թողեց, եկավ գյուղ։ Արդեն մութն ընկել էր, Հեղինեն տանն էր։ Նա զզվանքով նայեց նախկին ամուսնուն, որ գույնը պատի ծեփ էր, գանգը՝ դեղին զաֆրան։ Եկել եմ, Հեղինե,- ասաց,- ինձ այլևս փրկություն չկա: Ղուզղուն Բագրատն արդեն ընկել է…
Առավոտյան Շաբո Խանումյանին կանչեցին միլիցիայից, և այդ զրնգուն ու ոսկե աշնան օրը նա մի անգամ ևս համոզվեց, որ իր ողջ կյանքը սխալ է ապրել...


ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Սեր իմ Քարաշեն, տուն իմ Քարաշեն, գյուղ իմ Քարաշեն...
Դու զրնգում ես իմ մեջ Շաղասարի աղբյուրների կարկաչով ու ոսկեփետուր հավքերի կանչերով, ալիքվում՝ Մուրսինի տափի հերանց գնացող արտերի նման, շառաչում՝ ինչպես Սինգարա սարի դարավոր կաղնին, խշշում՝ Սևաձորի այգիների կանաչ խշշոցով։
Անցնում եմ Թեղուն տակով, սուզվում Սևաձորի անտառներում, որ հողոտվեմ մի քիչ, ցողոտվեմ մի քիչ և շողոտվեմ մի քիչ... Դեմս Դովթալաբ սարն է՝ մի հոնքին ամպ, մի հոնքին արև: Շաղասարի զղզղան հովերն իրենց անուշ սրինգներն են նվագում ականջիս տակ, և շորորվում են Ջրաղացի ձորում ուռենիները նորահարսների պես։

Զմրուխտ ու բեհեզ ածուներում զնգում է նորից բոստանչի Գալուստի բահը, ռեհանի, ածուների, գինձի, մաղադանոսի, սամիթի զգլխիչ բուրմունքից պտտվում է գլուխս։ Տարիների հեռուներից ականջիս է հասնում հնձվոր Գասպարի ձայնը. «Հողդ ի՜նչ հող է, Քարաշեն, ջուրդ ի՜նչ ջուր է, Քարաշեն, քարդ ի՜նչ քար է, Քարաշեն... Ես քո հողին մեռնե՜մ, Քարաշեն, ես քո ջրին ու քարին մեռնեմ, Քարաշե՜ն»։
Աշնանամուտին, երբ խաղողի ողկույզն էր Սամուտի այգիներում լցվում հյութով ու քաղցրանում, Մուշեղ ապան հագավ իր տոնական զգեստները, ուսեց բահը, կանչեց կնոջը. «Սալբի, ասում եմ՝ գնամ մեր Թեղուտի բոստաններում մի լավ ռեհանոտվեմ, մի անգամ էլ լսեմ ջրերի անմահական գլգլոցը, մի անգամ էլ կարոտս առնեմ մեր հանդ ու բարից... Ո՞վ գիտե աշխարհի բանը, ով գնա-չգնա, մեծը պիտի գնա»։

Գնաց Մուշեղ ապան, ջուրը շուռ տվեց ռեհանի ու գինձի ածուների վրա, նստեց առվի կողքին... Իրիկնամուտին բոստանչի Գալուստը տեսավ ծերունուն, մոտեցավ, նայեց. մի ձեռքին ռեհանի փունջն էր, մյուս ձեռքին՝ մաղադանոսի փունջը, դեմքին՝ խաղաղ մի ժպիտ։
- Վա՜յ, Մուշեղ ապա, Մուշեղ ապա,- բոստանչի Գալուստը գրկեց ու համբուրեց ծերունու սառած ճակատը:- Տղամարդու պես ապրեցիր, տղամարդու պես էլ հեռացար աշխարհից...

Սեր իմ Քարաշեն, տուն իմ Քարաշեն, գյուղ իմ Քարաշեն...
Եվ դեռ կան փոստի Ռուբենն ու Մադաթ ամին, ապրում է Պետունց Անդրին՝ նահապետը գյուղի, Աղունիկ մայրիկը նույն Աղունիկն է, միայն մի քիչ ճերմակած, բայց դուռն ամենքի առջև բաց, շրջապատված իր թխաչ, թխահոն, թխագանգուր թոռնիկներով։ Զրնգացող օրվա մեջ շառաչում է շախով-շուխով Բաղդասարի ծիծաղը, և դա քարաշենցու ծիծաղ է՝ հողոտ, շողոտ, ցողոտ ծիծաղ...

Քարաշենում ոչ ծնունդն է նորություն, ոչ էլ մահը։ Նրանք, ովքեր ապրել են իրենց կյանքը, հեռանում են հանգիստ ու խաղաղ, և գալիս են նորերը՝ շարունակելու պապերի ու հայրերի ճանապարհը։ Գյուղից հեռացողին, գյուղը լքողին այստեղ բարի ճանապարհ չեն մաղթում, վերադարձողին ընդունում են գրկաբաց, ձեռքին դնում բոստանչու ավանդական բահը, ասում. «Ահա հացը քո հանապազօրյա»: Եթե հարսանիք է, Պետունց Անդրին նորապսակներին իր սուրբ օրհնանքի խոսքն է ասում. «Բահը ամուր լինի ձեր ձեռքում, մի բոստանում ծերանաք», եթե երեխա է ծնվել՝ «Հորով լինի, մորով լինի»։

Սեր իմ Քարաշեն, տուն իմ Քարաշեն, գյուղ իմ Քարաշեն...
Ես քեզ մնաս բարով չեմ ասում, քանզի գիտեմ, իմ մեջ նորից կզնգաս Շաղասարի աղբյուրների կարկաչով ու ոսկեփետուր հավքերի կանչերով, կալիքվես Մուրսինի տափի հերանց գնացող արտերի նման, կշառաչես՝ ինչպես Սինգարա սարի դարավոր կաղնին, կխշշաս Սևաձորի այգիների կանաչ խշշոցով...

1981 թ.