Արձակ բանաստեղծություններ

ՂԱՐԱԲԱՂ

Քեզ որոնեցի մեր սուրբ քերթության մատյանների մեջ, մեր հայրենախոս տաղարաններում քեզ որոնեցի և մեր ամրակուռ ու նվիրական ամրոցների մեջ։
Դու մեսրոպյան գիր, դու հայկյան աղեղ, Դավիթ Բեկի սուր, Սասնա ծուռ էիր։
Քեզ որոնեցի նահատակների շիրմաքարերին, որդեկորույս մոր արցունքների մեջ քեզ որոնեցի և խրճիթների սյուները լիզող շեկ բոցերի մեջ։
Դու Կաքավաբերդ, Գայանեի վանք, դու Անահիտի ջարդված գուռ էիր։
Քեզ որոնեցի մեր հին վանքերի կամարների տակ, մեր Գանձասարի խորունկ խուցերում քեզ որոնեցի և Ամարասի արդեն մամռապատ խաչքարերի մեջ։
Դու անխոնջ դպիր, դու հրաշք նաղաշ, մեռոնի բույր ու խնկի հոտ էիր։
Քեզ մեր հեթանոս աստվածների մեջ ես որոնեցի, քեզ որոնեցի վաղուց մոռացված մեհյանների մեջ, բարձր ժայռերի խորհրդավոր ու մութ անձավներում քեզ որոնեցի։
Դու Վահագն էիր մի հրագանգուր, դու գարնան կայծակ ու որոտ էիր։
Քեզ որոնեցի մեր արցախաբառ հորովելներում, մեր քաջ պապերի հյուսած ասքերում քեզ որոնեցի և հեքիաթներում ու լեգենդներում զարմանահրաշ...
Դու հայրենի երգ, հայրենի եզերք, հայրենի արև ու կարոտ էիր։
Քեզ որոնեցի թուխ աչքերի մեջ մեր աղջիկների, մեր տղաների հայացքների մեջ և մանուկների զվարթ ու պայծառ ժպիտների մեջ։
Դու անմեղություն, դու առաջին սեր, դու լուրթ մանուշակ ու նարոտ էիր։
Քեզ որոնեցի կարկաչների մեջ մեր աղբյուրների, մեր գետակների զուլալության մեջ քեզ որոնեցի և մեր հանդերի ու հովիտների ցող ու շաղի մեջ։
Դու լազուր երկինք, դու աստղերի ցոլք, կյանքի արարում ու ծնունդ էիր։
Բարձրագագաթ մեր լեռների մեջ քեզ որոնեցի, քեզ որոնեցի Քիրս ու Մռավի կանաչ լանջերում և իմ հայրենի սեգ կաղնիների շառաչների մեջ։
Դու ոսոխի դեմ միշտ անխոց վահան, անառիկ ամրոց ու մկունդ էիր։
Քեզ որոնեցի պատմությունների քառուղիներում, մեր անցած ճամփի խաչմերուկներում քեզ որոնեցի և որոնեցի մեր երակներում հոսող արյան մեջ։
Դու մեր հավատը ու մեր հավատի հավերժ անվախճան ոսկե հունդն էիր*։


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Ոչ Լենկ-Թեմուրի աշխարհակործան բանակները ինձ ծնկի բերեցին, ոչ յաթաղանը դահիճ Կաջարի, ոչ էլ խորշակը անապատների։
Ես քարե տաճար, քարե ամրոց ու քարե բերդ էի։
Ոչ պարսից արքան կարողացավ ինձ առևանգել իր որոգայթներով պիղծ ու կեղծավոր, ոչ էլ մոգերը կարղացան ինձ հավատափոխել սուտ խոստումներով ու երդումներով նենգ ու կեղծավոր։
Ես Ամարասի վանքում դպիր ու վարդապետ էի։
Նենգամիտ մարդիկ ինձ հազար ձևով ամբաստանեցին և հազար ձևով փորձեցին նրանք բնից ինձ հատել, բայց մեր դարավոր թթենու նման ամուր կառչեցի մեր ժայռ ու քարին, ճյուղավորվեցի, խշշացի նորից...
Ես բարձր լեռան գագաթին կանգնած Կուսաբերդ էի։
Ոչ արյունառուշտ դավաճանների թունոտ տեգերը կարողացան իմ հավատը խոցել, ոչ հերետիկոս-կռապաշտները՝ հոգուս մեջ պահած երազը բոցել։
Ես աստվածային Հայկի աղեղից թռած նետ էի։
Ոչ հուդաների սուտ համբույրներն ու հորի բերանին փռած գորգերը ինձ սասանեցին, և ոչ էլ խարդախ դրածոների գոռում-գոչյուններն իմ հայրենականն ինձնից վանեցին։
Ես մեր ձորերում հավերժ շառաչող Թարթառ գետ էի։
Եվ առաջինը մեր այս լեռներից ես ձեռք մեկնեցի բարեկամության՝ լուրթ ստեպների քաջ զավակներին...
Եվ առաջինը ծառս եղա հպարտ՝ ընդդեմ բռնության, և առաջինը ես ազատության դրոշ պարզեցի...
Թիկունքս՝ ամուր, հոգով հայրենի հողի հետ էի։
1975 թ.



* * *
Ոսոխիդ աչքում փշի պես ցցված ես քո կիսավեր վանքի մի սյունն եմ, ես զորությունն եմ քո լուրթ գետերի, քեզնով հաստատված քո խորությունն եմ։
Ես քո հին վիշտը, հին տրտմությունը և քո անսպառ համբերությունն եմ, ապառաժները ճեղքող ծառերիդ ձույլ արմատների համառությունն եմ, ես քո դարավոր բերդ-ամրոցների անառությունն եմ։
Ես՝ քո ծաղկունքի բուրմունքն ու գույնը, փխրությունն եմ քո սևահողի։ Ես՝ քո թթենու քաղցրությունը, որը դառնում է նաև թունդ օղի... Դու՝ իմ հայրենի օջախն ու տունը, ես՝ ջերմությունը օջախիդ պողի...
Հեղեղների դեմ ես քո ժայռերի կարծրությունն եմ, ես քո լեռների բարձրությունն եմ մութ հողմերի դեմ։ Որ աղբյուրներդ միշտ զուլալ մնան, ես քո սարերի ճեփ-ճերմակ ձյունն եմ, քնքշությունն եմ ես քո դաշտերի, լեռներիդ թառած սեգ արծիվներիդ քարակոփ բույնն եմ։
Արևի փոքրիկ շողից չխաբվող ես քո բողբոջի զսպվածությունն եմ։ Ես հեռուն չված արագիլներիդ քո գիրկը կանչող հայրենի տունն եմ։ Այս ժայռերի մեջ ցրտին ու տոթին կանգնած դիմադիր՝ քո կաղնիների տոկունությունն եմ, ես ղողանջը քո հորովելների, ես մոխիրներից հրաշքով հառնած քո հեքիաթային փյունիկ թռչունն եմ։
Ես երազներն եմ քո հազարաձև, քո հնությունն ու քո նորությունն եմ, քո Գանձասարի սրբատաշ քարը, խոյակն ու սյունն եմ, նոր ընթացք առած, ձորում ծովացած Թարթառիդ հունն եմ....
Ես անհիշելի դարերից եկած, փորձությունների հրերով անցած, քեզնից սկսած ու շարունակվող քո պատմությունն եմ*։
1975 թ.



ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔՈՒՄ

Հրաշք է ասես կանգնած տիրաբար այս կանաչ հովտում։
Մի պառավ տատիկ խորանի առջև զույգ մոմ է վառել, չգիտեմ աստծո՞ն, թե՞ այս հրաշքին է նա լուռ աղոթում։
Հավատացյալի մի սուրբ երկյուղով կանգնել եմ ահա կիսամութի մեջ, շուրջս եմ նայում։
Բարձր գմբեթի քիվերին նստած աղավնիներն են կամաց ղունղունում, իսկ երես առած ճնճղուկները կռիվս են տալիս, ճռվողում անվերջ։
Ու ես փակում եմ աչքերս մի պահ։
Հիմա ուր որ է ղողանջեն պիտի զանգերը պղնձե։
Հիմա կթնդան կամարների տակ Տաղը հարության ու Վարդավառի։
Հիմա մի խելառ, մի ծուռ վարդապետ թաքուն կնայի պատի տակ կանգնած խորոտ Շողերին ու ա՜խ կքաշի։
Հիմա կգա մի թխաչ պատանի և սուրբ Մարիամի պատկերի առջև սիրտը կմաշի։
Հիմա...
Եվ հանկարծ մեկը բռնում ու քաշում է թևս։
Վանքի պահակն է։ Ես սթափվում եմ։
- Դո՞ւ հավատո՞ւմ ես,- և նայում է նա իմ աչքերի մեջ, ժպտում մեղավոր։
- Ես հավատում եմ,- պատասխանում եմ։- Ես հավատում եմ Հարության տաղին, խորոտ Շողերին, այն վարդապետին, որ ա՜խ էր քաշում։ Ես հավատում եմ այս ճարտարակերտ, կանաչ հովտի մեջ տիրաբար կանգնած հրաշք տաճարին։
Ես հավատում եմ տաճարն այս կերտող իմ ժողովրդին։
1975 թ.



* * *
Եվ ովքեր ասես, որ քեզ չերգեցին։
Եվ ովքեր ասես, որ իրենց երգով քեզ չհերքեցին։
Եվ ովքեր ասես, որ քո հերկածը մի կրկին անգամ չեկան հերկեցին։
Եվ ովքեր ասես, որ չզուգեցին քո սեգ ճակատը էպիտետներով, չզգալով սակայն, որ գեղեցկությունը ոչ մի պերճանքի կարիք չի զգում։
Եվ ովքեր ասես, որ քո անունով չհորջորջվեցին սուրբ առաքյալներ, և քո հասցեով՝ նստած Պառնասի ստորոտներում, թթված երգեր են հիմա վաճառում։
Եվ ովքեր ասես՝ իրենց ճառերով ու կեղծ ձոներով քեզ չեն չարչարում։
Եվ ովքեր ասես՝ մեր նախնիների գերեզմանները քանդուքար չարին, որ տեսնեն ով ես դու իրականում, ինչ ազգ ու տոհմից և ինչ աշխարհից, ով է մեծ պապդ, ովքեր են եղել քո մայրն ու քեռին։
Եվ ովքեր ասես, որ քո անունով չհերոսացան, և հիմա իրենց փայտե սուսերի, տեգերի համար տեղ են որոնում թանգարաններում։
Եվ ովքեր ասես՝ քեզ որոնելով՝ քեզ չկորցրին։
Եվ ովքեր ասես, որ քեզ սիրելով հանդերձ՝ լռեցին։
Եվ ովքեր ասես՝ քեզ չծռեցին։
Բայց դու մնացիր այնպես, ինչպես կաս, հպարտ՝ լեռնցու քո հպարտությամբ և շիտա՜կ քո՝ ղարաբաղյան այդ շիտակությամբ։




ԱՐԱԳԻԼ

Արագիլ, ո՞ւր ես չվում, արագիլ։ Արագիլ, բույնդ դատարկ կմնա։
Արագիլ, ախր մեր սար ու ձորին կարոտ կմնաս։
Մեր կանա՜չ , կանաչ լեռները թողած՝ ուրիշ դաշտերում քարոտ կմնաս։
Ոչ ոք քեզ բարի ճամփա չի մաղթի, հայրենի տունդ լքած, արագիլ։
Ոչ ոք չի ասի՝ բարի վերադարձ, մեր հանդ ու քարից, քարափներից ու ձորերից երես թեքած, արագիլ։
Կանցնեն տարիներ, կգաս ուշացած, բույնդ չես գտնի, օտար կթվան քեզ մեր հանդերը՝ մի ոտի վրա կանգնած կմնաս։
Նոր բույն չես հյուսի, ձագեր չես հանի, թևերդ հպարտ չես թափահարի, վշտիդ մոխիրով հանգած կմնաս։
Մեր հովիտները ուրիշ նոր հավքեր կգան ու կերգեն, իսկ դու կորցրած երգդ չես գտնի՝ աներգ կմնաս։
Երամդ կորցրած կռունկի նման ո՞վ գիտե, թե ինչ քար ու քարափի կզարնվես անվերջ՝ մեր սրտերի մեջ նոր վերք կմնաս։
Լուրթ հեռուներում արբած արագիլ...
Հեռվի կանչերով խաբված արագիլ, այդ ո՞ւր ես գնում։
Արագիլ, բույնդ դատարկ է մնում։
1975 թ.



ՆԺՈՒՅԳՆԵՐԸ

Խրխնջում են նժույգները, հողը դոփում ու ծառս լինում ցասումնալից։
Նժույգները հողմապար են բռնել ասես, պտտվում են ու վրնջում։
Նժույգները՝ էժան գնված ու տերերից զոռով խլված... Ու շատերը զամբիկ են դեռ, թամբ չեն տեսել իրենց մեջքին, սանձ չեն տեսել, ոչ էլ խթան։
Օ՜, նժույգներ Ղարաբաղի, դաժան բախտ է ձեզ վիճակվել, աշխարհավեր այս արյունոտ, այս խառնակիչ թոհ ու բոհում։
Դուք կթողնեք հովիտները արծաթաշող, անտառները մեր զովասուն և ջրերը կարկաչահոս։ Ձեզ կլցնեն նավերի մեջ բարձրակայմ ու կտանեն հեռու՜-հեռու՝ մառախլապատ այն երկիրը, ուր երկնաքեր ծխաններից մութն է ժայթքում և ծովերն են խոլ շառաչում...
Եվ կհանեն ձեզ վաճառքի, դուք կունենաք ուրիշ տերեր, ու խստասիրտ մարզիկների մտրակները կշառաչեն ձեր գավակին։
Օ՜, նժույգներ վտարանդի...
Դուք ամբոխի խելակորույս գոչյունների, սուլոցների ու ծափերի տարափի տակ կսլանաք հողմից թեթև, ծառս կլինեք ու կզարնվեք թափով իրար, կգլորվեք գորշ փոշու մեջ, և կհիշեք հովիտները արծաթաշող, անտառները մեր զովասուն, աղբյուրները կարկաչահոս։
Դուք կհոգնեք արշավներից, ամենօրյա ու տոնական մրցումներից, և մի օր էլ կկորցնեք ձեր հմայքը ու ձեր տեղը արքայական ախոռներում... Կվաճառվեք շուկաներում և կտանեն, կդնեն ձեզ ֆուրգոնի տակ, ձեզ կդարձնեն բեռնաձիեր, այնուհետև բութ ու անխիղճ ձեր տերերը քարշ կտան ձեզ սպանդանոց։
Խրխնջում են նժույգները, նժույգները բողոքում են, արտասվում են նժույգները... Լսողն ո՞վ է։
Ղարաբաղում տասնութ թիվն էր և աշունը տասնութ թվի։
1975 թ.



ԲՈՍՖՈՐԻ ԱՓԻՆ

Նավերն են գնում, նավերն են գալիս, տոթն ու աղմուկն իրար են խառնվել Բոսֆորի ափին։ Ծեր նավապետը՝ հին ծովագայլը, Բրիտանիայի պարծանքն ու փառքը գոռում է վերից և լուտանքներով ծաղրում-ծանակում բեռնակիրներին։
Ժամանակը կարճ, ճամփան երկար է, սակայն ձիերը, որ քշել-բերվել են Ղարաբաղից, նավ չեն բարձրանում։ Նավահանգիստը լցվել խրխինջով ու սմբակների ծանր դոփյունով եռում է ասես։ Ձգում-քաշում են սանձափոկերը խելառ ձիերի, պարանոցներին օղապարաններն ագուցում ճարպիկ...
Ու բարձրանում է թեք կամրջակով նժույգն առաջին, հետո երկրորդը, և ուրիշներն են հետևում իրենց բախտակիցներին։
Սակայն մի ճերմակ, մի հրեղեն ձի ոտքերը ուժգին գետնին է խփում, խրխնջում անզուսպ ու չի ենթարկվում։ Ռունգերն ուռչում են, պայթում փնչոցով. աչքերում ցասման կրակ կա, բողոք... Եվ եթե մի պահ լեզու ունենար ըմբոստ կենդանին, կգոռար, կասեր. «Ինձ ո՞ւր եք բերել և ո՞ւր եք տանում։ Ինչո՞ւ եք պոկել ինձ մեր լեռներից ու մեր լեռների ծուռ ու քարքարոտ ճանապարհներից։ Ախր, հասկացեք, ես Ղարաբաղն եմ, ղարաբաղյան եմ, և Ղարաբաղի կարոտը իմ մեջ ինչո՞ւ եք խեղդում...»։
Ձին լեզու չունի, իսկ նավապետը գոռում է վերից. «Գրողը տանի՛, դե ի՞նչ եք այդպես մի ձիու համար իրարով անցել»։ Եվ երկարակոթ խարազանները սև օձերի պես օդում շաչելով իջնում են ձիու մեջքին, կողերին ու պարանոցին։ Բայց ձին, այդ ըմբոստ, հպարտ կենդանին ցնցում է բաշը ու դիմադրում։
Երկարահասակ ու շիկամորուս ինչ-որ մի մայոր իր կողքին կանգնած զինվորի ձեռքից կարաբինն առնում՝ նշան է բռնում ձիու ճակատին, քաշում ձգանը... Ու բոց է ժայթքում զենքի սև փողից, և երերում է նավահանգիստը ու ցնցվում մի պահ...
Ձին ծառս է լինում մի վերջին անգամ, մի վերջին անգամ խրխինջ արձակում և վերջին ուժով թափ առնում, նետվում ծովի փրփրած ալիքների մեջ։
Նավահանգստում տիրում է հանկարծ ծանր լռություն և լռության մեջ խուլ հեծկլտում է ծովը Մարմարա։
1975 թ.




ԴՊՐՈՑՈՒՄ

Հիմա չգիտեմ որտեղ է այն նստարանը, որտեղ մի օր ես եմ նստել։
Չգիտեմ որտեղ է այն թխահեր աղջիկը, որ ամեն առավոտ, դասարան մտնելիս, նայում էր ինձ ու ժպտում։
Որտեղ է իմ ուսուցիչը, որ հոր նման խիստ էր, հոր նման բարի։
Ես նայում եմ իմ նախկին ջահել ուսուցչուհուն, որ տատիկ է դարձել արդեն, և նա հասկանում է ինձ։
- Դու էլ ես ճերմակել, սիրելիս,- ասում է։
Ես ուզում եմ վազել ծանոթ միջանցքով, բացել դասարանի դուռը... Մի գանգրահեր պատանի մոտենում է ինձ ու հարցնում.
- Ո՞ւմ եք որոնում, քեռի։
Ո՞ւմ եմ որոնում։ Ախր, ինչպե՞ս ասեմ, որ հասկանաս ինձ։ Ես իմ նստարանն եմ որոնում։ Որոնում եմ իմ թխահեր դասընկերուհուն, իմ վաղամեռ ուսուցչին եմ որոնում և իմ ջահել ուսուցչուհուն։ Ես իմ վիշտն ու ուրախությունն եմ որոնում, իմ ոտնահետքերն եմ որոնում այս սանդուղքներին։
Ես, իմ պատանի բարեկամ, քո մեջ ինձ եմ որոնում։




ԱՐԵՎՀԱՏԸ

Արևհատը աշխարհի ամենաբարի, ամենաչքնաղ աղջիկն է։
Արևհատը լցնում է մեր կուժը, մեզ համար հանդից մոշ է բերում, օգնում մորս լվացքին։
Արևհատը երբ մտնում է մեր տան շեմով, տատիս դեմքին ճառագում է ժպիտը.
- Ծաղկես, ծիրանի դառնաս, Արևհատ...
Արևհատը հասակ առավ, դառավ գյուղի աչքը։ Նա իմ մատղաշ սիրտը մտավ, խլեց իմ քունն ու հանգիստը։
Ես մի օր էլ բռնեցի նրա քնքույշ ձեռքն ու ասացի.
- Արևհատ, դու աշխարհի ամենալավ, ամենաբարի աղջիկն ես։
Արևհատը խոնարհեց գլուխը, երկար թարթիչների վրայով արցունքի երկու կաթիլ սահեցին, ընկան ձեռքիս վրա։
- Ես սիրում եմ ուրիշին,- շշնջաց,- ներիր ինձ։
- Իսկ ո՞վ է նա։
- Նա աշխարհի ամենալավ, ամենաբարի տղան է։
Ինձ թվաց, թե պարզկա երկնքից կայծակ պայթեց։ Ես վազեցի անտառ, փռվեցի կանաչ խոտերի մեջ ու հեկեկացի անզուսպ։
Ախր, Արևհատը աշխարհի ամենալավ, ամենաբարի, ամենաչքնաղ աղջիկն է։




ՍԵՐԵՆԱԴ

Մենք աստղերի տակ երկար մնացինք, երկար քայլեցինք կանաչ ծառուղով։ Գիշերը վաղուց կիսվել էր արդեն, և ինչ որ մի տեղ ծղրիդներն էին դեռ շատախոսում...
Մենք քանի՜ անգամ մաղթեցինք իրար «բարի գիշեր ու անուշ երազներ», և քանի՜ անգամ ծիծաղեցինք մեր անմտության վրա, սակայն չգիտեմ, չգիտեմ ինչու, վախենում էինք ասել՝ սիրու՜մ եմ։
Դա ոչ առաջին մեր հանդիպումն էր, ոչ էլ՝ վերջինը։ Ծանոթ-անծանոթ մեզ վաղուց արդեն համարում էին անբաժան զույգեր։ Նույնիսկ այն տարեց ծաղկավաճառը մեզ առաջինն էր «բարի լույս» մաղթում ու պարզում փունջը ալ մեխակների։ Իսկ մենք՝ չգիտեմ, չգիտեմ ինչու, վախենում էինք ասել՝ սիրում եմ։
Ե՞ս էի անփորձ, դո՞ւ էիր անմեղ, դժվար է ասել... Անձրև էր մաղում, ես իմ թիկնոցը քաշեցի վրադ, և տեսնում էի ժպիտն աչքերիդ ու շրթունքներիդ դողը սիրատենչ... Եվ հալվում էինք մենք անմե՜ղ-անմեղ՝ ես քո կրակով, դու իմ կրակով... Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ դու քո շուրթերով, ես իմ շուրթերով վախենում էինք ասել՝ սիրում եմ...




ԵՐԳԸ ՄՆԱՑ ԼԵՌՆԵՐՈԻՄ

Եվ արտույտը բացվող օրը ավետեց, աղբյուրները զրնգացին զանգակաձայն։ Փափուկ հովից շնկշնկացին շարմաշուղներ ու շուշաններ շողշողուն, կակաչները ժայռի ծերպին բռնեցին լուռ շուրջպարի...
Եվ դու եկար ցողոտ-շողոտ, եկար ճերմակ շորերով, ու ժպիտը կոկոնի պես բացվեց ղումաշե։
Եվ տաք էին թաթիկներդ, և տաք էին շուրթերը քո, և տաք էին քո այտերը, լույս էր ցայտում քո աչքերից կարոտի։
Եվ, ձեռք-ձեռքի տված, ուրախ մենք քայլեցինք լանջերն ի վեր լեռների։ Շուշանները շնկշնկացին, քրքջացին առվակները, լուռ ժպտացին կակաչները, մեխակները հալվում էին կարոտից...
0՜, ինչ օր էր, օ՜, ինչ օր էր, մենք էինք ու մեր լեռները, և մեզ համար տոն էր կարծես Վարդավառի ու Համբարձման...
Ես պատանի մի գառնարած, դու մի անմեղ աղջնակ... Դու չիմացար ինչպես եղավ, ես չիմացա ինչպես եղավ, մենք չիմացանք ինչպես եղավ, ինչպես դիպան մեր շրթունքներն իրարու... ինչպես, հանկարծ դու պոկվեցիր, փախար խրտնած եղնիկի պես ձորն ի վար, ու էլ չեկա՜ր, էլ չեկա՜ր։
Ես թողեցի աղբյուրները զանգակաձայն և ներբողը արտույտների։ Ես թողեցի շուշանները շուշանաշող, կակաչները հրակարմիր ու մեխակները վայրի... Ու խառնվեցին գառ ու մաքի, ձորը լցվեց մայունով։
Ես գյուղ տանող նեղ կածանով սարից իջա դառնացած...
Երգը մնաց լեռներում։



ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԻԿԸ

Ես տեսա աշխարհի ամենագեղեցիկ աղջկան ցողաթաթախ խոտերի մեջ։ Նա նայեց ինձ և ասաց՝ արի...
Ես վախենում էի ոտքերս ցողում թրջել։
Աշխարհի ամենագեղեցիկ աղջկան ես տեսա ծովափին։ Նա նայեց ինձ, ասաց՝ հասիր ինձ ու նետվեց փրփրադեզ ալիքների մեջ։
Ես վախենում էի ծովից։
Աշխարհի ամենագեղեցիկ աղջկան ես տեսա լեռներում։ Նա թափահարում էր իր ճերմակ թաշկինակը և ծիծաղում։
Լեռները բարձր էին։
Իսկ երբ քաղաքի աղմկուն փողոցում ես բռնեցի աշխարհի ամենագեղեցիկ աղջկա թևը, նա ինձ ասաց.
- Ուշացել ես, սիրելիս, շա՜տ ես ուշացել։
Ես նոր միայն հասկացա, որ կրակ սիրողը այրվելուց չպիտի վախենա։




ՀՈՐՈՎԵԼ

Շաղոտ դաշտերում, շողոտ դաշտերում ես հոտաղ էի։
Մաճկալս ծեր Էր՝ քայլերը երեր ու ձայնը խզված։ Եվ ամեն անգամ, երբ ծոր Էր տալիս իր հորովելը, ես իմ մանկական զրնգուն ձայնով ձայնակցում էի նրա կոշտ բասին.
Արեգակը սարի վրա, Ոսկե թասը քարի վրա...
- Օրհնվե՜ս«- մաճկալս ժպտում բեղի տակ, թև էր տալիս ինձ.- Շնորհքով մանչ ես, երբ քիչ մեծանաս, քեզանից կարգին մաճկալ դուրս կգա։
Բայց ես չդարձա ոչ կարգին մաճկալ և ոչ էլ կարգին հոտաղ մնացի։
Որտեղից եկավ իմ ծեր մաճկալի սիրուն թոռնիկը, և հորովելս փոխվեց կարոտի ու ալեկոծվեց մանուկ կրծքիս տակ։ Ձայնակցում էի ես իմ մաճկալին, և պատահում էր շուռ էի տալիս երգն ուրիշ ձևով, դուրս էին գալիս եզները լծից, խոփը՝ ակոսից։
Եվ մի օր էլ, երբ կորցրել էի չափն ու սահմանը իմ հորովելի, հատեց մաճկալիս համբերությունը, բարակ ճիպոտը ցած բերեց մեջքիս, գոչեց զայրացած.
- էդ ո՞նց կլինի, այ զուլում լակոտ, իմ հորովելն ու քո հորովելը իրար չեն բռնում։
է՛հ, ի՞նչ ասեմ քեզ, իմ ծերուկ մաճկալ։ Դու այս աշխարհում շատ բան տեսած մարդ, բայց այդ ինչպե՞ս էր, ինչպե՞ս, որ չէիր ուզում հասկանալ՝ քո հորովելում վարդը թառամել, իմ հորովելում նոր էր կոկոնվում։ Քո հորովելում արևը արդեն թաքնվել, կորել սարի ետևում, իմ հորովելում դեռ նոր էր ծագում։
Դու, իմ հեգ մաճկալ, մայրամուտ էիր, իսկ ես՝ լուսաբաց։



ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶ

Ես երազում քսան տարեկան էի։
Պատուհանիս տակ սոսափում էր մեր հին լորենին, հովը ականջիս իր անուշ սրինգն էր նվագում։
Ես երազիս մեջ գիտեի, որ այդ երազ էր, խաբկանք... Գիտեի, որ աչքերս բացեմ, ամեն ինչ կդառնար մշուշ... Եվ քանի որ երազ էր, ուզում էի իմ անցած-գնացած պատանության օրերի կիսատ մնացած չարությունները շարունակել... Ուզում էի մտնել ձեր բակը, խուժել ձեր պատուհանից, առնել քեզ գիրկս...
Ես երազում քսան տարեկան էի, և չէի ուզում բաժանվել այդ երազից, որպեսզի քսան տարեկան աղջիկները չանվանեին ինձ քեռի, մայրս չասեր՝ «Այդ ե՞րբ ճերմակեցին մազերդ...»։
Ես երազում քսան տարեկան էի։



ԵՐԳ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Ես ամբողջ գիշեր չքնեցի։ Վերդունց Դավթի տանը հարսանիք էր։ Վարդերն ամուսնանում էր դարբին Դավթի որդու հետ։ Զրնգում էր դհոլը, զուռնան իր ծկլթոցով ականջ էր ծակում, և դարբին Դավիթը ոտքերը զարկում էր հատակին ու գոչում.
- Ուստա Հակոբ, հոգուդ մատաղ, հիմա էլ «Ջեյրանի»...
Ես ամբողջ գիշեր չքնեցի և վաղ առավոտյան, աղբյուրի մոտ հանդիպեցի Վարդերին։ Ջուրը կլկլում էր կժի մեջ, իսկ նա լուռ նայում էր վազող ջրերին։
- Վարդե՜ր...
Նա նկատեց ինձ, և հանկարծ կուժն ընկավ ձեռքից ու լսվեց մի խուլ զնգոց։ Ես ուզում էի կարեկցանքի խոսք ասել, երբ մեկ էլ, չգիտես որտեղից, հայտնվեց դարբին Դավիթը, նայեց շփոթված Վարդերին ու ժպտաց.
- Բան չկա, հարս ջան, ինչո՞ւ ես դարդ անում, կոտրվողը թող կուժը լինի։ Ջրի կուժը ջրի ճամփին կկոտրի։
Բայց դարբին Դավիթը որտեղի՞ց իմանար, որ Վարդերը կժից առաջ իմ սիրտն էր կոտրել։



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Իմ այս տարիքում աղջիկների հետ ժամադրվելն ու սիրուց խոսելը անմտություն է, պատշգամբներին հայացք ձգելը խելառություն է իմ այս տարիքում։
Ախր ե՞րբ անցան իմ գարունները, կարմիր վարդերս որտե՞ղ մնացին, ի՞նչ մեղք եմ գործել, որ թուխ մազերիս եղյամ է իջել, և արբունքահաս աղջիկները ինձ քեռի են կոչում իմ այս տարիքում։
Իմ այս տարիքում ոչ կարգին ջահել և ոչ էլ, ոչ էլ ահել եմ կարգին։
Ասում եմ՝ ախր ինձ ի՞նչ է մնում՝ նստել պուրակում և հեռվից-հեռու նայել այս քնքուշ ու սիրուն կանանց, թաքուն ա՜խ քաշել։ Մնում է ապրել անցած օրերի ոսկե հուշերով, սեր ու կարոտի երգեր հորինել։
Իմ այս տարիքում ոչ լրջությունն է սազում մի կարգին, ոչ խենթությունը։
Ուզում եմ թողնել ինձ այս կաշկանդող գրասեղանը, վեր կենալ, գնալ և ընկերանալ լեռներից հոսող խենթ գետակներին ու եղնիկների ետևից ընկնել... Բայց ինչ-որ մեկը կարծես բռնում ու քաշում է թևս, ասում է՝ ախր մի լա՜վ նայիր քո ճերմակ մազերին, սար ու ձորերում ի՞նչ ես կորցրել քո այդ տարիքում...
Իմ այս տարիքում ոչ կարգին Մեջնուն և ոչ էլ կարգին մի Դոն Կիխոտ եմ։



ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԻԿ

Անծանոթ աղջիկ, անծանոթ կարոտ, անծանոթ երազ։
Դու թեթև՜-թեթև գալիս անցնում ես միշտ մեր փողոցով։
Եվ թեթև՜-թեթև ժպիտն է խաղում շուրթերիդ վրա:
Եվ մեր փողոցը, պարտեզը, այգին լցվում են գարնան ծափ ու ծիծաղով։
Եվ հառաչում են շատրվանները ու փշուր-փշուր լինում կարոտից։
Եվ հազարաբույր ու հազարագույն ծուփ-ծաղիկները նեկտար են թափում քո ոտքերի տակ։
Եվ ողջ գիշերը պատուհանիս տակ հնչում են կարծես հազար քնար ու հազար ծնծղա։
Եվ բացում եմ ես պատուհանները, նայում կարոտած, սակայն դու չկաս։
Եվ թե լինես էլ, ախր դու ինչպե՞ս ինձ կհասկանաս...
Անծանոթ աղջիկ, անծանոթ կարոտ, անծանոթ երազ։



ԿԱԼՈԻՄ

Կամը պտտվում է կալում և տրորում ցորենի ծանր հասկերը։
Նա նայում է ինձ, և ձախ այտին մի սիրուն փոսիկ է գոյանում։ Ես բռնում եմ նրա թևը, քաշում դեպի ինձ... բայց այդ պահին խրտնում են եզները և կամը հանում կալից։ Մենք թավալվում ենք հաշանի վրա ու քրքջում խենթ ու խելառ երեխաների պես։ Հերիքնազ ազին երկար ճիպոտը թափահարում է.
- Վա՜յ, անիծվածներ, էդ ի՞նչ բանի եք։
Հետո ուզում է ավելի խիստ խոսք ասել, բայց երևի հիշում է իր ջահելությունը և բարկությունը մեղմում.
- Տեսեք, հա՜, կամը կալից չհանեք։



ՕՐՀՆՅԱԼ ՓՈԹՈՐԻԿ

Մենք մենակ էինք ծովում։ Մեզ ոչ ոք չէր խանգարում։ Մեր նավակը սահում էր ջրերի վրայով, իսկ ծովն այնպե՜ս խաղաղ էր, այնքա՜ն հանգիստ... Ես ուզում էի բացել սիրտս, ասել ամեն ինչ, բայց չէի համարձակվում։ Եվ հանկարծ բարձրացավ քամի, ծովը փոթորկվեց, ու մեր փոքրիկ նավակը ջրերի վրա դարձավ խաղալիք։ Նա փոքրիկ երեխայի պես կպավ կրծքիս, ու ես լսեցի նրա սրտի զարկերը։
- Օրհնյա՜լ փոթորիկ, որտե՞ղ էիր այսքան տարի։



ՄԵՐԺՈԻՄ

Ես ամեն առավոտ անցնում էի նրանց փողոցով։
Ամեն առավոտ մի փունջ մանուշակ էի դնում նրա պատուհանին, և նա վերցնում էր մանուշակի փունջն ու հարցնում.
- Վաղն էլ կբերես, չէ՞։
Մի օր էլ, երբ մոտեցա նրա պատուհանին, նա վերցրեց մանուշակի փունջը և ասաց՝ սպասիր։
Սպասեցի, եկավ, բուռս խոթեց մի թղթադրամ։
Ես այլևս չանցա նրանց փողոցով։ Քարսիրտ աղջիկ։



ԼԵՌՆԵՐԻ ԿԱՐՈՏԸ

Ես քնեցի բաց երկնքի տակ՝ արձակ լեռներում։
Ես երազում լեռներ տեսա, լեռների գագաթներին թառած արծիվներ, լեռներում շառաչող գետեր։
Ես լեռների մասին պատմեցի ծովերին, ծովերն ասացին.
- Սիրտդ լեռներով հիվանդ է։
Ես լեռների մասին պատմեցի դաշտերին, դաշտերն ասացին.
- Հեքիաթ է։
Ես լեռների մասին պատմեցի գետերին, գետերն ասացին.
- Երազ է։
Ես լեռների մասին պատմեցի լեռներին, լեռներն ասացին.
- Կարոտե՜լ ես։



ՊԱՊՈՒՆՑ ՏՈՒՆԸ

Պապս մի լուռ ծերուկ, մի աշխարհ։
Տատս մի բուռ պառավ, մի ծուփ ծով։
Երեք քեռի, երեք բարդի, երեք ասք։
Բակում մանկանց ուրախ ծիծաղ, երգ ու ծափ։
- Բարով եկար,- պապս գրկում, սեղմում է ինձ իր չոր կրծքին։- Որտե՞ղ էիր այսքան տարի։
- Կուրանամ ես, թոռնիկս է,- տատս ելնում, զնգացնում է սուրմաները արծաթե։
Պալան-պալան երկարում է թոնրի ծուխը գյուղի վրա, տարածվում է անուշ բույրը ճերմակ հացի։ Գոմի կտրին մի անմեղ գառ վիզը ծռել ու նայում է զարմացած։
Պապունց տանն եմ, պապունց տանը...



ՍԱՆԴԵՐՔԸ

Մեր տանիքի տակ ընկած է տատիս սանդերքը։
Այդ սանդերքի վրա տատս կորացել է մինչև կեսգիշեր, բուրդ է գզել, մանել ճախարակի միալար բզզոցի տակ, գուլպա գործել, պահել երկու որբերի։ Այդ սանդերքը տատիս օժիտն էր, տատիս աչքի լույսը և հույսը վերջին։
...Մի անգամ որդիս նկատեց լքված ու մոռացված սանդերքը և հարցրեց հորս.
- Այս ի՞նչ բան է, պապի։
Հայրս նայեց սանդերքին, հիշեց իր տխուր մանկությունը, պատմեց սանդերքի վրա կորացած տատիս մասին, պատմեց երկու որբերի սրտակեղեք պատմությունը և դարձավ որդուս.
- Հիմա հասկացա՞ր, գառնուկս, թե ինչ բան է սանդերքը։
- Հասկացա,- պատասխանեց տղաս,- սանդերքն աշխարհի ամենատխուր պատմությունն է։



ՄԵՆՔ ԾՆՎԵԼ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Մենք չտեսանք հայրական ձեռքերի քնքուշ շոյանքը և ժամանակ չունեինք հովիտներում ծաղիկներ փնջելու ու հիանալու սոխակների երգով։ Աշխարհում ռումբերի որոտ կար, հրդեհներ կային աշխարհում, և մենք սովորեցինք բոբիկ ոտքերով քայլել կրակների վրայով։
Դրա համար էլ մենք ժամանակից շուտ հասունացանք։
Մեր ձեռքին հոտաղի բարակ ճիպոտն էր, նախրապանի մահակն էր մեր ձեռքին, արորի մաճն ու բահը ջրվորի։ Մենք սայլապան էինք, մուրճ Էինք խփում դարբնոցում, պողպատ էինք ձուլում հնոցում։
Դրա համար էլ մեր ձեռքերը ժամանակից շուտ կոշտացան։
Մենք վկա Էինք, տեսանք մեր աչքերով, թե ինչպես էին մարդակերները կախաղանների վրա ճոճում մեր քույրերին ու եղբայրներին... Տեսանք քաղաքներն ու գյուղերը բոց ու ծխի մեջ, լսեցինք որդեկորույս մայրերի լացն ու հառաչը և բողոքն ալեվարս տատիկների։
Դրա համար էլ մենք ժամանակից շուտ ըմբոստացանք։
Մեր նետած ռումբերից ու արկերից հօդս էին թռչում զինանոցները թշնամու, և գնացքները գլորվում էին մթին անդունդները։
Դրա համար էլ մենք ժամանակից շուտ հերոսացանք։
Ոչինչ, ոչ մի ուժ չկարողացավ կոտրել կամքը մեր՝ ոչ ձմռան բքաշունչ քամին, ոչ տոթը ամռան, ոչ ռումբերի որոտը, ոչ նենգությունը նենգ ոսոխի և ոչ էլ մահը նույնիսկ։
Դրա համար էլ մենք արժանի զավակներն ենք մեր հայրերի և ծնվել ենք ժամանակին։



ՊԱՏՄԻ՛Ր, ՀՈԻՇԱՐՁԱՆ

Քանի՜սը ընկան այս բարձունքներում և քանի՜-քանի ջահել կտրիճներ մարտից չդարձան։
Պատմի՛ր, հուշարձան։
Քանի՜-քանի օր ու քանի՜ ամիս նետվեցին նրանք ահեղ գրոհի, և քանի՜ անգամ ընկան ու ելան, սակայն մնացին անընկճելի, հպարտ, անսասան մնացին դարձյալ։
Պատմի՛ր, հուշարձան։
Ա՜խ , քանի՜ աղջիկ, քանի՜ ջահել հարս, քանի՜-քանի մայր սպասում էին, որ դառնան նրանք... Ու հարսանեկան որքա՜ն զգեստներ սնդուկների մեջ փակված մնացին, ու որքան սերեր մնացին կիսատ, ու որքան հարսներ սգավոր դարձան...
Պատմի՛ր, հուշարձան։
Զավակներն ինչո՞ւ շարունակում են որոնել նորից իրենց հայրերին, որքա՜ն մանուկներ դեռ հայր չտեսած՝ կյանքում որբացան։
Պատմի՛ր, հուշարձան։
Պատմի՛ր, հուշարձան, պատմիր այն մասին, թե ինչ սարսափներ տեսավ սերունդն իմ և անցավ քանի՜ մազե կամրջով, բայց հպարտ նայեց մահվան աչքերին ու հավատարիմ մնաց հավիտյան իր հավատամքին…
Պատմի՛ր, հուշարձան։
Պատմի՛ր դարերին այն խիզախների մասին, որ ընկան, սակայն մնացին ապրողաց սրտերում, կյանքի պես անմեռ... Դարձան ցորենի ծփացող արտեր, այգիներ դարձան բերքով ծանրացած և ահեղ բռունցք՝ պատերազմի դեմ։
Պատմի՛ր, հուշարձան։



ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԴՈԻ

Ո՞ր եղբայրական գերեզմանում ես հանգչում և ի՞նչ ծաղիկներ են բուրում քո շիրմին։ Լսո՞ւմ ես, արդյոք, արտերի շրշյունը և թռչունների անուշ երգը։ Զգո՞ւմ ես ինչպես են մեղուները ծաղիկներից նեկտար հավաքում, ու այդ նեկտարի մեջ չկա քո մասնիկը։
Որտե՞ղ ես դու։
Գո՞ւցե հանգչում ես այն մարմարակերտ հուշարձանի տակ, որ կանգնած է Դնեպրի ափին, և ծո՞վն է գուցե քո շիրիմը վերջին։ Լսո՞ւմ ես, արդյոք, հեռագրալարերի ծանոթ զնգոցը տափաստանում և անիվների աղմուկը գնացքների։
Որտե՞ղ ես դու։
Ո՞ր ճանապարհի եզրին, ո՞ր անտառում և ի՞նչ ծառի տակ ես հանգչում։ Ի՞նչ լեռների զեփյուռներ են շոյում խոտերը քո անհայտ շիրմի, և գիտե՞ս, արդյոք, որ մայրդ կարոտած աչքով դեռ պահում է ճամփադ։
Որտե՞ղ ես դու։
Եթե տափաստանն է գերեզմանը քո, թող դաշտերի լռությունը հանգստություն բերի քեզ։
Եթե ծովն է գերեզմանը քո, թող նրա պաղ ջրերը համբուրեն ողջակիզված սիրտդ...
Եթե անտառն է գերեզմանը քո, թող ծառերը պատվո պահակների պես հսկեն քո խաղաղությունը։
Եթե լեռներն են գերեզմանը քո, թող գարնան մարմանդ հովերը սիրող մոր նման քեզ օրոր ասեն։
Որտե՞ղ ես դու։



ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ

Անհա՞յտ։ Իսկ ինչո՞ւ անհայտ։ Մի ռուս կին ծաղկեփունջ դրեց մարմարե պատվանդանին ու շշնջաց.
- Որդի՜ս...
Ծերունի ղազախը հանեց գլխարկը և գլուխն ակնածանքով խոնարհեց.
- Հարազա՜տս...
Մի ալեվարս վրացուհի համբուրեց մարմարե քարն ու ասաց.
- Թանկագի՜նս...
Մի բելոռուս, մի հայ, մի լատիշ, մի ուզբեկ... Բոլորն Էլ ծաղիկներ դրեցին գերեզմանին և իրենց մայրենի լեզուներով ասացին.
- Բալա՜ս...
- Տղա՜ս...
- Հարազա՜տս... Թանկագի՜նս…
Ուրեմն ինչո՞ւ անհայտ զինվորի գերեզման։ Այսքան ծնողների զավակն ինչպե՞ս կարող է լինել անհայտ*։



ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ

Մայրը ասում է.
- Իմ որդուն գիտեմ, որտեղ էլ լինի՝ կրակների մեջ և թե նույնիսկ զույգ քարի արանքում, իր մորը մի օր կհիշի, կգա։
Ու սպասում է։
Հայրը ասում է.
- Թե որդին իմն է, կանցնի հրերի, սրերի միջով, կանցնի նաև հազար մազե կամրջով, ալեհեր հորը կհիշի, կգա։
Ու սպասում է։
Կինը ասում է.
- Իմ արծվին գիտեմ, որքան էլ հեռուն թռչի, սավառնի, օտար երկնքում նա չի մոլորվի, իր բույնը մի օր կհիշի, կգա։
Ու սպասում է։
Քույրը ասում է.
- Եղբայրս քաջ է, նրան ո՛չ հուրը կարող է բոցել, ո՛չ էլ գնդակը կարող է խոցել, որտեղ էլ լինի, նորից իր տունը կհիշի, կգա։
Ու սպասում է։
Որդին ասում է.
- Գիտեմ իմ հորը, որքան էլ փորձեն դաժան հողմերը մոլեգնել ահեղ ու փակել ճամփան, մեկ է, նա կգա։
Ու սպասում է։
...0՜, որքա՜ն անհետ կորածներ ունենք, որ դեռ պիտի գան, որ դեռ պիտի գան։
Ու սպասում ենք։



ՀԻՐՈՍԻՄԱ

Դու որդեկորույս մայրերի շուրթերով շարունակում ես անիծել նրանց, ովքեր աշխարհում առաջին անգամ կիսեցին մահվան միջուկը ահեղ։
Դու խարխափում ես այն զինվորի պես, որի դատարկված ակնախոռոչում խավար է տիրում՝ օրը ցերեկով և երակներում հոսում է դանդաղ արյունը ճերմակ։
Դու չորանում ես այն բալենու պես, որ զրկվել է իր ձույլ արմատներից, և կեղևի տակ որդերն են սողում։
Դու դեռ լալիս ես որբացած մանկան արցունքով աղի, դժբախտ հարսների պապակած շուրթով մրմնջում նորից նզովքի խոսքեր։
0՜, Հիրոսիմա, 20-րդ դարը քեզ կուրացրեց, քեզ խլացրեց 20-րդ դարը, դարձրեց ատոմով խեղված հաշմանդամ մի հավերժական։
Ու դեռ չծնված քառասունհինգին, բայց քառասունհինգի ախտով վարակված կանայք ծնեցին մանուկներ և՛ կույր, մանուկներ և՛ խուլ, մանուկներ և՛ լալ... անգույն, անարյուն, անդեմք մանուկներ։
0՜, Հիրոսիմա, կիսված միջուկի ճառագայթներով հաշմանդամ անմեղ, գուցե աշխարհում մոռացվի շատ բան, բայց դու՝ ո՛չ, երբեք։
Եվ նրանք, ովքեր հանդգնեն մի օր կրակ բորբոքել այս մոլորակի ինչ-որ մի մասում, դու որդեկորույս բազում մայրերի, կույր ու խլացած քո մանուկների պապակ շուրթերով, ողջ աշխարհով մեկ կգոչես կրկին.
- Մարդի՛կ, հիշեցե՜ք դուք Հիրոսիման*։



ՔԱՄԻՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Մի բուռ քամի արձակ դաշտերից եկել մտել է անտառ ու անտառում մոլորվել։ Դեմը բոխիներ են հսկա, կաղնիներ՝ վիթխարահասակ ու լայնատերև թխկիներ։
Քամին զարկվեց ծառերի բներին, փռշտաց մութ փչակներում, հառաչեց, ճչաց, բայց անտառը մեծ էր, կածանները՝ շատ, ծառերն՝ անթիվ։
Մինչև մայրամուտ թափառեց մոլորված քամին, վազեց, հեկեկաց և, անտառի դեմ զգալով իր անզորությունը, կորցրեց թափն ու անտառից դուրս եկավ զեփյուռ դարձած։



ՄԻԱՅՆԱԿ ԿԱՂՆԻՆ

Արձակ դաշտում սոսափում է միայնակ կաղնին։ Կեսօրին հնձվորները նստում են նրա թանձր շվաքում և զովանում։ Հոգնած ճամփորդը թեքում է ճանապարհը, նստում այդ կաղնու տակ ու հանգստանում։
Իսկ մենք հաճախ մոռանում ենք այդ միայնակ կաղնուն և փառաբանում անտառը։



ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԸ

Նոր ճանապարհ են կառուցել, հինը ծածկվել է խոտերով։ Իսկ այս ծերունին շարունակում է գլխիկոր քայլել հին ճանապարհով։
- Ի՞նչ ես կորցրել հին ճանապարհին, բարի ծերունի,- հարցնում եմ։
- Ջահելությանս ոտնահետքերը,- պատասխանում է ծերունին և շարունակում իր ճանապարհը։
Իսկ դու, երիտասարդ բարեկամ, որ կյանքում սեփական ոտնահետքեր չես թողնում, ո՞ւմ ոտնահետքերը պիտի որոնես կյանքիդ ձմեռնամուտին։



ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ուր աչքդ կտրում է՝ լեռներ են։ Լեռներ են՝ լեռների թիկունքում, լեռներ՝ լեռների դիմաց, լեռներ՝ լեռների վրա։
- Լեռնե՜ր,- կանչում եմ։
- Լեռնե՜ր,- ձայնս խլում են լեռները։
- Լեռնե՜ր, ես ձեզ հետ եմ։
- ...ձե՜զ հետ եմ,- արձագանքում են լեռները։
Մարդ, որ ծնվել է լեռներում, սեփական շվաքից բացի, սեփական արձագանք էլ պիտի ունենա։



ՇԱՀՐԱԶԱԴԵ

Շահրազադե, ես այն հեքիաթն եմ ցանկանում լսել, որ դեռ չես պատմել կյանքում ոչ ոքի։ Ուզում եմ տեսնել քո աչքերի մեջ այն հազար ու մեկ դյութիչ գիշերվա քաղցր թովչանքը, որը տրվում է մարդուն մեկ անգամ։ Թող քոնը լինեն և Շամիրամի պարտեզները պերճ, և Դամասկոսի աստղերը զնգուն, և գազելները Աբու-Նուվասի...
Փարավոնները թող պառկեն իրենց սարկոֆագներում լուռ ու անտարբեր, և Շահրիարը թող լինի դաժան՝ էգը կորցրած արու վագրի պես, և թող Բաղդադի մինարեթներից ղուլերն ալլահի աղոթեն նորից սուրբ Մուհամեդին առատաշնորհ...
Հին աստվածները վաղուց են լսել իրենց հեքիաթը, նոր աստված չկա, և եթե կա այն, որին կարող եմ ես երկրպագել, այն դու ես, օ՜, դու իմ Շահրազադե։
Ահա կփակեմ աչքերս այսպես, դու կմոտենաս թեթև ու սահուն, ինչպես լեռներից պոկված զեփյուռը իրիկնամուտին, և ցրիվ կտաս մազերս խռիվ ու կշշնջաս. «Հիմա կպատմեմ ես հազար ու մեկ գիշերվա վերջին հեքիաթը դյութիչ...»։
Եվ դամասկոսյան լուրթ գիշերները կօծվեն բույրերով նունուֆարների ու նարգիզների, և դերվիշների հոգնած աչքերին կիջնի անուշ նիրհ, և եղեգները սրինգներ դառած կերգեն կարոտով հիմնը մեծ սիրո, և կսավառնի Բաղդադի վրա սուրբ տենչանքների մշտարթուն ոգին...
Ամբողջ գիշերը ես կլսեմ քեզ, կնայեմ ես քո աչքերին ժպտուն, և լուսաբացին քեզ հետ միասին՝ գործած-չգործած մեղքերիս համար կներկայանամ խալիֆի դատին։
Շահրազադե, թե աշխարհ ենք եկել ապրելու համար, ուրեմն արի սիրելով մեռնենք։



ԿԼԵՈՊԱՏՐԱ

Դու կելնես ահա դարերի մուժից և քո ճկույթի թեթև շարժումով կհնչեն հազար ծնծղա ու վին, և թմբուկները կթնդան ահեղ, և շեփորները արևագալի հիմնը կավետեն... Ու կխոնարհվեն շողուն քուրմերը ստրուկների պես, ու կհամբուրեն մույկերդ բոսոր... Ամբոխը որպես ափից ելած ծով՝ կալիքվի առաջ աղմուկով վայրի.
- Օ՜, Կլեոպատրա, Կլեոպատրա...
Եվ կծածանվեն Նեղոսի վրա բյուր առագաստներ, ցայգալույսի մեջ կծփան ծուփ-ծուփ ջրերը արծաթ... Եվ կգան գոռոզ արքայազները աշխարհի բոլոր-բոլոր ծագերից, որ լսեն ձայնը քո աստվածային, տեսնեն դեմքը քո, և գիշերները երազների մեջ հառաչեն անհույս.
- Օ՜, Կլեոպատրա, Կլեոպատրա...
Եվ աստվածները, որ միշտ քո հանդեպ եղել են շռայլ ու առատաձեռն, մեղքերդ ներել՝ քո աղոթքները կլսեն նորից... Եվ Անտոնիոսը՝ գերված քո սիրով՝ կգա խոնարհի գլուխը հպարտ՝ մեծությանը քո... Եվ բանակները կելնեն իրար դեմ, և կշառաչեն զենքերը նորից, և ծառս կլինեն ավազուտներում նժույգները խենթ, և նետերից ու սրերից խոցված սրտերից կելնեն անեծքի խոսքեր.
- Օ՜, Կլեոպատրա, Կլեոպատրա...
Ես, որ իշխան չեմ, ոչ էլ արքայազն, սակայն Արտավազդ արքայի նման հպարտ հեգնանքով կնայեմ քո այդ վավաշոտ աչքերին ու շրթունքներին համբույր տենչացող... Իմ երակներում կեռա նորից իմ նախնիների արյունն հեթանոս, իմ մեջ կխոսի իմ նախնիների հեթանոս ոգին. «Մի՞թե աշխարհը նեղ է քեզ համար, մի՞թե քիչ է քեզ անհուն կարոտը քո Անտոնիոսի... Որտեղի՞ց ես դու այդքան չարություն ամբարել քո մեջ...
- Օ՜, Կլեոպատրա, Կլեոպատրա...
...Դարեր են եկել, անցել են դարեր, փարավոնների սուրբ դամբաններին դարերը որքա՜ն ավազ են դիզել։ Որքա՜ն ջրեր են հոսել Նեղոսով, որքա՜ն պալատներ դարձել են ավազ... Բայց դու դարերի հեռավոր խորքից ելնում ես ահա դարձած առասպել։ Եվ աշխարհ եկող ամեն մի սերունդ միշտ տենչում է քեզ՝ դու սիրատոչոր, սակայն փառատենչ, դու չքնաղ, բայց չար, դու հպարտ, բայց նենգ, դու հզոր, բայց թույլ՝ որպես սիրող կին...
- Օ՜, Կլեոպատրա, Կլեոպատրա...



ԶԵՎՍ, ԽԵԼՈՔ ԿԱՑ...

Զևս, քեզ պահիր քո շանթերը։
Դու հո չասես, բայց մենք գիտենք, որ դաժան ու նենգ են լինում աստվածները։
Դու հո չասես, բայց մենք գիտենք՝ որտեղից են քո զայրույթի այդ կայծերը։
Դու հո չասես, բայց մենք գիտենք՝ ինչացու են մեր հորինած այդ մեծերը։
Դու հո չասես, բայց մենք գիտենք, թե ով է մեր բախտի տերը։
Զևս, քեզ պահիր քո ամպերը։
Ոտքերիդ տակ մենք ենք դրել մարմարակերտ պատվանդաններ։
Մենք ենք փառքիդ երգեր ձոնել ու անունդ երկինք հանել։
Մենք ենք այդ քեզ դարձրել պաշտմունք գլխից վերև...
Եվ մենք ենք քո նենգ ու ստոր արարքները տարել-ներել։
Զևս, քեզ պահիր քո զայրույթը։
Դու հո չասես, բայց մենք գիտենք, որ հավատում ու պաշտում ես «ոսկե հորթին»։
Դու հո չասես, բայց մենք գիտենք, թե ինչպես ես երես տալիս շողոքորթին...
Դու հո չասես, բայց մենք գիտենք, որ դու մարդ չես, այլ շանորդի...
Զևս, քեզ պահիր քո թաթերը։
Մեկ էլ տեսար՝ քեզ դարձրինք խենթ ու խելառ մի Դոն Կիխոտ կամ Քաջ Նազար...
Մեկ էլ տեսար՝ աստվածային քո բարձունքից դժոխքների դուռը հասար։
Զևս, խելոք կա՛ց։
Խելոք կա՛ց, Զևս։



ԴՈՆ ԿԻԽՈՏ

Դու խենթ ես այնքան, որ աշխարհը շարունակում է ծիծաղել վրադ երեք դարուկես։
Անմահ ես այնքան, որ ամեն սերունդ իր քրքիջներով ուղեկցում է քեզ դեպի գալիք դարերը։
Խիզախ ես այնքան, որ քո խենթությամբ ցանկանում էիր ետ բերել անհնարինը։
Տոկուն ես այնքան, որ կարողացար այդ բիրտ աշխարհում ապրել խելագար, մեռնել իմաստուն։
Ժամանակակից ես ու հավերժական, քանզի աշխարհ եկող ամեն մի սերունդ իր մեջ ունի քեզանից մի քիչ... Դոն Կիխոտ։



ՀՊԱՐՏ ՁԻՆ

Ծերացել է։ Այլևս չի կարողանում առաջվա նման ոտքերը զարկել գետնին, ցնցել արծաթե բաշը և սուրալ թեթև։ Շրջում է հանդերում, ուշ երեկոյան ոտքերը քարշ տալով մտնում գոմ և ախոռի մոտ տխուր կանգնում։
Ու մի օր էլ չվերադարձավ հանդից։ Տերը գտավ նրան անտառի խորքում։ Ձին մտել էր զույգ կաղնու արանքը, հենվել ծառերին ու... Հպարտ ձին որոշել էր կանգնած մեռնել։



ՀԵՌԱԳՐԱԼԱՐԵՐԻ ԵՐԳԸ

Սիրում եմ հեռագրալարերի երգը։ Այդ երգում կարոտ կա, սեր, ցասում ու քնքշանք։ Կարող եմ ժամերով ականջս հպել հեռագրասյուներին ու լսել հեռագրալարերի երգը։
Ես մի անգամ մոլորվեցի անտառում։ Քայլեցի երկու ժամ, երեք ժամ, ու մեկ էլ հանկարծ ականջիս հասավ հեռագրալարերի ծանոթ երգը։ Այդ երգի ուղեկցությամբ դուրս եկա անտառից ու նորից ծանոթ ճանապարհով վերադարձա տուն։
Ես ավելի սիրահարվեցի հեռագրալարերի երգին ու որոշեցի զարմացնել երգահան ընկերոջս՝ սուլեցի քթիս տակ, բայց նա բոլորովին չզարմացավ։
- Ծանոթ սիմֆոնիա է,- ասաց,- Բեթհովենից է գալիս։



ՊԱՏԳԱՄ ՈՐԴՈԻՍ

Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։
Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։
Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը և շարունակելին...



ՏԱՏՍ

- Ինչպիսի՞ մարդ էր պապս...
Տատս տխուր ժպտում է, ապա մի պահ ամփոփվում ինքն իր մեջ ու պատմում.
- Թուխ բեղեր ուներ պապդ, թուխ հոնքեր, թուխ ճակատ՝ թուխ գանգուրներ վրեն։ Նստում էր թուխ ձին և թուխ փափախի տակից բոցկլտում էին թուխ աչքերը։ Ջահել-ջիվան տղա էր...
Այստեղ մի պահ կարկամում է ձայնը, և աչքերը ջրակալում են։
- Հանդից եկավ տուն, պառկեց թախտին ու ամբողջ գիշեր մղկտում էր ցավից։ Ոչ սուրբ Սարիբեկը օգնեց, ոչ հեքիմ Մանասը։ Աստված չլսեց ձայնս։ Լուսաբացին մոմի պես թրթռաց, մոմի պես հանգավ։ Քսանչորսը դեռ չէր լրացել։
Տատս ամուսնու՝ այսինքն՝ պապիս մահից հետո, ապրեց վաթսուն տարի ու երբեք չմոռացավ նրան։
Գարնանամուտին ընկավ անկողին։ Նա իր վերջին օրերն էր ապրում։ Ու երբ արդեն զգաց, որ մահը մոտ է, կանչեց հորս, բռնեց նրա ձեռքն ու կամաց, շատ կամաց ասաց.
- Մի բան եմ խնդրում...
Նա վերջին անգամ նայեց պապիս լուսանկարին ու հառաչեց.
- Ինձ էն ջահել-ջիվանի մոտ չթաղեք... Ամոթ է։
Հրաշք կին էր տատս։



ՔԱՅԼՈՂ ԿՈՒՌՔԵՐ

Օ՜, քայլող կուռքեր, մայր հողի վրա քայլող արձաններ...
Դուք դեռ կենդանի՝ ձեր արձաններն եք արդեն պատվիրել ամենահմուտ քանդակագործին։ Ուզում եք լսել ձեր անձի մասին քաղցր ներբողներ, ճառեր պաթետիկ ու դիֆիրամբներ։ Դուք հավատում եք ձեր մուճակների փոշին թափ տվող շողոքորթներին, և նրանց, ովքեր մոտենում են ձեզ թաթերի վրա ու հիշեցնում, թե որ ամսի որ օրն եք ծնվել։
Օ՜, քայլող կուռքեր, քայլող արձաններ, քայլող դիմակներ...
Ձեր ժպիտն անգամ չափած ու ձևած, ամեն տեղ զգույշ և ամեն ինչում միշտ հաշվենկատ ու կասկածամիտ... Դուք գիտեք, թե ում պիտի բարևել և ում բարևին չպատասխանել, և ում Նոր տարին շնորհավորել բաժակաճառով կամ հեռագրով։
Օ՜, քայլող կուռքեր, քայլող արձաններ, քայլող դիմակներ...
Ի՞նչ եք արել դուք մարդկության համար, որ պատմության մեջ տեղ եք որոնում... Մի՞թե չեք զգում, որ Լամանչեցի Դոն Կիխոտի մոտ դուք միայն չնչին խրտվիլակներ եք... Մի՞թե չեք զգում, որ դուք հզոր եք ուղեծիր նետված այն արհեստական արբանյակի պես, որին հրթիռը դեռ ուժ է տալիս, ստիպում թռչել։
Ես չեմ հասկանում, դուք այս աշխարհից ի՞նչ պիտի տանեք, ի՞նչ պիտի թողնեք դուք այս աշխարհին...
Օ՜, քայլող կուռքեր, քայլող արձաններ, քայլող դիմակներ...



ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Չհնձված արտերի վրայով մրրիկ անցավ։ Ջահել հնձվորի մանգաղը մնաց կիսատ խրձի վրա, խրտնած եզները կամը հանեցին կալից ու աղբյուրի մոտ լռեց աղջիկների զնգուն ծիծաղը։
Սերմնացանները գնացին։
Կանայք արտասվեցին իրենց այրերի համար, աղջիկները սիրած տղաների համար տխրեցին, ծերունիները հառաչեցին չհնձված արտերի համար, ջահել հարսները կարոտած աչքով նայեցին հեռավոր ճամփաներին։
Սերմնացանները գնացին։
Եվ պատանիները կարծես հասունացան մի օրում, հայրերի պես դարձան լուրջ ու խոհուն. նրանց աչքերում ցոլաց ցասումն անհուն վրեժի. երդվեցին քայլել հայրերի ճանապարհով, լինել նրանց նման հպարտ ու արի։
Սերմնացանները վերածնվեցին։
Գյուղն աղմկեց առաջվա պես. կանայք շարունակեցին ամուսինների կիսատ հունձը, ծերունիները բռնեցին գութանի մաճը, կամը պտտվեց կալում և ծավալվեց երգը հայրենի։
Սերմնացաններին բարի վերադարձ։



ՁԱԽՈՂՎԱԾԻՆ

Ապոլլոնը քեզ չտվեց քնար, և մուսաները չտվեցին քեզ սուրբ ներշնչանք։ Եվ Պառնաս տանող ճանապարհները փակ էին քո դեմ, իսկ դու, փառատենչ, շատ էիր ուզում անունդ տեսնել հայտնիների մեջ։
Սակայն մնացիր քո ամբողջ կյանքում այդպես ձախողված և ուղղեցիր թունոտ նետերդ հայտնիների դեմ։ Գեղեցիկի մեջ տգեղը տեսար, ճերմակը սևով նշավակեցիր և կրկեսային խենթ ցուլի նման կարմիրը դարձրիր քեզ համար թիրախ։
Այնպես, ինչպես նենգ Հերոստրատը սուրբ Արտեմիսի տաճարը վառեց հայտնի դառնալու իր տենչանքով սին, դու էլ, օ՜, գիտեմ, աշխարհում մի օր կդառնաս հայտնի և քո անունը կնշվի անշուշտ... մեր քաղաքային բյուրոյի սև մատյանի մեջ։



ՄԱՅԻՍԻ ՀԱՄԱՐ

Հիշում եմ, ամեն տարի՝ մայիսմեկին, մեր գյուղի ջահելները բարձր կաղնու ճյուղից ճինջեխ էին գցում և հրապուրում աղջիկներին։ Ձորը լցվում էր երգ ու ծիծաղով, բարակ ճիպոտը դաղում էր աղջիկների բարակ մեջքը։
- Անունը տո՛ւր, անունը։
Բայց ո՞ր աղջիկը կարող էր հայտնել սիրած տղայի անունը։
Հաթամենց Ռուբենը բարձրացրեց ճիպոտը, ուզում էր իջեցնել Մելունց Ալվարդի մեջքին, Ալվարդը ճչաց.
- Չխփես, Ռուբեն, չխփես։
- Անունը տուր,- գոռաց ու խփեց։
- Ռուբեն է։
Ռուբենը շիկնեց հանցանքի մեջ բռնված պատանու պես և ... 41-ի մայիսին հետևեց 41-ի հունիսը։
Պատերազմ...
Ռուբենը վերջին անգամ նայեց Ալվարդին ու շշնջաց.
- Մենք կհանդիպենք մայիսին։
Բայց նա չվերադարձավ։ Ընկավ մայիսի երկուսին՝ մայիսի 9-ի համար։



ԶԻՆՎՈՐԸ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Լեռներից պոկված զեփյուռը սահեց այգիների վրայով, տերևները տխուր շրշացին, առուն հեկեկաց ձորում, բարդին խոնարհեց սեգ գլուխը։
- Զինվորը չվերադարձավ։
Ալեհեր մայրը ձեռքը տարավ դեպի ծոցը, հանեց մի լուսանկար, մոտեցրեց շուրթերին և աչքերից երկու կաթիլ արցունք ընկան ցած։
- Զինվորը չվերադարձավ։
Մի թխաչյա աղջիկ անցավ լեռներով ու հովիտներով, ծաղիկներ փնջեց, սեղմեց մատաղ կրծքին ու սպասե՜ց, սպասե՜ց, սպասե՜ց երկար...
Զինվորը չվերադարձավ։
Խրամատները ծածկվեցին կանաչ խոտերով, խարխլված բլինդաժի վրա բացվեցին վայրի վարդերը, սարյակները վերադարձան հեռուներից, նորոգեցին իրենց բները...
Զինվորը չվերադարձավ։
1970 թ.



ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Մի խելառ ծղրիդ, չգիտեմ ինչպես, մեր սար ու ձորից եկել, հասել էր այս աղմկաշատ ու մեծ քաղաքը և ողջ գիշերը պատուհանիս տակ իր երգը զլել, հանգիստ չէր տալիս։
Եկել ասում է՝ հերիք է, վեր կաց, գնա հանդերում մի քիչ հողոտվիր, մի քիչ ցողոտվիր, շողոտվիր մի քիչ, լսիր խշշոցը հասնող հասկերի, կարկաչը լսիր խենթ առուների և լուսաբացը դիմավորիր քո կապույտ լեռներում։
Եկել ասում է՝ դու հող ու քարի, շաղ ու շողի մարդ, ախր ի՜նչ ունես այս աղմուկի մեջ, ի՞նչ ես կորցրել այս հսկա շենքի վեցերորդ հարկում... Գնա տես ո՜նց է աղբյուրը ժայռի մամռապատ շուրթին սրինգ նվագում, ինչպես է գետը Մուղոզի ձորում զարկում թմբուկն իր, հովիվ տղերքը լեռան լանջերին խարույկ են վառել, քեզ են սպասում։
Ասում է՝ գնա քո Շաղասարը, քայլիր եղնիկի ոտնահետքերով, լսիր արևի շողերից կախված զանգակ արտույտի անուշ ղողանջը... Գնա «բարի լույս» մաղթիր հողվորին, Սևաձոր իջիր ծանոթ կածանով, ո՞վ գիտե, գուցե գտնես դու այնտեղ ոտնահետքերդ կորած մանկության...
Ամբողջ գիշերը պատուհանիս տակ մի խելառ ծղրիդ ինձ նախատում ու ինձ խրատում էր։
1974 թ.


ՁՈՆ

Դու սուրբ ներշնչման Բեատրիչե և խենթ ու դաժան Կլեոպատրա։
Դու անմահ սիրո Աստղիկ աստված և իմաստության Աթենաս-Պալլաս։
Դու անապատի հեղեղ Շամիրամ և հնարամիտ դու Շահրազադե...
Ասա, դու այն չե՞ս, այն, որի համար կործանվեց Տրոյան։
Դու չէի՞ր արդյոք, որ գայթակղված Յասոնի սիրով՝ օգնեցիր նրան առևանգելու ոսկեգեղմը թանկ, իսկ երբ լքվեցիր, քո հոգում խոսեց վիրավոր կնոջ վրեժը ահեղ։
Դու չէի՞ր արդյոք՝ դարձած մի հպարտ ամազոնուհի և Ժաննա դ՛Արկ, կայծակի նման գրոհում էիր, շանթում թշնամուն։
Եվ քեզ համար չէ՞ր Ռոմեոն այդպես հառաչում անհույս։
Եվ քեզ համար չէ՞ր Օթելլոն այդպես խանդից գալարվում...
Եվ քեզ համար չէ՞ր մեծն Քուչակը հյուսում տաղերն իր սեր ու կարոտի։
Եվ այն դու չէի՞ր քո սիրած այրին դեպի մարտադաշտ ճամփելիս ասում՝ «Դարձիր վահանով կամ թե՝ վահանին»։
Եվ դու չէի՞ր այն տարաբախտ Աննան, որ գնացքի տակ նետվեցիր խելառ՝ աշխարհից անհաշտ, անհաշտ քո բախտից։
Դու աստվածային չքնաղ Արտեմիս և սուրբ հաղթության թևավոր Նիկե...
Դու, այդ դու էիր, որ զենքը ձեռքիդ մարտնչում էիր բարիկադներում։
Դու քայլում էիր Կոմունարների քաջ գնդերի հետ՝ գլուխդ բարձր ու ճակատդ բաց...
Դու մեռնում էիր Կոմունարների քաջ գնդերի հետ և անմահանում ըմբոստ Մարատի, Ռոբեսպիերի, Դանտոնի կողքին։
Դու Զոյան էիր կոմերիտուհի, որ կախաղանի պարանը վզին՝ հպարտ էր նայում մահվան աչքերին։
Դու, այդ դու էիր, որ Բուխենվալդի ու Մայդանեկի մութ ճամբարներում չխոնարհեցիր հպարտ գլուխդ դահիճների դեմ...
Եվ այդ դու էիր, որ մխրճվեցիր տիեզերական անհունների մեջ ու պսակեցիր ճակատդ փառքով...
Դու հրաշք լեգենդ, դու ասք ու հեքիաթ, դու տենչ ու երազ, կսկիծ ու կարոտ, բողոք ու ցասում...
Դու բարիքների արարիչ Գեա, դու՝ կին, մայր, արև...
1975 թ.



ԱՅՍՔԱՆ ԾԱՓ ՈՒ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ

Այսքան ծափ ու աղմուկի մեջ, այսքան դափ ու թմբուկի մեջ ախր ինչպե՞ս ես տարբերեմ հանճարեղին ու անճարին։ Եվ ստիպված ուրիշների նման ես էլ ծափ եմ տալիս, ու չգիտեմ, չեմ հասկանում՝ այս ծափերն ինձ ո՞ւր են տանում։ Ծափ տվողներն այնքան շատ են, որ ակամա ծափ ես դառնում։
Այսքան ճառ ու ներբողի մեջ, այսքան գովք ու կենացի մեջ քայլող կուռքերն այնքան շատ են, որ փողոցով երբ անցնում ես, չես իմանում, թե ում առջև գլուխ թեքես, որին մի լավ շողոքորթես, որի հանդեպ մոմի նման հալվես-փափկես...
Այնքան կուռքեր կան աշխարհում, որ չգիտես որին պաշտես։
Այս անաստված աշխարհի մեջ աստվածները շատ են այնքան, որ չգիտես՝ որն է գլխիդ կարկուտ բերում, որը՝ ամպրոպ կամ փոթորիկ... Որ ամեն մի քայլող ստվեր առաքյալն է թվում աստծո... Մեկը մեկին մեծարելով, մեծության հերն անիծելով, այս ինքնակոչ մեծություններն աշխարհն այնքան փոքրացրել և այնքան են լկտիացել, որ իրենցից բացի՝ կյանքում ոչ մի հանճար չեն ճանաչում։
Արձանները շատացել են, պատվանդաններն չեն հերիքում։
Այսքան գովք ու ծափերի մեջ, այսքան սուտ ու խաբերի մեջ այնքան շատ են թեկնածուներն անմահության՝ ողջ աշխարհը թե որ հանկարծ դառնա հսկա մի պանթեոն, ա՛խ, հազիվ թե կարողանա իր գրկի մեջ տեղավորել աճյունները այդ ապագա անմահների...
Դարն առատ է հանճարներով, դափնիները չեն հերիքում։
Այսքան քեֆ ու խնջույքի մեջ, այսքան ճառ ու կենացի մեջ, այսքան գովք ու ծափերի մեջ, ախր, ձայնս ո՞վ է լսում, ո՞վ է ինձ հետ հաշիվ նստում, ո՞վ է ասում՝ ի՞նչ ես կորցրել, որ չես գտնում, լեզուդ ինչո՞ւ քեզ չես պահում...
Է՛հ, խրատներ կարդացողներն այնքան շատ են՝ ամբիոնները չեն հերիքում։



ՀՐԴԵՀՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Վառվում է հսկա, հսկա մի անտառ...
Եվ ճարճատում են ջահել բոխիներն ու կաղնիները վիթխարահասակ։ Եղևնիները ինչպես կերոններ՝ կարծես ճչում են, կանչում՝ «օգնեցե՜ք...»։ Իսկ քամին, անգութ ու դաժան քամին, դարձած մի հրձիգ, վառվող ծառերից բոցեր է պոկում, ծառից-ծառ նետում ու ոռնում վայրագ։
Ու հրդեհի մեջ սաղավարտներն են փայլում-պսպղում քաջ հրշեջների. ֆշշում են ջրի շիթերն անգույն ու խրթխրթում են պոմպերը հզոր։ Ուղղաթիռները անտառի վրա շերեփուկների նման կախվել ու դղրդում են խոլ, ինչ որ մի թռչուն իր վառվող բնի շուրջն է պտտվում, չրթչրթում անհույս։
Վառվում է հսկա, հսկա մի անտառ։
Անտառապահը՝ տարիքն առած մարդ, գլուխը կորցրած՝ ծնկներին խփում և նզովում է չգիտես՝ թե ում։ Ջահել տեսուչը չի ուզում կարծես նրան հասկանալ և թութակի պես նույն հարցն է կրկնում. «Ախր, լսիր ինձ, գրողի տարած, այդ ո՞նց պատահեց»։
Այս ո՞նց պատահեց... Դե ո՞վ իմանա, թե ոնց պատահեց։ Գուցե մի ինչ-որ տուրիստ կամ որսորդ վառվող սիգարը նետել ծառի տակ ու չի հասկացել, որ հրդեհները ծնվում են նույնիսկ մի փոքրիկ կայծից...
Կամ գուցե ինչ-որ մի վնասարար վառել է այնպես, հաճույքի համար, թողել-հեռացել... Թե՞ երեխա է եղել մի անմեղ՝ կատակ է արել լուցկու տուփի հետ...
Ես նայում եմ այս վառվող անտառին, խորհում ինքս ինձ. «Ախ, տեսնես գիտե՞ր Պրոմեթևսը, թե առևանգած իր հուր-հրաշքը ում է պարգևում»։



ԲԱՅԱԹԻ

Կլկլում է Ջըդռ-դուզի բլբուլ Ջումին՝ ինքը թախիծ, երգը՝ թախիծ, և թախիծ է ծորում թառից։
Երգն ասում է՝ աշխարհը փուչ, կյանքը սուտ է, սերը սուտ է, սուտ են արև ու լուսին։
Սադափ դափը թրթռում է բլբուլ Ջումու մատների տակ, և քամանչան հեծկլտում է սրտակեղեք ու մղկտում։
Մի ծեր դերվիշ թիկնել բակում չայխանայի, հորանջում է երկար ու ձիգ և թազբեհի հատիկներին խառնում ոչ ու փուչ աշխարհի խերն ու շառը...
Փողոցով մի կառք է անցնում՝ պրիստավն է իր կապուտաչ սիրուհու հետ։ Լռություն է տիրում մի պահ, ծլնգում է թառը կամաց, և քամանչան մրմնջում է։ Չայչի Ալին աչք ու ունքով լուռ սաստում է Ղոչ-Երեմին, իսկ վերջինս թավ հոնքերը իրար տալիս, բղավում է հարբած-հարբած. «Հե՜յ, սազանդար, լացացնող մի բայաթի...»։
Կլկլում է Ջըդռ-դուզի բլբուլ Ջումին, և քամանչան մղկտում է, հեծեծում է, լալիս թառը...
Երգն ասում է՝ ով աշխարհում գոզալ ունի՝ նա բախտ չունի, ով փող ունի՝ նա սրտի մեջ միշտ դող ունի, ով իր հոգում երգեր ունի՝ սրտում վառված վերքեր ունի...
Ծեր դերվիշը իր գլուխը կրծքին թեքել և երազում պաչպչում է ջաննաթի հուր-հրեղեն փերիներին ու պապակված շրթունքները շարժում կամաց...
Հառաչում է Ղոչ-Երեմը, Ջըդռ-դուզի գոզալների ցավը տանում ու արտասվում հարբած-հարբած...
Կլկլում է Ջըդռ-դուզի բլբուլ Ջումին՝ սիրտը վառված, հոգին վառված, երգը՝ վառված... Ու կրակված մի ջեյրան է չայխանայի կողքով անցնում, մի հեյրան է անցնում հովի նման թեթև...
Ջումին դափը վեր է նետում, շողշողում են սադափները ու կայծկլտում արեգակի շողերի տակ. աշխարհը՝ սեր, վարդերը՝ սեր, սիրուն յարի աչերը՝ սեր ու կյանքը՝ սեր...
Ջումին միայն մի անգամ է թուխ չադրայի ճեղքից տեսնում նորած լուսնի կեռ հոնքերն ու սև աչքերը...
Ջումին միայն մի անգամ է հասցնում նայել պատուհանց այն ջաննաթի հուր ջեյրանին...
Շողշողում է Ազիմ բեկի սուրը կայծակ...
Բլբուլ Ջումին կրծքից խոցված թավալվում է իր արյան մեջ ու հառաչում. «Աշխարհն՝ արյուն, կյանքը՝ արյուն, սերը՝ արյուն, սիրած յարի մեն մի տեսքին արժանանալն՝ արյո՜ւն, արյո՜ւն...»։
Եվ քամանչան հեծկլտում ու մղկտում է, սրտակեղեք մի թախիծ է ծորում թառից։



* * *
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Պարույր ՍԵՎԱԿ


Մարդ կա՝ իր ապրած գեղեցիկ կյանքով կյանքն է հաստատում։
Մարդ կա՝ շարունակ հա՜ տրտնջում է և հաստատվածը մերժում ու ժխտում։
Մարդ կա՝ իր անշուք, փոքրիկ խրճիթում մեր այս աշխարհին սիրահարվածի աչքով է նայում։
Մարդ կա՝ իր համար դղյակներ կերտել մութ ճանապարհով, բայց հարևանի հավաբունն է միշտ աչքին երևում։
Մարդ կա՝ իր զոհված ընկերոջ շիրմին հսկա մի կոթող է կանգնեցնում։
Մարդ կա, որ իր հոր հիշատակը հավերժ հիշելու համար՝ ուրիշի շիրմի քարն է թռցնում։
Մարդ կա՝ ճակատի արդար քրտինքով եկած վաստակից աղբյուրներ շինում, ճամփեք է բացում...
Մարդ էլ կա՝ նույնիսկ կոպեկի համար հարազատ իր հոր հերն է անիծում։
Մարդ կա՝ տան դուռը իր սրտի նման միշտ բաց է պահում՝ խնդրե՛մ, համեցիր...
Մարդ կա՝ բանալու նեղլիկ ճեղքով է նայում դեպի իր դուռը եկածին։
Մարդ կա՝ ասուպի կարճ կյանք է ապրում, բայց իր տվածով և իր թողածով լեգենդ է դառնում, դառնում ասք ու հավերժական երգ...
Մարդ կա՝ հարյուր չէ, թեկուզև հազար տարի էլ ապրի, այս մեծ աշխարհում չի թողնի երբեք և ոչ մի հետք։
Մարդ կա՝ մեծ պաշտոն ու աթոռ չունի, սակայն մարդկանց մեջ միշտ ունի անուն...
Մարդ կա՝ և՛ պաշտոն, և՛ աթոռ ունի, բայց, խոսքը մեր մեջ, նրա անունը իր կաբինետի դռանը կպած նեղ տախտակից են միայն իմանում։
Մարդ կա՝ տեղով մեկ ժպիտ է, լույս է, խինդ է ու կարոտ, երբ նայում ես՝ փառավորվում է սիրտդ ու հոգիդ...
Մարդ կա՝ այնպես է հոնքերը կիտում, այնպես մթնած է նայում քո դեմքին, որ թվում է, թե կծու պղպեղ է մնացել բկին...
Մարդ կա՝ կարող է ծննդյան օրն իր մի ծաղկեփնջով, թեկուզ մի վարդով, մի ծաղկով գերվել...
Մարդ կա՝ կարող է զայրույթից պայթել, երբ իր ենթական կնոջ կամ որդու ծննդյան տոնին ոսկե մատանի կամ գորգ չի բերել։
Մարդ կա՝ աշխարհին փառք է ու պատիվ, և երբ գնում է նա այս աշխարհից, զգում ես՝ տեղը մնում է միշտ բաց։
Մարդ էլ կա՝ եղած ու չեղած մեկ է, չես էլ իմանում, թե այդ ե՞րբ եկավ և այդ ե՞րբ գնաց...
Օ՜, աշխարհ, աշխարհ, ես քո ինչն ասեմ՝ ախր ինչո՞ւ ես դու մարդու կողքին մարդուկ ստեղծել։



ԿՌՈՒՆԿՆԵՐՍ ՉԵԿԱՆ

Կռունկներս չեկան, կռունկներս չկան...
Ուրիշ կռունկներ եկան հարավից, ուրիշ կռունկներ թևելով անցան այգուս վրայով, մերոնց բները դատարկ մնացին...
Ուրիշ կռունկներ աշնանամուտին երամներ կապած կչվեն հարավ...
Ուրիշ կռունկներ գարնանամուտին ուրիշ աշխարհից կվերադառնան...
Կռունկներս չեկան, կռունկներս չկան...
Գուցե հոգնե՞լ են երկար թևելուց և մոլորվել են օտար սարերում, օտար ձորերում, օտար ծովերում... Թե մութ ամպերից շանթել են նրանց գիշանգղները օտար ափերի...
Կռունկներս չեկան, կռունկներս չկան...
Ի՜նչ շուտ դեղնեցին ծառերը այգուս, տերևաթափը ի՜նչ շուտ սկսվեց... Այդ ե՞րբ թոշնեցին կարմիր վարդերս ու առվակներս իրենց քրքիջը փոխեցին լացի...
Աշնան եղյամ է իջել մազերիս, ձմեռնամուտս հեռու չէ այնքան...
Կռունկներս չեկան, կռունկներս չկան։



ՄԵԾԱՐՈՒՄ

Ընտիր կոնյակն ու գինին հոսում են, ու կենացներն են հետևում նորից մեկը մյուսին։
Եվ հոբելյարը բազմել է ահա սեղանի գլխին, մեծարողներին իր ժպիտներն է բաժանում արբշիռ ու թեթևակի գլուխը շարժում, այսինքն՝ դեմ չեմ, շարունակեցեք։
Խոսում է բաժնի ճաղատ վարիչը, խոսում է ինչ-որ նախկին դիրեկտոր, և տեղակալն է ճառն իր համեմում զրնգուն ու պերճ էպիտետներով։
Ո՞ւմ են մեծարում։ Մի մարդու, որը բանսարկությամբ ու շանտաժներով է իր ճամփան հարթել։
Մի մարդու, որն իր ամբողջ կյանքում գլուխ է թեքել պետերի առջև ու շողոքորթել։
Երբ ցանկացել են մեկին մեծարել, միշտ ինքն է ասել առաջին ճառը։
Երբ հարկավոր էր նույն մեծարվածին մի լավ քարկոծել, ինքն է վերցրել առաջին քարը։
Ո՞ւմ են մեծարում։
Մեծարում են մի փառատենչ մարդու, որ միշտ ձգտել է բարձր պաշտոնի և նպատակին հասնելու համար անգամ ընկերոջն ու բարեկամին նա չի խնայել։
Մեծարում են մի այնպիսի մարդու, որ աթոռներից աթոռ է վազել, առագաստ բացել ամեն քամու դեմ, ու բիբլիական Արամազդի պես «հասարակներին» իր աստվածային բարձունքից նայել։
Մեծարում են մի մարդու, որ հանուն սեփական շահի կարող է թքել աշխարհի ամեն սրբության վրա, պաշտոնը դարձնել քավության նոխազ, կնիքը՝ վահան, փրկել իր կաշին։




----------------------------------------------------
* - «Ղարաբաղ» - «Քեզ որոնեցի...» բանաստեղծության արձակ-բանաստեղծական տարբերակն է։

* - «Ոսոխիդ աչքում...» - Հետագայում դարձրել է նաև չափածո և օգտագործել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրամայում։

* - «Անհայտ զինվորի գերեզմանի մոտ» - Կա նաեւ համանուն վերնագրով չափածո տարբերակը։

* - «Հիրոսիմա» - Կա նաեւ համանուն վերնագրով չափածո տարբերակը։