4.8.18

ԹՌՉՈՂ էՇԸ


Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- ախր այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։

-----------------------------------------------------

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ այս առակը չափածո և յուրօրինակ ներկայացրել է գյումրեցի բանաստեղծուհի ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՍՅԱՆԸ

ԹՌՉՈՂ ԷՇԸ
(ըստ Վազգեն Օվյանի համանուն առակի)

Հոգնել էր շատ ավանակը,
Ծռմռվել էր բեռան տակը
Ու մտածեց իրեն-իրեն.
«Ո՞վ է էս փուչ կարգը դրել՝
Արծիվն՝ օդում թևերը բաց,
Իսկ ես՝ անվերջ մեջքս ծռա՞ծ»։
Եվ որոշեց ինքն էլ թռչի.
Հերիք եղավ հողին կառչի։
Թող բոլորն էլ մինչ օրվա կես,
Լինեն ցատկին ականատես։
«Դարն էկել է թռչող էշի,
Բավ է մարդն իր էշը քշի,
Թող դաս լինի և ուրիշին,
Երբ պատմական օրն այս հիշի»։
Եվ էշն ահա կեսօրին հենց
Բարձր ժայռի ծայրին կանգնեց,
Ու իշու պես՝ ծանր ու մեծ,
Ոտքը դեպի ձորը մեկնեց,
Ուր անհամբեր շատ գազաններ՝
Մի մասը՝ դեմ, մյուսը՝ թեր,
Ցածում կանգնած սպասում էին,
Թե էդ թշվառ, անմիտ խեղճը
Ինչպե՞ս կտա ինքն իր վերջը։
Ու էշն ասաց՝ նայելով ցած.
-Ասեմ հիմա բացեիբաց,
Թող էլ խոսքս շատ չերկարի.
Բավ է ապրել իշավարի,
Խաբով ուտել մի բուռ գարի,
Ու քար քաշել ամբողջ տարի,
Տնքալ ծանր բեռների տակ.
Քաշածս ի՞նչ է՝ էսպես էլ կյա՞նք։
Լավ է ապրել արծվավարի.
Տերը բարին թող կատարի...
Այս ասելն էր՝ մեկից թռավ,
Օդում չորս-հինգ պտույտ արավ,
Ու բախվելով քարերին տաք՝
Ջարդված ընկավ մի ժայռի տակ։
-Ապու՜շ,- փիղը վիզն օրորեց,
Ասա՝ խելքիդ ի՞նչ էր փչեց,
Ապրում էիր իշավարի,
Քեզ ո՞վ ասաց՝ օդում պարի։
-Ծնվել եմ էշ,
Ապրել եմ էշ,
Մեռնում եմ հանց արծիվ խենեշ,-
Էշն իրենը էլի պնդեց
Ու նոր հոգին իր ավանդեց։
-Էշը՝ արծի՞վ... Ա՜յ քեզ տափա՜կ.
Մեկ է՝ մեռար հանց ավանակ...

09. 07. 2018թ.