15.9.13

Երգիծական բանաստեղծություններ, էպիգրամներ, պամֆլետներ



ՆԱԽԱՏԻՆՔ

Նախատում են ինձ անդադար-
Ինչո՞ւ լեզուդ քեզ չես պահում,
Ի՞նչ ես գոռում գլխապատառ,
Ո՞ւմ համար է սիրտդ ցավում։
Քո ի՞նչ գործն է՝ պարողն ով է,
Շատերի պես դու էլ ծափ տուր,
Թթվին ասա մեղրածոր է,
Յաբուդ նստիր, սանձը թափ տուր։
Ի՜նչ անենք, թե այսինչ պետը
Անբան է ու կաշառակեր,
Քաղցր լեզու գտիր հետը,
Շնորհք ունես, դու էլ առ կեր։
Ուրիշները իրենց համար
Ծովափներին քեֆ են քաշում,
Իսկ դու գրչիդ կպել համառ,
Գիշեր-ցերեկ թուղթ ես նախշում։
Հա՜, գրում ես, հա՜, ջնջում ես,
Ինքդ քեզնից դուրս ես գալիս,
Սիզիֆի պես քեզ տանջում ես
Եվ զույգ ձեռքով գլխիդ տալիս։
Բայց վաստակիդ պտուղն ո՞ւր է,
Որ այրվում ես այդպես անբոց,
Ոչ սեփական «Վոլգա» ունես,
Ոչ էլ շքեղ ամառանոց։
Աշխարհից ի՞նչ պիտի տանես
Քո այդ խելքով պլատոնական,
Ախր դու ի՞նչ տղամարդ ես,
Սիրուհի էլ չունես անգամ։
Շաղակրատ ու շողոքորթին-
Հա՜ ճզմում ես գրչիդ տակին,
Եվ նրանք էլ կարծում են, թե
Նախանձում ես իրենց փառքին։
Դիրեկտոր ու պետ չես ասում,
Էլ չես ասում՝ ընկեր, ծանոթ,
Կոխկրտելով ո՞ւր ես վազում,
Յաբուդ պահիր, ա՛յ Դոն Կիխոտ։
Ի՞նչ ես դառնում վատամարդի,
Ինչո՞ւ աչքի փուշ ես դառնում,
Բառագունդդ հանել մարտի,
Խայթում ես ու չես կշտանում։-
Նախատում են՝ թող նախատեն,
Ես ոչ խուլ եմ, ոչ էլ հավկուր,
Հո չեմ կարող ուղտը նստել
Եվ կուզեկուզ ման գալ կյանքում։
Այն հեքիաթի մանկան նման
Լավ չէ՞ ասեմ՝ մե՜րկ է արքան,
Քան անհեթեթ գովեմ նրան
Ու վայելեմ փառք ու հարգանք։
                                              1984 թ.



* * *
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել:
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել:
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայցև այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել:



ԳՐԻՐ

       Կարդա, այ իմ խելոք մանուկ...
         Ալ. ԾԱՏՈՒՐՅԱՆ

Կարդա, այ իմ գրող բալա,
Սոնետ գրիր, գրիր օդա,
Հորինիր միշտ պոեմ, բալլադ,
Հորինելն է հիմա մոդա:

Կցմցելով հանգը վանկին,
Կգնաս ու հասնես Պառնաս,
Բնակարան կտան կարգին,
Լավ հոնորար դու կստանաս:

Գիրք տպելով առաջ կանցնես,
Աչքի կընկնես կռվով, դավով,
Մեկ էլ տեսար մի օր էլ քեզ
Անվանեցին տաղանդավոր:

Միջակության թոհուբոհում
Պնդաճակատ եղիր, տղաս,
Միշտ աղմկիր ու կռիվս տուր-
Տակիդ «Վոլգա» դու կունենաս:

Ճառեր ասա և մասնակցիր
Բանկետներին ու քեֆերին,
Հարգիր քեզնից դիրքով մեծին,
Շողոքորթիր քո շեֆերին:

Գրիր, թեկուզ գրածներդ
Չհավանեն ու չկարդան,
Միշտ ձևացիր ազնիվ՝ թեկուզ
Երդումներիդ չհավատան:

Գիշեր-ցերեկ գրիր, տղաս,
Գրիր մինչև շունչդ վերջին,
Լավ բանաստեղծ որ չդառնաս,
Հո կլինես լավ դանոսչիկ:



ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է,
Մի կաչաղակի,
Որ մեր գրական
Անդաստաններում
Միայն ծրտել է:



ՄԻ ՊՈԵՏԻ

Դու ոչ զուռնաչի եղար պատվական,
Ոչ էլ զուռնաչու դամքաշ մի կարգին,
Եվ բախտ չունեցան տաղերդ այնքան,
Որ այսօր քեզ հետ անցնեն թոշակի:

Է՜հ, բախտ է, էլի, գրողը տանի,
Մարդիկ գալիս են ու գնում հերթով,
Մեկը մեռած է՝ թեկուզ կենդանի,
Մյուսն ապրում է իր մահից հետո:


* * *
Այնպես է փոխվում այս ժամանակը,
Որ դեմք է դառնում և ավանակը,
Երեկ փալան էր առած կռնակին,
Իսկ այսօր «Վոլգա» ունի իր տակին:
Բայց էշը էշ է, մեջքին միշտ մոխիր.-
Որքան ուզում ես փալանը փոխիր:


* * *
Նա երեկ իքսին կոչում էր տականք,
Այսօր տալիս է պատիվ ու հարգանք:
Չէ, մի առանձին բան չի պատահել,
Այդ տականք իքսը պաշտոն է շահել:


* * *
Մարդը մարդու դեմ լարողը
Ապականված դարն է եղել,
Ռումբ-ականի նախահայրը
Պարսատիկի քարն է եղել:

Չեմ հասկանում, Կայենն ինչպե՞ս
Սպանեց իր եղբորն անմեղ.-
Կա թե չկա՝ զրպարտիչի
Մատն այստեղ խառն է եղել:


* * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:



ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ

         Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...
                                   Վարդան Հակոբյան

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:



ՇԱՂԱԿՐԱՏԸ

Նա գիտե բոլոր գրողներին մեծ -
Պուշկինից մինչև Սերգեյ Եսենին,-
Ինչ բաժակով է Հյուգոն ջուր խմել,
Դյուման ում հետ է եղել մտերիմ,
Կոմս Տոլստոյը՝
ծերուկն իմաստուն,
Ինչպես է հյուրին պատվել ու հարգել,
Մայակովսկին -
ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել...
Սիրուհիներին՝
Շանդոր Պետեֆին
Ինչ թանաքով է նամակներ գրել,
Ում հետ է նստել Խայամը քեֆի,
Բալզակն ինչպիսի թիկնոց է կրել:
Նա գիտե նույնիսկ, թե Չեխով քեռին
Ջահել կանանց հետ ինչպես է կիսվել,
Պապ Կռիլովը կերակուրներից
Որն է ամենից շատ գերադասել...
Որ ձախ այտին խալ ուներ Ֆիրդուսին,
Չարաշահում էր Եսենինն օղին,
Որ թվականի որ օր ու ամսին
Բայրոնն ում հետ է մտել անկողին...
Հայնեն ինչպիսի խոզանակով էր
Իր ատամները ամեն օր մաքրում,
Դոստոևսկու քեռակինն ով էր,
Ում էր Ժորժ Սանդը շատ համակրում:
Թե անմահ Գյոթեն ծերության շեմին
Կանանց տեսնելիս ինչպես էր տխրել,
Պարույր Սևակը երգեր գրելիս
Մի ամսում քանի սիգար էր ծխել:-
Եվ ժպտում է նա հպարտ, ինքնագոհ,
Մաքրում քրտինքը ու հազում թեթև,
Այսինքն տեսեք, ընկերներ հարգո,
Մեծերի կյանքից որքան բան գիտեմ:
Ծափահարում ենք,
բայց ո՞ւմ և ինչի՞,
Շաղակրատին այս հում փաստակեր,
Որ կաչաղակի նման ոստոստում,
Եվ սղոցում է ականջները մեր -
Մայակովսկին ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել,
Ու թե ինչպես է ինքը մի անգամ
Մի բանաստեղծի
Կերած-խմածի
հաշիվը փակել:
                          1984 թ.



ՂԱՐԱԲԱՂԱՍԵՐԸ

Օղին խիստ թունդ է, գինին՝ անարատ,
Պանիրը՝ ընտիր, խորովածն՝ առատ.
Այս ճոխ սեղանը ո՞նց չհավանի.-
Մի բաժակ խմեց ու ցավը տարավ
Մելիք Ավանի,
Երկրորդ բաժակը նա ձեռքը առավ,
Թվաց, թե տակին սուրողը ձի է,
Գոռաց.
- Մաշտոցն էլ ղարաբաղցի է,
Ղարաբաղցի է քաջ Վարդանը մեր,
Ղարաբաղումն է Նելսոնը ծնվել... -
Երրորդ բաժակը երբ նա դատարկեց,
Նուրբ թելի նման սիրտը բարակեց.
- Ա՛խ, Ղարաբա՜ղը, իմ Ղարաբա՜ղը,
Քուչակի տա՜ղը,
Մեր թթի բա՜ղը,
Մեր Բովուրխանի դրախտ անտա՜ռը,
Մեր Ճարտար գյուղը, Քիրսի կատարը,
Մռավ սար տանող այն կածան-ուղին,
Մեր Խոթավանքը, մեր Պըլը-Պուղին... -
Խմեց ու հարբեց, փաթ ընկավ լեզուն.
- Ես Գանձասարի մեր վանքն եմ ուզում,
Խեղդվել եմ ուզում մեր Թարթառ գետում,
Մեռնեմ՝ կթաղեք Ստեփանակերտում...
Մեր ղարաբաղցիք քաջ են, անվրդով,
Ամեն մեկը մի խիզախ Մադաթով... -
Խմեց ու հարբեց, հարբեց ու խմեց,
Գլուխը դրեց սեղանին՝ քնեց,
Իսկ առավոտյան, երբ քունը առավ,
Բարձեց մեքենան ու իր հետ տարավ
Թթի թունդ օղի, յուղ, պանիր, կարագ,
Լոբի, կարտոֆիլ, թոնրի հաց բարակ,
Հոնի մուրաբա, նեկտար, բալասան...
Հետո վերջումն էլ դարձավ ու ասաց.
- Դե ես գնացի, իսկ դուք էլ կեցցե՛ք,
Մեր այս լեռները ամուր պահեցեք:



ՊԱՏԱՀԱՐ

Լեռներից այնկողմ մի փոքրիկ գյուղ կար,
Շուրջը անտառներ, դաշտեր ծաղկավետ,
Շատերին անհայտ այդ գյուղում ահա
Հայտնաբերվեց մի աննման պոետ:
Տրակտորիստ է չնայած, սակայն
Խոսքի վարպետ է, հրաշք գեղագետ,
Վեհ հոգի ունի բանաստեղծական,
Սրտով կապված է հանգ ու վանկի հետ:
Արտերի մասին երգեր է գրում
Մեկը մյուսից դյութիչ ու գերող,
Եվ ինչպես է նա խոսքը զարդարում
Զարմանահրաշ էպիտետներով:
Բնատուր տաղանդ, Թումանյան մի նոր -
Մեր պոեզիայի երկնակամարում
Ընդառաջել է նրան հարկավոր,
Մեծ ապագա է տղան խոստանում:
Եվ ինքն էլ, գիտե՞ք, առաջավոր է,
Բայց եթե դատենք խղճով մեր արդար՝
Տրակտոր կարող են բոլորը վարել,
Բանաստեղծություն գրելն է դժվար:
Եվ գյուղից նրան քաղաք բերեցին,
Նոր բնակարան տվին արտահերթ.
- Չափ տո՛ւր,- ասացին,- պոեզիայիդ ձին,
Դու այն գլխից էլ ծնվել ես պոետ:-
Եվ պոետ տղան ուզածին հասավ՝
Ստացավ պաշտոն, տուն ու տեղ դրեց
Ու մեծերի հետ օգտվեց հավասար
Գրական ֆոնդից, որպես բանաստեղծ:
Բայց արի ու տես, որ խելառ մուսան
Այդպես էլ նրան երբեք չայցելեց:
Եվ հետո եկան, անցան տարիներ,
Փոխվեց աշխարհում հազար ու մի բան,
Նոր բանաստեղծներ ծնվեցին, մինչդեռ
Մեր բնատուրը մնաց հանգաբան...

Հիմա հասկացա՞ք, թե ինչ կատարվեց,
Ինչի համար եմ ես հուզվում այսքան,-
Մի լավ հողագործ հողը կորցրեց,
Պոեզիան գտավ մի վատ բանաստեղծ:
                                                        1981 թ.



ԲԵՄԻ ԱՍՏՂԸ

Քառասուն տարի նույն դերն է խաղում,
Նույն տաշտի մեջ նույն ալյուրն է մաղում,
Թեկուզ բեմում դեմք չունի, ոչ էլ գույն,
Բայց ամենից շատ ինքն է բողոքում.
- Ախր մինչև ե՞րբ մնամ ես պոչում,
Մեծ է վաստակս, բայց չունեմ կոչում,
Անմահ «Պեպո»-ում Սամսոն եմ կերտել,
Իսկ «Քաջ Նազար»-ում՝ ցնորված տերտեր,
Ինձ մեծարել է Փափազյանն անգամ,
Ասել է. «Կեցցե՛ս, եղբայր պատվական,
Այսօր տերտեր ես կերտել հանապազ,
Իսկ վաղը անշուշտ արքա կդառնաս»:
Ձեզ բան չի՞ ասում այս փաստը միթե,
Բեմի հսկաներն ինձ շատ լավ գիտեն,
Ներսիսյանի հետ բաժակ եմ զարկել,
Ինքն է խմածիս հաշիվը փակել,
Քանի՜ անգամ է Դավիթ Մալյանը
Մեր Ավետի հետ նստել իմ տանը:
Աճեմյանն ինձ ո՜նց էր գնահատում,
Ասում էր. «Ապրես, շնորհք ունես դու,
Չնայած խոշոր դերեր չես կերտում,
Սակայն մեծերին ձեռնոց ես նետում»:
Բա Ղափլանյա՜նը. «Ա՛յ քեզ դերասան,
Ո՞վ գիտե, մեկ էլ Փափազին հասավ...»:
Բայց իմ կարծիքով ինչ որ բան ծուռ է,
Ինձ կամ չեն սիրում, կամ նախանձում են,
Իմ ընկերները ժողովրդական՝
Համլետ, Օթելլո, Ռիչարդ, Լիր արքա,
Բազում դերերում անուն են հանում,
Օրը ցերեկով փառքս գողանում:
Վաստակս վկա՜, մի հնար լիներ,
Թողնել այս բեմը, թատրոնը թողնել,
Բայց վախենում եմ, որ հանձինս ինձ -
Մի նոր գիսաստղ պակասի բեմից:
                                                    1978 թ.



ՊԶՈՒԿԸ

Ինչպիսի՜ աղմուկ, ի՜նչ իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախուվիշ, արցունք.
Ամբողջ հիմնարկն է իրարով անցել,
Օրը ցերեկով սգատուն դարձել:
Քարտուղարուհին, ջահել ու սիրուն՝
Հայելու առջև ուսերն է ցնցում.
- Տե՜ր աստված, ախր ես չեմ հասկանում,
Մեր բժիշկները ի՞նչ են մտածում.
Գոնե, հանուն մեր հիմնարկի պատվի՝
Հրավիրեն մի կարգին կոնսիլիում:-
Ու բաժնի ճաղատ վարիչն է խոսում.
- Ախր չգիտեմ, ո՞ւմ եք սպասում,
Ինչո՞ւ հենց հիմա Մոսկվա չզանգել,
Որ պրոֆեսոր շտապ ուղարկեն:
- Պա՛հ, բան ասացիր,- աչքով ու հոնքով
Նրան սաստում է հաշվապահ Մարգոն.-
Պրոֆեսորն ի՞նչ է, ակադեմիկո՜ս...
Այդպե՞ս եք հարգում Վռամ Մարկիչին,
Մեր բարեկամին ու մեր արարչին...
- Իսկ գո՞ւցե դիմենք հենց վերադասին...
- Թող վերադասը հոգա իր մասին,
Դեռ ինքնաթիռի հարցը չենք լուծել,
Սա կարևոր է, պիտի մտածել:
- Բայց ի՞նչ ինքնաթիռ...
- Ամենաընտիր,
Չորսմոտոռանի...
Աղմուկ ու ժխոր, նոր իրարանցում,
Հարցեր են տալիս ու անում հարցում.
- Հիմա ի՞նչ անենք:
- Երևան տանենք:
- Ռիգա...
- Սարատով...
- Խարկով կամ Ռոստով...
- Չէ՛, լավ կլինի դիմենք Մոսկվային,
Որ դեղը շտապ ուղարկեն փոստով:
Եվ գանձապահը այն մյուս կողմից՝
- Ի՜նչ Ռիգա, Ռոստով, Սարատով, ջանըմ,
Մի ընկեր ունեմ ես Անդիջանում,
Ամեն ինչից լավ գլուխ է հանում...
Եվ տեղակալն է խոսում վերջապես.
- Հարցը շատ լուրջ է, այդ ասում եմ ես,
Այս ձևով իրար չենք հասկանա մենք,
Մինչև որ ժողով չհրավիրենք...
Եվ աղմուկ կրկին ու իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախվիշ ու արցունք...
Իսկ ի՞նչ է եղել և հանուն ինչի՞
Ամբողջ հիմնարկը սև սուգ է ուսել.-
Թանկագին պետի՝ Վռամ Մարկիչի
Քթարմատին մի պզուկ է բուսել:
                                                   1980 թ.



ԼՈԹԻ ԱԲՈՆ

Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս,
Պա՛հ, էդ էր պակաս, որ լոթի Աբոն
Ազատ չքայլի իր ուզած ճամփով:
Փողը գրպանում, «Ժիգուլին»՝ տակին,
Խելքը շշի մեջ, աչքը՝ բաժակին -
Որտեղ որ աղմուկ՝ Աբոն այնտեղ է,
Որտեղ սկանդալ՝ Աբոն անմեղ է.
Դե ի՞նչ է արել տղան այս անգին,
Շշով խփել է Մադոյի գանգին,
Ճակատը պատռել, ծնոտը՝ շեղել,
Դիտմամբ չի՞ արել, հարբած է եղել:
Գո՞րծ են ստեղծել...
Պա՛հ, էդ էր պակաս,
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Հիմա հասկացա՞ք, թե ով է Աբոն
Եվ ուր է գնում նա այդպես թափով,
Ում հետ է նստում, ում հետ կատակում,
Ում հետ է բաժակ-բաժակի զարկում...
Չկարծեք, թե նա անուսում մարդ է,
Համալսարան է տղան ավարտել
Եվ դիպլոմ ունի առաջին կարգի,
Դա էլ հերիք է, ինչո՞ւ աշխատի -
Հագնելը ձրի, փողն էլ հո ծով է,
Ուտողը ո՞վ է.
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Դե մեծ աշխարհ է, ո՞ւմ չի պատահել,
Այդ ո՞վ չի կյանքում սիրուհի պահել.
Լավ, ասենք Աբոն սիրած էակին
Խաբել է անխիղճ ու չի առել կին,
Արդյոք կարի՞ք կա դռները թակել,
Մի բաժակ ջրում փոթորիկ սարքել.
Աբոն խաբեբա՞, անբարոյակա՞ն,
Ախր դուք գիտե՞ք, թե ինչ սարեր կան
Նրա թիկունքում.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Աբո, ի՜նչ Աբո, փառքի մարմնացում,
Ի՜նչ հարցեր ասես, որ նա չի լուծում,
Եվ ի՜նչ դռներ են նրա դեմ բացվում.
Գառնիտո՞ւր է պետք շքեղ ու սիրուն՝
Ծանոթներ ունի նա քաղառևտրում.
Կուրո՞րտ ես ուզում՝ Գագրա՞, թե՞ Սոչի,
Աբոյի համար դա հո մեծ բան չի,
Գետնի տակից էլ կարող է անգամ
Կառավարական ուղեգիր ճանկել,
Եվ ո՞վ կարող է նրան առարկել-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Օ՜, Լոթի Աբոն ֆուտբոլասեր է,
Ստադիոններում տիրակալ, տեր է,
Խաղ չի բաց թողել երբեք իր օրում,
Իր թիմին ո՜նց է նա ոգևորում,
Ինչպե՜ս է սուլում, ինչպե՜ս է գոռում,
Մրցավարներին ո՜նց է փնովում...
Ի՞նչ անենք, թե որ մեկ-մեկ արանքում
Խոսքեր է ասում մի քիչ անմաքուր,
Ֆուտբոլ է, էլի՜ ...
Այդ դու, այս էլ ես,
Լոթի Աբոյին ո՞նց մեղադրես.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:
Եվ պատահեց այն, ինչ պիտ պատահեր,
Եվ կատարվեց այն, ինչ պիտ կատարվեր.
Հզոր «Ժիգուլի» ու հարբած Աբո,
Իր ճանապարհով սուրում էր թափով,
Եվ մեկ էլ հանկարծ...

Օ՜, բախտ չարակամ,
Աբոն եղել է ու հիմա չկա:
Ի՜նչ ողբերգություն, ինչպիսի՜ ցնցում,
Եվ ովքե՜ր ասես, որ չեն ցավակցում.
Այնքա՜ն պսակներ, այնքա՜ն ծաղիկներ,
Նվագախմբեր, սգո տաղիկներ...
Ախր, հասարակ մարդ չի մահացել,
Լոթի Աբոն է, ո՞նց չցավակցել.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Գերեզմանատանը խոյացավ մի բերդ,
Պանթեոն խոյացավ մի մարմարակերտ,
Ոսկե տառերով գրած ճակատին.
«Խոնարհեցե՛ք ձեր գլուխը, մարդիկ,
Այստեղ հանգչում է Աբոն Անմուրազ -
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս»:
                                                     1978 թ.



ՈՐԴԻՆ

Զանգեցին գյուղից. «Մայրդ հիվանդ է».
Նա պատասխանեց. «Բժիշկ կուղարկեմ»:
Նորից զանգեցին. «Վիճակը վատ է».
Նա պատասխանեց. «Կգամ, իհարկե,
Միայն թե, գիտե՞ք, կուշանամ մի քիչ,
Խորհրդակցություն և ժողով ունենք»:
Իսկ երեկոյան զանգեցին գյուղից.
«Մայրիկը մեռավ, վաղը թաղումն է»:

Չհասավ նա իր մոր վերջին խոսքին,
Սակայն թաղմանը ներկա էր արդեն,
Գնաց ու կանգնեց դագաղի կողքին...
Դե էլ ի՞նչ աներ, պաշտոնյա մարդ է:
Նա հո չի կարող ուրիշների պես
Հուզվել, հառաչել, անել սուգ ու լաց,
Մայրն էլ մեծ կին էր՝ ողջ գյուղին ի տես
Իր բաժին կյանքը ապրեց ու գնաց:

Եվ հետո եղան բաժակաճառեր,
Կենացներ՝ «««Մեր սուրբ մոր հիշատակին»,
Որ շատ անվանի որդի է ծնել,
Իսկ ինքը այսքան հասարակ մի կին:
Ինչո՞ւ տրտնջալ, որ այսքան տարի
Չի եղել որդին իրենց հարկի տակ,
Հասկացեք, ախր, ո՜վ բարի մարդիկ,
Գործերը շատ են, ժամանակը՝ թանկ:
Եվ խոսեց ինքը՝ պաշտոնյա որդին,
Խոսքի մեջ ճարտար, գործում՝ անբասիր,
Մոր մասին խոսեց ազնիվ ու անգին
Ու որդիական սուրբ պարտքի մասին:
Ասաց՝ հպարտ եմ, անչա՜փ բախտավոր,
Որ ինձ այդպիսի լավ մայր է ծնել,
Եվ խոստանում եմ՝ հիշատակն իմ մոր
Իմ միջոցներով հավերժացնել...
. . . . . . . . . . . . . . . . .
Սրան ի՞նչ կասեք՝ որդիական սե՞ր,
Թե հենց պարզապես պա՞րտք որդիական:
Լավ ճառ բոլորն էլ կարող են ասել,
Լավ որդի լինել... դա հեշտ չէ այնքան:



ԱՌԱՆՑ ՊԵՏԻ

Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է, ապրում, շնչում,
Երբ պետ չունի իր թիկունքում,
Ինչպե՞ս է, որ նա չի կորչում:
Պետը կուռք է նախ և առաջ,
Փառք ու պատիվ, սուրբ աբեղա,
Իրավունք է, օրենք, պահանջ,
Բազկաթոռ ու գրասեղան:

Խոսափող է քո ականջին,
Կաբինետի շքեղ արձան,
Օրակարգի խոսքը վերջին,
Վճռական՝ առաջին ձայն:
Առանց պետի իմացության
Ասա, ինչպե՞ս կարծիք հայտնես,
Ո՞ւմ չոռ ասես, ո՞ւմ ասես ջան,
Ժողովում ո՞ւմ քննադատես:

Երբ խնջույքում պետդ չկա,
Ո՞ւմ կենացը պիտի խմես,
Ինչպե՞ս ասես՝ աստված վկա,
Դուն էն գլխեն իմաստուն ես:
Առաջինը ո՞ւմ բարևես,
Ո՞ւմ մոտենաս՝ քաղցր ժպտաս,
Ո՞ւմ մոտ հալվես,
Ո՞ւմ մոտ ծալվես,
Առանց պետի ո՞նց փռշտաս:
Երբ քո տանը պետդ չկա,
Ո՞ւմ մեծարման ճառեր ձոնես,
Քո տղայի կամ աղջկա
Ծննդյան օրն ինչպե՞ս տոնես:

Ո՞ւմ արշինով մարդկանց չափես,
Ո՞ւմ բռնես ու թափահարես,
Առանց պետի որի՞ն խաբես
Եվ ո՞ր մեկին ծափահարես:
Գլխիդ վերև երբ պետ չունես,
Առավոտներն ո՞ւմ ողջունես,
Ախր դու ո՞ւմ ցավը տանես,
Որի՞ն սիրես, որի՞ն վանես,
Առանց նրան, ասա, ինչպե՞ս
Ինքդ քեզնից գլուխ հանես:

Առանց պետի ախր ի՞նչ ես,
Ոչ գետակ ես, ոչ էլ լիճ ես.
Քո աղունը ինչպե՞ս աղաս,
Ումնի՞ց առնես դու խելքի դաս,
Ո՞ւմ հետ նստես նարդի խաղաս
Ու տանուլ տաս...
Ո՞ւմ վերարկուն պահես՝ հագնի,
Ո՞ւմ մոտ վարդի նման բուրես,
Առանց պետի իրավունքի
Կնոջդ ո՞նց կհամբուրես:

Ո՞ւմ անունով անվերջ երդվես,
Ո՞ւմ բերանով ճիշտը հերքես,
Ո՞ւմ թիկունքով թիկունք դառնաս,
Ո՞ւմ թևերով հզորանաս,
Որտե՞ղ և ո՞ւմ կեղտը հորես,
Ո՞ւմ աթոռի տակը փորես,
Որ չմնաս խեղճ ու հավկուր...
Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է ապրում կյանքում:
                                                   1981 թ.



ԴԻՐԵԿՏՈՐ-ԴՈՒՔՍ

Մեքենան տակին, կաբինետը՝ լյուքս,
Դիրեկտոր մի ասի, այլ իշխան կամ դուքս:
Թիվ է հարկավոր կամ զեկուցագիր,
Սեղմում է իսկույն կոճակը զանգի,-
Եվ նրա դիմաց միշտ պատրաստակամ
Խոնարհ կանգնած են քսան օգնական:
Երկար նստելուց հոգնե՞լ է մի քիչ.
- Շախմատ չխաղանք, Բարսեղ Նիկիտիչ:-
Թեյել է ուզում «գործի թունդ» պահին -
Դրա համար կա քարտուղարուհի:
Երբ պետք է վճռել կարևոր հարցեր,
Դուռը փակում է. «Խիստ զբաղված եմ»:
Առանց քեֆերի կյանքն անիմաստ է,
Ուր ուզի, գնա՝ «Վոլգան» պատրաստ է:
Հռետոր է ճարտար ասել-խոսելիս.
- Մի ողջ հիմնարկ եմ պահում ուսերիս:-
Հիմա դուք կասեք՝ ո՞վ է այդ մարդը,
Այդ պորտաբույծը, բյուրակրատը:-
Աղաչու՜մ եմ ձեզ, հեռուն չգնալ,
Ձեր մեջ կարող եք դուք գտնել նրան:
                                                          1982թ.



* * *
Օ՜, մեծեր, մեծեր,
Փառքերով արբած փառամոլ մեծեր,
Ժողովներից ու ամբիոններից
Դեռ չկշտացած՝ ճառամոլ մեծեր։
Դուք սիրում եք միշտ նույն ջուրը ծեծել,
Ապացուցել այն,
Ինչ ձեզնից առաջ
Ձեր նախորդներն են դեռ ապացուցել։
Որտեղ տեսնում եք թափուր պատվանդան,
Տանում-տնկում եք արձանները ձեր,
Եվ ընդունում եք այնպիսի կեցվածք,
Կարծես աշխարհը դուք եք ստեղծել։
Օ՜, հազար անգամ ու հազար ձևով
Մեծարված մեծեր,
Որ չեք հագենում սին դափնիներից,
Ու ճառ-ծափերից...

5.9.13

ՀՈՒԴԱՅԻՆ


Դու ատում ես այն, ինչ հայկական է,
Մեսրոպագիր է ու մեսրոպատառ,
Քո դեմ մեր հայոց երգը ական է
Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։

Մեր կոթողները քեզ դուր չեն գալիս,
Քեզ դուր չի գալիս Գանձասարը պերճ,
Ահով ես նայում դու մեր խաչքարին,
Տգեղը տեսնում գեղեցիկի մեջ։

Մեր հին ոսոխին անվանում քեռի,
Բամբասում ես մեզ, լկտի ծանակում,
Ճամփա ես տալիս շողոքորթներին,
Ճշմարտախոսի բերանը փակում։

Եղբայրություն ես ամբիոնից գոռում,
Երդվում դրոշով բարեկամության,
Բայց մեր հին վերքն ես նորից փորփրում,
Խարխլում ես դու սյուները մեր տան։

Եվ դու նենգում ես պատմությունը մեր,
Հատել ես ուզում մեր արդար լեզուն,
Մեզ անպատվում ես բիրտ ու լրբորեն,
Անամոթաբար մեզ չարախոսում։

Դու մտագարի ահեղ մոլուցքով
Ոտնահարում ես իրավունքը մեր,
Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր-
Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը
Արդար յուղի տեղ շուկա ես հանել,
Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը,
Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր,
Բարուն դարձնում չար, չարին՝ բարի,
Եվ ընտրելով քեզ արդար դատավոր,
Մեր բախտի հացն ես դնում նժարին։

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից
Եվ ովքեր են քո դատը պաշտպանում,
Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից,
Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։

Դու եղբայրության սուրբ դրոշի տակ,
Ազգի տարազով ծպտված մանեկեն,
Կեղծ նեյնիմների ուշացած թութակ,
Մեր դեմ ամբարված հին լուտանք ու քեն...

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ։

1975 թ.

1.9.13

Էդուարդ Պողոսյան. «ՍԻՐԵՑԻ ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ...»

Վազգեն Օվյան եմ ընթերցում...
Մտածում եմ՝ ինչո՞ւ... Ինչո՞ւ ենք մենք այսքան անհեռատես, այսքան անհանդուրժող և ցուցամոլ, այսքան փոքր ու մանր: Չնկատել այս պոետին, անկախ ժամանակների, կարգերի, ասել է թե...
Ասենք, ինքներդ ընթերցեք և արեք հետևություններ...
Ես անձամբ ցավում եմ, որ այսքան ուշ եմ ճանաչել նման ստեղծագործողի և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճանաչելու: Շնորհակալություն նրա որդուն՝ Վարդգես Օվյանին, որ տվեց նման հնարավորություն...

Սիրեցի այս հեղինակին... առաջին իսկ տողերից: Հարազատ է այնքան, ասես կողքիս նստած լինի ու ժպտա: Ես էլ կարդում եմ այս գործը («Լոթի Աբոն») և... քրքջում...

Ղարաբաղ-Արցախի արժանավոր զավակներ Լևոն Ադյանի, Բագրատ Ուլուբաբյանի հետ միասին իմ սիրտը մտավ ևս մեկ տաղանդաշատ և ազնիվ քաղաքացի, գրող, լուսավոր մարդ:
Այս փոքրիկ աշխարհում այնքա՜ն տաղանդավոր անհատներ կան, որ բավական կլիներ մի խոշոր պետության՝ դարեր շարունակ հպարտանալու իր զավակներով:
Առայժմ ընթերցում եմ, ընթերցում և... չեմ հագենում:



ԷՔՍՊՐՈՄՏ

(Արձագանք լուսահոգի Վազգեն Օվյանի 
«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությանը)

Լուսավոր հոգի, աննման պոետ…
Այն, որ ծնվել ես դու Ղարաբաղում,
Որին Արցախ են այսօր անվանում,
Քո, այս գործի մեջ,- լա՛վ է երևում.
Անգամ ավելին՝երբ որ կարդացի.
Ինքս զգացի… ինձ իսկ Արցախցի:
Մենք հարևան ենք,- ես էլ Սյունեցի,
Լա՛վ գիտեմ համը քարե խորհրդի,
Որից էն քամել հացը արևշատ՝
Քամել ժողովուրդ հայ, տաղանդաշատ,
Գնով անարժան տառապանքների.
- Մնալով մաքուր… ի ցավ այլերի:

Թող այդ «այլեր»-ի ցավը խոր լինի՝
Եվ անբուժելի.
Ալլահով այսօր էլ չես զարմացնի՝
Անգամ տգետին
Իրենց էությամբ հավետ են պղծված՝
Պղծված են անդարձ,
Ու թե «հույս ունեն» խաբել աշխարհին,
Ապա կարող են լավագույն դեպքում,
Խրվել ճահիճում՝փնթի, անարգված,
Ու եթե հանկած, ձեռք մեկնեն՝ հանեն.
Նրանց իսկ նման,- անիծված լինեն.
- Ի փառըս Ալլահի…

Թե Ղարաբաղից այրեր չվեցին,
Թողնելով թափուր շեն ու օջախներ,
Մեծամասնությամբ հռչակ բերեցին,
Արցախ աշխարհին,- որին արժան էր:
Չկա աշխարհում որևէ երկիր,
Որտեղ չեն եղել սրիկա-շներ.
(Եղել են ու կան, և միշտ կլինեն),
Միայն Արցախցին ունի և գեներ,
Որին են հավետ ծուռ աչքով նայել,
Ահաբեկվել են՝ անգամ սարսափել,
Երբ հասկացել են,- անզոր են հերքել.
- Ինչ քարն է ծնել… զուլալը՝ սնել:

«Շեփորահար ու թմբուկ» պոետներ,
Որքան էլ ջանան, չե՛ն կարող մտնել,
Հավերժի տանող գետը այն վարար,
Որտեղ մտնում են պոետ-տաղանդներ,
Մտնում են անփորձ, դուրս գալիս՝ վարպետ,
Ափերի միջին՝աղեղ-գրիչ-նետ,
Աստծո օրհնանքը իրենց շրթերին,
Որոնք են կոչված ազգ պահել՝ լեզուն,
Դառնալ կրողը խղճի, հոգեկան,
Որ ազգայինը կոչվի դասական,
Որն էլ, իր հերթին,- լինի գանձարան.
- Ոչ թե սոսկ մնա… քարե թանգարան:

Ամարաս վանքում և Գանձասարում,
Այսօր Արցախյան շունչն է լոկ տիրում:
Ահել ու ջահել, գալիս են այստեղ,
Որ սուրբ խորանում աղոթք մրմնջան,
Որ մեր պապերին լինեն լոկ արժան,
Որ Ղարաբաղը Արցախ արդ կոչվի,
Որ օրրան լինի միմիայն հայի՝
Գա ու միանա Մայր Հայաստանին.
Հավե՛տ և ընդմի՛շտ, առանց կասկածի,
Այստեղ որ հանգչող հերոս-հայեցու,- հոգին որ չասի.
- Անտեղի գուցե… արյուն թափեցի:

Լավ գիտի, եղբա՛յր,- անգամ դրածոն,
Չունի անելիք որ Արցախ հողում,
Որ մարդիկ այստեղ համբերել գիտեն,
Քչով գոհանալ ու սիրել գիտեն,
Բայց, բա՛վ է խաղան նրա հոգու հետ,
Թե մեծ, թե մանուկ, առնելու են նետ,
Վտարելու են՝ ինչպես աղվեսին,
Որ, Արջի դիմաց ելել է կռվի,
Հույսը դնելով քանակի վրա,
Եվ մոռանալով, որ վերջը դրա,
Վաղուց է հայտնի,- փուչ դամբանական.
- Թմբուկ պոետին… միայն սազական:

Լեռները լուռ են,- արձագանքում եմ ես հեռուներից,
Նաև թող հիշեն, որ խուլ ու կույր չեն,
Ու թե խոսում են, լսե՛ք դուք նրանց,
Եթե, իհարկե, խուլ չեք՝ անզգամ:
Հավետ իմացե՛ք,- որ հրաբուխից,
Ծնվել, ծնվում են այրեր հայորդի:
Զևս էլ թե լինեք, շանթեր արձակեք,
Միայն կարող եք մեզ իսկ սրբացնել:
Իսկ արձագանքս՝ Վազգեն Օվյանին,
Թեկուզ և ուշ է,- տեղի՛ն է, տեղի՛ն:
Թե չի լսել նա,- կլսի որդին.
- Ողջո՛ւյն Սյունիքից… Արցախ աշխարհին:

ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգ
06.08.2013թ.