Քարաշեն. Ա

(վեպ)

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1.

Պատերազմի լուրը Քարաշեն հասավ մի օր ուշացած։ Գյուղի հեռախոսագիծը Ստեփգէսի ձորում կտրվել էր, երկու օր շարունակ Սիմոն Ամիրյանը պտտում էր հեռախոսի բռնակը. «Ալո, ցենտրալնի՜» բղավում, բայց ոչ մի պատասխան։ Թարսը վրա էր ընկել, փոստատար Ռուբենն այդ օրը խռովել, շրջկենտրոն չէր գնացել։ Ասել էր՝ աշխօրս ավելացրեք, ձի տվեք, գնամ փոստը բերեմ։
- Ի՜նչ է, Քարաշենը հատուկ ձիաբուծարան ունի՞,- բարկացել է Սիմոն Ամիրյանը։- Ձին ինչի՞դ է, ընկեր Ռուբեն, ներկա էտապում ո՛չ գյուղսովետի նախագահ ես, ո՛չ կոլտնտեսության նախագահ ես, ո՛չ անասնաբույժ ես, ո՛չ բրիգադիր... Դու ղեկավար մարմի՞ն ես, որ ձին տակիդ դնենք։
- Չեք տա, փոստը չեմ բերի,- պատասխանել է Ռուբենը։- Ուրիշների նման ես էլ կգնամ հունձ անեմ։ Ձեռքս մաքուր, ոտքս մաքուր, ականջս՝ դինջ... Հլա վայ թե պատկերքս էլ տպեն գազեթում։ Ես Աղամյան Գալուստից պակա՞ս տղա եմ։

Բայց դեռ արտ չհասած, կես ճանապարհին Ռուբենը մանգաղով կտրել է ականջը, քոռուփոշման վերադարձել գյուղ։ Մատը կտրեր, ոտքը կտրեր՝ մի բան է, տնաշենիդ տղան ականջն է կտրել։
- Պահ, քո ինչն ասեմ, Ռուբե՛ն,- ձեռ է առել Պետունց Անդրին, այսինքն՝ այն Անդրին, որ երկնքով չվող հավքին կանգնեցնում, մի անուն է դնում։- Արա՛, դու թատրո՞ն ես, թե՝ ցիրկ... Արա՛, էլ սրանից դենը քեզ արտ կդիմանա՞, հիմա էլ ականջներովդ ես հունձ անում։ Դե լավ, դե լավ, տար յոդից, բանից քսիր, հետո էլ էնպես արա՝ շենացոց բերանը չընկնես…

Պետունց Անդրին էլ զարմանալի մարդ է, այնպես է ասում «շենացոց բերանը չընկնես», կարծես շենացոց բերանը գցողն ինքը չի, ուրիշն է։ Ա՛յ Պետունց Անդրի, որ սիրտդ այդքա՜ն ցավում է Ռուբենի համար, բա ինչո՞ւ ես քթիդ տակին ծիծաղում ու դեռ Նուբարին ձեն տալիս ասում. «Աղջի՜, մարդդ հնձից վաստակած գալիս է, մի լավ ձվածեղ պատրաստիր, մի հավ մորթիր և փառք տուր աստծուն, որ ականջի հետ քիթն էլ չի կտրել»։
Շրջկենտրոնում գիշեր-ցերեկ դղրդում էր ռադիոն, բայց գիծը դեռ չէր հասել Քարաշեն։ Գիծը դեմ էր առել Սալաքարի ապառաժներին։ Կապավորների բրիգադավարն ասել էր՝ սյուները չեն հերիքում, քլունգը դեմ է առնում քարին, աշխատող ձեռքը քիչ է։ Սիմոն Ամիրյանը հեռախոսով մատը թափահարել է կապի գրասենյակի պետի տեղակալի վրա ու սպառնացել. «Ներկա էտապում էդ ի՞նչ իրավունքով ես սոցիալիստական գյուղը զրկում սոցիալիստական ռադիոյից, որտե՞ղ է քո քաղաքական զգոնությունը»։

Պատերազմը սկսվել էր 41-ի հունիսի 22-ի լուսաբացին, բայց լուրը Քարաշեն հասավ հունիսի 23-ի երեկոյան։ Մթերման կետի լիազոր Անաստաս Սահրադյանը շրջկենտրոնից եկավ ձիով և տեսնելով, որ մարդիկ իրենց համար հանգիստ ասում-խոսում ու ծիծաղում են, քաշեց ձիու սանձը, հոնքերն իրար տվեց.
- Սա Քարաշեն չի, է՜,- ասաց,- Քառաշեն է։ Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է մեր սոցիալիստական հայրենիքի վրա, իսկ դուք ձեզ համար էստեղ տաշի-տուշի եք անում։
Գյուղի վրա սառը ջուր մաղվեց։ Որտեղի՞ց եկավ այդ Անաստասը։ Ոտը կոտրեր՝ չգար։ Ամեն անգամ, երբ գյուղ է գալիս, հետն անպայման մի վատ լուր է բերում։

Մուշեղ ապան սովորություն ունի՝ ով որ քաղաքից գալիս է, անպայման ծխախոտ է խնդրում։ Չնայած ծխող չի և ծխողներին էլ չի սիրում, բայց քաղաքից եկածներից ծխախոտ է խնդրում։ Չգիտես, դա անում է հաճույքի՞ համար, թե՞ մտերմանալու նպատակով։ Այս անգամ նա կարգը խախտեց, ծխախոտ չխնդրեց, մոտեցավ ու հարցրեց.
- Ուրեմն, ընկեր Անաստաս, ասում ես՝ կռիվ է, էլի։
- Կռիվ է,- Անաստասը մտրակով խփեց գետնին, փոշի բարձրացրեց,-ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է...
Միտինգը տեղի ունեցավ ակումբի բակում։ Դա երևի Քարաշենի պատմության մեջ առաջին միտինգն էր, որ տեղի էր ունենում այդքան անշուք ու տխուր։ Սիմոն Ամիրյանը հենց ինքը բացեց միտինգը։
- Ընկե՛ր քարաշենցիներ,- ասաց,- ֆաշիստական Գերմանիան հարձակվել է մեր հայրենիքի վրա։ Քանի որ պաշտոնական գրություն ենք ստացել, ուրեմն պանիկա չի։ Այդ առիթով խոսք ունի դպրոցի դիրեկտոր ընկեր Խորեն Դաբաղյանը։

Խորեն Դաբաղյանը տոն օրերին միշտ հանդես է գալիս երկարաշունչ զեկուցումներով, և այս անգամ էլ նա սկսեց շատ հեռուներից։ Պատմեց, թե ինչպես Ալեքսանդր Նևսկին Չուդ լճի վրա սառցաջարդ տվեց թշնամուն։ Անցավ Կուլիկովյան ճակատամարտին, խոսեց Նապոլեոն Բոնապարտի արշավանքների և անփառունակ պարտության մասին, անցավ քաղաքացիական պատերազմին և, վերջիվերջո, հասավ հիմնականին.
- Սակայն անարգ ու նենգ ոսոխը կարծես մոռացել է պատմության դասերը,- գոչեց նա ոգևորված։- Մոռացել է, բայց կհիշեցնենք։ Մեր քաջարի բանակը կջախջախի ֆաշիստական իժերին։
Տիրեց անսովոր լռություն։

2.

Բոստանչի Գալուստը ջուրը շուռ տվեց խամուտի վրա և մտածեց, որ երկրորդ խոտհարքին այստեղ մի ուրիշը գերանդի կբռնի։ Սկսեց մտքում հաշվել, թե գյուղում քանի գերանդիավոր կմնա և գտավ, որ հասակավորներից ամենալավ գերանդի բռնողը Պետունց Անդրին է։ Բայց Պետունց Անդրու համար դժվար կլինի, դարբնոցում գործերը շատ են, ուստա Սահակի փոխարեն էլ պիտի աշխատի։ Իսկ պատերազմը մինչև ձմեռ կավարտվի։ Մինչև ձմեռ քանի՞ ամիս է մնում՝ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Չորս ամիս է։ Բայց երեկ Սիմոն Ամիրյանն ուրիշ բան ասաց. «Ներկա էտապում,- ասաց,- էս պատերազմը հայրենական է, ինչպես նաև համաշխարհային։ Դեռ շատ տղամարդկանց փափախներ կմնան պատերի ճակատից կախված»...

Մի ամսում չորս բրիգադավար փոխվեց։ Սմբատ Առաքելյանը գործերը հանձնեց Սահակ Ավագյանին, մեկնեց ռազմաճակատ։ Ավագյան Սահակը չորս օր աշխատեց, հինգերորդ օրը կանչեց Պավլունց Դիլանին՝ թե հիմա դու պիտի փոխարինես, վաղը ճանապարհվում եմ։ Պավլունց Դիլանը մի օրվա բրիգադավար էր, մի օրում չհասցրեց ծանոթանալ գործերին, կաշվե պայուսակը հանձնեց Գալուստին ու ասաց. «Ամենահարմարը հիմա դու ես, առաջավոր ես, գազեթում պատկերդ դուրս է եկել, ինքդ էլ գործերը լավ ես հասկանում, քանի տարվա բոստանչի ես, հա՜...»:
Գալուստը գրպանից հանեց ծանուցագիրը, մի անգամ էլ կարդաց, հետո հիշեց, որ իր լուսանկարը պատերազմը սկսելուց երկու օր առաջ տպվել է թերթում, մտքում ծիծաղեց, ապա զարմացավ իր ծիծաղի վրա։ Նա դանդաղ բարձրացավ ռեհանի ածուների կողքով, կանչեց Վարդերին՝ Սմբատի կնոջը, պայուսակը մեկնեց նրան։

- Գործերը հանձնում եմ քեզ։ Սկի չեմ էլ նայել, չգիտեմ ինչ կա սրա մեջ,- նայեց ռեհանի ածուներին,- Վարդեր, քաղելու ժամանակն է, մեկ էլ տեսար ծաղիկ գցեց։ Լոբուտն արդեն ջրել եմ, ջուրը շուռ տվել խամուտի վրա։
- Ուրեմն, դու էլ ես գնո՞ւմ,- Վարդերը փոքրիկ աղջնակի նման պռոշ արեց, ասես ուր որ է՝ լաց կլինի։- Մեր Սմբատը գնաց, Սահակը գնաց, Դիլանը գնաց, դու էլ ես գնում։ Բա էս բոստաններում տղամարդու գլխարկ չպիտի երևա՞։
 - Դե որ կռիվ է՝ պիտի գնանք։ Իմ արյունը Սմբատի արյունից կարմի՞ր է։ Կարծում եմ, դու գործից գլուխ կհանես։ Լիկայանում էլ լավ էիր սովորում, թվաբանությունից շատ էիր ուժեղ։ Մի՞տդ է։
- Ի՞նչ ասեմ,- Վարդերը կախեց գլուխը։- Գնացին էն ժամանակները։ Մենք մեզ համար ապրում էինք, ոչ ոքի չէինք խանգարում... Գալուստ, կարող է, չէ՞ տեսնես մեր Սմբատին։
- Ո՜վ գիտե, մեծ աշխարհ է։
- Սմբատը տաքագլուխ է, վախենում եմ։
- Սմբատը տաքագլուխ է, բայց գրագետ է, բանջարաբույծի կուրսեր է ավարտել, ամենապակասը սերժանտ կլինի։

Առավոտյան Շաղասարից մեղմ քամի էր փչում, երկինքը պարզ էր, իսկ Դովթալաբ սարի հոնքին դեռ ամպ կար, ամուլ ամպ, որ կպել ու պոկ չէր գալիս։ Ինչպես միշտ, առաջինը արտույտներն սկսեցին իրենց երգը, ապա արթնացան անտառի մյուս հավքերը։
Այս անգամ Քարաշենից ռազմաճակատ են մեկնում երեք հոգի՝ բոստանչի Գալուստը, փոստատար Ռուբենը և Մարգարենց Բաղդասարը։ Սիմոն Ամիրյանը կանգնել թթենու տակ, ծուխ է անում։
Կանայք եկան իրենց ամուսիններին հրաժեշտ տալու։ Բաղդասարի Սիրունը ամուսնու ականջին բան շշնջաց, Բաղդասարը ուրախացած գոչեց. «Երազումս եմ տեսել, կա՛մ տղա պիտի լինի, կա՛մ աղջիկ»։ Ռուբենը լսեց ու քրքջաց.
- Վա՜յ, Բաղդո, չմեռնես դու, դե ուրիշ էլ ի՞նչ է լինում՝ կա՛մ տղա է լինում, կա՛մ աղջիկ...
- Բերանդ փակի՛ր, հավարա՛,- չբարկանալու նման բարկացավ Բաղդասարը։- Դու էն Ռուբենը չե՞ս, որ հունձ անելիս ականջդ կտրել ես։

Դե, առանց կատակի, ծիծաղի ի՜նչ քարաշենցի։ Որտեղ Բաղդասարը, այնտեղ էլ՝ ծիծաղը։ Ի՜նչ Բաղդասար, քայլող անեկդոտ է, նույնիսկ տխուր սեղաններին, որքան էլ փորձում է իրեն լուրջ պահել, չի ստացվում, անպայման մի ծիծաղելի բան է ասում և գյուղի բերանին մատի փաթաթան դառնում։
Քարաշենից ամենից ուշ ռազմաճակատ մեկնեց Գասպար Ասրյանը։ Այսինքն՝ այն Գասպարը, որ մի օրում վաթսուն խուրձ է հնձում, միանգամից երեք գավաթ բրդուճ ուտում և վրան մի կուլա ջուր խմում ու ասում. «Հը՜, ոնց որ ախորժակս բացվեց»։
Գասպարը հինգ անգամ ծանուցագիր ստացավ, հինգ անգամ կինը՝ Աղունիկը, ճանապարհի համար պաշար պատրաստեց, Գասպարը հինգ անգամ շրջկենտրոնից վերադարձավ դատարկ ուսապարկով։ Զինկոմիսարիատում նրան միշտ նույն բանն էին ասում. «Գնա սպասիր, հենց որ ծանուցագիր ստանաս, իսկույն կներկայանաս»։

Հնձվոր Գասպարը վեցերորդ ծանուցագիրը ստանալուն պես գնաց բողոքեց. «Ընկեր զինկոմ, բա տարվա էս օրին հնձվոր մարդուն գործից կգցե՞ն... Գնա՛, արի՜, գնա՛, արի՜, գնա՛, արի՜... Մարդ եմ, չէ՞»։
Մուշեղ ապան վերջին անգամ գրկեց որդուն ու խոսեց.
- Գասպար տղա, շուտ-շուտ նամակ կգրես, քեզ տաք կպահես, իրիկունները ոտքերդ տաք ջրում կդնես, գյուլլից-բանից յան կտաս։
Գասպարը խոնարհ աշակերտի պես կրկնեց.
- Շուտ-շուտ նամակ կգրեմ, ինձ տաք կպահեմ, իրիկունները ոտքերս տաք ջրում կդնեմ, գյուլլից-բանից յան կտամ,- ու վերջում էլ դեռ կատակի տվեց:- Ապեր, ախր կուրորտ չեմ գնում, ֆրոնտ եմ գնում։

Եվ հնձվոր Գասպարը նամակ գրեց. «Աղունիկ, մեր սարերին կարոտե՜լ եմ, մեր ձորերին կարոտե՜լ եմ, մեր քարերին կարոտե՜լ եմ։ Մեռնեմ մեր սարերին, մեռնեմ մեր ձորերին, մեռնեմ մեր քարերին։ Հողդ ի՜նչ հող է, Քարաշեն, ջուրդ ի՜նչ ջուր է, Քարաշեն»։
Գյուղում ասացին՝ հնձվոր Գասպարը նամակ է գրել, նամակը կարոտ ու լաց է։
Բաղդասարը նամակ գրեց. «Եվլախ կայարանից վագոն նստեցինք, հասանք Բալաջարի։ Այստեղից էլ պոեզդ նստեցինք, հասանք մի քաղաք ու էլի գնացինք։ Կնիկ ջան, էսպես որ գնանք, երևի հասնենք աշխարհի էն մի ծերը։ Նամակիս վերջին անդրանիկ տողերում շատ եմ խնդրում՝ գրի տեսնեմ քանի երեխա ունենք»։

Սիրունը գրիչը ճռճռացրեց թղթին, գրչածայրի հոգին հանեց ու պատասխան գրեց. «Իմ քաղցր ամուսին, իմ գլխի տեր Բաղդասար ջա՛ն, ջա՛ն, ջա՛ն... Նախ և առաջ՝ կարոտած սրտիս բարևները քեզ ու քո բարին կամեցողներին։ Առաջ և նախ՝ մենք շուտով երեխա կունենանք։ Բոլորս էլ քեզ քաղցր և նմանապես դուրալի բարևներ ենք անում»։
Բաղդասարն էլի նամակ գրեց. «Արդեն ողջ և առողջ հասել ենք աշխարհի էն մի ծերը։ Ոնց որ ես մեր Դովթալաբ սարումն եմ, դու էլ՝ Շաղասարումը։ Մեզ մոտ ձմեռ է, ցուրտը կատու է խանձում։ Մեզ տաք շորեր են տվել, ծմակումը ծառեր ենք կտրտում։ Սիրուն ջա՛ն, շատ եմ խնդրում, որ տղա բերես, անունը Պոլյակովսկի կդնես, Պոլյակովսկին մեր կոմանդիրն է։ Որ մի տղա էլ բերես, դրա անունը Կաչկաչաշվիլի կդնես։ Կաչկաչաշվիլին մեր կոմանդիրի կոմանդիրն է»։
Գյուղում ասացին՝ Բաղդոն նամակ է գրել, նամակը ծիծաղ է։
Սիրունը նամակ գրեց, նամակն այս անգամ կռիվ էր. «Այ հերամեռ, դու էդտեղ՝ աշխարհի էն մի ծերին, ես էստեղ, աշխարհի էս մի ծերին, էդ որ մի գլուխ երեխաներ ես զակազ տալիս, որտեղի՞ց պիտի բերեմ էդքան երեխաները»։

Բոստանչի Գալուստը նամակ գրեց. «Հասել ենք Ազով։ էդ Ազովը, որ ասում են՝ ծով է։ Ծովից քամի է փչում, քամին ծովի աղ է բերում։ Մարալ ջան, քանի միտս է, ասեմ՝ Վարդերին հիշեցրու, որ խամուտի խոտը ժամանակին հարի։ Ափսոս է, կփչանա։ Իսկ ռեհանը հարկավոր է ամեն օր ջրել։ Ինչ մնում է վարունգին, թող երես չտա, շատ ջրելուց օգուտ չկա։ Բուլուքեն տախտումը էս տարի պոմիդորը պիտի որ լավ լինի, բայց ջրելու ժամանակ զգույշ պիտի լինել, որ ջուրը արխերը չքանդի։ Դե, ինչ ասեմ, կռիվը հլա մեզանից շատ է հեռու, բայց պիտի հասնենք։ Հիմա չուչելների վրա ենք կրակում։ Վատ չեմ կրակում, մենակ մի փիս սովորություն ունեմ, հրացանը բահի նման եմ բռնում։ Մեր կոմանդիրը լենինականցի մի լավ տղա է, ասում է. «Բան չկա, կռիվը վերջանա, էլի կգնաս քո գործին, բայց հիմա հարկավոր է հրացանը հրացանի նման բռնել»։

Գյուղում ասացին՝ բոստանչի Գալուստը նամակ է գրել՝ կեսը բանջարաբուծություն է, կեսը՝ ռազմագիտություն։
Ռուբենը նամակ գրեց. «Նոր հասկացա, թե էդ անիծված ֆաշիստներն ինչ գազաններ են։ Գյուղ չեն ասում, քաղաք չեն ասում՝ վառում են։ Կին չեն ասում, երեխա չեն ասում՝ սպանում են։ Ես և Իվան Մազուրովը մի պուլիմոտի վրա ենք, և մեր պուլիմոտի անունը «Մաքսիմ» է։ Իվանն առաջին համարն է, ես՝ երկրորդ։ Լավ ենք կրակում, մեր կոմանդիրից արդեն չորս մալադեց ունենք։ Կարոտալի բարևներս...»:
Գյուղում ասացին՝ փոստատար Ռուբենը նամակ է գրել, նամակից կռվի հոտ է գալիս։

3.

- Կնանի՜ք, ա՛յ կնանիք, մենք հիմա կնանիք չենք, տղամարդիկ ենք։-Գասպարի Աղունիկը ցորենի խուրձը ծնկան տակին ճռճռացրեց, կեմը քաշեց, սեղմեց, ծայրը-ծայրին հասցրեց, կապեց, կուլան գլխին քաշեց, կլկլացրեց ու աչքով արեց Գալուստի Մարալին.- Աղջի՛, հիմա տղամա՞րդ եմ, թե՞ տղամարդ չեմ։
- Տղամարդ ես,- հաստատեց Մարալը, և մանգաղը խրեց խրձի կողը.-Տղամարդ կնիկ ես...
Արևը հուրհրատում ու պլպլում է։ Արտեզրի մոշու թփուտների տերևները ճապաղել ու կախվել են անզոր։ Ձորում գետը լլկվել ու ձենը փորն է գցել։ Թեղու տակ զով է, զեփյուռի շնկշնկոց կա թեղու կանաչ սաղարթների մեջ ու տերևների ծափ։
Աղունիկը մաղախից թարմ վարունգ ու պոմիդոր հանեց, հայացքով մեկ-մեկ տնտղեց կանանց, ժպտաց, մի շիշ օղի հանեց, դրեց սփռոցին, զնգացրեց բաժակները։

- Ա՛յ կնանի՜ք, ա՛յ լաչակավորներ, ա՛յ երկար մազավորներ, դե որ տղամարդու նման հունձ ենք անում, ուրեմն՝ տղամարդիկ ենք, տղամարդու նման արաղ պիտի խմենք, կենացներ ասենք։ Հա՛, պիտի խմենք։
Կանայք զարմացած նայեցին իրար, փռթկացրին։ Գալուստի Մարալը վերցրեց օղու շիշը, հոտ քաշեց ու քիթը ծռմռեց.
- Կնանի՜ք, էս օձը կծածը ճիշտ է ասում, արաղ է։
- Արաղ չի, առյուծի կաթ է,- Աղունը լցրեց բաժակները։- Ով որ տղամարդ է, տղամարդու ջիգյար ունի, թող ինձ հետ բաժակ բռնի։
Պետունց Անդրու ջահել հարսը ետևից թաքուն չանչ արեց Աղունիկին, Ռուբենի կինը՝ Նուբարը, մեկնեց թանով լի գավաթն ու ասաց.
- Որ էդքան սիրտդ շատ է ուզում, բեր կենաց ասենք։
- Թանով կենաց չեն խմում,- Աղունիկը չարացավ։- Բա էլ որտե՞ղ մնաց ձեր տղամարդությունը, էդ ո՞նց կլինի, հունձ ենք անում, մաճ ենք բռնում, սայլ ենք լծում, ծանր հակեր ենք շալակում՝ տղամարդ չենք։ Չէ՛, տղամարդ ենք, կնանի՛ք, տղամարդ ենք... Մեր նամուսի, մեր պատվի կենացը։

Աղունը դատարկեց բաժակը, հացից հոտ քաշեց, մի կտոր վարունգ խրթխրթացրեց ու մատը տնկեց Մարալի կրծքին.
- Մարալ, որ սպանի էլ, պիտի խմես։
Մարալը վերցրեց լիքը բաժակը, նայեց ու դրեց սփռոցին.
- Չէ՛, Աղուն, չեմ կարող։
- Աղջի՛, էդ ինչո՞ւ ես կարող եմ, դու չես կարող։
- Սովոր չեմ։
- Մթամ ես սովո՞ր եմ, այ գլխամեռ։ Մթամ ես կյանքում սա՞յլ եմ լծել, հո՞ւնձ եմ արել, կե՞մ եմ կապել... Ձեր մեջ անամոթը մենակ ես եմ, հա՞,- ելավ տեղից, լաչակը նետեց մի կողմ, թևերը կանթեց կողին,- կնանի՜ք, ա՛յ կնանիք, մենք հիմա տղամարդիկ ենք և էնքան պիտի տղամարդ մնանք, որ մեր գլխի տերերը կռվից տուն գան։

Ծմակի կողմից ձիու սմբակների ձայն լսվեց, Աղունիկը ուշադրություն չդարձրեց, դիրքը չփոխեց։ Քիչ անց երևաց մթերման կետի լիազոր Անաստաս Սահրադյանը՝ թամբին թեք նստած, հագին փայլուն սապոգներ, կիտելը մինչև վերջ կոճկած։ Նա կտրիճավարի ցատկեց ձիուց, մտրակով խփեց սապոգների ճիտքերին ու հարցրեց.
- Կնանիք, էդ ի՞նչ բանի եք։
Աղունիկը հայացքով ցույց տվեց նրան սփռոցը.
- Տեսնում ես, չէ՞, քեֆ ենք անում։ Արաղ ենք խմում, կենացներ ենք ասում, երգում ենք, պարում ենք։ Հետո էլ, ընկեր լիազոր Անաստաս, խոսքդ ճանաչիր, մենք կնանիք չենք, տղամարդիկ ենք։
- Այսինքն, էդ ո՞նց եք տղամարդիկ։
- Հունձ ենք անում, մաճ ենք բռնում, սայլ ենք լծում, արաղ ենք խմում, հայհոյում ենք... Էլ ի՞նչ ես ուզում։

- Բա էդպես ո՞նց կլինի։
- Լսի՛ր, ընկեր լիազոր,- Աղունը մոտեցավ նրան։- Դու էլ ե՞ս տղամարդ։
- Կասկածո՞ւմ ես,- Անաստասը աչքով արեց տրակտորիստ Տիգրանի կնոջն ու ծիծաղեց։
- Լավ, որ տղամարդ ես, կարո՞ղ ես մանգաղ բռնել։ Չես կարող։ Կարո՞ղ ես մաճ բռնել։ Չես կարող։ Կարո՞ղ ես բահով տալ։ Չես կարող։ Քոնը էդ ձին է, նստես ու քշես, որտեղ մի սիրուն կնիկ տեսնես, ասլան կտրես։
- Դե՛, դե՛,- Անաստասը դանդաղ ետ-ետ գնաց։ Աղունիկը սպառնալից հետևեց նրան, ճանկեց օձիքն ու շրըխկ՝ ապտակեց։
- Հարամ շուն, էն երեկ, կես գիշերին ո՞ւմ դուռն էիր թակում։ Ի՞նչ է, դու տուն չունե՞ս, որ անտեր շան նման ուրիշների դռներին ես հաչում։

Անաստասը բռնեց դեմքը, նույն պահին խրտնած ձին ցատկեց մի կողմ ու հնձած արտի միջով փախավ։ Ի՜նչ աղմուկ, ի՜նչ ծիծաղ։ Լիազոր Անաստասը ամոթից թե վախից կարկամել էր։ Նա իրեն այնպես էր զգում, ինչպես անամոթ հանցանք գործած հարսը՝ կեսրոջ առջև։ Մնում էր միայն մի բան՝ կուլ տալ վիրավորանքն ու հեռանալ։
Աղունիկը բռունցքը թափահարեց նրա ետևից, հայհոյեց, եկավ նստեց Անդրու հարսի կողքին, գլուխը շարժեց.
- Կնանի՛ք, չկարծեք, թե հարբած եմ։ Պարզապես կատաղած եմ։ Այ, հիմա անցավ։ Ես էդ շանը պիտի սպանեի... է՜, կնանի՛ք, կնանի՛ք, ես ձեր ցավը տանեմ։
- Աղու՛ն, լավ բան չարեցիր,- ասաց Մարալը։
- Թող գնա բողոքի,- Աղունը օղու շշի բերանը խցանով փակեց, դրեց թեղու փչակում։- Կնանիք, եկեք երգենք։

- Ի՞նչ երգենք,- հարցրեց Նուբարը։
- Տղամարդու երգ երգենք։
- Երգի սիրտ է մնացե՞լ, - հառաչեց Նուբարը,- Մարալ, ձեր Գալուստի ականջը կանչի, ո՜նց էր երգում. «Ես պուճուր, յարս պուճուր, արևիդ մեռնե՜մ, ո՞վ կտա մեզ հաց ու ջուր, բարևդ կառնե՜մ»։
- Չէ, դա տղամարդու երգ չի,- Աղունը գրկեց Պետունց Անդրու ջահել հարսի մեջքը,- Լուսիկ, ցավդ տանեմ, էդ քաղցր ձենդ ո՞ւմ համար ես պահում։ էն որ Տիգրանի ու Սիրանի հարսանքին երգում էիր, մի՞տդ է...
Լուսիկը սպասել չտվեց, նայեց Դովթալաբ սարի թխպոտ հոնքին ու երգեց.

Որսկան ախպեր, սարեն կուգաս,
Սարի մարալ կփնտրես,
Ասա, յարաբ, դուն չտեսա՞ր
Իմ մարալս, իմ բալես...

Ասես չհնձված արտերի վրայով գարնան փափուկ զեփյուռ անցավ, հասկերը խշշացին, ձորում ուռենիները հարսների պես շորորացին, թեղին անուշ ծփծփաց։
Հեռուներից Աղունիկի ականջին ձայն հասավ, հնձվոր Գասպարի ձայնն էր. «Մեր սարերին կարոտել եմ, մեր ձորերին կարոտել եմ, մեր քարերին կարոտել եմ... Մեռնեմ մեր սարերին, մեռնեմ մեր ձորերին, մեռնեմ մեր քարերին...»։
Մարալը փակեց աչքերը, տեսավ առվի կողքով բահը ուսած քայլելիս բոստանչի Գալուստին՝ ոտքերը ցողոտ ու հողոտ, շորերից ռեհանի ու մաղադանոսի արբեցուցիչ բույր է ծորում։
Սիրանի առջև կանգնեց Տիգրանը՝ վիթխարահասակ, գանգրահեր, կապույտ աչքերում անբացատրելի ժպիտ, հոնքը հարցական. «Սիրա՛ն, ախր շատ ես ջահել, շատ ես սիրուն, վա՛յ թե ինձ մոռանաս»։ Իսկ ինքն ի՞նչ ասաց Տիգրանին. «Ով մոռանա, զույգ աչքերով թող քոռանա»։

Աղունիկը լաց էր լինում, Մարալը լաց էր լինում, Նուբարը լաց էր լինում, Սիրանը լաց էր լինում, աշխարհը լաց էր լինում։
Ու երգն ավարտվեց։ Չէ՛, չավարտվեց, Լուսիկը չդիմացավ, ինքն էլ սկսեց հեկեկալ։
Աղունիկը մտածեց, որ մեղավորն ինքն է, մտքում ինքն իրեն հայհոյեց. «Գլխամե՛ռ, բա ասում ե՝ս տղամարդ եմ, դեռ արաղ էլ ես խմում, էդ ինչո՞ւ սիրտդ ծլծլաց»։
- Կնանի՜ք, ա՛յ կնանիք,- Աղունիկը վեր թռավ տեղից.- էդ ի՞նչ է, լա՞ց եք լինում։ Չէ, մենք տղամարդիկ ենք, լաց չպիտի լինենք։ Լացը լաց է բերում, արցունքը՝ արցունք։ Լաց լինենք, որ թշնամին ուրախանա՞... Բա որտե՞ղ է մեր նամուսը։ Պրծա՜վ, լաց չկա, պար պիտի գանք, պար... Դե՛, վեր կացեք, ա՛յ կնանիք, ձեր ցավը տանեմ, օրն անցավ, արտերը մեզ են նայում։

Երեկոյան նախագահ Մացակը Աղունիկին գրասենյակ կանչեց։ Մթերման կետի լիազոր Անաստասը ոտը-ոտին գցել, ծխում էր։ Ցույց տվեց, որ սկի չտեսավ Աղունիկին, լուցկու տուփը դրեց գրասեղանին ու սկսեց մատներով տկտկացնել։
- Նստիր, Աղունի՛կ,- նախագահ Մացակը տրորեց անքնությունից կարմրած աչքերը։- Բան պիտի ասեմ, Աղունիկ։
- Սրա հաշվո՞վ,- Աղունիկն ուզում էր փռթկացնել, փռթկոցը գլխաշորի մի տուտի մեջ հանգույց արեց ու սպառնալից շուռ եկավ Անաստասի կողմը:- Լսի՛ր, ընկեր Անաստաս, էդ ո՞նց ես նստել։ Սա կոլտնտեսության գրասենյակ է, քո պապունց տունը չի։
- Աղո՛ւն,- սաստեց նախագահը։
- Ի՜նչ Աղուն, ընկեր Մացակ։ Դու սրա հաշվով ինձ զուր ես կանչել։
- Դա՜,- ձիգ տվեց Անաստասը, այսինքն, ընկեր նախագահ, հիմա հա-մոզվեցի՞ր, որ ես իրավացի եմ։
- Աղուն, դու երեկ մարդուն ինչո՞ւ ես վիրավորել։
- Եվ ի՞նչ իրավունքով,- աթոռը ճռճռացրեց Անաստասը։

Աղունն ուղղեց գլխաշորը, անմեղ-անմեղ ժպտաց.
- Իսկ դու, ընկեր Անաստաս, էդ ի՞նչ իրավունքով էիր ուզում գիշերվա կեսին մտնել Վարդերի տունը։ Վարդերը քո հորաքո՞ւյրն է, թե՞ մորաքույրը։ Սպասի՛ր, գուցե քո քեռակի՞նն է։ Ախր, դու Սմբատի կտրած եղունգը չարժես։
- Շանտա՛ժ է,- Անաստասը ցատկեց տեղից։- Ես պատիվ եմ պահանջում։
- Դե որ շանտաժ է, բլուզդ վեր քաշիր, թող ընկեր Մացակը մեջքիդ զոլերը տեսնի։ էդ Վարդերի ձեռքն ես ընկել, բա որ իմ ձեռքն ընկնեի՜ր... Եվ դեռ չի ամաչում, պատվից է խոսում։
- Ահա թե ի՜նչ,- տնքաց նախագահ Մացակը։
- Այսինքն՝ ի՞նչ,- Անաստասը գրպանից հանեց ծխատուփը։
- Այն, ինչ ասաց Աղունիկը։ Եվ դու դեռ չե՞ս ամաչում։
- Ես բողոքում եմ։

- Հեռացի՛ր այստեղից,- նախագահ Մացակը բացեց գրասենյակի դուռը։¬ Ասում եմ՝ հեռացիր, հակառակ դեպքում՝ պատուհանից կշպրտեմ...
- Դուք ձեր խոսքերի համար պատասխանատու եք, ընկեր Հովսեփյան։
- Պատասխանատու եմ, և ամենից առաջ պատասխանատու եմ այն կանանց համար, որոնց ամուսինները արյուն են թափում հայրենիքի համար։
Անաստասը մի սպառնալից հայացք նետեց նախագահ Մացակի վրա, արագ հեռացավ։ Գրասենյակի բակում նրան սպասում էր գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը։ Դա չվրիպեց նախագահ Մացակի աչքից, և հասկացավ, որ այլևս անհնար է խուսափել հետագա անախորժություններից։

- Այդպե՜ս,- տրորեց քունքը։- Աղուն, Գասպարից նամա՞կ ես ստանում ։
- Ստանում եմ։
- Ի՞նչ է գրում։
- Մեր սարերին կարոտել եմ, մեր ձորերին կարոտել եմ, մեր քարերին կարոտել եմ...
- Կկարոտի, բա ի՞նչ պիտի անի,- ծխախոտ փաթաթեց, բայց չվառեց.-Աղուն, ուզում ենք քեզ բրիգադիր նշանակել։
- Ինձնից ի՞նչ բրիգադիր, ընկե՛ր Մացակ։
- Մարդիկ բրիգադիր չեն ծնվում, աշխատում, սովորում են։
- Բա՞ Արսենը։
- Արսենին ֆերմա ենք ուղարկում, գործերն այնտեղ այնքան էլ լավ չեն։ Ախր, դու կնիկ չես, տղամարդ ես։- Մացակը ծիծաղեց, բայց աչքերը տխուր էին,- ա՜խ, կնանի՜ք, կնանիք, մենակ չգիտեմ, թե ձեր տղամարդկանց ի՞նչ պատասխան եմ տալու։

4.

Սիմոն Ամիրյանը նման է այն լճին, որ երեսանց պարզ է, սակայն սրատես աչքը այդ պարզության հատակում տիղմ է տեսնում։ Տիղմը կուտակվել է տարիների ընթացքում, տարիների հետ կարծրացել ու քարացել։ Հաճախ էր գժտվում ավագ եղբոր՝ Սահակի հետ։ Սահակը բոլորովին ուրիշ մարդ էր՝ ազնիվ ու անկաշառ, ընկերների շրջանում միշտ սիրված ու հարգված։ Երբ Սահակը ամուսնացավ Աննայի հետ, հարսանքի օրը Սիմոնը սկանդալ սարքեց, իբր ավագ եղբայրը խլել է իր սիրած աղջկան։ Եղբայրների մեջ գոյացավ խոր անդունդ։
Սիմոնը թողեց գյուղը և սարաշենցի իր նախկին դասընկեր Անաստաս Սահրադյանի հետ բռնեց Բաքվի ճանապարհը։ Գյուղում տարբեր լուրեր էին տարածվել։ Մեկը պնդում էր, որ Սիմոն Ամիրյանը Բաքվում զբաղվում է ալյուրի սպեկուլյացիայով, մեկ ուրիշը, հաստատելով այդ փաստը, ավելացնում էր, որ նա ամուսնացել է տարեց մի կնոջ հետ և ապրում է նրա փողերով։ Անաստաս Սահրադյանը, որ ինչ որ գործերով գյուղ էր եկել, բոլորովին ուրիշ բան ասաց, իբր ինքը և Սիմոն Ամիրյանը լծվել են հեղափոխության մեծ գործին։

1920 թվականի նոյեմբերին Սիմոն Ամիրյանը Բաքվից վերադարձավ գյուղ, կամավոր մտավ «Կարմիր բոլշևիկ» ջոկատի մեջ։ Ջոկատի հրամանատարը հեղկոմի նախագահ Մացակ Հովսեփյանն էր, որը բանդիտներին հետապնդելիս ոտքից ծանր վիրավորվեց ու այդպես էլ չկարողացավ իմանալ, թե Սիմոն Ամիրյանը հետագայում իրեն ինչպես դրսևորեց։
Սիմոն Ամիրյանին մնում էր իր կենսագրությունը հարստացնել հերոսական ևս մի դրվագով. «Կարմիր բոլշևիկ» ջոկատում կռվել եմ խմբապետ Աղաջանի ավազակախմբի դեմ։ Այդ ջոկատում է եղել նաև իմ ավագ եղբայր Սահակ Ամիրյանը, որը Գյադուկի ձորում հերոսաբար զոհվել է»:

Դեպքից վեց ամիս անց Սիմոն Ամիրյանն ամուսնացավ «Գյադուկի ձորում հերոսաբար զոհված» իր եղբոր կնոջ՝ Աննայի հետ։ Այդ լուրը ցնցեց քարաշենցիներին և ամենից շատ՝ Գասպարին։ Աննան ինչպե՞ս համաձայնվեց իր կյանքը կապել մի մարդու հետ, որին ամբողջ հոգով ատում է։ Ի՞նչը ստիպեց նրան դիմել այդ քայլին։ Գասպարը հաշիվ պահանջեց քրոջից։ Աննան ասաց միայն այսքանը. «Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել, ես ամաչում եմ»։
Այո, Աննան ամաչում էր և չէր կարող պատմել, թե ինչպես կես գիշերին Սիմոն Ամիրյանը եկավ հարբած ու այս անգամ... էլ դուրս չեկավ։ Որդին՝ Արամը, որ այն ժամանակ հինգ տարեկան էր, ատելությամբ նայեց խորթ հորն ու ճչաց. «Գնա՛ այստեղից, ես քեզ չեմ սիրում»։

...Լամպը մարելու վրա է, ծուխ է անում։ Երևի նավթը վերջացել է։ Նախագահ Մացակը գրպանից հանեց ժամացույցը։ Գիշերվա ժամը երկուսն է, իսկ ինքը պիտի արթնանա առավոտյան հինգին։ Քնելու համար մնում է երեք ժամ։
Նա փակեց գրասենյակի դուռը, իջավ աստիճաններով։ Գիշերվա լռության մեջ լսվում է գետի վշշոցը։ Շուտով կերևա լուսաստղը։ Ի՞նչ օր է սպասվում վաղը։

5.

Առավոտյան զանգեց շրջկոմի քարտուղարը:
- Հովսեփյան, ձեզ մոտ այդ ինչե՞ր են կատարվում։
- Նշանակում է՝ ամեն ինչ գիտեք, Վահան Արամիչ,- պատասխանեց Մացակը։- Ուրեմն, ես ուշացել եմ։
 - Այդ ինչի՞ց ես ուշացել՝ հարսանքի՞ց, թե՞ քելեխից։
- Հավանաբար՝ երկուսից։
- Հարսանիքը կլինի, Պողոսյանը երևի ձեզ մոտ է։ Իսկ դու հին զինվոր ես, բավականին փորձ ունես։
- Մի ոտքով ի՜նչ զինվոր։
- Հայտնի առակում կաղ զինվորը ռազմաճակատ է գնում ոչ թե փախչելու, այլ կռվելու ու հաղթելու համար։ Դու զուր տեղը չտաքանաս։
- Բայց կտաքացնեն։
- Անշուշտ։ Ամիրյանն այդ գործում վարպետ է։
- Բարթուղ Պողոսյանն էլ պակաս չէ։
- Մի խոսքով՝ հետաքրքիր կանայք ունեք։ Առայժմ։

Գործկոմի «արտահերթ» նիստը սկսվեց երեկոյան ժամը 10-ին։ Մացակ Հովսեփյանն այդ մասին իմացավ կես ժամ առաջ։ Երբ նա ներս մտավ, գործկոմի անդամներն արդեն հավաքվել էին։ Շրջգործկոմի նախագահ Բարթուղ Պողոսյանը ձեռքով բարևեց կոլտնտեսության նախագահին, հարցրեց բերքահավաքի ընթացքի մասին, և այնպես էր պահում իրեն, կարծես այդ նիստի գլխավոր նախաձեռնողը ինքը չէ։ Եվ երբ Սիմոն Ամիրյանը բացեց նիստն ու հայտարարեց. «Օրակարգում դրված է կարևոր մի հարց. «Աշխատանքային կարգապահությունը Քարաշենի «Առավոտ» կոլտնտեսությունում և նրա վարչության նախագահ Մացակ Հովսեփյանի վարքագիծը», նա՝ Պողոսյանը, զարմացած նայեց Մացակին ու ծռեց հոնքը։

Զեկուցողը Սիմոն Ամիրյանն էր։ Սկզբում խոսեց այն ծանր վտանգի մասին, որ կախվել է հայրենիքի վրա, ասաց, որ Կարմիր բանակը հերոսաբար մարտնչում է մինչև ատամները զինված թշնամու դեմ, այնուհետև անցավ «բուն թեմային»։ Դժվար է ասել, այդ պահին ոգևորված Ամիրյանը նկատե՞ց, թե ինչպես դուռը կամաց բացվեց և շրջկոմի առաջին քարտուղարը նստեց վերջին շարքում, ֆերմայի վարիչ Արսեն Հայրապետյանի կողքին։ Բարթուղ Պողոսյանը տեսավ նրան, գլխով պատասխանեց նրա բարևին ու մտքում քրթմնջաց. «Ուրեմն ինձ չի վստահում, եկել է ստուգելու»։
- Խոսենք կոնկրետ փաստերով,- Ամիրյանը մաքրեց կոկորդն ու շարունակեց,- Քարաշենի «Առավոտ» կոլտնտեսության վարչության նախագահ Մացակ Հովսեփյանն այս ծանր օրերին այնքան է կորցրել կոմունիստի իր զգոնությունը, որ բրիգադավար է նշանակել կասկածելի վարքի տեր մի կնոջ, որը կարող է բերքահավաքի ժամանակ զբաղվել հարբեցողությամբ և ձեռք բարձրացնել ազնիվ կոմունիստ Անաստաս Սահրադյանի վրա...

Ո՛չ Սիմոն Ամիրյանը և ո՛չ էլ շրջգործկոմի նախագահ Պողոսյանն այդ պահին չէին կարող իմանալ, որ շրջկոմի քարտուղարն արդեն եղել է հնձվորների մոտ, զրուցել նրանց հետ, լսել Աղունիկ Ասրյանին ու մյուսներին, հանդիպել Վարդերին և ամեն ինչ մանրամասնորեն իմացել։
- Հարց է ծագում, այդ ովքե՞ր են պաշտպանում Մացակ Հովսեփյանին,-ձայնը բարձրացրեց Ամիրյանը,- ովքե՞ր են նրա կողմնակիցները...
- Ես...
Այդ մի հատիկ բառը պայթեց ռումբի ուժգնությամբ։ Սիմոն Ամիրյանը տեսավ շրջկոմի քարտուղարին, ձայնը կարկամեց։

- Այո, ես,- քարտուղարը կանգնեց։- Չե՞ք հավատում, ընկեր Ամիրյան։ Լավ չէ, պիտի հավատալ։ Իսկ ձեզ ո՞վ է իրավունք տվել պարսավել մի կնոջ, որ տղամարդու պես հունձ է անում դաշտում և պաշտպանում իր նմանների պատիվը։
 - Սակայն փաստերը խոսում են այն մասին,- Ամիրյանը որոնեց ու չգտավ հարմար բառ, նայեց Բարթուղ Պողոսյանին՝ օգնություն հայցող հայացքով և չստանալով այդ օգնությունը, մնաց իր հույսին.- Վահան Արամիչ, նա մասսայի ներկայությամբ ապտակել է ազնիվ մարդու։
- Ո՞վ է այդ ազնիվը։
- Անաստաս Սահրադյանը։
- Իսկ ձեր կարծիքով ճակատը պիտի համբուրե՞ր։ Նա ապտակել է այլասերված, անբարոյական տականքին։ Ա՛յ թե աշխատում եք, հա՜... Ռազմաճակատում նմաններին հանձնում են ռազմական տրիբունալին, իսկ դուք պաշտպանում եք։

Սիմոն Ամիրյանը տուն գնաց ջարդված ու փշրված։ Նա ոտքով հրեց դուռը, ներս մտավ։ Աննան արթուն էր, ցույց տվեց, որ չնկատեց ամուսնուն։
- Քունդ չի՞ տանում,- մռլտաց Ամիրյանը։
- Ինչո՞ւ ես հարցնում,- Աննան չնայեց նրան։
- Իրավունք չունե՞մ։
- Դու քո իրավունքով շատ ես պարծենում։ Կերար, չէ՞...
- Ականջիդ լո՞ւր է հասել։
- Աղունը պատմել է։
- Ի՞նչ է պատմել։
- Շրջկոմի քարտուղարը եղել է իրենց մոտ՝ դաշտում։ Թող այդ Սահրադյանն այս տանն այլևս չերևա։

- Դա քո գործը չի։
- Իմ գործն է։ Տեսա՞ր, նորից քո հաշիվների մեջ սխալվեցիր: Գյուղում բոլորն էլ հարգում են Մացակին։
- Ուզում ես ասել, որ ինձ ատո՞ւմ են։
- Արդեն գիտես։ Երեկ գիշեր որտե՞ղ էիր։
- Քեզ չէ, որ պիտի հաշիվ տամ։
- Քո կատարած արարքների համար ամբողջ գյուղին պիտի հաշիվ տաս։ Ամաչի՜ր, Սիմոն, ամաչիր... Իսկ ինձ ի՞նչ է մնում՝ սպասել Արամին։
Ամիրյանը, լսելով խորթ որդու անունը, ոտքը խփեց հատակին ու գոռաց.
- Սպասում ես, հա՞... Դեռ շա՜տ պիտի սպասես, շա՜տ... Պատերազմը նոր է սկսվել, հլա ծայրը որտե՞ղ է, հա՜...
- Եվ դու հավատացա՞ծ ես, որ կլինի այնպես, ինչպես դու ես ուզում։ Կարծում ես՝ ամբողջ կյանքում այդպես կմնաս՝ թաքնվա՞ծ… Սպասի՛ր, կեղտոտ գործերդ ջրի երես դուրս կգան։
- Լռի՛ր...
- Բայց ուրիշները չեն լռի։

6.

Ձմեռը շուտ եկավ։ Շաղասարից սառը քամի փչեց։ Դովթալաբ սարի կատարին երևաց առաջին ձյունը, քամին ավլեց փողոցներն ու բակերը, դղրդացրեց տանիքների թիթեղները, կալերում պտույտ բռնեց ու ցրիվ տվեց ամառվանից մնացած հարդը։ Ագռավները, որ չգիտես մինչ այդ որտեղ էին կորել, խմբերով հավաքվեցին գոմերի մոտ։
- Ձմեռը եկա՜վ,- Մուշեղ ապան մի անգամ էլ նայեց Դովթալաբ սարի ճերմակած կատարին,- հրե՜ն, մեր ձմեռը միշտ էնտեղից է գալիս։ Լսո՞ւմ ես, Աղուն, ա՛յ հարս։
Աղունը բակում կթում էր կովը, գլուխը բարձրացրեց ու ասաց.
- Հա, լսում եմ, ապեր։
- Բա էսօր ժողով չունե՞ք։
- Ի՞նչ ժողով։
- Ես ի՞նչ իմանամ, ժողով, էլի... Վարչության ժողով, կուսակցական ժողով, կոմսոմոլի ժողով... Ո՞ր մեկն ասեմ։

- Կուսակցական ժողովը երեկ էր։
- Դռնփա՞կ։
- Սովորական:
- Դու հիմա լրիվ կուսակցակա՞ն ես։ .
- Թեկնածու եմ։
- Համա Գասպարը կուրախանա՜, շատ կուրախանա։ Բայց դե մենակ մի բան լավ չեմ հասկանում. լավ, որ կռիվը վերջանա, տղամարդիկ ֆրոնտից գան, դու նրանց վրա ո՞նց պիտի բրիգադիրություն անես։ Կին ես, հիմա կանանց հետ կարողանում ես լեզու թաթախել, տղամարդկանց վրա հո չե՞ս կարող մատ թափ տալ, կարգադրություններ անել։
- Որ կռիվը վերջանա, մնացածը հեշտ է։
- Չէ, դու իմ հարցին պատասխանիր։
- Գործերը կհանձնեմ մի տղամարդու ու կլինեմ շարքային։

Աղունին մի տեսակ հրճվանք են պատճառում կեսրայրի միամիտ հարցերը։ Նա կարող է ամբողջ օրը, առանց ձանձրանալու զրուցել նրա հետ։ Պատահում է նաև, որ ծերունին շատ լուրջ, գիտական բնույթի հարցեր է տալիս։ Աղունն իր իմացածի սահմաններում պատասխանում է նրա հարցերին, դժվարանալու դեպքում խոստովանում. «Ապեր, ես այդ մեկը չգիտեմ, մի տեղից կիմանամ ու կասեմ»։
Երբ մի քանի տարի առաջ մեռավ Աղունի կեսուրը, Մուշեղ ապան իրեն պահում էր որբացած երեխայի պես. նստում էր բակի թթենու տակ, ինքն իրեն մտմտում ու ոչ ոքի հետ չէր խոսում։ Ծերունին մի տեսակ ցրվել էր, Աղունին շփոթում էր հարևան Վարսենիկի հետ, կեսգիշերին արթնանում, հագնում էր շորերը, թե՝ հնձից ուշանում եմ։ Աղունը սկսեց ուշադիր հետևել նրան, ճիշտ այնպես, ինչպես մայրն՝ իր փոքրիկ տղային։ Այստեղից էլ սկսվեց հարսի ու կեսրայրի մտերմությունը։ Ծերունին տան գործերում օգնում էր հարսին և դեռ մեկ-մեկ էլ բարկանում Գասպարի վրա. «Ա՛յ Գասպար,- ասում էր,- ախր, կին է, կինարմատ է, պետք է օգնել։ Լավ, ի՞նչ անենք, թե օրական վեց փանջաք հունձ ես անում, մարդավարությունը մենակ հունձ անելու մե՞ջ է»։

Բայց Մուշեղ ապան շատ խոր վիշտ ունի. արդեն քսան տարի է չի խոսում աղջկա՝ Աննայի հետ։ Այն օրը, երբ նրան հայտնեցին, որ Աննան ամուսնացել է Սիմոն Ամիրյանի հետ, կանգնեց գեղամիջում ու ասաց. «Ժողովո՜ւրդ, ա՛յ ժողովուրդ, լսեցեք՝ ես էսօրվանից ո՛չ Աննա աղջիկ ունեմ, ո՛չ էլ Սիմոն անունով փեսա»։
Աղունը հիշեց, որ քիչ հետո Աննան պիտի գա։ Ասենք, դա առաջին դեպքը չի, գալ-գնալ կա, բայց Մուշեղ ապան իրեն պահում է անտարբեր, չի խառնվում նրանց զրույցին։ Աննան չի վիրավորվում, նա առաջվա պես սիրում ու պաշտում է հորը ու արդարացնում նրա արարքը: «Գիտեմ,- ասում է,- նա ինձ չի սիրում և շատ էլ լավ է անում, ես արժանի եմ դրան»։

Աղունը կթիչը դրեց պատշգամբին, նստեց կեսրայրի կողքին ու սկսեց քիչ հեռվից.
- Ապեր, գիտես, չէ՞, թոռդ՝ Արամը, տանկիստների վրա հրամանատար է, կապիտան։
- Հա՞,- ծերունին աշխուժացավ,- բա ո՞նց, Արամը համալսարան է ավարտել, էդպես էլ պիտի լինի։
- Աննան նոր է նամակ ստացել։
Մուշեղ ապան լսեց աղջկա անունը, խռոված երեխայի պես դեմքը շրջեց։
- Հազար անգամ ասել եմ՝ դրա անունը չտաս։ Ինչի՞ էդ նամակը մեզ չի գրել, Աննային է գրել։
- Մայր է, չէ՞:
- Չէ, մայր չի, Սիմոն Ամիրյանի կնիկն է։
- Ի՞նչ անենք՝ Սիմոն Ամիրյանի կնիկն է։ Քո աղջիկն է, թոռանդ մայրն է։
- Իմ աղջիկը ո՞նց կարող է ապրել Սիմոն Ամիրյանի կողքին, նույն բաժակով ջուր խմել, շնչել նույն օդը։ Աղո՜ւն, ա՛յ հարս, հրե՜ն, տեսնո՞ւմ ես, Մաննուտի էն յալի չոր տափերը՝ դրանք Սիմոն Ամիրյանի ոտնատեղերն են։ Էդ անաստվածը որտեղ ոտք է դրել՝ խոտ չի բուսնում։ Ինչ աղբյուրից ջուր է խմել՝ էդ աղբյուրը կամ ցամաքել է, կամ հարամվել։

Աննան եկավ, և Աղունը թեյ լցրեց Աննայի համար, նստեց դիմացը։ Դրսում սաստկացել է քամին, ինչ-որ տեղ մի խարխլված ջրհորդան չանգռտում է պատը, հարևան բակում շուն է ոռնում։
- Միայն պատերազմը շուտ վերջանա,- խոսեց Աննան։- Ես ուրիշ ելք չունեմ, որդուս՝ Արամին եմ սպասում։
Եվ հանկարծ ծերունին շուռ եկավ ու հարցրեց.
- Իսկ դու Արամին ինչո՞ւ ես սպասում։
Նրա խոսքի տոնի մեջ այնքան բարկություն չկար, որքան կարեկցանք։ Աննան զարմացած նայեց հորը, ապա Աղունին ու հեկեկաց։ Հայրը դանդաղ բարձրացավ տեղից, մոտեցավ, բռնեց նրա ձեռքն ու դողդոջուն ձայնով ասաց.
- Աննա՜, աղջի՜կս...
Միայն այսքանը։ Նա գիշերը մնաց հայրական տանը, իսկ առավոտյան մտավ գրասենյակ, ասաց ամուսնուն.
- Մեր մեջ ամեն ինչ վերջացած է։

7.

Խոտի մախմուր լասերը շարվում են իրար ետևից ու արևի տակ չրթչրթում։ Ի՜նչ խոտ, ծաղիկներ են, կարմիր, կապույտ, երկնագույն, դեղին ծաղիկներ։ Կովի կաթից էլ է ծաղիկների հոտ գալիս, հացից էլ, ջրից էլ, մարդկանցից էլ։ Քարաշենցի արբունքահաս պատանին այդ ծաղիկներից մի փունջ է պատրաստում, սիրած աղջկա տան կողքովն անցնելիս բաց պատուհանից նետում ներս ու ծոր տալիս իր սիրակարոտ երգը.
Ռեհան ասե՞մ, թե
Թարխուն ասե՞մ, թե
Ի՞նչ, ի՞նչ ասեմ մանուշակ յարիս։
Բայց քարաշենցիների ամենամեծ հպարտությունը նրանց բանջարանոցներն են։ Ո՞վ կարող է չհիանալ անուշաբույր ռեհանով ու թարխունով, սամիթով ու մաղադանոսով, արևի տակ կրակի պես պլպլացող պոմիդորով ու տաքդեղով, գինձով ու գինձմինձուկով, դդումով ու բադրիջանով... Հապա բանջարեղենների ածուները, առուների կողքին նորահարսների պես զուգված դեղձենիներն ու ծիրանինե՜րը...

Ո՞վ է եղել գյուղի առաջին բանջարաբույծը, կամ ինչպես իրենք՝ քարաշենցիներն են ասում՝ բոստանչին։ Այդ մասին նրանք չունեն պատմական շատ թե քիչ հավաստի տեղեկություններ և բավարարվում են ենթադրություններով:
Այդ ենթադրությունները վկայում են, որ բանջարաբուծությունը Քարաշենում դարերի պատմություն ունի։
Մակունց Սանթուրը 132 տարեկան էր, երբ մահացավ նրա 93-ամյա որդին՝ բոստանչի Հեթանոսը։ Հուղարկավորները հերթով սեղմեցին ծերունու չոր ու անարյուն ձեռքը, սփոփանքի խոսքեր ասացին, իսկ նա՝ «Ա խալխ, որքան միտս ա, մեր Հեթանոսն ինձանից մի քսան տարով մեծ ա»։
Քարաշենցիները չծիծաղեցին նախ նրա համար, որ ծերունին վերջին ժամանակները կորցրել է հիշողությունը և, հետո էլ, սգո սեղանի շուրջ ծիծաղելն ու կատակելը սրբապղծություն կլինի։ Միայն Դավթենց Մեծ այան չանչ արեց ու քթի տակ քրթմնջաց. «Մոխրեմ շաշ գլուխդ, ո՞վ է տեսել, որ որդին հորից մեծ լինի»։

Սանթուրը Հեթանոսի մահից հետո ապրեց հինգ թե վեց տարի, էլի չձանձրացավ կյանքից։ Նստում էր գյուղի ճանապարհին խշշացող թեղու տակ, աշխարհի խերն ու շառը խառնում թազբեհի հատիկներին ու մտածում։ Աշխարհը նրա համար հայրենի գյուղն էր, նրա ծուռումուռ փողոցները, Դովթալաբ սարը, Շաղասարն ու Սինգարա սարի կաղնին։
Մի երեկո Սանթուր ապան գլուխը դրեց բարձին ու հիշեց Հեթանոսին.
- Տեսնես մեր Հեթանոսն էնտեղ ի՞նչ է անում։ Սիրտս ուզում ա, կգնամ կտեսնեմ ու էլի կգամ։
Բայց նա իր խոստումը կատարեց ոչ լրիվ. գնաց տեսավ ու այլևս չվերադարձավ...

Պետունց Անդրին, որ գյուղի բոլոր ուրախությունների ու տխրությունների սեղանների անփոփոխ թամադան է, բարձրացրեց գինու բաժակը, հիշեց գյուղի գերեզմանատանը հանգչող հին ու նոր հանգուցյալներին ու շարունակեց. «Օղորմի հոգուն մեր անցավորների, հազար օղորմի, նոցա կենացը։ Այդ թվում մեր պակասավորների շարքում Սանթուր ապու կենդանի հոգու կենացը»։
Եվ քարաշենցիք հպարտանում են, որ ունեն Պետունց Անդրու նման խելոք թամադա, նա կարողանում է խմել «նոցա կենացը» և որքան էլ խմում, իրեն երբեք չի կորցնում։
- Աշխարհում մեր Անդրու նման թամադա ոչ եղել է, ոչ էլ կլինի,- ասում է Մուշեղ ապան.- Մի տեսեք ի՜նչ իմաստուն խոսքեր է ասում, է՜, նոցա կենացը։ Բա մի չիմանա՞մ, թե էդ «նոցան» ինչ բան է։

Պատերազմը եկավ ու խառնեց ամեն ինչ։
Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը գյուղում հայտարարել է լուսաքողարկում ու ստեղծել հատուկ հանձնաժողով, որի նպատակն է հետևել և կարգը խախտողներին տուգանել։
Ուրիշ ելք չկար, Պետունց Անդրին շրջկոոպի խանութից գնեց աշխարհագրական քարտեզների մի մեծ փաթեթ, սոսնձով միացրեց իրար։ Գրենլանդիան կպավ Ճապոնիային, Հունաստանն առանց տուրուդմփոցի իր տարածքի մի մասը հանձնեց Նորվեգիային, իսկ Գերմանիան Եվրոպայից անհետացավ ու հայտնվեց Հնդկաստանի մոտ։ Մի խոսքով՝ Անդրին աշխարհն իր ուզածի պես վերադասավորեց, և Վաղիկը սկսեց աշխարհագրությունից «երկուներ» ստանալ։ Դե ընկեր Ազնիվն ինչպե՞ս չքաշի իր աշակերտի ականջն ու «երկու» չնշանակի, երբ նա Կոլայի թերակղզին Ալժիրում է որոնում, և ուզում է ապացուցել, որ Վոլգան թափվում է Ատլանտյան օվկիանոսը։
Բայց կարևորն այդ չէ, կարևորն այն է, որ Պետունց Անդրին իր նոր ձևավորած պետություններով, ծովերով ու օվկիանոսներով կարողացավ փակել իրենց պատուհանները, «լուսաքողարկման գծով» արժանացավ Սիմոն Ամիրյանի խրախուսանքին։

8.

Կոլտնտեսության վարչության և գյուղսովետի գրասենյակներն առաջներում տեղավորված էին մի ընդհանուր վարչական շենքում, որի առաջին հարկը և՛ ակումբ էր, և՛ գրադարան։ 1937 թվականին Սիմոն Ամիրյանը պահանջեց գյուղսովետի համար կառուցել առանձին շենք։ Այն կառուցվեց կոլտնտեսության գրասենյակից բավականին հեռու՝ բլրի գագաթին։ Դրանով Ամիրյանն ուզում էր հաստատել իր ինքնիշխանությունը, և այդ բանն ընդգծելու համար հաճախակի զանգում էր կոլտնտեսության նախագահին ու ասում. «Մեզ մոտ կարևոր խորհրդակցություն կա, քո ներկայությունը պարտադիր է»։ Մի անգամ նախագահ Մացակը չդիմացավ, ասաց. «Սիմոն Ամիրյան, հավանաբար քեզ դուր է գալիս, որ փայտե ոտքս այս սարն ի վեր քարշ եմ տալիս»։
Երկուշաբթի օրը Ամիրյանը գրասենյակից ճանապարհվեց շրջկենտրոն և առավոտյան զանգեց քարտուղարուհուն. «Զարուհի, կարևոր ու անհետաձգելի գործեր կան, ես մի քանի օր էլ կուշանամ»։

Նա գյուղ վերադարձավ հինգշաբթի օրը, ուշ երեկոյան, և առաջին հարցը, որ ուղղված էր քարտուղարուհի Զարուհուն, այս էր. «Գյուղում ի՞նչ նորություններ կան»։
- Առանձին նորություններ չկան։ Սիրանն էր քեզ հարցնում։
- Ո՞ր Սիրանը,- չհասկանալուն դրեց Ամիրյանը։
- Տրակտորիստ Տիգրանի Սիրանը։
- Ի՞նչ է ուզում։
- Երևի ամուսնու հարցով էր։
- Ամուսնու հարցո՞վ,- Ամիրյանն օրորեց գլուխը,- էդ Տիգրանն էլ մի բարի պտուղ չի։ Կամավոր գերի է հանձնվել։
- Դա հաստա՞տ է, ընկեր Ամիրյան։
- Որ ասում եմ, ուրեմն, հաստատ է։ Ես եղել եմ այնտեղ,- նա մատը տնկեց վերև,- հատուկ հրահանգը կարդացել ու ստորագրել եմ։ Ներկա էտապում գերությունը դավաճանություն է։

Զարուհին Ամիրյանին հավատում և միևնույն ժամանակ նրանից վախենում է։ Այդ մարդու մեջ ինչ-որ դիվային ուժ կա. իր կանխագուշակումների մեջ միշտ ճիշտ է դուրս գալիս և նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չի դնում։
- Զարուհի, դու կարող ես գնալ տուն,- Ամիրյանը նայեց հեռախոսին, այսինքն՝ կարևոր ու գաղտնի խոսակցություն ունեմ ինչ-որ պատասխանատու անձի հետ։- Ես այսօր խիստ զբաղված եմ։
Զարուհին գնաց։ Դրսում մոլեգնում է քամին, ձյունի փաթիլները դիպչում են պատուհանի ապակիներին, թափվում ներքև։
Ամիրյանը սեյֆից մի շիշ կոնյակ հանեց, դրեց վերարկուի ծոցագրպանում, հանգցրեց լամպը և, պատերը շոշափելով, գտավ դուռը, դուրս եկավ կատվի փափուկ ու գգույշ քայլերով։ Սիրանն իրեն էր հարցնում։ Չլինի՞ հանկարծ բերանից խոսք է թռցրել։ Կին է, ո՞վ գիտե, մեկ էլ ծանոթի ու բարեկամի մոտ սիրտը բացեց։

Ձյունը թեթև նստել էր գետնին։ Գյուղում լույսի ոչ մի շող՝ լուսաքողարկում է։ Ամիրյանն ընդհանրապես գոհ է այդ լուսաքողարկումից, այդպես ավելի լավ է։ Քայլում ես փողոցով, և քեզ ոչ ոք չի նկատում։ Ահա այսպես մոտենում և զգուշորեն ծեծում ես Սիրանի դուռը։ Սիրանը գիտե, թե ով է իր հյուրը, բայց ձևի համար հարցնում է.
- Ո՞վ է։
- Սիրան, ես եմ։
Սիրանը բացեց դուռը։
- Ի՞նչ ես ուզում։
- Դու ինձ հարցրե՞լ ես։
- Հետո ինչ՝ հարցրել եմ։ Ով որ հարցնում է, ետևիցը վազո՞ւմ ես։
- Նայած հարցնողն ով է։
- Ով էլ որ լինի։
- Դու պիտի հրաժարվես Տիգրանից։
- Եվ քեզ հետ լրբություն անե՞մ։
- Սիրան, արի չվիճենք։
- Ես քեզանից վախենում եմ։
- Դու ինձանից չպիտի վախենաս... Ես քեզ սիրում եմ։
Նա գրկեց Սիրանին։
Սիրանր չդիմադրեց։
Այդպես ճնճղուկն է վախից նետվում օձի բաց երախը։

9.

Այն ժամանակ Բարթուղ Պողոսյանը Սիմոն Ամիրյանին չասաց, որ ինքը մարզգործկոմի նախագահի հետ մեծ հույսեր է կապում։ Չասաց նաև, որ կուսակցական երկամյա դպրոցում սովորել են միասին, քնել հանրակացարանի մի սենյակում։ Չլիներ նրա միջամտությունը, Անաստաս Սահրադյանը «մի թեթև» նկատողությամբ չէր փրկվի։ Դեռ ավելին, իրեն առաջ է քաշել, շրջգործկոմի նախագահ նշանակել Հովսեփ Մարկոսովիչը, և այդ նամակը գրելուց առաջ խորհրդակցել է նրա հետ։
Բարթուղ Պողոսյանը ենթադրում է, որ մարզգործկոմի նախագահը եղել է քարտուղարի մոտ, հավանական է՝ ծանոթ է նամակին և Վահան Գասպարյանին սեղմելու համար որոշակի նախադրյալներ է ստեղծել։ Այդ հույսերը դարձան ավելի շոշափելի, երբ երկուշաբթի օրը անձամբ ինքը՝ Հովսեփ Մարկոսովիչը, զանգեց ու ասաց. «Վաղը, ուղիղ ժամը 11-ին լինեք մարզկոմի առաջին քարտուղարի մոտ»։

Վահան Գասպարյանը նույն օրը կարևոր գործով եկել էր գյուղ, և նա գրասենյակում, ի միջի այլոց, նախագահ Մացակին ասաց, որ առավոտյան միասին պիտի մեկնեն մարզկենտրոն, քարտուղարը կանչել է։
Նախագահ Մացակը ժպտաց.
- Ես նույնիսկ կարող եմ ասել, թե ինչ հարցով է կանչել։
- Ի՞նչ է, դու մարգարե՞ ես։
- Երբ նայում եմ Սիմոն Ամիրյանի դեմքին, մարգարե եմ դառնում։
- Ուրեմն, քարաբաղնիսը միասին կընդունենք։ Հո դե՞մ չես։
- Ենթադրում եմ, որ Պողոսյանն ու Ամիրյանը ջուրն արդեն տաքացրել են, քարերը եռման դրել։
- Հիմա ինչո՞ւմ են մեզ մեղադրում։
- Մի բան կգտնեն։ Պողոսյանը վերջերս բավականին ակտիվացել է, չե՞ս նկատել։
- Իզուր, նա շրջկոմի քարտուղար չի դառնա։

- Նշանակում է՝ հաստատ է, ռազմաճակա՞տ ես մեկնում։
- Վախենում ես ինձ փոխարինո՞ղ չլինի։
- Դե, գիտե՞ս, մինչև նոր մարդուն ճանաչում ես... Զինվորական ի՞նչ կոչում ունես, եթե գաղտնիք չէ։
- Կապիտան։
- Ուրեմն՝ կվերադառնաս գնդապետի աստիճանով։
- Պատերազմ է, բարեկամս, կարող է այնպես պատահել, որ այլևս չվերադառնամ։ Հին զինվոր ես, այդ բանը պիտի լավ իմանաս,- Գասպարյանը հագավ վերարկուն:- Լսի՛ր, Մացակ, Ամիրյանը շատ չի՞ համը հանում։
- Վահան Արամիչ, մարդն այդպես է ծնվել։ Պատկերացնո՞ւմ ես, նրա արարքները դարձել են մի տեսակ սովորական երևույթ և, ինչպես ասում են, մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել։

- Կադրերի ընտրության հարցում թույլ ենք տվել որոշ սխալներ։ Կարծում ես՝ հե՞շտ է խուսափել նման սխալներից։ Խնդրեմ, մեր լավագույն աշխատողներից շատերը մեկնել են ռազմաճակատ։ Ովքե՞ր պիտի փոխարինեն նրանց՝ միջին կարողությունների տեր մարդիկ։ Հիմա երկրին շատ հաց է հարկավոր։ Զինվորին հաց է հարկավոր, հաց է հարկավոր բանվորին, գիտնականին ու զորապետին։ Հաղթանակի բախտը կախված է ամուր թիկունքից։ Թիկունքը դա հացն է։
- Այդպես է։
- Դե, պատրաստվենք վաղվա քարաբաղնիսին,- քարտուղարը ծիծաղեց։- Ամեն ինչ սրտիդ այդքան մոտ մի ընդունիր։ Մինչև վաղը...

Պողոսյանն ու Ամիրյանը մարզկենտրոն ճանապարհվեցին ավելի վաղ։ Շրջգործկոմի նախագահը որոշել է «թեթևակի հետախուզություն» կատարել, շոշափել Հովսեփ Մարկոսովիչի տրամադրությունը, հանդիպել իր մի քանի ծանոթներին ու բարեկամներին։ Բայց նախագահը տեղում չէր, քարտուղարուհին ասաց, որ մարզկոմում կարևոր խորհրդակցություն կա։ Նրանց ընդունեց տեղակալը, ուշադիր լսեց Պողոսյանի «համառոտ տեղեկությունները» Քարաշենի կոլտնտեսության նախագահի մասին և շտապեց ժամանակից շուտ հայտնել իր կարծիքը. «Նշանակում է՝ Մացակի գործերը բուրդ են։ Իսկ ինչ մնում է շրջկոմի քարտուղարին, ոչինչ չեմ կարող ասել, նա մեկնում է ռազմաճակատ»։
Փողոցում Պողոսյանը սեղմեց Ամիրյանի ձեռքը.
- Ուրեմն, ամեն ինչ լավ կլինի,- ասաց նա։
- Նայած ում համար։
- Հովսեփ Մարկոսովիչը մեզ հետ է։
- Կարևորը առաջին դեմքն է։
- Բայց՝ ոչ վճռական։

- Բարթուղ, դեռ գետը չհասած, փողքերդ վեր ես քաշում։ Ես հիմա քեզ պարզ կասեմ՝ այդ նամակը, որ գրել եմ քո թելադրանքով, զիբիլ է, հասկանո՞ւմ ես, զիբիլ։
- Իսկ ինչո՞ւ դու այն ժամանակ ինձ բան չասացիր։
- Ենթականերն իրավունք չունեն տեսնելու իրենց պետերի սխալը,- Սիմոն Ամիրյանը ժպտաց երկիմաստ։
Ընդունարանում միայն ջահել քարտուղարուհին էր. նա նայեց պատի ժամացույցին և հայացքով Պողոսյանին ցույց տվեց կաշեպատ դուռը.
- Հիմա կվերջացնեն։
Պողոսյանը ենթադրում էր, որ Գասպարյանը, տեսնելով իրենց, կզարմանա ու կստեղծվի մի տեսակ անախորժ վիճակ։ Տեղի ունեցավ հակառակը. նա մտնելուն պես շատ հանգիստ բարևեց, հանեց վերարկուն, կախեց ու ասաց.
- Ինչպես երևում է, ընկեր Պողոսյան, դուք շտապել եք, և մենք էլ, մեր հերթին, չենք ուշացել։

Ակնարկը թափանցիկ էր։ Պողոսյանը ցույց տվեց, որ դա հասկանում է ուղղակի իմաստով, պատասխանեց.
- Կարևորն այն է, որ բոլորս էլ ներկայանում ենք ճիշտ ժամանակին։ Կուսակցական կարգապահությունը մնում է կուսակցական կարգապահություն։
Երկար սեղանի շուրջը տեղ էին գրավել մարզկոմի բաժնի վարիչները, մարզգործկոմի նախագահը և մարզկոմի երկրորդ քարտուղարը։ Ռադիոն Մոսկվայից կարևոր ինֆորմացիա է հաղորդում. «Մոսկվան շրջապատելու և գրավելու գերմանական պլանները ձախողված են,- Լևիտանի ձայնը հնչում է խրոխտ ու հանդիսավոր։- Մեր Արևմտյան ռազմաճակատի զորքերը, հակառակորդին հյուծելով նախընթաց մարտերում, հակահարձակման անցան նրա թևային հարվածող խմբավորումների դեմ։ Սկսված հարձակման հետևանքով թշնամու երկու խմբավորումները ջախջախված են ու հապճեպորեն նահանջում են, նետելով տեխնիկան, զենքը և կրելով հսկայական կորուստներ... Դուք լսեցիք սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունը...»։

 Քարտուղարն անջատեց ռադիոն, ձեռքերը եռանդով շփեց.
- Մոսկվայի մատույցներում թշնամին ջախջախված է,- ասաց նա և դարձավ Գասպարյանին,- ի՜նչ է, Վահան Արամիչ, վախենում եք այդ ճակատամարտերից ձեզ բաժին չհասնի՞... Կհասնի, անհոգ եղեք։ Մինչև Բեռլին դեռ շատ ճանապարհ կա։ Լավ, եկեք ժամանակ չկորցնենք,- բացեց թղթապանակը:- Ընկերներ, Քարաշենի գյուղսովետի նախագահ կոմունիստ Սիմոն Ամիրյանը հատուկ նամակով դիմել է կուսակցության մարզկոմ և շատ լուրջ մեղադրանքներ է ներկայացնում ինչպես կոլտնտեսության վարչության նախագահ ընկեր Հովսեփյանին, այնպես էլ շրջկոմի առաջին քարտուղար ընկեր Գասպարյանին։ Ի՞նչ եք կարծում, չկարդա՞նք նամակը։
Տեղերից հավանություն տվեցին՝ կարդալ։

Քարտուղարը սկսեց կարդալ առանց շտապելու, շեշտելով առանձին բառեր ու արտահայտություններ։ «Քարաշենի «Առավոտ» կոլտնտեսության վարչության նախագահ Մացակ Հովսեփյանը կորցրել է կուսակցական զգոնությունը, զբաղվում է վարչարարությամբ, կտրված է մասսայից, փոխանակ հենվելու գյուղի ակտիվի վրա, նա խորհրդակցում է իր բարեկամների ու ծանոթների հետ, հալածում ազնիվ մարդկանց։ Այս օրերին, երբ ռազմաճակատում Կարմիր բանակն անօրինակ սխրագործություններ է կատարում, և ահավասիկ, մեր լոզունգն է՝ «Ամեն ինչ ռազմաճակատին, ամեն ինչ հաղթանակի համար», կոլտնտեսության նախագահը մտածում է միայն իր անձնական շահերի մասին»։
Քարտուղարը բարձրացրեց գլուխը, ժպտաց թեթևակի.
- Հետաքրքիր է, չէ, նախագահը հալածում է ազնիվ մարդկանց, իսկ թե ովքեր են այդ ազնիվ մարդիկ, աստված գիտե... Բայց շարունակենք. «Մացակ Հովսեփյանը հաճախակի պարծենում է իր հեղափոխական անցյալով, մինչդեռ գյուղում բոլորին հայտնի է, որ նա առանձին մի հրաշք չի գործել»,- քարտուղարը ծիծաղեց.- Լսում եք, չէ՞, «առանձին մի հրաշք չի գործել»։ Եվ ընկեր Ամիրյանը իր նամակում հրաշք է գործում, նա գրում է. «Մացակ Հովսեփյանին ոգևորում է շրջկոմի առաջին քարտուղար Վահան Գասպարյանը, մի մարդ, որ կարող է գաղտագողի մտնել գրասենյակ ու խանգարել գործկոմի նիստը։ Եվ ահա, վերջերս ընկեր Գասպարյանը զգալով, որ իր այդ մակարդակով չի կարող հեռուն գնալ, որոշել է ռազմաճակատ մեկնել, մոռանալով, որ ռազմաճակատում գաղափարապես կայուն հրամանատարներ են հարկավոր։ Անտարակույս, նա ոչ թե հայրենասիրությունից դրդված է դիմել այդ քայլին, այլ հուսահատությունից...»:

Քարտուղարը մտքում կարդաց մի քանի տող ու դարձավ Ամիրյանին.
- Ընկեր Ամիրյան, դուք կարո՞ղ եք բացատրել, թե ինչ են նշանակում՝ ահավասիկ ու աներկբա։
Պողոսյանն իրեն վատ զգաց։ Քարտուղարն ուրիշ մեխի է խփում։ Եթե բառերից է բռնել, ուրեմն առաջ կգնա, յուրաքանչյուր տող կդնի մանրադիտակի տակ, անալիզ կանի, վա՛յ թե վերջումն էլ դեռ քաղաքական աստառ տա։ Ի՜նչ է, Հովսեփ Մարկոսովիչը մինչև վերջ բերանը չպիտի՞ բացի։ Իսկ գո՞ւցե քաղաքավարության համար է լռում։ Հո չի կարող սկզբից հակաճառել քարտուղարին։
 - Ահավասիկ, այսինքն... ինչպես ասեմ,- Ամիրյանը դեսուդեն ընկավ ճիշտ այն աշակերտի պես, որ դասը լավ չի պատրաստել և ահա սպասում է ընկերներին՝ հուշեն։- Դե, այսինքն՝ գո՞ւցե այդ բառը ես տեղին չեմ օգտագործել։

Պողոսյանը հուսահատությունից կրծում է շուրթերը։ Անգրագետի մեկը, դու միայն ինձ մոտ ու ձեր գյուղում ես առյուծ, և քո այդ խորամանկությունը գավառացու խորամանկություն է։ Չէիր իմանում, կարող էիր այն ժամանակ հարցնել և իմանալ այդ բառերի նշանակությունը։ Իսկ ես, հիմարս, շտապեցի։ Իսկ դու, Մարկոսովիչ, ինչպես երևում է, վախկոտի մեկն ես, կարող ես արանքն ընկնել, չէ՞։ Հո խանչալիդ քարը չի ընկնի, որ ասես՝ ընկեր քարտուղար, ախր ինչո՞ւ եք բառերից բռնել, Սիմոն Ամիրյանը հո համալսարան չի ավարտել։
Քարտուղարը խեթող հայացքով նայեց Ամիրյանին։
- Ընդհակառակը, դուք բոլոր բառերն էլ զարմանալիորեն տեղին եք օգտագործել… Ահավասիկ, աներկրա, անտարակույս, ի հեճուկս և նույնիսկ՝ աքիլլեսյան գարշեպար։ Ընկեր Պողոսյան, ոչ թե՝ գարշեպար, այլ՝ գարշապար։

Պողոսյանը սկզբում գլխի չընկավ, որ քարտուղարն իրեն է դիմում, և այդ Պողոսյանն ինքն է, այստեղ ուրիշ Պողոսյան չկա։
- Այո, ես ձեզ հետ եմ, ընկեր Պողոսյան, հապա տեսեք ընկեր Ամիրյանն ի՞նչ է գրել. «Նախագահ Մացակը շրջկոմի քարտուղար Գասպարյանի աքիլլեսյան գարշեպարն է»։
Ներկաները ծիծաղեցին։
- Տեսնո՞ւմ եք, ընկերները ծիծաղում են։ Գիտե՞ք, թե ինչու են ծիծաղում. որովհետև սրանք ձեր բառերն ու արտահայտություններն են։ Ամիրյանը երբեք չէր գրի. «Իմ այն հարցին, թե ինչու կոլտնտեսության նախագահը չի մտածում իր ավգյան ախոռը մաքրելու մասին, Մացակ Հովսեփյանն իմ բարեկամական դիտողությունը փշերով ընդունեց և կուսակցական տոմսը դարձրեց վահան»։ Սրան ի՞նչ կասեք։

Պողոսյանը խճճվեց, ինչպես սարդը՝ իր իսկ գործած ցանցի մեջ։ Նրան մնում էր բացել թելի կծիկը, իջնել ու թաքնվել մի անկյունում, բայց թաքնվելու տեղ չկա, բոլոր անցքերն ու ճեղքերը փակված են։
- Ներեցեք, Գրիգոր Սողոմոնովիչ,- հանեց թաշկինակը, մաքրեց ճակատի քրտինքը:- Իսկ չի՞ կարող պատահել, որ տարբեր մարդիկ իրարից անկախ նույն բանը մտածեն ու գրեն։ Ինձ թվում է, այդ նամակում կարևորը փաստերն են։
- Կոնկրետ, կարո՞ղ եք ասել, թե նշված փաստերից որն է իրականությանը համապատասխանում։
- Բոլորին էլ հայտնի է, որ ընկեր Գասպարյանը խանգարել է գործկոմի նիստը և չի թողել գործկոմի անդամներն իրենց խոսքն ասեն։
- Այսինքն՝ մեղադրեն մի անմեղ կնոջ, որը արդարացիորեն ըմբոստացել ու խայտառակել է քո այդ ազգակցին թե բարեկամին... Ինչպե՞ս է անունը։

 - Անաստաս Սահրադյան։
 - Այ, ես հիմա չեմ հասկանում, ընկեր Պողոսյան, երբ այս նամակը հորինում էիք ձեր կաբինետում, ինքներդ ձեզ հաշի՞վ էիք տալիս։ Սա շանտաժ է և, ինչպես երևում է, Սիմոն Ամիրյանը ձեր ձեռքին կույր գործիք է։ Դուք ի՞նչ կասեք, Հովսեփ Մարկոսովիչ։
- Ես հիմա դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Հարկավոր է ստեղծել հատուկ հանձնաժողով և ստուգել փաստերը։
- Ի՞նչը ստուգել՝ Մացակ Հովսեփյանի անցյա՞լը։ Ներեցեք, այն վաղուց է ստուգված և կարող եմ վստահորեն հայտարարել՝ այն մաքուր է։
- Այդ դեպքում ես ոչինչ չունեմ ասելու։
- Լավ չէ, որ ոչինչ չունեք ասելու... Մինչդեռ երեկ ուզում էիք ինձ համոզել, որ Բարթուղ Պողոսյանին պիտի հավատալ ու վստահել։

10.

Նրանք վերադարձան շրջկոմի քարտուղարի ավտոմեքենայով։ Ամբողջ ճանապարհին լուռ էին, յուրաքանչյուրն իր մտքերի հետ։ Մեքենան հին էր, խարխուլ, ավտովարորդը հիսունն անց, կարճ խուզած մազերով մի ինքնամփոփ մարդ, մարզկենտրոնի առաջին ավտովարորդը, որը քսանական թվականներին Բաքվից շրջկենտրոն եկավ էՄ-1 մարդատար մեքենայով և կանգնեց տեղի նշանավորների շարքում։
Ձյունը բավականին նստել էր գետնին, շուրջը համատարած ճերմակ էր, իսկ փաթիլներն իջնում էին հանգիստ, խաղաղ, անձայն։
...Ավտոմեքենան կանգնեց շրջկենտրոնի ակումբի կողքին։ Երեկոյան ժամը տասն է, բայց երեխաները ձնագնդի են խաղում։ Քարտուղարն առաջինն իջավ ավտոմեքենայից, թևերը լայն տարածեց.

- Ի՜նչ հրաշալի ձմեռ է։ Ընկերներ, ես հիմա ձեզ կհյուրասիրեի, բայց տանը մարդ չկա, կինս հիվանդանոցում հերթապահ է, մայրս գյուղ է գնացել։
- Մի ուրիշ անգամ, Վահան Արամիչ,- ասաց նախագահ Մացակը։- Այ, եթե ձեր մեքենան մեզ հասցնի գյուղ, շնորհակալ կլինենք։
- Դե, այդ դեպքում բարի գիշեր,- ու դարձավ վարորդին.- Արմենակ, ընկերներին տար գյուղ։ Տես, հա՜, զգույշ, ճանապարհները վատ են։
Նա շրջգործկոմի նախագահին ոչինչ չասաց։ Նայեց ակումբի բակում խաղացող երեխաներին, ու հանկարծ տասնվեցամյա մի աղջիկ ձնագունդ նետեց ուղիղ նրա վրա։ Աղջիկը պարզապես քարտուղարին շփոթել էր իր դասընկերներից մեկի հետ և, զգալով իր սխալը, կանգնեց վարանած ու ասաց.
- Ես... ես... ազնիվ խոսք... Դուք ինձ ներեցեք, կարծում էի...
- Եվ ճիշտ էիր կարծում,- Գասպարյանը ծիծաղեց.- Դուք հիմա քանի՞ հոգի եք՝ հինգ։ Սկսում ենք, հինգը մեկի դեմ։ Դե, աղջիկներ...

Աղջիկներն սկզբում տատանվեցին, բայց քանի որ քարտուղարը չէր կատակում, սկսեցին, ինչպե՜ս սկսեցին...
Նա այդ պահին իր մանկությո՞ւնն էր հիշում, թե՞ պատանեկության տարիները։ Հիշելու շատ բան կար։ Ով իր մանկությունը չի հիշում, աշխարհին ասելու բան չունի։ Այդ ե՞րբ էր, որտե՞ղ, ո՞վ էր այն բարձրահասակ մարդը, որ իր թաթիկը բռնած տանում էր ճերմակ ձյուների միջով ու ասում. «Արագ, արագ քայլիր, որպեսզի ոտքերդ բացվեն»։ Հա՞յրն էր, թե՞ քեռին։ Չէ, քեռի Մարգարն էր, ինքը երեք տարեկան էր, երբ հայրը մահացավ։ Այն ժամանակ էլ ահա այսպես ճերմակ փաթիլները խաղում էին օդում, և ամենուր տիրում էր սպիտակ լռություն։

- Աղջիկներ, ես հանձնվում եմ,- Գասպարյանը բարձրացրեց թևերը։- Ա՛յ, հիմա լավ է, շատ լավ է, կարգին թարմացա։ Շնորհակալ եմ, աղջիկներ։ Բարի գիշեր։
- Դեմոկրատիա է խաղում,- Բարթուղ Պողոսյանը մտքում ծիծաղեց, և այդ ծիծաղը նրա սրտից չէր գալիս։- Լավ է, ի՞նչն է լավ։ Աղջիկների հետ ձնագնդի խաղա՞լը... Բա որտե՞ղ մնաց ղեկավարի լրջությունը։ Երևի իր հաղթանակն է տոնում։ Շա՞տ չես շտապում, ընկեր քարտուղար։

11.

Նոր տարվա նախօրյակին կոլտնտեսությունն աշխօրերի դիմաց բաժանեց ցորեն, գարի, հաճար, սիսեռ... Շատ չէր, բայց կարելի էր մինչև նոր բերքը յոլա գնալ։ Նոր բերքը աշնանացանն է՝ ձյունի տակ, եղանակները կտաքանան, ձյուները կհալվեն, կսկսվի գարնանացանը։ Աշնանացանին քսանութ մաճկալներից տասնվեցը կանայք էին։ Գալուստի Մարալը իր բաժին հորովելը երգեց, լսեց ուրիշների հորովելներն ու ծիծաղեց. «Վա՜յ, հողը մեր գլխին, մաճկալ ենք դառել ու դեռ հորովել էլ ենք ասում։ Տեսեք, է՜, երկնքով թռչող հավքերը կանգնել, մեզ են ականջ դնում... Վա՜յ, կնանիք, պատերազմ գցողի տունը բրիշակ դառնա»։
Նախագահ Մացակն ընդհանուր ժողովում շնորհակալություն հայտնեց մաճկալներին և ասաց, որ առաջիկայում դեռ շատ դժվարություններ կլինեն։ Աշխատող ձեռքը չի հերիքում, սայլերի ու գութանների նորոգում կա, կարգի պիտի գցել հնձող մեքենաները։ Պետունց Անդրին վաղ առավոտից մինչև ուշ գիշեր դարբնոցում է, հազիվ է ծերը-ծերին հասցնում։

Նոյեմբերի վերջերին Սևունց Գուքորի հարսը և Պետրուսենց Նոյեմը ճանապարհվեցին շրջկենտրոն՝ տրակտորիստների եռամսյա դասընթացներում սովորելու։
Գյուղում առաջվա պես շարունակվում էր լուսաքողարկումը։ Սիմոն Ամիրյանը հաճախակի էր խոսում ինչ-որ դիվերսանտների մասին, որ իբր հայտնվել են Մուղոզի ձորում։ Դիվերսանտներն ի՞նչ պիտի անեն Մուղոզի ձորում՝ կամուրջ չկա, որ պայթեցնեն, գոմ ու պահեստ չկա, որ վառեն։ Դա Ամիրյանի հերթական պանիկան էր, և միլպետ Բաղդասարյանը շրջկենտրոնից զանգեց ու ասաց. «Զգոնությունը բոլոր դեպքերում կարևոր է, իսկ պանիկան, թույլ տվեք ասել, վնասարարություն»։

Եկավ նոր տարին։
Դպրոցի դիրեկտոր ընկեր Ազնիվը, որ փոխարինել էր ռազմաճակատ մեկնած Խորեն Դաբաղյանին, դասասենյակներից մեկում տոնածառ սարքեց։ Ձմեռ պապին երեխաներին այս անգամ կոնֆետի ու շոկոլադի փոխարեն չիր ու չամիչ բաժանեց։
Ձմեռ պապին մարզկենտրոնի պետթատրոնի արտիստ Արշակ Արշակունին էր, որ պատերազմից առաջ Օթելլո, Պեպո, Բարխուդար էր խաղում։ Ընկեր Ազնիվն էր նրան հրավիրել։
Նոր տարի...
Դա պատերազմի առաջին նոր տարին էր, որ անպայման պիտի տարբերվեր մինչ այդ եղած բոլոր նոր տարիներից։
Աղունը մտածեց, որ այդ օրը պիտի անպայման նշել, որդուն՝ Սուրենին, ուղարկեց Պետունց Անդրու ետևից։ Անդրին եկավ հարսի՝ Լուսիկի հետ, սեղանին մի շիշ օղի ու մի շիշ գինի դրեց, ասաց.
- Մուշեղ ապա, ասում եմ՝ նոր տարին տղամարդու պես դիմավորենք, ի՞նչ ես ասում։

Մուշեղ ապան, որ իր հարցերով արդեն հոգնեցրել էր Աղունին ու Աննային, տեսնելով Անդրուն, ոգևորվեց.
- Բա ո՜նց, տղամարդու նման քեֆ պիտի անենք... Նստիր, տեսնենք ի՞նչ նորություններ կան։
- Ի՞նչ նորություն ես ուզում,- Անդրին գրպանից հանեց լրագիրը։- Գիտես, չէ՞, Մոսկվայի տակ մերոնք մի լավ ջարդել են ֆաշիստներին։
- Գազեթում էդպես էլ գրա՞ծ է։
- Գրած է։ Կարդամ՝ լսիր. «Մոսկվայի մոտ հիտլերյան զորքերի ջախջախումը նպաստեց պետությունների ու ժողովուրդների հակաֆաշիստական կոալիցիայի համախմբմանն ու ձևավորմանը»։ Լսում ես, չէ՞, «Կոալիցիայի համախմբմանն ու ձևավորմանը»։ Սրան ի՞նչ կասես։

Մուշեղ ապան երկրորդ դասարանի աշակերտի պես ձեռքը բարձրացրեց.
- Ընկեր Անդրի, կարելի՞ է մի հարց։
- Կարելի է։
- Կոալիցիան ի՞նչ բան է։
- Ա՛յ Մուշեղ ապա, ցավդ տանեմ, բոլորն հասկացար, մնաց կոալիցիա՞ն։ Կարևորն այն է, որ մերոնք ջարդել են։
Աղունը սեղան բացեց, Աննան լարեց պատեֆոնը։ Ձայնապնակը հին է, երգը խաղաղ օրերի երգ է, երգողը երևի ջահել ու սիրուն մի աղջիկ.

Հալվեց սարերի ձյունը,
Խալերուդ ղուրբան, նազ աղջիկ,
Բնեն թռավ թռչունը,
Քայլերուդ ղուրբան, ջան աղջիկ...

1941-ի դեկտեմբերի վերջին օրվա վերջին ժամը մոտենում էր ավարտին։
Ուր որ է նոր տարվա՝ 1942-ի ձյունը կիջնի դաշտերի ու լեռների վրա, հեռավոր խրամատների ու բլինդաժների վրա, զինվորների սաղավարտներին ու հրանոթների լաֆետներին, զոհված մարտիկների շիրիմներին ու դեռ անթաղ դիակների վրա։ Ձյունն իր սպիտակ մաքրության տակ կառնի ամեն ինչ։
Ժամացույցի մեծ ու փոքր սլաքները հավասարվում են 12 թվանշանի վրա։ Ահա և նոր տարին՝ եկավ մի տեսակ լուռ ու աննկատ, տխուր ու խորհրդավոր, բայց այդ տխրության, լռության ու խորհրդավորության մեջ կա հանդիսավորություն:

- Նոր տարին շնորհավոր,- Անդրին բարձրացրեց գինու բաժակը։- Պիտի ասենք՝ խաղաղ տարի լինի, բայց խաղաղ չի։ Պիտի ասենք՝ թող ուրախ տարի լինի, բայց վիշտը շատ է։ Մեր բանակի կենացը։ Հնձվոր Գասպարի կենացը։ Կապիտան Արամի կենացը։ Մեր սավառնորդ Վաչագանի կենացը։ Բոստանչի Գալուստի կենացը: Նրանց հաղթանակի ու բարի գալուստի կենացը։ Նոր տարին շնորհավոր։
Մուշեղ ապան ուզում էր ավելացնել «նոցա կենացը», բայց մտածեց, որ հիմա դրա տեղը չի, երևի այդ «նոցան» նոր տարվա հետ ոչ մի կապ չունի։ Կապ ունենար, Անդրին կասեր։
- Սիրանը մեղք է...
Դա ասաց Աննան։ Ինչո՞ւ հանկարծ Աննան հիշեց Սիրանին։ Սիրանը Աննայի քու՞յրն է, եղբոր կի՞նը, քրոջ աղջի՞կը, մորաքո՞ւյրը, թե՞ հորաքույրը։ Գյուղում հո մենակ Սիրանը չի, հիմա ամեն տան մի Սիրան կա։ Վարդերն ինչո՞վ է պակաս Սիրանից։ Սիրանից ինչո՞վ է պակաս Ռուբենի Աշխենը։ Սիրանն ինչո՞ւ է մեղք։

Լուսիկը զարմացած նայեց Աննային, Աննան խոնարհեց գլուխն ու նորից կրկնեց.
- Սիրանը մեղք է։
- Գնամ կանչեմ,- Աղունը ելավ տեղից։- Աննան ճիշտ է ասում, Սիրանը շատ է ջահել, արդեն քանի՜ ամիս է, Տիգրանից նամակ չի ստանում։
Պատեֆոնը վաղուց է լռել, դրսում հունվարյան գիշեր է։ Ոչ մի լույս, լույսի ոչ մի շող։ Լուսաքողարկում է։ Սիմոն Ամիրյանն ասում է՝ վերևից հատուկ հրահանգ ենք ստացել, տոն օրերին առանձնապես զգույշ պիտի լինել։ Դժվար է ասել, թե գիշերվա այս ժամին ով է արթուն և ով է քուն։ Տները փակված սնդուկներ են և այդ փակված սնդուկներում տիրում է ահեղ լռություն։ Ասես դռների ու դարպասների ծխնիները նույնպես ստացել են հատուկ հանձնարարություն՝ չճռճռալ, լռություն պահպանել, և այդ լռությունը պիտի լինի ազդու, ինչպես հեքիաթների այն քաղաքները, որի բնակիչները գաճաճ կախարդի գերբնական գավազանի զարկից քարացել են։

Աղունը վերադարձավ Սիրանի հետ։
- Նստիր, Սիրան,- ասաց,- այստեղ ուրիշ մարդ չկա, մերոնք են։ Աղջի՛, նստիր, ինչո՞ւ ես ամաչում։
Սիրանը նստեց Աննայի կողքին։
- Շնորհակալ եմ,- ասաց ու տեսավ՝ կողքինն Աննան է, որից խուսափում է միշտ, ու թե փողոցում հանդիպում է պատահաբար, չնկատելուն է տալիս, անցնում արագ։- Քեզանից նույնպես շնորհակալ եմ, Աննա քույրիկ։
Քարաշենում մի տեսակ սովորություն է դարձել՝ ջահել հարսերը Աննային Աննա քույրիկ են կոչում։ Աննան թեթևակի շարժեց գլուխը, պատասխանեց.
- Ախր, մենակ ես, Սիրան, քեզ համար տանը, և այն էլ նոր տարվա այս օրը, տխուր կլինի։ Եկող-գնացող չունես, մեղք ես։

Վերջին բառերը դանակի պես ցցվեցին Սիրանի սրտում։ Ուրեմն, ամեն ինչ գիտե, ծաղրում է իրեն, բերել է այստեղ, որ խայտառակի։
- Ես մեղք չեմ։- Սիրանը ըմբոստացավ։- Ես ինչո՞ւ պիտի մեղք լինեմ։ Կարող է՝ մեղավոր եմ, բայց մեղք չեմ, Աննա քույրիկ, դու էլ գիտես, որ ես մեղք չեմ։
- Դու զուր ես սրտիդ մոտ ընդունում իմ ասածը,- պատասխանեց Աննան։- Ուրիշ բան մի կարծիր։ Ես քեզ չեմ մեղադրում։ Դա իմ գործը չի։ Դու էլ գիտես, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, և նա ինձ համար որպես ամուսին, այլևս գոյություն չունի։ Երկուսս էլ՝ ես էլ, դու էլ, դատապարտված ենք նույն ճակատագրով։
Սիրանը չպատասխանեց։ Եթե պատասխանելու լիներ, պիտի ասեր. «Ես քո նախկին ամուսնուն այսօր վռնդեցի։ Ես նրան ասացի՝ ատո՜ւմ եմ, ատո՜ւմ եմ քեզ, Սիմոն Ամիրյան... Չգիտեմ, վա՞ղն էլ ուժ կունենամ վռնդելու այդ հրեշին»։
- Ես ձեր նոր տարվա քեֆը խանգարեցի,- Սիրանը ելավ ոտքի։- Ես այլևս նոր տարի չունեմ, նորն ինձ համար չի։ Ախր, ձեր ինչի՞ն էր հարկավոր իմ վիշտն ու ցավը։ Դուք այդ ինչո՞ւ եք ինձ խղճում։

Նա արագ հեռացավ։ Աղունը նայեց Աննային, տարակուսանքով շարժեց ուսերը։
- Չեմ հասկանում, Աննա, դու նրան ի՞նչ ասացիր։
- Չգիտեմ,- հառաչեց Աննան,- նա այսօր մի տեսակ է։
- Ախր, նա շատ հեզ աղջիկ է։
- Լավ չէ, որ հեզ աղջիկ է։ Չպիտի հեզ լինի։ Դրա համար էլ ասում եմ՝ Սիրանը մեղք է։
 - էս էլ մեր նոր տարին,- տնքաց Մուշեղ ապան։- էն առաջվա նոր տարիները գնացին, էլ չեն գա։
- Կգան, ապեր, կգան, - Աննան ելավ տեղից, սկսեց լարել պատեֆոնը։-Ավելի լավ նոր տարիներ կգան։ Հո աշխարհն էսպես չի մնա։
Նա սկավառակին ուրիշ ձայնապնակ դրեց։ Ձայնապնակը հին էր, երևի քսանական թվականների ձայնագրություն, իսկ ձայնը մոտ ու հարազատ էր, թախծոտ ու անուշ։

Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ...
«Ինչպես իմ սիրտը,- ինքն իրեն ասաց Աննան։- Ինչպես Սիրանի սիրտը։ Ինչպես առհասարակ բոլոր կոտրված սրտերը»։
- Տո՜, լաճ տնավեր,- Անդրին դա ասաց բարձրաձայն, իր համար մի բաժակ գինի լցրեց, խոսք չասաց, խմեց, նայեց ժամացույցին.- Տո՜, լաճ տնավեր, նոր տարի է, նոր տարում ուրախանում են, մեկը մյուսին շնորհավորում, ջանսաղություն ցանկանում... է՜, աշխա՜րհ, աշխա՛րհ, ես քո ինչն ասեմ, մենք մեզ համար ապրում էինք...

12.

Երեկոյան Մուշեղ ապան հանդից եկավ մթնված, նստեց բակում, տրեխների հողը թափ տվեց, գուլպաները մաքրեց քիստերից ու կանչեց հարսին.
- Աղո՜ւն, այ հարս։
Աղունը հանդից մի քիչ շուտ էր եկել, լվացք ուներ. նա պատշգամբում թոնթորում էր որդու վրա. «Ես քեզ քանի՞ անգամ եմ ասել, որ չբարձրանաս ծառերի կատարներն ու ընկերներիդ հետ չկռվես։ Սրան նայեցե՜ք, աքլոր է կտրել։ Մեկ էլ տեսար, բմբուլներդ քամուն տվեցին....»:
- Աղո՜ւն, ա՛յ հարս։
- Ասա, ապեր։
- Երեխայից ի՞նչ ես ուզում։ Մեղավորին թողել, անմեղին ես խրատու՞մ։ - Ո՞վ է էդ մեղավորը։
- Տիգրանի կնիկ Սիրանը։
- Սիրա՞նը։

- Բա շո՞ւնը։ Մեծավորը դու ես։ Հունձն ուշացավ, խուրձը ժամանակին կալ չհասավ, կամը չպտտվեց կալում՝ պատասխանը դու պիտի տաս։ Արտը կծղեց, կծղած արտին մանգաղ չկպավ՝ գլխովդ դու ես պատասխան տալու։ Տիգրանի Սիրանը Ամիրյան Սիմոնի հետ ղալաթներ է անում, քեզանից հաշիվ կպահանջեն։ Մեծավոր ես, աչքդ ինչո՞ւ վրան չես պահում, տեսնես բրիգադիդ անդամներն ի՞նչ բանի են։ Կոմունիստ ես, վերևից կկանչեն ու կասեն՝ Աղունիկ Ասրյան, էդ Սիրանը մի շաբաթ է, գործի չի դուրս եկել, բացատրիր տեսնենք, նա սարաշենցի տատմեր Մինասազի մոտ ի՞նչ գործ ունի։
- Ապեր, ախր դու այդ որտեղի՞ց իմացար։
- Քսփսոցներ կան։
- Իսկ գուցե սուտ է։
 Ծուխն առանց կրակի չի լինում։ Միտդ չի՞ նոր տարվա էն գիշերը. Աննայի հետ էն ի՞նչ էր քսփսում։ Վերջում էլ խռովեց ու գնաց, թե ինչո՞ւ եք ասում՝ տեղդ ծուխ է, վեր կաց՝ էն կողմին նստիր։

Ամուսնուց բաժանվելուց հետո, Աննան ֆերմայում հաշվառու էր աշխատում։ Նա տուն եկավ ուշ երեկոյան, տեսավ Աղունին՝ հոնքերն իրար տված, հարցրեց.
- Ի՞նչ է եղել, Աղուն, աչքիս այսօր մի տեսակ ես։
- Քեզանից նեղացած եմ։
- Ինչի՞։
- Դու գիտեիր, թե Սիրանն ինչ ճանապարհի է։
- Ճիշտ է, գիտեի։ Ես ուզում էի նրան փրկել, ետ քաշել կրակից։
- Եվ ձեռքերդ վառեցիր։
- Սիրանը մեղք է։
- Սիրանը մեղք է, Սիրանը մեղք է,- Աղունը շուռ եկավ ցասկոտ.- ի՜նչ է, մեր սիրտը քարից է, քոնը՝ մոմի՞ց։ Չլինի թե՝ Սիմոն Ամիրյանն էլ աստծո անմեղ գառ է։

Չախմախսարի կողմից երկնքում ամպեր երևացին։ Չախմախսարի ամպերն անհասկանալի են։ Շաղասարի վրա ամպեր դիզվեցին։ Շաղասարի ամպերն անձրևի ամպեր են։ Արևը կծոտում է, հուրհրատում, ինչպես կրակը թոնրի մեջ։ Ձորում գետը հորանջում է ծուլորեն, հողն ասես շիկացել է, ուր որ է՝ կբռնկվի։
Աղունը ձին կապեց արտի կողքի խամուտում, արտամիջյան նեղ կածանով իջավ հնձվորների մոտ։ Դեմքը մթնած էր, աչքերում կուտակված բարկություն կար։ Հայացքով որոնեց ու գտավ Սիրանին, հայացքով շանթեց նրան, և Սիրանը տեսավ նրա հայացքը, գլուխը կախեց մեղավոր։
- Սիրան,- մոտեցավ, բռնեց թևը։- Բան պիտի ասեմ։ Գնանք։
- Ո՞ւր,- շփոթվեց Սիրանը, մանգաղը գցեց կիսատ խրձի վրա։
- Ջհանդամը, վախենում ես տե՞ղ չգտնենք։

Սիրանը միամի՞տ է, թե՞ դիտմամբ չհասկանալուն է դնում։
- էդ բանն էստեղ չե՞ս կարող ասել։
- Չէ, չեմ կարող։ Այսինքն՝ կարող եմ, բայց չեմ ուզում։ Գնանք։
Աղունը քայլեց անտառի կողմը, Սիրանը՝ ետևից։ Նրանք կանգնեցին բացատում, սզնենու տակ։
- Սիրա՛ն, աչքերիս ուղիղ նայիր։
- Ախր, ի՞նչ է եղել,- Սիրանը բարձրացրեց գլուխը, բայց ուրիշ կողմ նայեց։- Աչքերիդ չեմ նայի, Աղուն։ Սովոր չեմ, ես մարդկանց աչքերին նայելու սովորություն չունեմ։ Ուրիշները կարողանում են այդ բանն անել, ես՝ չէ…՛
 - Ամաչում ես, հա՞,- Աղունը հեգնանքով ժպտաց։- Իբր թե չգիտես ինչ պիտի ասեմ։ Բա ինչո՞ւ Սիմոն Ամիրյանի գրկում չես ամաչում։
- Դու որտեղի՞ց գիտես, որ չեմ ամաչում։

Պատասխանը Աղունին թվաց հանդուգն, լկտի ու անամոթ, և այդ պահին ոչ մի ուժ չէր կարող պահել նրան, նա ամբողջ ուժով ապտակեց Սիրանին։ Բացատում արածող ձին բարձրացրեց գլուխը, փոքրիկ ականջները խլշեց ու խրխնջաց։ Ձին, անլեզու ձին, անասունը չդիմացավ, և եթե լեզու ունենար, երևի ասեր՝ ախր ինչո՞ւ համար, ինչո՞ւ ...
- Լի՛րբ, այ լիրբ, քո արյունը մերից կարմի՞ր է, հա՞... Քո սիրտը մեր սրտից բարակ է, հա՞... Դու կին ես, մենք կին չենք, հա՞ ...
Սիրանը զույգ ափով փակեց դեմքը, մնաց մի պահ այդպես արձանացած, ապա իջեցրեց ձեռքերն ու ճչաց.
- Խփի՛ր, Աղուն, մի անգամ էլ խփիր, մեկ չէ՝ երկու, երեք, հարյուր անգամ խփիր, թող սիրտդ հովանա։

- Հերի՛ք է, էդ մեկն էլ հերիք է։ Տիգրանին ի՞նչ պատասխան պիտի տաս։ Տիգրանին, ամուսնուդ... Երդում-հավատ ես արել, չէ՞, ամբողջ կյանքում քեզ կսպասեմ։ Կատվի վազելը մինչև մարագն է լինում։ Ի՞նչ պատասխան պիտի տաս։
- Ոչ մի պատասխան։ Վեց ամիս է՝ նամակ չկա,- Սիրանը փղձկաց։-Չկա, հասկանո՞ւմ ես, չկա։ Կենդանի լիներ, կգրեր։ Կենդանի լիներ կկարոտեր, կասեր՝ ջահել կնիկ ունեմ, աչքը ճամփու է։
- Որտեղի՞ց իմացար, որ կենդանի չէ։ Բա որ գրե՞ց...
- Չեմ հավատում։ Ես միշտ վատ երազներ եմ տեսնում։
- էդ վատ երազները Սիմոն Ամիրյանի գրկո՞ւմ ես տեսնում։ Լի՜րբ, ինչու՞ ես կարծում, որ մենք միշտ լավ երազներ ենք տեսնում։ Կգաս՝ իմ լավ երազներից մի քանիսը կտամ քեզ՝ մխիթարվես։
- Աղուն, ձեռքդ ծանր է, բայց խոսքդ ձեռքիցդ ավելի ծանր է։ Մեկով խեղդում ես, մյուսով քրքրում, բզկտում...
- է՜, Սիրա՜ն, Սիրան, ուրեմն Աննան ճիշտ է ասում՝ դու մեղավոր չես, մեղք ես։

Ահա այդ օրերին էր, որ Սիմոն Ամիրյանը շրջգործկոմից հատուկ հրահանգ ստացավ՝ կոլտնտեսությունների օղեթորման կետերի վերահսկողությունն անցնում է գյուղական սովետներին։ Հրահանգը ստորագրել էր ինքը՝ շրջգործկոմի նախագահ Բարթուղ Պողոսյանը։
Վաղ առավոտից մինչև ուշ երեկո Ամիրյանը Կաղնուտում է. գալիս պառկում է հոնու տակ, որևէ ձայն լսելիս գլուխը բարձրացնում ու հարցնում.
- Բարխուդար, էդ ո՞վ է եկել։
Բարխուդարն օղեթորման վարպետ Սարգիսի օգնականն է, կաթսան մաքրում է, ուշատները տանում-բերում, խառնում տակառներում քացախած թութը և միևնույն ժամանակ սպասարկում Սիմոն Ամիրյանին։ Նա քառասունն անց, շիլաչք, բայց գոմեշի պես ուժեղ տղամարդ է։ Ամիրյանին ազգակից է գալիս։ Բարխուդարը ռազմաճակատ չմեկնեց, որովհետև ընկնավոր է, և դա էլ բավական է, որ Սիմոն Ամիրյանն օգտվեր առիթից և նրա գլուխը մտցներ, իբր ինքն է զինվորական պարտադիր ծառայությունից ազատել իր ազգականին։

- Բարխուդար, ո՞վ է եկել։
Եկողը մթերման կետի լիազոր Անաստաս Սահրադյանն է։ Լավ լուր չի բերել, շրջկոմի առաջին քարտուղար է հաստատվել Վաղարշակ Սահակյանը, այսինքն այն Սահակյանը, որ մինչ այդ երկրորդ քարտուղար էր, Վահան Արամիչի աջ թևը։
- Բարթուղի տաշի-տուշին էդպես էլ չանցա՞վ,- Ամիրյանը ծիծաղեց չարախինդ ու կանչեց.- Բարխուդա՜ր, էն դինջ քաշած հատուկ արաղից բեր տեսնենք:
Բարխուդարն օղու հետ թարմ վարունգ, պոմիդոր, թթու դրած դանդուռն ու հավի եփած միս բերեց։ Ամիրյանը նայեց սփռոցին, բարձրացրեց գլուխը, ինչպես սև օձը՝ հաճարի արտում։
- Բարխուդա՜ր, էս հավի կեսը որտե՞ղ է։
- Բա գուցե էլի եկող լինի,- Բարխուդարը ճմլկոտեց ու, չգիտես ինչու, ծիծաղեց.- Խը՛, խը, խը...
- Ռեխդ փակիր,- բարկացավ Ամիրյանը։- Սրան նայեցե՜ք, եկողի համար է մտածում։ Ներկա էտապում էստեղի տերն ու տիրակալը ես եմ։ Չլինի թե՝ շրջգործկոմի հատուկ հրահանգը քեզ էլ ցույց տամ։

Անաստասը խմեց առաջին բաժակը, գլուխը տմբտմբացրեց.
- Լավ արաղ է։
- Հատուկ քաշած է, հատուկ,- մատը տնկեց վեր ու կռնչաց.- Բարխուդա՜ր, էս հատուկ քաշած արաղից մի չորս լիտր պատրաստիր, որ ընկեր Սահրադյանը տանի գրադուզը ստուգի։
Չորրորդ բաժակից հետո Անաստասի աչքերը փոքրացան, լեզուն փաթ ընկավ, մինչդեռ Ամիրյանը սթափ էր, ականջը ձայնի... Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ չիմացավ Աղունի գալը։
- Քեֆ եք անում, հա՞,- Աղունը բռնեց հոնու ճյուղը։- Ընկեր Անաստաս, հիմա ի՞նչ հարցով ես եկել։
- Պետական կարևոր հարցով,- Անաստասը ցած դրեց բաժակը։- Հատուկ հրահանգ եմ ստացել՝ արաղի մթերման պլանը կատարել սեղմ ժամկետում։
- Կարո՞ղ ես ինձ ցույց տալ այդ հատուկ հրահանգը։

- Գյուղսովետի նախագահը ես եմ,- Ամիրյանը խցանեց օղու թերատ շիշը,- հրահանգը ես եմ ստացել, արաղի համար ես եմ պատասխանատու։
- Տեսնում եմ քո պատասխանատվությունը։ Ես ուրիշ հարցով եմ եկել այստեղ՝ Սիրանի հարցով։
- Ի՞նչ Սիրան։
- Իբր չգիտես, չես ճանաչում։ Ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ց իմացար, որ նրա ամուսինը գերի է, իսկ գերին ժողովրդի ու հայրենիքի թշնամին է, դավաճանը, հետևաբար քեզ իրավունք է տրվում տիրանալու հայրենիքի դավաճանի կնոջը։
- Իսկ դու կարո՞ղ ես ապացուցել, որ գերին ներկա էտապում հայրենիքի դավաճան չի։

- Հայրենիք ասելով, ում ես զարմացնում, Սիմոն Ամիրյան։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից՝ դու ընտանիք չունես։ Քո գյուղից է սկսվում հայրենիքը՝ քեզ գյուղում ատում են։ Ի՞նչ ես արել հայրենիքի համար։ Ոչ մի լավ բան։ Զրպարտել ես ազնիվ ու անմեղ մարդկանց, արատավորել հայրենիքի համար կռվող զինվորի կնոջ պատիվը։ Դու հայրենիքի անունով երդվելու իրավունք չունես։ Քո երդումը սուտ է, դու սուտ ես, ծուռ է հոգիդ և մարմինդ է ծուռ։
- էլ ի՞նչ կասես։
- Կասեմ նաև այն, որ ես եղել եմ զինկոմիսարիատում։ Տիգրան Ավագյանը պարտիզանական ջոկատի հրամանատար է, դու զրպարտել ես նրան։
- Խնդրում եմ ինձ չկեղտոտես։
- Դու նոր չես կեղտոտված։ Դու վաղուց ես քեզ կեղտոտել, հիմա էլ ուզում ես կեղտոտել ուրիշներին։ Այդ ինչո՞ւ ես կարծում, որ ուրիշները չգիտեն, թե ով ես դու։ Սիրանի համար պատասխան կտաս։ Հիմա կարող եք շարունակել ձեր քեֆը։ Մենակ այնքան լակեցեք, որ էդ արաղը ձեր քթից չթափվի։

Աղունը հեռացավ։ Ամիրյանը նայեց նրա ետևից, ատամները կրճտացրեց.
- Բարխուդար, արա՛, այ խուլ շան որդի, ես քեզ չե՞մ ասել՝ աչքերդ չորս արա,- և դիմեց Անաստասին.- Դու էլ ժամանակ ես գտե՜լ... էսքան վախտ կորել ես, կորել, Քարաշենի ճանապարհը նոր միտդ գցել։ Տեսար, չէ, էդ լրբի բերանում լեզու դրեցիր։
- Բա նա չասա՞ց, որ Սիրանի հաշվով է եկել։
- Բերանդ ցրիվ չտաս,- գոռաց Ամիրյանը։- Ի՞նչ Սիրան, Սիրանն էստեղ ի՞նչ գործ ունի։ Բարխուդա՜ր…
Բարխուդարը տակառի ետևից բարձրացրեց գլուխը.
 - էստեղ եմ, Սիմոն դայի։
- Ավազակ, էդ երբվանի՞ց եմ քեզ դայի գալիս։ Էն հատուկ քաշած արաղը թող մնա, մենք առանց Անաստասի էլ կարող ենք գրադուսը որոշել։

13.

Ամպերի որոտը Չախմախքարից եկավ, արձագանքը տարածվեց Մուղոզի ձորում։ Ինչ-որ տեղից քամին պոռթկաց, փախավ ձորն ի վեր՝ թափ տալով ծառերի հասած թութը։ Տեղաց ամառային տաք ու խոշորակաթիլ անձրևը, ասես շիկացած հողը թշշաց, ու բարձրացավ փափուկ գոլորշի։
Սիրանը ձորն էր իջել լողանալու։ Նա չլսեց ամպի որոտը, չտեսավ կայծակի հրաշեկ շեղբը, որ պոկվեց երկնքից ու զիգզագվեց լեռան կատարին։ Սիրանը ծիծաղում ու լաց էր լինում, սուզվում էր ջրի տակ, սպասում այնքան, որ շունչը կտրվի, խեղդվի, բայց կարծես իր կամքից անկախ ջուրը նրան դուրս է մղում։ Տիգրանն ապրում է, Տիգրանը կենդանի է, պարտիզանական ջոկատի հրամանատար է։ Նամակը փոստատար Վարդուշը բերեց դաշտ ու ասաց. «Այ հերամե՜ռ, աչքդ լո՛ւյս, գլխիդ տերը նամակ է գրել, կարդա տես ինչ է գրում»։

Նա տուն հասավ ոտից-գլուխ թրջված, փոխեց շորերր, նստեց պատշգամբում ու նամակը մի անգամ էլ սկզբից մինչև վերջ կարդաց։ Նամակը հաստատում է Աղունի բերած լուրը, Տիգրանի մարգարտաշար ձեռագիրն է, նա միշտ գլխատառերը ուղղակի նկարում է, սիրուն է նկարում։ Ոճը Տիգրանի ոճն է. «Իմ աննման, իմ հավատարիմ, իմ կարոտ, իմ երգ ու ծիծաղ, իմ կյանք ու արև, իմ լեռնային ծաղիկ...»:
Բառերը շիկացած ասեղների պես դաղեցին Սիրանի սիրտը, փակեց աչքերը, աղոթքի պես մրմնջաց. «Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ, թանկագինս։ Չլինի՞ թե ինձ ծաղրում ես, ծիծաղում վրաս։ Ես արժանի չեմ այդ խոսքերին, բայց դու իմն ես. մեռնեմ էլ, իմը կմնաս։ Դու իմն ես, ես քոնը չեմ, ուրիշինն եմ։ Չէ, ի՞նչ եմ ասում, ինչպե՞ս կարող եմ ուրիշինը լինել, երբ նրան ատում եմ։ Ես կորած մարդ եմ՝ ստոր, անամոթ, անխիղճ։ Ես ապրելու իրավունք չունեմ։ Ապրելու իրավունքը քոնն է, հեռավորս, քոնն է կյանքը վայելելու իրավունքը, իմ անհաս երազ։ Ախր, ինչո՞ւ ապրեմ, ո՞ւմ համար ապրեմ»։

Անձրևը երևի վաղուց էր դադարել։ Ծիածանը մի ոտը հենել է Շաղասարի զմրուխտ կատարին, մի ոտը դրել Դովթալաբ սարի կանաչ հոնքին։ Սիրանը նայեց ու փղձկաց։ Ծիածանը, մեր սիրո ծիածանը։ Ահա այսպիսի մի օր էր, երբ մենք, թանկագինս, վերադառնում էինք այգիներից, և անձրև սկսեց։ Մի շաբաթվա նշանվածներ էինք։ Դու բռնեցիր թևս, միասին վազեցինք դեպի Սևաձորի քարանձավը։ Մենակ էինք, ես և դու։ Հանեցիր պիջակդ, գցեցիր ուսերիս ու ցույց տվեցիր ծիածանը. «Նայի՛ր, Սիրան,- ասացիր,- ի՜նչ սիրուն է։ Կգա՞ս տակովը միասին անցնենք։ Դու տղա կդառնաս, ես՝ աղջիկ»։ Ես գլուխս դրեցի քո կրծքին, դու ինձ համբուրեցիր։ Դա մեր առաջին համբույրն էր, և տաք էր այդ համբույրը, ինչպես ամառային վճիտ, խոշորակաթիլ անձրևը...
- Իմ ապրելն ավելորդ է,- Սիրանը ելավ տեղից, խռովահույզ նայեց շուրջը, աչքովն ընկավ լվացքի թոկը։- Ամուր է, կպահի, օղակեց մի ծայրը, մյուս ծայրը կապեց պատշգամբի գերանից, մոտ քաշեց աթոռը։- Այս պե՜ս, ահա այսպես աչքերս կփակեմ, ոտքով կհրեմ աթոռը ու ոչ մի ցավ էլ չեմ զգա։ Բայց ինչո՞ւ են ձեռքերս դողում։ Վախենո՞ւմ եմ։ Ինչի՞ց եմ վախենում՝ մահի՞ց։ Սո՛ւտ է, սուտ, մահից չէ, կյանքից, ապրելուց եմ վախենում։ Վե՛րջ, քաշում եմ աթոռը, ահա՜...

Մի ծանր ձեռք իջավ ուսին։
- Աղջի՜, այ գլխամեռ, էդ ի՞նչ բանի ես,- Աղունն էր։
- Թո՛ղ ինձ, Աղուն, աղաչում եմ, թո՛ղ ինձ։
- Ձենդ կտրի՛ր։
- Ապրեմ, որ վրաս ծիծաղեք, հա՞։
- Ապրողների վրա չեն ծիծաղում։ Ծիծաղում են նրանց վրա, ովքեր չենք կարողանում ապրել։
- Դու էդ որտեղի՞ց եկար։
- Գետում լողանում էիր, աչքս վրադ էր։
- Ախր, ինչո՞ւ ես ետևիցս ընկել։
- Տե՛ս, հա՜, գյուղում ոչ ոք այդ մասին չպիտի իմանա,- Աղունը թոկը արձակեց, նետեց բակը։- Մի քար դու ես դնում էդ բանի վրա, մի քար էլ՝ ես:
- Այսպես ապրելն ո՞ւմ է հարկավոր,- Աղունը գրկեց նրա գլուխը, շոյեց մազերը։

14.

Պինդ ընկույզ է, ատամով չես ջարդի, ավելի շուտ՝ ատամդ կջարդես։ Իսկ կարի՞ք կա զրկվել ատամից, երբ ամենապինդ ընկույզը կարելի է մուրճով հեշտությամբ ջարդել։
Ըստ Բարթուղ Պողոսյանի, այդ պինդ ընկույզը շրջկոմի առաջին քարտուղար Վաղարշակ Սահակյանն է, որ քիչ առաջ զանգեց ու ասաց. «Կարևոր գործ կա, խնդրում եմ մի քանի րոպեով անցնել մեզ մոտ»։ Խնդրում է։ Դե, ի՞նչ խնդրել, կարգադրում է։ Ձևով խնդրանք է, բովանդակությամբ՝ կարգադրություն։
Բարթուղ Պողոսյանը շրջգործկոմի շենքից մինչև շրջկոմ պիտի կտրի մի քանի փողոց, կենտրոնական պուրակում անպայման մտքերն ի մի հավաքի՝ ի՞նչ հարցով է կանչում քարտուղարը, կարո՞ղ է հանկարծ անակնկալի բերել իրեն։ Պիտի պատրաստվել հենց այդ անակնկալին, չշփոթվել, չխառնվել, մտածել արագ ու ճկուն, բերանից ավելորդ բառ չթռցնել։ Մարզկոմի քարտուղարը բառի՞ց չբռնեց, և քարը քարին չթողեց։ Ուրեմն՝ հիշիր անցյալի դասերը։ Հիշիր նաև, որ Սահակյանի աշխատանքի ոճը համարյա չի տարբերվում Վահան Արամիչի աշխատանքի ոճից, միշտ հանգիստ, բարի, կուլտուրական, բայց մեկ էլ տեսար այնտեղից բռնեցրեց, որ մնացիր շվարած։ Իսկ Արամիչն իր խոսքի տերն էր, մեկնեց ռազմաճակատ։ Ասում են՝ բրիգադային կոմիսար է։ Գերմանացիները կոմիսարներից այնքան են վախենում, որքան Սիմոն Ամիրյանր՝ նախագահ Մացակից։ Իսկ ես՝ և՛ նախագահ Մացակից եմ վախենում, և՛ շրջկոմի քարտուղարից, և՛ Սիմոն Ամիրյանից, և՛ իմ կնոջից։ Ամենից շատ՝ Սիմոն Ամիրյանից։ Ասում են՝ այդ ղուզղունը ձիուց ընկել, վնասվածք է ստացել։ Ափսո՜ս, պիտի սատկեր։ Չեմ զանգել, կհարցնի, կասեմ՝ ես որտեղի՞ց իմանամ, որ ձիուց ընկել ես։

Քարտուղարը մենակ էր, նա Պողոսյանին աթոռ առաջարկեց, բացեց պատուհանը, ապակիներից բեկված արևի շողերն ընկան դիմացի պատին։
- Ես ձեզ կանչել եմ մի հարցով,- քարտուղարը գրասեղանի գզրոցից հանեց մի գրություն,- ուզում եմ իմանալ՝ դուք կարգադրություն արե՞լ եք կոլտնտեսությունների ղեկավարներին, որ օղեթորման կետերը մտնում են միայն ու միայն գյուղական սովետների անմիջական հսկողության տակ։
Բարթուղ Պողոսյանն այդպիսի կարգադրություն արել է, բայց հիմա տրամաբանված պատասխան գտնելու համար հարկավոր է ժամանակ շահել։
- Իսկ ի՞նչ է եղել,- հարցրեց։
- Ուզում եմ իմանալ՝ իրո՞ք կարգադրություն արել եք։
- Բայց չեմ հասկանում, ի՞նչ է եղել։
- Գրությունը դուք եք ստորագրել, չէ՞։
- Վաղարշակ Կարապետովիչ, առանց վերահսկողության, և այն էլ պատերազմական այս ծանր տարիներին, հնարավոր չէ։

- Ճիշտ է, առանց վերահսկողության հնարավոր չէ։ Իսկ դուք, ընկեր Պողոսյան, գիտե՞ք, որ Քարաշենի կոլտնտեսության օղեթորման կետից անհետացել է 120 լիտր օղի։ Այն էլ՝ մի գիշերվա ընթացքում։
- Նշանակում է՝ գողացել են։
- Նույնն է ասում նաև գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը և գտնում, որ դա կազմակերպել է կոլտնտեսության նախագահ Մացակ Հովսեփյանը։ Նա այդպես էլ գրել է իր դիմումի մեջ։
- Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ։
- Ցավալի է, որ տեղյակ չեք։ Բայց Սիմոն Ամիրյանը դրանով չի բավարարվել, նա գրում է, որ կոլտնտեսության նախագահն իր դեմ մահափորձ է կազմակերպել։
- Դա ինձ համար նորություն է։
- Մահափորձն է նորությո՞ւն, թե՞ Սիմոն Ամիրյանի նամակը։

- Ազնիվ խոսք, Վաղարշակ Կարապետովիչ, ես տեղյակ չեմ այդ նամակի մասին:
- Գիտեմ, տեղյակ չեք։ Եթե տեղյակ լինեիք, երևի թույլ չտայիք այսպես գրել։ Ուրիշ ձևով կգրեր։
Պողոսյանն այդ մի հարվածն էլ ընդունեց և ուրիշ բան ասաց.
- Կլինեմ տեղում և կստուգեմ։
- Կարիք չկա։ Ես արդեն մարդ եմ ուղարկել։ Իսկ Սիմոն Ամիրյանին իսկապես ծեծել են։
- Ուրեմն, մարդը ճիշտ է բողոքում,- աշխուժացավ Պողոսյանը։- Բռնել ու ծեծել են գյուղսովետի նախագահին։ Դա խայտառակություն է։
- Ո՞ւմ համար է խայտառակություն՝ ծեծվողի՞, թե՞ ծեծողի։
- Նրա համար, ով կազմակերպել է։

Սահակյանը զանգեց միլիցիայի շրջանային բաժնի պետին և ասաց. «Եթե կապիտան Մնացականյանը Քարաշենից վերադարձել է, խնդրում եմ ուղարկեք մեզ մոտ»։
Մնացականյանը չուշացավ, ներս մտավ զինվորական քայլվածքով, աջ ձեռքը տարավ դեպի գլխարկի հովհարը։
- Թույլ տվեք զեկուցել, ընկեր շրջկոմի քարտուղար։
- Նստեցեք, ընկեր կապիտան,- Սահակյանը ցույց տվեց աթոռը։- Ձեզ կանչել եմ Քարաշենում տեղի ունեցած դեպքի առթիվ։
- Պարզ է, ընկեր շրջկոմի քարտուղար։
- Մեզ հետաքրքրում է այդ գործի հետ կապված մի քանի հարց։ Նախ՝ ովքե՞ր են ծեծել գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանին։ Իսկ գո՞ւցե նա իսկապես ձիուց է ընկել։
- Ձիուց ընկնելը բացառված է, ընկեր շրջկոմի քարտուղար։ Սիմոն Ամիրյանին ծեծել են դաշտավարական բրիգադի բրիգադավար Աղունիկ Ասրյանը և կոլտնտեսուհի Սիրանուշ Ավագյանը։

- Պատճառը հայտնի՞ է։
- Հայտնի է, ընկեր շրջկոմի քարտուղար, գյուղսովետի նախագահ Սիմոն Մակարի Ամիրյանը գիշերվա մոտ ժամը տասներկուսին, ինտիմ հարաբերությունների մտադրությամբ, մտել է կոլտնտեսուհի Սիրանուշ Արմենակի Ավագյանի տունը։ Մինչդեռ նա՝ Ամիրյանը, պնդում է, թե իրեն գյուղսովետի բակում ծեծել են անհայտ մարդիկ, և դա կազմակերպել է կոլտնտեսության նախագահ Մացակ Հովսեփյանը։ Բացարձակ շանտաժ է, ընկեր շրջկոմի քարտուղար։ Գյուղսովետի քարտուղարուհին, որ մինչև գիշերվա ժամը մեկը եղել է գրասենյակում, ժխտում է այդ փաստը։
- Պարզ է,- ասաց քարտուղարը։- Իսկ հայտնաբերվե՞լ է գողացված օղին։
- Ճիշտ այդպես, ընկեր քարտուղար։ Դա կատարվել է մթերման կետի լիազոր Անաստաս Սահրադյանի և կոլտնտեսական Բարխուդար Փարեմուզյանի միջոցով։ Գողացված օղին հայտնաբերել են Սարաշենում։ Սահրադյանը և Փարեմուզյանը կալանքի տակ են։ Հետաքննությունը շարունակվում է, ընկեր շրջկոմի քարտուղար։

- Շնորհակալություն։ Դուք ազատ եք,- նա բարձրացավ տեղից, մոտեցավ Պողոսյանին։ Պողոսյանը նույնպես կանգնեց։- Նստեցեք, ընկեր շրջգործկոմի նախագահ։ Ես հիմա կուզեի լսել ձեր խոսքը։
- Վաղարշակ Կարապետովիչ, հրահանգի հարցում կոպիտ սխալ եմ թույլ տվել։ Ես իմ սխալը խոստովանում եմ։
- Իսկ ուրիշ հարցերում չե՞ք սխալվել։
- Ո՞ր հարցերում։
- Չգիտեմ, դիմեք ինքներդ ձեզ, ձեր խղճին,- նայեց ժամացույցին։- Ես ուշանում եմ, իսկ դուք մտածեք։ Վաղը ժամը 11-ին ես ձեզ կսպասեմ։ Ցտեսություն։

Շաբաթ օրը Բարթուղ Պողոսյանը չմոռացավ հետը վերցնել Սիմոն Ամիրյանի անձնական գործը։ Սահակյանը նայեց թղթապանակին և ներողամտաբար շարժեց գլուխը.
- Ընկեր Պողոսյան, դուք ինչո՞ւ եք կարծում, որ մենք ծանոթ չենք այդ գործին։ Իսկապես փայլուն կենսագրություն ունի Սիմոն Ամիրյանը։ Հապա ինքներդ դատեցեք. նա պատանի էր տակավին, երբ լծվեց հեղափոխական մեծ գործին ու սկսեց կարդալ Մարքսի և Էնգելսի աշխատությունները։ Ստուգե՛ք, այդպես էլ գրված է։ Այնուհետև Սիմոն Մակարի Ամիրյանը կազմակերպեց Քարին տակ գյուղի մետաքսագործների գործադուլը, բայց ինչ-որ մեկը նրան մատնեց, և նա ստիպված փախավ Բաքու...
- Նշանակում է՝ չպիտի մոռանանք նրա ծառայությունները...
Քարտուղարը ծիծաղեց.
- Ընկեր Պողոսյան, պարզվում է նաև, որ դուք հումորի զգացում չունեք։ Այդ գործադուլի կազմակերպիչներից մեկն էլ եղել եմ ես։ Այդ ինչպե՞ս է, որ Սիմոն Ամիրյանին չեմ հանդիպել։ Այսքանն ի միջի այլոց, իսկ ինչպե՞ս վարվել Սիմոն Ամիրյանի հետ։

- Ի՞նչ ասեմ,- Պողոսյանը բռնեց ծնոտը։- Գո՞ւցե այս անգամ բավարարվենք նկատողությամբ։
- Եվ թողնենք իր պաշտոնին, չէ՞։ Եվ մեղադրենք այն անմեղ հարսին, որի պատիվը արատավորել է գյուղական սովետի նախագահ Սիմոն Ամիրյանը... Գուցե՞ և թաքցնենք նրա ամուսնու՝ Տիգրան Ավագյանի սխրանքներն ու կառավարական բարձր պարգևը՝ Կարմիր աստղի շքանշանը։
- Մարդուն կորցնելը հեշտ է, Վաղարշակ Կարապետովիչ։
- Թույլ տվեք իմանալ, ձեր խոսքը ներկա դեպքում ո՞ր մարդու մասին է, Ամիրյանի՞։ Գուցե՞ Քարաշենում տնկենք նրա արձանը և կոլտնտեսությունն էլ կոչենք նրա անունով։
- Դե, ես իմ կարծիքն եմ հայտնում, իմ անձնական կարծիքը։
- Եվ հաճա՞խ եք փորձում ձեր այդ անձնական կարծիքները փաթաթել ուրիշների վզին, դարձնել օրենք։ Ահա դրա համար էլ Քարաշենի կոլտնտեսության օղին թռել, հասել է Սարաշեն։ Այդ օրը, երբ ես ուզում էի Ամիրյանի հարցով խոսել ձեզ հետ, դուք Սարաշենում էիք, ճի՞շտ է։

- Վաղարշակ Կարապետովիչ...
- Չարդարանաք, ընկեր շրջգործկոմի նախագահ։ Վերջապես համբերությունն էլ սահման ունի։ Ձեզ տալիս եմ երեք օր ժամանակ՝ խորհրդակցեք Քարաշենի կոլտնտեսության ակտիվի հետ և գյուղսովետի նախագահի հարմար թեկնածու գտեք։
- Գո՞ւցե ուղարկեմ իմ տեղակալին։
- Ինչո՞ւ եք վախենում Սիմոն Ամիրյանից։
- Վաղարշակ Կարապետովիչ...
- Վե՛րջ, որոշված է։ Մի գաղտնիք էլ ասեմ՝ խնդրում եմ հույսներդ չդնեք մարզգործկոմի նախագահի վրա։
...Պինդ, շատ պինդ ընկույզ է, մուրճն էլ դրա հախիցը չի գա,- Բարթուղ Պողոսյանը ներսից փակեց իր աշխատասենյակի դուռը, սեյֆից հանեց կոնյակի շիշն ու բաժակը, քաշեց պատուհանների վարագույրները։- Ինձ սա է մնում միայն... Ընկա, այն էլ ինչպե՜ս ընկա...

15.

42-ի աշնանը երկինքն ամպոտ էր, հողը՝ խոնավ, հացը՝ բարակ։ Նամակներ, որ պիտի գրվեին, չգրվեցին։ Սմբատի Վարդերը նայեց ամուսնու լուսանկարին, լուսանկարի հետ զրուցեց. «Էդ ինչո՞ւ նամակ չես գրում։ Ուրիշները գրում են, դու չես գրում։ Ասում եմ՝ գո՞ւցե խռովել ես ինձնից։ Լավ, ինձնի՛ց ես խռովել, քո մորից ու երեխաներից ինչո՞ւ պիտի խռովես։ Հողը գլխիս, էս ինչե՞ր եմ ասում, ախր, դու խռովող չես, ա՛յ իմ աչքի լույս։ Ի՞նչ իմանամ, գուցե տեղդ նեղ է, գուցե գրում ես, նամակդ ճանապարհին է մնում։ Մենք քո նամակներով ենք ապրում, քո նամակներով ուրախանում, ցավդ տանեմ»։
42-ի աշնանը կանայք հորովել ասացին, հորովելը տխուր էր, սիրտ ու հոգի մղկտացնող։ Նախագահ Մացակը լսեց այդ սիրտ ու հոգի մղկտացնող հորովելը, ձիու գլուխը շուռ տվեց, մտավ անտառ, ձին կանգնեցրեց թեք ընկած կաղնու կողքին, իջավ, նայեց շուրջը, տեսավ ձեն-ձուն չկա, փղձկաց. «Ա՛յ կնանիք, այ կնանի՜ք, ես ձեզ ի՞նչ ասեմ, այ կնանի՜ք, ձեր մեղքի տակից ես ոնց դուրս կգամ, ա՛յ կնանիք։ Ձեր տղամարդկանց ի՞նչ պատասխան պիտի տամ, ա՛յ կնանիք»։

42-ի աշնանը Պետունց Անդրին Սիմոն Ամիրյանին չէր սպասում և այն էլ՝ իր տանը։ Ինչո՞ւ է եկել։ Կարո՞ղ է հանկարծ Վաչագանը... Չէ, հազիվ թե, Վաչագանից նոր են նամակ ստացել։ Գո՞ւցե լուսաքողարկման հարցով է եկել։ Երեկ Լուսիկը մոռացել, պատուհանները չէր փակել։ Բայց Սիմոն Ամիրյանը նման դեպքերում «մեղավորներին» գրասենյակ է կանչում։
- Բարի իրիկուն, Անդրի ապեր,- Ամիրյանը հանեց գլխարկը։- Ներկա էտապում ես ինքս եմ եկել ձեր տուն։
- Խե՜ր լինի, Մակունց Սիմոն։
- Հիմա աշխարհի խերն ու շառն ո՞վ է հասկանում։ Տեսնում ես, չէ՞, կուժն ու կուլան ուզում են գլխիս կոտրել։
- Իմ մեղքը ո՞րն է։

- Մեր գյուղի ամենաարդար մարդը դու ես։ Ժողովուրդը քեզ լսում է։ Մի՞տդ է, կոլեկտիվացման տարիներին ուզում էին քեզ էլ խայտառակել, իբր, անհարազատ էլեմենտ ես, ջաղաց ունես։ Տեսար, չէ՞, չթողեցի, անունդ ջնջեցի ցուցակից։
- Միտս է, Սիմոն Ամիրյան, անունս ցուցակից ջնջեցիր,- Անդրին ծիծաղեց:- Դա քո հորինած ցուցակն էր։ Դու շատ լավ գիտեիր, որ ես կուլակ չեմ։ Հիմա ի՞նչ ես ուզում, գուցե գնամ շենամիջում կանգնեմ, ասեմ՝ Սիմոն Ամիրյանը սուրբ հրեշտակ է, ա՛յ ժողովուրդ, եկեք կանգնենք ու պաշտպանենք այդ սուրբ հրեշտակին։ Քո մնալու և չմնալու հարցը Պետունց Անդրին չի որոշում։ Ես մի ձայն եմ։

- Խալխը քեզ է լսում։
- Բայց այդ նույն խալխը քեզ չի սիրում… Վերևներում հուպ են տվե՞լ։
- Ներկա էտապում, երբ սև գոմեշն ընկնում է, դանակավորները շատանում են։
- Սխալվում ես, Սիմոն Ամիրյան։ Եթե քո այդ ասած սև գոմեշը իսկական լծկան է եղել, ոչ մեկը դանակ չի բարձրացնի։ Դե լավ, ճակատիդ գրած չի, թե ամբողջ կյանքում գյուղսովետի նախագահ պիտի լինես։
- Մենակ նախագահ Մացակի ճակատին է գրա՞ծ։
- Դու նախագահ Մացակի հետ չչափվես։ Նախագահ Մացակն ուրիշ մարդ է, ուրիշ խմորից հունցված: Դու քո աշխատանքում քեզ չես արդարացրել։ Սխալ դուռ ես ծեծել, Սիմոն Ամիրյան։

16.

Հունվարի վերջերին ուժեղ ձյունաթափ սկսվեց, այնպիսի ձյունաթափ, որ թվում էր, թե ուր որ է ձորերը, լեռները, անտառներն ու դաշտերը կհավասարվեն, և դեմդ կփռվի մի սպիտակ, անվերջ ու անծայրածիր հարթություն։ Ճամփեզրերին ծառերի բներն են միայն սևին տալիս։ Ասես երկնքից ոչ թե ձյուն, այլ սպիտակ լռություն է հոսում անձայն, անշշուկ, անխռով։
Քարաշենցին ասում է՝ այսպիսի ձյուն մեր կողմերում մեկ էլ ե՜րբ է եղել, հա՜... Ու մտքում մտմտում է, հիշում. «Հա՜, ո՞նց չէ, միտս է, ռուս-յապոնի կռվի տարումն էր, և մեկ էլ քոսի ժամանակներում»։ Քարաշենցին ասում է՝ ձյունից օգուտ կա, ձյունը հանդերին առատություն է բերում, աշխարհին՝ խաղաղություն։

Մուշեղ ապան այդ հարցին մոտենում է քաղաքական տեսանկյունից. «Էսպիսի ձյունաթափին,- ասում է, - անպայման աշխարհի տերությունների թագավորներից մի քանիսը ձիաթափ են լինում։ Նապոլեոն Բոնապարտը ձեզ օրինակ, ձյուն-ձմռանը չէ՞ր, որ փախավ Մոսկվայից։ Փետրվար ամսին չէ՞ր, որ Միկոլայ թագավորին թախտից գցեցին։ Միտներդ պահեցեք, հերթը եկել հասել է Հիտլերին»։
Ակումբի պատից կախված բարձրախոսը, որ լռել էր պատերազմից առաջ, ասես հաստատեց Մուշեղ ապայի խոսքը։ Սկզբում լսվեցին խզխզոցներ ու սուլոցներ, ինչ-որ տեղ ալիքները խառնվեցին իրար, և ապա՝ «Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն։ Խոսում է Մոսկվան...»։ Մոսկվան հեռուներից եկավ ու մոտեցավ, կուրանտներն իրենց զարկերով մի անգամ ևս հաստատեցին, Մոսկվան եղել է ու կա։ Լևիտանի ձայնը երբեք չէր հնչել այդքան խրոխտ ու հաղթական, տոնական ու հանդիսավոր։ Երկու հարյուր ցերեկ ու գիշեր շարունակվող ստալինգրադյան ճակատամարտն ավարտվեց Կարմիր բանակի հաղթանակով։ Ոչնչացվել է 147 հազար հիտլերյան զինվոր ու սպա, 91 հազար զինվոր ու սպա ֆելդմարշալ Պաուլյուսի գլխավորությամբ գերի է հանձնվել։

Նախագահ Մացակը ձյան տակ կանգնել, շունչը պահած, բառ առ բառ կլանում է հաղորդավարի խոսքերը։ Բառերն էլ ասես բառեր չեն, փողից պոկված գնդակներ են, չէ՛, ի՞նչ գնդակներ, արկեր են՝ արձակված հրանոթներից։ Գեներալ-ֆելդմարշալ Պաուլյուսը գերի է հանձնվել։ «Գերմանիա, ո՞ւր ես գլորվում այդպես»։ Բանաստեղծը որքա՜ն դիպուկ է ասել։ Գերմանիան գլորվում է։ Այսինքն՝ Հիտլերի, Հիմլերի, Գյորինգի, Ռիբենտրոպի Գերմանիան, ֆաշիստական Գերմանիան։
Նա մոտեցավ ակումբի բակում հավաքված ամբոխին։ Մեծամասամբ երեխաներ են ու կանայք, մի քանի ծերունի։ Դպրոցի դիրեկտոր ընկեր Ազնիվը հուզմունքից խոսք չէր գտնում, լալիս էր ու ծիծաղում, և այդպես էլ կանգնեց քարե աստիճանին, ոտանավոր արտասանեց։
«Բայց ես ինչո՞ւ եմ կանգնել, ո՞ւմ եմ սպասում, խոսք պիտի ասել, ոգևորել մարդկանց,- մտածեց նախագահը։- Սա այն հիշարժան օրն է, որ չպիտի մոռացվի երբեք»։

- Խոսի՛ր, նախագահ Մացակ,- Մուշեղ ապան բռնեց նրա թևը։- Ժողովուրդը կարոտ է լավ խոսքի։
- Նախագահ Մացակ, ո՞ւմ ես սպասում,- ասաց Աղունը։- Որ դու չխոսես, ո՞վ պիտի խոսի։
- Նախագահ Մացակը խոսում է, ժողովուրդ,- ձեռքը բարձրացրեց Անդրին, ու ինքն էլ բացեց հանպատրաստից միտինգը.
- Խոսքը տրվում է Քարաշենի «Առավոտ» կոլտնտեսության նախագահ ընկեր Մացակ Հովսեփյանին։
Նախագահ Մացակը հանեց գլխարկը, սեղմեց բռան մեջ ու խոսեց.
- Ահա և արմատական շրջադարձի սկիզբը։ Թող հիմա ֆաշիստական Գերմանիան սուգ հայտարարի։ Այդ սուգը պիտի հայտարարվեր դեռ այն ժամանակ, երբ քսաներորդ դարի աշխարհի ամենամեծ մոլագարն իր բանակները նետեց մեր երկրի վրա։ Կգա օրը, մարդասպանները կկանգնեն աշխարհի ժողովուրդների արդար դատաստանի առաջ…

...Անաստաս Սահրադյանը ենթարկվեց երեք տարվա ազատազրկման։ Նա դատարանին չասաց իր վերջին խոսքը։ Վերջին խոսքը պահել էր Սիմոն Ամիրյանի համար, և նրան գրեց. «Ես ձեզ չմատնեցի, որովհետև հույս ունեմ, որ ինձ կփրկեք։ Հակառակ դեպքում, Ամիրյան Սիմոն, կարող եմ առանց քեզ և առանց Բարթուղի այստեղ ձանձրանալ։ Ես ձեզ փրկել եմ, դուք էլ պարտավոր եք ինձ փրկել։ Եթե ես գող եմ, դուք համ գող եք, համ ավազակ։ Ես երեք տարի եմ շալակել, այնպես արեք, որ դուք տասներեք տարի չշալակեք։ Միտներդ պահեք, ձեր բախտն ինձնից է կախված։ Ա. Սահրադյան»։
Սիմոն Ամիրյանն այս նամակը ստացավ ճիշտ այն օրը, երբ գործերն արդեն  հանձնել էր գյուղսովետի նոր նախագահին՝ Պետունց Անդրու հարսին՝ Լուսիկին։ Անաստասի նամակը գցեց Ամիրյանի առանց այն էլ ընկած տրամադրությունը, և ժամանակ չկորցնելով, նստեց ձին, շտապեց շրջկենտրոն՝ Բարթուղ Պողոսյանի մոտ։ Պողոսյանը կարդաց Անաստասի նամակն ու հարցրեց.
- Ի՞նչ է, սպառնո՞ւմ է։

- Այսօր սպառնում է, վաղն էլ կկատարի իր սպառնալիքը,- չարացած նետեց Ամիրյանը։- Ականջիդ օղ արա, առաջինը դու կկորչես...
- Ես իմ պատիժն արդեն ստացել եմ՝ վտարում պաշտոնից և կուսակցական տույժ։
- Այնուամենայնիվ, նշանակել են բանջարաբուծական բրիգադի բրիգադավար։
- Ձեռքինս բահ է։ Դու կյանքում բահ ես բռնե՞լ։ Բա որ ձեռքերդ կոշտանան, կոշտացած ձեռքերով ինչպե՞ս պիտի շոյես կնոջդ մախմուր թևերը։ Սկի կթողնի՞, որ մոտենաս։
- Լսի՛ր, Սիմոն, այդ օղու գողության մեջ քո մատն էլ է խառը, չէ՞։
- Ես, Բարթուղ Ամիրբեկովիչ... Այո, Ամիրբեկովիչ... Ինչո՞ւ ես աչքերդ էդպես չռել, գուցե մոռացել ես քո իսկական հոր անունը։ Ուրեմն, Բարթուղ Ամիրբեկովիչ, ես կատարել եմ քո կարգադրությունը։

- Ես այդպիսի կարգադրություն չեմ արել։
- Վկաներ ունեմ։ Բարխուդարը՝ մեկ, Սահրադյանը՝ երկու, Սարգիս Բալայանը՝ երեք։ Երեքը հերիք չէ՞։
- Դու սրիկա ես,- Պողոսյանը ձեռքը տարավ դեպի թանաքամանը։- Սրիկա ես, խաբեբա, ժուլի՛կ...
- Հանգիստ, Ամիրբեկովիչ, այդ թանաքամանը դեռ քեզ պետք կգա։ Եթե ես սրիկա եմ, դու ավելի մեծ սրիկա ես։ Աշխարհի բոլոր սրիկաների մեջ տարբերություն կա։ Վերևներում կարող ես ծանոթներ գտնել։ Շրջգործկոմի նախագահ ես, խոսքդ եթե շրջկոմում գին չունի, մի ուրիշ տեղ գին պիտի ունենա։ Սահրադյանը չի կատակում։ Հարց ունե՞ս։

- Ունեմ:
- Խնդրում եմ չերկարացնես, ես հիմա բրիգադավար եմ, եթե ինձ չարդարացնեմ, Մացակ Հովսեփյանը պոչս կքանդի։
- Ի՞նչ ես ուզում ինձնից։
- Է՞դ է հարցդ:
- Այո։
- Ուզում եմ մի անգամ էլ հասկացնել, որ դու ինձնից կախված ես։ Հա, ամենակարևորը չասացի, տեսնո՞ւմ ես, ժամանակները խառն են, պիտի ապրեմ, չէ՞... Ես իմ բաժինն եմ ուզում։ Այսքա՛նը...
Դրսում ձնհալ է։ Սառցե լուլաները շենքերի քիվերից ու ջրհորդաններից պոկվում և գետնին հայելու պես փշրվում են։ Փողոցներն ու մայթերը ողողվել են ձյունաջրերով։ Հարավից տաք քամի է փչում, գարնան քամի։

Ամիրյանը խթանեց ձին, կտրեց կենտրոնական փողոցը, կարճ ճանապարհով դուրս եկավ շրջկենտրոնից։ Դաշտերում ձյունը դեռ կանգնած է։ Երկու շաբաթ հետո կսկսեն գարնան դաշտային աշխատանքները։ Բայց Ամիրյանին հիմա ուրիշ հարց է հետաքրքրում՝ Բարթուղ Պողոսյանը կարո՞ղ է կալանքից ազատել Անաստասին։ Նա հասկանո՞ւմ է գործի լրջությունը։ Իսկ Հեղինեն, այդ սիրուն ջադուն, այդ նախշուն գյուրզա օձն ինչո՞ւ է իրենից երես թեքել։ Հիմա ո՞նց կլինի, գնա մազերից բռնի ու ասի՝ Հեղինե, ա՛յ սիրուն ջադու, դու որքան Բարթուղի կնիկն ես, էնքան էլ իմ կնիկն ես։ Լակոտիդ նայիր, անունն ի՞նչ է՝ Մարա՞տ... Քո էդ Մարատ լակոտի քիթն ո՞ւմ քիթն է, աչքերն ո՞ւմ աչքերն են, բերանն ո՞ւմ բերանն է, մազերը, ճակատը, ականջները... Իսկ Աննան չցանկացավ Սիմոն Ամիրյանից երեխա ունենալ։ «Արյունդ կեղտոտ է, Սիմոն,- ասաց,- վախենում եմ պտուղը ծառից հեռու չընկնի։ Ես ինքս քեզ անիծում ու պատժում եմ. որ մեռնես, թող ետևիցդ «հայրիկ, հարա՜յ» կանչող չլինի։ Թող մեր այս քարաշատ Քարաշենում շիրմիդ քար դնող չլինի…»:

Սիմոն Ամիրյանը հիշեց Սիրանին։ Սիրանը քաղցր երազ էր, այդ քաղցր երազը վատ վերջացավ։ Աղունն արեց, Աղո՛ւնը, հնձվոր Գալուստի լաչառ Աղունը։ Չէ՛, դա Սիրանի հարվածը չէր, Աղունի մահակն իջավ իր կարկաժին, ուսերին, ոտքերին, մեջքին, թևերին։ Լաչառը ոնց-որ շուն էր ծեծում։ Սիրանն այդպես չէր կարող խփել, Սիրանին այդքան չարություն որտեղի՞ց։
Ձին ձորաբերանին գայթեց։ Ամիրյանը մտրակն իջեցրեց ձիու գավակին ու հայհոյեց։ Չէ, ձիուն չհայհոյեց, ձին ձի է, իր ձիությունն է անում։ Հայհոյեց Բարթուղ Պողոսյանին, նախագահ Մացակին, գյուղսովետի նախագահ Լուսիկին, Աղունիկին, Աննային, Սիրանին... Հայհոյեց նաև իրեն, որ բուի նման մենակ է մնացել, իր տան մեջ անտուն է։ «Ախմախ,- մի անգամ էլ մտրակեց ձիուն, և այդ «ախմախն» էլի իրեն էր վերաբերում,- մթամ աշխարհից ի՞նչ պիտի տանես։ Ուզում էիր նախագահ Մացակին թամբից գցել, դո՛ւ թամբից ընկար։ Ուզում էիր քո «փայլուն անցյալով» աթոռդ ամուր պահել, և շրջկոմի քարտուղար Սահակյանն այդտեղից էլ բռնեց. «Ներեցեք, ընկեր Ամիրյան,- ասաց,- դու այդ ինչպե՞ս ես Քարին տակ գյուղի մետաքսագործների գործադուլը ղեկավարել, երբ այնտեղ քեզ չեմ տեսել»։

Ուզում էի… Ա՛յ ձի, ա՛յ հիմար անասուն, բա դու ի՞նչ ես ուզում, որ շարունակ կամ խրտնում ես, կամ սայթաքում ես։ Մի ասա, տեսնեմ՝ ի՞նչ դարդ ու ցավ ունես։ Չլինի՞ դու էլ ես իմ դեմ։ Հիմա որ մի լավ մտրակով կողերդ դաղեմ, չե՞ս բողոքի, թե՝ գյուղսովետի նախկին նախագահ Սիմոն Ամիրյանը հանրային անասուններին խորթ աչքով է նայում, ուրեմն՝ հակա է։
Ամիրյանը ձին տարավ ախոռ, ձիապան Հասրաթին խեթ-խեթ նայեց ու ասաց.
- Էս յաբո՞ւն է մնացել, որ տակիս դնեք։ Ուրեմն, որ գյուղսովետի նախագահ չեմ, բրիգադիր եմ, ձիս յաբու պիտի լինի՞։

17.

Լուսիկը տեսավ նախագահ Մացակին, փղձկաց.
- Ախր, ո՞նց կլինի, ընկեր Հովսեփյան, մի օրում չորս ընտանիքում սուգ է:
- Ուրեմն, հայտնե՞լ ես։
- Ինձ այդքան սիրտ որտեղի՞ց։ Զանգեցի զինկոմին, ասացի՝ կին եմ, դա իմ ուժերից վեր գործ է, չեմ կարող, օգնեցեք։ Նա հասկացավ ինձ, մարդ ուղարկեց... Մի օրում չորս սուգ…
- Ծանր է, հասկանում եմ,- նախագահ Մացակր շարժվեց դեպի դուռը։- Ծանր է, բայց պիտի դիմանալ։ Այ, ես էլ հիմա մտածում եմ՝ գնամ Վարդերին ի՞նչ ասեմ, Մարտիրոսի հորն ի՞նչ ասեմ, Հովսեփի մորն ի՞նչ ասեմ, ես ինձ ի՞նչ ասեմ։ Ասեմ՝ ընկան հերոսաբար, նրանց հիշատակը մեր սրտերում միշտ վառ կպահենք։ Խոսքով սիրտ չես հովացնի։ Բայց դե, միևնույն է, այդ խոսքը հարկավոր է, հարկավոր է ոչ թե նրանց, որ չկան, այլ նրանց, որ ապրում են ու պիտի ապրեն։ Խոսքը ապրողների համար է։ Ես գնամ։

...Հեռախոսը զնգաց։ Շրջգործկոմի նախագահն էր։
- Ողջույն, Մացակ Հարությունովիչ։ Ա՛յ մարդ, ինչո՞ւ ձեն չես հանում։ Հա, գիտեմ, տեղյակ եմ, ձեզ մոտ գործերը վատ չեն գնում։ Տրամադրությունդ պիտի որ բարձր լինի։
- Ինչո՞վ բարձր լինի, գյուղը սգատուն է դառել։
- Իսկ ի՞նչ է եղել:
- Մի օրում չորս ծանուցագիր…
- Ցավում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել... Ի դեպ, բանջարաբուծականում գործերն ինչպե՞ս են գնում։
Մացակը զայրույթից եփ եկավ։ Դու հենց այդտեղից էլ պիտի սկսեիր։ Երևի գիտի, որ Սիմոն Ամիրյանը բրիգադավար է նշանակվել, պոչ է խաղացնում:

- Չեմ շտապում ժամանակից շուտ կարծիք հայտնել։
- Դա ինչպե՞ս հասկանալ, Մացակ Հարությունովիչ։
- Բանջարանոցում գարնան-դաշտային աշխատանքները նոր են սկսվում:
- Կոլտնտեսության նախագահը հեռատես պիտի լինի։
- Եվ ոչ միայն կոլտնտեսության նախագահը...
- Ուզում եք ասել՝ նաև վերադասը,- Պողոսյանը ծիծաղեց,- և իհարկե՝ առաջին հերթին կուսակցության շրջկոմը։
- Ինչպես նաև շրջանային գործադիր կոմիտեի նախագահը,- բառերը մեկ-մեկ շեշտեց նախագահ Մացակը։- Լավ կլինի, որ միանգամից հարցնեիք՝ ինչպե՞ս է զգում իրեն Սիմոն Ամիրյանը։

- Ես Ամիրյանի հարցում ձեռքերս վաղուց եմ լվացել։
- Չեմ հավատում։
- Ինչո՞ւ չեք հավատում։
- Որովհետև ճիշտ չեք ասում։
- Ի՞նչ է, պատերազմ եք հայտարարո՞ւմ, ընկեր Հովսեփյան։
- Ոչ, ես ուզում եմ վերջ տալ նման պատերազմներին, որպեսզի հետագայում չհայտարարեք, թե հիմա էլ Մացակ Հովսեփյանը Սահակյանի աքիլլեսյան գարշապարն է…
- Դուք իրավունք չունեք ինձ հետ այդ ձևով խոսելու։
- Իսկ ձեզ ո՞վ է իրավունք տվել, որ Անաստաս Սահրադյանի հարցով միջնորդներ եք ուղարկում ինձ մոտ։ Դա ի՞նչ բանակցություններ են, չեմ հասկանում։

Նախագահ Մացակը կախեց ընկալուչը, ծխախոտ վառեց։
Ծանր օր է։
Ծանր օր է, ծանր ամպ է նստել Շաղասարին։ Տուն կա՞, որ լաց չունենա, արցունք չունենա, լաց ու արցունքին խառնած հույս ու կարոտ չունենա։
1944-ի մարտի ութին Աղունն ասաց.
- Կնանի՜ք, ա՛յ կնանիք, դուք հո գիտեք, որ մենք 1941-ի հունիսից տղամարդիկ ենք։ Դե որ տղամարդիկ ենք, եկեք մարտի ութը տղամարդու նման տոնենք։ Տղամարդու նման կենացներ խմենք, տղամարդու նման երգենք, տղամարդու նման պարենք։
1944-ի մարտի ութին զուռնաչի Ակուն ակումբում զլեց իր զուռնան, տրակտորիստ Նոյեմը դհոլը տղամարդու պես սեղմեց թևի տակ, գյուղսովետի նախագահ Լուսիկը «Լեզգինկա» պարեց։ Տղամարդու պես պարեց՝ խրոխտ ու առնական։ Ընկեր Ազնիվը ոտանավոր արտասանեց. «Գերմանիա՜, ո՞ւր ես գլորվում այդպես...»:

Մուշեղ ապան նույնպես խոսք ուներ ասելու, բեմ բարձրացավ, հանեց գլխարկն ու ասաց. «Կնանիք, ա՛յ տղամարդ կնանիք, Մուշեղ ապան ձեր ցավը տանի, դուք էդ ի՞նչ կնանիք եք»։
1944-ի ապրիլին Պետունց Անդրու սավառնորդ Վաչագանը մի քանի օրով արձակուրդ եկավ՝ կուրծքը զարդարված շքանշաններով ու մեդալներով։ Վաչագանն իր հոր տղան է՝ խոսքը՝ կատակ, ծիծաղը՝ կատակ, կատակը՝ կատակ։ «Մուշեղ ապա,- ասաց,- գնում եմ Բեռլինի վրա: Բեռլինից քեզ համար ի՞նչ ուղարկեմ»։ Մուշեղ ապան բեղի տակ ժպտաց. «Թե կարաս, մի շուն ուղարկիր»։ «Շունն ինչի՞դ է պետք, Մուշեղ ապա, ի՞նչ է, մեր գյուղում շուն չկա՞»։ «Մուշեղ ապան քո ցավը տանի, որ մեր շան անունը Հիտլեր դնեմ, շունը չի՞ նեղանա»։ 1944-ի մայիսին բոստանչի Գալուստը, սնայպեր Գալուստը, որ պատերազմի առաջին օրերին հրացանը բահի պես էր բռնում, մի ոտքով եկավ։

Նախագահ Մացակը ֆուրգոն ուղարկեց շրջկենտրոն՝ բոստանչի Գալուստին բերելու։ Ֆուրգոնչին Պետունց Անդրին էր, եկավ այնպիսի շախով-շուխով, կարծես բոստանչի Գալուստը նորափեսա է, գնում է նորահարսին տեսության: Իբր չնկատեց Գալուստի կտրած ոտքն ու հենակները, սկսեց պատմել, թե Բաղդասարն ինչպես եկավ արձակուրդ, հետո Մուշեղ ապայի մասին պատմեց։
Կանայք եկան հավաքվեցին թթենու տակ, ասացին.
- Բարով ես եկել, բոստանչի Գալուստ։ Լավ նայիր, տես քո թողած բոստանները ո՜նց ենք պահում։ Տեսնո՞ւմ ես, սրանք ռեհանի լաքերն են, էս կողմինը՝ մաղադանոսի ու գինձի լաքերը, պոմիդորի սածիլները բռնել են։
- Ապրեք, կնանիք,- Գալուստի հոնքամեջը բացվեց,- բա ինչո՞ւ Թեղուն դոշը խամ եք թողել։
- Աշխատող ձեռքը չի հերիքում։

Որտեղի՞ց եկավ Սիմոն Ամիրյանն ու տնկվեց կանանց կողքին։ Չէ, չտնկվեց, մոտեցավ ու ձեռքը մեկնեց Գալուստին.
- Բոստանչի Գալուստ, ես անձամբ ուրախ եմ, որ ներկա էտապում քեզ տեսնում եմ ողջ և առողջ։
Գալուստի դեմքին նորից սև ամպ իջավ։
- Ուրախ ես, հա՞, Սիմոն Ամիրյան... Մի՞տդ է, էն որ ասում էիր. «Դեռ շա՜տ տղամարդկանց փափախներ կմնան պատերի ճակատից կախված»։ Միտդ է, չէ՞... Ա՛յ ես քո...
Գալուստը հենակը բարձրացրեց, Ամիրյանը ետ-ետ գնաց ու դարձավ Պետունց Անդրուն.
- Տեսա՞ր, Պետունց Անդրի, Գալուստ Ադամյանն ինձ փորձեց խփել։
- Տեսա, բա չտեսա՞,- Անդրին բարձրացրեց մտրակը.- Ա՛յ ձիեր, գնացինք:

Բանջարանոցները մնացին ետևում։ Անդրին շրջվեց, նայեց Գալուստին ու ծիծաղեց.
- Վա՜յ, բոստանչի Գալուստ, սնայպեր Գալուստ... Եվ դեռ հարցնում ես՝ մի ոտքով ի՞նչ եմ անելու։ Մի ոտքով Սիմոն Ամիրյանին ծեծելու ես։
Հնձվոր Գասպարը եկավ՝ թևի մեկը դատարկ, և նա վաղուց գիտեր, որ մի ձեռքով հունձ չեն անում, խուրձ չեն կապում, բայց հնարավոր է մաճ բռնել, նախիրը հանդ քշել, շոյել անձրևի և արևի տակ Աղունի կոշտացած մազերն ու ասել. «Աղունիկ, դու տղամարդ կնիկ ես»։
Գասպարը քայլեց արտամիջյան կածանով, որ լսի հասկերի խշշոցը, ափի մեջ ցորենի հասկը տրորի, մղեղը քամուն տա, ծանր հատիկներից հոտ առնի ու ասի. «Հողդ ի՜նչ հող է, ջուրդ ի՜նչ ջուր է, քարդ ի՜նչ քար է, Քարաշեն։ Մեռնե՜մ քո հողին, մեռնե՜մ քո ջրին, մեռնե՜մ քո քարին, Քարաշեն»։

Ոչինչ չի փոխվել կարծես, ճամփեզրերին, խոտերի մեջ նույն լորերն են երգում, դեղձանիկները ճստճստում են թփուտներին, արտույտներն այնպես են զանգակների պես ղողանջում, կարծես աշխարհում ոչ արկերի պայթյուն կա, ոչ հրանոթների դղրդոց, ոչ ռումբերի որոտ... Բա՜րձր, կապույտ երկնքում լեռնարծիվը թևերը տարածել է, ձորում խշշում են բարդիները, թեթև քամին, որ եկել է Շաղասարից, սանրում է արտերի դեղին մեջքը։
Աղունը գիտեր, որ Գասպարը կգա մի ձեռքով, աչքը ճամփին էր։ Նա ձորի գլխից տեսավ հնձվոր Գասպարին, քամու բերանին փռփռացող նրա բլուզի թևն ու կանչեց.
- Կնանի՜ք, այ կնանի՜ք, Գասպարս գալի՜ս է, Գասպա՜րս...
Նա վազեց ու գրկեց ամուսնուն, և որովհետև ուրիշների ներկայությամբ կյանքում առաջին անգամ էր համբուրվում, տասնութամյա աղջկա նման շիկնեց.
- Կնանի՜ք, լավ արտեր եք աճեցրել,- Գասպարը բլուզի դատարկ թևքը դրեց զինվորական հաստ գոտու տակ:- Ա՛խ, կնանիք, կնանիք, մեռնեմ ձեր ձեռքերին, մեռնեմ ձեր խելքին, մեռնեմ ձեր բերքին...

Աղունը հիշեց, որ 41-ի ամռանն օղու շիշը խցանել ու դրել էր թեղու փչակում, ձեռքը մեկնեց, գտավ շիշը, շշի կողքին՝ բաժակը, հանեց խցանը, լցրեց բաժակն ու մեկնեց ամուսնուն.
- Գասպար, օրհնանքի խոսք ասա։
Հնձվոր Գասպարը օրհնանքի խոսք ասաց.
- Այ կնանի՛ք, ձեր նամուսի կենացը։
Սեպտեմբերի մեկին մի կապուտաչյա, ջահել ու սիրուն ուսուցչուհի դասամատյանը թևի տակ մտավ դասարան, բարևեց ու ասաց.
- Ես այսօրվանից ձեր ռուսաց լեզվի ուչիտելնիցան եմ... Ինձ ասեք Նատաշա Ալեքսանդրովնա, լա՞վ...

Աշակերտները միաձայն պատասխանեցին.
- Խորոշո՜...
Հնձվոր Գասպարի տղան թեքվեց Պետունց Անդրու թոռան ականջին ու շշնջաց. «Հորաքույր Աննայի հարսն է, մայոր Արամ Ամիրյանի կինը։ Հիմա Արամ քեռիս Բեռլինի վրա է գնում»։
Պարտիզան Տիգրանը միայն երեք օրով եկավ արձակուրդ։ Սիրանը զույգ ձեռքով փակեց դեմքն ու ասաց. «Տիգրան, ցավդ տանեմ, ես քեզ արժանի չեմ, դու ինձանից բարձր ես, շատ ես բարձր»։ Տիգրանը շոյեց կնոջ մազերն ու շշնջաց. «Դու մեղավոր չես, Սիրան։ Պատերազմն է մեղավոր»։

18.

Մի ամառ էլ անցավ՝ տաք ու փոշոտ, հոգնած ու վաստակաբեկ, անձրևի ծարավ ամառ։ Հողը ճաքճքեց, կնճռոտվեց արեգակի բարկ շողերից, ձորում ջրաղացը ջրի պակասությունից լլկվեց։ Կալերում հոգնած եզներն իրենց վերջին հաշանի հարդը տվեցին քամուն, սայլերը ճռնչալով բռնեցին մթերման կետի ճանապարհը, կալերում տիրեց լռություն։
Եկավ աշունը, և իր գույնզգույն կտավները խփեց դաշտերին, լեռներին ու անտառներին, կռունկների երամը ձգվեց երկնքով, սարյակները մի վերջին անգամ պտտվեցին այգիների վրա ու բռնեցին հարավի ճանապարհը։ Աշնանն ուրիշ հմայք ունեն քարաշատ Քարաշենի բանջարանոցները՝ ի՜նչ ռեհան, ի՜նչ մաղադանոս, ի՜նչ գինձ… Մեկը մյուսից անուշահոտ, ցողոտ ու շաղոտ, և երբ թափահարում ես ռեհանի փունջը, ասես ճերմակ ադամանդներ են թափվում նրա վարդագույն թևերից։ Ջուրը գլգլում է ածուների մեջ, ծփծփում ու ծիածանվում, դեղձենիներից հասած դեղձերը ուշաթափված ընկնում են առվի մեջ, օրորվելով գնո՜ւմ, գնում...

Բայց հիմա Սիմոն Ամիրյանին ոչ ռեհանի ածուներն են հետաքրքրում, ոչ հասած դեղձերը, ոչ էլ գերանդու կարոտ խամուտի մախմուր խոտը։ Անցան այն երանելի ժամանակները, երբ խրոմե սապոգները ճռճռացնելով անցնում էր գյուղամիջով, և նրա երկար շվաքից ավելի շատ վախենում էին երեխաները, իրար հրմշտելով ծակ ու ծուկ մտնում։ Դա դուր էր գալիս Սիմոն Ամիրյանին՝ թող լակոտները վախենան իրենից, վախը հարգանք ու պատիվ է դեպի մեծը։
Անցան այդ ժամանակները։ Հիմա փոստատար Ռուբենի կինը կարող է բահը դնել իր բրիգադավարի ձեռքին ու ասել. «Ի՜նչ է, դու մեզ վրա իշխանավո՞ր ես, տեսնում ես, չէ՞, լոբուտը չորանում է, գնա ջրի»։

Այդպես ձիերը կարող են միայն զգալ տեղի ունենալիք ստորերկրյա ցնցումը և սմբակներով դոփել գետինը։ Գիշերը նա քնեց անհանգիստ։ Ամեն անգամ, երբ ուզում էր փակել աչքերը, ականջին էր հասնում Անաստաս Սահրադյանի ձայնը. «Դու այդ ինչո՞ւ ես քնում։ Հիշի՛ր, քո բախտը, Բարթուղի բախտը իմ ձեռքին է։ Ես սպասում եմ ձեզ։ Ինչո՞ւ ես պատժվեմ, դուք անպատիժ մնաք։ Չէ՞ որ ձեր գործած մեղքերն ավելի շատ են։ Ես միայն գող եմ, իսկ դուք՝ հանցագործներ։ Քրքրե՞մ ձեր մութ անցյալը...»:
Ամիրյանին մի պահ թվաց, թե պատուհանի տակ, դռան ետևում ինչ-որ մարդիկ են կանգնած։ Շունչը պահեց, ականջ դրեց։ Կատուներ են, ղռվռտում են, կլավ-կլավ գալիս։
Նա հագավ շորերը, իջավ նկուղ, լուցկի վառեց։ Որտե՞ղ է թաքցրել ատրճանակը։ Ահա այստեղ է՝ կողովի մեջ: Բացեց բրեզենտե փաթեթը, զենքը ձեռքում շուռումուռ տվեց, դրեց գրպանում։

Գյուղը խաղաղ քնած է, շուտով կբացվի լույսը։ Ու ոչ մի վերադարձ։ Վերադարձ չկա։ Վերադարձի ճանապարհները վառված են։ Այս տունը, այս բակը, փողոցը, ծառերը, քարերը օտար են։ Վերադարձ չկա, դա բացառված է:
Ժամը յոթին կլինի շրջկենտրոնում, կարթնացնի Բարթուղ Պողոսյանին ու կասի. «Բարթուղ, սա մեր վերջին հանդիպումն է»։
Նա ետևում թողեց գյուղը։ Բարձրացավ ծանոթ աստիճաններով, դուռը կամաց ու զգույշ ծեծեց։ Դեմը կանգնեց Հեղինեն՝ կիսազարմացած, կիսահեգնանքով, կիսաժպիտով, կիսակասկածանքով.
- Ի՞նչ ես ուզում։
- Հյուրին ընդունում են և հետո հարցնում։
- Այս ժամին ի՞նչ հյուր։
Հեղինեն նրան ներս թողեց, դուռը ետևից կողպեց։
- Ձերդ գերազանցությունը դեռ չի՞ արթնացել։

Հեղինեն խեթեց հայացքը։
- Դու ոչինչ չե՞ս լսել։ Ամեն ինչ արդեն վերջացած է։
- Ի՞նչն է վերջացած։
- Դե ի՞նչը, ի՞նչը,- չարացած գոչեց Հեղինեն,- դրաման, կոմեդիան, ողբերգությունը...
- Ես Բարթուղի հետ գործ ունեմ։
- Ուշացել ես, Սիմոն Ամիրյան։ Բարթուղն ազատված է աշխատանքից:
- Ուրեմն՝ Անաստաս Սահրադյանը...
- Այո, Անաստաս Սահրադյանը...
- Ուրեմն՝ Բարթուղին չե՞մ կարող տեսնել։
- Կարող ես, բայց ոչ այստեղ։ Երևի դատարանում։

- Այդպե՜ս,- Ամիրյանը մոտ քաշեց աթոռը, բայց չնստեց, բռնեց թիկնակից, կանգնեց այդպես մի պահ, հետո շրջվեց ու դուրս եկավ։ Իջավ գետափ, քայլեց գետափնյա փողոցով, մտավ անտառ, նստեց կտրած ծառի կոճղաբնին, փորձեց մի անգամ էլ վերհիշել իր անցած ճանապարհը։ Մտքերը թելերի պես խճճվեցին ուղեղում։ Հիշե՞լ, ինչո՞ւ հիշել, ո՞ւմ համար հիշել, երբ այդ անցած ճանապարհի հետքերը կջնջի ժամանակը։
Նա ձեռքը տարավ դեպի գրպանը, շոշափեց զենքը, մարմնով սարսուռ անցավ։ Ի՞նչ է մտադիր անելու, ինչո՞ւ է զենքը վերցրել իր հետ։ Ինքնասպանությո՞ւն... Իր մահվան համար ո՞ւմ պիտի մեղադրեն։ Մեղավորն իր մահով ոչ մեկին չի կարող մեղադրել։
Նա փակեց աչքերը, որ չտեսնի մետաղի սառը փայլը, մատներով շոշափեց թմբուկը, մատը տարավ ձգանին ու մռլտաց. «Քոնն էլ այստեղ վերջացավ, Սիմոն Ամիրյան»։

19.

Եղավ նոր ձմեռ ու գարուն։ Դաշտերի ու լեռների սպիտակ լռությունը ջարդվեց զնգոցով։ Շաղասարի կաքավներն իջան ու իրենց սաղմոսը երգեցին Աևաձորի արևկող ժայռերի տակ, թխլիկ սարյակները տանիքների քիվերին զլեցին իրենց սրինգները։ Չախմախասարում որոտացին ամպերը, կայծակը վերից վար ձևեց երկինքը, մարգարտահատիկ անձրևը տեղաց ցորենի, գարու, հաճարի արտերի վրա։ Եվ ինչպես միշտ, անձրևից հետո, ծիածանն իր մի ոտքը դրեց Շաղասարի զմրուխտ գագաթին, մյուս ոտքը՝ Դովթալաբ սարի կանաչ հոնքին և կապեց իր ոսկե աղեղը։
- ժողովո՛ւրդ, էս ծիածանը խաղաղության ծիածան է,- ասաց Մուշեղ ապան,- հլա մի լավ նայեցե՜ք, կանաչ ու կապույտ գույները ոնց են խառնվել իրար։ Կանաչը առատություն է, կապույտը՝ խաղաղություն։

Նախագահ Մացակն այդ օրն իրեն լավ էր զգում՝ սրտից չէր բողոքում, ոտքը չէր նեղում։ Այնուամենայնիվ, զգում էր, որ սրտի այդ անդորրը փոթորիկ ունի պահած իր մեջ, ինչպես երկինքը՝ անձրևի նախօրյակին։ Դա տագնապալից անդորր էր։
Մի շաբաթ առաջ բժիշկը եկավ տեսության։ Շրջկոմի քարտուղարն էր ուղարկել։ Բարձրահասակ, խիտ հոնքերով, վաթսունի մոտ, բավականին աշխույժ ու կայտառ մարդ էր։ Ծիծաղելով ու կատակով զննեց հիվանդին, ինչ-որ դեղեր առաջարկեց ու ասաց.
- Էս սրտով կարելի է մի քսան տարի էլ յոլա գնալ»։ Նախագահ Մացակը դուռը փակեց, որպեսզի կինը չլսի. «Բժիշկ, կարո՞ղ եմ դիմանալ մինչև հաղթանակի օրը։ Ես հասկանում եմ, բանս բուրդ է, և դուք դա թաքցնում եք… Այդպես է ձեր մասնագիտությունը։ Խնդրում եմ չվիրավորվեք»։

Բժիշկը թաշկինակով սրբեց ակնոցների ապակիները, քայլեց սենյակում, գլուխը շարժեց.
- Դա արդեն կախված է նաև ձեզանից։ Իսկ հաղթանակը հեռու չէ։ Ձեզ հարկավոր է կազմակերպված, նորմալ հանգիստ։ Բոլոր դեպքերում՝ լավատեսությունն օգտակար է։
Նա արթնացավ վաղ առավոտյան, երբ երկինքը դեռ նոր էր շառագունել: Մի բաժակ կաթ խմեց, կնոջ հարցական հայացքին կատակով պատասխանեց.
- Մարո, ես հիմա ապրում եմ իմ երկրորդ ջահելությունը։ Պինդ ոսկոր եմ, բժիշկն այդպես էլ ասաց։ Սրտիս հետ արդեն լեզու եմ գտել։ Գնամ մի քիչ թարմանամ։ Շատ պառկելուց օգուտ չկա, կժանգոտվեմ։ Ժանգոտված պողպատը շուտ է քայքայվում։ Դու քիմիայի ուսուցչուհի ես, պիտի իմանաս։ Ես կյանքում ամենից շատ ժանգոտվելուց եմ վախենում։
- Միայն չմրսես,- Մարոն ժպտաց թախծոտ։- Դու լավ գիտես, գարուն է, եղանակները խաբուսիկ են։

«Ինչպես իմ սիրտը,- նախագահ Մացակը ամրացրեց պրոթեզը, ձգեց կաշվե կապիչները։- Հարկավոր է գործերը կարգավորել, խոսել բրիգադավարների հետ, հասկացնել, որ այս տարվա հունձը միանգամայն ուրիշ հունձ է՝ հաղթանակի ու խաղաղության հունձ։ Իսկ ո՞վ կփոխարինի ինձ։ Զարմանալի է, մինչև հիմա ես այդ մասին չեմ մտածել։ Գուցե ֆերմայի վարիչ Արսե՞նը։ Նա աշխատանքի մեծ փորձ ունի, երկար տարիներ բրիգադավար է եղել, գլուխ կհանի։ Չզանգե՞մ Սահակյանին։ Ուղղակի առանց տագնապի՝ ուզում եմ հանգստանալ, մի քիչ կազդուրվել, որպեսզի թամբից չընկնեմ։ Թամբից չընկնելն ասում եմ ուղղակի իմաստով»։
Քարտուղարը լսեց Մացակին և գծի մյուս ծայրին տխուր ժպտաց։ Նա արդեն բժշկի հետ խոսել էր, ամեն ինչ հայտնի էր, բայց կատակով հարցրեց.
- Զարմանալի մարդ ես, Մացակ, ինչո՞ւ ես այդպես շտապում։
- Ես չեմ շտապում, Վաղարշակ Կարապետովիչ, սիրտս է շտապեցնում:
- Քո այդ սրտին հասկացրու, որ խելոք մնա, մերոնք արդեն մոտ են Բեռլինին։ Դիմացիր, սիրելիս, դիմացիր։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Իսկ դիմանալու համար հարկավոր է նորմալ հանգիստ։ Ձեզ մոտ գործերը լավ են գնում, հմուտ օգնականներ ունես։

Նախագահ Մացակը կարգավորեց բոլոր փաստաթղթերը, խնամքով դասավորեց պահարանում, ձիապանին կանչեց ու խնդրեց, որ Կարմիր ձին թամբի։
Կարմիր ձին տեսավ նախագահ Մացակին, բաշը ցնցեց, ոտքերը խփեց գետնին ու վրնջաց։ Նա գիտեր իր հեծվորին՝ կանգնեց գրասենյակի աստիճանի կողքին ու սպասեց։ Մացակը փայտե ոտքը հենեց անկյունաքարին, առողջ ոտքը բարձրացրեց ու թափահարեց ձեռքը. «Դե, գնացինք»։
Քիչ հեռվում երևացին ցորենի կանաչ արտերը։ Ձորագլխից ձորն ի վար ձայն գլորվեց. «Գալո՜ւստ, հե՜ Գալուստ, բոստանչի Գալուստ, սնայպեր Գալուստ, բրիգադիր Գալուստ, բարի լո՜ւյս»։
Ձորն ի վեր թնդաց պատասխանը. «Հնձվոր Գասպար, թոփչի Գասպար, հանդապահ Գասպար, լույսը բարի՜»։

Նախագահ Մացակը ձեռքը մեկնեց, ճամփեզրի թփից մի վայրի վարդ պոկեց, հոտ քաշեց ու մտածեց. սա երևի իմ կյանքի վերջին գարունն է։ Գուցե վերջին անգամն եմ անցնում այս ճանապարհներով։ Կարո՞ղ է հանկարծ հրաշք տեղի ունենալ՝ մի գարուն, մի ամառ, մի աշուն ու ձմեռ էլ թողնեմ ետևում։ Շա՞տ չեմ ուզում։ Երևի շատ է, շատից էլ շատ...
Ես իմ կյանքն ապրեցի առանց մնացորդի։ Արդյո՞ք կարողացա այնպես ապրել, որ ինձնից հետո մարդիկ բարի հիշեն ինձ։ Կարողացա՞ դիմանալ ժամանակի քննությանը: Կարող է ինչ-որ տեղ սխալվել եմ, թույլ եմ տվել վրիպումներ, բայց, ընդհանուր առմամբ, խիղճս մաքուր է։ Իմ սերունդը հերոսական սերունդ է՝ համեստ ու ազնիվ, անկեղծ ու անկաշառ։ Մենք երբեք չտատանվեցինք, չծռվեցինք, չնահանջեցինք ու չզիջեցինք մեր դիրքերը։ Սիմոն Ամիրյանն ու Բարթուղ Պողոսյանը կապ չունեն իմ հերոսական սերնդի հետ։ Հիմա ի՞նչ եմ երազում, շատ քիչ բան՝ ապրել այնքան, որ տեսնեմ հաղթանակը։ Ապրել այնքան, որ բաց ճակատով դիմավորեմ նրանց, ովքեր վաղը կվերադառնան հեռուներից։ Մերոնք մոտ են Բեռլինին, ահա լսում եմ հաղթանակի ոտնաձայները...

- Լսո՜ւմ եմ, լսո՜ւմ,- նա ձեռքը տարավ դեպի կուրծքը։- Մի՞թե այսքան շուտ... Սիրտ իմ, սպասիր... Կարմիր ձի, կանգնիր...
Նա բռնեց ձիու բաշը, դանդաղ սահեց ցած, երերաց, բայց պահեց իրեն։
- Կպառկեմ ահա այստեղ... Կհանգստանամ մի քիչ։ Մի քիչ, քսան րոպե, կես ժամ... Հանգստանալ եմ ուզում... Ուրեմն՝ վե՞րջ… Այսօր ապրիլի վերջին օրն է։ Վաղը մեկն է մայիսի։ Վաղը ես չեմ լինի... Վաղը ոչինչ չեմ լսի, ոչինչ չեմ տեսնի... Է՛հ, սիրտ իմ, չդիմացար, երևի քեզ համար էլ դժվար է... Վաղը, մինչև վա՜ղը...

Կողքի մասրենու թփին մի դեղնակարմիր թռչուն իջավ ու սկսեց երգել։ Կարմիր ձին բարձրացրեց գլուխը, մոտեցավ խոտերի մեջ պառկած իր հեծվորին, սմբակներով ծեծեց հողը, վիզը ձգեց, խրխնջաց երկար ու աղեկեզ։ Հեռագրալարերին կանգնած սարյակները թափահարեցին իրենց թևերը, զեփյուռը շոյեց ցորենի արտերի կանաչ մեջքն ու փախավ ձորն ի վեր։ Կարմիր ձին ոտքերն ուժգնորեն խփեց գետնին, բա՜րձր, բարձր խրխնջաց, ու ոչ ոք չտեսավ նրա սև ու խոշոր աչքերից հոսող արցունքները, ոչ ոք չիմացավ, որ այդ պահին, Մեծ հաղթանակից մի քանի օր առաջ, մի մեծ սիրտ դադարեց բաբախելուց։