9.2.16

Յոթերորդ զարկը


Երկու շաբաթ, չգիտեմ քանի օր, մեր շենքի ջրածորակները ցամաքել էին։ Որոշեցի ջրային տնտեսության դիրեկտորի մասին մի ֆելիետոն գրել, կինս չթողեց։
- Խելքդ թռցրե՞լ ես, այ մարդ,- ասաց,- ջրային տնտեսության դիրեկտորի կինը մեր տեղամասային բժշկուհին է, մեկ-մեկ հիվանդության բյուլետեններից օգտվում եմ։

Դե լավ, մտածեցի, հիմա էլ բնակարանային շահագործման գրասենյակի ուստա Մուքելի մասին կգրեմ, ուրիշների բնակարանների հնացած գազօջախները փոխել է, մերը թողել նույնը։
Այստեղ էլ զոքանչս բռնեց գրիչս.
- էդպիսի բան չանես, բնակարանային շահագործման գրասենյակի պետի քենին ատամնաբույժ է, թող ատամներս նորոգեմ, հետո դու գիտես։

Աասունցի Դավթի նման էս մի զարկն էլ բաշխեցի զոքանչիս ու բռնեցի կապի բաժանմունքի գլխավոր վարպետ Օթելլո Ռուբենիչի փեշը։ Դե ոնց չբռնեմ, չորս տարի առաջ հեռախոսի համար դիմում եմ գրել, երկու տարի առաջ հերթս եկել, անցել է, բայց մինչև հիմա բնակարանումս հեռախոս չկա, որ ես էլ ուրիշների նման զանգեմ ու պետիս խաշի հրավիրեմ։
Գրասեղանի ետևում նոր էի տեղավորվել, գրիչը ձեռքս առել, հիմա էլ միջանկյալ նախադասության նման աղջիկս արանքն ընկավ.
- Պապա, այդ ի՞նչ բանի ես, Օթելլո Ռուբենիչի կինը մեր քիմիայի ուսուցչուհին է, իսկ դու, ինչպես գիտես, ես քիմիայից թույլ եմ։
Քիմիայի խաթրու էս մի զարկն էլ բաշխեցի աղջկաս։

Այդ օրը հրավիրված էի պետիս կնոջ ծննդյան տարեդարձին, և հանկարծ հիշեցի, որ երկու ամիս առաջ կոստյում էի պատվիրել։ Հո հին կոստյումով չէի կարող ներկայանալ այդպիսի հրաշալի միջոցառման։ Վազեցի արտել, վարպետ Պողոսն ակնոցի վերևից նայեց ինձ ու ասաց.
- Գիտե՞ս, պատվերները շատ են, հիմա Համբարձում Ներսեսովիչի կոստյումի վրա եմ աշխատում, որքան չլինի, ղեկավար մարմին է։
Տուն հասա, գրիչս ձեռքս առա, կանչեցի մուսայիս, բայց մուսայի փոխարեն բաջանաղս ներս մտավ։
- Այ մարդ,- ասաց,- էդ ի՞նչ բանի ես, բա դու չգիտե՞ս, որ վարպետ Պողոսի տղան՝ Սահակ Պողոսովիչը, մեր գլխավոր ինժեներն է, ինքն էլ ինձ հետ ոնց-որ եղբայր…
Այս մի զարկն էլ բաջանաղիս բաշխեցի։

Դե լավ, այդ դեպքում կգրեմ մեր դիմացի շենքի Պայազատի մասին։ Դրան նայեցեք, ոչ մի տեղ չի աշխատում հերիք չի, դեռ կոլտնտեսային շուկայում էժան գնով սեխ ու ձմերուկ է առնում, թանկ գնով վերավաճառում։ Հարկավոր է այդ սպեկուլյանտին ոտից-գլուխ մի լավ մերկացնել։
Ու սկսեցի...
Չէ՛, չհասցրի սկսել։ Չգիտեմ հարևանս որտեղից իմացավ այդ մասին, եկավ խնդրեց.
- Ցավդ տանեմ, էդ մի զարկն էլ ինձ բաշխիր։ Պայազատի աղջիկն ուզում ենք մեր տղայի համար, խնամախոսների պատվիրակության ցուցակում քո անունն էլ կա։
Հանուն ապագա խնամիների բարեկամության և հանուն սիրող զույգերի երջանկության, այդ մի զարկն էլ բաշխեցի։

Տեսնո՞ւմ եք, թե ինչ մեծահոգի մարդ եմ։ Սասունցի Դավիթն իր առաջին զարկը բաշխեց, երկրորդը բաշխեց, բայց երրորդը չբաշխեց, Թուր Կեծակին վրա բերեց, Մսրա Մելիքի կարկաժը բաժանեց երկու հավասար մասի։ Իսկ ես երրորդ զարկն էլ բաշխեցի, չորրորդն էլ, հինգերորդն էլ…
Բայց վեցերորդը չեմ բաշխի։ Եթե նույնիսկ կինս չէ, զոքանչս չէ, տեր աստված էլ իջնի երկնքից, չեմ բաշխի։ Ախր, Գեդեոն Նարպետովիչն ո՞վ է, որ ռեստորանից կերած-խմած գա, բակում բռնի ինձ ու ասի. «Առաջներում շարքային պահեստապետ էի, հիմա առևտրի ցանցում ռևիզոր եմ»։

Ես առանց ժամանակ կորցնելու, մտա աշխատասենյակս, կանչեցի իմ բոլոր մուսաներին ու սկսեցի… Ինչպիսի՜ փաստեր, քարի վրա ածես՝ քարը կտոր-կտոր կդառնա։ Ի՞նչ միջոցներով է Գեդեոն Նարպետովիչը մի տարում իր համար ամառանոց կառուցել, «Վոլգա» ավտոմեքենա գնել, աղջկան պսակել ու դեռ մի «Ժիգուլի» ավելացրել նրա օժիտին։
Փաստերն իսկապես զորավոր էին, հոյակապ ֆելիետոն ստացվեց…
Բայց, ավա՜ղ, հաջորդ օրը թերթի հերթական համարում ակնարկ էին տպագրել Գեդեոն Նարպետովիչի մասին… Եվ այն էլ ի՜նչ ակնարկ. Գեդեոն Նարպետովիչն աշխարհի ամենաազնիվ, ճակատի քրտինքով ապրող մարդն է, և այդ ազնիվ մարդուն առաջ են քաշել, դարձրել ռևիզոր։

Ես նույն օրն փողոցում բռնեցի հեղինակին, Սասունցի Դավթի նման գնացի-եկա, տարա-բերեցի և այն է՝ բռունցքս պիտի իջներ նրա դեմքին, այս անգամ միլիցիոները բռնեց ձեռքս.
- Ներեցեք, քաղաքացի, այդ ի՞նչ եք անում։
- Յոթերորդ զարկն իմն է,- գոչեցի,- վե՛րջ, չպիտի բաշխեմ։
Միլիցիոները քթի տակ խնդմնդաց ու ասաց.
- Էդքան զարկերը բաշխողը, յոթերորդն էլ կբաշխի…