31.1.12

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80







Մի քանի ամիս առաջ շատ պատահական facebook-ում կարդացի մի հրաշալի բանաստեղծություն՝ գրված անցյալ դարի 70-ականներին, հետո երկրորդը, երրորդը... և բոլորը՝ մի շնչով գրված, մի շնչով կարդացվող, և շատ զարմացա, որ մինչև հիմա չեմ ճանաչել բանաստեղծ Վազգեն Օվյանին։
Հետաքրքրվեցի և պարզվեց, որ նա իմ վիրտուալ ընկեր Վարդգես Օվյանի հայրն է, և ինձ համար հայտնաբերեցի հրաշալի պոետ, քաղաքացի, մարդ, Հայ մարդ մտավորականին (մտավորական՝ բառի իսկական իմաստով), հետո գտա իր էջը - vazgenovyan.blogspot.com - հղումը ինձ նման անտեղյակների համար է) և հասկացա, թե ինչու չի պրոպագանդվել և ինչու չեմ ճանաչել Վազգեն Օվյան բանաստեղծին։
Այսօր լրանում է Ղարաբաղի երգիչ, պոետ Վազգեն Օվյանի 80 ամյակը, և որոշեցի անակնկալ անել իմ ընկեր Վարդգես Օվյանին։
Շնորհավոր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(Վարպետ Օնիկ)*


*Այս տեքստն ու լուսանկարը, որի հեղինակը facebook-ում բոլորին հայտնի, Արցախից հազարավոր մղոններով հեռու՝ ԱՄՆ-ում բնակվող Վարպետ Օնիկն է, վերոհիշյալ ամենահայտնի սոցիալական ցանցում զետեղվել է ս. թ. հունվարի 6-ին՝ Վազգեն Օվյանի ծննդյան օրը՝ որպես հիշատակի տուրք արցախցի նշանավոր գրողին։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը։ Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ։ Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը, հնգամյակը մեկ տպագրում հերթական գիրքը։

Հետմահու տպագրվեցին «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, վիպակների մի ամբողջ շարք, բանաստեղծություններ, երգիծական պոեմներ, պամֆլետներ։ Այդ ամենը տարիներ շարունակ «ննջել է» թղթապանակներում։ Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց, որ Վազգեն Օվյան գրողի և ընթերցողի իսկական հանդիպումը կայանա, երբ նա արդեն կնքել էր մահկանացուն։

Ինձնից չէ, որ նկատվել է, տարիներ առաջ լրագրող-հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանն է դիպուկ արձանագրել, թե Վազգեն Օվյանն Արցախում միակ գրողն է, որ խորհրդային ժամանակներում գրում էր՝ չմտածելով, որ գրաքննությունը կարգելի դրանց լույսընծայումը։ Ցավոք՝ այդպես է։

Հոբելյանի առթիվ խոսքի շեշտադրումները, որպես կանոն, թելադրված են լինում հավուրպատշաճությամբ։ Ես ուզում եմ ավանդույթը խախտել։ Ինձ ավելի կարևոր է թվում գրողի բուն վաստակի արժեվորումը, քան նրա հասցեին հուզական գնահատականների շռայլումները, ինչը, ցավոք, անցած տասնամյակում բազմիցս թույլ են տվել և շարունակում են նրա երկրպագուները։

Չեմ զորում ընդհանրական հայացքի բերել Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը։ Կաշխատեմ ուրվագծել գրողի «հոգու դիալեկտիկան»՝ քնարականությունից մինչև գեղարվեստաքաղաքական ընդդիմություն։ Դա է հուշում, առանձնապես։

«Կապույտ տարիներ» վիպակը զուտ քնարական պատում է, «Սինգարա սարի կաղնին»՝ բազմաշերտ հարցադրումներով շնչող սոցիալ-քաղաքական ժամանակագրություն։ Միջակայքը իրականության հանդեպ գրողի վերապահ վերաբերմունքն է, որ ծնում է երգիծական հերոսների մի ամբողջ շարք։ Սա այն է, ինչ ասվում էր. «Մեր կյանքում դեռևս կան արատավոր երևույթներ»։ Խոսքս նշված միջակայքի մասին է, որի սկիզբը «Կապույտ տարիներ»-ի հախուռն ռոմանտիզմն է։

Դա Հայրենական մեծ պատերազմը կիսասով-կիսամերկ, տաժանալի սպասումներով անցկացրած սերնդի «բարձունքները գրավելու»՝ կյանքում ինքնահաստատվելու, այդ կերպ՝ կորցրած մանկության, որբության և զրկանքների համար «վրեժխնդիր լինելու» ոչնչով չպաշտպանված, բայց օբյեկտիվորեն բնական մղումն է, որ Վազգեն Օվյանը գեղարվեստականացրել է մաքուր սիրո, տղայական հավատարմության, սոցիալական համերաշխության և արդարության հաղթանակի մանրապատումներով՝ առանցքում ունենալով գյուղական համայնքի հավաքական վարքի իդեալականացված հանգանակը։

Կյանքն, այնինչ, իրենը վերցնում է։ Իրականությունը մամլիչի ծանրությամբ իջնում է ռոմանտիկ իդեալի վրա, և շատ բան ավերվում է։ «Մի՞թե ամեն ինչ միայն երևակայության մեջ էր գեղեցիկ»,- հարցադրումը գրողին վերադարձնում է մանկության երազների աշխարհ, և նրա հայացքի տակ անցյալը վերագտնում է այն կերպը, որ ունեցել է. հայրը ռազմաճակատից վերադարձել է՝ ոտքից վիրավոր, տատն ուղարկել է՝ հարևանի տնից երկու հաց «փոխ բերի», սեղանին մի շիշ թթօղի է, կաղամբի թթու և... խաշած հավ։

Բայց ընտանիքը, հարևանները սեղանին մոտ չեն գնում։ Սպասում են ինչ-որ մեկին։ Այդ ինչ-որ մեկը գյուղխորհրդի նախագահ Սիմոնն է, որ գալիս և... հաշմանդամ մարդուց նախ փաստաթուղթ է պահանջում, հետո՝ հարցաքննում՝ որտե՞ղ է կռվել, ի՞նչ զորամասում, ի՞նչ հանգամանքներում վիրավորվել, ինչո՞ւ հատկապես՝ ոտքից։ Ապա սեղան է նստում, ուտում խաշած հավը, օղին խմում, իսկ հաջորդ օրը հորը կանչում են գրասենյակ։ Գյուղխորհրդի նախագահը հայտնել էր ում որ պետք է, որ «Գարեգինը դասալիք է»։

Պատումն, իհարկե, ավարտվում է «բարու հաղթանակով». վերաքննիչը նույնպես եղել է ռազմաճակատում, ձեռքն այնտեղ է կորցրել և այլն։ Բայց Վազգեն Օվյանը գյուղխորհրդի նախագահի հարցը պարզունակորեն չի լուծում։ Գեղարվեստական համատեքստը նրան պարտադրում է Սիմոնին թողնել իր պաշտոնում, որպեսզի վերաքննիչի արդարամտությունն ընթերցողին պատկերվի բացառություն, «սիմոնականությունը»՝ օրինաչափ։

Եվ դա գրողի երևակայությունը չէ. թիկունքային «առնետներ» ամեն պատերազմում էլ եղել են, կլինեն։ Ինչպես նաև՝ «մյունհաուզեն»-ներ։ Գյուղխորհդի նախագահ Սիմոն Ամիրյանը, մինչդեռ, մարմնավորում է խորհրդային իշխանության ռեպրեսիվ էությունը՝ ստալինականությունն իր ողջ այլանդակությամբ և մարդատյացությամբ։

«Կապույտ տարիներ»-ի երազկոտ պատանին, այսպիսով, ներհայեցողականությամբ պսակազերծված է տեսնում գյուղական կյանքի հովվերգությունը։ Վազգեն Օվյանի արձակի տարածք է խուժում սոցիալ-քաղաքական դրաման։ Նա ստեղծում է քարաշենցի Արշակի՝ հավերժ ընդդիմախոսի և սակայն միշտ պարտվողի, կորցնողի կերպարը։ Խորհրդանշական է «Սինգարա սարի կաղնին» վիպակի սկիզբը. մարդը փորձում է հատել դարավոր ծառը, մի քանի հարվածից կացինը բթանում է, ասես պողպատի է բախվել։

Նույն պատկերով էլ վիպակն ավարտվում է։ Այլաբանական-միֆոլոգիականության միտվող մուտքի և «վարագույրի» միջև է ձգվում Արշակի ընդդիմախոսությունը բոլոր «սիմոնամիրյանների» հետ՝ գրեթե մի ողջ կյանք։ Գրոտեսկային է, մանավանդ, Արշակի «մեղքերի» թվարկումը՝ դեմ է եղել գյուղի կոլեկտիվացմանը, անգրագիտության վերացումը ծաղրել է, 1940 թ. մարտի 8-ին չարամտորեն խանգարել է կանանց միջազգային օրվան նվիրված համագյուղական միջոցառումը, բողոքել է կոլխոզների խոշորացման դեմ,- որով հեղինակը ծաղրանկարել է խորհրդային իրականությունը։

Սոցիալական ժամանակն, այսպիսով, Վազգեն Օվյանի արձակում վայրընթաց է շարժվում՝ երազանքների փլուզում, աշխատանքի և կառավարման համակարգի խուլ հակամարտություն, բարքերի այլանդակում, ի վերջո՝ քաղաքացիական բախումների գրեթե ստույգ մատնանշում, որ ամբողջության մեջ գեղարվեստական դատավճիռ է իրականության հանդեպ։

Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ միջավայրի հանդեպ Վազգեն Օվյանի հայացքն, ի տարբերություն նույն տարիների այլ հեղինակների, ընտրովի մերժողական չէ, այլ՝ համընդգրկուն։ Ոչ թե «առանձին թերություններ» և «մասնակի անհաջողություններ», այլ՝ համատարած խաբեություն՝ վերից մինչև գյուղական «իշխանիկներ»։ Սուր է հատկապես խորհրդային մամուլի, քարոզչության բառացիորեն վարձահրավիրվածության պատկերը։

Գրողն իր «բարձր լարման դաշտ» է բերել նաև ազգային խնդիրներ։ Զարմանալի է, բայց՝ փաստ, որ Վազգեն Օվյանի արձակի համատեքստում Արցախի կախվածության պատմաքաղաքական երևույթը մի շատ համարձակ երևակայությամբ որպես իր ժամանակի իրողություն անտեսված է։ Նրա հերոսները «մինիստրության աշխատակիցներ» են, նկարագրածը՝ մայրաքաղաք, որտեղ մարդիկ սիմֆոնիկ համերգի են գնում, օպերա լսում, բոլոր պաշտոնյաները, անկախ նրանց նկատմամբ հեղինակի քաղաքացիական վերաբերմունքից, հայեր են։

Իրականության հանդեպ, կարծես, Վազգեն Օվյանը գրողորեն մեղանչում է։ Բայց, կարծում եմ, հենց դա էլ նրա արդարացիության ամենաճիշտ վկայությունն է. գրողը կանխազգացել է Արցախի ապագա ինքնիշխանությունը։ Առնվազը՝ գեղարվեստորեն։ Այդ իսկ պատճառով իր հեղինակային ժամանակից վտարել է «Ղարաբաղի ինքնավարությունը»՝ իրեն բնորոշ ատրիբուտներով։

Մնացածն իմը չէ, մասնագիտական լուրջ պատրաստվածության տեր գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրն է։ Չափանիշների մեջ ես, թերևս, նախապատմությունը տվեցի մեկին՝ սոցիալ-պատմական և գեղարվեստական ժամանակների «հակադրամիասնությանը»։ Վազգեն Օվյանի գործը տվյալ դիտանկյունից պատկերվում է անհատի և միջավայրի, իրականության և իդեալի գոտեմարտի գեղարվեստական տարեգրություն, որ ընդգրկում է 1950-80-ական թվականները և ավարտվում քաղաքացիական սուր ճգնաժամի անխուսափելիության գրողական հղումներով։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ