25.11.11

Վազգեն Օվյան քննադատը. անդրադարձ


«Նախաութսունութթվականյան» Արցախի գրական, թատերական, մշակութային կյանքը, ցավոք, առայսօր սպասում է իր ուսումնասիրողին։ Առանձին հրապարակումներ, իհարկե, արվել և արվում են։ Գրվել և գրվում են աշխատություններ։ Իմ ասածը նախընթաց շրջանի վրա մի համապատկերային հայացքի պակասի ընդգծում է։

Ցավում եմ, որ ժամանակ, թերևս հնարավորություն էլ չունեմ, որպեսզի ճգնեմ բացը լրացնել։ Այսպես կոչված «համակարգային» վերլուծությունն իմ կոչումը չէ։ Ես ավելի շատ «վրձնահարված»-ների ոճն եմ նախընտրում։

Այս հոդվածն էլ Վազգեն Օվյան քննադատի «դիմանկարն ուրվագծելու» մի փորձ է, որ ձեռնարկում եմ՝ հուսալով, որ թեմայի հուշումը մեզանում կոգեկոչի ավելի չափակշռված և, որ խիստ կարևոր է, մասնագիտական լուրջ պատրաստվածությամբ օժտված ուսումնասիրողի հետաքրքրությունը։

Իմ ձեռքի տակ զգալի նյութ կա, որ խնդրանքիս ի պատասխան սիրով տրամադրել է հանգուցյալ գրողի որդին։ Այն, կարծում եմ, ամբողջը չէ։ Ընդգրկում է 1969-86 թթ. հիմնականում «Սովետական Ղարաբաղ» և Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում Վազգեն Օվյանի տպագրած գրական-քննադատական, թատերախոսական և թատերագիտական հոդվածները, առանձին գործիչների դիմանկարներն ու ընթացիկ գրախոսությունները։

Ի՞նչն է առաջին հերթին աչքի զարնվում։
Ըստ երևույթին Ստեփանակերտում այդ տարիներին ապրած և ստեղծագործած հեղինակների հանդեպ գրական քննադատությունն անարդարացիորեն վերապահ է մնացել։ Երևանում չեն ցանկացել «միջամտել հարևան հանրապետության գրական ներքին գործին», Բաքվում և Արցախում էլ կարող ուժեր քիչ են եղել։ Ուստի մեր գրական մշակներն ստիպված իրենց վրա նաև քննադատի, գրախոսի պարտականություն են դրել։ Նաև՝ թատերագետի և թատերախոսի, մշակութաբանի, ազգագրագետի։ Ուրիշ ի՞նչ պիտի անեին. եթե գիրք է տպագրվել՝ պիտի գրախոսվի։ Նոր ներկայացում է բեմադրվել՝ թատերախոսություն գրվի։ Չխոսած այն մասին, որ այս կամ այն դասական գրողի հոբելյանի առթիվ էլ եթե մարզային թերթում հոդված է տպագրվել, ապա դարձյալ՝ տեղի գրողներից մեկի ստորագրությամբ։ Հիմնականում։ Բացառություններ եղել են։ Եղած կլինեն։ Պետք է լինեին, բայց դա միայն հաստատում է օրինաչափությունը։

Մի կողմից դա, իհարկե, թերություն է՝ երբ պրոֆեսիոնալ գրական քննադատի հայացքի և ընկալումների պակաս կար։ Մյուս կողմից էլ, սակայն, մտածում ես, որ գուցե լավն այն է, որ չի եղել։ Մթնոլորտը բարի-հանդուրժողական, նույնիսկ՝ գուրգուրոտ է ստեղծվել։ Ներքին տարակարծություններ, խմորումներ, նույնիսկ լարվածություն, անշուշտ, պետք է որ մեկը մյուսի հանդեպ ունենար։ Ստեղծագործական միջավայրն առանց դրա անհետաքրքիր է։ Բայց որևէ գրգիռ, հակամետություն, գրական հակառակություն և այլն, կարծես, մամուլ չի սպրդել։ Ամեն ինչ մնացել է «վարագույրից այն կողմ»։ Որևէ բանավեճ հանրային կյանքի փաստ չի դարձել։

Հակված եմ կարծել, որ ազնիվ այդ հանդուրժողականությունն ի մեծի մասամբ «խմբային ինքնապաշտպանության» դրսևորում էր։ Քանի որ Բաքուն, միևնույն է, առանձին-առանձին նրանցից ոչ մեկին «երես չէր տալիս», իրենք էլ, ահա, մի լուռ պայմանավորվածությամբ գնահատանքի հրապարակային դրսևորումներում մեկը մյուսին թիկունք են կանգնել։ Ինձ այդպես է թվում։ Այդ զգացողությունն ունեմ, որ, գուցե, իրականության ճիշտ ընկալում չէ, բայց կուզենայի, որ սխալված չլինեի։

Եվ այսպես. 1970 թ. Վազգեն Օվյանը երկու գրախոսություն է տպագրել։ Երկուսն էլ՝ առաջին անգամ տպագրվող հեղինակների՝ Մաքսիմ Հովհաննիսյանի («Իմ հին լորենի», պատմվածքների ժողովածու) և Վարդան Հակոբյանի («Մեղեդիներ», բանաստեղծություններ) մասին։ «Հրապարակի վրա է Միսաք Հովհաննիսյանի (այն տարիներն գրողը հանդես էր գալիս կեղծանունով - Վ. Ա.) պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Իմ հին լորենի խորագրով»,- գրում է Օվյանն ու շարունակում. «Արժե նշել, որ վերոհիշյալ գրքի հեղինակը շնորհաշատ լրագրող է, կապված կյանքի հետ, ունի երևույթների մեջ խորանալու ընդունակություն, կենսափորձ»։ Գրախոսն, այսպիսով, հող է նախապատրաստում հիմնական ասելիքի համար. «Հովհաննիսյանի ստեղծած պատկերները բնական են, պայծառ ու համոզիչ։ Թվում է՝ խոսում են քեզ հետ, լսում ես լորենու մեղմ սոսափը, տեսնում «ամպերին նստած ոսկեհատ փոշին» (այս և չակերտների մեջ առնված հետագա հղումները հեղինակներից են քաղված - Վ. Ա.) և այդ փոշու նարնջագույն հատիկները, որ «դանդաղ իջնում են անտառի վրա, նստում ծառերի տերևներին, լուծվում տերևներում ու գույն տալիս»»։ Կամ՝ «Միսաք Հովհաննիսյանը լավ է ճանաչում իր հերոսներին, գիտե նրանց սիրտն ու հոգին։ Եվ մի պահ ընթերցողին էլ թվում է, թե նրանց հանդիպել է ինչ-որ տեղ, բայց որտե՞ղ, չի կարողանում հիշել»։

Գրականություն ոտք դնող հեղինակի մասին այս ջերմ, ազնիվ խոսքերը կարող է միայն գրականության նվիրյալն ասել։ Իր նման ասեմ. կարդում ես, թվում է՝ գրախոսը մեծ, շատ մեծ կենսափորձի մարդ է, արդեն փառքերի արժանացած «իմաստուն ծերունի», որ կարող է չնկատելու տալ ինչ-ինչ բաներ։ Մինչդեռ «մորեմերկ» մեկն էլ ինքն է, Մ. Հովհաննիսյանից՝ ընդեմենը երկու տարով ավագ։ Կարդում ես և մի թաքուն զգայարան կամ փաստի մասին իմացածդ քեզ հուշում է, որ գրախոսը հեղինակի պատմվածքները, ոչ, առաջին անգամ չէ, որ կարդացել է։ Դրանք ծնվել են նրա կողքին. նույն մարզային ռադիոյի մի ծխախեղդ սենյակում ինքն գրել՝ կարդացել է Մ. Հովհաննիսյանին, նա՝ իրեն։ Եվ նույն մթնոլորտում ծնված գործին, ահա, Վազգեն Օվյանը նայում է այն հայացքով, կարծես թե դա նաև իրենն է։

Համո Սահյանի բանաստեղծությունը հիշեցի՝ գյուղական պատանու և հացի մասին, որ Հրանտ Մաթևոսյանի գտած բացատրությամբ այն է, թե՝ միասին մեծացած տղան հացից ամաչում է, կարծես «ընկերոջը պիտի ուտի»։ Վազգեն Օվյանն էլ այնպես զգուշորեն է «շրջում» Մաքսիմ Հովհաննիսյանի առաջին ժողովածուի էջերը, որ կարծես վախենում է՝ նախնական զգացողության շունչն աղտոտվի գրախոսության ժանրի «թույնով»։ Ահավասիկ. «Իհարկե, «Իմ հին լորենին» գրքում կան նաև թերություններ։ Իմ կարծիքով, (ուշադրություն դարձրեք դիտողության ինտելիգենտականությանը՝ «իմ կարծիքով»-ին - Վ. Ա.) «Եվ սիրտն ասաց» պատմվածքում կա շատախոսություն, որը և ազդում է գործողության զարգացման վրա, ձգձգում սյուժետային գծի անցումը»,- բայց և ընդհանրացնում է. «Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ հաճելի է։ Նա ունի իր հարազատ թեման, ասելիքը, գտել է իր ճանապարհը։ Ուրեմն սպասենք և հավատանք, որ երկրորդ հանդիպումը կլինի ավելի հետաքրքիր»։

Նույն սրտացավությամբ է շնչում «Երկու խոսք» վերնագրած՝ Վարդան Հակոբյանի «Մեղեդիներ» անդրանիկ ժողովածուի մասին գրախոսությունը։ Թերևս՝ ավելի. «Գալիս են նորերը, գալիս են նոր հույսերով ու նոր հույզերով։ Այդ նորերից է նաև Վարդան Հակոբյանը, որ արդեն ընթերցողի սեղանին է դրել «Մեղեդիներ» խորագրով բանաստեղծությունների իր փոքրիկ գրքույկը։ Բայց կարևորը, իհարկե, ծավալը չէ, այլ այն, որ այդ գրքույկը դարձել է նրա սրտի երգը»։

Ի՜նչ նուրբ դիտողականություն և գրական ընտիր ճաշակ է ունեցել, որ ի սկզբանե նկատել է Վարդան Հակոբյան բանաստեղծի ընկալումների մեջ այն, ինչ հետագայի ակադեմիական գրականագիտությունը պիտի անվաներ «բնազանցականի պոետական օրինաչափացում»։ Խնդրեմ. «Հակոբյանի բանաստեղծություններում ժայռը, քամին, տերևը, լուսինը, աղբյուրը խոսում են, խորհում, զգում և զգացնել տալիս իրենց»։ Եվ այնքան զորեղ է ապրել «ճանաչման հաճույքի» այդ ուրախությունը, որ նույնիսկ դիտողություններ անելիս կես-ճանապարհին կանգ է առել՝ «իսկ գուցե ճիշտը դա՞ է»։ Մեջբերեմ ամբողջությամբ. «Երիտասարդ բանաստեղծի մեղեդիներում աշնան խաշամի խշշոց կա, «այստեղից ծնված զուլալ աղբյուրների կարկաչ», աստղազարդ գիշեր, ամպեր, որ «հալվում են խոհերի նման», անձրևը մեղեդիներով է «փարվում աշխարհին», գարունների զարմանալի ցուցահանդես... Կարող ես վիճել, օրինակ, որ «Ձմերուկի շղարթի (այնքան է հրճվանք ապրել, որ «չի նկատել», ասես, «շղարթ» օտարամուտ բառի կարկատանը - Վ. Ա.) պես կիսված լուսինը հազիվ թե ծորա «լույսը կարմիր հյութի նման», բայց երբ դրան հետևում է՝

Մի տիեզերք ափսեի մեջ,
Իսկ աստղերը շուրջը փռված
Կորիզներ են ցրված կարծես,-
ուզում ես հավատալ այդ «կարմիր հյութին»»։

Տվարդովսկին է, կարծեմ, ասել՝ «դժվարը իրենից հասուն լինելն է»։ Ես վստահաբար այդ դժվարությունը հաղթահարած լինելու առավելություն եմ վերագրում քննադատ Վազգեն Օվյանին։ Կյանքի, մարդու, իր ժամանակի հետ՝ ուրիշներից անհաշտ բնութագրված՝ նա գրականության հանդեպ, իր հոդվածներն են վկայում, սիրահարված պատանու պաշտամունք և երկյուղածություն է ունեցել։ Եվ նողկալիորեն որքան անկատար, կեղծ ու նանիր է եղել իրականությունը, որ այդ «գանգրահեր պատանին» Թումանյանի ասած՝ երբեմն «շուրթերն անեծքով է պղծել»։ Սա՝ իբրև «քնարական շեղում»։

Վազգեն Օվյան քննադատը, որպես և պահանջել է գրականության նվիրյալի պարտքը, անուշադիր չի թողել «որդեգիրներին»։ Նա գրախոսել է և Մաքսիմ Հովհաննիսյանի, և Վարդան Հակոբյանի հաջորդ գրքերը նույնպես։ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1972 թ. փետրվարյան առաջին համարում տպագրվել է նրա հեղինակած «Երկրորդ հանդիպում» հոդվածը։ Սկսում է այնտեղից, որտեղ ավարտել էր. «Առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ («Իմ հին լորենի») անկեղծ էր ու հաճելի։ Նա եկավ մի տեսակ լուռ ու աննկատ, չասաց՝ «Այդ ես եմ, թույլ տվեք ներկայանալ։ Առաջին գրքում նույնիսկ չկար հեղինակին ներկայացնող «երկու խոսք», սակայն կար գլխավորը՝ շնորհալի մի արձակագիր, որի ստեղծագործությունները կյանքից են գալիս, և նա լավ գիտե այն կյանքը, որի մասին պատմում է։ Պատմո՞ւմ։ Բայց չէ՞ որ ամեն ոք էլ կարողանում է պատմել, և ամեն պատմություն չէ, որ կարող է պատմվածք դառնալ։ Մինչև հիմա էլ «պատմություններ անող» հեղինակները շարունակում են ծեծել խմբագրությունների դռները և գրողի հավակնություններով պահանջում. «Տպագրեք մեզ»։

Ուրախալին այն է, որ Միսաք Հովհաննիսյանը կարողացել է գտնել պատմվածք ստեղծելու «գաղտնիքը»։ Եվ բանն այն է, որ այդ գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, դա կյանքի լավ ճանաչումն ու գեղարվեստորեն ընդհանրացումն է»։

Վազգեն Օվյանը գրական քննադատության դասական կառուցվածքի մեջ է ամփոփում իր ասելիքը՝ մուտք, վերլուծություն, եզրակացություն։ Մուտքն այն էր, ինչ մեջբերեցի։ Հետևում են փաստական հիմնավորումները՝ հեղինակի պատմվածքները ենթարկվում են «անատոմիական» վերլուծության։ Եվ այդ ամենից հետո. «...Եվ «Գարնան կարոտ» երկրորդ ժողովածուն եկավ ու հաստատեց, որ մենք գործ ունենք մի ինքնատիպ հեղինակի հետ։ Ցանկանանք, որ երրորդ հանդիպումը լինի ավելի հաճելի, գրիչը՝ բեղուն»,- եզրահանգում է գրախոսը։

Ինձ հայտնի չէ՝ Մաքսիմ Հովհաննիսյանի երրորդ ժողովածուն Վազգեն Օվյանը գրախոսե՞լ է, թե՞ ոչ։ Հաստատ է, որ նրա հիսնամյա հոբելյանի զեկուցողն է եղել և «Սովետական Ղարաբաղ» թերթում էլ այդ առթիվ հոդված տպագրել է։ Կարծում եմ, Մաքսիմ Հովհաննիսյանի մասին երբևէ գրվածներից դա առանձնանում է ոչ միայն բացառիկ ջերմությամբ, այլև այնպիսի ընկալումներով, որ ոչ մի ակադեմիական գրականագետ-քննադատից չեն նկատվել։ Սա, մասնավորապես, վերաբերում է Մաքսիմ Հովհաննիսյանի գործի մեջ նույն հերոսների սոցիալ-հոգեբանական էվոլյուցիայի մասին արված դիտարկմանը։ Եթե մի քայլ էլ աներ՝ Վազգեն Օվյանը նկատելու էր, որ Մաքսիմ Հովհաննիսյանի մոտ առանձին-ինքնին գոյող պատումներ չկան։ Նրա գործը մի անընդմեջ պատում է։ Փույթ չէ։ Վազգեն Օվյանը դիպուկ բնութագրել է, որ հեղինակի հերոսները «ստույգ հասցե ունեն - ղարաբաղցի են»։ Դրանով շատ բան կամ գրեթե ամեն ինչ նկատված-հուշված է։ Նույնիսկ՝ այն, ինչ պատումի անընդմեջ ընդհանրության մասին քիչ առաջ որպես նորություն ընդգծեցի։

Տեսել, զգացել և մեկնաբանել է նաև Վարդան Հակոբյանի բանաստեղծական հասունացումը։ «Վարդան Հակոբյանը իր հասակակիցների թվում թերևս այն եզակիներից է, որ շատ շուտ կարողացավ պոկվել «մշտապես երիտասարդներից» և լավ հասկացավ, որ գրել նշանակում է ապրել, երազել, տեսնել, զգալ, չկարողանալ նաև չգրել»,- բանաստեղծի «Ծառի անունից» ժողովածուի գրախոսականն այս ճիշտ դիտարկմամբ է սկսել Վազգեն Օվյանը։ («Կոմունիստ», 27 հոկտեմբերի 1978 թ.)։ Ապա շեշտում է հիմնականը. «Բանաստեղծ Վ. Հակոբյանը ամուր է կանգնած հայրենի հողին, բարձր է նրա տան կտուրը, ամուր է հիմքը և հիմնաքարը, և փույթ չէ, եթե չի տալիս Թարթառ գետի, Քիրս ու Մռով սարերի անունները (ընդգծումն իմն է - Վ. Ա.)... Կարևորն այն է, որ նա սիրահարված է իր չքնաղ Ղարաբաղին ու նրա մարդկանց և իրավունք ունի հայտարարելու.

Քեզնից ծնվելը
Դեռ քիչ է՝
Որդիդ լինելու համար...»։

«Փույթ չէ՞, որ չի տալիս» այդ անունները։ Թե՞ սա գրախոսի տագնապի հեռավոր, գուցե իսկ՝ նրբաքողարկած հնչեցում է։ Տպագիր տեքստում այդ ընդգծմանը հաջորդող բազմակետերն իրենը՝ հեղինակի՞նն են, թե՞ խմբագրական «մկրատն» ինչ-որ «վտանգավոր մտքեր, այնուամենայնիվ, խուզել է»։ Անհնար է պարզել։ Բայց Վազգեն Օվյանն առանձնացրել է մեջբերված տողերը՝ կարծես բանաստեղծին ցույց տալու, որ հենց դա է նրանից իր և բոլորի մեծագույն ակնկալիքը։ Մանավանդ որ հոդվածի եզրափակիչ մասում էլ շեշտել է «Վերջերգ» բանաստեղծության այս տողերը.

Արձակիր սանձը այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ,- և ավարտել. «Ընթերցողը հավատացած է, որ այս վերջերգը  (ընդգծումն իմն է - Վ. Ա.) կդառնա նրա հետագա գրքերի համար այսպիսի մի նախերգ՝
Արձակել եմ սանձն այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ... (ընդգծումն իմն է - Վ. Ա.)

Դե եկ, ինչպես ասում են, մի տրվիր ընկալումներիդ գայթակղությանն ու մի ասա, որ գրախոս Վազգեն Օվյանն ըստ էության «եզոպոսյան լեզվով» բանավիճում է «Ծառի անունից»-ի հեղինակի հետ։ Ո՞վ պիտի բանաստեղծի համար «արձակի սանձը այն ճամփաների, որ ննջում էին նրա քայլերի մեջ», ումի՞ց և ի՞նչ ակնկալիք ունի նա՝ այս հարցերն են, ըստ երևույթին, մտահոգել գրախոսին։ Եվ դժվար խոկումներից հետո նա եկել է այն ընդհանրացմանը, որ դա գուժում է «ցավալի վրիպում», ուստի իրեն թույլ է տվել «վերաձևակերպել» Վարդան Հակոբյանին ու առաջարկել է, որ նա «ինքն արձակի այն ճամփաների սանձը, որ ննջում են նրա քայլերում»։

Իմ ձեռքի տակ գտնվող նյութերից  մի  գրախոսություն էլ Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների «Կեսօր» ժողովածուի մասին է՝ տպագրված «Սովետական Ղարաբաղ» թերթի 1969 թ. մարտի  2-ի համարում։ Արձանագրելով, որ մանկագիրն ստեղծագործական «բավական ճանապարհ է անցել» և թվարկելով նրա «Ճուտիկներ», «Մեր գյուղի առավորտը», «Բարի լույս», «Այբուբենը երգերի մեջ» գրքերը, Վազգեն Օվյանը մատնանշում է, որ «հեղինակը հավատարիմ է մնացել իր հավատամքին՝ տեսնել լավն ու գեղեցիկը, առողջն ու կենսականը, փառաբանել աշխատասիրությունը... և, իհարկե, մեղմ հումորով ցույց տալ, որ ծուլությունը, մեծամտությունն ու անկարգապահությունը հատուկ չեն մեր կյանքի ծաղիկներին (ակնարկը վերաբերում է «Երեխաները մեր կանքի ծաղիկներն են»՝ խորհրդային մանկավարժության մեջ տարածված ասույթին - Վ. Ա.)»։

Այստեղ ևս գրախոսը հավատարիմ է իր տրամադրվածությանը՝ բանաստեղծի գրքում տեսնել հայրենիքի պատկերներ, բայց, քանի որ խոսքը մանկագրության մասին է, Վազգեն Օվյանը կատարում է մի նուրբ անցում և Գուրգեն Գաբրիելյանի մոտ տեսնում «երեխաների մեջ դեպի բնությունը և մեծերը սեր աթնացնելու» նպատակադրվածություն։ Ըստ էության, սա նույն վերաբերմունքն է, որ մենք տեսնում ենք թե Մաքսիմ Հովհաննիսյանի, թե Վարդան Հակոբյանի մասին վերոհիշյալ նկատառումներում։ Կարելի է, թերևս, եզրահանգել, որ Արցախում ստեղծվող գրականությունը գնահատելու հարցում Վազգեն Օվյանն առաջնորդվել է ոչ այնքան զուտ գեղագիտական, որքան, թող թույլ տրվի ասել, «օգտապաշտական» չափանիշներով, թե որքանո՞վ է այն ծառայում հոգևոր հայրենակերտման գործին։

Այս մոտեցումն ինչ-որ տեղ «մեղանչում» է քննադատական ընդհանուր սկզբունքների դեմ, բայց Վազգեն Օվյանը, կարծես, դա  երկրորդական է համարել։ Միտքը, որ չգիտեմ ինչպես ձևակերպվեց, պարզաբանման կարիք ունի։ Բանն այն է, որ բովանդակ խորհրդային երկրում գրականությունը և արվեստը «կանոնիկացված» էին՝ որպես պետական քարոզչության բաղկացուցիչ մաս։ Հայտնի է «գրականության գործը կուսակցության գործն է» ասույթը։ Այս վերաբերմունքը, որքան էլ զարմանալի թվա, ընդհանրության մեջ «սպանիչ» լինելով հանդերձ,- քանի որ գրողին, արվեստագետին պարտադրում էր ծառայել բացառապես կոմունիստական գաղափարաբանությանը,- հնարավորություն էր, որպեսզի սթափ հայացքի ստեղծագործողն իրեն հուզող խնդիրները շատ հաջող «փաթեթավորի» իբրև այդպիսին։ Մանավանդ՝ այսպես կոչված՝ խրուշչովյան «ձնհալից» հետո, երբ գրաքննությունն զգալիորեն «կորցրել էր զգոնությունը»։

Ըստ ամենայնի, անցյալ դարի 60-ական թվականներին Արցախում սկիզբ առած գրական-մշակութային զարթոնքը հենց այդ ընդհանուր հոսանքի դրսևորում էր։ Շուրջ կեսդարյա «մեռյալ»-ությունից Ստեփանակերտում ծնվել էր հայերեն գեղարվեստական խոսք և բարբառում էր Արցախի ու «նրա մարդկանց մասին»։ Այն իրավիճակում բացառված էր «հայ ժողովուրդ» ասել մարդկանց, ովքեր բնութագրում էին երկիր և հասարակություն էին։ Չափազանցությունների չտրվենք։ Գուրգեն Գաբրիելյանի «Կեսօր» ժողովածուն լույս էր տեսել մի ժամանակահատվածում, երբ Արցախի մտավորականության վրայից անցել էր «13»-ի գործի ծանր տոփանագլանը։ Ստեփանակերտը լքել էր Բագրատ Ուլուբաբյանը, մյուսները, այդ թվում և՝ գրախոսվող գրքի հեղինակն, ստացել էին խիստ տույժեր, աստիճանազրկվել։ Պետական, բայց մանավանդ՝ Բաքվի իշխանությունների, վերաբերմունքը նրանց հանդեպ մերժողական էր։ Եվ հանկարծ լույս է տեսնում «Կեսօր»-ը, այն էլ՝ «Հայաստան» հրատարակչության կողմից, Երևանում։ Նման «արգելված» հեղինակի «ոչ ցանկալի» գրքի գրախոսությունն իսկ արդեն քաղաքացիական քաջություն և նրա հետ համերաշխության մի ցույց էր։ Ու հանկարծ գրախոսը տողատակերում ակնարկում է, որ, ախր, այս գրքում հեղինակն ուրիշ ավելի կարևոր գործ չի արել, քան որ՝ «մանուկների մեջ սեր է արթնացնում դեպի բնությունը, հարգանք՝ մեծերի նկատմամբ»։

Այսօրվա սերունդը խորհրդային մամուլի հետ չի հարաբերվել։ Նրան անծանոթ է «գլավլիտի՝ ձվի մեջ մազ փնտրող» հայացքը։ Նա չգիտի, որ գրաքննիչը հոդվածից «հանգիստ խղճով» կարող էր հանել ցանկացած բառ, արտահայտություն, եթե նրան թվար, որ հեղինակը դրանով ինչ-որ բան է ակնարկում։ Խորհրդային իրականությունը և նրա «հայելի» մամուլը չէին հանդուրժում երկիմաստություն, ենթատեքստ։ Եվ այս պայմաններում, ահա, Վազգեն Օվյանը Գուրգեն Գաբրիելյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուի արժեք է համարում «օգտակարությունը», որ՝ դա մանուկ ընթերցողին հուշում է սեր առ բնությունը։ Անմեղ, գրաքննության աչքից վրիպած,- թե՞ գրաքննիչն էլ  «բաց է թողել»՝ ինչպես այն ժամանակ էին ասում,- մի ձևակերպում, որի իմաստն այն է, որ հենց այդպես էլ պիտի գրվեն նաև, գուցե՝ հատկապես, մանկական կոչվող բանաստեղծությունները։

Ուշադրություն դարձրեք գրախոսի հաջորդ հիմնավորմանը. «Մանուկները որքան պարզ ու անկեղծ են, այնքան էլ հետաքրքրասեր են իրենց շրջապատի նկատմամբ, ուզում են տեսնել և հասկանալ ամեն բան, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) որոնել, գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը»։ Հիշեցում չէ՞ այն ճշմարտության, որ «մանկան բերանով ճշմարտությունն է բարբառում», որ գրականությամբ չի կարելի անգամ մանուկներին միամտացնել, որ Գուրգեն Գաբրիելյանն, ի վերջո, ունի նաև «անհոտ ծաղիկներ»,- սա Վազգեն Օվյանի արտահայտությունն է, երբ «Կեսօր» ժողովածուն առհասարակ մի «հոտավետ ծաղկեփունջ» անվանելուց հետո մատնանշում է նաև թերություններ,- բայց դրանք մեծ վրիպում չեն հոգևոր հայրենակերտության գործին մանկագրի բերած անուրանալի վաստակի համեմատ։

Գուցե պարզ վերագրումնե՞ր եմ անում։ Ամենևին։ Ահա թե ինչ հիմնական դիտողություն է անում գրախոսը. «Լավ կլիներ, եթե հեղինակը գիրքը տպագրության հանձնելուց առաջ ազատվեր «ոնց», «բոյ», «օյին», «իսկի», «հալալ», «խութեր», «ազիզ» և նման բառերից»։ Թվարկածների մի մասը բարբառային, մյուսն օտարամուտ բառեր են։ Եվ Վազգեն Օվյանն անվերապահորեն արդարացի էր, երբ հեղինակին խորհուրդ էր տալիս մանուկների համար գրել բացառապես գրական ճիշտ հայերենով։ Քանի որ, թվում է, դրանով նա ակնարկել է, որ «մի ազգի պահողը լեզուն է»՝ ինչպես բանաձևել է հայ դասականը։ Ի դեպ, նույն կարգի դիտողությունն Օվյանն արել է նաև Մաքսիմ Հովհաննիսյանի լեզվի և ոճի վերաբերյալ և դարձյալ հորդորել, որ նա տուրք չտա բարբառի կոլորիտայնությանը։ Եվ եթե այս՝ լուրջ արձակի դեպքում դա կարող ենք ընդունել կամ ոչ, ապա Գուրգեն Գաբիրելյանի մանկական բանաստեղծությունների վերաբերմամբ քննադատությունն ընդունելի է լիովին։ Քանի որ մանկական բանաստեղծությունն ամեն ինչից զատ ունի նաև կրթադաստիարակչական մեծ կարևորություն։

Կարդում, վերընթերցում եմ Վազգեն Օվյանի հոդվածներն ու հրճվում։ Այո, չեմ չափազանցում։ Հրճվում եմ ոչ միայն խոսքի՝ նկատառումների, դիտողությունների և եզրահանգումների դիպուկությամբ ու միաժամանակ էլ՝ նրբանկատությամբ, այլև նրանով, որ նա իր ժամանակի գրական, թատերական, մշակությային քիչ թե շատ նշանակալի որևէ երևույթ, իրողություն հայացքից բաց չի թողել։ Գրախոսել է, դիցուք, Էռնեստ Բեգլարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ «Մարզում ապրող և ստեղծագործող գրողների տպագրած գրքերի դարակում ավելացավ ևս մի նոր գիրք։ Դա երիտասարդ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն է»,- գրել է Վազգեն Օվյանը՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1970 թ. մայիսի  5-ի համարում և ավելացրել. «Երբ խոսք է բացվում երիտասարդ բանաստեղծի առաջին գրքի մասին, ընթերցողներին առաջին հերթին հետաքրքրում է մի շատ կարևոր հարց՝ ի՞նչ է բերել հեղինակն իր հետ, իսկ հետո՝ արդյո՞ք հաստատուն է նրա ձայնը»։ Սույն արդարացի հարցադրումներին ինքն էլ շտապում է պատասխանել, որ «Է. Բեգլարյանի ձայնն, իրոք, հաստատուն է»։ Եվ, թվարկելով ժողովածուի հաջողված գործերը, եզրահանգում է. «Դրանք իսկապես փոքրիկ քանդակներ են, որոնք ունեն և խորություն, և հուզականություն, և հաջող ավարտ»։

 Թերություննե՞ր։ Իհարկե, կան։ Գրախոսը, սակայն, հավատարիմ է իրեն։ Նա խոսքը եզրափակում է պայծառ լավատեսությամբ՝ հուսալով, որ բանաստեղծն իր ստեղծագործական ճանապարհի «միջօրեին արևից ավելի հասուն նարինջներ կքաղի»՝ նկատել տալով, որ իր խորազնին հայացքը ժողովածուից առանձնացրել է «Միջօրեին նարինջ եմ քաղում» բանաստեղծությունը։ Գուցե՝ միայն այդ, իրոք, գտնված տողը՝ չեմ կարող ասել։ Գրական փաստով Վազգեն Օվյանի վերաբերմունքի խորք թափանցելու հնարավորություն այս պահին չունեմ և հազիվ թե ունենամ, դրա համար հարկ է գտնել Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» ժողովածուն ու կարդալ։ Իսկ այդքան ժամանակ ո՞վ է տվել։ Մանավանդ, ինչպես ամենասկզբում եմ ասել, ուսումնասիրություն չէ, որ գրում եմ։ Ընդամենը փորձում եմ ապագայի համբերատար գրականագետին ինչ-որ հուշումներ անել։ Այս պահի հնարավորությունը դա է։

Այսօրվա հայացքին Միքայել Գասպարյան անունը, թող ինձ ներեն, ոչինչ չէր ասելու։ Իսկ եթե վաղվա մի բարեխիղճ ուսումնասիրող հիշի նրան, ապա պարտավորված է լինելու ընդգծել, որ դա՝ շնորհիվ Վազգեն Օվյանի «Լույսի համբույրով, անձրևի բույրով» գրախոսության, որ տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթի 1983 թ. փետրվարի 19-ի համարում։ «Ծանր է, երբ երիտասարդ բանաստեղծին բարի գալուստ մաղթելուց հետո, մի քանի տարի անց, սրտի կսկիծով հրաժեշտի խոսք եմ ասում։ Միքայել Գասպարյանի առաջին գրքի մասին ես եմ գրել և հիմա էլ գրում եմ նրա երկրորդ բանաստեղծությունների՝ «Անձրևի բույրը» ժողովածուի մասին, երբ այլևս չկա այդ բարի, լավատես, կենսախինդ բանաստեղծը։ Նա չհասցրեց տեսնել իր երկրորդ գիրքը։ Գամված լինելով անկողնուն, նա զարմանալի կերպով կյանքոտ էր և երբեք ոչ մի տխուր բանաստեղծություն չգրեց»,- սա գրախոսության սկիզբն է։ Քննադատն իր վաղամեռիկ գրչակցին «լույսի բանաստեղծ» է անվանում. «Դա սիրո, կարոտի, պայծառ զգացմունքների լույս էր, ընդհանրապես լույսով են ողողված նրա բանաստեղծություններն, ու ինքը «լույս» բառին ոչ մի էպիտետ չէր միացնում, և դա հասկանալի է՝ եթե լույսն է, ուրեմն այն պայծառ պիտի լինի, գերող, հմայիչ, ճառագված։

Լույսը՝ հողերին հարսնացնող,
Լույսը՝ արթնացող ծիլերին,
Լույսը՝ կարոտին ծովացող,
Լույսը՝ խորախոր ձորերին»,- մեկնաբանել, այնուհետև մեջբերմամբ ասածը հաստատել է Վազգեն Օվյանը։ Եվ եզրափակել է. «Նա գնաց աշխարհից՝ իր հող ու քարին կարոտած (ընդգծումն իմն է - Վ. Ա.), մեր չքնաղ լեռնաշխարհին սիրահարված գնաց, և ինչպես ինքն է ասում.

Կանաչ օրերս
Անցան, գնացին,
Քեզ իմ սրտի մեջ
Կանաչ պահելով։
Եվ վաղամեռիկ բանաստեղծի երգը միշտ էլ կմնա կանաչ՝ լույսի համբույրով, անձրևի բույրով»։

Չարենցը մի տխուր դիտարկում ունի։ Ասում է՝ երբ Օրենբուրգում մեռավ Վահան Տերյանը, Հայաստանում դաշնակցական իշխանություն էր, այդ մահը «չնկատվեց», իսկ երբ մահկանացուն կնքեց Գառնիկ Քալաշյանը, Հայաստանում բոլշևիկյան իշխանություն էր, որ «դաշնակցական բանաստեղծի» վախճանն աննկատ թողեց։ Գառնիկ Քալաշյան բանաստեղծ հայ ընթերցողը չի ճանաչում։ Բայց եթե այդ անունը Չարենցից ընդգծվել է, ուրեմն նա իրոք բանաստեղծ է եղել։ Եվ Չարենցն ասել է, որ ոչ մի բանաստեղծի մահ աննկատ չպիտի մնա։ Հիմա, թեև համեմատությունը «կաղի էլ», պիտի ասեմ, որ Վազգեն Օվյանն այս դեպքում Չարենցի դիտունակությամբ է առաջնորդվել։ Անկախ այն բանից՝ ծանո՞թ էր Չարենցի խոսքին, թե՞ ոչ։ Իմ նկատառումը Վազգեն Օվյանի գուրգուրոտ վերաբերմունքի մասին է, ինչից, ցավոք, այսօր գրական միջավայրը գրեթե զուրկ է։ Այո, ասվածի ևս մի վկայություն էլ Սարգիս Աբրահամյանի՝ նույնպես հետմահու լույս տեսած, «Կարմիր մեխակներ»-ի գրախոսությունն է։ Իսկն ասած, «գրախոսությունն» այստեղ պիտի հարաբերականորեն ընդունել։

Հոդվածն ավելի շատ Սարգիս Աբրահամյանի գրական-հանրային դիմանկարի ուրվագիծ է։ Ահա. «Գրող Սարգիս Աբրահամյանը ապրեց կարճ, բայց բովանդակալից, հետաքրքիր մի կյանք։ Նա փայլուն մանկավարժ էր, փորձված կուսակցական աշխատող, նվիրված քաղաքացի, լավ հռետոր և թեկուզ ուշացած մտավ գրական ասպարեզ, բայց «էն գլխից» էլ գրող էր»,- ասելիքի հիմնական դրույթներն այսպես է նշագրել Վազգեն Օվյանը, իսկ արդեն անցնելով գրախոսվող ժողովածուին, նկատել է. «Ծնողները սովորաբար ամենից շատ սիրում են իրենց կրտսերին։ Աբրահամյան գրողը չկարողացավ տեսնել այդ «կրտսերը», և նրա գրչակից ընկերները որոշեցին այն կոչել «Կարմիր մեխակներ»։ Թող այդ կարմիր մեխակները զարդարեն այն հողաբլուրը, որի տակ հանգչում է մեր ավագ գրչեղբայր Սարգիս Աբրահամյանը»։ Արդյոք «գրչակից ընկերնե՞րը»։ Թվում է, Վազգեն Օվյանն այդպես ասելիս համեստություն է արել։

Մի ներքին ձայն հուշում է, որ «Կարմիր մեխակներ» խորագիրն ինքն է ընտրել։ Կամ՝ հուշել։ Քանի որ հոդվածի սկզբում «կարմիր մեխակներ է տանում» Սարգիս Աբրահամյանի շիրմին, իսկ վերջում էլ ընդհանրացնում. «Թող դա (այսինքն՝ գիրքը - Վ. Ա.) լինի կարմիր մեխակների այն անթառամ փունջը, որ մեր սիրելի Սարգիս Ավետովիչը պատվիրեց նվիրել իր հարազատ լեռնաշխարհին, իր ծնող ժողովրդին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։ Ոչ միայն գրախոսել, Վազգեն Օվյանն իմ կողմից ընդգծված հղումով, կարծես, ապագայի ուսումնասիրողին թեմա է հուշում։ Իսկ գուցե հիվանդ գրողի հետ հանդիպումների ժամանա՞կ է ծնվել «Կարմիր մեխակներ» խորագիրը։ Գուցե երկուսով՝ Սարգիս Աբրահամյանն ու ինքը միասի՞ն են դա ընտրել։ Գուցե Վազգեն Օվյա՞նն է հեղինակի պահոցներից հավաքել «կարմիր մեխակների այդ անթառամ փունջը»։ Հարցեր, հարցեր, հարցեր, որ կարոտ են քննական վերաբերմունքի, բանասիրական «սև աշխատանքի» ազնիվ ջանքի, որպեսզի անցյալ դարի 60-70-ական թվականների արցախյան գրական-հանրային կյանքի մասին պատկերացումներն ավելի ամբողջական դառնան։

Զարմանալի, այլև զարհուրելի անտարբեր ենք մեր ոչ հեռավոր անցյալի հանդեպ։ Ճաշակ չունենք, հետաքրքրություններ չունենք։ Ասես միանգամից «ծնվել ենք» 1988-ի փետրվարին։ Ո՞վ է «հղացել» մեզ, ինչպե՞ս, մեր «ծնունդն» ինչո՞ւ այդքան հանկարծական և չափազանց հասուն եղավ։ Կարծես ոչ թե «օրվա մանուկ», այլ առնվազը «գանգրահեր պատանի» ծնվեցինք՝ հայոց առասպելի Վահագնի նման, որ «բոց ուներ մորուք, և աչքերն էին արեգակունք»։ Ես, ուրեմն, չգիտեմ՝ ունե՞մ, թե՞ ոչ դրա իրավունքը, բայց հարցը դնում եմ այսպես. «Զարթոնքի, ինքնագիտակցման և բացահայտման ընդհանուր միջավայրի մե՞ջ ենք մենք ավելի ուժեղ, թե՞՝ երբ «անցյալ կորուսյալից» հրաժարվում ենք որպես «սատանայից»»։ Եվ պատասխանում եմ՝ ուժեղ ենք, երբ կարողանում ենք մեզ տեսնել «հղացում-ծնունդ-հասունացում» հաջորդայնության մեջ։ Կրկնում եմ՝ հաջորդայնության, որ ես հասկանում եմ այնպես, որ ես «երեկվա» մարդ եմ նաև, և երեկվաններն՝ «այսօրվա», և իմ հաջորդը պիտի լինի իմ այսօրվանը, որպեսզի կարողանա  ասել՝ «ես ես եմ»։

Այսօր, ահա, իմ ժամանակի ապրողներից առավել՝ Վազգեն Օվյանն օգնում է, որ ասեմ՝ «ես ես եմ»։ Նա ինձ մեծ հանդուրժողականություն է ներարկում։ Եվ որքան եմ ափսոսում, որ, ինչպես վերևում մի տեղ արդեն ակնարկել եմ, հետագայի նրան հասկանալ ճգնողներից շատերը պայծառ այդ մարդուն,- ես դատում եմ ըստ նրա գործի, հետն անձամբ ծանոթ լինելու պատեհություն ինձ չի տրվել,- ներկայացրել և դարձյալ ներկայացնում են որպես «մերժման ոգի», ինչը, կարծում եմ, շատ  հիմար մի վրիպանք է։ Ինչ մերժում, ինչ «ձաղկում», մարդը մեծահոգության մարմնացում է նույնիսկ իր քննադատի ամպլուայում։ Երգիծե՞լ է։ Այո։ Բայց այդ ո՞վ է ասել, թե երգիծաբանը «մերժման ոգի» է։ Ամենևին։ Երգիծանքը մեծ բարությունից է ծնվում, սիրուց։ Հանդուրժողականությունից, եթե երգիծանք է, ոչ թե՝ չարացած քաղքենու քսու բամբասանք։ Ցավում եմ, որ Վազգեն Օվյանն իր մեկնաբանին չի գտել։ Էլ առավել «մեկնաբան»-ին եմ խղճում, որ հեղինակային տեքստերի միայն մակերեսը տեսնել զորող հայացք է ունեցել։ Կամ ունի։

Շատ մեծ հանդուրժողականությանը երդվյալ մարդը միայն կարող էր իր շառաչուն երգիծանքի հարևանությամբ գնահատանքի արժանի տեսնել Իսրայել Պետրոսյանի առակները։ Ոչ միայն տեսնել, այլև այնքան արժևորել, որ նստեր ու «Հաղթողը կաղնին է» գրախոսություն հեղինակեր։ Վազգեն Օվյանն, ուրեմն, այդ մարդն էր։ 1983 թ. ապրիլի 10-ին գրել է. «Իսրայել Պետրոսյանի առակներում, ինչպես դասականների մոտ, հերոսները նույնանուն կենդանիներն են՝ աղվեսը, առյուծը, արջը, ագռավը, ուղտը, կատուն, սոխակը, աքլորը, էշը, սագը... Սակայն Պետրոսյանի աղվեսին չես կարող շփոթել ուրիշների առակների աղվեսներին»,- հետո համառոտ պատմել «Աղվեսը և այբուբենը» առակն ու եզրակացրել, որ «փոխվել է կյանքը, փոխվել են մարդիկ, և հասկանալի բան է՝ ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում»։

Ինչո՞ւ հատկապես այս դիտարկումն իր վրա ուշադրություն հրավիրեց։ Ինձ թվում է, Վազգեն Օվյանի գրախոսության բուն ասելիքն այն չէ, որ «ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում», այլ՝ որ Արցախում կենսունակ է առակագրությունը, որ Իսրայել Պետրոսյանը հայ առակագրության ավանդույթների շարունակողն է։ Իսկ եթե նույնիսկ դա չի էլ զգացվել այն ժամանակ, այսօր, անկասկած, ընկալման խթանն այդ է։ Թեկուզ՝ որպես արձանագրում իրողության, որ, այո, մեզանում ապրել և ստեղծագործել է նաև առակախոս Իսրայել Պետրոսյանը, ում համար, անշուշտ, հայ միջնադարյան առակը եղած պիտի լիներ ուղեցույց։ Քանի որ, ամեն ինչից զատ, Իսրայել Պետրոսյանը մտածել և գրել է հայերեն, նրա գործն էլ հայ առակագրության մասն է։ Լավ, թե վատ՝ այլ հարց է։ Վազգեն Օվյանն, ընդ որում, հեղինակի մոտ երգիծաբանի լուրջ կոչում է տեսել։ Ես այդ գնահատականը չեմ կիսում։ Ինքն էլ, հավանաբար, վերապահումներ ունեցել է։ Հակառակ դեպքում չէր գրի, թե «լավ խմբագրելու դեպքում... գրքում տեղ չէին գտնի մի քանի թույլ գործեր»։

Այլոց մասին էլ քննադատ Օվյանը նույն դիտողությունն արել է, բայց ես դրանք վերապահ վերաբերմունք չեմ համարել։ Քանի որ խոսքը նրանց առաջին գրքերին է վերաբերվել։ Այս դեպքում, մինչդեռ, գրախոսն ընդգծել է, որ Իսրայել Պետրոսյանը վեց ժողովածուների հեղինակ է։ Այսինքն, թվում է, ակնարկել է, որ նա արդեն վրիպումներ չպետք է ունենա։ Մանավանդ, իմ ձեռքի տակ է նույն հեղինակի մասին Օվյանի՝ 1970 թ. սեպտեմբերի 3-ին տպագրված հոդվածը։ Այն վերնագրված է՝ «Իսրայել Պետրոսյանի և նրա առակների մասին»։ Այստեղ էլ նա մատնանշում է թերություններ, բայց և «սպասել է նոր հանդիպումների»։ Ըստ երևույթին, առակագիրը քննադատի դիտողությունները շտկելու ջանք չի թափել կամ, առհասարակ, հնարավորությունների բերումով չի կարողացել, ուստի Օվյանն ստիպված է եղել դրանց անդրադառնալ ևս մեկ անգամ։
Այս մասին, թերևս՝ այսքանը։

Վազգեն Օվյանի՝ իմ տրամադրության տակ գտնվող հոդվածների մի զգալի մասը գրվել է հոբելյանական առիթներով։ Դրանք լրագրության պարտադրանքով խիստ սահմանափակ ծավալի ակնարկ-դիմանկարներ են։ Ընդ որում, Օվյանը գրել է ինչպես հայ, այնպես էլ խորհրդային այլազգի գրողների մասին։ Եթե Սողոմոն Տարոնցու և Վախթանգ Անանյանի դիմանկարներն առանձնապես ուշադրություն չեն հրավիրում, ինչի համար, իհարկե, Օվյանին որևէ «կշտամբանք» չարժե ներկայացնել, քանի որ «նյութն» այն է, որ ներկայացված է, ապա նույնը չես ասի Վահան Թոթովենցի 90-ամյակի առթիվ նրա հեղինակած հոդվածին։ Երկու անգամ՝ և սկզբում, և վերջում Օվյանը շեշտադրել է «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը։ Դա, ըստ ամենայնի, ընթերցողին արված պարզ մի հուշում է, որ Թոթովենցի հիմնական գործը հենց ինքնակենսագրական վիպակն է։ Տպավորությունն այնպիսին է, որ գրական դիմանկարի հեղինակը հորդորում-խնդրում-խորհուրդ է տալիս, որ ընթերցողն անպայման գրադարաններում փնտրի, գտնի ու կարդա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն։

Ինքը՝ Օվյանը, միայն մի տեղ է ակնարկում, որ Թոթովենցն «ստիպված էր ձեռքն առնել պանդուխտի ցուպը»։ Այն տարիների արցախյան մամուլում Արևմտյան Հայաստանի ողբերգության, հայոց ցեղասպանության հարցերի ընդգծումն արգելքի տակ էր։ Օվյանը կարող էր միայն ակնարկել։ Ակնարկել է։ Կարող էր հուշել՝ հուշել է՝ «կարդացեք «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»՝ Վահան Թոթովենցի գլխավոր գործը»։ Ավելին ասելու հարկ, թերևս, չկար էլ։ Շեշտեմ նաև, որ այն տարիների դպրոցական դասագրքերում էլ Թոթովենցի մասին գրեթե ոչինչ չէր ասված։ Ուզում եմ նկատել տալ, որ նա «կանոնիկացված» հեղինակ չէր։ Եվ փաստը, որ նրա գրական դիմանկարը տեղ է գտել «Սովետական Ղարաբաղ»՝ Ադր. ԿԿ ԼՂԻ մարզկոմի պաշտոնաթերթում, ինքնին վկայությունն է հեղինակի և խմբագրի ազնիվ հայրենասիրության և, ինչու չէ, քաղաքացիական համարձակության։

Այլազգի հեղինակներից Վազգեն Օվյանն անդրադարձել է Գրիգոլ Աբաշիձեին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ և Չինգիզ Այթմատովին։ Աբաշիձեին նվիրված հոդվածին, թերևս, արժե կարևորություն տալ այնքանով, որ իրողություն է. վրաց բանաստեղծի հոբելյանին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ Չինգիզ Այթմատովի մասին հենց այդպես էլ վերնագրված խոսքը ճանաչում գտած հեղինակին նրա գրական դիմանկարն արցախցիներին ներկայացնելու, այսպես ասեմ՝ ինչ-որ չափով, գուցե, «լուսովորչական» առաքելություն ունի։ Կարծում եմ, այն տարիներին, իսկ հոդվածը տպագրվել է 1975 թ. սեպտեմբերի 28-ին, Արցախում շատ քչերը պիտի ծանոթ լինեին Չինգիզ Այթմատովին։

Ինձ դա հուշում է Վազգեն Օվյանը, ով նախ հանգամանալի ներկայացնում է Այթմատովի գրական ճանապարհը. «Չինգիզ Այթմատովը եկավ առանց նախազգուշացնելու և գրական ասպարեզ իջավ արդեն որպես հասուն գրող։ Դրա փայլուն վկան «Ջամիլյա» հրաշալի վիպակն է, որը արժանացավ Լուի Արագոնի ուշադրությանը և մեծ գրողի կողմից թարգմանվեց ֆրանսերեն։ Կարճ ժամանակամիջոցում տաղանդավոր գրողը հռչակվեց իր «Մայրական դաշտ», «Առաջին ուսուցիչը», «Բարդի իմ, կարմիր գլխաշորով», «Ուղտի աչքը», «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակներով և մի շարք պատմվածքներով, որոնք 1962 թվականին արժանացան Լենինյան, իսկ 1963-ին՝ ՍՍՀՄ պետական մրցանակների»,- հանրագիտարանային տեղեկություններ է հաղորդել հոդվածագիրը՝ կարծես թե բացատրելով, թե ինչու է ծնվել Չինգիզ Այթմատովին ներկայացնելու գաղափարը։ Այնուհետև Օվյանը շատ մանրամասնորեն խոսել է թվարկված գործերի մասին՝ երբեմն ներկայացնելով դրանց համառոտ սյուժեն, անդրադառնալով կերպարների սոցիալ-հոգեբանական բնութագրմանը։ Եվ ի՞նչ եզրակացության է հանգել. «Ըստ Չ. Այթմատովի, չկան լրիվ իդեալական, ինչպես նաև՝ լրիվ բացասական մարդիկ։ Մարդը մարդ է իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ... Տաղանդավոր հեղինակը մի առիթով ասել է. «...բոլորս ցանկանում ենք, որ գրականությունը օգնի մարդուն գիտակցելու իրեն իբրև գեղեցիկ էակ երկրի վրա»։ Ահա դրա համար էլ Չ. Այթմատովի ստեղծագործությունները հարազատ են բոլորին»։

Պատահակա՞ն է, արդյոք, որ Այթմատովի դիտարկումներից հենց մեջբերված միտքն է գրավել Վազգեն Օվյանի ուշադրությունը։ Չեմ կարծում։ «Մարդը մարդ է»՝ այս ձևակերպումը մտորելու տեղիք է տալիս։ Գրված է 1975-ին, երբ պաշտոնապես «գրականության գործը կուսակցության գործ» էր համարվում, երբ խորհրդային գրականությունը մեկ անգամ ևս ենթարկվում էր «ջարդարարության»։ Դեռ չէին լռել Պաստեռնակի հասցեին հնչեցված մեղադրանքները, Սոլժենիցինը վտարանդված կամ արգելված էր։ Հայ իրականությունը չէր հասցրել թոթափել Պարույր Սևակի ողբերգական մահվան ծանրությունը։ Մթնոլորտն ամպրոպային էր Լեռնային Ղարաբաղում։ Նույն տարվա, երբ տպագրվել է Օվյանի հոդվածն Այթմատովի մասին, մարտին տեղի էր ունեցել կոմկուսի մարզկոմի պլենում, որն ամբողջությամբ նվիրված էր «ինտերնացիոնալիզմի» հարցերին։

Ես այս հանգամանքի վրա հատկապես եմ հրավիրում ապագա ուսումնասիրողի, որ, հավատացած եմ, գալու է, ուշադրությունը։ Վերջերս Վազգեն Օվյանին վերագրվեց «կևորկովյան դարաշրջանի գլխավոր գաղափարախոսի դերակատարություն»։ Նրա ոչ գեղարվեստական, ոչ էլ գրական-քննադատական գործն, այնինչ, դա չի հաստատում։ Ավելին, հերքում է։ Եվ հերթական վկայությունը «Չինգիզ Այթմատով» հոդվածն է՝ վերոբերյալ եզրահանգմամբ հանդերձ։ Որևէ խոսք այդ դիմանկարը «պրոլետարական ինտերնացիոնալիզմի, բազմազգ խորհրդային գրականության մասին» չունի։ Ընդհակառակը, Վազգեն Օվյանն ընդգծել է Այթմատովի գրական հավատամքը, թե գրողը կոչված է օգնել, որ մարդն իրեն ամենակատարյալ էակը գիտակցի երկրի վրա։

Այս դիտարկումն անում եմ՝ նկատի ունենալով, որ ընթերցողը, հատկապես՝ գրող-ընթերցողը, որ մեծամասամբ ուսումնասիրող է, ուրիշի գործում, խոսքում, դիտարկումներում կարևորում է հատկապես այն, ինչ իրեն հոգեհարազատ է, իր ընկալումներին և պատկերացումներին համահունչ։ Հակառակը ոչ միայն անտրամաբանական, այլև ակադեմիական գրականագիտությունից մերժված է։ Մասնավոր օրինակ ասեմ։ Բոլորին է հայտնի, որ Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության թումանյանական թարգմանությունը թարգմանական արվեստի կատարելություններից է։ Վստահաբար կարող եմ ասել, որ հայ իրականության մեջ երկրորդ նման հարազատություն դժվար թե մատնանշվի։ Պուշկինյան ծավալուն պոեզիայից, ահա, Թումանյանն ինչո՞ւ հատկապես այդ մեկն է հայկականացրել։ Որովհետև դրանով ապրել է։ Ահա, նմանապես, Այթմատով գրողից Վազգեն Օվյանն ինչո՞ւ գրականության վերգաղափարայնության, մարդկայնության, մարդուն մարդ դարձնելու առաքելության մասին նկատառումն է տեսել կարևոր, ընտրել և մեջբերել։ Դա անկասկած վկայությունն է նրա՝ այդ օրերի մտորումների, որոնք, գուցե, հեղինակին հուշել են նոր ստեղծագործական լիցք։ Իսկ ինչո՞ւ հատկապես՝ այն ժամանակ, երբ պետականորեն, թերևս՝ նաև «հանրայնորեն» այլ բան էր պահանջված՝ որ գրականությունը, գոնե այստեղ՝ Արցախում, ոչ, Լեռնային Ղարաբաղում ասեմ, որպեսզի միջավայրի ընկալումն ավելի համարժեք հուշվի, պետք է ծառայի կուսակցության գործին՝ մեկին փառաբանի,- հասկանալի է՝ «Ժողովուրդների բարեկամության ջատագովին», մյուսին, որ «սեպ է խրում՝ մերկացնի, ցույց տա նրա հակա դեմքն ու անարգանքի սյունին գամի»։

Մեր հեղինակն, այնինչ, Այթմատովի մասին խոսքի միջնորդավորմամբ, ցուցում է, որ «չկա իդեալական մարդ, ինչպես որ չկա կատարյալ բացասական տիպ, մարդը մարդ է՝ իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ»,- մեջբերեցի հիշողությամբ։ Խորհրդային «գերմարդու» պաշտոնական պանծացում, և՝ «չկա իդեալական մա՞րդ»։ Ինչ-որ «ժամանակավրեպ մի բա՞ն չէ» Օվյանի մտահանգումը։ Ընդդիմության անթաքույց դրսևորո՞ւմ։ Մարտահրավե՞ր։ Թերևս՝ սեփական ընկալումների վերագնահատո՞ւմ։ Գուցե՝ այդ բոլորը միասի՞ն,- սա ապագա ավելի քննական հայացքի կարող է պարզվել։ Ես արձանագրում եմ փաստը. 1975 թվականի՝ ամեն ինչով ծանր, ոչ գրական տարում Վազգեն Օվյանը շեշտադրել է գեղարվեստական խոսքի «ապաքաղաքականացման առաջնահերթությունը»։ Եվ այդ մասին բարձրաձայնել է։ Այն ևս՝ հրապարակավ, տպագիր խոսքով՝ կուսմարզկոմի պաշտոնաթերթում։

Այսօր, խոսքի և մամուլի ազատության՝ սահմանադրությամբ երաշխավորվածության և գրաքննության իսպառ բացակայության մեր ժամանակներում անգամ քչերը կհամարձակվեն, ավելի ստույգ՝ ոչ ոք չի համարձակվում ասել, որ այն, ինչ «հայրենասիրական գրականություն» է կոչվում, պարզապես, Տերյանի բառն եմ օգտագործելու, «մի սուռոգատ» է։ Եվ դեռ կան, մեր կողքին «ապրում և ստեղծագործում են գրողներ», որոնք «Արցախ» կամ «Արցախ աշխարհ» գրելիս «հորթի» հրճվանք են ապրում, իբր՝ «տեսնո՞ւմ եք, թե որքան քաջ և հայրենասեր ու նվիրյալ ենք»։ Մեզնից շուրջ ՔԱ-ՌԱ-ՍՈՒՆ տարի առաջ, մինչդեռ, ԼՂԻՄ՝ «անինքնավար» ինքնավարության գրեթե գավառային կենտրոն Ստեփանակերտում մարդը՝ Վազգեն Օվյան գրողն ու քննադատը, ոչ միայն ծայրեիծայր կարդացած է եղել իր դարաշրջանի իրական քաջերից մեկի՝ Չինգիզ Այթմատովի գործը, այլև՝ հասկացած, որ իսկական, մեծ, համամարդկային ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հենց դա է, որ կոչված է մարդկանց մեջ սերմանել հանդուրժողականություն, և ոչ՝ «դասակարգային պայքար» կամ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի» կեղծիք։ Մարդը մարդ է, այլ ոչ՝ «շահագործող և շահագործվող», «կոմունիզմ կառուցող և լոդր», «ինտերնացիոնալիստ և նացիոնալիստ»։

Մարդը մարդ է՝ «իր թուլություններով և մարդկային թերություններով»։ Գուցե թե՝ «նացիոնալիզմով» ևս, բայց հակառակ ծայրից, կարծես, «ինտերնացիոնալիզմն» էլ մի թերություն կամ թուլություն է։ Կարծես ուզեցել է ասել. «Ի՞նչ եք ուզում մեզնից, ահա գրող, որ ոչ ինտերնացիոնալիզմ է քարոզում, ոչ նացիոնալիզմ «մերկացնում», ոչ դասակարգային պայքարի պատկերներ ունի, ոչ՝ «կոմունիզմի կերտման», բայց իսկական գրականություն է գրում, այնքան, որ և Լենինյան, և ՍՍՀՄ պետական մրցանակների է արժանացել»։ Ես, համենայնդեպս, այսպես եմ հասկանում։ Եվ կարծում, որ չեմ սխալվում։ Լուրջ հետազոտողը կպարզի, որ 1970-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ Վազգեն Օվյանի գրական-հանրային ընկալումներում տեղի է ունեցել սկզբունքային բեկում, թերևս՝ «կտրուկ» շրջադարձ։ Բառը չակերտների մեջ առա, քանի որ այս պահին ավելի հարմար ձևակերպում դժվարացա գտնել։ Ըստ երևույթին, Այթմատովի գրական դիմանկարի դրդապատճառ են եղել մեր հեղինակին պաշարած ծանր խոկումները՝ «արդյոք չի վրիպե՞լ, չի՞ գերագնահատել կյանքում սոցիալ-պատմական տեղաշարժերի նշանակությունը, հայրենիքի պատկերն ա՞յն է միայն, ինչ գրվում է, թե՞ ունի այլ շերտեր ևս՝ ներկայանալու»։

Չեմ ուզում խորանալ։ Դա պահանջում է կատարյալ նվիրում և մեծ ջանք։ Ես ընդամենը հասցնում եմ նշագրել գրողի «հոգու էվոլյուցիայի» այն դրսևորումը, որ տվյալ պահին ինձ ընկալելի է Այթմատովի գրական գործին նրա տված գնահատականի ենթատեքստում։ Մնացածը թողնում եմ մասնագետին՝ նկատել տալով միայն, որ հենց այդ ժամանակ է Վազգեն Օվյանը «դեմքով շրջվել» դեպի պատմական անցյալն ու գրել «Եվ Պըլը-Պուղին մի առակ» պատմեց «սիմվոլիստական» դրաման ու «Արցախի արծիվը» պատմավեպը։ Ի դեպ, միակը, որ այստեղ գրվել է։

Ի՞նչ ենք տեսնում։ 1984 թ. նոյեմբերի 22-ին «Սովետական Ղարաբաղ»-ում տպագրվել է Վազգեն Օվյանի «Հայ նոր գրականության հիմնադիրը» հոդվածը։ Հասկանալի է, Խաչատուր Աբովյանի մասին՝ նրա ծննդյան 175-ամյակի առթիվ, որ սկսել է շատ խորհրդանշորեն. «1948 թվականի ապրիլի 2-ին, երբ նոր էր վարդագունել Արարատի ճերմակ կատարը, Խաչատուր Աբովյանը դուրս եկավ երևանյան իր տնից և այլևս չվերադարձավ։ Մեծ գրողի անհայտացման շուրջ հյուսվեցին բազմաթիվ հավաստի և ոչ հավաստի զրույցներ, սակայն բոլոր դեպքերում պարզ էր մի բան՝ Աբովյանը զոհ է գնացել խավարամոլ ուժերին։ Դա տվյալ ժամանակաշրջանի համար այնքան էլ նորություն չէր, Գրիբոյեդովը զոհվեց Պարսկաստանում, Պուշկինն ու Լերմոնտովը ընկան մենամարտում, Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։

Փաստերը հավաստի են, բնութագրումները՝ շեշտակի։ Բայց ինչո՞ւ է «օրինաչափությունը խախտել» և սկսել ոչ թե Աբովյանի մանկությունից, այլ՝ նրա անհայտացման նկարագրումից։ «Ստանդարտը» պահանջում էր տալ պարսկական տիրապետության պատկերը, հետո Աբովյանին «բերել» Էջմիածին՝ «խավարամոլ կղերականության» միջավայր, ապա «տանել» Դորպատ՝ համալսարանական կրթության, հետո... Մի խոսքով՝ այնպես, ինչպես դասագրքերում էր գրված, ինչպես «ուսուցանում էին» բուհերում։ Օվյանն, այնինչ, «վախ իմ սկիզբն իմ վախճանը եղավ»՝ դուրյանական բնութագրումն է Աբովյանին հարազատ տեսել։ Շատ խորհրդանշական է այս սկիզբը, չափազանց շատ։ Մանավանդ՝ «որ Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։ Հատկապես, որ Աբովյան գրողի, մանկավարժի, լուսավորչի, մտածողի ֆենոմենը դիտված է Գրիբոյեդով-Պուշկին-Բելինսկի շարքում։

Հետագա ընդգծումները գալիս են, որպեսզի խտացված մուտքի խոսքը հիմնավորեն։ «Խաչատուր Աբովյանի ամենամեծ խիզախությունը եղավ «Վերք Հայաստանին», դա հզոր մի պոռթկում էր, զարմանալի մի հրաբուխ, որը իր խառնարանից, թվում է, նետում է հրե ցասում և բողոք... մի դյուցազներգություն (վերջին բնութագրումն այլ պարբերությունից եմ մեջբերել - Վ. Ա.)... Խաչատուր Աբովյանի հերոսը՝ Աղասին, իր ժողովրդի զավակն է և նրա պոռթկումը, ըմբոստությունը պարսկական տիրապետության դեմ, տրամաբանական է՝ դա ազգային ազատագրական պայքար է, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) գոտեմարտ հանուն ազատության»։ Պարզապես քննական հայացք է աղերսում ընդգծված ձևակերպումը, որ զուտ հեղինակային է։ Հակառակ դեպքում ի՞նչ մի կարիք պիտի զգար՝ ընթերցողի ուշադրությունն ասելիքի վրա «տրամաբանական է» շեշտադրությամբ «Վերք Հայաստանի»-ում ազգային ազատագրական պայքարի դյուցազներգություն նկատելու վրա սևեռելու համար։ Ու նաև. «Խաչատուր Աբովյանը, ընդունելով ռուսական օրիենտացիան, օրհնելով այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա, այնուամենայնիվ, պատմական խորաթափանցությամբ է նայում քաղաքական անցքերին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։

Փորձենք մի հարթության բերել այս և «Վերքում» ազգային ազատագրական պայքարի դյուզազներգություն հասկացած և նշած լինելու մասին վերն արված նկատառումը։ Խոսքի իմաստն, առհասարակ, լիովին ընկալվում է կոնտեքստի ընդհանրության մեջ։ Այս իմաստով «քաղաքական անցքերին պատմական խորաթափանցությամբ նայող» Աբովյա՞նն է, որ դյուցազներգել է ազգային ազատագրական պայքարը, թե՞ դյուցազներգող Աբովյանն է «խորաթափանցությամբ նայում քաղաքական անցքերին»։ Ի՞նչ է ակնարկել, առհասարակ, Վազգեն Օվյանը «քաղաքական անցքեր» ասելիս։ Խոսքի թեականությունը պարտադրում է մտածել, որ նա մի քայլ առաջ է անցել «ռուսական օրիենտացիայի» հարցում։ Տեսականորեն և, անշուշտ, գործնականում ոչ մի ժողովուրդ ազգային ազատագրական պայքար չի մղում, որպեսզի մի «օրիենտացիայից» անցնի մյուսին։ «Քաղաքական անցքերը», մինչդեռ հենց այդ էին՝ հայոց հողն ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և անցել ռուսական վերահսկողության տակ։ Օվյանն ասել է, որ Աբովյանը դրանց «նայում է պատմական խորաթափանցությամբ», թեև «ընդունել է ռուսական օրիենտացիա, օրհնել այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա»։ Հետևո՞ւմ է դրանից, որ Օվյանն Աբովյանի գործում՝ «Վերք Հայաստանի»-ում ինչ-որ «երկրորդ շերտ» կամ «ենթատեքստ» է տեսել։

Հարցադրումն ամենևին էլ վրիպանք չէ։ Այդ տարիներին աբովյանագիտությունը շրջանառության էր դրել վարկած, համաձայն որի «ցարական իշխանությունները գրողին դատապարտել են աքսորի, որտեղ էլ նա կնքել է մահկանացուն»։ Հիմնավորումն այն էր, որ կայսրությունը, խիստ զգուշացած լինելով եվրոպական հակամիապետական շարժումներից, «անհուսալի անձանց» ուղղակի մեկուսացրել է։ Նկատել էր տրվում, որ Աբովյանը, կրթությունն ստացած լինելով ցարական ինքնակալության լծի տակ ճնշված Էստոնիայում, փաստացի՝ եվրոպական երկրում, տոգորված է եղել համաեվրոպական ազատամտությամբ և այդ պատճառով էլ իշխանությունների հետ լուրջ հակասություններ ունեցել և Թիֆլիսում, և Երևանում պաշտոնավարելիս։ Աբովյանին, հարկավ, դժվար է վերագրել «հակացարական խռովության» կամ «Ռուսաստանում դեմոկրատական հեղափոխության կազմակերպչի» առաքելություն։ Բայց նա, ըստ երևույթին, այլախոհ էր։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա բխում էր իր հայրենիքի բախտի ընկալումից։

Օվյանն, անշուշտ, քաջածանոթ է եղել Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմին և Բակունցի «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից տպագրված հատվածներին։ Երկրորդում ոչ այնքան սրությամբ, բայց Չարենցի պոեմում գրեթե ուղղակի արծարծված է «հիասթափվածության» խնդիրը, մի իրողություն, որ նկատել է նաև գրականագիտությունը, սակայն ժամանակի պայմանների պարտադրանքով չի խորացել։ Ընդամենը Չարենցին վերագրել է «ազգային նիհիլիզմ», «անանցյալ անցյալի տեսաբանում» և հարցը փակված համարել։ Օվյանի դիտարկումները, սակայն, վկայում են, որ Աբովյանի, հատկապես՝ «Վերքի» մասին խոսելիս նա հոգեբանորեն գտնվել է ոչ արձանագրումների, այլ՝ հարցադրումների դաշտում։

Առհասարակ, «Վերքի» հանգամանքը նույնպես կարոտ է վերագնահատման։ Գրեթե բոլոր ժամանակակիցներն ու հաջորդները վկայում են, որ այդ վեպը ցարական իրականության մեջ գրեթե արգելված էր։ Այն հաճախ ընթերցվում էր գաղտնի։ Ու, եթե չեմ սխալվում, այն մեկ անգամ՝ միայն հեղինակի մահից տասը տարի անց է տպագրվել՝ ողջ նախախորհրդային շրջանում։ Ի՞նչն էր պատճառը, որ ցարական իշխանությունները «Վերք»-ի վրա արգելք էին դրել։ Եթե դա հայ ժողովրդի ռուսական «օրիենտացիա» ընդունելու փառաբանումն էր, ինչպես մեզ էին «ուսուցանում», ապա, ընդհակառակը, իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեին, որպեսզի հայ երիտասարդությունը կարդար և ոգեշնչվեր։ Եվ եթե, այնուամենայնիվ, «Վերք»-ը հիմնականում «հեղափոխական» գիրք է համարվել, ապա չի՞ նշամակում, որ ցարական գրաքննությունն ավելի լավ և դիպուկ է ընկալել ազգային ազատագրական պայքարի դյուցազներգության բուն իմաստը, քան՝ մենք՝ խորհրդային ժամանակների իրոք թերուսներս։

Զուտ արդեն վարկածաբար ենթադրում եմ, որ «Հայ գրականության հիմնադիրը» հոդվածը գրելիս Օվյանը զուգահեռաբար աշխատելիս է եղել «Արցախի արծիվը»՝ իր կյանքի գործի վրա, որի պատմական ժամանակը նույնն է, ինչ որ՝ «Վերք»-ինը՝ պարսկական տիրապետություն, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքար, ռուսական զենքի հաղթանակների ծավալում դեպի Այսրկովկաս և այլն։ Կարծում եմ, որ «քաղաքական անցքերի» նկատմամբ «պատմական խորաթափանցություն» ասվածը նա ինչ-որ տեղ իրեն էլ անհրաժեշտ է տեսել։ Քավ լիցի, չեմ համեմատում։ Այսպես, թե այլ կերպ, իրողությունն այն է, որ «Վերք Հայաստանի» պատմավեպի գաղափարական շերտի գնահատման հարցում Վազգեն Օվյանն իր ապրած դարաշրջանի պարտադիր կաղապարները հաղթահարել և մեզ բավական խորհրդանշական հուշում արել է։ Իսկ դա նրա դիտողունակության, խնդրի «միջուկը» տեսնելու ջանքի և կարողության ու, հատկապես, քաղաքացիական այլախոհության ստույգ, առարկություն չվերցնող վկայությունն է։

Վազգեն Օվյանն, ըստ երևույթին, մտասևեռված է եղել «ցարական իշխանություն-ռուս դեմոկրատիա-ռուսական պայծառ գրականություն» խնդրի վրա, փորձել է այն դիտարկել հայ ժողովրդի պատմական ընտրության առնչակցությամբ։ Թերևս դրանով բացատրվի, որ նա 1986 թ. հուլիսի 26-ին տպագրել է «Կովկասի որդեգիրը» հոդվածը՝ նվիրելով ռուս բանաստեղծ Լերմոնտովի մահվան 145-ամյակին։ Գնահատականներն ու եզրահանգումներն այստեղ «ստանդարտին» մոտ են։ Բայց խիստ, շատ ընդգծված խորհրդանշական է սկզիբը. «Երբ Դանտեսը մենամարտում սպանեց Պուշկինին, Մարտինովն արդեն նշան էր բռնել Լերմոնտովին։ Մեծն Բայրոնը, հալածված լորդերից՝ մեռավ հեռավոր Աթենքում, ոսոխները վառված կրահոր նետեցին հունգար մեծ բանաստեղծ Շանդոր Պետեֆիին...»։

Ինչո՞ւ է այսպես սկսել։ Հանուն գեղեցիկ խոսքի՞։ Չեմ կարծում։ Քանի որ հետագա շարադրանքը նախաբանի հետ որոշակիորեն եթե առնչվում է, ապա միայն՝ որ ավելի շատ պատմում է Լերմոնտովի կարճատև կյանքը, քան թե բնութագրում նրա ստեղծագործությունը։ Մի բան, որ Օվյանն, անկասկած, կարող էր անել ավելի խորությամբ, բայց գերադասել է հատկապես շեշտադրել բանաստեղծի գործի և իշխանության վերաբերմունքի ողբերգական խզումը։ Ինձ այսպիսի մտահանգման է մղում Օվյանի շեշտադրումը Պուշկինի սպանության փաստի լերմոնտովյան ընկալման վրա.

Ընկավ պոետը - պատվի ջատագով,
Ամբաստանության զոհն անմեղսապարտ.
Խոցված կուրծքը լի վրեժի տենչով

Ու խոնարհելով գլուխը հպարտ,- մի մատնանշում, որ լիովին բացասում էր Պուշկինի մահվան «կենցաղայնության»՝ իշխանությունների մատուցած վարկածը, և աղաղակումն է առ իրականություն՝ որ բանաստեղծը դարձել է քաղաքական խարդավանքի զոհ։

Ինձ զարմացնում է գրեթե նույնականությունը՝ Աբովյանի և Լերմոնտովի մասին հոդվածների մուտք-նախաբանում, որ վստահաբար բուն ասելիքի «գաղտնաբառն» է։ Եվ այստեղ ինչ-որ «ֆատալիզմ»՝ ճակատագրապաշտություն չտեսնելը, կարծես, մեղանչում պիտի դիտվի։ Հարցն այնպես չպետք է հասկացվի, թե Վազգեն Օվյանն Աբովյանի կամ, առավել ևս, Լերմոնտովի հետ իրեն նույն շարքում է տեսել։ Թեև, իսկն ասած, ստեղծագործող ամեն անհատականություն յուրովի և «Աբովյան է», և «Պուշկին» կամ «Լերմոնտով»։ Այլապես ինչո՞ւ է գրիչ վերցնում։ Խոսքն, իհարկե, գրչակներին չի վերաբերում։ Նրանք զուրկ են «Պուշկին» ինքնագիտակցվելու տառապանքից։ Նրանցը «մեծարումների հաճույքն է»։

Ես հարցն այլ կերպ եմ դնում՝ ոչ ճակատային։ Ինձ հուզում է, թե Օվյանն ինչո՞ւ է այդքան ակնհայտի ընդգծել իսկական - ճշմարիտ գրականության և գրողի, մանավանդ, դիսիդենտականության հանգամանքը։ Դա արձագանք չէ՞ իր ժամանակի իրողությանը, երբ գրականությունը «կուսակցական գործ» էր դիտվում, և ոմանք ամենամեծ հաճույքով տրվում էին «գնահատված գաղափարախոս» լինելու՝ իրենց վերապահված «մեծ» դերակատարությանը։ Թեև սա էլ հակառակ կողմն ունի. բացառված չէ, որ այդ կերպ նրանք էլ ճգնել են գոնե մի փոքր «մարդկայնացնել» իշխանություններին։ Բայց սա շատ սայթաքուն ըմբռնում է։ Իրականությունն ու ժամանակի մասին վկայումները, մինչդեռ, հուշում են բոլորովին այլ մթնոլորտ ու բարքեր։ Եվ այս իրավիճակում «ոչ նոմենկլատուրային» գրող՝ Օվյանն իրավասու էր իրեն անգամ «Պետեֆի» տեսնել։ Եվ այդ ժամանակի նրա խոկումներին պատշաճ է գալիս Տերյանի մարգարեական բանաձևումը.

Դու նահատակ պիտի լինես...,- որ, ականատեսն է վկայել, բանտախցում անընդմեջ արտասանել է պայծառագույն Ակսել Բակունցը։ Ի՞նչ տարբերություն՝ բանտո՞ւմ է գրողը, թե՞ «մեծ բանտում»։ Բակունցը կալանավորված էր, Օվյանն՝ «ազատ կալանավոր»։ Լերմոնտովի «Պոետի մահը» գոնե արտասանվում էր, Օվյանի «Այս Ղարաբաղն է»-ն, մինչդեռ, գրվել, «ննջում էր» հեղինակի գզրոցում։ Երրորդեմ՝ խոսքն առհասարակ երևույթ է նշում, հոգեվիճակի ընդհանրություն։ Փակի տա՞կ էր Աբովյանի «Վերք»-ը։ Գրողի կենդանության օրոք, համենայնդեպս, այն չի տպագրվել։ Բայց չէ՞ որ «փոշեխեղդ էր լինում» նաև Վազգեն Օվյանի «Արցախի արծիվը»՝ մեր՝ ղարաբաղյան իրականության առաջին և առայժմ միակ պատմավեպը։ Եվ, զարմանալի բան, «Արցախի արծիվը» տպագրվեց հեղինակի մահից դարձյալ գրեթե 10 տարի անց՝ ինչպես որ Աբովյանի խորհրդավոր «անհայտացումից» մեկ տասնամյակ անց լույս տեսավ «Վերք»-ը։

Գրողն օժտված է մի «վեցերորդ» զգայարանով։ Այս դեպքում, կարծում եմ, Վազգեն Օվյանը ստույգ կանխազգացել է իր «երկրորդ կյանքը», իր գործի՝ հետմահու գալիք արժեքավորումը։ Եվ, իսկն ասած, չի սխալվել։ Ես չեմ առաջինը, որ ասում եմ. փաստն ինձնից առաջ, եթե չեմ սխալվում, Գեղամ Բաղդասարյանի դիպուկ հայացքով է արձանագրված, որ ետութսունութթվականյան մեր ժամանակներում Վազգեն Օվյանն արցախցի եզակի գրողն է, ով ընթերցողիս նաև անտիպ-արգելված գործերով է ներկայացել։ Լերմոնտովի մասին հոդվածը նա գրել է մահվանից առավելագույնը կես տարի առաջ։ Դա կարծես «հրաժեշտի» խոսք է։ Ինձ հատկապես «ինքնաբնութագրում» է հասկացվում հոդվածի ավարտը. «Նա ընդամենը 27 տարեկան էր, ի՞նչ երազներ ուներ, ինչպիսի՞ մտահղացումներ»։ Եվ՝ վերջին վրձնահարվածը՝ Չերնիշևսկուց մեջբերմամբ. «Լերմոնտովը արվեստի, լուսավորության և մարդասիրության ասպարեզում մեր ժողովրդի ապագա հաղթանակների գրավականն է»։

Ամենայն վստահությամբ կարող եմ ընդհանրացնել. նաև Վազգեն Օվյանն էր մեր ժողովրդի հաղթանակների գրավականը՝ իր և՛ գործով, և՛ ուրիշների գործի բացառիկ ինքնատիպ բնութագրումներով և՛, առանձնապես, դեռ այսօր էլ խորհուրդ ունեցող ՀՈՒՇՈՒՄՆԵՐՈՎ։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վազգեն Օվյանի մասին


Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ
Վազգեն ՕՎՅԱՆԸ ծնվել է 1932 թ. հունվարի 6-ին Ստեփանակերտի շրջանի (այժմ՝ Ասկերանի շրջան) Դաշուշեն գյուղում։ 1960 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։ 1961-1985-թթ. աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։
Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով մարզային ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը, ցավոք, հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։ Այդ տարիներին տեղական ռադիոն իր հայեցի հաղորդումներով, հայկական երգ-երաժշտության պրոպագանդմամբ անկասկած մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու եւ, ընդհանրապես, Արցախը հայեցի պահելու գործում։

Վ. Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ 1948 թ.։ 1961 թ. լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետեւ պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։

Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնեւի, Ալիեւի, Կեւորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի եւ այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զեւս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ եւ փառք, եւ անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» եւ այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերեւացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» եւ այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին եւ մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները։

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969-ին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ Այդ ներկայացումն ու 1980-ին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով։
Վ. Օվյանը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն պարգեւով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։



ՆԱ ՀԱՍՑԵԱՏԵՐ ԳՐՈՂ Է

...Ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եւ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները եւ իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում:

Հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեւոսյանը ասում է. «Գրականությունը պետք է լինի իմ մասին, պիտի հասցեագրված լինի ինձ՝ Երեւան, Պուշկինի փողոց, թիվ երեք, Հրանտ Մաթեւոսյանին...»: Վազգեն Օվյանը ստեղծել է հասցեական, հասցեագրված, հասցեատեր գրականություն: Գուցե հասցեատերերից են նաեւ Արցախի ԳՄ նախագահության որոշ անդամնե՞ր: Գուցե կարդում եւ ճանաչո՞ւմ են իրենց: Գուցե ոմանք հասկանում են, որ Վազգեն Օվյանի ուրիշ հասցեատերերը նույնպես Վազգեն Օվյանի երկերում ճանաչո՞ւմ են իրենց, տեսնո՞ւմ են իրենց իրական դեմքը: Գուցե այդպես է, բայց ի՞նչ կարող ես անել, եթե գրողը լավ է տեսել իր ժամանակը եւ իր ժամանակի մարդուն: Անքննելի է գրողի տեսողականության գաղտնիքը: Եւ հենց դրանով է նա անհատականություն:

...Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եւ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից նույն ուսանողությունն անցնում է անտարբերությամբ:
Սա է, ահա, իրողությունը: Եւ այս վերաբերմունքն է թույլ տալիս հուսալ, որ «գալիքի գանգրահեր տղան» լինելու է ավելի ազատամիտ, անաչառ ու անկեղծ եւ իր գնահատականները տալիս ելնելու է ոչ թե սույնրոպեական նպատակահարմարությունից, ինչպես այսօր, դժբախտաբար, իրենց թույլ են տալիս որոշ տիտղոսակիր «գրականագետներ», այլ՝ իրական արժեքներից...

Արցախի նշանավոր մտավորականների
նամակ-հոդվածից («Ազգ», 06.12.2008)





ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի
Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ


2002-ի մայիսին յոթերորդ անգամ կգտնվեի Ստեփանակերտում՝ թե՛ մասնակցելու «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 10-ամյակի հանդիսությանը և թե՛ նույն ատեն այցելելու-քննելու Հիմնադրամի Տորոնտոյի մարմնի ստանձնած ծրագիրները։

Ամսի 21-ին հավաքված էինք մայրաքաղաքի Մշակույթի պալատում՝ տոնելու 10-ամյա հանդիսությունը։ Ծրագիրը շատ գեղեցիկ էր։ Պաշտոնական ելույթներից հետո սկսվեց գեղարվեստական մասը։ Մեկը մյուսի հետևից բեմ էին բարձրանում կտրիճ տղաներ և աղջիկներ, որոնք երգում էին ու պարում ղարաբաղյան արիությամբ։ Հետո բեմ բարձրացավ մի ասմունքող և արտասանեց «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։

Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար։

Բորյան ասաց, որ բանաստեղծի անունը Վազգեն Օվյան է, և վաղը կփորձի մի օրինակ գտնել։ Հաջորդ առավոտ նա արդեն լուծել էր խնդիրը, և Վազգեն Օվյանի դուստրը՝ Նարինեն, վարչապետարանի շենքի առջև ինձ համար «Այս Ղարաբաղն է» բանաստեղծության մի օրինակ մակագրեց։ Առիթ չեղավ իրար հետ խոսելու բանաստեղծի մասին, բայց հայտնի եղավ, որ իր գործերը չէր տպագրված։ Ես աճապարում էի, որովհետև պետք է մեկնեինք Վանք՝ քննելու մեր ծրագիրը։

Բայց ես արդեն որոշել էի այս անզուգական գործը ներկայացնել տորոնտոհայությանը։ Այս որոշումը իրականացավ Արցախից վերադառնալուց մի քանի օր հետո։ Հունիսի 10-ին Հիմնադրամի Տորոնտոյի Մարմնի 10-ամյակի հանդիսությանը իմ խոսքը սկսեցի «Այս Ղարաբաղն է» քերթվածքով։ Ժողովուրդը մեծ հուզումով ունկնդրում էր և նույն ատեն ուրախանում, որ Արցախից այսքան ուժգին և խորիմաստ գրող է դուրս եկել՝ հակառակ 70-80-ական թվականների դաժան տարիներին։

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի Մարմնի համար մեծ պատիվ է՝ մասնակցել հեղինակի գործերի հրատարակությանը, և Արցախյան գրչի մշակույթն այս ձևով ներկայացնելու համայն հայությանը։ Վստահ ենք, որ Վազգեն Օվյանի հոգին այսօր ճախրում է Արցախի երկինքներում, որի անկախությունը ինքը չկարողացավ տեսնել իր ողջ կյանքում։

---------------------------------------------------
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր (առանձնապես դպրոցական նոր, ժամանակակից շենքերի կառուցում՝ ԼՂՀ տարբեր բնակավայրերում) իրականացնող, Արցախի ժողովրդի նվիրյալ բարեկամ Մկրտիչ Մկրտչյանի նախաձեռնությամբ 2003 թվականին Երևանի «Անտարես» հրատարակչությունում «Լեռների լեգենդը» վերնագրով 1000 տպաքանակով և 33 մամուլ (528 էջ) ծավալով լույս է տեսել Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող ժողովածուն։

Լուսանկարում՝ Մկրտիչ Մկրտչյանը Վազգեն Օվյանի դուստրերի՝ Նվարդի և Նարինեի հետ։




ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գրող, հրապարակախոս


Վազգեն Օվյանը վառ արտահայտված անհատականություն էր մեր գրական անդաստանում՝ ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր կեցվածքով, մարդկային դրսևորումներով։ Ի տարբերություն շատերիս, նա վաղ մտավ գրական աշխարհ, դեռ դպրոցական տարիներից նրա բանաստեղծություններն ու ֆելիետոնները տպագրվում էին «Խորհրդային Ղարաբաղում»։ Հատկապես ֆելիետոնները և երգիծական ոտանավորներն առաջ էին բերում ընթերցողների քրքիջն ու հրճվանքը։ Մարդիկ կարիք ունեին քրքջալ այն այլանդակ երևույթների վրա, որ կային կյանքում։

Երկար տարիներ մենք աշխատել ենք մարզային ռադիոյում, նստում էինք նույն աշխատասենյակում, դեմ-դիմաց։ Առավոտ կանուխ, մենք շուտ էինք գալիս աշխատանքի, նա բացում էր իրենից անբաժան թղթապանակը, այնտեղից հանում, ինչպես ասում են, դեռ թանաքը չչորացած թերթիկները ու սկսում կարդալ։ Գիշերները նա շատ էր աշխատում, կարդում էր նոր գրած բանաստեղծությունները, որոնք ի մեծի մասի երգիծական բնույթ ունեին։ Լավ հումոր էր, երբեմն կծու երգիծանք, քահ-քահ ծիծաղում էինք։

Վ. Օվյանի պոեզիայում նկատվում էր էպիկական շունչ, և նրան խորհուրդ էի տալիս, որ անցնի արձակի։ Իմ հորդո՞րն էր, թե՞ ուղղակի նրա տաղանդն էր հուշում, անցավ արձակի, և այստեղ էլ տեղի ունեցավ նույնը՝ կյանքի թարմ ընկալում, ինքնատիպ հուզական արձակ։ Ընդհանրապես, Վազգեն Օվյանը բազմակողմանի տաղանդի տեր էր և հետագայում, երբ հասունացել էր, գրեց դրամատիկական գործեր, որոնք հաջողությամբ բեմադրվեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։

Երբ առաջին բանաստեղծությունները, առաջին գիրքը հրատարակվեց, մամուլը, գրասեր հասարակությունը ծափողջույններով դիմավորեց... Թե՛ արձակի մեջ և թե՛ պոեզիայում Օվյանի խոսքը թարմ էր, ինքնուրույն։ Սիրում էին նրա պոեզիան, նույնը նաև նրա պատմվածքները. երբ առանձին գրքով լույս տեսան, նրանք, Շիրազի ասած, գարնանամուտի թարմություն էին բերել՝ իր գյուղից, իր ապրումներից, իր ծննդավայրից, իր լեռնային միջավայրից... Դա գալիս էր գրողի տաղանդի բնույթից, անձնական նկարագրից։

Անկեղծ էր ու հավատավոր, մանկան պես միամիտ։ Բառն ընկալում էր իր նախնական իմաստով, վարքագծի երկիմաստությունը չէր ընդունում, չէր ընկալում։ Նրան կարելի էր հեշտ մոլորեցնել։ Աշխատանքի բերումով, թերևս ընկերական հարաբերությունների թելադրանքով դիտողություն էի անում, նրա փոխարեն վրդովվում. Տնաշեն, ասում էի, ամեն ասածի մի հավատա։ Բայց ո՞ւմ ես ասում։ Մարդն այդպիսին էր, անկեղծ ու հավատավոր, և այդպիսին էլ մնաց գրականության մեջ։ Գուցե բնավորության և ի վերջո տաղանդի այդ գիծը այն երակն էր, որ իսկապես նրա գրականությունը դարձնում է արժեքավոր։

Մեր Արցախյան շարժման ամբողջ ընթացքում երկու բան կսկիծի նման անընդհատ հետապնդում էր. որ եթե մեր Շարժման մեջ կենդանի լիներ Սևակը, այն ինչպիսի հզոր լիցք կստանար նրա խոսքից։ Այս նույն միտքը ես կապում եմ նաև Վազգեն Օվյանի հետ. որ եթե նա կենդանի լիներ, ինչպե՜ս կփայլատակեր իսկապես նրա մեծ երգիծանքը, հատկապես ադրբեջանական մամուլի դեմ գաղափարական պայքարում։ Բայց, ավա՜ղ, կյանքը տնօրինեց այլ կերպ։

Սակայն, այնուամենայնիվ, այն գաղափարները, հանուն որոնց ապրում ու ստեղծագործում էր, նախակարապետը եղան այն գոյապայքարի, որ տեղի ունեցավ նրանից հետո։ Այսօր, կարծում եմ, մեր քաղաքացիական, մարդկային պարտքն է, որպեսզի վերհիշենք մեր գործընկերոջը, մեր տաղանդավոր գրողին։




Ա. Մ. ԱՐՇԱՐՈՒՆԻ
պրոֆեսոր


Վազգեն Օվյանի լեզուն պատկերավոր է, աֆորիզմի սահմանին հասնող կարճ, համոզիչ, տպավորիչ... Այդ իսկ պատճառով լարվածությամբ կարդացվում են նրա նովելները՝ մի շնչով, առանց կանգ առնելու։ Բնածին է նրա հումորը, լեռնցու լայն բնավորությունն արտահայտող, կակուղ և կիրթ միևնույն ժամանակ։

...Կարծես այլևս ճերմակ կետեր չեն մնացել մեր գրականության մեջ, իսկ Վազգեն Օվյանի նովելները կարդացվում են հետաքրքրությամբ, ուշադրությամբ, որպես թարմ էջեր անծանոթ անցյալից։ Մենք այդ հեղինակից շատ սպասելիքներ ունենք՝ նովելի բնագավառում։ Նա բառի ու նախադասության արժեքը գիտե։ Նա ծաղկանոցում անտեղի ծաղիկներ չի քաղի։ Աչքի տեսածը գրվածքի նյութ չի դարձնի։




ՍԵՐԳԵՅ ԱԹԱԲԵԿՅԱՆ
գրականագետ


Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վիպակն իր «ելման» կետում առնչություններ ունի Չարենցի «Երկիր Նաիրի»-ի, Բակունցի «Կյորես»-ի, Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեև խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա և անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» և Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի միջև, քիչ այն կողմ է նաև Մահարու «Այրվող այգեստանները»։

Օվյանն իր «Լեռնակերտ» վիպակով դառնում է մեր նախորդների ավանդների շարունակողներից մեկը... Եթե նյութի ընտրության կամ ելակետի հարցում գրողը հենվում է նախորդների վրա, ապա ոճի, արվեստի, արտահայտման եղանակների տեսակետից այս վիպակը միանգամայն ուրույն երկ է՝ համեմված շատ հաճախ նրբին հումորով, հաճախ էլ սարկաստիկ ծիծաղով։ Ընդհանրապես, Օվյանի արձակն աչքի է ընկնում հումորի, երգիծանքի ուրույն միջոցների հարստությամբ։ Առանձին դեպքերում, այս մարզում նա հասնում է ակնհայտ նվաճումների։

Վազգեն Օվյանն արագ էր աշխատում։ Զարմանալի եռանդով նա պիեսին զուգահեռ գրում էր պատմվածք կամ նովել, բանաստեղծության հետ ընթերցողի դատին էր հանձնում որևէ առակ կամ հումորեսկ։ Իր գրական գործունեության երեսուն տարում քիչ գործ չի արել Վ. Օվյանը՝ և՛ իբրև գրող, և՛ իբրև քաղաքացի։ Միշտ զբաղված, բայց զարմանալի կերպով աշխույժ, սրտաբաց ու սրտամոտ, կատակասեր ու եռանդուն, չափազանց բարի ու անկեղծ,- ահա այսպիսինն է, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, իր հողին ու ջրին նվիրված, ղարաբաղյան իր շիտակությամբ պարզ ու պայծառ Վազգեն Օվյանը։




ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
բանաստեղծ


Ուզում եմ խոսք գրել իմ տաղանդավոր ու վաղամեռիկ գրչեղբոր՝ Վազգեն Օվյանի մասին... Սակայն ես ի՞նչ կարող եմ գրել մի մարդու մասին, որն իր ձեռքով է գրել իր անմահության հավերժախոս լեգենդը։ Այո, նա մեկն էր այն երջանիկներից, որոնք իրենց կենդանության օրոք զգում էին իրենց գրչի ուժը և կարողանում շռայլորեն օգտվել այդ ուժի շնորհներից։

Ժողովրդի ցավը նրա ցավն էր, և այն դարմանելու համար նա չէր խնայում ոչինչ՝ ո՛չ գրիչը, ո՛չ աչքերի լույսը և ոչ էլ առողջությունը։ Աշխատում էր անգամ ծանր հիվանդության պայմաններում, երբ գամված էր անկողնուն։

Իսկական պրոֆեսիոնալ գրող էր՝ նախանձելի եռանդով ու պատասխանատվությամբ։ Համեստությունը նրա կյանքի օրենքն էր։ Չուներ գրողի պոզա և սովորական մահկանացուի պես էր պահում իրեն։ Մինչդեռ նա արժանի էր ամեն մի կոչման։ Սակայն նա կյանքից գնաց սրբազան գրողի կոչումով, և այդ կոչումն էլ եղավ հավերժության ճամփորդի նրա ուղեկիցը։




ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բանաստեղծ, գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր


Հանձին Վազգեն Օվյանի, գործ ունենք մի հասուն հեղինակի հետ, որն արդեն ունի գրական որոշակի մակարդակ, ավելին՝ նրա ժողովածուները վկայում են, որ Օվյանն օժտված է երգիծելու անուրանալի ձիրքով, առողջ, օգտակար ծաղրը սկզբից մինչև վերջին էջը ուղեկցում է քեզ և, կրկնում ենք, այդ ամենն այնքան անբռնազբոս ու սրամիտ, որ գրոտեսկն անգամ հավանական է թվում։




ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ
բանաստեղծ, լրագրող


Վազգեն Օվյանը Արցախի այն մտավորականներից էր, ում աչքը բանաստեղծի աչք լինելով՝ ցավի միջից էլ ժպտում էր կյանքին, իսկ սիրտը՝ տառապում տոտալիտարիզմի թմրանյութերով քնեացված ժողովրդի և՛ ֆիզիկական, և՛ բարոյական կորուստներով... Գրողի կենդանության օրոք մտերիմ ընկերներից շատերն անգամ չէին պատկերացնում այդ տառապանքի խորությունը։ Մեկ-մեկ, երբ շատ էր «լցված» լինում, արտահայտվում էր՝ կրակ կտրած։ Այդպիսի պահերին հավատում էիր, որ աչքերն, իրոք, հոգու հայելին են...
Երբ գրողն արդեն չկար, և որդին բացեց հոր անտիպի պահոցը, հայտնաբերվեցին շարքեր, որոնք ասես այսօր են գրվել։ Մեր ի վերջո բացլեզու դարձած ցավի՛, ազատամարտի՛ անունից։




ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ
ժողովրդական նկարիչ


Վազգեն Օվյանի մեջ սերտ զուգակցված են տաղանդավոր բանաստեղծը, հրապարակախոսը, առակագիրը և, միաժամանակ, պայծառ մարդն ու մեծ հայրենասերը։




ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
բանաստեղծ


Նրանից վախենում, բայց առավել շատ նրան սիրում ու հավատում էին։ Վախենում էին իշխանավորներն ու սրանց թիկունքը պաշտպանող, իսկ ավելի ստույգ՝ այդ թիկունքով ապահովություն ու դիրք թռցնողները՝ պաշտոնյա, թե ստրկամիտ այլ ծառայող, անգամ՝ իրենց մտավորական ներկայացնող «երևելիք»։ Նրան սիրում էին շարքային մարդիկ, ավելի ճշգրիտ՝ խիղճ ու հոգի ունեցող բոլոր նրանք, որոնց համար ազնիվ ու գեղեցիկ խոսքը այն ժամանակ անփոխարինելի փրկօղակի պես էր։ Վերջիններս՝ սիրողները, երիցս մեծաքանակ էին առաջինների՝ վախեցողների, ապա և՝ ատողների համեմատությամբ։ Որտեղ մեծամասնություն, այնտեղ իշխանություն. Վ. Օվյանը մարդկանց մտքի վրա իրական իշխող էր՝ իր վարքով ու գրականությամբ։

Նա, իրոք, անվիճելի ժողովրդական գրող էր անցած դարի 70-80-ական թվականներին։ Արցախյան իրականության մեջ թերևս միակ անհատն էր, որ շուրջանակի ճնշող խորհրդային ռեժիմի օրոք գրավեց խոսքի ազատության հնարավոր բոլոր սահմանները և, ըստ Էության, միակ գործող ընդդիմադիրն էր։ Եղավ այն հազվագյուտ հայ գրողներից, որի դարակներում մնացին բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ՝ իրենց գրաքննչական «արատների» և երգիծական ուղղվածության պատճառով։ Սակայն Վազգեն Օվյանի գրական ներկայությունը ցպահանջ է մնում իրեն վերագտնել ցանկացող այսօրվա հասարակության համար ևս։




ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
լրագրող, «Անալիտիկոն» հանդեսի խմբագիրը


Արցախցի մեծ գրող ու մեծ հայրենասեր Վազգեն Օվյանը չտեսավ մեր ազգային-ազատագրական զարթոնքը, թեև զգում էր նրա մոտալուտ պոռթկումը։ Իսկ մենք զգացել ու զգում ենք նրա բացակայությունը այդ պոռթկման մեջ։ Հաճախ եմ մտորել, թե ինչպե՞ս նա իրեն կպահեր այս կամ այն դեպքում, ի՞նչ կասեր, ո՞ւմ կձաղկեր նրա սրամիտ գրիչը։ Այս վերջին հանգամանքը վիճելի ու սուբյեկտիվ կարող է լինել։ Բայց անվիճելի է, որ նա մեր շարժմանը պետք էր, նրա արդար ու սրամիտ խոսքի կարիքը կար։

Կա նաև այսօր։ Համոզված եմ՝ նա իրեն այլ կերպ կպահեր, քան պահում են նրա գրչընկերները։ Մի կասկածեք՝ նա իրեն այլ կերպ էր պահում նաև կևորկովյան բռնապետության տարիներին ու լիովին տարբերվում էր իր նույն գրչընկերներից։ Կարծում եմ՝ այսօր ոչ թե կպաշտպաներ այս կամ այն գործչին, առավել ևս՝ ոչ թե կբռներ կշեռքի ծանր նժարի կողմը, այլ իր անկախ ու արդար խոսքը կասեր։ Կասեր ժողովրդի սրտից։ Կասեր տղամարդու պես, ազնիվ ու համարձակ մտավորականի պես։ Ցավոք, այսօր նա մեզ հետ չէ։ Բայց ի՞նչ է նշանակում գրողի մեզ հետ չլինելը։ Իսկական գրողը միշտ մեզ հետ է։ Մեզ հետ է նաև նա։ Մեզ հետ են նրա արտակարգ և լիազոր դեսպանները՝ իր իսկ ստեղծագործությունները, որոնք մի ավելորդ անգամ փաստում են, որ նա մեզ հետ է, որ նրա խոսքը բոլոր ժամանակների համար է։ Այդ թվում՝ մեր ժամանակների համար։

Անչար ու անհիշաչար մարդ էր, քչով բավարարվող, բայց այդ քիչը ուրիշի շատից լավ վայելող և այն միշտ կիսելու պատրաստ։ Երբեք չֆետիշացրեց փողը («փողն ինձ պետք է սոսկ ապրելու համար»)։ Կենսասեր ու կենսախինդ մարդ էր, և ոչինչ մարդկային խորթ չէր նրան։ Բայց գիտեր նաև գնահատել գեղեցիկը բարոյականության շրջանակներում։ Մեծ հոգի ուներ («Ես կարող եմ երջանկանալ թեկուզ անկեղծ մի խոսքով, մի «բարի լույսով»)։ Ուրիշներն իր անունից ու հեղինակությունից ավելի էին օգտվում, քան ինքը։ Երբեք չգերագնահատեց իրեն, ինչն ուրիշ կերպ էին մեկնաբանում շրջապատի մարդիկ՝ «իր գինը չգիտե»։ Ազնիվ էր ու միանշանակ։ Երբեք փարիսեցի չեղավ, երբեք չփորձեց իր վրա հարմարեցնել սրբի քղամիդը, թեև ուրիշներն այն չէին հանում անգամ քնելիս։ Ասում էր՝ կյանքում ավելի հեշտ է կույս մնալ, քան անարատ։ Թևավոր խոսքի ուժ ունեցող այս խոսքերում կենսական ահռելի իմաստնություն կա։

Վազգեն Օվյանի կյանքի ու ստեղծագործության գիտակից շրջանը լիովին համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ԽՍՀՄ կոչված մեծ կայսրությունում տիրում էր Բրեժնևը, Ադրբեջան կոչեցյալ կրտսեր կայսրությունում՝ Բրեժնևի վասալ, շողոմաժպիտ Ալիևը, իսկ կրկնակի լծի տակ գտնվող տառապյալ Ղարաբաղում՝ Բրեժնևի վասալի վասալ Կևորկովը։ Միացյալ կայսրությունում այդ ժամանակահատվածը հետագայում ստացավ լճացում անունը, հավաքվեցին և հրատարակեցին այդ ժամանակին վերաբերող անեկդոտներ, առակներ և այլն։ Ու պարզվեց, որ բավականին ծիծաղելի ժամանակներ էին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ ժամանակները գրեթե նույնքան ծիծաղելի էին, որքան Ներոնի, Հիտլերի, Ստալինի ժամանակները։

Մի հայտնի երգիծաբան ասել է՝ մենք ճշմարտությունը կատակով ենք հրամցնում, այլապես մեզ կկախեին։ Խորունկ միտք է։ Հենց այդ իսկ պատճառով Վազգեն Օվյանը ժամանակակիցների հուշերում մնաց որպես զավեշտախոս ու հանաքչի։

Հիշեցնենք, 60-ական թվականների կեսերին արցախահայության հերթական պոռթկումից հետո Ստեփանակերտ գործուղվեց ազգուրաց Բորիս Կևորկովը՝ զսպաշապիկ հագցնելու ժողովրդին։ Ազգայնամոլների երևան հանումը հիշեցնում էր ուրվականների որս։ Հենց այդ տարիներին, երբ «հայ» բառից խուսափում էին ինչպես բորոտից և դեմքով դեպի Հայաստանը քնելը բավարար հիմք էր ազգայնամոլության մեջ մեղադրվելու համար, իսկ դրան զուգընթաց հետևողականորեն ադրբեջանացվում էին մեր հողը, մեր անցյալն ու մշակույթը, Վազգեն Օվյանը գրեց իր «Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին» հեքիաթը։ Ով տեղյակ է Ղարաբաղի պատմությանը վերջին հարյուրամյակում, նա իսկույն ժամանակատարածքային աղերսներ կգտնի այդ հեքիաթի և Ղարաբաղի պատմության միջև։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ,
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Որքա՜ն դիպուկ է Օվյանը բնորոշել իր ապրած ժամանակաշրջանը։ Եվ այդպես էր իրոք։ Հացի փոխարեն՝ լոզունգ, զգացմունքի տեղ՝ ցիտատ, իրավունքի տեղ՝ պարտականություն։ Արվեստը վար էր բերվել երկինքներից ու հասցվել գետնաքարշ շարժման։ Եվ «Ժամանակի շունչը դարձիր» չարենցյան հայտնի պատգամը, տիրացուաբար ըմբռնվելով, վերածվել էր ժամանակաշրջանի շունչը դառնալու հրովարտակի։

Ահա թե ինչպես է արցախահայ գրական ջոկատի այսօրվա առաջնորդներից մեկն այն ժամանակ նախանշել մեր գրականության զարգացման հիմնական ուղղությունները. «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունը, բնական գազի անցկացումը, արդյունաբերական ու կուլտուրական նշանակության բազմաթիվ օբյեկտների շինարարությունը, անասնապահական խոշոր համալիրի կառուցումը և նման այլ մեծագործություններ իրենց արժանի արտացոլումն են գտնում մարզի գրողների գեղարվեստական գործերում։ Ասել է թե՝ անընդհատ զարգացող կյանքն առաջադրում է իր պահանջները» («Գրական Ադրբեջան»)։

Գրողներն իրար հետ մրցում էին, թե ով պիտի իր ներբողով առաջինը «օծի» նորաբաց խոզաբուծական ֆերման, դյուցազներգություն ձոնի ի փառս որևէ տնտեսության աշնանացանի բարեհաջող ավարտի կամ ցնծերգի կենտրոնական հրապարակում տեղադրված էլեկտրոնային ժամացույցը։ Եվ սա կոչվում էր գրականությունը մերձեցնել կյանքին... Շատերի համար գերագույն նպատակ էր արժանանալ տիրակալի (Բորիս Կևորկովի) բարեհաճությանը։ Սակայն տիրակալի «գրական հարեմում» լինելը նաև նրա զուռնայի տակ պարելու պարտադիր պայմանն ուներ։ Շատերը, Օվյանի բնորոշմամբ՝ «թմբուկ գրողները», չէին խորշում դրանից։ Նրանք լավ էին ապրում մյուսների համեմատ, բայց նաև կաշկանդված էին։ Լինել թե չլինել տիրակալի շրջապատում՝ համլետյան այս հարցին ոմանք, այնուամենայնիվ, կարողացան բացասական պատասխան տալ...

Ձգողության ուժ տուր ինձ մագնիսի,
Որ ոսկուց ժանգոտ երկաթը զատեմ։

Սա պարզապես Օվյանի հուսահատ ճիչն էր։ Նա իսկապես կարողացավ տիրապետել այդ ուժին։ Երբեք չշփոթեց ոսկին ու ժանգը, չծնրադրեց սուտուփուտ բագինների առաջ, տուրք չտվեց ժամանակաշրջանի սեթևեթ շնչին։ Այդ է վկայում գրողի հարուստ գրական ժառանգությունը, ուր նա, ի տարբերություն իր գրչակիցներից շատերի, գրականությունը չիջեցրեց արձակ և չափածո ժուռնալիստիկայի մակարդակի, խուսափեց պատեհապաշտությունից, բայց կարողացավ նաև ժամանակավրեպ չլինել, իր ստեղծագործություններում արծարծեց հավերժական թեմաներ ու խնդիրներ, գնաց դեպի իր ժողովրդի հոգևոր ակունքները։ Գրականագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունեն նրա «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ»), «Նազար-նամե» մեծակտավ գործերը, բանաստեղծական ժողովածուները, երգիծական պատմվածքներն ու պիեսները։

Մտավորականների մի մասը գերադասեց ընդհանրապես հեռանալ Ղարաբաղից և տարագրության գնով անեղծ պահել իր պատիվն ու ապահով՝ իր կյանքը։ Մի քանիսն էլ, զորօրինակ Օվյանը, որոշեցին այնուամենայնիվ մնալ, չթողնելով, որ ազգը լիովին գլխատվի։ Եվ մնացին։ Դժվար էր, իրոք, իսկ երգիծաբանի համար՝ երիցս դժվար։ Նրա լավագույն գործերը դատապարտված էին անտիպության, իսկ ինքը՝ գրողն էլ լարախաղացի նման էր, որ ցանկացած պահի կարող էր ընկնել ու փշրվել։ «Դու մեր ոսոխի պնչից թռած բիճ». ահա թե ինչպես է նա իր «Բ. Կ.-ին» էպիգրամում բնորոշել Ղարաբաղի տիրակալին։

Գրել է այս և հարանման ուրիշ շատ տողեր, քաջ իմանալով, որ դեռ շատ ջրեր պիտի հոսեն, որպեսզի դրանք տպագրվելու բախտին արժանանան։ Իսկական գրողներն այդպես էին վարվում։ Գրում էին, թեև գիտեին, որ գրածները մնալու են գրադարակների վրա։ Ռուսներն այդ գործերն անվանում էին դարակային գրականություն։ Եվ ահա, վերոհիշյալ դժնդակ ժամանակներում ստեղծագործած գրողների վաստակը պիտի գնահատել առաջին հերթին այդ դարակների ծանրությամբ։

Նրանք, ովքեր գրում էին «կարելիի» մասին և խուսափում «չի կարելիից», այսօր, պարզվում է, գրեթե բան չունեն տալու մերօրյա ընթերցողներին։ Լճացման տարիների արցախահայ (կարծում եմ՝ նաև հայ) գրականության դարակներում սոսկալիորեն քիչ բան կա։ Եվ այդ քչի մեջ իր բաժինն ունի Վազգեն Օվյանը։ Նա հավատում էր, որ կգան լավագույն ժամանակներ, երբ հունն արդեն անզոր կլինի պահել ջրերի խռովքը։ Գիտեր, այլապես չէր գրի.

Լեռները լուռ են,
Բայց ոչ խուլ ու կույր՝
Տեսնում են, զգում.
Քարը խոսում է,
Քարը ասում է.
Հին հրաբխի խառնարանում դեռ
Հուրը չի պաղել...
ԱՅՍ ՂԱՐԱԲԱՂՆ Է։

Այս տողերը գրեց այն ժամանակ, երբ ջրերը դեռ խռովահույզ չէին, երբ արցախցին գլուխը կախ ու շրթունքները սեղմած տանում ու համբերում էր ամեն ինչ, երբ նրան օտարացնում ու հալումաշ էին անում։ Բայց գրողը տեսնում էր նրա հոգու խմորումները և կանխազգում էր գալիքը։ Ավա՜ղ, ինքը չտեսավ իր կանխազգացած ժամանակը՝ 1987-ի ձմռանը հոգեմաշ հիվանդությունից հետո նա վախճանվեց։

Բայց ցավն այն է, որ Վ. Օվյանի համար դժվարությունները շարունակվում են նաև մահից հետո։ Ավելի ճիշտ՝ նրա ստեղծագործությունների համար։ Փոխվեցին, այո, ժամանակները, ազատագրյալ Արցախն ունեցավ իր հրատարակչությունները, իր հայեցողությամբ գրքեր տպագրելու հնարավորությունը։ Բայց ստացվեց այնպես, որ Օվյանը կրկին տուժեց։ Գրողի գիրքը տարիներ շարունակ փոշի էր հավաքում ԼՂՀ գրողների միության ամենատարբեր սենյակներում, մինչդեռ նորաթուխ և նորահայտ բանաստեղծներն ու գրողներն այդ ընթացքում հասցրին մի քանի գրքեր տպել, իսկ ոչ նորաթուխները՝ ավելի շատ։

Թող պարադոքս չթվա, բայց գրողի նկատմամբ վերոհիշյալ սառնությունը միևնույն ժամանակ նաև նրա վաստակի ամենալավ գնահատականն է՝ ուրեմն դեռ կենդանի են նրա հերոսները...
Այնուամենայնիվ, մի բան կարելի է աներկբա ասել. նա այն գրողն է, որի ստեղծագործությունները մարտիկ են դաստիարակում, անշեջ են պահում ազգային կրակը և ցույց են տալիս դեպ տաճար տանող ճանապարհը։ Երևի գրողի առաքելությունն էլ դա է։




ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ
բանասիրական գիտ. թեկնածու


Գաղտնիք չէ, որ գրականագիտությունը պարտք է Վազգեն Օվյանին։ Ավելին, այդ պարտքին (հատկապես բանաստեղծի մահվանից հետո) սկսել են հավելվել նաև անարդար ուշացման տոկոսները։ Ճիշտ է, հիշատակի ջերմ տողեր և նրա արվեստը գնահատող մի քանի հոդվածներ գրվել են, բայց դրանք, ըստ էության, հավասարազոր են պարտքն ուշացնողի ներողամտություն հայցող խոսքերի։ Ցավոք, այս փոքրիկ հոդվածն էլ դրանցից մեկն է։ Բայց հուսանք, որ կան նաև բոլորիս անունից պարտքը մարելու պատրաստակամ մարդիկ։

Ընդունված է Վազգեն Օվյանի մասին խոսել բարի ժպիտով, որովհետև մարդկային առաքինությունը արատավորող երևույթները հիմնականում բարի ժպիտով են երգիծված նրա ստեղծագործություններում։ ԹԵրևս միակ բացառությունը կատարվում էր, երբ խոսքի սլաքն ուղղվում էր հայրենադավներին։ Բայց այս անգամ խոսելու ենք նրա ստեղծագործության այն ոլորտի մասին, ուր երգիծանքը գրեթե բացակայում է, քանզի կան հոգեկան արժեքներ, իսկ դրանց թվում (այն էլ հայ բանաստեղծի համար) գերհոգեկան և գերբացարձակ մի արժեք՝ հայրենիքը, որի մասին խոսելիս «հոգին բաց է լինում», իսկ նրա ցավերը տեսնելիս «սիրտը լաց է լինում»։

1981 թվականին գրված այս բանաստեղծությունը արտաքնապես և միտումնավոր ոճավորված է Հ. Սահյանի հանրահայտ բանաստեղծության նմանությամբ։ Բայց Օվյանը ոչ թե կրկնօրինակում, այլ զարգացնում է իր հանճարեղ ժամանակակցի միտքը՝ ընթերցողին հիշեցնելով, որ ճիշտ է՝ «Հայաստան ասելիս» (Հ.Ս.) կամ, որ նույնն է՝ երբ «Ղարաբաղ եմ ասում» (Վ. Օ.), «թևերս բացվում են» (Հ. Ս.) կամ՝ «երգս թև է առնում» (Վ. Օ.), բայց երբ «Ղարաբաղ եմ տեսնում, թևաթափ եմ լինում»։

Ղարաբաղ եմ ասում՝ հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝ պատս ճաք է տալիս։
Ղարաբաղ եմ ասում՝ սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝ գլխիս քար է ընկնում։

Հատկապես ուզում եմ անդրադառնալ իր մեծ նախորդների և ժամանակակիցների խորիմաստ մտքերը հաստատող, խորացնող, զարգացնող ու թարմացնող բանաստեղծություններին։ Այսպես, Տերյանը «Երկիր Նաիրի» շարքը, այդ թվում՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը գրել է ողբերգական այն օրերին, երբ իրոք հայ ժողովրդի գլխին կախված էր պատմության ասպարեզից իսպառ հեռանալու վտանգը։ Մինչդեռ այդ բանաստեղծության սկզբնատողը բնաբան դարձնելով, նույն անհուն սիրով, ցավով ու սարսափով Օվյանը ստեղծում է մի գլուխգործոց, որը ոչ թե պատերազմի ու նախճիրի, այլ Պարույր Սևակի դիպուկ բնորոշմամբ՝ արդեն տերմինավորված ճերմակ սպանդի խտացված արձագանքն է։

Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող։

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին։
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՜, տուր ինձ ծուխն իմ ծխանի։

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն։

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի։

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի։

Պարզ է, որ նման բանաստեղծությունները խորհրդային տարիներին չէին կարող տպագրվել, որովհետև ժողովուրդների եղբայրության ու ազգերի իրավահավասարության լոզունգները, ցավոք, ընդամենը բառակույտեր էին, որոնց ծածկույթի տակ Ադրբեջանն արդեն հայաթափել էր Հայաստանից հափշտակած Նախիջևանը, և այդ գործընթացը շարունակվում էր նաև Արցախում։ Եթե 60-ական թվականներից սկսած ընդհանուր առմամբ հայ գրողներին հաջողվում էր տպագրել գործեր՝ նվիրված Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանին, կամ անդրադառնալ 1915 թ. հայոց ցեղասպանությանը զուտ այն պատճառով, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն էր ու խորհրդային պետության պոտենցյալ թշնամիներից մեկը, ապա բոլշևիկների կողմից Ադրբեջանին «սեփականաշնորհված» հայկական տարածքներում իրագործվող ճերմակ սպանդի մասին գրված ոչ մի տող չէր կարող սպրդել գրաքննության մաղից։ Բայց ինչպես Հովհ. Շիրազի շատ անտիպ գործեր (այդ թվում «Ողբ Ղարաբաղի» բանաստեղծությունը) բերնեբերան տարածվում էին Հայաստանով մեկ, այնպես էլ Վ. Օվյանի հայրենաշունչ երգերն էին թևածում Արցախ աշխարհի վրա։

Այդպես պոկում են սիրտը մարմնից,
Այդպես հոգին են հավատից հանում,
Այդպես խլում են լույսը աչքերից,
Այդպես հավատն են միայն սպանում։

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,
Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,
Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,
Քո տնկած ծառը ո՞ւմ է հարկավոր։

...Բայց Օվյանի արվեստում գերակշռողը ողբասացությունը չէ. նա մարտիկ էր բառի բուն և վեհազնյա իմաստով։ Հասկանում էր, որ հայրենիքի (այս դեպքում նրա մի հատվածի՝ Արցախի) փրկությունը ակնթարթի հարց չէ, որ ամենօրյա պայքար է պահանջվում այդ վեհ նպատակին հասնելու համար։ Եվ պայքարի ձևերը, նայած ժամանակին, կարող են լինել տարբեր ու բազմաբնույթ։ Առաջին կարևոր խնդիրը դիմանալն էր, դիմանալ ու մնալ հարազատ հողի վրա, որպեսզի հարմար պահին հնարավոր լիներ նաև պարզել ազատության դրոշը և ի հեճուկս աշխարհի՝ հայոց վշտի հանդեպ խլացած ականջի՝ հնչեցնել ազգային-ազատագրական պայքարի պղնձահունչ շեփորը։

Հայ ժողովուրդն արդեն ընկալել և յուրացրել էր մեծն Սևակի հայտնի պատգամը «նախ՝ ինքդ քո մե՛ջ, և ապա՝ քո՛ շուրջ», հասկացել էր, որ «օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը ա՛յլ ազատություն» ( Պ. Սևակ)։

Այս նույն գաղափարներով են տոգորված նաև Վ. Օվյանի շատ բանաստեղծություններ, գաղափարներ, որոնք հրամայաբար պարտադիր էին և՛ այն տարիներին, և՛ հիմա, և՛ մեր պատմության հնագույն դարերում, և՛... վաղը։ Հիշենք չորրորրդ դարում ստեղծված ժողովրդական լեգենդը, թե ինչպես էր հայոց Արշակ արքան Շապուհի առաջ խեղճանում, երբ քայլում էր պարսկական հողի վրայով, և ինչպես էր ըմբոստանում ու խրոխտանում՝ հայկական հողի վրա ոտք դնելիս։ Սա՛ է պատմության անվիճելի տրամաբանությունը։ Ինչպես անհատը, այնպես էլ ժողովուրդը հզոր է ու անկոտրում ի՛ր հողի վրա, ի՛ր հայրենիքում։

...Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինծ կշանթեն։
Թե որ դառնամ ես տարագիր
Ու ոտքիս տակ հող չունենամ-
Ղարաբաղս կաղաղակի.
- Քեզ պես որդին թող չունենամ։

Ու քանի որ Օվյանը սիրում էր առատաբուռն սնվել հայոց հին ու նոր քերթության կենսական աղբյուրներից, պարզ է, որ ժողովրդական բանահյուսության հորդաբուխ աղբյուրը բացառություն չէր կարող կազմել։ Մանավանդ որ տեսնում էր, թե ինչպես արտաքին բարեկեցության մթնոլորտում արցախահայությունը տառապում էր ոչ միայն իր հողը հափշտակողների, այլև սեփական քաջ-նազարների ու հուդաների օտարահաճ ճիրաններում.
Այն ո՛վ է ասում, թե Նազար չկա...
...իբր վաղուց ենք նազարին թաղել։

Բայց գիտեր նաև հայրենասեր բանաստեղծը, որ ոչ թե ազգադավ հաճոյակատարները, ժամանակավոր գահավորված նազարներն ու վերգոներն են հայ ժողովրդի հավաքական ոգին մարմնավորողը, այլ Սանասարն ու Բաղդասարը, Մեծ ու Փոքր Մհերներն ու Դավիթը։ Օգտվելով գրականության ընձեռած մանևրելու հնարավորություններից, նա փորձում է վերաիմաստավորել արցախյան բանահյուսության ուրախ-զվարթ հերոսի՝ Պըլը-Պուղու պատմությունը, այն ծառայեցնել ներկային։ Այս չափածո դրամայում երգիծանքը քող է միայն, իրականում դրական հերոսների միջոցով Օվյանը ընթերցողին ու հանդիսատեսին ոգեշնչում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներով։

Ահա մի հատված՝ Մելիք Եսայու պարսից շահին ուղղված պատասխանից, որտեղ հայրենասեր իշխանը հիշեցնում է, որ հայ ժողովուրդը թեև համբերատար է, բայց գիտե նաև ծառս լինել, եթե վտանգվում են իր հայրենիքն ու ազգային ինքնությունը։ Հայոց Թուր-Կայծակին թեև պատյանի մեջ է, բայց միշտ պատրաստ է շողարձակել իր հողը նվաճել փորձողների գլխավերևում.

Սակայն այնպես դուք ապրեցեք այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները ձեր աշխարհում չշառաչեն։

Վազգեն Օվյանը չհասցրեց տեսնել, թե ինչպես այս խորհուրդներին չանսացող նորօրյա հափշտակիչների զինվորները ոչ միայն հառաչեցին, այլև խորտակվեցին արցախյան խորունկ ձորերում, քանզի հայոց լեռներում իրոք շողարձակեցին արդար վրեժի այն կայծակները, որոնց լիցքերը տարիներ առաջ կուտակվել ու շիկացել էին ազգի նվիրյալների հոգիներում։ Այդ նվիրյալների շարքում Վազգեն Օվյանը առաջիններից էր՝ իր երկրային կյանքը և մեծ տաղանդը հարազատ ժողովրդի հավերժին ծառայեցրած բանաստեղծը, արձակագիրը, թատերագիրը, որի ստեղծածն ու ազգանվեր գործը գնահատելու համար հազիվ թե գտնվեն ավելի դիպուկ խոսքեր, քան իր իսկ տողերը.

Ես երազանքն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ։
Ես ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ...




Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բանաստեղծ


Գրական մեր սերունդն անցած դարի 60-70-ական թվականներին գրողների մի համեստ ջոկատ էր՝ Գուրգեն Գաբրիելյան, Վազգեն Օվյան, Գևորգ Աղաջանյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Հրաչյա Բեգլարյան, Արմեն Հովհաննիսյան։ Հրաշալի տղաներ՝ անքակտելի սիրով կապված իրար հետ, մաքրամաքուր, անխառն հոգիներ, որ աղարտված չէին, հազար թելերով աղերսված հայրենի նվիրական եզերքին, ստեղծագործական ավյունով ու եռանդով լեցուն, մի խոսքով՝ գրչի մարդու և քաղաքացու մարդկայինի լավագույն նկարագիր ու տեսակ։ Ինչպես հավատացյալի ձայնն է դողում Աստծո տաճարում աղոթելիս, այդպես էլ իմ ձեռքն է դողում, երբ այս պահին գրում եմ իմ սերնդակիցներից մեկի՝ վաղամեռիկ գրչեղբայր Վազգեն Օվյանի մասին՝ կապված նրա ծննդյան 75-ամյակի հետ։

Վազգենի և իմ տարիքային տարբերությունն ընդամենը չորս ամիս էր։ Երկուսս էլ 1932-ի ծնունդ, ինքը՝ հունվարի, ես՝ մայիսի։ Գրական մեր առաջին փորձերը սկսեցինք միասին, մեր առաջին երեխայրիքները ծնունդ առան միաժամանակ, իմ «Բարի ճանապարհը», իր՝ «Լուսաբացը», որոնց հաջորդեցին մեր երկրորդ գրքերը, նրա «Լեռների լեգենդը», իմ «Հայրենի տունը»։ Այնուհետև հաջորդաբար ու զուգահեռ լույս տեսան մեր հերթական գրքերը, մինչև երկուսիս կեսդարյա հոբելյանները։ Ասաց. «Ստո՛պ։ Դե հիմա քո հոբելյանական ճառը ես եմ գրելու, դու՝ իմ։

Մեր հետագա հոբելյանները նույնպես տոնելու ենք նույն ձևով, ես՝ քո, դու՝ իմ, որոշեցինք, վե՛րջ»,¬ վճռեց չորս ամսվա մեծի իրավունքով։ Մեր հոբելյանները նշեցինք ըստ պայմանավորվածության, ես գրեցի իր, ինքն իմ մասին։ Իսկ գրելու բան շատ կար։ Նա արդեն կայացած, անուն հանած ու սիրված գրող էր, գրական պատկառելի վաստակով, ուներ ընթերցողների իր բանակը, որի սեփականությունն էր դարձրել «Լուսաբաց», «Լեռների լեգենդը» բանաստեղծությունների, «Շաղասար», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ» պատմվածքների ժողովածուները, «Քարաշեն» և մանավանդ «Խանքենդի» հանրահայտ վիպակները, գումարած «Մեծ լոռեցին», «Լուսաբացը լեռներում» և «Պըլը Պուղին մի առակ պատմեց» դրամատիկական երկերը, որոնց բեմադրություններն էլ ավելի հանրաճանաչ դարձին նրան ընթերցողների և հանդիսատեսների շրջանում, դարձավ նրանց սիրելին ոչ միայն որպես տաղանդավոր բանաստեղծ ու արձակագիր, այլ նաև որպես տաղանդավոր դրամատուրգ։

Վազգեն Օվյանի բանաստեղծությունների «Լուսաբաց» անդրանիկ ժողովածուն և դրան հաջորդած «Լեռների լեգենդը» երկրորդ գիրքը եկան հաստատելու, որ գրական ասպարեզ է իջել շնորհաշատ մի ստեղծագործող և իր բարի ու սրտաբուխ խոսքն է ասում մարդկանց՝ իր հետ բերելով հայրենի եզերքի շունչը, նրա սքանչելի բնաշխարհի ու մարդկանց կապի ներդաշնակությունը։

Նրա տարերքը ստեղծագործելն էր։ Բայց նրա ստեղծագործական պրոցեսում վաղուց էին նկատվում անդուլ որոնումները ժանրային հարցում։ Բանաստեղծության շրջանակները նեղ էին գալիս և անցավ արձակի, զուգակցելով այն պոեզիայի հետ։ Ծնվեցին նրա գողտրիկ, հուզաթաթավ պատմվածքները, մանրապատումները, վիպակները, որոնք հետագայում ամփոփվեցին պարբերաբար լույս տեսնող ժողովածուներում։

Այդ պատմվածքների ու վիպակների թեման իր ժամանակի կյանքն էր, դրանցում իրենց կենդանի արտացոլումը գտան հարազատ երկրամասի, մասնավորապես՝ հայրենի գյուղի՝ գրողի ծննդավայրի մարդկանց կենցաղն ու սովորույթները։ Պատահական չէր, որ նրա հերոսներն ունեին իրենց կենդանի նախատիպերը։ Կյանքի ռեալիստական զգացողություն, սուր դիտողականություն, պարզ ու անպաճույճ լեզու, հստակ պատմելաձև,- ահա այն հատկանիշները, որոնցով օժտված էր, որոնք հնարավորություն տվեցին նրան կերտելու գեղարվեստական լիարժեք ստեղծագործություններ։

Նրա ստեղծագործական բարձրակետը եղավ «Խանքենդի» վիպակը։ Ասպարեզում կար Ե. Չարենցի «Երկիր Նաիրին», Ա. Բակունցի «Կյորեսը», Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանցը», և մեր դասականներից սովորեց գրելու իր Երկիր Նաիրին, իր Կյորեսը, Եղելությանց իր մատյանը, արդյունքում՝ ստացվեց մի ինքնատիպ գործ՝ իր յուրահատուկ ոճով, արտահայտչական միջոցներով, ցայտուն կերպով ընդգծված կերպարներով հարուստ մի վիպակ՝ համեմված նուրբ հումորով, լացի աստիճան հարազատ ու սիրելի իր Ղարս-Խանքենդին, իր Կյորես-Խանքենդին (Ստեփանակերտը)։

Մեր՝ տղաներիս մեջ Վազգենն ամենից շատ էր սիրված և դրա համար էլ մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ ինչ էլ աներ՝ հանդուրժում էինք։ «Մշակում» էր մեզ, երբեմն խածում, թեպետ մենք էլ մեր հերթին «պարտքի» տակ չէինք մնում... Մեկ էլ տեսար թերթում լույս տեսան բոլորիս ծաղրանկարներն իր պարոդիաներով՝ կծու, բայց «ճշմարիտ» ու յուրաքանչյուրիս «բնութագրող»։ Ըմբոստանում էինք, «շշպռում», վեջը չէր, գլուխը մի կերպ ազատում էր ու թե. «Է՜, ի՞նչ եք ուզում, է՜, ինձնից, ճի՞շտ չեմ ներկայացրել ձեզ...

Դեռ գնացեք շնորհակալ եղեք, որ ձեզ հանրաճանաչ եմ դարձնում»։ «Փոթորիկն» անցնում էր, ու մենք շարունակում էինք մեր խանդավառ, ռոմանտիկ ու դեռևս չաղարտված հոգիներում փայփայել իրար։ Հաճախ էինք գրողներս հանդիպումների գնում գյուղերը, շրջկենտրոնները։ Ավելի քան լավ էին ընդունում մեզ՝ գրողի, գրականության նկատմամբ սիրո, խանդավառությամբ և դրանք ավարտվում էին քնքշագին հյուրասիրություններով։ Հանդիպումների ժամանակ մեր բաժին ծափերն էլ էին խլում Գուրգենն ու Վազգենը, մանավանդ Գուրգենը, որ իր ելույթները համեմում էր հմայիչ երգերով, իր իսկ ու մեր տեքստերով հորինած երգ ու մեղեդիներով։

Բախտավորը գլխիս գրողների բաժանմունքի քարտուղար էի։ Արձակուրդների ժամանակ Վազգենին էի նշանակում ինձ փոխարինող։ Մի անգամ հերթական արձակուրդից վերադարձիս բաժանմունքը փակ էր։ Մի տեղից զանգեցի, եկավ.
- Էսպես ես ղեկավարո՞ւմ,- դժգոհեցի։
- Վա՜հ, հլա մի կտեսնես ոնց եմ ղեկավարել... քեզանից էլ լավ։

Դուռը բացեց, ներս մտավ։ Սեղանի դարակից հանեց հրամանների գիրքը, մեկնելով ինձ՝ խորամանկ կկոցեց աչքերը։ Բաց արի գիրքը, իսկ ինքը նստեց աթոռներից մեկին, սպասում էր, թե որ հանկարծ պայթեմ, հակահարված տա։ Աստված իմ, ինչե՜ր էր արել. գրոտել էր այնքան հրամաններ, որքան ես չէի գրել մի քանի տարվա ընթացքում։
- Վազգեն, էս ի՜նչ ես արել, ախր սա հրամանների գիրք է...
- Իսկ ի՞նչ է, ես դիֆիրամբնե՞ր եմ գրել...

Բոլոր գրողներին առանձին-առանձին հրամանագրերով նկատողություններ էր տվել։ Հիմա չեմ հիշում՝ ինչ թերությունների ու խախտումների համար, իսկ ինձ՝ խիստ նկատողություն վերջին նախազգուշացումով՝ հիմնավորելով, որ ես երես եմ տվել տղաներին, «կապը» գլխներով եմ գցել և հիմա ով ինչ ուզում է՝ անում է... Նույնիսկ իրեն էլ չեն ենթարկվում։

Այո, ավա՜ղ, այսպիսին էր նա՝ մեր սիրելին, մեր «խենթուկը»։ Այսպիսին էլ մինչև հիմա ապրում է առայժմ իր ապրող ընկերների հիշողության մեջ։ Մենք որ ահ ու մահ չգիտեինք, անմահ էինք կարծում ինքներս մեզ, մինչև այնքան ժամանակ, մինչև նրա անժամանակ կորուստը վայր բերեց մեզ երկինքներից այն սթափությամբ, որ վերջապես հասարակ մահկանացուներ ենք... և դա մեր անզուգական Գևորգի, կյանքի մի ամբողջ շքեղություն մեր Գուրգենի կորուստներից հետո... Վերջիններիս պարագայում գոնե այն մխիթարությամբ, որ նրանք պատկառելի հասակում հեռացան իրենց արած-թողածով։

Վազգենի անժամանակ ու անդառնալի կորուստն ուրիշ էր... Անցել է քառորդ դար, անցել է նրա 60-ամյակը, 70-ամյակը, հիմա էլ իր ծննդյան 75-ամյակն է։ Երբ սրտի ցավ ու կսկիծով գրում եմ հիմա այս տողերը, թվում է՝ դուռը հանկարծ կբացի ու դռան կես բացվածքից չարաճճի ներս կնայի և կասի. Էդ ի՞նչ ես գրում, էյ... Բան չունե՞ս անելու...

Ինչ եմ գրում, սիրելիս, ծերուկիս ի՜նչ է մնում անելու,- կասեմ,- իմ ջահել մնացած «խենթուկ», ընդամենը արցունքի երկու կաթիլ եմ հղում քեզ այս աշխարհից քո հոբելյանի առթիվ, քո և... իմ հոբելյանի, շատ եմ ափսոսում, որ ձեռքերս առայժմ այս աշխարհից չեն հասնելու քեզ...




Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Բանաստեղծ


Իր բնաշխարհին, իր ժողովրդին սիրահարված մարդ էր Վազգեն Օվյանը։ Ավելի շատ բանաստե՞ղծ էր, երգիծաբա՞ն, արձակագի՞ր, թե՞ թատերագիր... Ես կասեի՝ նա Մարդ էր առաջին հերթին, Մարդ՝ մեծատառով, որ խորհրդային բրեժնև-ալիևյան բռնապետության պայմաններում երբեք չդավեց իր սկզբունքներին և արքային վայել հպարտությամբ, պահվածքով տարավ իր բաժին խաչն ու մնաց արքա։Նա իմ առաջին գրական ուսուցիչն էր, որը սկսնակիս թև տվեց և բարի ճամփա մաղթեց՝ գրականության անափ անդաստանում նավարկելու։ Վերին աստիճանի բարի, ազնիվ ու պարզասիրտ էր տաղանդավոր այդ գրողը։ Եվ այդ մարդկային որակները տեղադրեց իր աննման ստեղծագործություններում։ Նրա հումորը, խոսքը, բանաստեղծական ամեն տողն այսօր էլ թարմ են, որովհետև գրված են ոչ թե պահի, այլ՝ հավերժության համար։

Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում։

Ղարաբաղը նրա էությունն էր, նրա ցավը, հոգսը, հավատը, ապրելու կերպը, նրա բնութագիրը, կենսագրությունը, սերը...

Երբ 60-ականների հայտնի դեպքերից հետո շատ մտավորականներ ստիպված լքեցին Ղարաբաղը, նա մնաց և իր գրչով շարունակեց ծառայել ժողովրդին։ Փորձեք թերթել տարբեր տարիների գրած նրա ստեղծագործությունները. իր հերոսների լեզվով նա խոսում է աշխարհի հետ, և նրա խոսքի մեջ երբեք չկա շինծուություն, չկա պրիմիտիվություն։ Այլ կա մեծ սեր Արցախ-երկիր դրախտավայրի, նրա ժողովրդի հանդեպ։ Ինձ թվում է նրա բոլոր արձակ ու չափածո գործերը ծնունդ են այն մեծ սիրո, որ Վազգեն Օվյանը տածել է դեպի իր երկիրը, դեպի իր ժողովուրդը։

Արցախյան շարժման տարիներին միշտ մտածել եմ. ինչ կլիներ, եթե կենդանի լիներ Օվյան-հայրենասերը։ Անկասկած նա իր տեղը կգտներ մարտնչողների առաջին շարքում։ Իսկ եթե այսօր մեր կողքին լիներ, հազիվ թե հաշտվեր հայ իրականության մեջ կատարվող ապազգային երևույթների հետ։ Նա դարձյալ կլիներ ճշմարտությունն ասողների առաջին շարքում։

Վ. Օվյանի գրքերը սերունդների համար հայրենասիրական դաստիարակության լավագույն ձեռնարկներ են. դրանք անմար են պահում ազգային ոգու կրակը, մարդուն տանում են դեպի վեհը, գեղեցիկը, ճշմարիտը։




ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ
արձակավիր, լրագրող


Բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, թատերագիր... Այս բառերից յուրաքանչյուրը և բոլորը միասին, անվերապահորեն կարող են նախորդել Վազգեն Օվյան անուն-ազգանվանը։ Այդուհանդերձ, նա ամենից շուտ և ամենից շատ Արցախցի էր, թերևս, ճիշտ կլինի ասել՝ ամենաարցախցի գրողը։ Այդ են հաստատում նրա թողած գրական ժառանգությունն ու նրա գրողական կերպարը։

Խոր, աստվածային սեր ուներ Արցախ հայաշխարհի հանդեպ։ Եվ նույնքան խոր ցավ՝ նրա ճակատագրի նկատմամբ։ Այս սիրուց ու ցավից են հյուսվել նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ համեմված արցախական-ժողովրդական բառ ու բանով, զվարթ հումորով։ Այդ սերն ու ցավը, ավելի ճիշտ՝ այդ սիրո ցավն էլ սպանեց նրան։

Շատ էր գրում, և ընթերցողը սպասում էր նրա ստորագրությանը, քանզի հավատում էր այդ ստորագրության շիտակությանը։ Ինչ էլ գրել է՝ իրեն չի դավաճանել, չի ծռել հոգին։ Ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ գրող, պատվերով չէր գրում և հեռու էր ձոն-ներբողներից, «պալատական» հովվերգությունից, որքան էլ դրանք հույժ մոդայիկ ու գայթակղիչ լինեին, նույնիսկ՝ անհրաժեշտ, «հացի խնդրի» պես մի բան։ Այլ կերպ ասած՝ կյանքում, առավել ևս գրական կյանքում շահադիտական մղումներ չի ունեցել երբեք ու միշտ մնացել է իր արժանապատիվ բարձրության վրա։ Ըստ իս, Վազգեն Օվյանը, առաջին հերթին, դրանով է հենց առանձնանում իբրև անհատականություն, ինչն էլ առանձնակի հմայք է հաղորդում նրա՝ իբրև գրողի, մարդու և, ինչու չէ, քաղաքացու դիմագծին։

Շռայլորեն օժտված էր հումորով, երգիծելու ակնհայտ շնորհքով։ Սիրում էր կրկնել հայտնի ճշմարտությունը՝ հումորից զուրկ մարդը կատարյալ մարդ չէ։ Բայց քանի որ Տերը, դժբախտաբար, ամենքին չի շնորհել այդ օժտվածությունը, նրա սրամտություններից, անմեղ կատակներից երբեմն նեղանում էին։ Մինչև իսկ՝ իր գրչընկերները։ Դա, բնականաբար, նրան սաստիկ զարմացնում էր, սակայն չէր խանգարում, որ շարունակեր «իրերը կոչել իրենց անուններով»։

Վերին աստիճանի դյուրահավատ էր, որը ինչ-որ տեղ միամտության երանգ էր ստանում, ինչը, հարկավ, բխում էր նրա բյուրեղյա ազնվությունից։ Ամենից շատ ատում էր կեղծիքը, քծնանքն ու շողոքորթությունը, որ հատկապես այդ տարիներին բուռն փթթում էին ապրում, ի ցավ սրտի՝ չշրջանցելով նաև գրչի մարդկանց։ Մի բանից էր, երևի, գոհ Օվյանը. դրանք առատ նյութ էին մատակարարում իր գրչին՝ երկնելու նորանոր առակներ, էպիգրամներ, պամֆլետներ։ Ինչպես բոլոր շիտակ հոգիները, նա էլ շատ հաճախ տուժում էր իր ազնիվ կեցվածքի, ճշմարտությունը կենսակերպ համարելու «մեղքից»...

Վազգեն Օվյանը, ինչպես մեր գրողների ճնշող մեծամասնությունը, գրական ասպարեզ է իջել բանաստեղծությամբ՝ հրատարակելով «Լուսաբաց» (1961 թ.) և «Լեռների լեգենդը» (1966 թ.) փոքրիկ ժողովածուները, ապա անցել է արձակի՝ ընթերցողի սեղանին դնելով «Շաղասար» (1970թ.), «Խանքենդի» (1975թ.), «Երգը մնաց լեռներում» (1978 թ.), «Տոհմածառ» (1980թ.) և «Մեղրի ժամանակը» (1984թ.) գրքերը։ Այսքանը հասցրեց հրապարակ հանել, չհաշված Ստեփանակերտի պետթատրոնոմ բեմադրված իր երեք պիեսներն ու պարբերական մամուլում սփռված բազմաթիվ երգիծական ու ոչ երգիծական պատմվածքները, առակները, էպիգրամները։

Օվյանի գրական ժառանգության ստվար մասը մնացել է անտիպ, այդ թվում՝ պոեմներ ու չափածո այլ գործեր և «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, որն, անշուշտ, հաճելի անակնկալ էր ընթերցողների համար։ Վերջինս, ինչպես նաև գրողի երգիծական բնույթի չափածո և արձակ ստեղծագործությունները՝ «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» խորագրով, հետագայում, թեև ոչ պատշաճ մակարդակով, լույս տեսան առանձին գրքերով՝ շնորհիվ իր զավակների նվիրական ջանքերի ու բարերար մարդկանց սիրահոժար օժանդակության։

Հուսանք, որ վաստակաշատ գրողի ընտրանին կհրատարակվի պետական հովանավորությամբ՝ վաղամեռիկ գրողի ծննդյան 70-ամյակի առթիվ, իր նորանկախ հայրենիքում, որի ազատության գաղափարը նրա համար վեր էր ամեն ինչից և որի համար նա անդադրում մաքառել է իր ըմբոստ, ազգային-հայրենասիրական պաթոսով տոգորված ստեղծագործություններով, մինչև կյանքի մայրամուտը (1987 թ.)՝ վայր չդնելով գրիչը՝ միակ զենքը։ Անկարևոր չէ ավելացնել նաև, որ նույն շարժառիթով Վ. Օվյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։

Վազգեն Օվյան գրողը այն քչերից մեկն է, որ անվերապահորեն հավատում էր իր հայրենիքի բախտի աստղին, ինչը շատերի համար այլևս ընդմիշտ կորսված պատրանք էր՝ նենգադավ կիսալուսնուն կուլ գնացած, և ամեն կերպ ջանում էր այդ աներեր հավատը փոխանցել ուրիշներին, ներարկել զանգվածների մեջ։ եվ մի՞թե դա չէ իսկական գրողի, ստեղծագործող մարդու առաջնահերթ առաքելությունը՝ քայլել հասարակության առջևից, ոչ թե՝ պոչից, զգալ, տեսնել այն, ինչ ուրիշների համար տեսանելի չէ, ապավինելով իր ազատաբաղձ ժողովրդի անկոտրում կամքին ու հզոր ուժին՝ կանխազգալ նրա վաղվա օրը, որ վերուստ տրված էր Երկնայինի կողմից։

Այս Ղարաբաղն է.
Եվ զգույշ մի քիչ՝ հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից,
Դարերով լռած իր խառնարանից
Նետել հուր ու բոց,
Հողմահար անել և բերդ, և ամրոց։

Շիկացած հոգով գրված «Այս Ղարաբաղն է» ծավալուն բանաստեղծությունը կամ ասքը, որ «հանրագիտարանային» ճշգրտությամբ կերպավորում-շնչավորում է մեր սեգ լեռնաշխարհը՝ իր հերոսական, մաքառումներով ու փորձություններով լեցուն պատմությամբ, վստահաբար կարելի է համարել Արցախ աշխարհին նվիրված լավագույն պատումներից մեկը (եթե ոչ լավագույնը) հայ պոեզիայում։ Կրքոտ, մարտնչող հայրենասիրությամբ են շնչում նաև բանաստեղծի՝ արցախյան թեման ներառող մյուս գործերը, որոնց մեջ զարմանալի սեր ու գորովանք կա դեպի մայր երկիրը և, միաժամանակ, ցավ ու մորմոք.

Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում...

Իր ասելիքը արտահայտելու համար բանաստեղծը, մռայլ, դժնի իրականության պարտադրմամբ, ստիպված էր հաճախ դիմել ալեգորիզմի՝ «բանաստեղծական ծածկալեզվի», բայց այն երբեմն այնքան դիպուկ ու թափանցիկ էր ստացվում, որ անհնարին էր դառնում տպագրությունը։ Ուղղակի ստեղծագործական խիզախություն պիտի համարել «կևորկովյան» խեղդուկ մթնոլորտում ծնված նրա գործերը՝ «Հեքիաթ մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հուդային», «Բասարական», «Մենք», «Հայրենադավը», «Պարոդիաներ» («Հիմա է՞լ լռենք», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ...» և այլն), «Կրկես», «Ութնյակներ» և այլն, որոնց մեջ, ինչպես հայելում, արտացոլված է տվյալ ժամանակաշրջանի անթերի պատկերը։ Ի դեպ, Վազգեն Օվյանը մեր միակ գրողն է, որ հանդգնեց «անմահացնել» նորօրյա Մելիք-Շահնազար 2-րդին՝ ազգադավ Բ. Կևորկովին, նրան բնութագրելով ոչ այլ կերպ, քան՝ «մեր ոսոխի պնչից թռած բիճ»։

Այդ տարիներին, երբ գրական պարտադիր, օրախնդիր թեմա էին համարվում «հարվածային կառույցները», իմա՝ Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղին, գազիֆիկացումը և այլն՝ որպես հարազատ Ադրբեջանի և անձամբ Հ. Ալիևի՝ Արցախի նկատմամբ հայրական հոգատարության բոցավառ դրսևորում, Օվյանը՝ հավատարիմ մնալով գրողի իր կոչմանը, հեռու մնաց էժան և անմիտ ճամարտակություններից ու գրեց «Նազար-նամե» երգիծական մեծ պոեմը, հիշատակված «Ղարաբաղի արծիվը», «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վեպի երկրորդ և երրորդ մասերը (առաջին մասը, ինչպես ասվեց, հրատարակել է որպես առանձին վիպակ) և այլն, որոնք կարոտ են գրականագիտական լուրջ ուսումնասիրության և որոնցով իրավամբ կարող ենք հպարտանալ Արցախի գրական ընտանիքի անդամներս։

«Նազար-նամե» պոեմը հետաքրքիր նորություն է մեր գրականության մեջ ոչ միայն ժանրային առումով, այլև թեմատիկայի յուրօրինակ մեկնաբանությամբ. հեղինակը ընդարձակելով գործողությունների շրջանակը, մեր ժամանակներին ավելի է մոտիկացրել մշտարթուն ու հավերժական հերոսին՝ Քաջ Նազարին, որին ժամանակին մարմնավորել են Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Զորյանը, Համաստեղը։ Ուշագրավ են նաև Օվյանի բանահյուսական մյուս մշակումները, մանավանդ՝ արցախցի Եզոպոսի՝ Պըլը-Պուղուն վերաբերող գրվածքները։

«Ղարաբաղի արծիվը» արցախական թեմայով գրված երրորդ պատմավեպն է հայ գրականության մեջ՝ Լեոյի «Մելիքի աղջիկը» և Սերո Խանզադյանի «Շուշի» գործերից հետո։ Հավելենք, որ Վազգեն Օվյանը Արցախի գրական օջախի առաջին ու միակ անդամն է, որ դիմել է այդ ժանրին։ Սկզբնաղբյուր ունենալով ռուս հայտնի զինվորական պատմաբան Վ. Պոտտոյի «Ղարաբաղի առաջին կամավորականները» աշխատությունը (1902 թ.), հեղինակը տեսանելի գույներով վերակենդանացրել է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի անցքերը՝ առնչված հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես և օտար բռնակալների դեմ մղված ազատագրական պայքարին՝ մասնավորապես։ «Հարկավոր է զենք բռնել սովորել,- իր համերկրացիներին է դիմում վեպի կենտրոնական հերոսը՝ Հովհաննես հարյուրապետը,- որպեսզի Աբաս Միրզայի ճանապարհն իսպառ փակենք դեպի Ղարաբաղ»։ Ինչպես, այսինքն, մերօրյա պատերազմում էր։

Վազգեն Օվյանի՝ Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» և Ա. Բակունցի «Կյորես» վեպերի ավանդներով գրված «Լեռնակերտ» ստեղծագործությունը ընթերցողին արդեն տեղափոխում է մեր ոչ հեռավոր անցյալը։ Գունեղ, ինքնատիպ կոլորիտով, կենդանի, մտապահվող կերպարներով և աշխույժ երկխոսություններով ու սրամտություններով հագեցած այս պայծառ երկը ամենից առաջ արծարծում է մի շատ հին ու նույնքան նոր գերխնդիր. ամուր մնալ հայրենի հողի վրա և ամուր պահել մեր ազգային նկարագիրը։

Դժվար է գուշակել, թե ինչ մտահղացումներ կիսատ թողեց տաղանդավոր գրողը՝ ցավալիորեն շուտ հեռանալով մեզանից։ Սակայն աներկբա է, որ Վազգեն Օվյանի բացակայությունը խիստ զգացվում է մեր այսօրվա թե՛ գրական-մշակութային, թե՛ հասարակական-առտնին կյանքում։ Նա իր ապրած կյանքով հավաստեց, թե գրողը և, առհասարակ, արվեստագետը, ստեղծագործող մարդը ինչպես պե՛տք է ծառայի իր հայրենիքին, իր ժողովրդին...




ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ
լրագրող


Վազգեն Օվյան գրչի մարդու և քաղաքացու մասին արտահայտվելն անչափ դյուրին է և նույնչափ էլ դժվար, քանզի ծայրահեղության աստիճան անհանդուրժող, անհաշտ ու ըմբոստ մարդ էր և ստեղծագործող, տաքարյուն ու պոռթկուն։ Նրա համար նշանակություն չուներ, թե ինչպիսի միջավայրում էր՝ պաշտոնյաների, թե շարքային մարդկանց։ Ամենուր նույնն էր՝ անմիջական, առանց ետին մտքերի, պարզ ու անկաշկանդ, հաջողությամբ իր սուր գրչին փոխարինում էր սուր լեզուն, սրամիտ խոսքը։

Շատերի, առավել ևս իր գրչակից ընկերների համար դժվար էր համակերպվել նրա հետ։ Չէր խնայում ոչ ոքի։ Առաջին հայացքից նա դժվարամարս բնավորություն ուներ, սակայն երբ խորամուխ ես լինում ու թափանցում նրա էության մեջ, ինքդ քեզ համար որպես հայտնություն ու գյուտ բացահայտում ես բարությամբ ու սրտացավությամբ լեցուն մի խառնվածք, որի հանդեպ անհնար է անտարբեր վերաբերմունք ցուցաբերել։Մինչ մենք կծանոթանայինք նոր լույս տեսած գրքերի վերնագրերին, նա արդեն հասցնում էր դրանք ընթերցել և իր տեսակետն էր հաղորդում մեզ, խոսում դրանց գեղարվեստական արժանիքների ու թերությունների մասին, հանդես բերելով ինքնատիպ մոտեցում և տալով հիմնավորված գնահատականներ։

Վազգեն Օվյանը արտակարգ աշխատասեր անձնավորություն էր, որի շնորհիվ բեղմնավոր գրչի արդյունքում ընթերցողի սեփականությունն էին դառնում ժամանակի ոգին մարմնավորող գեղարվեստական գործերը, լինեն դրանք արձակ, թե չափածո, դրամատիկական երկ, թե ռադիոբեմականացում։

Թող չափազանցություն չթվա՝ անսահման դժվար է լրագրողական աշխատանքը համատեղել գեղարվեստական գործունեության հետ։ Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ լրագրողականը կլանում է ստեղծագործող անձնավորության արդյունավետ ժամանակի հիմնական մասը, որի սղության հետևանքով չի հասունանում գաղափարը ու չեն մարմնավորվում մտահղացումները։ Այս առումով էլ Վազգեն Օվյանը թերևս բացառություն էր։

Ե՞րբ էր հասցնում հաղորդումներին զուգընթաց բանաստեղծություն հորինել, պատմվածք գրել, այնժամ դժվար էր կռահել, իսկ տարիների հեռվից բացահայտվում է մեզ հետաքրքրող հարցի պատասխանը՝ նրան այդ ամենը հաջողվում էր իր հանգստի, առողջության հաշվին։ Նա չէր կարող չստեղծագործել։ Գրելը հոբբի չէր նրա համար, ոչ էլ պարապ վախտի խաղալիք, դա ներքին էությունից բխող բնական պահանջ էր, անհրաժեշտություն։ Նա ապրում էր ամեն մի ստեղծագործությամբ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ավարտվել և չի հանձնվել ընթերցողի դատին։

Օժտված լինելով բնատուր ձիրքով, նրան հաջողվում էր նախանձելի թեթևությամբ թափանցել բոլոր ժանրերի խորքը, հավաքել ու ժողովել իրեն հասանելիք գանձերը, ապա ափսոսանքով ու սիրով բաժանվել դրանցից՝ հօգուտ ընթերցողի։ Նա ողջ կյանքում տառապեց «շտապողականություն» կոչվող հիվանդությամբ։ Շտապում էր անգամ ստեղծագործելու պահերին։ Գուցե և կանխազգացողությունն Էր դրդում շտապողականության՝ ստիպելով նրան անսահման թանկ գնահատել իրեն տրամադրված ժամանակը, առավելագույն արդյունք կորզել։

Առաջին հայացքից ինքնամփոփ թվացող Վազգեն Օվյան գրողն ու մարդը, գերադասելով համեստ ու անբիծ ապրելակերպը, փոթորկոտ հոգի ու խառնվածք ուներ, որը երևի թե հանդարտվում ու մեղմանում Էր, երբ ինքն իր հետ Էր, իր հերոսների շրջապատում, ստեղծագործական երկունքի պահերին, երբ սովորաբար մարդու հոգին փխրուն Է դառնում ու խոցելի, չափից դուրս անկեղծ ու անաչառ։

Չէր սիրում արդեն ավարտված գործերի մասին խոսել, ավելի ճիշտ խուսափում էր, իսկ երբ, այնուամենայնիվ, խոսք էր բացվում իր այս կամ այն ստեղծագործության գրական արժանիքների մասին, երկչոտ երեխայի նման հազիվ էր կարողանում թաքցնել հուզմունքը, ջանում էր փոխել խոսակցության թեման և ավելի շատ գերադասում էր խոսք բացել այն մասին, թե ինչի վրա է աշխատում։

Գրամեքենայի ժապավենի թանաքը հազիվ չորացած, ստեղծագործությունը տրամադրում էր իր գործընկերներին՝ նրանց դիտողությունները լսելու ակնկալությամբ։ Նման դեպքերում հակաճառելու փորձ անգամ չէր անում, լուռ ունկնդրում էր և օրեր, շաբաթներ հետո տպագրված տեսնելով ծանոթ գործը, դժվար չէր լինում նկատել, որ այնուամենայնիվ դիտողությունները հաշվի է առել։ Ինքն էլ իր հերթին չէր զլանում անկեղծ լինել գործընկեր-ստեղծագործողների հանդեպ։

Կարելի է ասել ստեղծագործական ողջ հասուն կյանքն անցկացրեց ռադիոխմբագրությունում՝ գրական-երաժշտական հաղորդումների բաժնի ավագ խմբագրի պաշտոնում։ Քանի կար ու անմնացորդ նվիրված էր իր գործին, իր մասնագիտությանը, այն, ասես, ընկալվեց, ընդունվեց որպես օրինաչափ երևույթ, իսկ երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին։ Անփոխարինելի մարդ չկա։ Նա նույնպես անփոխարինելի չէր։ Նրան փոխարինեցին շատերը, բայց ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ։

Երևի թե հենց դրանում է արտահայտվում բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Վազգեն Օվյանի մեծությունը։




ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Վազգեն Օվյանը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին, ղարաբաղյան շարժումից ուղիղ մեկ տարի առաջ։ Սակայն շարժումից շատ տարիներ առաջ նա զգացել ու կանխատեսել է ղարաբաղյան ոգու պոռթկումը («Հրաբխի խառնարանում դեռ հուրը չի պաղել, այս Ղարաբաղն է...»)...

Ապրել է 55 տարի։ Գրողի համար դա շատ է, թե քիչ՝ չգիտեմ (Բայրոնի, Լերմոնտովի, Դուրյանի, Մեծարենցի համեմատությամբ շատ է, Շոուի, Տոլստոյի, Ավ. Իսահակյանի համեմատությամբ՝ քիչ)։ Միայն գիտեմ, որ նրա բազմաթիվ մտահղացումներ այդպես էլ բախտ չունեցան իրագործվելու։ Ես մինչևիսկ չգիտեմ՝ դա բնական մա՞հ էր, թե՞... Հրավիրված պրոֆեսորներից մեկը հիվանդության սկզբնական շրջանում զննելով նրան, կասկածել է. «Այս հիվանդությունն այսպես արագ չպիտի զարգանար...»։ Նրան շատերն էին սիրում ու հարգում։ Միաժամանակ, ուներ խոշորագույն և փոքր տրամաչափի բազմաթիվ թշնամիներ...

Նրա կարծիքն իմանալու համար իրենց գրական մարզանքներն էին ուղարկում շատ-շատերը՝ առաջին գրական քայլեր անող երիտասարդներ, ահել ու ջահել բանաստեղծներ, որոնց հանկարծ թվացել է, թե այդ գիշեր անց են կացրել մուսայի հետ։ Ընդհանրապես կատակասեր, մարդամոտ բնավորություն ուներ։ Երբ խոսքը Արվեստին ու Գրականությանն էր վերաբերում՝ նա դատավորի պես անաչառ էր։ Թերևս այդ է պատճառը, որ ես պատմվածքներս առաջին անգամ համարձակվել եմ հորս ցույց տալ երբ արդեն 25 տարեկան էի։

Գրում էր օրվա բոլոր ժամերին։ Առավել հաճախ՝ երեկոները, մինչև կեսգիշեր։ Այդ օրերին երբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը, ծխախոտածխից մառախուղված սենյակում հազիվ էի նշմարում գրասեղանի հետևում նստած հորս, որ այդ պահերին ինձ պատկերանում էր որպես ամպերի մեջ նստած Աստված։ Հետո ծխից ու անքնությունից մշուշված նրա կապույտ աչքերը հանկարծ պայծառանում էին և նա ասում էր. «Կարդամ՝ լսիր...»։

Երբ մահացել է, ես 27 տարեկան եմ եղել, սակայն այսօր, մեկ տասնյակ տարիների հեռվից երբեմն ինձ թվում է, թե ես, ցավոք, չեմ հասցրել մի կարգին ճանաչել հորս, չնայած շատ ու շատ հարցերում նա հաճախ էր կիսվում ինձ հետ և գրեթե միշտ ինձ դարձնում իր առաջին ընթերցողն ու քննադատը։

Գրում էր գրեթե բոլոր ժանրերով։ Երբեմն կիսատ էր թողնում գրածը և ձեռնամուխ լինում նոր գործի։ Նույն ստեղծագործությունը երբեմն մի քանի տասնյակ և ավելի անգամ մշակում-հղկում էր, ժամանակի սղության պատճառով որոշ գործեր չէր հասցնում մշակել կամ, պարզապես, մոռանում էր դրանց գոյության մասին։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Սովորաբար գրողներն իրենց կենդանության օրոք տպագրում են իրենց լավագույն ստեղծագործությունները կամ դրանց մեծ մասը։ Նրանց մահից հետո հայտնաբերում են նրանց միջակ ու թույլ գործերը և տպագրում որպես անտիպ մասունքներ։ Կոմունիստական իրավակարգը հորս ստիպել է լույս աշխարհ հանել հիմնականում ոչ լավագույն ստեղծագործությունները։ Նա նմանվում է այսբերգի, որի միայն մի չնչին մասն է երևում, մնացյալը, հիմնականը, գերակշիռ մասը ջրի տակ է և պարզապես կոչվում է Անտիպ...

Դրանցից մեկը «Ղարաբաղի արծիվը» պատմավեպն է, որ գրվել է մինչև 1984-85 թվականները։ Այսօր թերևս շատ հեշտ ու հասարակ է թվում Ղարաբաղի մասին պատմավեպ գրելը։ Այն տարիներին դա առնվազն կհամարվեր ազգայնամոլություն, նացիոնալիզմ։ Մարդիկ հատուկ պաշտոններ էին զբաղեցնում և պետությունից պարբերաբար աշխատավարձ ստանում միայն նրա համար, որ նացիոնալիստներ հայտնաբերեն։ Այդ մարդուկներից շատերն այսօր էլ կենդանի են և հուշեր են գրում... 180 աստիճանի անկյան տակ...

Երևանաբնակ ընկերները մի քանի անգամ խորհուրդ տվեցին տեղափոխվել Երևան. գրական անցուդարձին ավելի մոտ կլիներ, ավելի ազատ։ Ձեռքը թափ տվեց։ Ղարաբաղից դուրս իրեն չէր պատկերացնում։

Երբեք կաշառք չվերցրեց և, միաժամանակ, ոչ մեկին «նվիրատվություններ» չարեց։ Հրատարակչությունների դռներ չծեծեց։ Գիրքն ուղարկում էր և սպասում տպագրվելուն։ Հիսունամյակին խոստացան 25 մամուլանոց գիրք տպագրել։ Ընկերներից շատերի գրքերը լույս տեսան, իր գիրքը մնաց... և մի քանի տարի հետո լույս տեսավ 4,5 մամուլ ծավալով։ Կյանքում դա ամենամեծ հիասթափությունն էր, որ ապրեց։ Լավատես էր սակայն։ Շարունակում էր գրել՝ համոզված, որ դրանք մի օր լույս պիտի տեսնեն։

Այսօր, երբ երաժշտություն են պատվիրում նրանք, ովքեր վճարում են, երբ լույս են տեսնում գրքեր, որ ընդհանրապես չպիտի գրվեին, երբ «շուկայական հարաբերություններ» կարգախոսի ներքո աշխույժ ծաղկում է չարչիությունն ու ողորմելիությունը, երբեմն դառնությամբ մտածում եմ, որ ճշմարտությունը ոչ միշտ է ջրի երես դուրս գալիս, քանզի այն շատ է ծանր...

Մյուս կողմից, Վազգեն Օվյանը չկա, բայց ապրում են ոչ միայն նրա ստեղծագործությունները («Այս Ղարաբաղն է» անտիպ բանաստեղծությունը ձեռքից-ձեռք է անցնում, հնչել է անգամ հեռավոր Կանադայում), այլև նրա պամֆլետների ու սարկաստիկ մյուս ստեղծագործությունների հերոսները՝ այսօր արդեն հայրենասերի ու հրեշտակի դիմակ հագած երեկվա հուդաները, պնակալեզները, եկող-գնացող իշխանությունների առջև համերաշխորեն ձոներգեր թնդացնող, քծնող-շողոքորթների ոհմակը, մի աման ապուրի համար ինքնասիրություն ու ամեն կարգի սրբություն ծախել-վաճառելու պատրաստ գրչակները, որոնք Օվյանի բացակայության պայմաններում մի առանձին աշխուժությամբ ու եռանդով են կաղկանձում նրա անվան վրա...

Եվ, քանի դեռ այսօր էլ ապրում, ամեոբաների պես բազմանում ու շարունակում են շուրջբոլոր աղտեղություններ սերմանել տաղանդավոր գրողի սարկազմի թիրախները՝ բանսարկուն ու սրիկան, մատնիչն ու պալատական աշուղը, քանի դեռ շարունակվում է Բարու և Չարի պայքարը, ու քանի գրողի մահից հետո էլ շարունակում են ապրել նրա ստեղծագործությունները, ուրեմն Վազգեն Օվյանի պայքարը ճիշտ է եղել, ուրեմն նա ճիշտ է ապրել։





ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ

Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը։ Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ։ Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը, հնգամյակը մեկ տպագրում հերթական գիրքը։


Հետմահու տպագրվեցին «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, վիպակների մի ամբողջ շարք, բանաստեղծություններ, երգիծական պոեմներ, պամֆլետներ։ Այդ ամենը տարիներ շարունակ «ննջել է» թղթապանակներում։ Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց, որ Վազգեն Օվյան գրողի և ընթերցողի իսկական հանդիպումը կայանա, երբ նա արդեն կնքել էր մահկանացուն։

Ինձնից չէ, որ նկատվել է, տարիներ առաջ լրագրող-հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանն է դիպուկ արձանագրել, թե Վազգեն Օվյանն Արցախում միակ գրողն է, որ խորհրդային ժամանակներում գրում էր՝ չմտածելով, որ գրաքննությունը կարգելի դրանց լույսընծայումը։ Ցավոք՝ այդպես է։

Հոբելյանի առթիվ խոսքի շեշտադրումները, որպես կանոն, թելադրված են լինում հավուրպատշաճությամբ։ Ես ուզում եմ ավանդույթը խախտել։ Ինձ ավելի կարևոր է թվում գրողի բուն վաստակի արժեվորումը, քան նրա հասցեին հուզական գնահատականների շռայլումները, ինչը, ցավոք, անցած տասնամյակում բազմիցս թույլ են տվել և շարունակում են նրա երկրպագուները։

Չեմ զորում ընդհանրական հայացքի բերել Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը։ Կաշխատեմ ուրվագծել գրողի «հոգու դիալեկտիկան»՝ քնարականությունից մինչև գեղարվեստաքաղաքական ընդդիմություն։ Դա է հուշում, առանձնապես։

«Կապույտ տարիներ» վիպակը զուտ քնարական պատում է, «Սինգարա սարի կաղնին»՝ բազմաշերտ հարցադրումներով շնչող սոցիալ-քաղաքական ժամանակագրություն։ Միջակայքը իրականության հանդեպ գրողի վերապահ վերաբերմունքն է, որ ծնում է երգիծական հերոսների մի ամբողջ շարք։ Սա այն է, ինչ ասվում էր. «Մեր կյանքում դեռևս կան արատավոր երևույթներ»։ Խոսքս նշված միջակայքի մասին է, որի սկիզբը «Կապույտ տարիներ»-ի հախուռն ռոմանտիզմն է։

Դա Հայրենական մեծ պատերազմը կիսասով-կիսամերկ, տաժանալի սպասումներով անցկացրած սերնդի «բարձունքները գրավելու»՝ կյանքում ինքնահաստատվելու, այդ կերպ՝ կորցրած մանկության, որբության և զրկանքների համար «վրեժխնդիր լինելու» ոչնչով չպաշտպանված, բայց օբյեկտիվորեն բնական մղումն է, որ Վազգեն Օվյանը գեղարվեստականացրել է մաքուր սիրո, տղայական հավատարմության, սոցիալական համերաշխության և արդարության հաղթանակի մանրապատումներով՝ առանցքում ունենալով գյուղական համայնքի հավաքական վարքի իդեալականացված հանգանակը։

Կյանքն, այնինչ, իրենը վերցնում է։ Իրականությունը մամլիչի ծանրությամբ իջնում է ռոմանտիկ իդեալի վրա, և շատ բան ավերվում է։ «Մի՞թե ամեն ինչ միայն երևակայության մեջ էր գեղեցիկ»,- հարցադրումը գրողին վերադարձնում է մանկության երազների աշխարհ, և նրա հայացքի տակ անցյալը վերագտնում է այն կերպը, որ ունեցել է. հայրը ռազմաճակատից վերադարձել է՝ ոտքից վիրավոր, տատն ուղարկել է՝ հարևանի տնից երկու հաց «փոխ բերի», սեղանին մի շիշ թթօղի է, կաղամբի թթու և... խաշած հավ։

Բայց ընտանիքը, հարևանները սեղանին մոտ չեն գնում։ Սպասում են ինչ-որ մեկին։ Այդ ինչ-որ մեկը գյուղխորհրդի նախագահ Սիմոնն է, որ գալիս և... հաշմանդամ մարդուց նախ փաստաթուղթ է պահանջում, հետո՝ հարցաքննում՝ որտե՞ղ է կռվել, ի՞նչ զորամասում, ի՞նչ հանգամանքներում վիրավորվել, ինչո՞ւ հատկապես՝ ոտքից։ Ապա սեղան է նստում, ուտում խաշած հավը, օղին խմում, իսկ հաջորդ օրը հորը կանչում են գրասենյակ։ Գյուղխորհրդի նախագահը հայտնել էր ում որ պետք է, որ «Գարեգինը դասալիք է»։

Պատումն, իհարկե, ավարտվում է «բարու հաղթանակով». վերաքննիչը նույնպես եղել է ռազմաճակատում, ձեռքն այնտեղ է կորցրել և այլն։ Բայց Վազգեն Օվյանը գյուղխորհրդի նախագահի հարցը պարզունակորեն չի լուծում։ Գեղարվեստական համատեքստը նրան պարտադրում է Սիմոնին թողնել իր պաշտոնում, որպեսզի վերաքննիչի արդարամտությունն ընթերցողին պատկերվի բացառություն, «սիմոնականությունը»՝ օրինաչափ։

Եվ դա գրողի երևակայությունը չէ. թիկունքային «առնետներ» ամեն պատերազմում էլ եղել են, կլինեն։ Ինչպես նաև՝ «մյունհաուզեն»-ներ։ Գյուղխորհդի նախագահ Սիմոն Ամիրյանը, մինչդեռ, մարմնավորում է խորհրդային իշխանության ռեպրեսիվ էությունը՝ ստալինականությունն իր ողջ այլանդակությամբ և մարդատյացությամբ։

«Կապույտ տարիներ»-ի երազկոտ պատանին, այսպիսով, ներհայեցողականությամբ պսակազերծված է տեսնում գյուղական կյանքի հովվերգությունը։ Վազգեն Օվյանի արձակի տարածք է խուժում սոցիալ-քաղաքական դրաման։ Նա ստեղծում է քարաշենցի Արշակի՝ հավերժ ընդդիմախոսի և սակայն միշտ պարտվողի, կորցնողի կերպարը։ Խորհրդանշական է «Սինգարա սարի կաղնին» վիպակի սկիզբը. մարդը փորձում է հատել դարավոր ծառը, մի քանի հարվածից կացինը բթանում է, ասես պողպատի է բախվել։

Նույն պատկերով էլ վիպակն ավարտվում է։ Այլաբանական-միֆոլոգիականության միտվող մուտքի և «վարագույրի» միջև է ձգվում Արշակի ընդդիմախոսությունը բոլոր «սիմոնամիրյանների» հետ՝ գրեթե մի ողջ կյանք։ Գրոտեսկային է, մանավանդ, Արշակի «մեղքերի» թվարկումը՝ դեմ է եղել գյուղի կոլեկտիվացմանը, անգրագիտության վերացումը ծաղրել է, 1940 թ. մարտի 8-ին չարամտորեն խանգարել է կանանց միջազգային օրվան նվիրված համագյուղական միջոցառումը, բողոքել է կոլխոզների խոշորացման դեմ,- որով հեղինակը ծաղրանկարել է խորհրդային իրականությունը։

Սոցիալական ժամանակն, այսպիսով, Վազգեն Օվյանի արձակում վայրընթաց է շարժվում՝ երազանքների փլուզում, աշխատանքի և կառավարման համակարգի խուլ հակամարտություն, բարքերի այլանդակում, ի վերջո՝ քաղաքացիական բախումների գրեթե ստույգ մատնանշում, որ ամբողջության մեջ գեղարվեստական դատավճիռ է իրականության հանդեպ։

Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ միջավայրի հանդեպ Վազգեն Օվյանի հայացքն, ի տարբերություն նույն տարիների այլ հեղինակների, ընտրովի մերժողական չէ, այլ՝ համընդգրկուն։ Ոչ թե «առանձին թերություններ» և «մասնակի անհաջողություններ», այլ՝ համատարած խաբեություն՝ վերից մինչև գյուղական «իշխանիկներ»։ Սուր է հատկապես խորհրդային մամուլի, քարոզչության բառացիորեն վարձահրավիրվածության պատկերը։

Գրողն իր «բարձր լարման դաշտ» է բերել նաև ազգային խնդիրներ։ Զարմանալի է, բայց՝ փաստ, որ Վազգեն Օվյանի արձակի համատեքստում Արցախի կախվածության պատմաքաղաքական երևույթը մի շատ համարձակ երևակայությամբ որպես իր ժամանակի իրողություն անտեսված է։ Նրա հերոսները «մինիստրության աշխատակիցներ» են, նկարագրածը՝ մայրաքաղաք, որտեղ մարդիկ սիմֆոնիկ համերգի են գնում, օպերա լսում, բոլոր պաշտոնյաները, անկախ նրանց նկատմամբ հեղինակի քաղաքացիական վերաբերմունքից, հայեր են։

Իրականության հանդեպ, կարծես, Վազգեն Օվյանը գրողորեն մեղանչում է։ Բայց, կարծում եմ, հենց դա էլ նրա արդարացիության ամենաճիշտ վկայությունն է. գրողը կանխազգացել է Արցախի ապագա ինքնիշխանությունը։ Առնվազը՝ գեղարվեստորեն։ Այդ իսկ պատճառով իր հեղինակային ժամանակից վտարել է «Ղարաբաղի ինքնավարությունը»՝ իրեն բնորոշ ատրիբուտներով։

Մնացածն իմը չէ, մասնագիտական լուրջ պատրաստվածության տեր գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրն է։ Չափանիշների մեջ ես, թերևս, նախապատմությունը տվեցի մեկին՝ սոցիալ-պատմական և գեղարվեստական ժամանակների «հակադրամիասնությանը»։ Վազգեն Օվյանի գործը տվյալ դիտանկյունից պատկերվում է անհատի և միջավայրի, իրականության և իդեալի գոտեմարտի գեղարվեստական տարեգրություն, որ ընդգրկում է 1950-80-ական թվականները և ավարտվում քաղաքացիական սուր ճգնաժամի անխուսափելիության գրողական հղումներով։




ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ ՔՆՆԱԴԱՏԸ. ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ 


«Նախաութսունութթվականյան» Արցախի գրական, թատերական, մշակութային կյանքը, ցավոք, առայսօր սպասում է իր ուսումնասիրողին։ Առանձին հրապարակումներ, իհարկե, արվել և արվում են։ Գրվել և գրվում են աշխատություններ։ Իմ ասածը նախընթաց շրջանի վրա մի համապատկերային հայացքի պակասի ընդգծում է։

Ցավում եմ, որ ժամանակ, թերևս հնարավորություն էլ չունեմ, որպեսզի ճգնեմ բացը լրացնել։ Այսպես կոչված «համակարգային» վերլուծությունն իմ կոչումը չէ։ Ես ավելի շատ «վրձնահարված»-ների ոճն եմ նախընտրում։

Այս հոդվածն էլ Վազգեն Օվյան քննադատի «դիմանկարն ուրվագծելու» մի փորձ է, որ ձեռնարկում եմ՝ հուսալով, որ թեմայի հուշումը մեզանում կոգեկոչի ավելի չափակշռված և, որ խիստ կարևոր է, մասնագիտական լուրջ պատրաստվածությամբ օժտված ուսումնասիրողի հետաքրքրությունը։

Իմ ձեռքի տակ զգալի նյութ կա, որ խնդրանքիս ի պատասխան սիրով տրամադրել է հանգուցյալ գրողի որդին։ Այն, կարծում եմ, ամբողջը չէ։ Ընդգրկում է 1969-86 թթ. հիմնականում «Սովետական Ղարաբաղ» և Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում Վազգեն Օվյանի տպագրած գրական-քննադատական, թատերախոսական և թատերագիտական հոդվածները, առանձին գործիչների դիմանկարներն ու ընթացիկ գրախոսությունները։

Ի՞նչն է առաջին հերթին աչքի զարնվում։
Ըստ երևույթին Ստեփանակերտում այդ տարիներին ապրած և ստեղծագործած հեղինակների հանդեպ գրական քննադատությունն անարդարացիորեն վերապահ է մնացել։ Երևանում չեն ցանկացել «միջամտել հարևան հանրապետության գրական ներքին գործին», Բաքվում և Արցախում էլ կարող ուժեր քիչ են եղել։ Ուստի մեր գրական մշակներն ստիպված իրենց վրա նաև քննադատի, գրախոսի պարտականություն են դրել։ Նաև՝ թատերագետի և թատերախոսի, մշակութաբանի, ազգագրագետի։ Ուրիշ ի՞նչ պիտի անեին. եթե գիրք է տպագրվել՝ պիտի գրախոսվի։ Նոր ներկայացում է բեմադրվել՝ թատերախոսություն գրվի։ Չխոսած այն մասին, որ այս կամ այն դասական գրողի հոբելյանի առթիվ էլ եթե մարզային թերթում հոդված է տպագրվել, ապա դարձյալ՝ տեղի գրողներից մեկի ստորագրությամբ։ Հիմնականում։ Բացառություններ եղել են։ Եղած կլինեն։ Պետք է լինեին, բայց դա միայն հաստատում է օրինաչափությունը։

Մի կողմից դա, իհարկե, թերություն է՝ երբ պրոֆեսիոնալ գրական քննադատի հայացքի և ընկալումների պակաս կար։ Մյուս կողմից էլ, սակայն, մտածում ես, որ գուցե լավն այն է, որ չի եղել։ Մթնոլորտը բարի-հանդուրժողական, նույնիսկ՝ գուրգուրոտ է ստեղծվել։ Ներքին տարակարծություններ, խմորումներ, նույնիսկ լարվածություն, անշուշտ, պետք է որ մեկը մյուսի հանդեպ ունենար։ Ստեղծագործական միջավայրն առանց դրա անհետաքրքիր է։ Բայց որևէ գրգիռ, հակամետություն, գրական հակառակություն և այլն, կարծես, մամուլ չի սպրդել։ Ամեն ինչ մնացել է «վարագույրից այն կողմ»։ Որևէ բանավեճ հանրային կյանքի փաստ չի դարձել։

Հակված եմ կարծել, որ ազնիվ այդ հանդուրժողականությունն ի մեծի մասամբ «խմբային ինքնապաշտպանության» դրսևորում էր։ Քանի որ Բաքուն, միևնույն է, առանձին-առանձին նրանցից ոչ մեկին «երես չէր տալիս», իրենք էլ, ահա, մի լուռ պայմանավորվածությամբ գնահատանքի հրապարակային դրսևորումներում մեկը մյուսին թիկունք են կանգնել։ Ինձ այդպես է թվում։ Այդ զգացողությունն ունեմ, որ, գուցե, իրականության ճիշտ ընկալում չէ, բայց կուզենայի, որ սխալված չլինեի։

Եվ այսպես. 1970 թ. Վազգեն Օվյանը երկու գրախոսություն է տպագրել։ Երկուսն էլ՝ առաջին անգամ տպագրվող հեղինակների՝ Մաքսիմ Հովհաննիսյանի («Իմ հին լորենի», պատմվածքների ժողովածու) և Վարդան Հակոբյանի («Մեղեդիներ», բանաստեղծություններ) մասին։ «Հրապարակի վրա է Միսաք Հովհաննիսյանի (այն տարիներն գրողը հանդես էր գալիս կեղծանունով - Վ. Ա.) պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Իմ հին լորենի խորագրով»,- գրում է Օվյանն ու շարունակում. «Արժե նշել, որ վերոհիշյալ գրքի հեղինակը շնորհաշատ լրագրող է, կապված կյանքի հետ, ունի երևույթների մեջ խորանալու ընդունակություն, կենսափորձ»։ Գրախոսն, այսպիսով, հող է նախապատրաստում հիմնական ասելիքի համար. «Հովհաննիսյանի ստեղծած պատկերները բնական են, պայծառ ու համոզիչ։ Թվում է՝ խոսում են քեզ հետ, լսում ես լորենու մեղմ սոսափը, տեսնում «ամպերին նստած ոսկեհատ փոշին» (այս և չակերտների մեջ առնված հետագա հղումները հեղինակներից են քաղված - Վ. Ա.) և այդ փոշու նարնջագույն հատիկները, որ «դանդաղ իջնում են անտառի վրա, նստում ծառերի տերևներին, լուծվում տերևներում ու գույն տալիս»»։ Կամ՝ «Միսաք Հովհաննիսյանը լավ է ճանաչում իր հերոսներին, գիտե նրանց սիրտն ու հոգին։ Եվ մի պահ ընթերցողին էլ թվում է, թե նրանց հանդիպել է ինչ-որ տեղ, բայց որտե՞ղ, չի կարողանում հիշել»։

Գրականություն ոտք դնող հեղինակի մասին այս ջերմ, ազնիվ խոսքերը կարող է միայն գրականության նվիրյալն ասել։ Իր նման ասեմ. կարդում ես, թվում է՝ գրախոսը մեծ, շատ մեծ կենսափորձի մարդ է, արդեն փառքերի արժանացած «իմաստուն ծերունի», որ կարող է չնկատելու տալ ինչ-ինչ բաներ։ Մինչդեռ «մորեմերկ» մեկն էլ ինքն է, Մ. Հովհաննիսյանից՝ ընդեմենը երկու տարով ավագ։ Կարդում ես և մի թաքուն զգայարան կամ փաստի մասին իմացածդ քեզ հուշում է, որ գրախոսը հեղինակի պատմվածքները, ոչ, առաջին անգամ չէ, որ կարդացել է։ Դրանք ծնվել են նրա կողքին. նույն մարզային ռադիոյի մի ծխախեղդ սենյակում ինքն գրել՝ կարդացել է Մ. Հովհաննիսյանին, նա՝ իրեն։ Եվ նույն մթնոլորտում ծնված գործին, ահա, Վազգեն Օվյանը նայում է այն հայացքով, կարծես թե դա նաև իրենն է։

Համո Սահյանի բանաստեղծությունը հիշեցի՝ գյուղական պատանու և հացի մասին, որ Հրանտ Մաթևոսյանի գտած բացատրությամբ այն է, թե՝ միասին մեծացած տղան հացից ամաչում է, կարծես «ընկերոջը պիտի ուտի»։ Վազգեն Օվյանն էլ այնպես զգուշորեն է «շրջում» Մաքսիմ Հովհաննիսյանի առաջին ժողովածուի էջերը, որ կարծես վախենում է՝ նախնական զգացողության շունչն աղտոտվի գրախոսության ժանրի «թույնով»։ Ահավասիկ. «Իհարկե, «Իմ հին լորենին» գրքում կան նաև թերություններ։ Իմ կարծիքով, (ուշադրություն դարձրեք դիտողության ինտելիգենտականությանը՝ «իմ կարծիքով»-ին - Վ. Ա.) «Եվ սիրտն ասաց» պատմվածքում կա շատախոսություն, որը և ազդում է գործողության զարգացման վրա, ձգձգում սյուժետային գծի անցումը»,- բայց և ընդհանրացնում է. «Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ հաճելի է։ Նա ունի իր հարազատ թեման, ասելիքը, գտել է իր ճանապարհը։ Ուրեմն սպասենք և հավատանք, որ երկրորդ հանդիպումը կլինի ավելի հետաքրքիր»։

Նույն սրտացավությամբ է շնչում «Երկու խոսք» վերնագրած՝ Վարդան Հակոբյանի «Մեղեդիներ» անդրանիկ ժողովածուի մասին գրախոսությունը։ Թերևս՝ ավելի. «Գալիս են նորերը, գալիս են նոր հույսերով ու նոր հույզերով։ Այդ նորերից է նաև Վարդան Հակոբյանը, որ արդեն ընթերցողի սեղանին է դրել «Մեղեդիներ» խորագրով բանաստեղծությունների իր փոքրիկ գրքույկը։ Բայց կարևորը, իհարկե, ծավալը չէ, այլ այն, որ այդ գրքույկը դարձել է նրա սրտի երգը»։

Ի՜նչ նուրբ դիտողականություն և գրական ընտիր ճաշակ է ունեցել, որ ի սկզբանե նկատել է Վարդան Հակոբյան բանաստեղծի ընկալումների մեջ այն, ինչ հետագայի ակադեմիական գրականագիտությունը պիտի անվաներ «բնազանցականի պոետական օրինաչափացում»։ Խնդրեմ. «Հակոբյանի բանաստեղծություններում ժայռը, քամին, տերևը, լուսինը, աղբյուրը խոսում են, խորհում, զգում և զգացնել տալիս իրենց»։ Եվ այնքան զորեղ է ապրել «ճանաչման հաճույքի» այդ ուրախությունը, որ նույնիսկ դիտողություններ անելիս կես-ճանապարհին կանգ է առել՝ «իսկ գուցե ճիշտը դա՞ է»։ Մեջբերեմ ամբողջությամբ. «Երիտասարդ բանաստեղծի մեղեդիներում աշնան խաշամի խշշոց կա, «այստեղից ծնված զուլալ աղբյուրների կարկաչ», աստղազարդ գիշեր, ամպեր, որ «հալվում են խոհերի նման», անձրևը մեղեդիներով է «փարվում աշխարհին», գարունների զարմանալի ցուցահանդես... Կարող ես վիճել, օրինակ, որ «Ձմերուկի շղարթի (այնքան է հրճվանք ապրել, որ «չի նկատել», ասես, «շղարթ» օտարամուտ բառի կարկատանը - Վ. Ա.) պես կիսված լուսինը հազիվ թե ծորա «լույսը կարմիր հյութի նման», բայց երբ դրան հետևում է՝

Մի տիեզերք ափսեի մեջ,
Իսկ աստղերը շուրջը փռված
Կորիզներ են ցրված կարծես,-
ուզում ես հավատալ այդ «կարմիր հյութին»»։

Տվարդովսկին է, կարծեմ, ասել՝ «դժվարը իրենից հասուն լինելն է»։ Ես վստահաբար այդ դժվարությունը հաղթահարած լինելու առավելություն եմ վերագրում քննադատ Վազգեն Օվյանին։ Կյանքի, մարդու, իր ժամանակի հետ՝ ուրիշներից անհաշտ բնութագրված՝ նա գրականության հանդեպ, իր հոդվածներն են վկայում, սիրահարված պատանու պաշտամունք և երկյուղածություն է ունեցել։ Եվ նողկալիորեն որքան անկատար, կեղծ ու նանիր է եղել իրականությունը, որ այդ «գանգրահեր պատանին» Թումանյանի ասած՝ երբեմն «շուրթերն անեծքով է պղծել»։ Սա՝ իբրև «քնարական շեղում»։

Վազգեն Օվյան քննադատը, որպես և պահանջել է գրականության նվիրյալի պարտքը, անուշադիր չի թողել «որդեգիրներին»։ Նա գրախոսել է և Մաքսիմ Հովհաննիսյանի, և Վարդան Հակոբյանի հաջորդ գրքերը նույնպես։ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1972 թ. փետրվարյան առաջին համարում տպագրվել է նրա հեղինակած «Երկրորդ հանդիպում» հոդվածը։ Սկսում է այնտեղից, որտեղ ավարտել էր. «Առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ («Իմ հին լորենի») անկեղծ էր ու հաճելի։ Նա եկավ մի տեսակ լուռ ու աննկատ, չասաց՝ «Այդ ես եմ, թույլ տվեք ներկայանալ։ Առաջին գրքում նույնիսկ չկար հեղինակին ներկայացնող «երկու խոսք», սակայն կար գլխավորը՝ շնորհալի մի արձակագիր, որի ստեղծագործությունները կյանքից են գալիս, և նա լավ գիտե այն կյանքը, որի մասին պատմում է։ Պատմո՞ւմ։ Բայց չէ՞ որ ամեն ոք էլ կարողանում է պատմել, և ամեն պատմություն չէ, որ կարող է պատմվածք դառնալ։ Մինչև հիմա էլ «պատմություններ անող» հեղինակները շարունակում են ծեծել խմբագրությունների դռները և գրողի հավակնություններով պահանջում. «Տպագրեք մեզ»։

Ուրախալին այն է, որ Միսաք Հովհաննիսյանը կարողացել է գտնել պատմվածք ստեղծելու «գաղտնիքը»։ Եվ բանն այն է, որ այդ գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, դա կյանքի լավ ճանաչումն ու գեղարվեստորեն ընդհանրացումն է»։

Վազգեն Օվյանը գրական քննադատության դասական կառուցվածքի մեջ է ամփոփում իր ասելիքը՝ մուտք, վերլուծություն, եզրակացություն։ Մուտքն այն էր, ինչ մեջբերեցի։ Հետևում են փաստական հիմնավորումները՝ հեղինակի պատմվածքները ենթարկվում են «անատոմիական» վերլուծության։ Եվ այդ ամենից հետո. «...Եվ «Գարնան կարոտ» երկրորդ ժողովածուն եկավ ու հաստատեց, որ մենք գործ ունենք մի ինքնատիպ հեղինակի հետ։ Ցանկանանք, որ երրորդ հանդիպումը լինի ավելի հաճելի, գրիչը՝ բեղուն»,- եզրահանգում է գրախոսը։

Ինձ հայտնի չէ՝ Մաքսիմ Հովհաննիսյանի երրորդ ժողովածուն Վազգեն Օվյանը գրախոսե՞լ է, թե՞ ոչ։ Հաստատ է, որ նրա հիսնամյա հոբելյանի զեկուցողն է եղել և «Սովետական Ղարաբաղ» թերթում էլ այդ առթիվ հոդված տպագրել է։ Կարծում եմ, Մաքսիմ Հովհաննիսյանի մասին երբևէ գրվածներից դա առանձնանում է ոչ միայն բացառիկ ջերմությամբ, այլև այնպիսի ընկալումներով, որ ոչ մի ակադեմիական գրականագետ-քննադատից չեն նկատվել։ Սա, մասնավորապես, վերաբերում է Մաքսիմ Հովհաննիսյանի գործի մեջ նույն հերոսների սոցիալ-հոգեբանական էվոլյուցիայի մասին արված դիտարկմանը։ Եթե մի քայլ էլ աներ՝ Վազգեն Օվյանը նկատելու էր, որ Մաքսիմ Հովհաննիսյանի մոտ առանձին-ինքնին գոյող պատումներ չկան։ Նրա գործը մի անընդմեջ պատում է։ Փույթ չէ։ Վազգեն Օվյանը դիպուկ բնութագրել է, որ հեղինակի հերոսները «ստույգ հասցե ունեն - ղարաբաղցի են»։ Դրանով շատ բան կամ գրեթե ամեն ինչ նկատված-հուշված է։ Նույնիսկ՝ այն, ինչ պատումի անընդմեջ ընդհանրության մասին քիչ առաջ որպես նորություն ընդգծեցի։

Տեսել, զգացել և մեկնաբանել է նաև Վարդան Հակոբյանի բանաստեղծական հասունացումը։ «Վարդան Հակոբյանը իր հասակակիցների թվում թերևս այն եզակիներից է, որ շատ շուտ կարողացավ պոկվել «մշտապես երիտասարդներից» և լավ հասկացավ, որ գրել նշանակում է ապրել, երազել, տեսնել, զգալ, չկարողանալ նաև չգրել»,- բանաստեղծի «Ծառի անունից» ժողովածուի գրախոսականն այս ճիշտ դիտարկմամբ է սկսել Վազգեն Օվյանը։ («Կոմունիստ», 27 հոկտեմբերի 1978 թ.)։ Ապա շեշտում է հիմնականը. «Բանաստեղծ Վ. Հակոբյանը ամուր է կանգնած հայրենի հողին, բարձր է նրա տան կտուրը, ամուր է հիմքը և հիմնաքարը, և փույթ չէ, եթե չի տալիս Թարթառ գետի, Քիրս ու Մռով սարերի անունները (ընդգծումն իմն է - Վ. Ա.)... Կարևորն այն է, որ նա սիրահարված է իր չքնաղ Ղարաբաղին ու նրա մարդկանց և իրավունք ունի հայտարարելու.

Քեզնից ծնվելը
Դեռ քիչ է՝
Որդիդ լինելու համար...»։

«Փույթ չէ՞, որ չի տալիս» այդ անունները։ Թե՞ սա գրախոսի տագնապի հեռավոր, գուցե իսկ՝ նրբաքողարկած հնչեցում է։ Տպագիր տեքստում այդ ընդգծմանը հաջորդող բազմակետերն իրենը՝ հեղինակի՞նն են, թե՞ խմբագրական «մկրատն» ինչ-որ «վտանգավոր մտքեր, այնուամենայնիվ, խուզել է»։ Անհնար է պարզել։ Բայց Վազգեն Օվյանն առանձնացրել է մեջբերված տողերը՝ կարծես բանաստեղծին ցույց տալու, որ հենց դա է նրանից իր և բոլորի մեծագույն ակնկալիքը։ Մանավանդ որ հոդվածի եզրափակիչ մասում էլ շեշտել է «Վերջերգ» բանաստեղծության այս տողերը.

Արձակիր սանձը այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ,- և ավարտել. «Ընթերցողը հավատացած է, որ այս վերջերգը  (ընդգծումն իմն է - Վ. Ա.) կդառնա նրա հետագա գրքերի համար այսպիսի մի նախերգ՝
Արձակել եմ սանձն այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ... (ընդգծումն իմն է - Վ. Ա.)

Դե եկ, ինչպես ասում են, մի տրվիր ընկալումներիդ գայթակղությանն ու մի ասա, որ գրախոս Վազգեն Օվյանն ըստ էության «եզոպոսյան լեզվով» բանավիճում է «Ծառի անունից»-ի հեղինակի հետ։ Ո՞վ պիտի բանաստեղծի համար «արձակի սանձը այն ճամփաների, որ ննջում էին նրա քայլերի մեջ», ումի՞ց և ի՞նչ ակնկալիք ունի նա՝ այս հարցերն են, ըստ երևույթին, մտահոգել գրախոսին։ Եվ դժվար խոկումներից հետո նա եկել է այն ընդհանրացմանը, որ դա գուժում է «ցավալի վրիպում», ուստի իրեն թույլ է տվել «վերաձևակերպել» Վարդան Հակոբյանին ու առաջարկել է, որ նա «ինքն արձակի այն ճամփաների սանձը, որ ննջում են նրա քայլերում»։

Իմ ձեռքի տակ գտնվող նյութերից  մի  գրախոսություն էլ Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների «Կեսօր» ժողովածուի մասին է՝ տպագրված «Սովետական Ղարաբաղ» թերթի 1969 թ. մարտի  2-ի համարում։ Արձանագրելով, որ մանկագիրն ստեղծագործական «բավական ճանապարհ է անցել» և թվարկելով նրա «Ճուտիկներ», «Մեր գյուղի առավորտը», «Բարի լույս», «Այբուբենը երգերի մեջ» գրքերը, Վազգեն Օվյանը մատնանշում է, որ «հեղինակը հավատարիմ է մնացել իր հավատամքին՝ տեսնել լավն ու գեղեցիկը, առողջն ու կենսականը, փառաբանել աշխատասիրությունը... և, իհարկե, մեղմ հումորով ցույց տալ, որ ծուլությունը, մեծամտությունն ու անկարգապահությունը հատուկ չեն մեր կյանքի ծաղիկներին (ակնարկը վերաբերում է «Երեխաները մեր կանքի ծաղիկներն են»՝ խորհրդային մանկավարժության մեջ տարածված ասույթին - Վ. Ա.)»։

Այստեղ ևս գրախոսը հավատարիմ է իր տրամադրվածությանը՝ բանաստեղծի գրքում տեսնել հայրենիքի պատկերներ, բայց, քանի որ խոսքը մանկագրության մասին է, Վազգեն Օվյանը կատարում է մի նուրբ անցում և Գուրգեն Գաբրիելյանի մոտ տեսնում «երեխաների մեջ դեպի բնությունը և մեծերը սեր աթնացնելու» նպատակադրվածություն։ Ըստ էության, սա նույն վերաբերմունքն է, որ մենք տեսնում ենք թե Մաքսիմ Հովհաննիսյանի, թե Վարդան Հակոբյանի մասին վերոհիշյալ նկատառումներում։ Կարելի է, թերևս, եզրահանգել, որ Արցախում ստեղծվող գրականությունը գնահատելու հարցում Վազգեն Օվյանն առաջնորդվել է ոչ այնքան զուտ գեղագիտական, որքան, թող թույլ տրվի ասել, «օգտապաշտական» չափանիշներով, թե որքանո՞վ է այն ծառայում հոգևոր հայրենակերտման գործին։

Այս մոտեցումն ինչ-որ տեղ «մեղանչում» է քննադատական ընդհանուր սկզբունքների դեմ, բայց Վազգեն Օվյանը, կարծես, դա  երկրորդական է համարել։ Միտքը, որ չգիտեմ ինչպես ձևակերպվեց, պարզաբանման կարիք ունի։ Բանն այն է, որ բովանդակ խորհրդային երկրում գրականությունը և արվեստը «կանոնիկացված» էին՝ որպես պետական քարոզչության բաղկացուցիչ մաս։ Հայտնի է «գրականության գործը կուսակցության գործն է» ասույթը։ Այս վերաբերմունքը, որքան էլ զարմանալի թվա, ընդհանրության մեջ «սպանիչ» լինելով հանդերձ,- քանի որ գրողին, արվեստագետին պարտադրում էր ծառայել բացառապես կոմունիստական գաղափարաբանությանը,- հնարավորություն էր, որպեսզի սթափ հայացքի ստեղծագործողն իրեն հուզող խնդիրները շատ հաջող «փաթեթավորի» իբրև այդպիսին։ Մանավանդ՝ այսպես կոչված՝ խրուշչովյան «ձնհալից» հետո, երբ գրաքննությունն զգալիորեն «կորցրել էր զգոնությունը»։

Ըստ ամենայնի, անցյալ դարի 60-ական թվականներին Արցախում սկիզբ առած գրական-մշակութային զարթոնքը հենց այդ ընդհանուր հոսանքի դրսևորում էր։ Շուրջ կեսդարյա «մեռյալ»-ությունից Ստեփանակերտում ծնվել էր հայերեն գեղարվեստական խոսք և բարբառում էր Արցախի ու «նրա մարդկանց մասին»։ Այն իրավիճակում բացառված էր «հայ ժողովուրդ» ասել մարդկանց, ովքեր բնութագրում էին երկիր և հասարակություն էին։ Չափազանցությունների չտրվենք։ Գուրգեն Գաբրիելյանի «Կեսօր» ժողովածուն լույս էր տեսել մի ժամանակահատվածում, երբ Արցախի մտավորականության վրայից անցել էր «13»-ի գործի ծանր տոփանագլանը։ Ստեփանակերտը լքել էր Բագրատ Ուլուբաբյանը, մյուսները, այդ թվում և՝ գրախոսվող գրքի հեղինակն, ստացել էին խիստ տույժեր, աստիճանազրկվել։ Պետական, բայց մանավանդ՝ Բաքվի իշխանությունների, վերաբերմունքը նրանց հանդեպ մերժողական էր։ Եվ հանկարծ լույս է տեսնում «Կեսօր»-ը, այն էլ՝ «Հայաստան» հրատարակչության կողմից, Երևանում։ Նման «արգելված» հեղինակի «ոչ ցանկալի» գրքի գրախոսությունն իսկ արդեն քաղաքացիական քաջություն և նրա հետ համերաշխության մի ցույց էր։ Ու հանկարծ գրախոսը տողատակերում ակնարկում է, որ, ախր, այս գրքում հեղինակն ուրիշ ավելի կարևոր գործ չի արել, քան որ՝ «մանուկների մեջ սեր է արթնացնում դեպի բնությունը, հարգանք՝ մեծերի նկատմամբ»։

Այսօրվա սերունդը խորհրդային մամուլի հետ չի հարաբերվել։ Նրան անծանոթ է «գլավլիտի՝ ձվի մեջ մազ փնտրող» հայացքը։ Նա չգիտի, որ գրաքննիչը հոդվածից «հանգիստ խղճով» կարող էր հանել ցանկացած բառ, արտահայտություն, եթե նրան թվար, որ հեղինակը դրանով ինչ-որ բան է ակնարկում։ Խորհրդային իրականությունը և նրա «հայելի» մամուլը չէին հանդուրժում երկիմաստություն, ենթատեքստ։ Եվ այս պայմաններում, ահա, Վազգեն Օվյանը Գուրգեն Գաբրիելյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուի արժեք է համարում «օգտակարությունը», որ՝ դա մանուկ ընթերցողին հուշում է սեր առ բնությունը։ Անմեղ, գրաքննության աչքից վրիպած,- թե՞ գրաքննիչն էլ  «բաց է թողել»՝ ինչպես այն ժամանակ էին ասում,- մի ձևակերպում, որի իմաստն այն է, որ հենց այդպես էլ պիտի գրվեն նաև, գուցե՝ հատկապես, մանկական կոչվող բանաստեղծությունները։

Ուշադրություն դարձրեք գրախոսի հաջորդ հիմնավորմանը. «Մանուկները որքան պարզ ու անկեղծ են, այնքան էլ հետաքրքրասեր են իրենց շրջապատի նկատմամբ, ուզում են տեսնել և հասկանալ ամեն բան, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) որոնել, գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը»։ Հիշեցում չէ՞ այն ճշմարտության, որ «մանկան բերանով ճշմարտությունն է բարբառում», որ գրականությամբ չի կարելի անգամ մանուկներին միամտացնել, որ Գուրգեն Գաբրիելյանն, ի վերջո, ունի նաև «անհոտ ծաղիկներ»,- սա Վազգեն Օվյանի արտահայտությունն է, երբ «Կեսօր» ժողովածուն առհասարակ մի «հոտավետ ծաղկեփունջ» անվանելուց հետո մատնանշում է նաև թերություններ,- բայց դրանք մեծ վրիպում չեն հոգևոր հայրենակերտության գործին մանկագրի բերած անուրանալի վաստակի համեմատ։

Գուցե պարզ վերագրումնե՞ր եմ անում։ Ամենևին։ Ահա թե ինչ հիմնական դիտողություն է անում գրախոսը. «Լավ կլիներ, եթե հեղինակը գիրքը տպագրության հանձնելուց առաջ ազատվեր «ոնց», «բոյ», «օյին», «իսկի», «հալալ», «խութեր», «ազիզ» և նման բառերից»։ Թվարկածների մի մասը բարբառային, մյուսն օտարամուտ բառեր են։ Եվ Վազգեն Օվյանն անվերապահորեն արդարացի էր, երբ հեղինակին խորհուրդ էր տալիս մանուկների համար գրել բացառապես գրական ճիշտ հայերենով։ Քանի որ, թվում է, դրանով նա ակնարկել է, որ «մի ազգի պահողը լեզուն է»՝ ինչպես բանաձևել է հայ դասականը։ Ի դեպ, նույն կարգի դիտողությունն Օվյանն արել է նաև Մաքսիմ Հովհաննիսյանի լեզվի և ոճի վերաբերյալ և դարձյալ հորդորել, որ նա տուրք չտա բարբառի կոլորիտայնությանը։ Եվ եթե այս՝ լուրջ արձակի դեպքում դա կարող ենք ընդունել կամ ոչ, ապա Գուրգեն Գաբիրելյանի մանկական բանաստեղծությունների վերաբերմամբ քննադատությունն ընդունելի է լիովին։ Քանի որ մանկական բանաստեղծությունն ամեն ինչից զատ ունի նաև կրթադաստիարակչական մեծ կարևորություն։

Կարդում, վերընթերցում եմ Վազգեն Օվյանի հոդվածներն ու հրճվում։ Այո, չեմ չափազանցում։ Հրճվում եմ ոչ միայն խոսքի՝ նկատառումների, դիտողությունների և եզրահանգումների դիպուկությամբ ու միաժամանակ էլ՝ նրբանկատությամբ, այլև նրանով, որ նա իր ժամանակի գրական, թատերական, մշակությային քիչ թե շատ նշանակալի որևէ երևույթ, իրողություն հայացքից բաց չի թողել։ Գրախոսել է, դիցուք, Էռնեստ Բեգլարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ «Մարզում ապրող և ստեղծագործող գրողների տպագրած գրքերի դարակում ավելացավ ևս մի նոր գիրք։ Դա երիտասարդ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն է»,- գրել է Վազգեն Օվյանը՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1970 թ. մայիսի  5-ի համարում և ավելացրել. «Երբ խոսք է բացվում երիտասարդ բանաստեղծի առաջին գրքի մասին, ընթերցողներին առաջին հերթին հետաքրքրում է մի շատ կարևոր հարց՝ ի՞նչ է բերել հեղինակն իր հետ, իսկ հետո՝ արդյո՞ք հաստատուն է նրա ձայնը»։ Սույն արդարացի հարցադրումներին ինքն էլ շտապում է պատասխանել, որ «Է. Բեգլարյանի ձայնն, իրոք, հաստատուն է»։ Եվ, թվարկելով ժողովածուի հաջողված գործերը, եզրահանգում է. «Դրանք իսկապես փոքրիկ քանդակներ են, որոնք ունեն և խորություն, և հուզականություն, և հաջող ավարտ»։

 Թերություննե՞ր։ Իհարկե, կան։ Գրախոսը, սակայն, հավատարիմ է իրեն։ Նա խոսքը եզրափակում է պայծառ լավատեսությամբ՝ հուսալով, որ բանաստեղծն իր ստեղծագործական ճանապարհի «միջօրեին արևից ավելի հասուն նարինջներ կքաղի»՝ նկատել տալով, որ իր խորազնին հայացքը ժողովածուից առանձնացրել է «Միջօրեին նարինջ եմ քաղում» բանաստեղծությունը։ Գուցե՝ միայն այդ, իրոք, գտնված տողը՝ չեմ կարող ասել։ Գրական փաստով Վազգեն Օվյանի վերաբերմունքի խորք թափանցելու հնարավորություն այս պահին չունեմ և հազիվ թե ունենամ, դրա համար հարկ է գտնել Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» ժողովածուն ու կարդալ։ Իսկ այդքան ժամանակ ո՞վ է տվել։ Մանավանդ, ինչպես ամենասկզբում եմ ասել, ուսումնասիրություն չէ, որ գրում եմ։ Ընդամենը փորձում եմ ապագայի համբերատար գրականագետին ինչ-որ հուշումներ անել։ Այս պահի հնարավորությունը դա է։

Այսօրվա հայացքին Միքայել Գասպարյան անունը, թող ինձ ներեն, ոչինչ չէր ասելու։ Իսկ եթե վաղվա մի բարեխիղճ ուսումնասիրող հիշի նրան, ապա պարտավորված է լինելու ընդգծել, որ դա՝ շնորհիվ Վազգեն Օվյանի «Լույսի համբույրով, անձրևի բույրով» գրախոսության, որ տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթի 1983 թ. փետրվարի 19-ի համարում։ «Ծանր է, երբ երիտասարդ բանաստեղծին բարի գալուստ մաղթելուց հետո, մի քանի տարի անց, սրտի կսկիծով հրաժեշտի խոսք եմ ասում։ Միքայել Գասպարյանի առաջին գրքի մասին ես եմ գրել և հիմա էլ գրում եմ նրա երկրորդ բանաստեղծությունների՝ «Անձրևի բույրը» ժողովածուի մասին, երբ այլևս չկա այդ բարի, լավատես, կենսախինդ բանաստեղծը։ Նա չհասցրեց տեսնել իր երկրորդ գիրքը։ Գամված լինելով անկողնուն, նա զարմանալի կերպով կյանքոտ էր և երբեք ոչ մի տխուր բանաստեղծություն չգրեց»,- սա գրախոսության սկիզբն է։ Քննադատն իր վաղամեռիկ գրչակցին «լույսի բանաստեղծ» է անվանում. «Դա սիրո, կարոտի, պայծառ զգացմունքների լույս էր, ընդհանրապես լույսով են ողողված նրա բանաստեղծություններն, ու ինքը «լույս» բառին ոչ մի էպիտետ չէր միացնում, և դա հասկանալի է՝ եթե լույսն է, ուրեմն այն պայծառ պիտի լինի, գերող, հմայիչ, ճառագված։

Լույսը՝ հողերին հարսնացնող,
Լույսը՝ արթնացող ծիլերին,
Լույսը՝ կարոտին ծովացող,
Լույսը՝ խորախոր ձորերին»,- մեկնաբանել, այնուհետև մեջբերմամբ ասածը հաստատել է Վազգեն Օվյանը։ Եվ եզրափակել է. «Նա գնաց աշխարհից՝ իր հող ու քարին կարոտած (ընդգծումն իմն է - Վ. Ա.), մեր չքնաղ լեռնաշխարհին սիրահարված գնաց, և ինչպես ինքն է ասում.

Կանաչ օրերս
Անցան, գնացին,
Քեզ իմ սրտի մեջ
Կանաչ պահելով։
Եվ վաղամեռիկ բանաստեղծի երգը միշտ էլ կմնա կանաչ՝ լույսի համբույրով, անձրևի բույրով»։

Չարենցը մի տխուր դիտարկում ունի։ Ասում է՝ երբ Օրենբուրգում մեռավ Վահան Տերյանը, Հայաստանում դաշնակցական իշխանություն էր, այդ մահը «չնկատվեց», իսկ երբ մահկանացուն կնքեց Գառնիկ Քալաշյանը, Հայաստանում բոլշևիկյան իշխանություն էր, որ «դաշնակցական բանաստեղծի» վախճանն աննկատ թողեց։ Գառնիկ Քալաշյան բանաստեղծ հայ ընթերցողը չի ճանաչում։ Բայց եթե այդ անունը Չարենցից ընդգծվել է, ուրեմն նա իրոք բանաստեղծ է եղել։ Եվ Չարենցն ասել է, որ ոչ մի բանաստեղծի մահ աննկատ չպիտի մնա։ Հիմա, թեև համեմատությունը «կաղի էլ», պիտի ասեմ, որ Վազգեն Օվյանն այս դեպքում Չարենցի դիտունակությամբ է առաջնորդվել։ Անկախ այն բանից՝ ծանո՞թ էր Չարենցի խոսքին, թե՞ ոչ։ Իմ նկատառումը Վազգեն Օվյանի գուրգուրոտ վերաբերմունքի մասին է, ինչից, ցավոք, այսօր գրական միջավայրը գրեթե զուրկ է։ Այո, ասվածի ևս մի վկայություն էլ Սարգիս Աբրահամյանի՝ նույնպես հետմահու լույս տեսած, «Կարմիր մեխակներ»-ի գրախոսությունն է։ Իսկն ասած, «գրախոսությունն» այստեղ պիտի հարաբերականորեն ընդունել։

Հոդվածն ավելի շատ Սարգիս Աբրահամյանի գրական-հանրային դիմանկարի ուրվագիծ է։ Ահա. «Գրող Սարգիս Աբրահամյանը ապրեց կարճ, բայց բովանդակալից, հետաքրքիր մի կյանք։ Նա փայլուն մանկավարժ էր, փորձված կուսակցական աշխատող, նվիրված քաղաքացի, լավ հռետոր և թեկուզ ուշացած մտավ գրական ասպարեզ, բայց «էն գլխից» էլ գրող էր»,- ասելիքի հիմնական դրույթներն այսպես է նշագրել Վազգեն Օվյանը, իսկ արդեն անցնելով գրախոսվող ժողովածուին, նկատել է. «Ծնողները սովորաբար ամենից շատ սիրում են իրենց կրտսերին։ Աբրահամյան գրողը չկարողացավ տեսնել այդ «կրտսերը», և նրա գրչակից ընկերները որոշեցին այն կոչել «Կարմիր մեխակներ»։ Թող այդ կարմիր մեխակները զարդարեն այն հողաբլուրը, որի տակ հանգչում է մեր ավագ գրչեղբայր Սարգիս Աբրահամյանը»։ Արդյոք «գրչակից ընկերնե՞րը»։ Թվում է, Վազգեն Օվյանն այդպես ասելիս համեստություն է արել։

Մի ներքին ձայն հուշում է, որ «Կարմիր մեխակներ» խորագիրն ինքն է ընտրել։ Կամ՝ հուշել։ Քանի որ հոդվածի սկզբում «կարմիր մեխակներ է տանում» Սարգիս Աբրահամյանի շիրմին, իսկ վերջում էլ ընդհանրացնում. «Թող դա (այսինքն՝ գիրքը - Վ. Ա.) լինի կարմիր մեխակների այն անթառամ փունջը, որ մեր սիրելի Սարգիս Ավետովիչը պատվիրեց նվիրել իր հարազատ լեռնաշխարհին, իր ծնող ժողովրդին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։ Ոչ միայն գրախոսել, Վազգեն Օվյանն իմ կողմից ընդգծված հղումով, կարծես, ապագայի ուսումնասիրողին թեմա է հուշում։ Իսկ գուցե հիվանդ գրողի հետ հանդիպումների ժամանա՞կ է ծնվել «Կարմիր մեխակներ» խորագիրը։ Գուցե երկուսով՝ Սարգիս Աբրահամյանն ու ինքը միասի՞ն են դա ընտրել։ Գուցե Վազգեն Օվյա՞նն է հեղինակի պահոցներից հավաքել «կարմիր մեխակների այդ անթառամ փունջը»։ Հարցեր, հարցեր, հարցեր, որ կարոտ են քննական վերաբերմունքի, բանասիրական «սև աշխատանքի» ազնիվ ջանքի, որպեսզի անցյալ դարի 60-70-ական թվականների արցախյան գրական-հանրային կյանքի մասին պատկերացումներն ավելի ամբողջական դառնան։

Զարմանալի, այլև զարհուրելի անտարբեր ենք մեր ոչ հեռավոր անցյալի հանդեպ։ Ճաշակ չունենք, հետաքրքրություններ չունենք։ Ասես միանգամից «ծնվել ենք» 1988-ի փետրվարին։ Ո՞վ է «հղացել» մեզ, ինչպե՞ս, մեր «ծնունդն» ինչո՞ւ այդքան հանկարծական և չափազանց հասուն եղավ։ Կարծես ոչ թե «օրվա մանուկ», այլ առնվազը «գանգրահեր պատանի» ծնվեցինք՝ հայոց առասպելի Վահագնի նման, որ «բոց ուներ մորուք, և աչքերն էին արեգակունք»։ Ես, ուրեմն, չգիտեմ՝ ունե՞մ, թե՞ ոչ դրա իրավունքը, բայց հարցը դնում եմ այսպես. «Զարթոնքի, ինքնագիտակցման և բացահայտման ընդհանուր միջավայրի մե՞ջ ենք մենք ավելի ուժեղ, թե՞՝ երբ «անցյալ կորուսյալից» հրաժարվում ենք որպես «սատանայից»»։ Եվ պատասխանում եմ՝ ուժեղ ենք, երբ կարողանում ենք մեզ տեսնել «հղացում-ծնունդ-հասունացում» հաջորդայնության մեջ։ Կրկնում եմ՝ հաջորդայնության, որ ես հասկանում եմ այնպես, որ ես «երեկվա» մարդ եմ նաև, և երեկվաններն՝ «այսօրվա», և իմ հաջորդը պիտի լինի իմ այսօրվանը, որպեսզի կարողանա  ասել՝ «ես ես եմ»։

Այսօր, ահա, իմ ժամանակի ապրողներից առավել՝ Վազգեն Օվյանն օգնում է, որ ասեմ՝ «ես ես եմ»։ Նա ինձ մեծ հանդուրժողականություն է ներարկում։ Եվ որքան եմ ափսոսում, որ, ինչպես վերևում մի տեղ արդեն ակնարկել եմ, հետագայի նրան հասկանալ ճգնողներից շատերը պայծառ այդ մարդուն,- ես դատում եմ ըստ նրա գործի, հետն անձամբ ծանոթ լինելու պատեհություն ինձ չի տրվել,- ներկայացրել և դարձյալ ներկայացնում են որպես «մերժման ոգի», ինչը, կարծում եմ, շատ  հիմար մի վրիպանք է։ Ինչ մերժում, ինչ «ձաղկում», մարդը մեծահոգության մարմնացում է նույնիսկ իր քննադատի ամպլուայում։ Երգիծե՞լ է։ Այո։ Բայց այդ ո՞վ է ասել, թե երգիծաբանը «մերժման ոգի» է։ Ամենևին։ Երգիծանքը մեծ բարությունից է ծնվում, սիրուց։ Հանդուրժողականությունից, եթե երգիծանք է, ոչ թե՝ չարացած քաղքենու քսու բամբասանք։ Ցավում եմ, որ Վազգեն Օվյանն իր մեկնաբանին չի գտել։ Էլ առավել «մեկնաբան»-ին եմ խղճում, որ հեղինակային տեքստերի միայն մակերեսը տեսնել զորող հայացք է ունեցել։ Կամ ունի։

Շատ մեծ հանդուրժողականությանը երդվյալ մարդը միայն կարող էր իր շառաչուն երգիծանքի հարևանությամբ գնահատանքի արժանի տեսնել Իսրայել Պետրոսյանի առակները։ Ոչ միայն տեսնել, այլև այնքան արժևորել, որ նստեր ու «Հաղթողը կաղնին է» գրախոսություն հեղինակեր։ Վազգեն Օվյանն, ուրեմն, այդ մարդն էր։ 1983 թ. ապրիլի 10-ին գրել է. «Իսրայել Պետրոսյանի առակներում, ինչպես դասականների մոտ, հերոսները նույնանուն կենդանիներն են՝ աղվեսը, առյուծը, արջը, ագռավը, ուղտը, կատուն, սոխակը, աքլորը, էշը, սագը... Սակայն Պետրոսյանի աղվեսին չես կարող շփոթել ուրիշների առակների աղվեսներին»,- հետո համառոտ պատմել «Աղվեսը և այբուբենը» առակն ու եզրակացրել, որ «փոխվել է կյանքը, փոխվել են մարդիկ, և հասկանալի բան է՝ ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում»։

Ինչո՞ւ հատկապես այս դիտարկումն իր վրա ուշադրություն հրավիրեց։ Ինձ թվում է, Վազգեն Օվյանի գրախոսության բուն ասելիքն այն չէ, որ «ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում», այլ՝ որ Արցախում կենսունակ է առակագրությունը, որ Իսրայել Պետրոսյանը հայ առակագրության ավանդույթների շարունակողն է։ Իսկ եթե նույնիսկ դա չի էլ զգացվել այն ժամանակ, այսօր, անկասկած, ընկալման խթանն այդ է։ Թեկուզ՝ որպես արձանագրում իրողության, որ, այո, մեզանում ապրել և ստեղծագործել է նաև առակախոս Իսրայել Պետրոսյանը, ում համար, անշուշտ, հայ միջնադարյան առակը եղած պիտի լիներ ուղեցույց։ Քանի որ, ամեն ինչից զատ, Իսրայել Պետրոսյանը մտածել և գրել է հայերեն, նրա գործն էլ հայ առակագրության մասն է։ Լավ, թե վատ՝ այլ հարց է։ Վազգեն Օվյանն, ընդ որում, հեղինակի մոտ երգիծաբանի լուրջ կոչում է տեսել։ Ես այդ գնահատականը չեմ կիսում։ Ինքն էլ, հավանաբար, վերապահումներ ունեցել է։ Հակառակ դեպքում չէր գրի, թե «լավ խմբագրելու դեպքում... գրքում տեղ չէին գտնի մի քանի թույլ գործեր»։

Այլոց մասին էլ քննադատ Օվյանը նույն դիտողությունն արել է, բայց ես դրանք վերապահ վերաբերմունք չեմ համարել։ Քանի որ խոսքը նրանց առաջին գրքերին է վերաբերվել։ Այս դեպքում, մինչդեռ, գրախոսն ընդգծել է, որ Իսրայել Պետրոսյանը վեց ժողովածուների հեղինակ է։ Այսինքն, թվում է, ակնարկել է, որ նա արդեն վրիպումներ չպետք է ունենա։ Մանավանդ, իմ ձեռքի տակ է նույն հեղինակի մասին Օվյանի՝ 1970 թ. սեպտեմբերի 3-ին տպագրված հոդվածը։ Այն վերնագրված է՝ «Իսրայել Պետրոսյանի և նրա առակների մասին»։ Այստեղ էլ նա մատնանշում է թերություններ, բայց և «սպասել է նոր հանդիպումների»։ Ըստ երևույթին, առակագիրը քննադատի դիտողությունները շտկելու ջանք չի թափել կամ, առհասարակ, հնարավորությունների բերումով չի կարողացել, ուստի Օվյանն ստիպված է եղել դրանց անդրադառնալ ևս մեկ անգամ։
Այս մասին, թերևս՝ այսքանը։

Վազգեն Օվյանի՝ իմ տրամադրության տակ գտնվող հոդվածների մի զգալի մասը գրվել է հոբելյանական առիթներով։ Դրանք լրագրության պարտադրանքով խիստ սահմանափակ ծավալի ակնարկ-դիմանկարներ են։ Ընդ որում, Օվյանը գրել է ինչպես հայ, այնպես էլ խորհրդային այլազգի գրողների մասին։ Եթե Սողոմոն Տարոնցու և Վախթանգ Անանյանի դիմանկարներն առանձնապես ուշադրություն չեն հրավիրում, ինչի համար, իհարկե, Օվյանին որևէ «կշտամբանք» չարժե ներկայացնել, քանի որ «նյութն» այն է, որ ներկայացված է, ապա նույնը չես ասի Վահան Թոթովենցի 90-ամյակի առթիվ նրա հեղինակած հոդվածին։ Երկու անգամ՝ և սկզբում, և վերջում Օվյանը շեշտադրել է «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը։ Դա, ըստ ամենայնի, ընթերցողին արված պարզ մի հուշում է, որ Թոթովենցի հիմնական գործը հենց ինքնակենսագրական վիպակն է։ Տպավորությունն այնպիսին է, որ գրական դիմանկարի հեղինակը հորդորում-խնդրում-խորհուրդ է տալիս, որ ընթերցողն անպայման գրադարաններում փնտրի, գտնի ու կարդա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն։

Ինքը՝ Օվյանը, միայն մի տեղ է ակնարկում, որ Թոթովենցն «ստիպված էր ձեռքն առնել պանդուխտի ցուպը»։ Այն տարիների արցախյան մամուլում Արևմտյան Հայաստանի ողբերգության, հայոց ցեղասպանության հարցերի ընդգծումն արգելքի տակ էր։ Օվյանը կարող էր միայն ակնարկել։ Ակնարկել է։ Կարող էր հուշել՝ հուշել է՝ «կարդացեք «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»՝ Վահան Թոթովենցի գլխավոր գործը»։ Ավելին ասելու հարկ, թերևս, չկար էլ։ Շեշտեմ նաև, որ այն տարիների դպրոցական դասագրքերում էլ Թոթովենցի մասին գրեթե ոչինչ չէր ասված։ Ուզում եմ նկատել տալ, որ նա «կանոնիկացված» հեղինակ չէր։ Եվ փաստը, որ նրա գրական դիմանկարը տեղ է գտել «Սովետական Ղարաբաղ»՝ Ադր. ԿԿ ԼՂԻ մարզկոմի պաշտոնաթերթում, ինքնին վկայությունն է հեղինակի և խմբագրի ազնիվ հայրենասիրության և, ինչու չէ, քաղաքացիական համարձակության։

Այլազգի հեղինակներից Վազգեն Օվյանն անդրադարձել է Գրիգոլ Աբաշիձեին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ և Չինգիզ Այթմատովին։ Աբաշիձեին նվիրված հոդվածին, թերևս, արժե կարևորություն տալ այնքանով, որ իրողություն է. վրաց բանաստեղծի հոբելյանին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ Չինգիզ Այթմատովի մասին հենց այդպես էլ վերնագրված խոսքը ճանաչում գտած հեղինակին նրա գրական դիմանկարն արցախցիներին ներկայացնելու, այսպես ասեմ՝ ինչ-որ չափով, գուցե, «լուսովորչական» առաքելություն ունի։ Կարծում եմ, այն տարիներին, իսկ հոդվածը տպագրվել է 1975 թ. սեպտեմբերի 28-ին, Արցախում շատ քչերը պիտի ծանոթ լինեին Չինգիզ Այթմատովին։

Ինձ դա հուշում է Վազգեն Օվյանը, ով նախ հանգամանալի ներկայացնում է Այթմատովի գրական ճանապարհը. «Չինգիզ Այթմատովը եկավ առանց նախազգուշացնելու և գրական ասպարեզ իջավ արդեն որպես հասուն գրող։ Դրա փայլուն վկան «Ջամիլյա» հրաշալի վիպակն է, որը արժանացավ Լուի Արագոնի ուշադրությանը և մեծ գրողի կողմից թարգմանվեց ֆրանսերեն։ Կարճ ժամանակամիջոցում տաղանդավոր գրողը հռչակվեց իր «Մայրական դաշտ», «Առաջին ուսուցիչը», «Բարդի իմ, կարմիր գլխաշորով», «Ուղտի աչքը», «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակներով և մի շարք պատմվածքներով, որոնք 1962 թվականին արժանացան Լենինյան, իսկ 1963-ին՝ ՍՍՀՄ պետական մրցանակների»,- հանրագիտարանային տեղեկություններ է հաղորդել հոդվածագիրը՝ կարծես թե բացատրելով, թե ինչու է ծնվել Չինգիզ Այթմատովին ներկայացնելու գաղափարը։ Այնուհետև Օվյանը շատ մանրամասնորեն խոսել է թվարկված գործերի մասին՝ երբեմն ներկայացնելով դրանց համառոտ սյուժեն, անդրադառնալով կերպարների սոցիալ-հոգեբանական բնութագրմանը։ Եվ ի՞նչ եզրակացության է հանգել. «Ըստ Չ. Այթմատովի, չկան լրիվ իդեալական, ինչպես նաև՝ լրիվ բացասական մարդիկ։ Մարդը մարդ է իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ... Տաղանդավոր հեղինակը մի առիթով ասել է. «...բոլորս ցանկանում ենք, որ գրականությունը օգնի մարդուն գիտակցելու իրեն իբրև գեղեցիկ էակ երկրի վրա»։ Ահա դրա համար էլ Չ. Այթմատովի ստեղծագործությունները հարազատ են բոլորին»։

Պատահակա՞ն է, արդյոք, որ Այթմատովի դիտարկումներից հենց մեջբերված միտքն է գրավել Վազգեն Օվյանի ուշադրությունը։ Չեմ կարծում։ «Մարդը մարդ է»՝ այս ձևակերպումը մտորելու տեղիք է տալիս։ Գրված է 1975-ին, երբ պաշտոնապես «գրականության գործը կուսակցության գործ» էր համարվում, երբ խորհրդային գրականությունը մեկ անգամ ևս ենթարկվում էր «ջարդարարության»։ Դեռ չէին լռել Պաստեռնակի հասցեին հնչեցված մեղադրանքները, Սոլժենիցինը վտարանդված կամ արգելված էր։ Հայ իրականությունը չէր հասցրել թոթափել Պարույր Սևակի ողբերգական մահվան ծանրությունը։ Մթնոլորտն ամպրոպային էր Լեռնային Ղարաբաղում։ Նույն տարվա, երբ տպագրվել է Օվյանի հոդվածն Այթմատովի մասին, մարտին տեղի էր ունեցել կոմկուսի մարզկոմի պլենում, որն ամբողջությամբ նվիրված էր «ինտերնացիոնալիզմի» հարցերին։

Ես այս հանգամանքի վրա հատկապես եմ հրավիրում ապագա ուսումնասիրողի, որ, հավատացած եմ, գալու է, ուշադրությունը։ Վերջերս Վազգեն Օվյանին վերագրվեց «կևորկովյան դարաշրջանի գլխավոր գաղափարախոսի դերակատարություն»։ Նրա ոչ գեղարվեստական, ոչ էլ գրական-քննադատական գործն, այնինչ, դա չի հաստատում։ Ավելին, հերքում է։ Եվ հերթական վկայությունը «Չինգիզ Այթմատով» հոդվածն է՝ վերոբերյալ եզրահանգմամբ հանդերձ։ Որևէ խոսք այդ դիմանկարը «պրոլետարական ինտերնացիոնալիզմի, բազմազգ խորհրդային գրականության մասին» չունի։ Ընդհակառակը, Վազգեն Օվյանն ընդգծել է Այթմատովի գրական հավատամքը, թե գրողը կոչված է օգնել, որ մարդն իրեն ամենակատարյալ էակը գիտակցի երկրի վրա։

Այս դիտարկումն անում եմ՝ նկատի ունենալով, որ ընթերցողը, հատկապես՝ գրող-ընթերցողը, որ մեծամասամբ ուսումնասիրող է, ուրիշի գործում, խոսքում, դիտարկումներում կարևորում է հատկապես այն, ինչ իրեն հոգեհարազատ է, իր ընկալումներին և պատկերացումներին համահունչ։ Հակառակը ոչ միայն անտրամաբանական, այլև ակադեմիական գրականագիտությունից մերժված է։ Մասնավոր օրինակ ասեմ։ Բոլորին է հայտնի, որ Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության թումանյանական թարգմանությունը թարգմանական արվեստի կատարելություններից է։ Վստահաբար կարող եմ ասել, որ հայ իրականության մեջ երկրորդ նման հարազատություն դժվար թե մատնանշվի։ Պուշկինյան ծավալուն պոեզիայից, ահա, Թումանյանն ինչո՞ւ հատկապես այդ մեկն է հայկականացրել։ Որովհետև դրանով ապրել է։ Ահա, նմանապես, Այթմատով գրողից Վազգեն Օվյանն ինչո՞ւ գրականության վերգաղափարայնության, մարդկայնության, մարդուն մարդ դարձնելու առաքելության մասին նկատառումն է տեսել կարևոր, ընտրել և մեջբերել։ Դա անկասկած վկայությունն է նրա՝ այդ օրերի մտորումների, որոնք, գուցե, հեղինակին հուշել են նոր ստեղծագործական լիցք։ Իսկ ինչո՞ւ հատկապես՝ այն ժամանակ, երբ պետականորեն, թերևս՝ նաև «հանրայնորեն» այլ բան էր պահանջված՝ որ գրականությունը, գոնե այստեղ՝ Արցախում, ոչ, Լեռնային Ղարաբաղում ասեմ, որպեսզի միջավայրի ընկալումն ավելի համարժեք հուշվի, պետք է ծառայի կուսակցության գործին՝ մեկին փառաբանի,- հասկանալի է՝ «Ժողովուրդների բարեկամության ջատագովին», մյուսին, որ «սեպ է խրում՝ մերկացնի, ցույց տա նրա հակա դեմքն ու անարգանքի սյունին գամի»։

Մեր հեղինակն, այնինչ, Այթմատովի մասին խոսքի միջնորդավորմամբ, ցուցում է, որ «չկա իդեալական մարդ, ինչպես որ չկա կատարյալ բացասական տիպ, մարդը մարդ է՝ իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ»,- մեջբերեցի հիշողությամբ։ Խորհրդային «գերմարդու» պաշտոնական պանծացում, և՝ «չկա իդեալական մա՞րդ»։ Ինչ-որ «ժամանակավրեպ մի բա՞ն չէ» Օվյանի մտահանգումը։ Ընդդիմության անթաքույց դրսևորո՞ւմ։ Մարտահրավե՞ր։ Թերևս՝ սեփական ընկալումների վերագնահատո՞ւմ։ Գուցե՝ այդ բոլորը միասի՞ն,- սա ապագա ավելի քննական հայացքի կարող է պարզվել։ Ես արձանագրում եմ փաստը. 1975 թվականի՝ ամեն ինչով ծանր, ոչ գրական տարում Վազգեն Օվյանը շեշտադրել է գեղարվեստական խոսքի «ապաքաղաքականացման առաջնահերթությունը»։ Եվ այդ մասին բարձրաձայնել է։ Այն ևս՝ հրապարակավ, տպագիր խոսքով՝ կուսմարզկոմի պաշտոնաթերթում։

Այսօր, խոսքի և մամուլի ազատության՝ սահմանադրությամբ երաշխավորվածության և գրաքննության իսպառ բացակայության մեր ժամանակներում անգամ քչերը կհամարձակվեն, ավելի ստույգ՝ ոչ ոք չի համարձակվում ասել, որ այն, ինչ «հայրենասիրական գրականություն» է կոչվում, պարզապես, Տերյանի բառն եմ օգտագործելու, «մի սուռոգատ» է։ Եվ դեռ կան, մեր կողքին «ապրում և ստեղծագործում են գրողներ», որոնք «Արցախ» կամ «Արցախ աշխարհ» գրելիս «հորթի» հրճվանք են ապրում, իբր՝ «տեսնո՞ւմ եք, թե որքան քաջ և հայրենասեր ու նվիրյալ ենք»։ Մեզնից շուրջ ՔԱ-ՌԱ-ՍՈՒՆ տարի առաջ, մինչդեռ, ԼՂԻՄ՝ «անինքնավար» ինքնավարության գրեթե գավառային կենտրոն Ստեփանակերտում մարդը՝ Վազգեն Օվյան գրողն ու քննադատը, ոչ միայն ծայրեիծայր կարդացած է եղել իր դարաշրջանի իրական քաջերից մեկի՝ Չինգիզ Այթմատովի գործը, այլև՝ հասկացած, որ իսկական, մեծ, համամարդկային ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հենց դա է, որ կոչված է մարդկանց մեջ սերմանել հանդուրժողականություն, և ոչ՝ «դասակարգային պայքար» կամ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի» կեղծիք։ Մարդը մարդ է, այլ ոչ՝ «շահագործող և շահագործվող», «կոմունիզմ կառուցող և լոդր», «ինտերնացիոնալիստ և նացիոնալիստ»։

Մարդը մարդ է՝ «իր թուլություններով և մարդկային թերություններով»։ Գուցե թե՝ «նացիոնալիզմով» ևս, բայց հակառակ ծայրից, կարծես, «ինտերնացիոնալիզմն» էլ մի թերություն կամ թուլություն է։ Կարծես ուզեցել է ասել. «Ի՞նչ եք ուզում մեզնից, ահա գրող, որ ոչ ինտերնացիոնալիզմ է քարոզում, ոչ նացիոնալիզմ «մերկացնում», ոչ դասակարգային պայքարի պատկերներ ունի, ոչ՝ «կոմունիզմի կերտման», բայց իսկական գրականություն է գրում, այնքան, որ և Լենինյան, և ՍՍՀՄ պետական մրցանակների է արժանացել»։ Ես, համենայնդեպս, այսպես եմ հասկանում։ Եվ կարծում, որ չեմ սխալվում։ Լուրջ հետազոտողը կպարզի, որ 1970-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ Վազգեն Օվյանի գրական-հանրային ընկալումներում տեղի է ունեցել սկզբունքային բեկում, թերևս՝ «կտրուկ» շրջադարձ։ Բառը չակերտների մեջ առա, քանի որ այս պահին ավելի հարմար ձևակերպում դժվարացա գտնել։ Ըստ երևույթին, Այթմատովի գրական դիմանկարի դրդապատճառ են եղել մեր հեղինակին պաշարած ծանր խոկումները՝ «արդյոք չի վրիպե՞լ, չի՞ գերագնահատել կյանքում սոցիալ-պատմական տեղաշարժերի նշանակությունը, հայրենիքի պատկերն ա՞յն է միայն, ինչ գրվում է, թե՞ ունի այլ շերտեր ևս՝ ներկայանալու»։

Չեմ ուզում խորանալ։ Դա պահանջում է կատարյալ նվիրում և մեծ ջանք։ Ես ընդամենը հասցնում եմ նշագրել գրողի «հոգու էվոլյուցիայի» այն դրսևորումը, որ տվյալ պահին ինձ ընկալելի է Այթմատովի գրական գործին նրա տված գնահատականի ենթատեքստում։ Մնացածը թողնում եմ մասնագետին՝ նկատել տալով միայն, որ հենց այդ ժամանակ է Վազգեն Օվյանը «դեմքով շրջվել» դեպի պատմական անցյալն ու գրել «Եվ Պըլը-Պուղին մի առակ» պատմեց «սիմվոլիստական» դրաման ու «Արցախի արծիվը» պատմավեպը։ Ի դեպ, միակը, որ այստեղ գրվել է։

Ի՞նչ ենք տեսնում։ 1984 թ. նոյեմբերի 22-ին «Սովետական Ղարաբաղ»-ում տպագրվել է Վազգեն Օվյանի «Հայ նոր գրականության հիմնադիրը» հոդվածը։ Հասկանալի է, Խաչատուր Աբովյանի մասին՝ նրա ծննդյան 175-ամյակի առթիվ, որ սկսել է շատ խորհրդանշորեն. «1948 թվականի ապրիլի 2-ին, երբ նոր էր վարդագունել Արարատի ճերմակ կատարը, Խաչատուր Աբովյանը դուրս եկավ երևանյան իր տնից և այլևս չվերադարձավ։ Մեծ գրողի անհայտացման շուրջ հյուսվեցին բազմաթիվ հավաստի և ոչ հավաստի զրույցներ, սակայն բոլոր դեպքերում պարզ էր մի բան՝ Աբովյանը զոհ է գնացել խավարամոլ ուժերին։ Դա տվյալ ժամանակաշրջանի համար այնքան էլ նորություն չէր, Գրիբոյեդովը զոհվեց Պարսկաստանում, Պուշկինն ու Լերմոնտովը ընկան մենամարտում, Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։

Փաստերը հավաստի են, բնութագրումները՝ շեշտակի։ Բայց ինչո՞ւ է «օրինաչափությունը խախտել» և սկսել ոչ թե Աբովյանի մանկությունից, այլ՝ նրա անհայտացման նկարագրումից։ «Ստանդարտը» պահանջում էր տալ պարսկական տիրապետության պատկերը, հետո Աբովյանին «բերել» Էջմիածին՝ «խավարամոլ կղերականության» միջավայր, ապա «տանել» Դորպատ՝ համալսարանական կրթության, հետո... Մի խոսքով՝ այնպես, ինչպես դասագրքերում էր գրված, ինչպես «ուսուցանում էին» բուհերում։ Օվյանն, այնինչ, «վախ իմ սկիզբն իմ վախճանը եղավ»՝ դուրյանական բնութագրումն է Աբովյանին հարազատ տեսել։ Շատ խորհրդանշական է այս սկիզբը, չափազանց շատ։ Մանավանդ՝ «որ Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։ Հատկապես, որ Աբովյան գրողի, մանկավարժի, լուսավորչի, մտածողի ֆենոմենը դիտված է Գրիբոյեդով-Պուշկին-Բելինսկի շարքում։

Հետագա ընդգծումները գալիս են, որպեսզի խտացված մուտքի խոսքը հիմնավորեն։ «Խաչատուր Աբովյանի ամենամեծ խիզախությունը եղավ «Վերք Հայաստանին», դա հզոր մի պոռթկում էր, զարմանալի մի հրաբուխ, որը իր խառնարանից, թվում է, նետում է հրե ցասում և բողոք... մի դյուցազներգություն (վերջին բնութագրումն այլ պարբերությունից եմ մեջբերել - Վ. Ա.)... Խաչատուր Աբովյանի հերոսը՝ Աղասին, իր ժողովրդի զավակն է և նրա պոռթկումը, ըմբոստությունը պարսկական տիրապետության դեմ, տրամաբանական է՝ դա ազգային ազատագրական պայքար է, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) գոտեմարտ հանուն ազատության»։ Պարզապես քննական հայացք է աղերսում ընդգծված ձևակերպումը, որ զուտ հեղինակային է։ Հակառակ դեպքում ի՞նչ մի կարիք պիտի զգար՝ ընթերցողի ուշադրությունն ասելիքի վրա «տրամաբանական է» շեշտադրությամբ «Վերք Հայաստանի»-ում ազգային ազատագրական պայքարի դյուցազներգություն նկատելու վրա սևեռելու համար։ Ու նաև. «Խաչատուր Աբովյանը, ընդունելով ռուսական օրիենտացիան, օրհնելով այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա, այնուամենայնիվ, պատմական խորաթափանցությամբ է նայում քաղաքական անցքերին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։

Փորձենք մի հարթության բերել այս և «Վերքում» ազգային ազատագրական պայքարի դյուզազներգություն հասկացած և նշած լինելու մասին վերն արված նկատառումը։ Խոսքի իմաստն, առհասարակ, լիովին ընկալվում է կոնտեքստի ընդհանրության մեջ։ Այս իմաստով «քաղաքական անցքերին պատմական խորաթափանցությամբ նայող» Աբովյա՞նն է, որ դյուցազներգել է ազգային ազատագրական պայքարը, թե՞ դյուցազներգող Աբովյանն է «խորաթափանցությամբ նայում քաղաքական անցքերին»։ Ի՞նչ է ակնարկել, առհասարակ, Վազգեն Օվյանը «քաղաքական անցքեր» ասելիս։ Խոսքի թեականությունը պարտադրում է մտածել, որ նա մի քայլ առաջ է անցել «ռուսական օրիենտացիայի» հարցում։ Տեսականորեն և, անշուշտ, գործնականում ոչ մի ժողովուրդ ազգային ազատագրական պայքար չի մղում, որպեսզի մի «օրիենտացիայից» անցնի մյուսին։ «Քաղաքական անցքերը», մինչդեռ հենց այդ էին՝ հայոց հողն ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և անցել ռուսական վերահսկողության տակ։ Օվյանն ասել է, որ Աբովյանը դրանց «նայում է պատմական խորաթափանցությամբ», թեև «ընդունել է ռուսական օրիենտացիա, օրհնել այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա»։ Հետևո՞ւմ է դրանից, որ Օվյանն Աբովյանի գործում՝ «Վերք Հայաստանի»-ում ինչ-որ «երկրորդ շերտ» կամ «ենթատեքստ» է տեսել։

Հարցադրումն ամենևին էլ վրիպանք չէ։ Այդ տարիներին աբովյանագիտությունը շրջանառության էր դրել վարկած, համաձայն որի «ցարական իշխանությունները գրողին դատապարտել են աքսորի, որտեղ էլ նա կնքել է մահկանացուն»։ Հիմնավորումն այն էր, որ կայսրությունը, խիստ զգուշացած լինելով եվրոպական հակամիապետական շարժումներից, «անհուսալի անձանց» ուղղակի մեկուսացրել է։ Նկատել էր տրվում, որ Աբովյանը, կրթությունն ստացած լինելով ցարական ինքնակալության լծի տակ ճնշված Էստոնիայում, փաստացի՝ եվրոպական երկրում, տոգորված է եղել համաեվրոպական ազատամտությամբ և այդ պատճառով էլ իշխանությունների հետ լուրջ հակասություններ ունեցել և Թիֆլիսում, և Երևանում պաշտոնավարելիս։ Աբովյանին, հարկավ, դժվար է վերագրել «հակացարական խռովության» կամ «Ռուսաստանում դեմոկրատական հեղափոխության կազմակերպչի» առաքելություն։ Բայց նա, ըստ երևույթին, այլախոհ էր։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա բխում էր իր հայրենիքի բախտի ընկալումից։

Օվյանն, անշուշտ, քաջածանոթ է եղել Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմին և Բակունցի «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից տպագրված հատվածներին։ Երկրորդում ոչ այնքան սրությամբ, բայց Չարենցի պոեմում գրեթե ուղղակի արծարծված է «հիասթափվածության» խնդիրը, մի իրողություն, որ նկատել է նաև գրականագիտությունը, սակայն ժամանակի պայմանների պարտադրանքով չի խորացել։ Ընդամենը Չարենցին վերագրել է «ազգային նիհիլիզմ», «անանցյալ անցյալի տեսաբանում» և հարցը փակված համարել։ Օվյանի դիտարկումները, սակայն, վկայում են, որ Աբովյանի, հատկապես՝ «Վերքի» մասին խոսելիս նա հոգեբանորեն գտնվել է ոչ արձանագրումների, այլ՝ հարցադրումների դաշտում։

Առհասարակ, «Վերքի» հանգամանքը նույնպես կարոտ է վերագնահատման։ Գրեթե բոլոր ժամանակակիցներն ու հաջորդները վկայում են, որ այդ վեպը ցարական իրականության մեջ գրեթե արգելված էր։ Այն հաճախ ընթերցվում էր գաղտնի։ Ու, եթե չեմ սխալվում, այն մեկ անգամ՝ միայն հեղինակի մահից տասը տարի անց է տպագրվել՝ ողջ նախախորհրդային շրջանում։ Ի՞նչն էր պատճառը, որ ցարական իշխանությունները «Վերք»-ի վրա արգելք էին դրել։ Եթե դա հայ ժողովրդի ռուսական «օրիենտացիա» ընդունելու փառաբանումն էր, ինչպես մեզ էին «ուսուցանում», ապա, ընդհակառակը, իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեին, որպեսզի հայ երիտասարդությունը կարդար և ոգեշնչվեր։ Եվ եթե, այնուամենայնիվ, «Վերք»-ը հիմնականում «հեղափոխական» գիրք է համարվել, ապա չի՞ նշամակում, որ ցարական գրաքննությունն ավելի լավ և դիպուկ է ընկալել ազգային ազատագրական պայքարի դյուցազներգության բուն իմաստը, քան՝ մենք՝ խորհրդային ժամանակների իրոք թերուսներս։

Զուտ արդեն վարկածաբար ենթադրում եմ, որ «Հայ գրականության հիմնադիրը» հոդվածը գրելիս Օվյանը զուգահեռաբար աշխատելիս է եղել «Արցախի արծիվը»՝ իր կյանքի գործի վրա, որի պատմական ժամանակը նույնն է, ինչ որ՝ «Վերք»-ինը՝ պարսկական տիրապետություն, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքար, ռուսական զենքի հաղթանակների ծավալում դեպի Այսրկովկաս և այլն։ Կարծում եմ, որ «քաղաքական անցքերի» նկատմամբ «պատմական խորաթափանցություն» ասվածը նա ինչ-որ տեղ իրեն էլ անհրաժեշտ է տեսել։ Քավ լիցի, չեմ համեմատում։ Այսպես, թե այլ կերպ, իրողությունն այն է, որ «Վերք Հայաստանի» պատմավեպի գաղափարական շերտի գնահատման հարցում Վազգեն Օվյանն իր ապրած դարաշրջանի պարտադիր կաղապարները հաղթահարել և մեզ բավական խորհրդանշական հուշում արել է։ Իսկ դա նրա դիտողունակության, խնդրի «միջուկը» տեսնելու ջանքի և կարողության ու, հատկապես, քաղաքացիական այլախոհության ստույգ, առարկություն չվերցնող վկայությունն է։

Վազգեն Օվյանն, ըստ երևույթին, մտասևեռված է եղել «ցարական իշխանություն-ռուս դեմոկրատիա-ռուսական պայծառ գրականություն» խնդրի վրա, փորձել է այն դիտարկել հայ ժողովրդի պատմական ընտրության առնչակցությամբ։ Թերևս դրանով բացատրվի, որ նա 1986 թ. հուլիսի 26-ին տպագրել է «Կովկասի որդեգիրը» հոդվածը՝ նվիրելով ռուս բանաստեղծ Լերմոնտովի մահվան 145-ամյակին։ Գնահատականներն ու եզրահանգումներն այստեղ «ստանդարտին» մոտ են։ Բայց խիստ, շատ ընդգծված խորհրդանշական է սկզիբը. «Երբ Դանտեսը մենամարտում սպանեց Պուշկինին, Մարտինովն արդեն նշան էր բռնել Լերմոնտովին։ Մեծն Բայրոնը, հալածված լորդերից՝ մեռավ հեռավոր Աթենքում, ոսոխները վառված կրահոր նետեցին հունգար մեծ բանաստեղծ Շանդոր Պետեֆիին...»։

Ինչո՞ւ է այսպես սկսել։ Հանուն գեղեցիկ խոսքի՞։ Չեմ կարծում։ Քանի որ հետագա շարադրանքը նախաբանի հետ որոշակիորեն եթե առնչվում է, ապա միայն՝ որ ավելի շատ պատմում է Լերմոնտովի կարճատև կյանքը, քան թե բնութագրում նրա ստեղծագործությունը։ Մի բան, որ Օվյանն, անկասկած, կարող էր անել ավելի խորությամբ, բայց գերադասել է հատկապես շեշտադրել բանաստեղծի գործի և իշխանության վերաբերմունքի ողբերգական խզումը։ Ինձ այսպիսի մտահանգման է մղում Օվյանի շեշտադրումը Պուշկինի սպանության փաստի լերմոնտովյան ընկալման վրա.

Ընկավ պոետը - պատվի ջատագով,
Ամբաստանության զոհն անմեղսապարտ.
Խոցված կուրծքը լի վրեժի տենչով

Ու խոնարհելով գլուխը հպարտ,- մի մատնանշում, որ լիովին բացասում էր Պուշկինի մահվան «կենցաղայնության»՝ իշխանությունների մատուցած վարկածը, և աղաղակումն է առ իրականություն՝ որ բանաստեղծը դարձել է քաղաքական խարդավանքի զոհ։

Ինձ զարմացնում է գրեթե նույնականությունը՝ Աբովյանի և Լերմոնտովի մասին հոդվածների մուտք-նախաբանում, որ վստահաբար բուն ասելիքի «գաղտնաբառն» է։ Եվ այստեղ ինչ-որ «ֆատալիզմ»՝ ճակատագրապաշտություն չտեսնելը, կարծես, մեղանչում պիտի դիտվի։ Հարցն այնպես չպետք է հասկացվի, թե Վազգեն Օվյանն Աբովյանի կամ, առավել ևս, Լերմոնտովի հետ իրեն նույն շարքում է տեսել։ Թեև, իսկն ասած, ստեղծագործող ամեն անհատականություն յուրովի և «Աբովյան է», և «Պուշկին» կամ «Լերմոնտով»։ Այլապես ինչո՞ւ է գրիչ վերցնում։ Խոսքն, իհարկե, գրչակներին չի վերաբերում։ Նրանք զուրկ են «Պուշկին» ինքնագիտակցվելու տառապանքից։ Նրանցը «մեծարումների հաճույքն է»։

Ես հարցն այլ կերպ եմ դնում՝ ոչ ճակատային։ Ինձ հուզում է, թե Օվյանն ինչո՞ւ է այդքան ակնհայտի ընդգծել իսկական - ճշմարիտ գրականության և գրողի, մանավանդ, դիսիդենտականության հանգամանքը։ Դա արձագանք չէ՞ իր ժամանակի իրողությանը, երբ գրականությունը «կուսակցական գործ» էր դիտվում, և ոմանք ամենամեծ հաճույքով տրվում էին «գնահատված գաղափարախոս» լինելու՝ իրենց վերապահված «մեծ» դերակատարությանը։ Թեև սա էլ հակառակ կողմն ունի. բացառված չէ, որ այդ կերպ նրանք էլ ճգնել են գոնե մի փոքր «մարդկայնացնել» իշխանություններին։ Բայց սա շատ սայթաքուն ըմբռնում է։ Իրականությունն ու ժամանակի մասին վկայումները, մինչդեռ, հուշում են բոլորովին այլ մթնոլորտ ու բարքեր։ Եվ այս իրավիճակում «ոչ նոմենկլատուրային» գրող՝ Օվյանն իրավասու էր իրեն անգամ «Պետեֆի» տեսնել։ Եվ այդ ժամանակի նրա խոկումներին պատշաճ է գալիս Տերյանի մարգարեական բանաձևումը.

Դու նահատակ պիտի լինես...,- որ, ականատեսն է վկայել, բանտախցում անընդմեջ արտասանել է պայծառագույն Ակսել Բակունցը։ Ի՞նչ տարբերություն՝ բանտո՞ւմ է գրողը, թե՞ «մեծ բանտում»։ Բակունցը կալանավորված էր, Օվյանն՝ «ազատ կալանավոր»։ Լերմոնտովի «Պոետի մահը» գոնե արտասանվում էր, Օվյանի «Այս Ղարաբաղն է»-ն, մինչդեռ, գրվել, «ննջում էր» հեղինակի գզրոցում։ Երրորդեմ՝ խոսքն առհասարակ երևույթ է նշում, հոգեվիճակի ընդհանրություն։ Փակի տա՞կ էր Աբովյանի «Վերք»-ը։ Գրողի կենդանության օրոք, համենայնդեպս, այն չի տպագրվել։ Բայց չէ՞ որ «փոշեխեղդ էր լինում» նաև Վազգեն Օվյանի «Արցախի արծիվը»՝ մեր՝ ղարաբաղյան իրականության առաջին և առայժմ միակ պատմավեպը։ Եվ, զարմանալի բան, «Արցախի արծիվը» տպագրվեց հեղինակի մահից դարձյալ գրեթե 10 տարի անց՝ ինչպես որ Աբովյանի խորհրդավոր «անհայտացումից» մեկ տասնամյակ անց լույս տեսավ «Վերք»-ը։

Գրողն օժտված է մի «վեցերորդ» զգայարանով։ Այս դեպքում, կարծում եմ, Վազգեն Օվյանը ստույգ կանխազգացել է իր «երկրորդ կյանքը», իր գործի՝ հետմահու գալիք արժեքավորումը։ Եվ, իսկն ասած, չի սխալվել։ Ես չեմ առաջինը, որ ասում եմ. փաստն ինձնից առաջ, եթե չեմ սխալվում, Գեղամ Բաղդասարյանի դիպուկ հայացքով է արձանագրված, որ ետութսունութթվականյան մեր ժամանակներում Վազգեն Օվյանն արցախցի եզակի գրողն է, ով ընթերցողիս նաև անտիպ-արգելված գործերով է ներկայացել։ Լերմոնտովի մասին հոդվածը նա գրել է մահվանից առավելագույնը կես տարի առաջ։ Դա կարծես «հրաժեշտի» խոսք է։ Ինձ հատկապես «ինքնաբնութագրում» է հասկացվում հոդվածի ավարտը. «Նա ընդամենը 27 տարեկան էր, ի՞նչ երազներ ուներ, ինչպիսի՞ մտահղացումներ»։ Եվ՝ վերջին վրձնահարվածը՝ Չերնիշևսկուց մեջբերմամբ. «Լերմոնտովը արվեստի, լուսավորության և մարդասիրության ասպարեզում մեր ժողովրդի ապագա հաղթանակների գրավականն է»։

Ամենայն վստահությամբ կարող եմ ընդհանրացնել. նաև Վազգեն Օվյանն էր մեր ժողովրդի հաղթանակների գրավականը՝ իր և՛ գործով, և՛ ուրիշների գործի բացառիկ ինքնատիպ բնութագրումներով և՛, առանձնապես, դեռ այսօր էլ խորհուրդ ունեցող ՀՈՒՇՈՒՄՆԵՐՈՎ։




ՆՐԱ ՏԵՂԸ ՄՆԱՑ ԹԱՓՈՒՐ
ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ 
բանասեր


Վազգեն Օվյանը կենդանության օրոք բոլորի կողմից ընդունված հեղինակություն էր, վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Քչերն են գրում տարբեր ժանրերով և ստեղծում արժեքավոր երկեր: Բնությունը շռայլ է եղել նրա նկատմամբ: Մտերիմները, ընկերները նշում են, որ նա շատ արագ էր գրում, գրում էր կենտրոնացած, մի տեսակ շտապում էր… Շտապում էր, որովհետև ասելիք ուներ:

Ժողովրդի հիշողության մեջ Օվյանը մնացել էր որպես երգիծանքի մեծ վարպետ: Օվյանական հումորը, սարկազմը առկա է նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Ավագ սերունդը լավ է հիշում «Մախաթ» գրական-երգիծական հաղորդաշարը, որին միշտ անհամբեր սպասում էին: Սիրում էին նաև Օվյանի թատերգությունները: Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում: Երկար ժամանակ մեր թատրոնի բեմից չէին իջնում «Մեծ լոռեցին», «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսները, որ ներկայացվել են 100-ից ավելի անգամ:

Բայց պիտի խոստովանել, որ Օվյանի մեծությունը խորությամբ չէր ընկալվում կենդանության օրոք: Երևի ժամանակ էր հարկավոր։ Հիշենք Սևակի արդեն թևավոր դարձած խոսքը. «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»: Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ գրողի լավագույն գործերը երկար ժամանակ անտիպ էին:

Ես բախտ եմ ունեցել լսել Օվյանին, հաղորդվել նրա խոսքի կախարդանքին: Այդ օրը Օվյանը տանտիրոջ իրավունքով սեղանն էր ղեկավարում և զուգահեռ ընթերցում իր բանաստեղծությունները՝ ավելի քան երկու ժամ: Մենք՝ երիտասարդներս, զարմացած, հիացած լսում էինք նրան: Կարծես կենդանի մարգարե լիներ մեր առջև նստած: Կարդում էր այն, ինչ այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվի բարձրաձայն ասել, իսկ գրելու մասին խոսք լինել չէր կարող:
Այդ օրը, ավելի ճիշտ՝ այդ մի քանի ժամը գրականության ամենալավ դասն էր մեր կյանքում:

Միայն տարիներ հետո՝ Արցախյան շարժման օրերին մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ պիտի ասեին այն, ինչ Օվյանը գրել էր շատ առաջ՝ ոչ թե ճառի տեսքով, այլ՝ գեղարվեստական խոսքի՝ պատկերավոր, համոզիչ: Միանգամայն այլ գրական կյանքով էր ապրում Վազգեն Օվյանը։ Երբ տպագրվեց ադրբեջանցի բանաստեղծ Ռասուլ Ռզայի բացահայտ հակահայկական ոգով գրված բանաստեղծությունը, Օվյանը որպես պատասխան գրեց. «Սմբատ և Բաբեկ» ստեղծագործությունը:

Վազգեն Օվյանի մահից անցել է ուղիղ քսանհինգ տարի: Անցած տարիները հաստատեցին, որ նա արցախահայ գրականության մեջ երևույթ էր, և նրա տեղն այդպես էլ մնացել է թափուր: Ցավալի է, իհարկե, սակայն անփոխարինելի մարդիկ, բարեբախտաբար թե դժբախտաբար, լինում են։ Գրողի գործընկեր Մարսել Պետրոսյանը գրել է. «Երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին... Նրան փոխարինեցին շատերը, բայց, ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ»։

Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը գրում է, որ Արցախյան շարժման օրերին իրեն երկու բան կսկիծի պես հետապնդում էր. «Եթե Սևակը կենդանի լիներ՝ նրա խոսքից ինչքան կշահեր մեր շարժումը և Վ. Օվյանը… առանձնապես նրա երգիծանքը ադրբեջանական մամուլի դեմ պայքարում»:

Նշանավոր գրողն իրավացի է: Այդ զգացումը շատերս ենք ունեցել: Հրապարակում կանգնած մարդիկ հաճախ էին հիշում Օվյանին, զգացվում էր նրա բացակայությունը:
Վ. Օվյանի բացակայությունը մենք զգում ենք նաև մեր օրերում: Քանի դեռ մեր կյանքում տեղ ունի սուտը, կեղծիքը, երկերեսանիությունը, քանի դեռ, Սայաթ-Նովայի բառերով ասած՝ սուտը ճշմարտության տեղ է անցնում, փուշը՝ վարդի, ագռավը՝ սոխակի, Վազգեն Օվյանը երբեք չէր լռի:

Նրա համար երգիծանքը, քննադատությունը ինքնանպատակ չէր. իր հողին ու ջրին նվիրված տաղանդաշատ գրողը շատ էր սիրում մեր լեռնաշխարհն ու նրա աշխատասեր, հպարտ ժողովրդին, և ուզում էր, որ արատավոր երևույթները կյանքում տեղ չգտնեին: Նրա համար հայրենասիրությունը վարքագիծ էր, ոչ թե կեցվածք:

Նա կյանքում ոչ մի իշխանավորի առջև գլուխ չի թեքել։ Երբ որոշ մտավորականներ իշխանավորների առջև ոչ միայն գլուխ էին թեքում, այլև հաճախ թևի տակից դուրս չէին գալիս, Օվյանը գրում էր իր հայրենասիրական լավագույն ստեղծագործությունները: Գրում էր, թեպետ գիտեր, որ դրանք չեն հրապարակվի։ Բայց արվեստագետը քաղաքացիական պարտքն էր կատարում: Ներքուստ համոզված էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր անտիպ ստեղծագործությունները կդառնան ժողովրդի սեփականությունը:

Վ. Օվյանի գրվածքները ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն, այլև՝ գեղագիտական հզոր լիցք: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ «Այս Ղարաբաղն է», «Նկարիչ, Արցախ նկարիր», «Ղարաբաղ», «Արտ է, արոտ է», «Ղարաբաղ եմ ասում», «Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել», «Եզը» և ուրիշ շատ գործեր:

«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը մեր հպարտության երգն է, այն վաղուց է դարձել մի յուրատեսակ այցեքարտ մեր երկրի մասին: Այս տարի լայնորեն նշվում է Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակը: Ինձ թվում է, որ կառավարության կողմից ճիշտ կլիներ 2012 թվականը հռչակեին Վազգեն Օվյանի տարի: Վ. Օվյանի ստեղծագործությունները մեր օրերում հրատարակվում են, մարդիկ ընթերցում են, մեջբերումներ անում, տարբեր բեմերից արտասանում այս կամ այն գործերը: Այս ամենը խոսում է այն մասին, որ նա մեզ հետ է, մեր կողքին, և Վազգեն Օվյանի երկերը կշարունակեն բազում սերունդներ հուզել ու դաստիարակել:




ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ ԵՐԵԿՈ


Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

10 տարի առաջ, 2002-ի մայիսի 21-ին, երբ այդ նույն դահլիճում նշվում էր «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» 10-ամյակը, հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, բարեգործ  Մկրտիչ Մկրտչյանն առաջին անգամ լսեց Վ. Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։

«Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է Մկրտիչ Մկրտչյանը։

Մի տարի հետո նրա օժանդակությամբ Երևանում տպագրվեց Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող «Լեռների լեգենդը» ժողովածուն, որոնց մեջ էր նաև «Այս Ղարաբաղն է» պոեմ-բանաստեղծությունը։
Վերոհիշյալ հուշ-երեկոյին ներկա էր նաև Մ. Մկրտչյանը։

«Ասիկա ինձի համար մեծ անակնկալ է, որովհետև ես Ղարաբաղ եկա 3 օր առաջ, որպեսզի մայիսի 9-ի հսկայական տողանցը դիտեմ... Ես բախտ ունեցա 10 տարի առաջ գտնվել այս նույն սրահում, լսել նրա «Այս Ղարաբաղն է»-ն ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ... Ես այդ բանաստեղծությունը Տորոնտոյի մեջ արտասանեցի և տորոնտոցիները մեկեն շվարեցան, թե Ղարաբաղի մեջ մշակույթ կա, այդպիսի նշանավոր բանաստեղծ կա...»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը։

Ելույթներ ունեցան լրագրող, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը, ԱրՊՀ հոգեբան, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտի թիվ  11  դպրոցի լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ԼՂՀ ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը և ուրիշներ։

ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, երիտասարդ դերասան Էրիկ Ավագյանը, Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը և ուրշներ ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործություններից։

Հանրապետության ժողովրդա-կան արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը գրողի հետ ստեղծագործական համագործակցության մասին հուշեր պատմելուց հետո կատարեց Վ. Օվյանի խոսքերով գրված, արցախցիների սիրելի «Ստեփանակերտ» երգը։ Նշեցին, որ Վազգեն Օվյանի «Այդ ես չեմ երգում», «Լեռների հետ», «Ղարաբաղ», «Դերունց ծորումը», «Տմբլաչի Խաչանը» և տասնյակ այլ բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրել Գեղունի Չիթչյանը, Արմեն Նասիբյանը, Կիմ Առաքելյանը և այլ կոմպոզիտորներ ու գուսաններ։ Նրա երգերը հնչում են հանրահայտ երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Ֆլորա Խորենյանի, Թովմաս Պողոսյանի, Նաիրուհի Ալավերդյանի և այլոց կատարմամբ։

Հուշ-երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ  մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր արվեստասերներ ու Վազգեն Օվյանի տաղանդի երկրպագուներ։

Հատվածներ ելույթներից.

ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ - Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ, ավելին՝ աշխատելու նրա անմիջական ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ Վազգեն Օվյան երևույթին։ Դա արել է ժողովուրդը և դա արել է ամենաանաչառ դատավորը՝ Ժամանակը։
Ցավոք սրտի նա չապրեց մինչև ղարաբաղյան շարժումը։ Հիշում եմ, մեր մեծանուն դերասան Բենիկ Օվչյանը պատերազմի այն դժնդակ տարիներին խրամատից խրամատ, նկուղից նկուղ էր անցնում, արտասանում էր Վազգեն Օվյանի
«Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ»
հրաշք բանաստեղծությունն ու բարձրացնում էր մարդկանց ոգին...
Հայրենասիրական դաս՝ որպես այդպիսին, ես առել եմ նաև հենց Վազգեն Օվյանից, նրա գրվածքներից։ Ամեն առավոտ, երբ մենք ներկայանում էինք աշխատանքի, Վազգեն Օվյանը հավաքում էր երիտասարդներիս և սկսում էր կարդալ իր նոր գրած բանաստեղծությունները, պատմվածք կամ մանրապատում... Ուղղակի շռնդալից տաղանդ էր նա, և հազար ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ կյանքից։ Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ իրենից հետո թողեց Վազգեն Օվյանը, հատկապես այն գործերը, որ հետմահու են տպագրվել, խոսում են նրա մեծ տաղանդի մասին...

ՌՈՒԴՈԼՖ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ՝ մարզային ռադիոյում. ինքը գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիրն էր, ես՝ մարզային ռադիոյի հաղորդավար։ Ինձ համար մի նոր հայտնություն էր նա։ Ես փորձում էի հասկանալ՝ ո՞վ է Վազգեն Օվյան ֆենոմենը, այդ հայտնությունը մեր գրական աշխարհում...
Ես նկատում էի, որ նրա հայրենասիրական բանաստեղծություններում միանգամայն այլ ենթատեքստ կա, կանխազգում էի, որ հաստատ նա կունենա անտիպ ստեղծագործություններ... Այսօր եզակի գրողներ կլինեն, որ ցույց տան թեկուզ մի թերթ ու ասեն՝ ես այս բանաստեղծությունը գրել եմ այն տարիներին՝ կայսերապետական գրաքննության տարիներին...
Եվ ես վերջապես ինքս ինձ համար պարզեցի, որ նա որքան պարզ ու հասարակ էր, այնքան՝ տաղանդավոր, և որքան տաղանդավոր էր, այնքան՝ պարզ ու հասարակ...

ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Բավականին երկար ընդմիջումից հետո մենք հավաքվել ենք արժեվորելու մի բանաստեծի, մի գրողի, որին թվում էր, թե փորձում էինք առօրյայում մոռացության տալ։ Եվ այսօր այս գեղեցիկ դահլիճում մենք խնկարկենք Վազգեն Օվյանի հիշատակն ու ասենք՝ իրոք մեծ քաղաքացի էր, մեծ հայ էր, մեծ արցախցի էր և մեծ գրող էր։
Այսօրվա մեր սերունդը կարդալով Վազգեն Օվյանի ստեղծագործությունները, միգուցե դրանք սովորական թվա նրան, բայց երբ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, որում ապրել է Վազգեն Օվյան բանաստեղծը, դրամատուրգը, երգիծաբանը, որը փորձ է կատարել բարձրաձայնել մի այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդիկ վախենում էին խոսել այնպիսի երևույթների մասին, որ կարողանում էին ասել միայն Շիրազի, Սևակի նման բանաստեղծները, նրա մեծությունը դառնում է ավելի հզոր, և այսօր կարդալով նրա բանաստեղծությունները, հասկանում ենք, որ իրոք մեծ բանաստեղծ, մեծ գրող է նա...
Այն տարիներին իրոք նրա յուրաքանչյուր ստեղծագործություն նորույթ էր, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հայաշունչ էր, Ղարաբաղով հագեցված էր ու հնրավոր չէր չկարդալ ու չսիրել նրան...



Էդուարդ Պողոսյան. «ՍԻՐԵՑԻ ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ...»

Վազգեն Օվյան եմ ընթերցում...
Մտածում եմ՝ ինչո՞ւ... Ինչո՞ւ ենք մենք այսքան անհեռատես, այսքան անհանդուրժող և ցուցամոլ, այսքան փոքր ու մանր: Չնկատել այս պոետին, անկախ ժամանակների, կարգերի, ասել է թե...
Ասենք, ինքներդ ընթերցեք և արեք հետևություններ...
Ես անձամբ ցավում եմ, որ այսքան ուշ եմ ճանաչել նման ստեղծագործողի և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճանաչելու: Շնորհակալություն նրա որդուն՝ Վարդգես Օվյանին, որ տվեց նման հնարավորություն...

Սիրեցի այս հեղինակին... առաջին իսկ տողերից: Հարազատ է այնքան, ասես կողքիս նստած լինի ու ժպտա: Ես էլ կարդում եմ այս գործը («Լոթի Աբոն») և... քրքջում...

Ղարաբաղ-Արցախի արժանավոր զավակներ Լևոն Ադյանի, Բագրատ Ուլուբաբյանի հետ միասին իմ սիրտը մտավ ևս մեկ տաղանդաշատ և ազնիվ քաղաքացի, գրող, լուսավոր մարդ:
Այս փոքրիկ աշխարհում այնքա՜ն տաղանդավոր անհատներ կան, որ բավական կլիներ մի խոշոր պետության՝ դարեր շարունակ հպարտանալու իր զավակներով:
Առայժմ ընթերցում եմ, ընթերցում և... չեմ հագենում:



ԷՔՍՊՐՈՄՏ

(Արձագանք լուսահոգի Վազգեն Օվյանի 
«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությանը)

Լուսավոր հոգի, աննման պոետ…
Այն, որ ծնվել ես դու Ղարաբաղում,
Որին Արցախ են այսօր անվանում,
Քո, այս գործի մեջ,- լա՛վ է երևում.
Անգամ ավելին՝երբ որ կարդացի.
Ինքս զգացի… ինձ իսկ Արցախցի:
Մենք հարևան ենք,- ես էլ Սյունեցի,
Լա՛վ գիտեմ համը քարե խորհրդի,
Որից էն քամել հացը արևշատ՝
Քամել ժողովուրդ հայ, տաղանդաշատ,
Գնով անարժան տառապանքների.
- Մնալով մաքուր… ի ցավ այլերի:

Թող այդ «այլեր»-ի ցավը խոր լինի՝
Եվ անբուժելի.
Ալլահով այսօր էլ չես զարմացնի՝
Անգամ տգետին
Իրենց էությամբ հավետ են պղծված՝
Պղծված են անդարձ,
Ու թե «հույս ունեն» խաբել աշխարհին,
Ապա կարող են լավագույն դեպքում,
Խրվել ճահիճում՝փնթի, անարգված,
Ու եթե հանկած, ձեռք մեկնեն՝ հանեն.
Նրանց իսկ նման,- անիծված լինեն.
- Ի փառըս Ալլահի…

Թե Ղարաբաղից այրեր չվեցին,
Թողնելով թափուր շեն ու օջախներ,
Մեծամասնությամբ հռչակ բերեցին,
Արցախ աշխարհին,- որին արժան էր:
Չկա աշխարհում որևէ երկիր,
Որտեղ չեն եղել սրիկա-շներ.
(Եղել են ու կան, և միշտ կլինեն),
Միայն Արցախցին ունի և գեներ,
Որին են հավետ ծուռ աչքով նայել,
Ահաբեկվել են՝ անգամ սարսափել,
Երբ հասկացել են,- անզոր են հերքել.
- Ինչ քարն է ծնել… զուլալը՝ սնել:

«Շեփորահար ու թմբուկ» պոետներ,
Որքան էլ ջանան, չե՛ն կարող մտնել,
Հավերժի տանող գետը այն վարար,
Որտեղ մտնում են պոետ-տաղանդներ,
Մտնում են անփորձ, դուրս գալիս՝ վարպետ,
Ափերի միջին՝աղեղ-գրիչ-նետ,
Աստծո օրհնանքը իրենց շրթերին,
Որոնք են կոչված ազգ պահել՝ լեզուն,
Դառնալ կրողը խղճի, հոգեկան,
Որ ազգայինը կոչվի դասական,
Որն էլ, իր հերթին,- լինի գանձարան.
- Ոչ թե սոսկ մնա… քարե թանգարան:

Ամարաս վանքում և Գանձասարում,
Այսօր Արցախյան շունչն է լոկ տիրում:
Ահել ու ջահել, գալիս են այստեղ,
Որ սուրբ խորանում աղոթք մրմնջան,
Որ մեր պապերին լինեն լոկ արժան,
Որ Ղարաբաղը Արցախ արդ կոչվի,
Որ օրրան լինի միմիայն հայի՝
Գա ու միանա Մայր Հայաստանին.
Հավե՛տ և ընդմի՛շտ, առանց կասկածի,
Այստեղ որ հանգչող հերոս-հայեցու,- հոգին որ չասի.
- Անտեղի գուցե… արյուն թափեցի:

Լավ գիտի, եղբա՛յր,- անգամ դրածոն,
Չունի անելիք որ Արցախ հողում,
Որ մարդիկ այստեղ համբերել գիտեն,
Քչով գոհանալ ու սիրել գիտեն,
Բայց, բա՛վ է խաղան նրա հոգու հետ,
Թե մեծ, թե մանուկ, առնելու են նետ,
Վտարելու են՝ ինչպես աղվեսին,
Որ, Արջի դիմաց ելել է կռվի,
Հույսը դնելով քանակի վրա,
Եվ մոռանալով, որ վերջը դրա,
Վաղուց է հայտնի,- փուչ դամբանական.
- Թմբուկ պոետին… միայն սազական:

Լեռները լուռ են,- արձագանքում եմ ես հեռուներից,
Նաև թող հիշեն, որ խուլ ու կույր չեն,
Ու թե խոսում են, լսե՛ք դուք նրանց,
Եթե, իհարկե, խուլ չեք՝ անզգամ:
Հավետ իմացե՛ք,- որ հրաբուխից,
Ծնվել, ծնվում են այրեր հայորդի:
Զևս էլ թե լինեք, շանթեր արձակեք,
Միայն կարող եք մեզ իսկ սրբացնել:
Իսկ արձագանքս՝ Վազգեն Օվյանին,
Թեկուզ և ուշ է,- տեղի՛ն է, տեղի՛ն:
Թե չի լսել նա,- կլսի որդին.
- Ողջո՛ւյն Սյունիքից… Արցախ աշխարհին:

ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգ
06.08.2013թ.