23.6.11

Ամարաս

(Ուղեգրություն)

Արցախի Վարանդա եւ այժմ Շուշու գ. մէջ Շուշի քաղաքից 45 վ. հեռու հռչակաւոր հայոց վանք եւ ուխտատեղի, ուր գտնվում է Գր. Լուսաւորիչի թոռն ս. Գրիգորիսի շիրիմը. հին ժամանակ Աղուանից թագաւորութեան մէջ եւ աթոռանիստ Աղուանից կաթողիկոսների։
Վանքը շինել է Աղուանից Վաչական Գ. թագաւորը 489-ին, որ 1387 թ. ենթարկվեց Լէնկթէմուրի աւերմունքին եւ մնաց աւերված մինչև 19-րդ դ. սկիզբը, կոչվելով թուրքերից Աղ-Օղլան. ռուսները, տիրելով Ղարաբաղին, մաքսատուն շինեցին այդտեղ մինչև 1847թ. երբ մետրապօլիտ Բաղդասար Ջալալեանի աշխատութեամբ մաքսատունը տեղափոխեցին Արաքսի ափը - Խուդափիրին, և վանքը յանձնեցին հայերին։ Վանքը վերանորոգվեց 1858 թ. և 1881-ին օծվեց Անդրէաս եպիսկոպոսի ձեռքով. ունի հողեր, այգիներ։
(Հ. Առաքելյան. «Հանրագիտական բառարան» 1912 թ.)

1.

Մայրաքաղաքից եկած նկարիչը* բեղ ու մորուք չունի, ուսերին թափված երկար մազեր չունի։ Տարօրինակություններ էլ չունի, որ ասենք տաղանդավոր մարդ է։ Վանքեր ու բերդեր է նկարում, հասարակ մատիտով, առանց գույների։ Գույները նա որոնում է գրավոր ու բանավոր պատմությունների մեջ։ Ինչ-որ տեղ նա բանահավաք է։ Նրա ինչի՞ն են պետք այդ հին, կիսավեր, խարխլված, սառույցի պես մրսեցնող վանքերն ու բերդերը։ Նա կարո՞ղ է իր այդ մատիտանկարներով որոշ բան ավելացնել պատմությանը կամ թեկուզ հաստատել այն, ինչ հայտնի էր մեր պապերին, ինչ այսօր գիտենք մենք։ Ուրեմն, թող նկարի Եսայի կաթողիկոսին՝ Գանձասարի վանք-տաճարում՝ ճերմակափառ միրուքով, ոսկի խաչը կրծքին, սևազգեստ, հպարտ, աչքերում մի քիչ թախիծ, ճակատի կնճիռների ծալքերում՝ իմաստության լույս։

Մենք նրան հարցրինք, չէ, հարցնելու պես խորհուրդ տվեցինք՝ գուցե մեչիդներ ու մզկիթներ էլ նկարես։ Այդպես ավելի լավ կլինի՝ Քրիստոսն ու Փեղամբարը կողք-կողքի նստել և իրար չեն խանգարել։ Սրամիտ անեկդոտներ են պատմել գեղեցիկ կանանց, տեր Աստծո, Ադամի, Նոյի, Մաթուսաղայի, հրեշտակների, Ջաննաթի ու Ջահանդամի մասին և ծիծաղել։ Այսինքն՝ մահմեդականները մեզ չեն ստիպել, թե պիտի ընդունեք մեր հավատը։ Հազկերտը կամ Շապուհը նենգությամբ չեն գլխատել մեր թագավորներին։ Արշակ թագավորը Անհուշ բերդում քեֆ է արել, գինովացած ժամանակ կսմթել պարսկուհիների փափուկ տեղերն ու ասել. «Այ քույրիկներ, ինձնից ինչո՞ւ եք վախենում, ես ձեր թագավորի եղբայրն եմ…»։ Այսինքն՝ Ավարայրի ճակատամարտում արյուն չի հեղվել և, ընդհանրապես, պատմիչ Եղիշեն սխալ է, գույները շատ է խտացրել։ Ախր, ի՞նչ ճակատամարտ, Վարդան Մամիկոնյանի տղերքն ու Հազկերտի տղերքը իրար մի թեթև մուշտի են տվել, հետո գրկախառնվել, թե՝ հաշտվենք, ախպերք ենք։ Համ ախպերք ենք, համ հարևաններ ենք, բա աշխարհն ի՞նչ կասի, որ մի դատարկ հավատի համար իրար թթու խոսք ասենք։

Նկարիչը ծիծաղում է, հետո մի սիգարեթ վառում և բացատրում՝ ես ուզում եմ Ղարաբաղ նկարել, ավելի պարզ՝ պատմական Արցախ։ Ի՞նչ Արցախ, ասում ենք, հիմա Արցախ չկա։ Արցախը Մովսես Խորենացու, Ստեփանոս Օրբելյանի, Կիրակոս Գանձակեցու, Մովսես Կաղանկատվացու ժամանակներում էր։ Մի քսան տարի առաջ ուզում էինք մեր երգի-պարի պետական անսամբլն «Արցախ» կոչել, քիչ մնաց այդ Արցախի համար անսամբլը ցրեին։ Ներողություն խնդրեցինք, և Արցախը մնաց պատմության դարավոր փոշիների տակ։ Տղա ես, հիմա այդ Արցախը հանիր փոշիների տակից։ Իրավունք չունես։ Դու Անաստաս Միկոյանից մե՞ծ մարդ ես։ Անաստաս Միկոյանը Մոսկվայում նստել է ու ասել, որ իբր Ղարաբաղը մնում է Ղարաբաղ, Հայաստանը՝ Հայաստան։ Հայերեն է ասել, շեշտելով յուրաքանչյուր բառը։ Լսողներ են եղել, և դա նրանց շատ է դուր եկել։

Նկարիչը հիմա չի ծիծաղում։ Հորինել են, ասում է, Միկոյանը այդպիսի բան չի կարող ասել։ Լավ չէ, երբ մարդիկ հեղինակավոր անձանց անունով առևտուր են անում։ Եվ ինչո՞ւ համար՝ որպեսզի մի քանի տարի էլ իրենց աթոռները պահեն։ Դե, վերջապես, Անաստաս Իվանովիչն էլ մարդ է, ինչ-որ տեղ կարող է սխալվել։ Դուք չե՞ք ախալվում։ Գյուղի անունը Կուսաբերդ է, բայց դուք ասում եք՝ Կարաքենդ կամ Ղզղալա։ Քառասնին ինչո՞ւ է Դաղդաղան, Քարին տակը՝ Դաշալթի… Դա հո Անաստաս Միկոյանը չի հնարել։ Լավ, հերիք է։ Գնում ենք Ամարաս։ Հը՞, ասում եմ, մի ոչխար էլ առնենք, տանենք մեզ հետ։ Բա առանց մատաղացվի ո՞նց կլինի։ Լավ քեֆ կանենք։

Այդ ե՞րբ էր, տուրիստների մի խումբ ուզում էր տեսնել Ամարասի վանքը։ Այդ ջահել տղաներին ու աղջիկներին ուղեկցում էր Արտաշես Սահակյանը, շարքային մի հրահանգիչ, որ մասնագիտությամբ պատմության ուսուցիչ էր, հույս ուներ, ավելի շուտ՝ աչք ուներ բաժնի վարիչի աթոռին։ Դա այն Արտաշես Սահակյանն էր, որ մի տարի առաջ ուսուցիչների կոնֆերանսում բարձր մակարդակով ճառ ասաց. «ժամանակը չէ՞, որ գրականության դասագրքերից հանվեն Րաֆֆին, Պատկանյանը, Շիրազը, ինչպես նաև Դեմիրճյանի «Վարդանանքը», որպեսզի մեր մատաղ սերունդը դաստիարակվի ինտերնացիոնալիզմի ոգով»։ Եվ այս Արտաշեսը հիմա տուրիստներին ուզում է զարմացնել իր ինտերնացիոնալիզմով։ «Ահա Ամարասի վանքը,- ասում է,- այս վանքը կառուցվել է Փանահ խանի օրոք և նրա մեծ օժանդակությամբ»։ Կապուտաչյա ուկրաինուհին փռթկացնում է։ Այ տղա, ասում է, ուրեմն էդ Փանահ խանը կարգին ինտերնացիոնալիստ է եղել, իսկ գուցե իսկապես նա կարդացել է Մարքսի աշխատությունները։ Տես, է՜, այս գեղեցիկ ճարտարապետական կոթողը կառուցել ու նվիրել է հայերին։ Նշանակում է պատմությունը սուտ է, ձեր գրերը սուտ են, դուք սուտ եք...

Բայց մեղադրողը ուկրաինուհի է, հայ չի, որ ինտերնացիոնալիստ, փանահխանագետ Արտաշես Սահակյանը նրան մեղադրի նացիոնալիզմի մեջ։ Ուկրաինուհին էլ ծծկեր երեխա չի, որ աչքերը փակի ու հաստատի. «Ճիշտ է, ընկեր Սահակյանը, դուք հրաշալի գլուխ ունեք»։ Իսկ ռյազանցի Սաշա Մակարովը չի կարողանում զսպել իրեն. «Դուռակ տի… Դու ոչ միայն քո ժողովրդին, այլև մեզ՝ ռուսներիս, ուկրաինացիներիս, բելոռուսներիս ու էստոնացիներիս ես վիրավորում։ Դու ազգային ինքնասիրություն չունես, քաղաքացի Սահակյան։ Մենք նրա համար չենք Ղարաբաղ եկել, որ հեքիաթներ լսենք»։ Քաղաքացի Սահակյանն ինչ ասի, որ լավ լինի. «Չլինի՞ թե դուք ծպտված հայեր եք»։

Նկարիչը տխրում է։ Սիգարեթ չունե՞ք։ Լավ, հարկավոր չի, ես ունեմ։ Ծպտված հայե՞ր։ Դա արդեն խուլիգանություն է։ Որտե՞ղ է հիմա այդ Արտաշես Սահակյանը։ Ես կուզեի նրա հետ խոսել։ Տղերք, խնդրում եմ, ախպոր պես, տխուր բաներ չպատմեք։ Լավ, հասկացանք, այդ Արտաշես Սահակյանն անասուն է, կարիերիստի մեկն է… Հո չի կարելի նման սրիկաների միջոցով կարծիք կազմել մարդու մասին։ Ես չեմ կարդացել, բայց լսել եմ. ասում են՝ ինչ-որ պատմաբան գիրք է գրել, զրպարտել ղարաբաղցիներին, և այդ գիրքը հիմա ասպարեզից հանել են։ Դրանք դատարկ կրակոցներ են։ Բայց նկարիչը տխուր է, հոնքերը բարդ-բարդ կուտակել է, և ձայնը կարծես իրենը չի, յոթ սարի ետևից է գալիս.
- Գնանք կոնյակ խմենք,- նա հանգած սիգարեթը տրորում է ափի մեջ։ Դա փրկության ելքն է։- Տղերք, ես խմել եմ ուզում։ Չէ, շատ չէ, մի քիչ։ Ասում են՝ Ղարաբաղի կոնյակը վատը չէ։ Չեմ փորձել։

Հյուրանոցի մոտ, մայթեզրին, մի սիրուն աղջիկ է կանգնած։ Ես գիտեմ, եկել է Գեորգի Մինասյանին տեսնելու։ Գեորգի Մինասյանը երգիչ է, էստրադային աստղ, հրաշք. նայում է աղջիկների բաց սրունքներին և ցույց է տալիս, թե դրանք բանի տեղ չի դնում, Մոսկվայում, Լենինգրադում և չգիտեմ ինչ քաղաքներում, դրանցից լավերն է տեսել։ Պա՜հ, այդ էր պակաս, որ գավառական այս փոքրիկ քաղաքում հրապուրվի ինչ-որ գեղջկուհիներով։ Ախր, ինքը տաղանդավոր է, կանգնում է բեմում, ձեռքում խաղացնում միկրոֆոնը և երգում. «Ես սիռահառ պատանի, բեռել եմ քեզ մատանի»։ Խմբագրությունը հատուկ թղթակից է ուղարկել հյուրանոց, Գեորգի Մինասյանի մոտ, որ հերթական համարին «բարձր մակարդակով» մի հարցազրույց ներկայացնի։ Գեորգի Մինասյանը հյուրանոցային իր համարում խիստ զբաղված է եղել։ Բա ո՜նց, աղջիկներ են եկել, ի՜նչ աղջիկներ՝ ներկած հոնքերով, ներկած եղունգներով, ներկած թարթիչներով, ներկած աչքատակերով, նապաստակի շշկլված աչքերով աղջիկներ։ Գեորգի Մինասյանը մեր «Ղարաբաղի» հյուրանոցում հիմա Շառլ Ազնավուր է, Թոմ Ջոնս է, Ադամո է, Մարիո Լանցա է։ Գեորգի Մինասյանը մի արհամարհական հայացք է ձգել թղթակցի վրա ու շպրտել. «Պառին, յա զանիտ, ու մենյա նետ վրեմենի»։ Այսինքն՝ աղջիկների կողքին մի քիչ Շառլ Ազնավուր է խաղացել, մի քիչ էլ՝ լկստված Ռոբերտ Ֆիշեր։ Ուրեմն՝ տեսեք, օրիորդներ, ես ահա այսպես եմ շշպռում թղթակիցներին։ Սրանք ի՞նչ մարդիկ են, ուզում են իմ միջոցով հոնորար աշխատել... Այդ թղթակիցը ես եմ եղել։ Օհո՜, այդ էր պակաս, որ Ժորժիկ Մինասյանն ինձ մարդատեղ չդնի։ Եվ ինչ եմ արել. ես էլ ինձ մի քիչ լավ չեմ պահել, բղավել եմ աղջիկների վրա. «Ռադ եղեք այստեղից, ես ուզում եմ Ժորժիկ Մինասյանին հասկացնել, որ ինքը ոչ Շառլ Ազնավուր է, ոչ էլ Ադամո։ Լավ կլինի՝ հայերեն երգելուց առաջ, մի քիչ էլ հայերեն սովորի, թե չէ՝ «Ես սիռահառ պատանի, բեռել եմ քեզ մատանի»... Աղջիկները աղջիկներ են, ինձ անվանում են անկուլտուրական մարդ, արվեստից հեռու գեղջուկ, բայց դա բարձրաձայն չեն ասում, թողնում են, որ ինքը՝ Ժորժիկ Մինասյանն ասի, և զարմանում են. այդ ինչպե՞ս է, որ ժորժիկը միլիցիա չի կանչում։ Ուրեմն, մեծահոգի տղա է, խելոք, զարգացած, նվիրված արվեստին…

Իսկ Գեորգի Մինասյանի լուսանկարը տպագրվեց թերթի կիրակնօրյա համարում, հաջորդ օրը նա եկավ խմբագրություն, երևի խմբագրին բողոքելու, խմբագիրը խորհրդակցությունում էր, ինձ հետ «սրտաբաց» զրույց ունեցավ։ Ասաց. «Հայեռ ենք, չէ՞ մառդ ենք, չէ՞։ Ես եղել եմ եռկրի շատ գոռոդնեռում, հայեռի պատիվը բարձր եմ պահել»։ Ես նրան ասացի. «Ի սեր աստծո, ինձ հանգիստ թողեցեք, թերթի հերթական համարին հոդված պիտի հասցնեմ»։

Դա Գեորգի Մինասյանն էր։ Իսկ կոմերիտմիության քաղաքային կոմիտեի քարտուղար Վ. Ներսեսովը կարգադրել է, որ ապարատի ներսում ոչ ոք հայերեն չխոսի։ Մեզ մոտ բոլորը, ասել է, պարտավոր են խոսել միայն ռուսաց լեզվով։ Հարցրել են՝ ախր ինչի համար, ընկեր առաջին քարտուղար։ Նա շատ հանգիստ, առանց իր խղճին հաշիվ տալու, պատասխանել է՝ հայերը նացիոնալիստներ են։ Հայերենը երրորդական լեզու է, մեր պետական լեզուն ռուսաց լեզուն է։ Դա ասել է Ներսեսովը, Արտաշես Սահակյանի ամենավատագույն տեսակը։ Դրանով չի բավարարվել, կարգադրել է, որ իր ենթակաները գեղարվեստական գիրք չկարդան, գտնելով, որ գեղարվեստական գրականությունը կարող է իջեցնել երիտասարդների քաղաքական մակարդակը։

Գեորգի Մինասյանն ու Վ. Ներսեսովը, իհարկե, Ամարասի հետ ոչ մի կապ չունեն, բայց իմ այս պատմությունը դուր է գալիս նկարչին, ծիծաղում է։ Դա պարզապես անեկդոտ է, ասում է, իսկ դու էլ հետաքրքիր մարդ ես, այնպիսի սառնասրտությամբ ես պատմում այդ բաները, կարծես դա քեզ չի վերաբերում։ Իսկ եթե ես լինեմ քո փոխարեն, այդ Ներսեսովին կնստեցնեմ իր տեղը։ Բայց ներիր, այսօր իմ հաշվին ենք խմում։ Ես փող ունեմ, իսկ դու երևի հոնորարդ դեռ չես ստացել։ Հա, ուրեմն Գանձասարի մասին էինք ուզում խոսել։

Գանձասա՞ր, ի՞նչ Գանձասար։ Ախ, վանքի մասին ես հարցնո՞ւմ։ Ուրեմն, Գանձասարի վանքը կառուցել են քոչվոր ցեղերը։ Դրանք շատ հետաքրքիր քոչվոր են եղել, որտեղ գնացել, կոթողներ են կերտել և նվիրել տեղի ժողովրդին։ Ուրեմն, այս քոչվոր ցեղի առաջնորդ Մուրթուզա բեկը նայել, տեսել է՝ պատմական Արցախում մի ցեղ կա, այդ ցեղը ոչ գիր ունի, ոչ լեզու։ Ոչ հայ է, ոչ վրացի, ոչ գարգառ, ոչ քուրդ։ Ինչ անի, որ օգնի այդ խեղճ ու թշվառ ցեղին։ Մարդ է ուղարկել Հայաստան, թե մի քանի վարդապետներից բանից ուղարկեցեք, ուզում եմ Արցախում լուսավորություն տարածել։ Վարդապետները եկել են, այդ անլեզու խալխին Մեսրոպի գրերը սովորեցրել, թե՝ հիմա դուք հայ եք։ «Չէ, մենք հայ չենք,- բողոքել են էս արցախցիները։- Մենք ինչո՞ւ հայ պիտի լինենք։ Հայերը կուլտուրա չունեն, արվեստ չունեն, գրականություն չունեն, պատմությունն ի՞նչ է, դա էլ չունեն»։ Մուրթուզա բեկը մեծահոգի մարդ է եղել, ասել է. «Վալա՜հ, բիլլա՜հ, դուք շաշ եք։ Ախր հայն էլ է խալխ, թող մեր հաշվին մի քիչ շատանա, որ չկորչի»։ Եվ մեծահոգի բեկն իր քոչվոր ճարտարապետին կարգադրել է, որ կառուցեն Գանձասարի վանքը։

Նկարիչը բաժակը խփում է բաժակիս։ Դու իսկապես հումոր ունես, ասում է, բայց շատ է դառն, շա՜տ։ Ես հիմա ուզում եմ ծիծաղել, բայց դա ծիծաղի բան չի։ Լավ, եթե իրոք պատմությունը ինչ որ տականքներ կարողանում են նենգափոխել, հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Այդ դեպքում ես նրանց այսպիսի մի քանի հարց կտամ. Ղարաբաղի մելիքներն ի՞նչ էին ուզում Պետրոս առաջինից։ Իսրայել Օրին ի՞նչ գործ ուներ ռուսական արքունիքում։ Միանալ Ռուսաստանի՞ն։ Փրկվե՞լ։ Իսկ ո՞ւմից փրկվել։ Պարզ է, պարսիկներից ու թուրքերից։ Չէ՞ որ պարսիկներն ու թուրքերն էին ուզում զավթել Ղարաբաղը։ Իսկ գեներալ Վալերիան Մադաթովը ինչո՞ւ ջարդեց պարսիկներին։ Չլինի՞, թե պարսիկներն իր մոր սիրեկաններն են եղել։ Ախր, սա պատմական փաստ է, չես կարող ժխտել։ Կաջարը, Փանահ խանը, Իբրահիմ խանը հո աստղերից չեն իջել։ Ուրեմն այն կողմերից են եկել, ճի՞շտ է։
- Ենթադրենք։
- Իսկ ինչո՞ւ ենթադրենք։
- Պատմության արխիվների փոշին թափ տալուց օգուտ չկա։ Ավտոմեքենան սպասում է։ Գնում ենք Ամարաս։

Տոթ է։ Խճուղու տաք ասֆալտի անհաճելի հոտը մտնում է մեր թոքերը։ Նկարիչը փակում է աչքերը, հենց այնպես, հանգստանում է։ Բայց անհանգիստ է և մի քիչ էլ անտրամադիր։ Այս ի՞նչ բան է, եկել եմ Ղարաբաղ, որ վանքեր նկարեմ, բայց պարզվում է, որ այդ վանքերի կողքին անպայման մի քանի մզկիթ էլ պիտի նկարեմ, որպեսզի չմեղադրվեմ նացիոնալիզմի մեջ։ Ես «Դլե յաման» եմ երգում, բայց ինձ ստիպում են, որ «Բազարդան ալմա ալարամ-սաթարամ» էլ երգեմ։ Սա դարձավ բարեկամությո՞ւն։ Մեր քիրվան, Սադըխ ամին, մեր տունը մոթալի պանիր էր բերում, և երբ նրան հյուրասիրում ենք կարագով ու մեղրով, նա չի ասում. «Քիրվա Արսեն, իմ բերած մոթալի պանրով ինձ հյուրասիրիր»։ Հայրս նրանց տունը հյուր էր գնում, նրանք էլ իրենց ազիզ հյուրին պանրով, թեյով ու շարբաթով են հյուրասիրում։ Հայրս չի ասում, թե ինչի շարբաթի կողքին թթի օղի չեք դնում։ Հայրս չի ասում՝ դուք չկայիք, որ մենք ազգ էինք... Ինչ է, աշխարհը մի՞թե այսքան փոքր է, որ ինչ-որ Արտաշես Սահակյան…

- Լավ, չասացիր, ի՞նչ եղավ այդ Արտաշես Սահակյանը։
- Պաշտոն, այնուամենայնիվ, ստացավ, հետո մեղադրվեց անբարոյականության մեջ ու վտարվեց։
- Որտե՞ղ է հիմա նա։
- Երևանում։
- Ի՞նչ է անում։
- Գլուխը գովում է։ Ասում է Ղարաբաղում ես պաշտպանել եմ Րաֆֆուն, Պատկանյանին, Շիրազին, Մուրացանին, Լեոյին, դրա համար էլ ինձ քշել են։ Ասում է՝ ես մեծ մասշտաբի հայրենասեր եմ։ Ես չլինեի, «Մենք ենք, մեր սարերը» երևի հիմքից կպոկեին։ Ասում է՝ Գանձասարի և Ամարասի վանքերի հիմքում իմ սիրտն եմ դրել։
- Դրա հասցեն գիտե՞ս։
- Հասցեն ինչի՞դ է։
- Հետը պիտի խոսեմ։
- Թող կորչի։

Կորչելու բաներ կան, որ չեն կորչում։ Հոդվածը ներկայացնում եմ բաժնի վարիչին, կարդում, ասում է՝ հավանում եմ, շատ լավ ես գրել, բայց մի քիչ պիտի կրճատես։ Մի քիչ էլ խմբագրի տեղակալի պատվերով եմ կրճատում, բայց խմբագիրը բարձր ճաշակի տեր մարդ է, «մի քիչով» յոլա չի գնում, ձեռքում ծանր ու թեթև է անում մեքենագրած էջերն ու ասում. «Շատ է երկար, մի երեք էջի սահմանում կրճատիր»։ Դա նրա ամենասիրած խոսքն է՝ շատ է երկար, կրճատիր։ Նրա կարծիքով, ամենալավ ակնարկը երկու էջից չպիտի անցնի, իսկ պատմվածքը՝ չորս էջից։ Եթե սահմանն անցար, ուրեմն ակնարկը ակնարկ չի, պատմվածքն էլ՝ պատմվածք չի։ Ես չգիտեմ, թե առհասարակ նա ինչպես է գրում և գրիչն ինչպես է բռնում։ Բայց շատ լավ է հագնվում, և այդ լավ հագուստի մեջ նա նմանվում է մանեկենի։ Թռուցիկ հավաքներում էլ մեկ-մեկ անեկդոտներ է պատմում՝ այն իմաստով, որ որևէ մեկին դիպչի։ Այսինքն՝ այս առակի կամ անեկդոտի ոչխարը այսինչ այսինչյանն է, իսկ ես փիղն եմ, արծիվն եմ, առյուծն եմ։ Թերթն ինչպես իր հոր սեփականությունը. ում ուզում է՝ տեղ է տալիս, չի ուզում՝ հոդվածի կամ ակնարկի վրա կանաչ թանաքով մակագրում է. «Նպատակահարմար չէ, կարիք չկա անդրադառնալ այդ հարցին»։ Ստորագրությունը գեղեցիկ է, երևի նա այդ ստորագրության վրա մի քանի տարի աշխատել է՝ հղկել, մշակել, գեղեցկացրել։

Նա գտել է հեշտ ապրելու ձևը։ Թերթում քննադատական հոդվածներ ու ֆելիետոններ չեն տպագրվում։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար այդ քննադատվածները վերադասի խնամու կամ բաջանաղի խնամիներն ու բաջանաղները դուրս եկան։ Կարող է ամբողջ օրը գրասեղանի ետևում նստել և տեղից չշարժվել։ Կենդանի արձան է, պատվանդանն է միայն պակասում։ Թռուցկաժողովում մի անգամ քննադատեցի թերթի վերջին համարում տպագրված առաջնորդողը։ Ասացի՝ ջուր է, մեջտեղ բան չկա։ Հավաքից հետո, ժամը տասներկուսին, խմբագիրը զանգեց ինձ, խնդրեց իր մոտ անցնել։ Ներս մտա։ Ցույց տվեց աթոռը. մատները ճտճտացրեց ու խոսեց. «Քննադատել, իհարկե, կարելի է, բայց ոչ այդ տոնով։ Ուրեմն, դուրս է գալիս, որ մեր թերթը ջուր է, և մենք էլ ջրավաճառ ենք»։ Էլի մատները ճտճտացրեց ու հիշեց. «Նախանցյալ օրը, ձեր հերթապահության ժամանակ, թերթում քաղաքական կոպիտ սխալ է գնացել»։ Ես չհարցրի, թե ինչ սխալ է գնացել, ասացի՝ այդ օրը ես հերթապահ չեմ եղել. լավ կլինի գտնեք մեղավորին ու պատժեք նրան։ Նա «հըմ» արեց ու տեղում անշարժացավ։ Մի բան է որոնում, որ գտնի, մեղադրի ինձ։ Չգտավ։ Ուզում էի ասել՝ ախր ինչո՞ւ եք տանջվում, ես թերթում հանդես եմ եկել նաև թույլ ու գորշ հոդվածներով։ Դրանցից մեկը վերցրու և ասա՝ ամոթ է, սա զիբիլ է։ Բայց չես կարող, որովհետև այդ հոդվածները դու ես կրճատել, ավելի ճիշտ՝ հյութը քամել, թողել ես չիչը։ Քեզ չիչն է հետաքրքրում և ոչ թե հյութը։ Դու առանց վերադասի ոչ մի կարծիք չունես։ Վաղուց ժամանակն է, որ անցնես թոշակի, բայց չես անցնում։ Գիտես, եթե թոշակի անցնես, փողոցում քեզ ոչ ոք չի բարևելու։ Դու պիտի մեռնես գրասեղանի ետևում, որպեսզի քո հրատարակած թերթում գրեն. «Նա մեռավ իր պոստում։ Նրա հիշատակը հավերժ կապրի ապրողների սրտում»։

Տափաստանի մաքուր օդը մեր թոքերից դուրս է մղում ասֆալտի գաղջ հոտը։ Ինչ տափաստան, կանաչ օազիս է, թթենիներ են, խաղողայգիներ։ Հիմա կերևա Ամարասի վանքը։ Նկարիչը մտքում վանք է նկարում։ Քսաներորդ դարում՝ վանք։ Գիտության և տեխնիկայի այս հզոր դարում ի՞նչ վանք։ Վանքն անցյալ է, միջնադար։ Դե լավ, վանք նկարիր։ Վանքի կողքին կամ արձակ բակում մի աղջիկ նկարիր։ Մի աղջիկ՝ բաց սրունքներով, թափանցիկ, պայծառ գայթակղիչ, մի քիչ թախծոտ։ Նա հրեշտակի պես գեղեցիկ է, անմեղ, և չի հասկանում, որ իր սրունքները գեղեցիկ են, զիստերը ցանկալի… Բայց նա սկի այնքան էլ անմեղ չի. քիչ առաջ վանքի խոնավ ու ցուրտ խորանում համբուրվում էր մի տղայի հետ։
Մեղա քեզ, աստված։

2.

Մեղա քեզ, աստված, մեղա։
Վանքի բակում ոչ մի անմեղ հրեշտակ չկա։ Վանքի բակում մակաղել է կոլտնտեսության ոչխարի հոտը։ «Մատաղացուներ են,- նկարչի դեմքը ջղաձգվում է։- Ափսոս, լուսանկարչական ապարատս չեմ վերցրել»։ Վանքի պահակն իր բարձր աշտարակից մեզ նկատում է և բղավում ոչխարապահի վրա։ Ա՛յ բալա, բա դու մարդ չե՞ս, բա դու խիղճ չունե՞ս, էս ոչխարներն էստեղ ի՞նչ ղալաթ են անում։ Ախր, ես այս հնության վրա պահակ եմ, պահակության համար ռոճիկ եմ ստանում։ Դե ռոճիկ էլ ասում եմ,- հիմա մեզ հետ է, մեզ է դիմում,- ինչ ռոճիկ, կոլխոզն ամիսը քսանհինգ աշխօր է տալիս։ Տուն-տեղ թողած, էստեղ եմ։- Դառնում է ոչխարապահին.- Ոչխարներդ այստեղից կորցրու, աչքս չտեսնի, թե չէ՝ նամակ կգրեմ ընկեր Կարապետյանին։ Որ գրեցի՝ կորած ես, տեղ չունես։- Ոչխարապահը մահակը ծույլ-ծույլ թափահարում՝ ու ոչխարի հետ է. «Ագռիո, ագռիո, հու, հու…,- ու դեպի պահակը.- Ման օլում, սխալվել եմ, սխալմունք է։ Ցադվ տանեմ, աշխարհում ո՞վ չի սխալվում։ Ստալինը, որ Ստալին էր, էլի սխալվել է։ Բա լավ, որ մենք չսխալվենք, էլ ո՞վ պիտի սխալվի։ Պիտի սխալվենք, որ էդ սխալի վրա մեր սխալը տեսնենք»։

Սա, ներկայացում է վանքի բակում։ Վանքի պահակն իր դերն է խաղում, ոչխարապահը՝ իր դերը։ Վատ չեն խաղում։ Լավ էլ մարդիկ են, չեն ասում՝ էդ ինչի մեզ վաստակավորի կամ ժողովրդականի կոչում չեք տալիս։ Մենք ի՞նչ պակաս դերասաններ ենք։ Հա, ռեժիսոր էլ ունենք. մեր կոլտնտեսության նախագահն է։
Ներին կանգնել է վանքի կողքին, սրբատաշ մի քարի, կուրծքը հպարտ ցցել, ասես ուզում է լուսանկարվել։ Ոչխարապահը դանդաղ, ծուլորեն ոչխարի հոտը քշում է վանքի բակից և, հավանական է, մտքում հայհոյում է մեզ։ Այ ես ձեր… Ախր որտեղի՞ց եկաք, ի՞նչ եք կորցրել այս կողմերում։ Կարծես Գանձասարը քիչ է, հիմա էլ եկել եք Ամարաս։

Մեր ավտովարորդը, հաղթանդամ մի տղամարդ, գիտե, որ դա ներկայացում է, ձեռքով պահակին մոտ է կանչում։ Մեծ մարդ ես, ասում է, չես ամաչո՞ւմ։ Այդ ո՞ւմ եք ուզում խաբել. ձեր կոլտնտեսության նախագահը չգիտե՞, որ վանքը ոչխարանոց եք դարձրել։ Սա՞ է քո պահպանած հնությունը։ Կոլտնտեսությունից ամսական 25 աշխօր ես ստանում, պետությունից՝ 75 ռուբլի։ Պահակը խեղճանում է, բայց չի նահանջում. «Հարյուր դիմում եմ գրել, որ ինձ ազատեն այս գործից, չեն ազատում։ Անձամբ դիմել եմ ընկեր Կարապետյանին։ Չի ազատում»...
Կեսօր է, վանքը ստվեր չունի։ Մեր ավտովարորդը թթենու տակ խարույկ է վառում՝ խորովածի համար։ Նկարիչն իր գործին է, նկարում է։ Ես գործ չունեմ, մտքումս արձակ բանաստեղծություն եմ հորինում։

3.

Հրաշք է ասես կանգնած տիրաբար այս կանաչ հովտում։
Մի պառավ տատիկ խորանի առջև զույգ մոմ է վառում, չգիտեմ աստծո՞ւն, թե՞ այս հրաշքին է նա լուռ աղոթում։
Հավատացյալի մի սուրբ երկյուղով կանգնել եմ ահա կիսամութի մեջ, շուրջս եմ նայում։
Բարձր գմբեթի քիվերին նստած աղավնիներն են կամաց ղունղունում, իսկ երես առած ճնճղուկները կռիվս են տալիս, ճռվողում անվերջ։
Ու ես փակում եմ աչքերս մի պահ։
Հիմա ուր որ է ղողանջեն պիտի զանգերը պղնձե։
Հիմա կթնդա կամարների տակ տաղը Հարության և Վարդավառի։
Հիմա մի խելառ, մի ծուռ վարդապետ թաքուն կնայի պատի տակ կանգնած քնքույշ Շողերին ու ախ կքաշի։
Հիմա կգա մի թխաչ պատանի և սուրբ Մարիամի պատկերի առջև սիրտը կմաշի…
Հիմա…

- Ընկեր ջան, մի բան հարցնեմ,- պահակն է։
Ես մտքումս պատառոտում եմ մտքումս հորինած արձակ բանաստեղծությունն* ու ասում՝ հարցրու։
- Դու կոմունի՞ստ ես։
- Ես վարդապետ եմ,- ասում եմ,- Էջմիածինից են ուղարկել։
Նա չի հավատում։ Ասենք՝ գուցե հավատում է, ի՞նչ իմանաս։ Թող գնա գյուղում հայտնի, որ Էջմիածինից վարդապետ է եկել։ Վազգեն Առաջինն է ուղարկել։ Որ Վազգեն Առաջինն է ուղարկել, նշանակում է՝ Ամարասի վանքը բացում են։ Դե որ բացում են, ուրեմն՝ պետությունը որոշում է հանել։
- Հաստա՞տ,- ստուգում է պահակը։
- Հաստատ։
- Բա ինչո՞ւ,- ներողամտաբար ժպտում է,- բա ինչո՞ւ բեղ ու միրուք չունես։ Առանց դրան ո՞նց կլինի։
- Ես ինչ մեղավոր եմ, որ չի բուսնում, քոսակ եմ։
- Չէ, դա քոսակ մարդու խոսք չի,- նա ծիծաղում է։- Բայց, խոսքը մեր մեջ, դու կոմունի՞ստ ես։

- Ես ամեն ինչ եմ,- ասում եմ,- Կարմիր կիսալուսնի, ջրահեղձների միության, գրքասերների միության, ԴՈՍԱԱֆ-ի, բնության պաշտպանության, հնությունների պաշտպանության ընկերությունների անդամ եմ։ Ես Գրիգոր Լուսավորչի քարտուղարն եմ, Եսայի կաթողիկոսի դպիրը, Ֆրիկի հետ այս վանքում՝ ձեր կոլտնտեսության նախագահի պապի, պապի պապի պապին Մեսրոպի գրերը սովորեցրել եմ, որպեսզի նրանց ծոռները այս սուրբ վանքի պատերին խզբզեն. «Սլավիկ+Սեդա = սեր»։ «Սիմոնյան Վալերիկ 1971թ.»։ «Մարգարյան Մառինե 1968թ.»։ «Սա մեր Ամառասի վանկն է»... Ամոթ է, հարգելի հայրիկ, սա վանք չի, որ դու ես պահում։

Մեր ավտովարորդը թթենու շվաքում սփռոց է բացել. խորոված, գինի, կոնյակ, վարունգ, պոմիդոր, պանիր, լավաշ… Ամեն ինչ կա։ Նկարիչը գոհ է, գործերը լավ են գնում։ Նա պահակին հրավիրում է մեզ հետ ճաշելու. «Համեցեք, հայրիկ, մի-մի բաժակ կոնյակ կխմենք, կբացվենք»։ Պահակը բացվում է։ Այս վանքն, ասում է, Մելիք Շահնազարն է կառուցել։ Մելիք Շահնազարը Վասակի նման դավաճանի մեկն է եղել, ծերացել ու հասկացել է իր սխալը։ Որ իր ժողովրդի աչքում բարձրանա, ուրեմն այս վանքը կառուցել է։ Կանչել է աշխարհի ամենալավ վարպետներին, ասել. «Էս ձեզ ոսկի, արծաթ, բռիլանտ… Մենակ էնպիսի մի վանք պիտի սարքեք, որ Գանձասարի ժամը շվաքում մնա»։
Դա է պահակի իմացած պատմությունը Ամարասի վանքի մասին։ Իսկ երբ Արտաշես Սահակյանը զբոսաշրջիկներին պատմում էր. «Այս վանքը կառուցել է Փանահ խանը», վանքի պահակը ձայն չէր հանում, վախենում էր զրկվել պաշտոնից։ Հիմա չի վախենում։ Ասում է՝ Փանահ խանն ի՞նչ է, մենք Մելիք-Ավան ենք ունեցել, Մելիք Եսայի, Մելիք Եգան… Ղարաբաղը սրանք են պահել։ Սրանք են ջարդել թշնամու ղոշունը։ Սրանք իսկական հայեր են եղել։
- Իսկ Փանահ խա՞նը։
- Հա, Փանահ խանը,- բաժակը ցած է դնում։- Էդ մասին էլ է Րաֆֆին գրել։ Րաֆֆին հունարով գրող է եղել, սաղ Ղարաբաղը ոտքով շրջել է, մեծերին հարցրել, թե էս բանը ոնց է եղել։ Կարդացել է գերեզմանների գրերը, մաղել-խախալել, Թիֆլիսում գիրք սարքել։ Ողորմածհոգի հերս տեսել է Րաֆֆուն։ Ասում է՝ իմաստուն մարդ է, Ղազարոս Աղայանից էլ է իմաստուն։ Խելոք չլիներ, ո՞նց կգրեր «Խենթը»։

Հիշեցի քեռուս։ Սովորում էր քաղաքում։ Չգիտեմ, լա՞վ էր սովորում, թե՞ վատ։ Դպրոցը գրադարան ուներ, գրադարանը հսկողության տակ էր։ Րաֆֆու և Պատկանյանի գրքերն ինչո՞ւ տեղ գտնեն այդ գրադարանում։ «Սրանք նացիոնալիստներ են,- ասաց պաշտնյան, ոտքով հրեց գրքերի կապերը, նկատեց քեռուս,- մրսո՞ւմ ես,- իսկ գրադարանում իսկապես ցուրտ էր։- Տեսնում եմ, մրսում ես։ Տար, բակում վառիր ու մի լավ տաքացիր։ Լուցկի չունե՞ս։ Ահա քեզ լուցկի։ Հիշիր, տղա, հիմա դու պատմական դեմք ես դառնում։ Հասկանո՞ւմ ես, դու ոչնչացնում ես նացիոնալիստներին»։ Իսկ քեռիս գրքերը շալակում և բերում է գյուղ։ Քեռիս խենթի հետ խենթանում է, Սամվելի հետ ըմբոստանում և թողնում դպրոցը։ Ասում է՝ դպրոց չկա, գիտություն չկա։ Գիտությունը Րաֆֆին է, Պատկանյանն է, Չարենցը, Բակունցը, Շանթը... Քեռուս կանչում են քաղաք։ Քննիչը հարցնում է՝ Րաֆֆուց ի՞նչ ես կարդացել։ Քեռիս շարժում է ուսերը՝ Րաֆֆի՞, ի՞նչ Րաֆֆի։ Մեր գրքերում այդ անունով գրող չկա։ Քեռիս մտքում ծիծաղում է քննիչի վրա, որովհետև լավ դերասան է։ Հա, ասում է՝ Ռաֆայելին գիտեմ, մեր գյուղացի Սիմոնի տղան է։ Քննիչն ուզում է ապտակել քեռուս, քեռիս գրպանից մի բուռ չամիչ է հանում, մեկնում նրան. «Կեր,- ասում է,- մեր բեդանի թթենու չամիչն է, համեղ է»։ Քննիչը մարդ է, մտածում է՝ կա-չկա, էս լակոտը Րաֆֆու «Խենթը» կարդացել, խենթացել է։ Չէ, թող գնա կորչի, ես գժերի հետ գործ չունեմ։ Քեռուս անունը Խենթ է մնում՝ հիշատակ Րաֆֆուց։ Հիմա էլ քեռիս կա, առաջվա պես Րաֆֆի է կարդում ու ոգևորված գոչում. «Գրողն էսպես պիտի գրի, է՜… Աշխարհում Րաֆֆուց մեծ գրող չկա»։ Ես վանքի պահակի մեջ ուզում եմ մի քիչ տեսնել քեռուս, և հարցնում եմ. «Րաֆֆին ինչպիսի՞ գրող է»։ Պահակը դատարկում է հերթական բաժակը (կոնյակը նրան շատ է դուր եկել) ու պատասխանում. «Մե՜ծ, շա՜տ մեծ գրող է։ Եթե թույլ տաք, ես հիմա կխմեմ Րաֆֆու կենացը։ Րաֆֆին հոգի գրող է»։

Մենք Ամարասի վանքի բակում խնջույք ենք սարքել։ Մոտիկ այգիներից մի քանի հետաքրքրասեր պատանիներ են եկել, նայում են մեզ։ Մի տատիկ, որ մեզ է հասել 19-րդ դարից, և 20-րդ դարի շեմին նա դեռ աղջիկ էր, եկել զույգ մոմ է վառել, որպեսզի… Ինչ, գուցե ուզում է տեսնել երկու հազար թիվը, թե որդու կամ թոռնիկի համար է աղոթում։ Իսկ այդ թոռնիկը երևի գյուղատնտես է կամ ուսուցիչ։ Այդ գյուղատնտեսը կամ ուսուցիչը երեկոյան խեղճ պառավին կնախատի. Այա, կասի, ախր ինչո՞ւ ես մեզ խայտառակում… Եվ գուցե ոչ մի բան էլ չասի իր դարն ապրած պառավին։ Ես մտքում չափածո տողեր եմ հորինում... Չէ, չեմ հորինում, վերհիշում եմ այն տողերը, որ մի տարի առաջ հորինել եմ մեր գյուղի կիսավեր վանքում.

Կիսավեր վանքի կիսավեր պատին
Մի կիսատ մոմ է թրթռում ծույլ-ծույլ,
Կիսավեր վանքում մի բարի տատիկ
Կիսատ աղոթք է շշնջում աստծուն։

Կիսավեր վանքի կիսավեր բակում
Ծուփ ծաղիկները ծիծաղում են ջինջ,
Կիսավեր վանքի կիսավեր բակում
Լուռ երազում է մի քնքուշ աղջիկ։

Կիսավեր վանքի կիսավեր ճեղքից
Մի դեղին մողես գլուխն է հանել,
Կիսավեր վանքի կիսավեր փեղկից
Մոշին իր կանաչ փեշն է ծածանել։

Կիսավեր վանքի կիսավեր բակում
Մի թխաչ մանուկ խաչքարին նստած-
Օդանավեր է փնտրում երկնքում՝
«Նելսոն Ստեփանյան»՝ թևերին գրած*։

Դա մեր կիսավեր վանքի բակո՞ւմ է, թե՞ Ավետարանոց գյուղում։ Գայանեի վանքում։ Գայանեի մասին Լեոն վեպ է գրել՝ «Մելիքի աղջիկը»։ Մելիքի աղջիկը դարձել էր դրամա, բեմ բարձրացել։ Հանդիսատեսները տասը տարի դիտել են ու ծափահարել։ Հանդիսատեսները տգետ են եղել, չեն հասկացել, որ Լեոն նացիոնալիստ է։ Դա հասկացել է միայն մի մարդ և կուսակցության անունից կարգադրել՝ «Էդ զիբիլը բեմից հանել։ Գայանեն ո՞վ է, որ թուր է բարձրացնում մեր եղբայր ժողովրդի վրա»։ Ասել են՝ ներեցեք, այսինչ-այսինչովիչ, Գայանեն ձեռք է բարձրացնում ոչ թե եղբայր ժողովրդի, այլ արյունարբու թշնամու վրա։ Բայց այսինչ-այսինչովիչը հասարակ այսինչ-այսինչովիչ չի եղել, բռունցքը խփել է գրասեղանին ու բղավել. «Հերի՛ք է քրքրեք անցյալը։ Հերի՛ք է ձեր ստից սարքած պատմությունը մեր աչքը խոթեք։ Հերի՛ք է։ Մոռացե՛ք էդ դատարկ բաները»։

Հա, ուրեմն, մոռանանք անցյալը։ Վարդան Մամիկոնյանը սուտ է։ Մովսես Խորենացին քերթողահայր չի։ Սելջուկներն իրենց անապատներից մեզ համար քսան հազար ոչխար են բերել, թե՝ քեֆ արեք։ Լենկթեմուրն էլ բարի զորավար է եղել, ոչ թալանել է, ոչ վառել, ոչ էլ՝ սպանել։ Ֆրիկը չի բողոքել «ընդդեմ ֆալլաքի», Գրիգոր Նարեկացին խաս ու ղումաշ վարդանոցում նստել, սիրուն-սիրուն աղջիկների համար բայաթիներ է սարքել։ Թումանյանը չի ասել՝ «Աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես»։ Իսահակյան Ավետիքն ինչո՞ւ պիտի ասեր. էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ, Սիամանթոն՝

Կոտորա՜ծ. կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դուրս,
Եվ բարբարոսներն արյուններով կդառնան,
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն։
Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն,
Արյունոտ բերաններով ու գինովի քրքիջներով…

Մենք անցյալ չունենք։ Չէ մի, այդ էր պակաս, որ Կաջարը Պարսկաստանից վեր կենա գա, թե՝ ուզում եմ Ղարաբաղը նվաճել։ Ո՞ւմ համար է նվաճում, կին չունի, երեխա չունի, կռտած մարդ է։ Պարսկաստանից քառասուն ուղտաբեռ խուրմա էր բերել, մի ուղտաբեռը փոխում էր մի սիրուն աղջկա հետ։ Տո, կռտած յաբու, քավթառ մութրուբ, աղջիկը քո ինչի՞ն է։ Իսկ Մելիք Ավանն իր Դիզակ բերդից՝ եկ տեսնենք, այ Կաջար շահ... Բա մեր ատոմային ռումբը, մեր կատյուշան, մեր հայրոպլանները որտե՞ղ են։

Սա մեր գյուղացի բրուտ Լևոնի հնարածն է։ Բրուտ Լևոնը սիրում է սուտն ու ճշմարտությունն իրար խառնել։ Ասում է՝ քսան թվին ես և Ղուկասենց Ստեփանը Ցարիցինում երկու պոլկ սպիտակ բանակ ենք հնձել։ Նրանք եկել են՝ մենք հնձել ենք, նրանք եկել են՝ մենք հնձել ենք։ Հա, էդպես է, հաստատում է Ղուկասենց Ստեփանը, հնձել ենք։ Եվ երկուսն էլ ծիծաղում են իրենց ստի վրա։ Հետո միասին տխրում են, երբ հիշում են Կերչի ճակատը։ Լևոնն ասում է. Կերչում մի վանք կար, ոնց մեր Ամարասի վանքը։ Ստեփանը՝ չէ, ի՞նչ Ամարաս, ոնց-որ Գանձասարի վանքը... Եթե Ռումինիայում, Լեհաստանում, Կալիֆոռնիայում, Ֆրանսիայում հայկական վանքեր կան, ինչո՞ւ Կերչում չլինի։ Թո՛ւ, շան տղերք, մենք Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իրաքում, Սան-Ֆրանցիսկոյում ի՞նչ գործ ունենք։ Ինչո՞ւ եք մեզ աշխարհով մեկ ցրել։ Հո սերմացու չենք։ Հիմա լավ կլինի՞, որ բռնենք ֆրանսիացու կոկորդն ու ասենք՝ սա մեր հողն է, այս ծառերը, արտերը, սարերը, քարերը մերն են, կորեք այստեղից։

- Սա Ամարասի վանքն է,- ասում է պատմության ուսուցիչ Նարեկ Հովսեփյանը։ Այս վանքը կառուցվել է շատ, շատ հին ժամանակներում, հիմքը հեթանոսական է։ Բայց դպրոցի դիրեկտոր Սոկրատ Մելիքյանը նրան ընդհատում է.
- Հազար անգամ ասել եմ՝ գլուխդ դինջ պահիր։ Ամարասի վանքի հետ ի՞նչ գործ ունես։ Երեխաներին երես ես տալիս, որտե՞ղ է քո քաղաքական զգոնությունը։ Որտե՞ղ մնաց ինտերնացիոնալիզմը։ Ախր, այս կռվախնձորն ո՞վ է տնկել այստեղ։ Հիշիր, ընկեր Նարեկ Հովսեփյան, կոմունիզմի ժամանակ դասակարգերը վերանում են։ Որ դասակարգերը վերանում են, ազգերն իրար են խառնվում, դառնում անդասակարգ մասսա։
- Իսկ այդ անդասակարգ մասսան ինչ լեզվով պիտի խոսի։
- Ժամանակը ցույց կտա։

Պատմության ուսուցիչ Նարեկ Հովսեփյանը վիճում է դիրեկտորի հետ, զգալով, որ միևնույն է, դրանից ոչինչ չի շահի։ Ասում է՝ Ժամանակով կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ,- ու դառնում է աշակերտներին.- Երեխեք, ցրվեցեք, գնացեք ձեր տները, մեր էքսկուրսիան համարում եմ ավարտված։ Հնությունների հետ գործ չունեք, գնացեք ատոմային, ջրածնային ռումբեր ուսումնասիրեցեք։ Տեսեք, հա՜, նեյտրոնայինը չմոռանաք։ Որտեղ բերդեր, վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ կան, պիտի պայթեցնենք։ Թող կորչեն դրանք, հնի մնացուկներ են, նախնադարյան են, ֆեոդալական, կապիտալիստական են։ Մենք անցյալ չունենք։ Պատմությունը որպես առարկա, վերանում է։ Եթե սուլթան Համիդը ավազակ չի եղել, ուրեմն Նապոլեոն Բոնապարտը չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Ղարաբաղի մելիքները չեն դիմել Պետրոս Մեծին, թե՝ ուզում ենք միանալ Ռուսաց երկրին։ Իսկ ինչո՞ւ պիտի մոռանան Պարսկաստանի և Թուրքիայի մայրական գուրգուրանքները, միանան Ռուսաստանին։ Բա սուլթան Համիդի, Թալեաթ փաշայի արած լավությունները կարելի՞ է մոռանալ։ Դա կլինի երախտամոռություն։

Տեսեք, հա, ուրիշ տեղ չասեք, թե Կոմիտասն իր աչքով տեսել է 1915 թվականի ջարդերը և խելագարվել։ Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը մահացել են իրենց բնական մահով։ Չէ, չէ, ի՞նչ բնական մահ, ինքնասպանություն են գործել։ Թուրք փաշան խղճմտանքով մարդ է եղել, ասել է. «Այ էրմանիլար, այ գարդաշլար, այ շայիրլար, ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք այդպես ջահել-ջահել մեռնում, մենք ձեզ ի՞նչ վատություն ենք արել»։ Էդ փաշայի ձեռքին ոչ թուր է եղել, ոչ մաուզեր։ Լավ փաշա է եղել, է, լավ փաշա։ Ոչ մի հայի չի ասել՝ տեղդ ծուխ է, վեր կաց, էն անծուխ տեղը նստիր։ Ջահանդամը՝ ծուխ է, մեր հայ եղբայրն է, ծխին էլ է սովոր, կրակին էլ, զուլումին էլ։ Հասկացա՞ք, երեխաներ, էդ թուրք փաշաները եղել են հայերի իսկական բարեկամները։ Բա որ թուրքերը չլինեին, հայերն ինչպե՞ս կարող էին տաճարներ ու բերդեր կառուցել, «Մատյան ողբերգության» գրել, «Սասնա ծռեր» ստեղծել, Անի անունով մայրաքաղաք ունենալ։ Չէ, Կառլ Մարքսը Թուրքիային համաշխարհային պոռնիկ չի անվանել։ Դա ուրիշ տերության մասին է ասել։

Սա պատմության ուսուցիչ Նարեկ Հովսեփյանի մենախոսությունն է։ Մարդը մենախոսում է, ինքն իրեն ուտում է։ Ուրեմն՝ ցրված է։ Լավ ուսուցիչ է, բայց շատ է ցրված։ Դրանց ցեղն այդպես է։ Նարեկ Հովսեփյանի հայրն ասել է՝ Ամարասի վանքը չորրորդ դարում հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև, իր որդին թե թոռը՝ Գրիգորիս կաթողիկոսը թե եպիսկոպոսը շարունակել է նրա կիսատ գործը։ Իսկ Աղվանաց աշխարհի թագավոր Վաչագանը Գրիգորիսի գերեզմանին, վանքի ներսում, կառուցել է մատուռ։ Այդ մատուռը հիմա էլ կա։ Մեսրոպ Մաշտոցը եկել, Ամարասի վանքում բացել է առաջին հայկական դպրոցը։ Չեք հավատո՞ւմ, կարող եք կարդալ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գիրքը, դա պատմություն է։

Մոնղոլ Աբաղա խանի ականջին ձեն էր հասել՝ Արցախում ապրուստը թափված է, ձրի, գնա տես ինչ ես անում։ Աբաղա խանն իր ղոշունով եկել, տնկվել է Խազազի սարի ստորոտում ու կանչել. «Այ հայեր, հերիք է, հայ լինելուց օգուտ չունեք։ Եկեք ընդունեցեք մեր հավատը, մոնղոլ դարձեք, որ ձեր քեֆին ոչ ոք չդիպչի»։ Հայերն ասացին՝ Աբաղա թրիք, Աբաղա շունշանորդի, Աբաղա քուռակ, թե դու լավ մարդ ես, միտքդ ծուռ չի, ինչո՞ւ քո մոնղոլներից վեր ես կացել, եկել այստեղ։ Որ մենք հազար տարի առաջ ազգ էինք, դուք որտե՞ղ էիք։ Որ մենք Տիգրան մեծ, Արշակ թագավոր, Վարդան Մամիկոնյան ունեինք, դուք ի՞նչ ունեիք։ Եվ այդ բանի վրա մեծ ղալմաղալ եղավ։ Մոնղոլը զարկեց, հայերը զարկեցին, հայի ու մոնղոլի կռիվ եղավ։ Աբաղա խանն իր ղոշունը քշեց, հայ-հույ արեց…

Ամարասի վանքում մի Երեմ վարդապետ կար, փարաջան հանեց, թուրն առավ ձեռքը, նստեց ձին ու կանչեց. «Վարդապետներ, ով հավատում է իր աստծուն, ով Քրիստոսի հավատին է, թող հետևի ինձ...»։ Վարդապետ Երեմն իր վարդապետներով թիկունքից խփեց Աբաղա խանին, Աբաղա խանը չդիմացավ, փախավ։ Մովսես Կաղանկատվացին իր գրքում գրում է. «Նույն տարին Բաբանը Պարսկաստանից եկավ, անցավ Արաքս գետից այս կողմ և բնակվեց Ամարաս գավառում. սկսեց խաղաղության բանակցություն վարել, որպեսզի հնազանդվեն իրեն. ոմանք ժամանակավոր զղջումով հնազանդվեցին... Այստեղից Բաբանը վերադարձավ իր երկիրը՝ Պարսկաստանի Ատրպատական, իր տեղը թողեց Ռոստոմ անունով մի զորավար՝ զորքի հետ միասին և նրան պատվիրեց չպատերազմել բերդի դեմ, այլ սիրով գրավել, որպեսզի հնազանդվեն։ Իսկ Ռոստոմը անտեսեց Բաբանի պատվերը, դուրս եկավ պատերազմելու... Այդ ժամանակ բերդեցիներն ապավինեցին Քրիստոսի զորությանը և, խաչերն ու սրբերի մասունքները դիմացները բռնելով, ծանր հարվածներով ջարդեցին պարսկական զորքը։ Ազատվելով նրանցից՝ գոհանալով փառաբանում էին Քրիստոսին»։

Նկարիչն իր գործին է, նկարում է։ Նկարում և զրուցում է կողքին կանգնած շիկահեր պատանու հետ։ Ասում է՝ այ տղա, ինչո՞ւ ես այդքան շեկ։ Պարթև անունով պատանին պատասխանում է՝ հայերն առաջներում շեկ են եղել. այնքան ցավեր են տեսել, դարդից թխացել են։ Պարթև պատանին հպարտանում է, որ իր հոր անունը Մեսրոպ է, պապի անունը՝ Արտակ, պապի պապի անունը՝ Պարթև։ Ասում է՝ մեր տոհմը հերոսական անցյալ ունի, եթե էսպես գնանք պատմության խորքերը, գիտե՞ք որտեղ կարող ենք հասնել՝ Տիգրան Մեծին։ Նկարիչը գլխով հաստատում է՝ ճիշտ է, այ ես էլ եմ իմ օխտը պորտը ստուգել, և գնացել հասել եմ Սարգիս Պիծակին։ Եվ հարցնում է պատանուն՝ ի՞նչ կասես, հիմա սա վա՞նք է, եկեղեցի՞ է, թե՞ տաճար։ Պատանին ասում է՝ եկեղեցի է, վանք է, տաճար է, հրաշք ճարտարապետություն է։ Հայկական Սովետական հանրագիտարանում գրված է. Ամարասի մայր եկեղեցին կառուցված է Շուշի քարահանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով։ Չորս գեղեցիկ սյուների վերևում կիսաբոլոր կամարներն են, որոնց վրա հենված է գմբեթավոր ձեղունը։ Տաճարի սրահի երկարությունը 23 մ է, լայնությունը՝ 13.33 մ»։ Պարթև պապը Ամարասի վանքի մասին ոտանավոր է գրել, ուղարկել խմբագրություն։ Չեն տպել, ասել են՝ թերթը շատ կարևոր խնդիրներ ունի՝ սիլոսացում, գոմաղբի տեղափոխում, եգիպտացորենը դաշտերի թագուհին է, հովիվ Արշակ Յուզբաշյանը հարյուր մաքուց 130 գառ է ստացել… Այ, դրանց մասին ոտանավոր սարքիր, թե չէ՝ Ամարասի վանքն իրենից ի՞նչ է ներկայացնում։ Պատանին ոտանավորն ուղարկել է բանաստեղծ Հովհաննես Շիրազին, Շիրազը կարդացել ու ասել է. «Հըբը, ուրեմն մեր Մեսրոպ Մաշտոցը Արցախի Ամարասի վանքում դպրոց է բացել։ Դա արդեն պոեմի թեմա է»։

4.

Եվ այսպես, Մեսրոպ Մաշտոցը եկավ, Ամարասի վանքում բացեց առաջին հայկական դպրոցն ու ասաց. «Կորչի անգրագիտությունը, կեցցե համատարած գրագիտությունը»։ Իսկ ինչպե՞ս էր կոչվում այդ դպրոցը՝ ծխակա՞ն, լիկկայա՞ն, տեխնիկո՞ւմ, ուսումնարա՞ն, ինստիտո՞ւտ, համալսարա՞ն, թե՞ ակադեմիա։ Մեսրոպ Մաշտոցն էլ հո հասարակ ուսուցիչ չէր. պրոֆեսոր էր, դոկտոր էր, ակադեմիկոս էր, զորապետ էր, նաև՝ գեներալ, մարշալ, ծովակալ։ Բայց որովհետև Մեսրոպը փառասեր մարդ չէր, թքել էր այդ կոչումների վրա ու մնացել Մեսրոպ Մաշտոց։ Իսկ Արցախ մեկնելուց առաջ նա եղավ Սահակ Պարթևի մոտ։ Պարթևն ասաց.
- Այ Մեսրոպ, ախր էդ ո՞նց կլինի, էդքան մեծ գործեր ես կատարել, այ տնաշենի տղա, բայց մինչև հիմա ոչ մի կոչում չունես։ Ասում եմ՝ քեզ վաստակավոր դարձնեմ, ի՞նչ ես ասում։

- Վաստակավո՞ր,- ժպտաց Մեսրոպը։
- Հա, վաստակավոր։
- Վաստակավոր ի՞նչ։
- Վաստակավոր ուսուցիչ։
- Իսկ առանց դրան չի լինի՞։
- Պրծավ, որոշել եմ։ Այսօրվանից վաստակավոր ես։ Եթե Արցախում էլ գործերդ լավ գնացին, վերադառնալուդ պես՝ ժողովրդական կդարձնեմ։
- Ժողովրդական ի՞նչ։
- Դերասան, գյուղատնտես, քիմիկոս, ֆիզիկոս… Չգիտե՞ս ինչ՝ ուսուցիչ։
- Վախենում եմ՝ տակիցը դուրս չգամ։
- Պա՜հ, քո տունը շինվի,- ծիծաղել է Սահակ Պարթևը։- Դու որ այդ գրերի տակից դուրս ես եկել, ուրեմն՝ ժողովրդական ես։
- Ես ի՞նչ իմանամ, դու գիտես։

Սահակ Պարթևը ճանապարհ դրեց Մեսրոպ Մաշտոցին և գլուխն օրորեց։ Պա՜հ, քո ինչն ասեմ, Մեսրոպ, մարդ էլ այդքան պարզ ու հասարակ կլինի՞։ Քո փոխարեն եթե ուրիշը լիներ, կգար բկիս չոքեր, թե ինձ չեխական գառնիտուր տուր, հինգ սենյականոց բնակարան եմ ուզում, «Վոլգա» ավտոմոբիլ եմ ուզում, սառնարան եմ ուզում, հեռուստացույց… Լավ, էս Մեսրոպը ոչ մի բանի կարիք չունի՞։ Պա՜հ, քո ինչն ասեմ, Մեսրոպ տղա, հայ ես, էլի, մաքուր հայ ես։
Մեսրոպ Մաշտոցը եկավ, հասավ Արցախ, հավաքեց տեղի անվանիներին, թե՝ Ամարասի վանքում դպրոց եմ բացում, որ երեխոցը հայերեն գրեր սովորեցնեմ։ «Հայերեն գրե՞ր,- զարմացան Արցախի անվանիները։ Ուրեմն, հայերեն գրեր կա՞ն։ Ախպոր պես, խնդրում ենք, ցույց տուր տեսնենք այդ գրերն ինչպես են գրում»։ Մեսրոպը հանեց մագաղաթը, մելանը և գլխատառերով գրեց ԱՐՑԱԽ։ Արցախը, ասաց, ձեր հողի, սարի, քարի, անտառի, գետի անունն է։ Ապա դարձավ դիմացը կանգնած մարդուն՝ քո անունն ի՞նչ է։ Մարդն ասաց՝ Ներսես։ Մեսրոպը մագաղաթին գրեց՝ Ներսես։ Ներսեսը նայեց գրածին, գլուխը շարժեց.

- Տես է, իսկականից Ներսես, այսինքն՝ ես եմ։ Ուրեմն, դու Հիսուս Քրիստոսի առաքյա՞լն ես։
- Իմ անունը Մեսրոպ է։ Ինձ կոչում են՝ Մեսրոպ Մաշտոց։
- Մեսրոպ Մաշտոց իմաստուն,- ասաց Ներսեսը,- ես խավար մարդ եմ, մի բան լավ չեմ հասկանում, էդ գիր սովորելու նպատակն ի՞նչ է։
- Որ մնանք հայ և պահպանենք մեր մայրենի լեզուն։
- Էդ գիրը մեզ քանի՞ տարի հայ կպահի։
- Շատ…
- Հինգհարյո՞ւր։
- Չէ, շատ։
- Հազա՞ր։
- Շատ, էլի շատ։
Ներսես մարդու իմացած ամենամեծ թիվը հազարն էր, դրանից դենը ուրիշ ոչ մի թիվ չգիտեր, հարցրեց.
- Էդ շատը որքա՞ն կլինի։
- Հազար, էլի հազար, էդ հազարի վրա՝ նորից հազար,- բացատրեց Մեսրոպը.- Մեզանից հետո կգան մեր թոռները, ծոռները, ծոռների ծոռները… Մի խոսքով՝ հավիտենից հավիտյան։
- Ուրեմն, դու աստված ես,- գոչեց Ներսես մարդը։
- Իմ անունը Մեսրոպ է։
- Դու Մեսրոպ անունով աստված ես։
- Ես Մեսրոպ Մաշտոցն եմ։
- Դու մեր Մեսրոպ Մաշտոց աստվածն ես։

…Այս պատմությունն ուրիշ տարբերակներ էլ ունի։ Այդպե՞ս է եղել իրականում, թե՞ հորինել են։ Կարևորն այն է, որ Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում դպրոց է բացել, գրեր է սովորեցրել հայ մանուկներին։ Սերունդներ են անցել, սերունդներ են եկել, այդ սերունդները սերտել են Մեսրոպի գրերը, դարձել պրոֆեսորներ, դոկտորներ, ակադեմիկոսներ, զորապետներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, լեզվաբաններ, գրողներ… Հետո նրանք՝ այդ գիտնականները գտել են, որ իրենց համար երկու սենյականոց բնակարանը քիչ է, երեքն են պահանջել, երեքն էլ է քիչ դուրս եկել, չորս, հինգ սենյականոց բնակարան են պահանջել։ Մի լավ բանաստեղծ ոտանավոր է հորինել.
Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրի տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր։

Իսկ դրանից առաջ մի հայ գուսան-բանաստեղծ երգ է հորինել. «Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե»։ Բայց մի ուրիշ գրագետ էլ Մեսրոպի գրերով անստորագիր նամակ է թխել. «Ղարաբաղի հայերը,- գրել է զրպարտիչը,- նացիոնալիստներ են, մարզկենտրոնի երկրագիտական թանգարանում Մեսրոպ Մաշտոցի նկարն ու արձանը պահում են»։ Դե հիմա արի ապացուցիր, որ նապաստակն ուղտ չէ։ Որ երկուսին գումարած երկու՝ չորս է։ Որ երկու անգամ երկու՝ էլի չորս է։ «Չէ, չորս չի, տասնչորս է,- ասում է ինտերնացիոնալիստի դիմակով ծպտված բանսարկուն։- Տասնչորս է։ Տա-սըն-չորս,- վանկարկում է։- Իսկ գիտե՞ք ինչ բան է տասնչորսը։ Մեկ, երկու, երեք, չորս, ես կպարեմ տասնչորս։ Տասնչորսը դաշնակցականների հիմնն է, մաուզեր է, մա-ու-զեր։ Ծովից-ծով Հայաստան։ Երկիր Նաիրի։ Անդրանիկ, Դրո, Նժդեհ, Համազասպ, Սեպուհ, Շավարշ, Վռամ, Դալի Ղազար, Թևան, Արամ, Հրայր Դժոխք, Ղոչի Երեմ, Մակիչ, Սեփո, Վարոս… Եղավ տասնչո՞րս։ Դե՝ բրոս։ Եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ ձեր Մեսրոպ Մաշտոցն էլ է դաշնակցական։ Հը, հիմա բռնվեցի՞ր։ Շահումյանի, Կամոյի, Սպանդարյանի, Կնունյանցի անուններով չերդվես։ Որ քո Մեսրոպ Մաշտոցը հայերեն գրերը չհորիներ, հեղափոխությունը կտապալվե՞ր, թե՞ Հակոբ Հակոբյանը չէ՞ր գրի. «Հեյ, ձեզ մատաղ, բանվոր տղերք, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք…»։ Իսկ Թումանյանը ի՞նչ է գրել. «Ժամանակով շունը ճոն էր, կատուն գլխին գդակ չուներ...»։ Կամ Իսահակյանը. «Դարդս լացեք, սարի սմբուլ, ալվան-ալվան ծաղիկներ»։ Փոխանակ զենք վերցնի ու կռվի հեղափոխության համար, ասում է. «Դարդս լացեք, սարի սմբուլ»։ Չարենցը։ Ի՞նչ Չարենց։ Դա էն Չարե՞նցը չի, որ գրել է. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»։ Դա արդեն նացիոնալիզմ է։ Եթե դրա միտքը ծուռ չի, ինչո՞ւ միայն Մասիս սարն է սիրում։ Բա մեր Կարպատները, Կազբեկը, Հիմալայները ո՞վ պիտի սիրի։ Իսկ, եթե կուզեք, այդ Մասիսն ամենևին էլ մերը չէ, Թուրքիայում է։ Հիմա ի՞նչ կասեք...»։

Իսկապես տգետին ու հիմարին առարկելը դժվար է։ Բայց այդ տգետին ամբիոն էլ են տրամադրում և նա ամբիոնից մատ է թափահարում իր ժողովրդի վրա, իր հայրերին, մայրերին, քույրերին, եղբայրներին, քեռիներին համարում է նացիոնալիստներ։ Ես հանում եմ ծոցատետրս և այդ թափթփուկին պատասխանում եմ չափատողերով.

Դու ատում ես այն, ինչ հայկական է,
Մեսրոպագիր է ու մեսրոպատառ,
Քո դեմ մեր հայոց երգը ական է
Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։

Մեր կոթողները քեզ դուր չեն գալիս,
Քեզ դուր չեն գալիս տաճարներն այս պերճ,
Ահով ես նայում դու մեր խաչքարին,
Տգեղը տեսնում գեղեցիկի մեջ։

Գոռում ես, ճչում, սպառնում անվերջ
Եվ շանտաժներով քո ճամփան հարթում,
Դու այնքան նենգ ես՝ ազգայինի մեջ
Տեսնում ես միայն ազգամոլություն։

Մեր հին ոսոխին անվանում քեռի,
Բամբասում ես մեզ, լկտի ծանակում,
Ճամփա ես տալիս շողոքորթներին,
Ճշմարտախոսի բերանը փակում։

Եղբայրություն ես ամբիոնից գոռում,
Երդվում դրոշով բարեկամության,
Բայց մեր հին վերքն ես նորից փորփրում,
Խարխլում ես դու սյուները մեր տան։

Եվ դու նենգում ես պատմությունը մեր,
Հատել ես ուզում մեր արդար լեզուն,
Մեզ անպատվում ես բիրտ ու լրբորեն,
Անամոթաբար մեզ չարախոսում։

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից
Եվ ովքեր են քո դատը պաշտպանում,
Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից,
Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։

Դու եղբայրության սուրբ դրոշի տակ,
Ազգի տարազով ծպտված մանեկեն,
Կեղծ նեյնիմների ուշացած թութակ,
Մեր դեմ ամբարված հին լուտանք ու քեն...

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ*։

Իսկ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին հանեցին թանգարանից։ Մեսրոպ Մաշտոցն ախր ո՞վ է, հեղափոխություն չի արել, սպիտակ գվարդիականների դեմ չի կռվել, Խասան լճի ճակատամարտին չի մասնակցել, ի՞նչ իրավունքով է տեղ գտել սոցիալիստական մեր թանգարանում...
1975-78 թ.


-------------------------------------------------

Այս գրվածքը տպագրվել է հեղինակի մահից 16 տարի հետո՝ 2003 թ. (տես՝ «Լեռների լեգենդը», Երևան)։ Տպագրելիս հիմք է ընդունվել հեղինակի ձեռքով մեքենագրված օրինակը։ Ըստ երեւույթին, պետք է, որ գոյություն ունենար նաև շարունակություն, որի առանձին հատվածները հարազատների և բարեկամների շրջանում հեղինակը երբեմն ընթերցում էր։

* - Նկարչի կերպարը կերտելիս հեղինակը նկատի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանին, որն այդ տարիներին գտնվում էր Արցախում, և ընկերական ջերմ հարաբերություններ էին հաստատվել նկարչի ու Վ. Օվյանի հետ։

* - Տես՝ էջ 183, «Ամարասի վանքում»։

* - Տես՝ էջ 19, «Խոթավանքում»։

* - Տես՝ էջ 19։ Այստեղ օգտագործել է «Հուդային» բանաստեղծության 11 քառյակներից 8-ը։ Երկրորդ քառյակը մասնակիորեն փոփոխված է, իսկ երրորդ քառյակը «Հուդային»-ում չկա։

Այս Ղարաբաղն է

Այս Ղարաբաղն է.
Հեթանոս ու հին։
Նոյի տապանից թռած աղավնին
Տեղ էր որոնում իջնելու համար
Եվ տեղն այդ եղավ կատարն այն լեռան,
Ուր Գտիչ վանքը պիտի բարձրանար։

Այս Ղարաբաղն է։
Եվ զգույշ մի քիչ, հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից,
Դարերով լռած իր խառնարանից
Նետել հուր ու բոց,
Հողմահար անել և՛ բերդ, և՛ ամրոց։
Եվ մի քիչ կամաց. հողն ականջ ունի,
Ձայներ է բերում,
Ձայներ է տանում,
Մեր պապերն իրենց գերեզմաններից
Կարող են գոռալ.
- Այդ ի՞նչ ես անում։

Այս Ղարաբաղն է։
Մեր պատմիչներից մենք արդեն գիտենք,
Որ այր մի Մաշտոց՝ վանքում Ամարաս,
Դպրոց է բացել, հայ մանկանց կրթել
Լինելիության գրերով անմահ...
Սակայն որտեղի՞ց Մաշտոցն իմանար,
Որ այդ գրերով՝ մի հուդայածին
Պիտի զրպարտեր... Մեսրոպ Մաշտոցին*.
Ո՞վ է Մաշտոցը՝ ոչ կոմունիստ է,
Ոչ քաղաքական գործիչ մեծանուն,
Նրա նկարը ո՞նց է տեղ գտել
Սոցիալիստական մեր թանգարանում։

Այս Ղարաբաղն է։
Անտառն ի՞նչ անի, երբ իր խորքերում
Հավքերի կողքին կռնչում է բուն,
Որ ծառերից են ծնվում որդերը,
Ծառերին ուտում։
Ախր դու ծովին ո՜նց մեղադրես,
Երբ շնաձուկը անկուշտ է ու նենգ,
Ասա, այս ժայռը ի՜նչ մեղավոր է,
Երբ իր ճեղքի մեջ օձն է բուն դրել...

Այս Ղարաբաղն է՝
Հողը խաղողի ու կենաց հացի։
Եվ զգույշ նայիր քլունգիդ ծայրին-
Մեկ էլ տեսար հայտնաբերեցիր
Գինու կարասը հեթանոս հայի։
Ո՞ւմ է հարկավոր, որ ապացուցես
Ապացուցածը քո նախորդների,
Երբ պատմությունը խուլ է ինչ-որ տեղ,
Ինչ-որ տեղ կույր ու երկերեսանի։

Այս Ղարաբաղն է։
Հանկարծ պատմության
Քառուղիներում դու չխորանաս.
Շիրմաքարերը թող հանգիստ մնան,
Գանձասար չկա,
Չկա Ամարաս,
Մռավ սար չկա
Ու գինու կարաս,
Չի եղել պատմիչ Կաղանկատվացի,
Սուտ են գրերը, վանքերը սուտ են,
Ուրեմն խելոք մոտեցիր հարցին,
Եվ խոստովանիր՝ ոչինչ չգիտեմ.
Ոչինչ չգիտեմ, համր եմ, խուլ եմ,
Ի՜նչ Մեսրոպ Մաշտոց, ի՜նչ Խորենացի,
Մեր պատմիչները սխալ են, ծուռ են...
Այլ ալլահ չկա՝ ալլահից բացի։

Այս Ղարաբաղն է։
Եվ ո՞ւմ ես ուզում դու ապացուցել,
Որ նախ և առաջ հողն այս Արցախ էր.
Ինչ-որ պատմագետ արխիվներ պեղել
Եվ գիտե՞ք ինչ է նա հայտնաբերել.
Որ Ղարաբաղում հայեր չեն եղել,
Նրանք օտար են այստեղ ու տնկեց,
Սուրբ Մուհամեդը այս թշվառներին
Կորստից փրկեց
Իր սուրբ Ղուրանով...
Եվ պատմագետն այդ՝
Թուրք պատմիչների կեղտոտ մերանով
Լուտանքներ մերեց կճուճում իր գոս,
Հռչակվեց դոկտոր-ակադեմիկոս**...

Այս Ղարաբաղն է։
Թեկուզ ժայռերը ի ծնե հավկուր,
Բայց իրենց գործը նրանք լավ գիտեն,
Թե որ փռշտաս դու Խոթավանքում,
Ձայնը կհասնի ո՜վ գիտե՝ որտե՜ղ...
Գերզգոններ կան անբան ու անքուն,
Որ «ազգամոլներ» հայտնաբերելով
Փափուկ պաշտոն ու աթոռ են ճանկում...
Եվ ի՜նչ տղերք են, ինչպե՜ս են պաշտում,
Ինչպե՜ս են շեֆի պատիվը պահում,
Շեֆը ամբիոնից թե որ փռշտում՝
Առաջինն իրենք են ծափահարում,
Թե շեֆն այդ ընկավ (աշխարհի գործն է),
Առաջինն իրենք պիտի քարկոծեն։

Այս Ղարաբաղն է,
Որ փոթորկվել է վտանգի պահին,
Ծառս եղել խրոխտ իր լեռների հետ,
Զորավարներ է տվել աշխարհին,
Ինքը մնացել առանց զորապետ...
Որ իր ոգին միշտ պահել է անբիծ
Ու խավարի դեմ լույսի դուռ բացել,
Սակայն չար բախտի բերումով նորից-
Զրկվել է հսկա իր կաղնիներից,
Գաճաճ թփերի հույսին մնացել։

Այս Ղարաբաղն է,
Ուր քաղցրությունը հակինթ խաղողի-
Գինու ոգին է, կարասի շունչը,
Կարծրությունը ապառաժ քարի-
Քարտաշն է զգում և նրա մուրճը։
Լեռը չափվում է ձորի խորությամբ,
Իսկ խորությունն այդ՝
Գետի զորությամբ։
Բայց երբ ճահիճն է հաճախ հանդգնում
Չափվել ծովի հետ՝ իր նեխած խորքով,
Եվ ինչպե՜ս լռես, երբ պղտոր առուն
Գետ է պղտորում՝ կեղտոտ լուտանքով։
Եվ ինչպե՜ս չասես ջորուն այս ամուլ,
Թե ձի ես իրավ, ո՞ւր է թափը քո...
Ծռություններ կան այս մեծ աշխարհում,
Որ չես ուղղի ոչ մի օրենքով։

Այս Ղարաբաղն է։
Եվ ծնել է նա շեփորահարներ,
Թմբուկ-պոետներ՝ հանգավոր ճառի,
Որ ներբողներ են անվերջ հորինել
Վասն քծնանքի ու... հոնորարի,
Եվ առանց խղճի, առանց ամոթի
Շողոքորթել այն ավանտյուրիստին,
Որ կոխկրտելով ամեն սրբություն-
Ազգայինի մեջ տեսել է միայն
Ազգամոլություն...
Այն մոլագարին, որ ամբիոնից
Վիրավորել է մեր հայ լինելը,
Եվ չգիտես ինչ ճանապարհով պիղծ՝
Հռչակել իրեն մեր բախտի տերը***...

Այս Ղարաբաղն է-
Իր փափուկ հոգով ու կոշտ բարբառով,
Մի թևին Քիրս է, մի թևին՝ Մռավ,
Լեռը մի լեռան թիկունք ու սատար,
Բայց ձորը ձորից՝ դժգոհ ու խռով,
Ժայռին ցցված մի հին վանքի կատար՝
Ճակատը նախշած մեսրոպյան գրով,
Ցածում բերդի մի քրքրված պատառ,
Կողքին խաչքարը՝ պատած մամուռով,
Կանաչ հովտի մեջ մի չքնաղ Ճարտար,
Դեմը խաղողի այգեստանը ծով...
Առուն կարող է ժայռի պռունկին
Ջրվեժի ուժով ահեղ շառաչել,
Աշնան գույները չվող կռունկին՝
Գարնան գույներով գերել, ետ կանչել...
Բայց զգույշ եղիր,
Եվ մի քիչ կամաց,
Ճամփադ մի շեղիր...
Մութ անդունդներ ու վիհեր կան քո դեմ.
Լեռների մարդիկ որքան սրտաբաց,
Որքան հոգով մեծ,
Նույնքան էլ բարդ են։

Այս Ղարաբաղն է։
Խելո՛ք մնա, Զևս,
Քե՛զ պահիր քո այդ շանթերը ամբուռք,
Բախտի բերումով այսօր հզոր ես,
Աստված գերագույն,
Եվ կուռքերի կուռք,
Վաղն երեսովդ կտանք հանապազ
Բռնած գործերդ անմաքուր ու ծուռ,
Եվ կդարձնենք քեզ քավության նոխազ,
Քո նախորդի սուրբ զոհասեղանին՝
Նոր մատաղացու։

Այս Ղարաբաղն է։
Որքան կռունկներ չվեցին անդարձ
Ու որքան բներ թափուր են մնում,
Եվ ո՞վ է, արդյոք, ստուգել նրանց
Չվացուցակը, թե ուր են գնում,
Ի՞նչ են կորցրել, ո՞ւմ են որոնում.
Իր պաշտոնական աթոռը գրկած
Բյուրոկրա՞տը պիտի հարցներ,
Երբ նա գտել էր, ոչ թե կորցրել...
Եվ եղան նաև խիզախ ասպետներ,
Քաջ նետաձիգներ՝ ատոմի դարում,
Որ սուր ճոճելով հողմաղացի դեմ,
Հռչակվում էին նոր դոնկիխոտներ...

Այս Ղարաբաղն է։
Բլրի կատարին մի հրաշք արձան՝
Իմ պապն ու տատը,
Քո պապն ու տատը...
Եվ մի մոլագար, ստահակ մի նենգ՝
Ատրճանակի սև փողի նման
Ցցեց իր մատը
Մեր հրաշքի դեմ****,
Ոռնաց կատաղի. «Իսկ ի՞նչ եք գտել
Դուք այս քարակերտ քարակույտի մեջ»։
Եվ նա հասկացա՞վ, որ մենք անմահ ենք՝
Իմ պապ ու տատով,
Քո պապ ու տատով,
Մեր պապ ու տատով,
Մեր նախնիների պայծառ հավատով...
Գոյատևելը թե որ արատ է,
Փույթ չէ, թող տանջվենք մենք այդ արատով։

Այս Ղարաբաղն է։
Ծառը հզոր է, երբ արմատները
Խորն են մխրճված մայր հողի գրկում,
Գետի թիկունքում կանգնած է լեռը,
Եվ դրա համար նա չի ցամաքում.
Արմատներով են կաղնիները վես,
Լեռների մեջ է ուժը գետերի...
Երբ նախորդներդ չեն խանգարում քեզ,
Մի վիրավորիր քո հետնորդներին։

Այս Ղարաբաղն է-
Մեր սուրբ օջախը, ծուխը ծխանի,
Որ բարձրացել է եղեգան փողից,
Տագնապի գոչը Ձենով Օհանի,
Որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից.
Հեռատես աչքը Մելիք Ավանի,
Որ կամուրջ ձգեց մեր այս լեռներից
Մինչ հողը Ռուսաց,
Հրաշք տաճարը մեր Գանձասարի
Եվ փառավորված
Մեսրոպյան գրով՝ Ամարաս վանքը,
Հարատևելու այն սուրբ տանջանքը,
Որ հավասար է խոլ-խիզախության,
Հպարտ թևելու այն վեհ խոյանքը,
Որ հատուկ է մեր թևերին միայն,
Եվ այն զրկանքը,
Որ մեզ լիաբուռ պարգևեց տերը,
Այն սուրբ կապանքը,
Որ մենք ենք ահա ու մեր լեռները...
Այս հողի վրա դու զգույշ քայլիր,
Մաքրիր ոտքերդ, դիմակդ հանիր,
Եվ հիշիր մեկ-մեկ
Պսակազերծված առաքյալներին.
Լեռները լուռ են,
Բայց ոչ խուլ ու կույր՝
Տեսնում են, զգում.
Քարը խոսում է,
Քարը ասում է.
Հին հրաբխի խառնարանում դեռ
Հուրը չի պաղել...
ԱՅՍ ՂԱՐԱԲԱՂՆ Է։
Դեկտեմբեր 1979 թ.

-----------------------------------------------------
* Խոսքը Ղարաբաղի բռնակալ Բորիս Կեւորկովի մասին է
** Նկատի ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովին
*** Խոսքը Բորիս Կեւորկովի մասին է
**** Նկատի ունի հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» (Պապ ու տատը) կոթողը